Սամվել Խաչատրյան | Երևան Բլյուզ

Հատված անտիպ վեպից

«Ստանիսլավսկու թատրոնի դերասանները Տիգրան Միրզոյանի օրագրերի մասին»

[Ոստիկանության բացահայտած] Տեսագրություններից զատ հայտնաբերվել են երեք արտաքին հիշողության կրիչներ, որոնցում դեռևս 2016 թվականի ապրիլից կուտակած է եղել տեսագրություններում հնչող երաժշտությունները։ Դրանց մասին հիշատակումներ կան նաև ձեռագրերում․ օրինակ, Տիգրանը Նունեի մասին հիշողություններում անընդհատ հղում է կատարում սիրիական կամ լիբանանյան (միջինարևելյան) ռադիոձայնագրություններին՝ հուշելով, որ «հատվածներում հնչող ոչ մի ձայն այսօր այլևս չի հնչի, որովհետև բոլորը մեռել են, ինչպես Նունեի հանդեպ հավատն է մեռնում իմ ներսում ժամ առ ժամ»։ Այդ ձայնագրությունները, որոնք իրենց մեջ խիտ կարգով ներառում են գովազդ, երաժշտություն, (հատկապես հանցագործությունների ու քաղաքական մանր-մունր ինտրիգների մասին) լուրեր, հեռուստաթատրոն և հոգևոր հաղորդումներ, նույնպես, մակագրված են որպես «սղագրություններ»՝ ներառելով ամսաթիվը և հատկապես այդ հատվածը առանձնահատուկ դարձնող պատճառը։ Մեկում նա Նունեին մանրատում է փայտ կտրելու կացինով՝ ամեն հարվածը հարմարեցնելով աշխույժ երգի ռիթմին, իսկ մյուսում նա Նունեի ոտքերը լվանում է առատ ջրով, ձկից էլ լուռ խոնարհությամբ, այնպես որ Նունեն չզգա, որ ջրին Տիգրանն իր նվաստացման արցունքներն է խառնում։ Նորագույն ժամանակներում Տիգրանն իր խաղընկերոջը (որոշ օրերին՝ նաև հակառակը), տանջամահ է անում տասնամյակների հնության տեղական արտիստների կարճուբարակ երգերի տակ։ Որոնց ինտոնացիան, ըստ Տիգրանի, քարոզում են բթացում ու արխայիկացում։ Որպեսզի հետո հեշտ լինի դավադրությունների ամպերի միջով հասնել իշխի։ Ալֆան, ինչպես և դրա գիտակցումը, գալիս է աղմկոտ ու իր մասին հազար ու մի ակնարկներ ամբոխի ուղղությամբ նետելով։ Եթե Նունեի դեպքում համաչափություններ կային, այսինքն՝ լաց ենք լինում սգի ժամանակ ու ծիծաղում ուրախության օրերին, ապա անանուն խաղընկերոջ հետ ծիծաղում են սգից խելագարվելով, ու դառնագին լաց լինում խիստ ուրախ տրամադրությամբ։ Ոստիկանությունը որևէ այլ իրեղեն ապացույց չունի։ Տիգրանը չուներ բարեկամներ, իր անանուն խաղընկերը՝ նույնպես։ Վերջինիս հետ կապի դուրս գալն անհնար էր դարձել, որովհետև ի սկզբանե նա չկար որևէ ցանցում, չուներ փոստի հասցե, հեռախոս, չէր շփվում հարևանների հետ, աշխատանքի գնում էր լուսադեմին ու վերադառնում կեսգիշերն անց։ Ստանլիսլավսկիում գործընկերները խուսափում էին որևէ մեկնաբանություն տալ նրա մասին՝ բավարարվելով «տարօրինակ վարքի» ու բազմանշանակ խոսքի մասին կցկտուր արտահայտություններով։ Դեպքն այլ է Տիգրանի դեպքում։
Տիգրանի սպանությունից երեք օր անց Հանրային ռադիոյի եթերում մեծ դժվարությամբ, բայց Ստանիսլավսկու թատրոնի դերասանների ճնշմամբ հեռարձակվեց արտահերթ հաղորդում (այն փոխարինել էին արևմտահայերեն լուրերի ժամը չորսի թողարկմամբ), որի ընթացքում Տիգրանի խաղընկերները՝ Արմենը, Կարենը, Մարիամն ու Ալեքսանդրը պատմեցին Տիգրանի վերջին փորձերին ցուցաբերած վարքը։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված․
– Գիտեք, Տիգրանի անակնկալ հեռացումը թտրոնից և՛ սպասելի էր, և՛ անակնկալ։ Մի կողմից, նրա՝ կոմիկականության հասնող նրբանկատությանը, անկախ ինտրիգներից, բոլորս էինք նախանձում ու հնարավոր էր միայն կրկնօրինակել ու փորձել հավասարվել։ Բայց նա մշտապես կոնֆլիկտի մեջ էր ռեժիսորների հետ․ ուղղումներ էր մտցնում, պահանջում իր կերպարը զարգացնել այնպես, ինչպես ինքն էր զգում, դիտողություններ անում, անգամ վիրավորում ու անպատվում խաղընկերներին, կատաղության հասնող նյարդայնությամբ ապացուցում իր իրավացիությունը։ Հակառակ դեպքում կարող էր երկարատև վեճի բռնվել, անգամ ձեռքերին ազատություն տալ։ Այդպիսով, մենք մեկ անգամ չէ, որ ծեծկռտուքների ենք ականատես եղել։ Ալեքսը կփաստի, միշտ փորձել ենք հարթել իրավիճակն ու Տիգրանին էդ հոգեվիճակին չհասցնել։
– Մյուս կողմից, հետո, գիտեք, Մարիամը ճիշտ ասեց, անակնկալ էր հեռացումը, բայց մենք ինչ-որ կերպ զգում էինք, որ վրաերթերը երկար շարունակվել չէին կարող։ Մենք տեղյակ էինք Տիգրանի սոլո ներկայացումների ու սիրողական ֆիլմերի մասին, մոտավոր պատկերացնում էն ծանրությունը, որ Տիգրանի գլխին կոտրվեց չափազանցրած ու անհիմն քննադատությունների, սպառնալիքների ու բամբասանքների տեսքով։ Յուրաքանչյուրն էլ նրա փոխարեն երկու ելք կունենար՝ կա՛մ մնալ կոտրված, կա՛մ կոփվել ու վերջին ուժերով հաղթահարել ադ փորձությունը։ Իսկ Լիլիթի մասին կասեմ, որ ես ինքս չէի սպասում նման վարք ու փորձանք։ Նրա լռությունն ու իրականությունից կտրված լինելը խորամանկ կերպով համընկնում էին «այլ» ու «փախած» պիտակներին, իսկ մենք մեր ժամանակներում ևս էդպիսինն էինք։ Նա ավելի հեռուն գնաց, քան որևէ մեկը կարող էր սպասել։
– Ես էլ իմ հերթին նշեմ, որ ցանցերում խոսվող թեմաներից և ոչ մեկը, ներառյալ Տիգրանի նեկրոֆիլիկ հակումներն ու հոգեկան այլ շեղումները, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Ուղղակի նա չկարողացավ հաշտվել ժամանակի կտրուկ պրիմիտիվացման հետ ու մարդկանց այն ողջունելու համար չներեց։ Իսկ մարդիկ որքան ջերմ են դահլիճում, նույնքան դաժան կարող են լինել իրական կյանքում․ փոխադարձաբար չներեցին Տիգրանին վերին աստիճանի «այլ» լինելու համար։
– Իսկ, Կարեն, դու՞ք ինչ կասեք։ Ի՞նչ եք պատրաստվում անել հետագայում։
– Մենք համատեղ ուժերով՝ ներառյալ թատրոնի ղեկավարությունը, պատրաստվում է գնել այդ օրագրերն ու հրապարակել սահմանափակ քանակութայամբ ընթերցող ավելի լայն շրջանակների համար։ Մենք չգիտենք, թե օրագրերում ինչ կա, ու Տիգրանն ինչ ապրումներ ուներ մինչև անժամանակ մահը, բայց վստահ ենք, որ այն շատ ավելի անկեղծ ու բացահայտող կլինի, քան մենք կարող ենք եթերով կամ տետ-ա-տետ զրույցներում ապացուցել մարդկանց։
<․․․>
– Դե, հուսով եմ՝ ձեր ջանքերն անարդյունք չեն անցնի ու դուք Տիգրանի ձեռագրերը հրապարակելով կկարողանաք նրան արժանի գնահատանքի արժանացնել։ Հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ եթերում «Հաջողության նոտա» հաղորդաշարի արտահերթ թողարկումն էր, մենք խոսում էինք ռեժիսոր Տիգրան Միրզոյանի մասին։ Ստանիսլավսկու թատրոնից մեզ միացել էին Արմեն Ավագյանը, Մարիամ Գասպարյանը, Կարեն Բաբայանն ու Ալեքսանդր Հակոբյանը։ Մենք շարունակում ենք փնտրել Տիգրան Միրզոյանի հետ առնչված մարդկանց, ընկերներ կամ պարզապես անծանոթներ, որոնք այս խմբին կարող են հաղորդել Տիգրանի մասին ցանկացած տեղեկություն։ Դուք կարող եք զանգահարել ձեր էկրաններին երևացող հեռախոսահամարով, իսկ ռադիոլսողների համար ես հիմա այն կհնչեցնեմ՝ 077-47-00-00։ Այսօրվա «Հաջողության նոտան» այս հնչողությունն ուներ։ Կհանդիպենք վաղը։ Առայժմ։
Երեք ընկերները պատրաստվում են հրատարակությանը։ Թողարկումից հետո, ինչպես էլ որ ակնկալում էին, որևէ մեկի հետ չկարողացան կապ հաստատել։ Միաժամանակ կարողացան ձեռագրերը ձեռք բերել, համադրել ըստ ամսաթվերի ու ուղարկել տպագրության։ Պարտադիր է, որ առանց խմբագրման ներկայացնեն, որպեսզի առավելագույնս պարզ երևա Տիգրանի սևությունը՝ ավելի սև, քան սևից ավելի սևը, կամ ավելի սև, քան ամենամութ գիշերը։ Սև գիշեր, որի շուրջ Տիգրանը հաջողացրել էր ձևավորել իր կերպարը՝ շատ ավելի հեռու, քան մյուսների խորամանկ քայլերը, ու շատ ավելի շփոթեցնող, այնպես որ մարդիկ առաջին հերթին տեսնում էին մի կերպարը, հետո մյուսը, հետո երրորդը, ապա հասնում (եթե հասնեին) Տիգրանին։ Տիգրանին՝ որպես խտանյութ։
***
Մշտապես սև հագուկապով, մի կողմից, նա պաշտպանվում էր կողքերը ծավալվող կրքոտ ու կամային ժամանակներից, մյուս կողմից, իրեն թույլ էր տալիս կլանել դրանցում կարմիր թելով անցնող մանրումեծ կենցաղային իրավիճակները։ Փորձերի ժամանակ տեքստից զատ նա բոլորի աչքից վրիպող շատ մանրամասներ, (ձեռքն ու ոտքը, ասենք, այստեղ դառնում էին առանձին դերակատարներ, որոնք իրենց չափով խաղի մեջ էին մտնում հանդիսատեսի հետ, կամ մի պատահական փռթկոց, որ Տիգրանին հանում էր նույն միզանսցենն այլ կերպ խաղալու ճանապարհին) որոնք հետո, արդեն առաջնախաղի ժամանակ, դուրս էր հանում իր միջից, այնպես, ասես դա հենց իրենն էր։ Մինչդեռ իրեն արգելում էր ուրախանալ ու դրանով դառնալ խոցելի։ Ասում էր՝ ես եմ ինձ սպանելու։ Որպեսզի բացառեր ցանկացած սայթաքում՝ մյուսներին պարտադրելով վերապրել ի՛ր ցանկերում թվարկած իրավիճակները, ի՛ր ցուցակներում նկարագրած միզանսցենները, որպեսզի իրեն ընկալեն որպես քարե պատ, որի տակ գնդակահարում են կամ կենդանու են տանջամահ անում։ Ու պրեմիերայի օրը, երբ սևությունը սրբվում էր վառ ու թատերական հանդերձներով, սպիտակի մեջ Տիգրանը, ձեռքերը վեր պարզած, խաղաղությանն ընդառաջ ու փափկած սրտով դուրս էր ցատկում բեմ ու պատմում նույն պատմության բոլորովին հակառակը։ Իսկ վարագույրը փակելուն պես, կոյուղաջրերում խեղդվելիս, սրտխառնուքի հասնող ձանձրույթով զննում էր բոլորիս ու նորից հետ գնում, կուչ գալիս իր պատի տակ։
Ֆինալի երգը, ի դեպ, առաջնախաղի օրն են որոշել։ Վերջին ներկայացման առաջնախաղին նվիրված տոնակատարությունը, այս անգամ, անցավ առանց Տիգրանի, որովհետև ասելիքն արդեն ասել էր՝ կլինի է՛ս երգը, որովետև սրա հնչերանգը համընկնում է ներկայացման հնչերանգին՝ մի լավ ընկելուց, բարձրանալուց ու նորից ընկնելուց հետո հաստատվում է լռություն։ Մի վերջնական լռություն, այնպես որ հանդիսատեսից երկար ժամանակ չի պահանջվի դա կռահելու համար։ Նախքան լռությունը կողք կողքի, ոնց իննսունսականների շուկայում, կողք կողքի խնամքով շարված կլինեն վաղաժամ ուրախությունը, մոռացած ամոթը, նեխած տխրությունը, էժան վախը, իսկ կրկներգին մի լայնածավալ շրջահայացությամբ կհիշեցվեր, թե ինչ կարող էր լինել փոխարենը։ Մի լավ ափսոսալուց հետո, ասում է Տիգրանը, սկսում ես հեգնել ու կատակի տալ վախն էլ (որ քոռ կոպեկի արժեք չունի), տխրությունն էլ (մարդիկ տխրությունն ու հանդարտությունը շփոթում են), ամոթն էլ (որովհետև դերասան ես), ուրախությունն էլ (որ միշտ խաբում է)։ Ու նույն երգը կարելի է երգել տարբեր տրամադրություններով՝ կախված նրանից, թե որտեղ ես ընկնում, մեջքով թե դեմքով, ցերեկը թե գիշերը, սթափ թե խմած։ Փլատակների վրա պառկած Տիգրանը տխուր աչքերով նայում է անցնող-դարձողին, սրանք մոտենում են, մռութն են շոյում, քիթն են համբուրում, իսկ մեր տղան պոչն էլ չի շարժում, որովհետև մի ժամանակ արդեն տեսել է, թե դրանից ինչ է դուրս գալիս։ Հոտերը նույնն են, դրանց տերերը նույն գույնի շորեր են հագնում, նույն մազերը, նույն աչքերը, մաշկի միևնույն հարթությունը։ Բայց նա շնային է այնքան, որ մտքի մի ծայրում հույս է պահում, որ գուցե մի օր Թամրազ լսելու կարիք չլինի։ Իսկ եթե կարիքը չլինի, կես վայրկյանում հնարավոր կլինի ինքն իրեն խաբել ու ուղղած մեջքով ու ցցած պոչով նորից դուրս գալ մարդամեջ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *