Ավագ Եփրեմյան | Երգչախումբը ցրվել է

ՀԵՌԱՎՈՐ ԽՆՋՈՒՅՔ

Այս տարածության մեջ – Արարչից մինչեւ Ավերիչ…

Էլ ոչ հանդիպում կարող ես ճաշակել, ոչ բաժանում.
նույնկերպ լցվել ու թափվում են իրենց գավերից
ե՛ւ կյանքը, ե՛ւ մահը… ինչպե՞ս սա որեւէ ժանրում

վերապրես… Նորից դարեր, ժանրեր, սրտեր հատել՝
խմելով թափվող բաժակներից. ամեն մի կումը
դառն է ավելի, իմ անկարեկից հանդիսատես,
քան աշխարհը, որ Եղավ: Որ հիմա հոգուս միգում է.

հեռավոր այնտեղ են՝ նույն սեղանի շուրջը՝
ե՛ւ կյանքի կտավին մահեր Նկարողը, ե՛ւ Հայրը, ե՛ւ Որդին,
ե՛ւ բառեր բռնկող Շունչը,
եւ բառերը՝ մնացած առանց կոկորդի…

 

 

ՉՄԵՌԱԾ ՄԵԿԻ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ

շնչավոր որպես մահկանացու
կյանքը մի հսկա անքնություն է

եւ սրտի կոպերը չեն փակվում
եւ սրտի աչքերը շաղվել են
եւ մշուշների մեջ է կյանքը

եւ մշուշների միջում կյանքը
ավելի շատ է
քան թե աստղերն են երկինքներում
քան մեռյալները հողերի տակ

քան ընկրկումը
անահ սփռված

մեռյալների ու
աստղերի միջեւ

 

* * *

Իսկ ջրերը բարձրանում են,
Ինչպես բառերը:

(Օրը օրին
Ավելի խորտակվածը`
Օրը օրին
Ավելի երկնամերձ…)

Բառերը,
Ինչպես ջրերը,

Չհոսելով արդեն,
Պարտակում են մեզ:

 

* * *

Աշնան բառարանին հակված,
մառախուղի մեջ հազիվ նշմարելով երկնքի ծերը,
գուրգուրելով երկրային օրերս ավերակված,
փնտրելով այստեղ այն ամենն, ինչ դեռ սեր է,

մի պահ, միայն մի պահ ընկրկում եմ.
երերացող աստղեր, չխորտակվեք,
ինձ բավական է նաեւ այս շնորհ-պրկումը՝
աշնան բառարանին հակվել:

Աշխարհն ապրել եմ ես, այն էր, ինչ կար,
քիչ էլ կբոցկլտամ որպես հրաժարում,
ապա՝ ամբողջ արտասուքի կաթիլ շնորհընկալ՝
կսուզվեմ աշնան բառապաշարում:

 

ARS POETICA – սեւ տարբերակ

Կյանքը բազմապատկում է իր մահերը,
բազմապատկված մահերը տեղում են որպես ձյուն,
ձյունը փակում է ճանապարհները բանաստեղծության,
բանաստեղծությունը դառնում է հուղարկավոր բահ,
հուղարկավոր բահը խրվում է բառերի
ձնախառն հողի մեջ, բառերի ձնախառն հողը լցվում է
շիրիմներին, շիրիմների մեջ բանաստեղծ եղած
կամ չեղած հանգուցյալներ են, բանաստեղծ
եղած կամ չեղած հանգուցյալները՝ ցնծումն են մահվան,
մահը, բանաստեղծի պես՝ միշտ վերջին, տեղում է որպես
առատ ձյուն, առատ ձյունը փակում է ճանապարհները,
փակ ճանապարհներին ելք փնտրող բառեր են,
ելք փնտրող բառերը հին են ինչպես ելքերը, հին
ելքերը բազմապատկում են կյանքի մահերը, կյանքի
մահերը նման են մարդուց թաքնվող աստվածների,
աստվածներն անմահ են,
որպես մարդուց թաքնվողներ, մարդուց
թաքնվող ամեն բան առատ ձյուն է՝ մահեր հուշող,
մահեր հուշող կյանքը միակ ելքն է ճանապարհների,
ճանապարհները մահկանացուներն են՝ կյանքով
ցնծացող, կյանքով ցնծացողները միշտ վերջինն են՝
ապրելիս, ապրելիս գտած բառերը
բազմապատկվող մահեր են…

 

ՄԱՐԴ ԲԱՆԱԿԱՆ

…եւ թռչնի
ազատ
ճախրը՝

վերջին,
ամենավերջին
փակուղին:

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Бессонница. Гомер.

О. Мандельштам

Անքնություն՝ առլի – խճող – Հոմերոսով.
Ժամեր, երբ լինում է Ժամանակը կարդալ՝
Հավերժող այդ Կիրքը: Մեկմեկու մեջ հոսող
Աստվածներն են նույնիսկ այդտեղ կամակատար:

Տրոյական, թող որ, արյուն ու տարազով՝
Կյանք է դառնում՝ ինչը գիտե գահավիժել,
Պատերա՛զմ կա միայն՝ անհաղթ եւ անձնազոհ,
Եւ դուք չեք բաժանվել երբեք՝ տիվ ու գիշեր:

Երկինք, կռվախնձոր, Հեղինե ու Պարիս,
Եւ արքաներ՝ արթուն, քնած, թագափրփուր…
Գրված ալիքներ են, բախվում են սնարիս՝
Եւ արարումն իրենց խուլ շառաչով սրբում:

 

ԵՐԿՏՈՂ

Մինչեւ կոկորդը թաղված հողերում խոսքի՝
Մարդը քամում է վերջին դառնության ոսկին:

Գիտի՝ իր երկար կյանքը երկտող է՝ փոշի,
Որ մեծավերջ-վերջատանջ մի փոքրիկ խորշից

Սիրով, երեւի՝ սիրով, կսրբի քամին,
Հավանաբար՝ բարեգութ-ճարտար մի ժամի:

Հետո… նույն Աստծո Հոգին՝ Հրահուր Կրակ,
Նույն կյանքերը կփնտրի ջրերի վրա.

Ուրիշ կյանքեր չեն լինում, չի փորձում հիշել,
Ուրիշ լինում են միայն ցերեկ ու գիշեր,

Որ մոլեգնում են ամբողջ լայնք ու երկայնքով՝
Անկրկնելի, սակայն միշտ՝ հաշվապահ կրքով:

Ու չեն խաղաղվում, մինչեւ չբովանդակեն
Ցնծություն ու հավատամք, մոլություն ու քեն:

…Մինչեւ կոկորդը թաղված հողերում խոսքի՝
Մարդը քամում է վերջին դառնության ոսկին՝

Իսպառսպուռ թոթափված գոյացման կրից՝
ԵԼՔ գտնի որ այս ՀՐԻՑ, ՋՐԵՐԻՑ, ԳՐԻՑ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *