Իր անունը՝ Բելիսա Կրեպուսկուլարիո, նա ոչ կնքվելուց էր ստացել և ոչ էլ մորից ժառանգել, այլ փնտրելով էր գտել և պարուրվել դրանով: Նրա արհեստը բառեր վաճառելն էր: Լինում էր երկրի բոլոր անկյուններում՝ ամենաբարձր լեռնային ու ցուրտ վայրերից մինչև տաքուկ ծովափերը: Գնորդներին ընդունում էր տոնավաճառներում և շուկաներում, ուր դնում էր իր դազգահը չորս ձողի վրա ամրացած կտավե ամպհովանու ներքո, որը պաշտպանում էր նրան արևից ու անձրևից: Իր ապրանքը վաճառելու համար փողոցներում բարձրաձայն գնորդներ կանչելու կարիք չուներ, քանի որ այնքան էր ճանապարհորդել, որ բոլորը նրան գիտեին: Կային այնպիսինները, որ նրան սպասում էին ամեն տարի և երբ նա հայտնվում էր իրենց քաղաքում՝ կապոցը թևատակին, հերթ էին կանգնում նրա վաճառասեղանի առաջ: Վաճառում էր արդար գներով: Հինգ սենտավո էր վերցնում անգիր բանաստեղծությունների համար, յոթ սենտավոյով լավ երազներ էր տալիս, իննով՝ գրում էր սիրային նամակներ, իսկ տասներկուսով անեծքներ հորինում անհաշտ թշնամիների համար: Բացի դրանից, վաճառում էր պատմություններ, բայց դրանք հորինովի պատմվածքներ չէին, այլ իրական երկար պատմություններ, որոնք նա պատմում էր մի շնչով, առանց վայրկյան իսկ կանգ առնելու կամ խճճվելու: Նաև նորություններ էր հասցնում մի տեղից մյուսը: Մարդիկ նրան վճարում էին իրենց մասին մեկ-երկու տողով հիշատակելու համար. մենք երեխա ենք ունեցել, մահացել է այսինչը, մեր զավակներն ամուսնացան, հրդեհը ոչնչացրեց հունձքը: Ամեն տեղ, ուր նա այցելում էր, նրան լսելու համար հավաքվում էր մարդկանց ոչ մեծ բազմություն, որոնք տեղեկություն էին ստանում հեռավոր ազգականներից, ուրիշների կյանքից, ինչպես նաև ընթացող քաղաքացիական պատերազմի մանրամասներից: Գնորդներն իրենց վճարած ամեն հիսուն սենտավոյի դիմաց իբրև նվեր ստանում էին մի գաղտնի բառ՝ տրտմությունը ցրելու համար: Այն, իհարկե, բոլորի համար նույնը չէր, հակառակ դեպքում խաբեություն կլիներ: Յուրաքանչյուրը ստանում էր իր բառը՝ հավաստիացմամբ, որ ուրիշ ոչ ոք այս տիեզերքում ու դրանից էլ անդին այն չի գործածի նույն նպատակով:
Բելիսա Կրեպուսկուլարիոն ծնվել էր մի ընտանիքում, որն այնքան աղքատ էր, որ երեխաներին անուն տալու հնարավորություն չուներ: Նա աշխարհ էր եկել ու մեծացել աշխարհի ամենաանհյուրընկալ անկյունում, ուր լինում էին տարիներ, երբ անձրևները վերածվում էին հեղեղի ու քշում-տանում ամեն ինչ, ինչպես նաև այնպիսի տարիներ, երբ երկնքից մի կաթիլ անգամ չէր թափվում, և կիզիչ արևն իրենով լցնում էր ամբողջ հորիզոնը և աշխարհը վերածում անապատի: Մինչև տասներկու տարեկանը նրա միակ հոգսը դիմանալն էր սովին ու հավերժական զրկանքներին: Անվերջանալի մի երաշտի ժամանակ նրան վիճակվեց հողին հանձնել իր չորս կրտսեր եղբայրներին և, երբ գիտակցեց, որ իր հերթն է գալիս, որոշեց ճամփա ընկնել տափաստաններով դեպի ծովը, փորձելով այս կերպ ճողոպրել մահից: Նրա ճանապարհին հողն ուժասպառված էր, պատված խոր ճաքերով, քարքարոտ, ամենուր երևում էին ծառերի և թփերի չորացած մնացորդներ, կիզիչ արևից սպիտակած կենդանիների կմախքներ: Երբեմն ճանապարհին հանդիպում էին ընտանիքներ, որոնք, ինչպես և ինքը, գնում էին դեպի հարավ՝ այն կողմ, որտեղից նրանց երևում էր ջրի պատրանքը: Ոմանք, ճանապարհորդությունը սկսելով, շալակին էին առել կամ ձեռնասայլակի մեջ տեղավորել իրենց ամբողջ ունեցվածքը, սակայն նրանց ուժերն այլևս սպառման եզրին էին, և անկասկած, շուտով այդ իրերը կթողնեին ճանապարհին: Մողեսի թեփուկների պես կոշտացած մաշկով և կուրացնող լույսից բորբոքված աչքերով այդ մարդիկ հազիվ էին քարշ գալիս: Բելիսան նրանց կողքով անցնելիս ողջունելու նշան էր անում, սակայն կանգ չէր առնում, քանի որ չէր կարող ուժերը վատնել խղճահարության վրա: Ի տարբերություն շատերի, ովքեր ընկնում էին ճանապարհին, նա իր համառության շնորհիվ անցավ այդ դժոխքի միջով և, ի վերջո, մի օր՝ երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ աղբյուրներ տեսավ: Սկզբում դրանք շրջակայքի աղքատիկ բուսականությունը սնուցող ջրի բարակ, համարյա անտեսանելի երակներ էին, որոնք հոսելով ցած՝ վերածվում էին ջրառատ առուների ու ճահիճների:
Բելիսա Կրեպուսկուլարիոն փրկեց իր կյանքը և արեց դրանից ավելին՝ պատահմամբ նաև իր համար հայտնաբերեց գիրը: Երբ նա հասել էր ծովափին մոտ գտնվող մի գյուղ, քամին ոտքերի մոտ քշեց-բերեց լրագրի մի էջ: Նա վերցրեց այդ դյուրաբեկ թղթի խունացած կտորը և սկսեց երկար ուսումնասիրել, առանց հասկանալու դրա նշանակությունը, մինչև որ հետաքրքասիրությունը հաղթեց նրա ամաչկոտությանը: Մոտեցավ մի տղամարդու, ով մոտակայքում իր ձիուն էր լվանում նույն պղտոր լճակում, որից նա հագեցրել էր ծարավը:
– Սա ի՞նչ է,- հարցրեց նա:
– Թերթի սպորտային նորությունների էջը,- պատասխանեց տղամարդը՝ առանց նկատելի դարձնելու իր զարմանքը նրա անտեղյակությունից:
Պատասխանից աղջիկն ապշահար մնաց, սակայն չուզեց պնդերես երևալ և սահմափակվեց միայն հարցնելով, թե ինչ են նշանակում թղթի վրա պատկերված այդ միջատանման նշանները:
– Բառեր են դրանք, աղջիկս: Այստեղ ասվում է, որ Ֆուլխենսիո Բարբան երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Էլ Նեգրո Տիսնաոյին:
Այդ օրը Բելիսա Կրեպուսկուլարիոն իմացավ, որ բառերն ինքուրույն գոյություն ունեն, և ցանկացած մեկը, ով մի քիչ շնորհ ունի, կարող է տիրապետել նրանց և դրանով կյանքի համար փող վաստակել: Նա ծանրութեթև արեց իր դրությունը և եզրակացրեց, որ բացի մարմնավաճառությունից և հարուստների խոհանոցներում ծառայելուց, քիչ մասնագիտություն կար, որով կարող էր զբաղվել: Բառեր վաճառելը նրան արժանավայել այլընտրանք թվաց և այդ պահից ի վեր սկսեց զբաղվել այդ գործով, այլևս բնավ չհետաքրքրվելով այլ մասնագիտություններով: Սկզբում, երբ դեռ նոր էր սկսել իր ծառայությունները մատուցել, չէր էլ կասկածում, որ լրագրերից բացի այլ տեղերում ևս բառերը կարող են գրի առնվել: Սակայն տեղեկանալով այդ մասին՝ հաշվեց այն անհամար օգուտները, որ կարող էր իրեն տալ այդ գործը և իր խնայողություններից քսան պեսո վճարեց մի քահանայի, որ իրեն սովորեցնի կարդալ և գրել, իսկ մնացած երեք պեսոյով մի բառարան գնեց: Կարդաց ծայրից ծայր և ապա նետեց ծովը, որովհետև չէր ուզում խաբել միամիտ հաճախորդներին՝ նրանց վաճառելով պահածոյացված բառեր:
Տարիներ անցան: Օգոստոսյան մի առավոտ Բելիսա Կրեպուսկուլարիոն, նստած շուկայական հրապարակի մեջտեղում դրած իր ամպհովանու տակ, իրավաբանական փաստարկներ էր վաճառում մի ծերունու, ով տասնյոթ տարի շարունակ փորձում էր ստանալ իր թոշակը: Շուկայի օր էր և աշխուժություն էր տիրում նրա շուրջը: Հանկարծ լսվեցին ձիու սմբակների դոփյուն և աղաղակներ, ու նա, աչքերը բարձրացնելով իր գրությունից, տեսավ փոշու ամպ, որը ցրվելուն պես երևացին հրապարակ ներխուժած մի խումբ հեծյալներ: Գնդապետի զինյալներն էին, որոնք այդտեղ էին եկել Մուլատի հրամանով՝ մի աժդահայի, որը հայտնի էր դաշույնի կայծակնային արագությամբ և իր հրամանատարին անսահման հավատարմությամբ: Գնդապետն ու Մուլատը, երկուսն էլ իրենց կյանքն քաղաքացիական պատերազմում էին անցկացրել և նրանց անուններն ամուր շաղկապված էին ավերածության և աղետների հետ: Զինյալները գյուղ մտան խելակորույս գազանների պես, աղմուկ-աղաղակով և քրտնաթոր՝ աջուձախ տարածելով վախի ալիքներ: Հավերը թռան-հեռացան, շները արագությամբ չքվեցին, կանայք երեխաներին վերցնելով՝ շտապեցին տուն, և ամբողջ հրապարակում չմնաց ոչ մի կենդանի շունչ, բացի Բելիսա Կրեպուսկուլարիոյից, ով մինչ այդ երբևէ չէր հանդիպել Մուլատին և այդ պատճառով զարմացավ, տեսնելով, որ նա գալիս է իր կողմ:
– Հենց քեզ էլ փնտրում էի,- կանչեց Մուլատը, իր ծալած մտրակով նրա ուղղությամբ նշան անելով և նախքան նա կհասցներ ավարտին հասցնել իր խոսքը, զինյալներից երկուսը վրա հասան, բռեցին կնոջը, տապալելով նրա ամպհովանին և կոտրելով թանաքամանը՝ կապեցին ձեռերն ու ոտքերը և նրան այդպես կապկպված, խուրջինի պես դրեցին Մուլատի ձիու գավակին: Ապա խումբը քառատրոփ արշավեց մոտակա բլուրների ուղղությամբ:
Ժամեր անց, երբ Բելիսա Կրեպուսկուլարիոյի՝ ցնցումներից մարած սիրտը քիչ էր մնում կանգ առներ, դադար տվեցին և չորս ուժեղ ձեռք նրան իջեցրեց գետնին: Փորձեց ոտքերի վրա կանգնել և գլուխն արժանապատվորեն ուղղել, սակայն ուժերը դավաճանեցին և նա հառաչանք արձակելով տապալվեց և անմիջապես էլ ընկղմվեց անհանգիստ քնի մեջ: Արթնացավ մի քանի ժամ անց ճամբարում գիշերային շշուկներից, սակայն ժամանակ չունեցավ ձայները հասկանալու, քանի որ աչքերը բացելուն իր հայացքի առաջ հայտնվեց անհամբեր Մուլատը, ով ծունր էր դրել նրա կողքին:
– Վերջապես զարթնեցիր, օրիո՛րդ,- ասաց Մուլատը, և որպեսզի կինը վերջնականապես ուշքի գա, նրան մեկնեց տափաշիշը՝ առաջարկելով կում անել օղու և վառոդի խառնուրդից:
Բելիսա Կրեպուսկուլարիոն ցանկացավ հասկանալ իր նկատմամբ այդ բիրտ վերաբերմունքի պատճառը և տեղեկացավ, որ Գնդապետն իր ծառայությունների կարիքն ուներ: Մուլատը նրան թույլատրեց լվալ երեսը, ապա տարավ ճամբարի ծայրը, ուր երկու ծառից կապված ցանցաճոճի մեջ հանգստանում էր այդ երկրի ամենասարսափելի մարդը: Sղամարդու դեմքը նրան չերևաց, քանի որ ծառերի սաղարթը փակում էր լույսի ճանապարհը, ինչին ավելանում էր տարիներով ապրած նրա ավազակային կյանքի անջնջելի ստվերը, սակայն պատկերացրեց, որ նրա դեմքի արտահայտությունը պետք է որ ահարկու լիներ, եթե այդ հսկա համհարզը նրան վերաբերվում էր այդքան խոնարհությամբ: Տղամարդու ձայնը Բելիսային թվաց զարմանալիորեն մեղմ ու հանգիստ, ասես ուսուցչի ձայն լիներ:
– Բառեր վաճառո՞ղն ես,- հարցրեց նա:
– Ձեր տրամադրության տակ եմ,- թոթովեց կինը՝ փորձելով Գնդապետին ավելի լավ զննել կիսամթան մեջ: Վերջինս ոտքի ելավ և Մուլատի ձեռքում պահած ջահը միանգամից լուսավորեց նրա դեմքը: Բելիսան տեսավ նրա մուգ մաշկը և ընձառյուծի գիշատիչ աչքերը և հենց այդ պահին էլ հասկացավ, որ իր առաջ աշխարհի ամենամիայնակ մարդն է:
– Ուզում եմ պրեզիդենտ դառնալ,- ասաց նա:
Գնդապետը հոգնել էր այդ անիծված երկրի մի ծայրից մյուսը անընդհատ քարշ գալուց, անվերջանալի մաշող պատերազմներից և պարտություններից, որոնք ոչ մի հրաշքով չէին կարող վերածվել հաղթանակների: Արդեն բազում տարիներ նա գիշերում էր բաց դաշտում՝ անպաշտպան անձրևից ու արևից, մոծակների խայթոցներից, սնվելով իգուանաներով և օձից պատրաստված ապուրներով, սակայն այս անհարմարություններն այնքան էական չէին, որ կարողանային շեղել նրան իր ճանապարհից: Նրան իսկապես մտահոգողը սարսափն էր, որ նա տեսնում էր այլ մարդկանց աչքերում: Նա ցանկանում էր մտնել քաղաքներ՝ անցնելով հաղթակամարներով, գույնզգույն դրոշակներով զարդարված փողոցներով, որ ժողովուրդը նրան դիմավորեր ծաղիկներով, ծափողջույններով և աղուհացով: Նրան արդեն զզվելու աստիճան կշտացրել էին իրեն տեսնելուն պես խուճապահար փախչող տղամարդկանց, վախից վիժող կանանց և դողացող երեխաների տեսարանները, և այդ պատճառով նա որոշել էր դառնալ պրեզիդենտ: Մուլատը նրան առաջարկում էր արշավել մայրաքաղաք և կայծակնային արագությամբ տիրել Կառավարական պալատին՝ վերցնելով իշխանությունը, ինչպես մինչ այդ վերցրել էին բազմաթիվ բաներ առանց որևէ մեկի թույլատրության, բայց Գնդապետին մեկ այլ բռնապետի վերածվելու հեռանկարը չէր գրավում: Այդպիսիններ շատ էին եղել նրանից առաջ էլ, և բացի դրանից, այդ ձևով հնարավոր չէր լինի նվաճել ժողովրդի սերը: Փոխարենը, նա մտադրվել էր ստանալ ժողովրդի քվեն դեկտեմբերին կայանալիք ընտրություններում:
– Դրա համար, իբրև թեկնածու՝ պետք է ելույթներ ունենամ: Կարո՞ղ ես ինձ վաճառել ճառի համար բառեր,- հարցրեց Գնդապետը Բելիսա Կրեպուսկուլարիոյին:
Նա իր կյանքում բազմաթիվ պատվերներ էր ընդունել, սակայն այդպիսին՝ ոչ մի անգամ, ու դրանով հանդերձ, չկարողացավ մերժել, նաև վախենալով, որ Մուլատը գնդակ կարձակի ուղիղ ճակատին, կամ, որն ավելի սարսափելի էր, Գնդապետը կսկսի հոնգուր-հոնգուր արտասվել: Մյուս կողմից էլ՝ օգնելու ցանկություն զգաց, քանի որ մի թրթռուն ջերմության ալիք բարձրացավ նրա մաշկի տակ, այդ մարդուն դիպչելու, նրան շոյելու և իր գիրկն առնելու անդիմադրելի մի ցանկություն:
Բելիսա Կրեպուսկուլարիոն ամբողջ գիշերն ու հաջորդ օրվա մեծ մասը անցկացրեց պրեզիդենտի թեկնածուի ելույթի համար իր հավաքածուում հարմար բառեր փնտրելով՝ Մուլատի աչալուրջ հսկողության տակ, ով աչքերը չէր կտրում նրա երիտասարդ ամուր ոտքերից և հատկապես կուսական ստինքներինց: Բելիսան դեն էր նետում կոպիտ ու չոր բառերը, ինչպես նաև ամենածաղկավորները, չարչրկված բառերը, նաև այնպիսիք, որ ասվում են անիրականանալի խոստումներ տալուց, ապա և խճճված ու ճշմարտությունից զուրկ բառերը, որպեսզի մնան միայն նրանք, որոնք հաստատապես հասու կլինեն տղամարդկային գիտակցությանը և կանացի ներհայեցողությանը: Օգտվելով քահանայից քսան պեսոյով գնված գիտելիքներից՝ նա մի թղթի վրա ամփոփեց ճառը և նշան արեց Մուլատին, որպեսզի վերջինս արձակի պարանով կապկպված իր ոտքերը: Բելիսա Կրեպուսկուլարիոյին նորից տարան Գնդապետի մոտ, ում տեսնելով, նա նորից զգաց նույն անհանգիստ թրթիռը, ինչ առաջին անգամն էր զգացել: Նրան փոխանցեց թուղթը և սպասեց, մինչ նա երկար ուսումնասիրում էր այն՝ պահած մատների ծայրով:
– Այս ի՞նչ գրողուցավ է գրած այստեղ, – հարցրեց Գնդապետն ի վերջո:
– Չգիտե՞ք կարդալ:
– Իմ իմացածը պատերազմելն է, – պատասխանեց նա:
Կինը Գնդապետի համար բարձրաձայն կարդաց ճառը: Կարդաց երեք անգամ, որպեսզի իր պատվիրատուն դրոշմի իր հիշողությունում: Երբ վերջացրեց կարդալը, տեսավ զգացմունքների արտահայտություններ զինյալների դեմքերին, որոնք հավաքվել էին լսելու ճառը և նկատեց, որ Գնդապետի դեղին աչքերը ոգևորությունից փայլում էին՝ լի համոզվածությամբ, որ այդ բառերի օգնությամբ պրեզիդենտական աթոռը կլինի իրենը:
– Եթե երրորդ անգամ լսելուց հետո էլ տղաները դեռ ճառի ազդեցության տակ են, նշանակում է՝ սա արժեցող բան է, Գնդապե՛տ,- հավանությամբ ասաց Մուլատը:
– Ինչքա՞ն պիտի տամ քո գործի համար, օրիորդ,- հարցրեց հրամանատարը:
– Մի պեսո, Գնդապետ:
– Թանկ չէ,- ասաց նա՝ բացելով վերջին ավարառությունից նկատելիորեն ծանրացած քսակը, որը կրում էր գոտուց կախ:
– Դրանից բացի ունեք փոքրիկ մի նվեր իմ կողմից: Ձեզ հասնում է երկու գաղտնի բառ,- ասաց Բելիսա Կրեպուսկուլարիոն:
– Ինչի՞ս են պետք:
Նա սկսեց բացատրել, որ ծառայությունների դիմաց իրեն ամեն հիսուն սենտավո վճարողին նվիրում է մեկ բառ, որը բացառապես այդ գնորդի համար էր: Հրամանատարը ուսերը թոթվեց, քանի որ այդ առաջարկը նրան բնավ չէր հետաքրքրում, սակայն չուզեց անքաղաքավարի երևալ երիտասարդ կնոջ աչքերում, ով նրան այդպիսի մեծ ծառայություն էր մատուցել: Կինը անշտապ մոտեցավ կաշեպատ աթոռակին, որի վրա նստած էր Գնդապետը և հակվեց դեպի նա՝ հանձնելու համար նվերը: Այդ ժամանակ տղամարդը զգաց լեռնաբնակ գազանի բույրը, որ տարածվում էր այդ կնոջից, նրա ազդրերից եկող հրդեհի տապը, զգաց նրա մազերի երկյուղալի և միաժամանակ ըղձալի հպումը, անանուխի բուրմունքով նրա շունչը, երբ նա իր ականջին շշնջաց իբրև պարգև ստացած երկու գաղտնի բառերը:
– Ձերն են, Գնդապե՛տ,- ասաց նա՝ ետ կանգնելով, – կարող եք գործածել, ինչքան ուզեք:
Մուլատը ուղեկցեց Բելիսային մինչև ճանապարհի եզրը, ամբողջ ընթացքում իր վավաշոտ և թախանձագին հայացքը չկտրելով նրանից, բայց երբ փորձեց ձեռք գցել վերջինիս, հանդիպեց նման դեպքերի համար ստեղծված անծանոթ բառերի մի այնպիսի հեղեղի, որ նրա ցանկությունը սառեց, քանի որ մտածեց, որ այդ բառերն ինչ-որ անհաղթահարելի անեծքներ կարող են լինել:
Սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Գնդապետն իր ճառն այնքան անգամ արտասանեց, որ եթե այն կազմելու համար Բելիսա Կրեպուսկուլարիոն ամենավառ և ամենադիմացկուն բառերն ընտրած չլիներ, ապա շատ գործածությունից կմաշվեր ու կփոշիանար: Գնդապետը երկրով մեկ շրջում էր՝ հաղթականորեն մտնելով քաղաքներ, ինչպես նաև կանգ առնելով ամենախուլ գյուղերում՝ այն վայրերում, ուր միայն աղբի կույտերն էին վկայում բնակության մասին, որպեսզի համոզի մարդկանց քվեարկելու իր օգտին: Մինչ նա խոսում էր բեմահարթակից, Մուլատը և նրա մարդիկ մարդկանց բաժանում էին քաղցրավենիք և ոսկեզօծ ներկով պատերին նրա անունն էին գրում: Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այդ գովազդային խորամանկություններին, քանի որ իրենց կյանքում առաջին անգամ մարդիկ երջանիկ էին և ոգևորված՝ նրա խոսքի հստակությունից և բանաստեղծական պայծառությունից՝ վարակվելով անցյալի սխալները ուղղելու նրա անհուն ցանկությունով: Թեկնածուի բանախոսության ավարտին, զինյալները ատրճանակաները դեպի օդ էին պարպում, ճայթուկներ պայթեցնում և հեռանում՝ իրենց ետևից թողնելով օդում դեռ երկար թևածող հույսը, ինչպես մի գիսաստղի վառ հուշ: Կարճ ժամանակում Գնդապետը դարձավ ամենաժողովրդական քաղաքական գործիչը: Այսպիսի բան երբևէ դեռ չէր եղել: Քաղաքացիական պատերազմից դուրս եկած սպիածածկ այդ մարդը խոսում էր ինչպես մի դասախոս, և նրա հեղինակությունը տարածվում էր ամբողջ երկրով մեկ՝ շարժելով մարդկանց սրտերը: Մամուլը հետաքրքրվեց նրանով: Հեռուներից նրա մոտ էին գալիս լրագրողներ հարցազրույց վերցնելու և կրկնելու համար նրա արտահայտությունները, և այսպես աճեց նրա հետևորդների, ինչպես նաև թշնամիների թիվը:
– Լավ առաջ ենք գնում,- ասում էր Մուլատը տասներկու շաբաթվա անդադար քարոզչությունից հետո:
Սակայն Գնդապետը նրան ոչ միշտ էր լսում: Նրա միտքը զբաղված էր իր գաղտնի բառերով և աստիճանաբար ավելի հաճախ էր այդպես լինում: Նա այդ բառերը կրկնում էր, երբ սիրտը հիշողություններից փափկում էր, շշնջում էր այդ բառերը երբ քնած էր, այդ բառերն իր հետ էին, երբ ձիու թամբին էր, նա մտածում էր դրանց մասին նախքան իր նշանավոր ճառը սկսելը և ի զարմանս իրեն՝ բավականություն էր ստանում, երբ այդ բառերը սողոսկում էին իր միտքը անգամ հանգստյան պահերին: Եվ ամեն անգամ, երբ նա լուռ արտաբերում էր այդ երկու բառը, նրա առաջ պատկերանում էր Բելիսիա Կերպուսկուլարիոյի կերպարանքը, և նրա հոգին ալեկոծվում էր՝ հիշելով այն լեռնաբնակ գազանի բույրը, հրդեհի տապը, մազերի երկյուղալի և ըղձալի հպումը, անանուխի բուրմունքով շունչը: Նա սկսեց լուսնոտի պես ժամերով ինքնամոռաց թափառել, մինչև որ նրա զինակիցներն էլ սկսեցին վախենալ, որ իրենց հրամանատարի վերջը կգա նախքան նա կհասներ պրեզիդենտ դառնալ:
– Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, Գնդապե՛տ,- նրան հաճախ էր հարցնում Մուլատը, մինչև որ ի վերջո օրերից մի օր հրամանատարը խոստովանեց, որ այդ վիճակի պատճառն այն երկու բառերն էին, որ ասես մխված լինեին իր սրտում:
– Ասե՛ք ինձ այդ բառերը, գուցե կորցենեն դրանք իրենց ուժը,- խնդրեց նրա հավատարիմ զինակիցը:
– Չեմ ասի քեզ, դրանք միայն իմն են,- պատասխանեց Գնդապետը:
Այլևս չհաշտվելով մահվան դատապարտվածի կերպարանք ստացող հրամանատարի այդ վիճակի հետ՝ Մուլատն ուսին առավ հրացանը և գնաց փնտրելու Բելիսա Կրեպուսկուլարիոյին: Գնաց նրա հետքերով՝ ոտնատակ տալով հսկա երկրի մի ծայրից մյուսը, մինչև որ գտավ նրան հարավի մի գյուղաքաղաքում, ամպհովանու տակ իր գործն անելուց՝ պատմելով վերջին նորությունները: Մուլատը ոտքերը լայն բացած կանգնեց ուղիղ Բելիսա Կրեպուսկուլարոյի առջև ու ձեռքը պահելով զենքին հրամայեց. դու կգաս ինձ հետ: Նրա համար դա անսպասելի չէր: Վերցրեց թանաքամանը, ծալեց ամպհովանու կտավը, ուսերին առավ թիկնոցը և լուռ տեղ գրավեց Մուլատի ձիու թամբի վրա: Ամբողջ ճանապարհին մի ծպտուն անգամ չհանեցին, քանի որ Մուլատի ցանկասիրությունը փոխարինվել էր կատաղությամբ, և միայն կնոջ լեզվի ներշնչած վախն էր, որ հսկային ետ էր պահում նրան մի կուշտ մտրակածեծ անելուց: Մուլատը ոչ էլ մտադրություն ուներ նրան տեղեկացնելու, որ Գնդապետը հասել էր խելագարության դուռը, և որ նրա ականջին շշնջացած հմայական բառերը այնպիսի հետևանքներ էին ունեցել, որպիսիք չէին ունեցել այդքան տարիների նրա մղած կռիվները: Երբ երեք օր անց նրանք հասան ճամբար, Մուլատն իր գերուն ամբողջ զորախմբի հայացքների ներքո անմիջապես տարավ Գնդապետի մոտ:
– Գնդապե՛տ, բերել եմ ձեզ այս վհուկին, որ ետ վերցնի իր բառերը ու վերադարձնի ձեր տղամարդկային ուժը,- ասաց նա հրացանի փողը պահելով կնոջ քունքի մոտ:
Գնդապետը և Բելիսա Կրեպուսկուլարիոն որոշ հեռավորությունից երկար նայում էին իրար՝ աչքերով միմյանց չափելով: Հանկարծ այդ պահին մարդիկ հասկացան, որ իրենց հրամանատարն այլևս չի ձերբազատվի այդ անիծյալ կախարդական բառերի ազդեցությունից՝ նկատելով, որ ընձառյուծի նրա գիշատիչ աչքերը խաղաղվեցին, երբ կինը մոտեցավ ու բռնեց նրա ձեռքը:
Թարգմանությունը իսպաներենից Տիգրան Զաքարյանի