Հրայր Խաչատրյան | Երկինքը հիշողություն է քո մասին

Всегда будь поэтом, даже в прозе
Ш. Бодлер

 

***
Հաջողությունս քո օրհնությունից էր գալիս.
Լուռ ու մունջ շուրթերդ միշտ երգում էին իմ փրկության շարականը:

 

***
Բոլոր ջնջումները,
Որ արել ես իմ մեջ,
Թող չլինի քո սրտում այդպիսի սևագրություն:

 

***
Երկնքում պատ էր հավաքվել սպիտակ զանգվածից,
Ծածկել էր կապուտ աչքերը տարածության, և գորշ
լռությունը բարևում էր՝
քմծիծաղ ցողելով երկրի վաղորդայնին:

 

***
Տեսա մի կնոջ Դալմայի շեմին և քայլեցի նրա հետ դեպի ներս…
Հագուստը կպել էր մաշկին,
ինչպես մազն է հանգչում մարմնի վրա, և այդ նեղության
շնորհիվ նրա մարմնի ամբողջ երկայնքը ընդգծված էր ողջ լայնությամբ:
Հեռախոսով բարբաջում էր,
ժպտում,
աչքերով մտնում կոլեկտիվ խաղի մեջ
Ուրիշ տղամարդկանց հետ,
իրեն զգում էր որպես հունական աստվածուհի,
Ում բնությունը քանդակել էր ծնված օրից։
Այնինչ կոլեկտիվի մտքերը ուրիշ էին…
Վերև ու ներքև,
Վերև ու ներքև էին անում
Հետևի երկու կիսագնդերը,
Որտեղ հավաքվում էր բազմության աչքը,
Որտեղ նա ցուցահանդեսի գլխավոր ապրանքն էր,
Ում գնելու համար պետք էր աշխատել,
Աշխատել աչքերով՝
Մտքում հյուսելով երազների լաբիրինթոսը,
Աշխատել շալվարից ներս նայող հեռադիտակի օգնությամբ:

 

***
Տաբակի համը քթիս տակ թեթև բուրմունք էր խաղում
Մեղմ քամու նման,
խուտուտ տալով շոյում ռունգերս:
Գիշերը հագել էր իր ճոխ զգեստը,
Լուսինը ծածկում էր նրա մեջքը դեղին լույսով,
Արևի դեղնակտուց աչքերից տարբերվող դեմքը
Տխուր լույսով ծածկում էր երկնքի մերկությունը…
Աստղերին զարդարում էին թափանցիկ ամպերը,
որոնք գիշերվա ներքնազգեստն էին:
Կիսամերկ մուգ կապույտը կահավորված էր
Թագավորական պալատի նման։
Վառեցի կրակայրիչը՝
Խանձելով ծխախոտի շրթունքը, ես այրեցի նրան կարմիր լույսով,
ու նա հանգում և վառվում էր իմ համբույրներից:

 

***
Ինքնանկարս խղճիդ մեջ է…
Խոր լռությունը կներկի տարիների դեմքը,
բայց մի օր կսպառվի ներկանյութը, ու
հանդես կգա խոսքը առանց բառերի.
Նա դրա կարիքը չի ունենա,
Կխոսա ավելի մեծ հռետոր,
Ում հնչյունները կզարկեն թմբուկի նման, և
խուլ ականջները կբացվեն:

 

***
Ռենուարի նկարած վարդագույն հետույքները
Քայլում էին քաղաքով մեկ,
Որոնք իրականում վարդագույն չէին.
Խամրած,
Լխճված,
Տխուր…
Կարեկցանքի արժանի կլորություններ,
Որոնց չի սփոփել բիրտ ուժը
Իր կոշտ բնավորությամբ։
Բոլորը լքված էին,անհույս,
Մի տեսակ որբացած դեմքով:

 

***
Ցեմենտավորված կարծարտիպերդ կրում էիր ինչպես վզնոց,
երբ խոսում էիր,
Խորհրդային Միությունը զարթնում էր իմ աչքերում,
որտեղ ամեն ինչ ստաբիլ էր պայմանականորեն…
Դու կահույք էիր փնտրում՝ բաժակներով, ափսեներով լի,
ինձ հերիք էր մաքուր օդը և ոտքերիդ ապաշնորհ խաղը.
նրանք գեղեցիկ էին,
տաք,
արևոտ ամառների պես:

 

***
Բոլոր իմ ապրումները երկնքում դրոշմված են մանր աստղերի տեսքով։
Թույլ լուսավորում ունեցողներին եթե դու տեսնես աչքերդ դեպի վեր հառած,
Իմացիր՝ դրանք իմ տխրություններն են,
Որ ժպտում են քեզ,
Իսկ նրանց վառ եղբայրները հիշողություներն են քո մասին:

 

***
Ես սովորեցի այլևս չգտնել ոչ մեկին,
Փորձեցի մնալ իմ դատարկության տարերքում,
Սկսեցի չզարմանալ…
Այն արդեն իմ թշնամին էր դարձել.
Նրա պատճառով մեկ անգամ չէ,
Որ ոտաբոբիկ սրտով եմ քայլել դեպի տուն:
Ի վերջո փակվեցի ներսումս ինչպես խխունջ,
Որ իր պատյանից այն կողմ ճշմարտություն չունի:

 

***
Հոգնել եմ անվերջ թղթեր օգտագործելուց…
Քեզ շարադրելու համար մագաղաթ է պետք,
Որտեղ կարտացոլեմ մազերդ,
Որոնք գլխիդ վրա հանգիստ չեն գտնում,
Փոթորկում,
Անընդհատ գրոհում են իմ աչքերը,
Ինչպես ջուրը՝ ժայռին:
Կանցնեմ աչքերիդ կողքով,
Որոնք պսակազերծում են մարդու մեջ ապրող խաղաղությունը և
Օվկիանոսի ալիքների նման տատանում իրենց մեջքին
Նավին խորտակվող:
Կիջնեմ դեպի բարձունքները ներքևի,
Որտեղ ուրիշ ջրեր են հոսում…
Կլոր մեծությունները,
Որոնք հանգչում են դեմքիցդ ներքև,
մայրական ու տղամարդկային ուրախության ընդերքն են:
Ես խաղեր եմ տալիս անվերջ ու իջնում էլի ներքև՝
Դեպի դժոխքի վերջին պարունակը, և
Իմ առջև բացվում է կրակե երախը,
ինչից սկսվում է ամեն ինչ:

 

***
Երկինքը իր համաձայնությունը չտվեց մեր միության,
Թողեց,
որ թղթերի մեջ քո հետ ամուսնանամ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *