Մի երկիր անցա,
հետո ևս մեկը
մի ձյունառատ պատմության:
Դառնալու ու հիշելու հետքերով
վեր կացա, եկա այս աշխարհը:
Բոլոր լավ բաներն այստեղ էին
բարեհաճ,
ուրիշ մարդկանց նկարների լույսերը…
Ի՜նչ գեղեցիկ էին ու անիմաստ էին
հոգնությունները…
***
Բների երկիր՝ մոտավոր շրջագծերով.
այս պարույրները առանձին-առանձին
հոգնեցնում են:
Այս օդի գոյությունը և հիմնավոր
հավատը՝
պարտադիր հասնելու երամներ,
որ ուրի՛շ կողմերից ինձ հասան,
երբ ճանապարհներին մեծացանք
և հնացանք արևներից:
Այս բոլոր մարդիկ, որ ապրում են,
իրերն իրենց տեղերում գտան:
***
Սա անձրևի ժամ է՝
հեշտ կրկնվող ժամանակ:
Նախշեր
երկար մնացած պատմության:
Բավարար կախարդանք:
Հին մարդիկ այստեղից
նայում էին…
***
Մանկության մարդիկ անցան
անուններ չտված տեղերով
համբուրելով մատնած
այս բոլոր բաներից հետո:
Ո՞ւմ մասին մտածել մոռացանք
կես-կա-տակ…
***
Ճանապարհներ առաջ
մի տուն կար՝
ինքնիրեն գալիս էր:
Այնտեղ ստվերս՝
անցած պատմություն,
որ այդուհանդերձ պատին
երևում էր:
Անավարտ լինելու մտքով՝
տնտղելու համար չէր…
Այդ տանը ստվերս
գեղեցիկ էր…
Հայրենի տուն
…Նաիրյան դալար բարդի…
Հ. Սահյան
Կարելի է գալ և մնալ այստեղ՝
չավարտվող հեռահարների երկրում:
Լռության պաշարները գնդաձև
այստեղ են
հաջորդ և նախորդ տեղերը,
և բարդին այստեղ է
երկարում:
Այս մայրամուտները
աղյուսների միջև
առանձին և հատուկ օրերով,
որ դեռ պատմելու բան ունեն,
մի տուն՝
հերթով երևացող ձևերով,
մի քիչ այն օրերից,
որ պատկերներ չդարձան,
և օրերը,
որ մեր շուրջն են՝
նկարներ…
***
Աչքեր փակել՝
կարճելով
հաճելի՜ հատորներ
նեղացած օրերի
նրանց համար, ովքեր
չեն իմացել
օրապահիկ հոգնությունը՝
չտեսնելու վտանգ…
Ամեն ինչ մեկ առ մեկ
գեղեցիկ կստացվի,
ընթացքում օրերից
դուրս կգա-
առաքելություններ
առավելությամբ
և ամեն տեսակ
մենակություններ…
***
Ուրիշ մարդիկ և ուրիշ պատմություններ
անվարան ապրողների՝
ելքերի և հրավերների մասին մտածելով,
շարժուն, արևկող, ոչինչ չհասկանալով
այս ջերմությունից,
համատեղ և պատրաստ մի առավոտ
մեկ առ մեկ ահա կյանքերը՝
ճանապարհին իրենքիրենց սառչող ջրեր
մոտերքում,
ահա ես էլ՝ առանց օտարության,
նույնքան երջանիկ …
…Մրսո՛ղ մարդիկ, սառը քաղաքում
ի՞նչ խոսեցինք…
***
Այս կյանքերն այսքան ապրեցինք
և պատմեցինք իմացած ձայնով
այն օրերին, երբ բառերը մեր մեջ
դեռ ուժեղ էին:
Այս մերձությունն անորոշ չէ,
և ճանապարհն անորոշ չէ.
բառեր
մինչև վերջ մնացած պատմության:
Ինչի՞ն
բոլորը մոտեցան…
***
Մի պատմություն ավելացավ,
և մի երկիր փոխեց իր տեղը,
և սիրո հետ երկար
միասին ապրած մի մատնություն:
Եվ մեր լացը նրանց հետ
կապ չունեցավ:
***
Եղանակները կողքովս անցան,
և ջուրը հպումները լվաց:
Ջրափոսերը, լույսերը
անձրևների տակ մնացին:
Այս մոմերն իրար այրեցին…
Գեղեցիկ է գրված, շատ։
Շնորհակալություն։