«Երիտասարդ ժամանակ մարդն ընդունակ չէ ժամանակն ընկալել որպես շրջան, նա այն ընկալում է որպես ուղի, որը տանում է ուղիղ ճանապարհով դեպի նոր հորիզոններ, նա դեռևս հեռու է այն ըմբռնումից, որ իր կյանքն ընդամենը մեկ թեմա է ընդգրկում:
Այս աշխարհում ամեն ինչ ի սկզբանե ներված է, ու կնշանակի՝ ամեն ինչ աններելի կերպով թույլատրված է:
Արդյոք պարտավո՞ր է նա տառապել այն պատճառով, որ չի տառապում: Արդյոք պարտավո՞ր է նա կարոտ զգալ դեպի այն կարոտը, որը չի զգում: Եթե մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը անվերջ կրկնվեր, ապա մենք շղթայված կլինեինք հավերժությանը: Երևակայելը միայն ահավոր է:
Առողջ ոգուց հիմարության հոտ է գալիս:
Մեզ տրված չէ իմանալ, թե ինչ պիտի ցանկանք. քանզի ապրում ենք մեն-մի կյանք ու չենք կարող համեմատել այն ոչ նախորդի հետ, ոչ հաջորդի ու ոչ էլ ուղղել այն:
Մենք երբեք չենք իմանա` ինչու և ինչով ենք վրդովեցնում մարդկանց, ինչով ենք սիրելի և ինչով` ծիծաղելի. մեր սեփական կերպարը մեծագույն գաղտնիք է մնում մեզ համար:
Երջանկությունը կրկնության ծարավն է:
Նպատակը, որ ունենում է մարդը, միշտ թաքնված է: Աղջիկը, որը երազում է ամուսնության մասին, անրջում է իրեն բոլորովին անծանոթ ու չճաշակած աշխարհի մասին: Երիտասարդը, որը երազում է փառքի մասին, չգիտի, թե ինչ է փառքը: Այն, ինչը մեր արարքներին իմաստ է հաղորդում, մեզ համար ամբողջությամբ անծանոթ է:
Մարդն ընդամենը իր կերպարի մարմնացումն է: Իրավացի չեն այն փիլիսոփաները, որոնք համարում են, թե մենք այն ենք, ինչ կանք իրականում: Մենք ապրում ենք մարդկանցով շրջապատված, ուստի այն ենք, ինչ մտածում են մեր մասին մարդիկ: Խորհել, թե ինչ են մտածում մեր մասին մարդիկ ու ձգտել հնարավորինս լինել համակրելի. այս մոտեցումը համարվում է կեղծավոր ու ձևական խաղ: Բայց մի՞թե կա որևէ ուղիղ կապ իմ պատկերացրած ես-ի ու մարդկանց պատկերացրածի միջև առանց աչքի միջնորդության:
Մարդը ներկա ժամանակում ապրում է կապած աչքերով: Նրան վիճակված է միայն մտածել կամ կռահել, թե ինքն ապրում է: Եվ միայն ավելի ուշ, երբ նրա աչքերը բացվում են, երբ նա հետ է նայում անցյալին, գիտակցում է, թե ինչպես է ապրել, և ո՞րն էր իր կյանքի իմաստը: Որքան ծանր է բեռը, այնքան մեր կյանքը մոտ է հողին, այնքան այն իրական ու ճշմարիտ է: Եվ հակառակը, բեռի բացարձակ բացակայությունը մարդուն դարձնում է օդից էլ թեթև: Երբ նա կախվում է օդից՝ հեռանալով գետնից, երկրային կեցությունից, դառնալով կիսաիրական, նրա գործողությունները այդ ժամանակ նույնքան ազատ են, որքան և իմաստազուրկ»:
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Սարգսյանի