Կովը երկունքի ցավից մայրաբար ոռնում էր ամբողջ գյուղով մեկ, կովը գահավիժել էր գոմի մեջտեղում, խոշոր արցունքոտ աչքերը հառում էր մեկ անասնաբույժին, մեկ մորս, որ կովին երևի հրեշտակ էր թվում, որովհետև կովը հիշել էր արոտից եկած երեկոներին պտուկների սաստիկ ցավը մեղմելու համար յուղ քսող մորս։ Եվ կարծես անասնական հայացքով ակնարկում էր. «Ա՛յ մեր, բա էդ յուղն ինչ եղավ»։ Կովի համար իրենից կաթ քամելն ու իրենից զավակ էս դառնությամբ լի աշխարհ դուրս բերելը նույնչափ ցավոտ էր, նույնչափ անխուսափելի և նույնչափ մեղմվող՝ մորս փափլիկ և յուղոտված մատների մերսումներից։ Այդպես գալար- գալար գալով՝ ուշ գիշերվա և վաղ առավոտվա արանքում ինչ-որ ժամի ծնվեց մեր կովի հորթուկը։ Հաջորդ օրերի առավոտները հայրս լուռ էր, որովհետև պարապ բղավոցներին փոխարինելու էր եկել նորածին հորթին քնշորեն կանգնել սովորեցնելու երևի հայրական բնազդը, նա մի ձեռքով խտտում էր հորթի պարանոցը, մյուս ձեռքը գցում հորթի հետևի ոտքերի արանքը որպես պատվադան, բարձրացնում վեր ծալվող ոտքերի վրա կանգնել չկարողացող կովի զավակին, և հայրաբար նախատում, թե պինդ կանգնիր, այ անասուն, պինդ կանգնիր էս երերուն ու դաժան աշխարհում, բռնիր ոտքերիդ տակ օրերի մեջ սահող հողը, և գտիր քո հաստատուն տեղն էս արևի տակ։ Այդպես մեծացավ հորթը, հորթի հետ մեծացավ հայրս, այդպես նոր տարվան նախորդող մի կիրակի մորթվեց կովը, և ամիսների կեր դարձավ մեր սովալլուկ ընտանիքի սեղաններին։ Հորթն էլ հորթ չէր արդեն, ու անասնական հիշողության մեջ ո՛չ մայր կով էր մտապահել, ո՛չ հարևանի գոմում մայող հայր ցուլ, նրա համար կողքին կանգնած այդ հաղթանդամ կովը վերածվել էր սիլոսը կիսող, տերերին կիսող, իրեն կանգնել սովորեցնող մարդ-հերացուին կիսող մի մրցակից կովի, և ամիսների մեջ խզվել էր հորթ զավակի և կով մոր հարազատական կապը, ու վերածվել սովորական անասնական հարևանության, նաև նույն արոտը գնալու՝ ասել է թե՝ նույն հացը կիսելու ընկերության։
Այդպես մի օր՝ դեկտեմբերի կիրակիին հաջորդող մի օր, մենք արթնացել էինք առանց կովի՝ գոմում ունենալով միայն կով դառնալու ճանապարհը հաստատակամորեն բռնած հորթին։ Հայրս էլ արդեն ճերմակում էր, և երկու ոտքերին օգնության էր եկել թթենուց պոկված ծուռումուռ մի փայտ, որ հայրս ապակու կտորով տաշել, հղկել էր, նաև գյուղական կերուխումերին դրանով հպարտորեն ներկայանալու համար, և գյուղական երկար օրերի մեջ օրեցօր ավելի շատ պարապ ժամեր գտնող հայրս հորթին այլևս հերթափոխով տավար տանող հովիվների հետ չէր ուղարկում արոտի, այլ անձամբ էր ուղեկցում մեր տան առաջ խոյացող լեռան լանջի արոտավայրերը, և երբ արևն անցնում էր սարի ետևը, ու երբ մյուս սարի ետևից լուսինը մոտենում էր մեր տան տանիքին, հայրս հորթի հետ տուն էր գալիս, բակում ջուր էր տալիս օրվա ծարավը կոկորդում կուտակած հորթին, գոմ էր ուղեկցում, մի խտիտ սիլոս էր լցնում առաջը, և օրվա ավարտից մի կարճ ժամանակ առաջ նորից տուն էր մտնում իբրև մեր հայր, մեր ավարտվող օրվա վերջին ժամերի հայր։
Մի առավոտ, մեծ եղբայրս կապեց ճամպրուկները, վերցրեց գիշերն անքուն մորս խաշած հավը և ուտելիքի տոպրակը, գրկեց ընտանիքի անդամներին, համբուրեց ծերացող հորս փայլուն ճակատը և ճանապարհ ընկավ մայրաքաղաք՝ համալսարանում սովորելու, էդ օրերին ոչ ես և ոչ էլ առավել ևս ծնողներս գլխի չէինք ընկնում, որ համալսարան գնացող եղբայրս հետո նաև կամուսնանա քաղաքից մի աղջկա հետ, աշխատանքի կանցնի պետական ատյաններում, որ այդքան անհասանելի օլիմպոս էր թվացել մեր ընտանիքի ու ողջ գյուղի համար, ու այլևս չի վերադառնա։ Մեր տան դեմից եղբորս Երևան տանող ավտոբուսի դանդաղորեն անհետանալուց հետո հայրս կապեց հորթի պարանն ու տարավ արոտ՝ ականջին շշուկով ինչ-որ զրույցներ անելով։ Դա առաջին անգամն էր, երբ իմ չարաճճի հետաքրքրությամբ պտտվող աչքերը որսացին, որ նեղության մեջ հայտնվող հայրս իր նեղությունը կիսում է միայն հորթի հետ, ու որովհետև բոլորիս աչքի առաջ հորթի հետ զրուցել չէր կարող, առանձնանում էր դաշտերում, և վերադառնում, երբ ողջ ասելիքն ասել էր, հավանաբար մի երկու բառաչով պատասխանը հորթից լսել, ու սիրտն էլ թեթևացել էր։
Ձմռան մի ահավոր երեկո, երբ տանը վառել էինք փայտի վառարանն ու կարտոֆիլը տալաշ-տալաշ դրել վառարանի տաք երկաթին, երբ կարմրած կարտոֆիլի անուշ բույրն առել էր տան բոլոր անդամների ռունգերը, երբ հայրս նկուղից վեր էր բարձրացրել սառը գինու մի հսկա շիշ, ու դրսի սառը քամուց ապահովությամբ պաշտպանված մեր ընտանիքը կուչ էր եկել վառարանի ջերմության շուրջը, մայրս ամոթից, վախից կամ կրակի ջերմությունից կարմրած այտերով, ժամեր շարունակ հավաքած համարձակությունը շուրթերին առած, կարծես մի անկարևոր լուրի պես հորս նետեց արդեն ամուսնացած եղբորս արտասահման տեղափոխվելու որոշումը, հայրս, որ տարիների իմաստությունից ճերմակել ու լռակյաց էր դարձել, շարունակեց դեպի շուրթերը տանել ձեռքի գինու գավաթը, կոնծեց, մեղմորեն հետ իջեցրեց դատարկ գավաթը, դրեց վառարանի կողքին, վառեց իր ձեռքով փաթաթած ծխախոտը, հետո գլանակը երկար ու ծանրորեն ծխաց շուրթերի արանքում, ծանրացած ահավոր լռության մեջ լսվեց միայն մորս անհանգիստ շնչառությունը, հորթի պես որոճացող բերանիս տաք կարտոֆիլի տրորվելու ճպճպոցը, պատուհանի տակ սուրացող ձմռան քամու ձայնը, և չարագուշակ այդ լռության մեջ հայրս հագավ տաք վերարկուն ու դուրս եկավ։ Մի րոպե սպասելուց հետո ես ու մայրս վազեցինք պատուհանի մոտ, որ հանդիսատեսի պես առանց միջամտելու հետևենք հորս գործողություններին, նա վար սահեց աստիճաններով, մտավ գոմ, մի քանի րոպե հետո խավարի մեջ գոմից դուրս եկավ կապված հորթի հետ, ու անհետացավ մեր տան առաջ դեպի դաշտերը գնացող արահետի ու մառախուղի խառնաշփոթում։ Այդ գիշեր հայրս ու հորթը տուն չվերադարձան, և սովորականից երկար, շատ երկար ձգվեց այդ գիշերը, այդ գիշեր ես ու մայրս մնացինք վառարանի առաջ նստած ՝ առանց որևէ բառ իրար հետ փոխանակելու։ Վառարանի տաքությունից լուսադեմի ինչ-որ պահի աչքս կպավ հենց վառարանի կողքի բազմոցին, երբ արթնացա՝ արևն արդեն շողարձակում էր ձյան համատարած սպիտակի տակ հանդարտորեն փռված լեռնագագաթների վրա, մայրս նույն դիրքով, հայացքը հորս ճամփին սառած մնացել էր նստած, վառարանի փայտը վառվել-վերջացել էր մորս կյանքով լի հայացքի մեջ դժբախտության ու կարոտի ծվենների գալու պես, և մոխրի մեջ կրակի փոքրիկ կայծերը հանդարտորեն շարունակում էին սպասել, երևի հորս վերադարձին։ Կեսօրին հայրս վերադարձավ, այնպես, ինչպես հեռացել էր, հորթի պարանը ձեռքին՝ հորթը պարանի մյուս ծայրին կապված, խոշոր աչքերով վերադարձի ճանապարհին մեր տունը փնտրելով։ Սովորականի պես հայրս հորթին ուղեկցեց գոմ, բարձրացավ տուն, և սկսեց կարգի բերել մեր ալարկոտ անտարբերությունից մեռնող կրակի վերջին կայծերը։
Ամիսներն իրար հաջորդում էին բոլոր ժամանակների և բոլոր մարդկանց կյանքի եղանակաների պես, առանց որևէ արտառոց տարբերության, միակ բանը, որ փոխվել էր, կամ միակ բանը, որի հետ վերջնականապես համակերպվել էինք, հորս ու արդեն կով դարձած հորթի ընկերությունն էր, և բոլոր ծանր պահերին կովին գոմից հանող և արոտ տանող հորս անփոփոխ արարողակարգը։ Հորթի մանկական չարաճճի աչքերն էլ ծերացել և մի տեսակ խոր իմաստությամբ էին լցվել։ Երբեմն, երբ գոմում կամ բակում ես ու կովն իրար առաջ էինք դուրս գալիս, և ես որսում էի ինձ նայող նրա հայացքը, ինձ թվում էր, թե այդ անմարդկային մաշկի և խոշոր գլխից փայլատակող աչքերը կենդանական չէին, այլ մարդկային, լցված մարդկային ուրախությունների և մարդկային ողբերգությունների, մարդկային իմաստությունների ու մարդկային անտարբերությունների, մարդկային թախծի ու մարդկային բերկրության իմաստավորված փայլով։ Տարիների հետ վերաբաշխվել էին նաև մեր ընտանեկան գործառույթները, ու մայրս, որ մեր տուն հարս գալու առաջին օրվանից հազարավոր անգամներ ձեռքն էր առել մեր կովերի պտուկներն ու մեզ համար կաթի մինչև վերջին կաթիլն էր քամել նրանց կրծքերից, այդ գործը հեզորեն փոխանցել էր հորս, որն իբրև մորս փխրուն մեջքի հանդեպ հոգատարությունից, իսկ իրականում կովի հետ ևս մի քանի րոպե անցկացնելու ու հետը խոսելու առիթը բաց չթողնելու մոլուցքից իր ձեռքն էր առել այդ պարտականությունը ևս։
Այդպես մեր ընտանիքի կյանքը ապրված կեսդարյա պատմության մեջ կիսվեց, և մենք անցանք հորս ու իր նախկին հորթի, հետո հասուն և հաղթանդամ կովի ամուր ընկերության շրջափուլին։
Եվ երբ մեր ընտանիքն անցել էր իր սովորական ընթացքին, մեր կովն ապրում էր իր կյանքի ամենալուսավոր և վառ ժամանակը, սովորական կովային կյանքի ուղիղ կեսին հասած, երբ եղբայրս, որ գնացել էր մայրաքաղաք, հետո լքել հայրենիքը ու ոչ մի անգամ գյուղ չէր վերադարձել, կարծես գյուղից աններելիորեն չարացած, երբ հորս գլխին մազ չէր մնացել, իսկ մորս մազերը գյուղի ձմեռների պես ճեփ-ճերմակ էին դարձել, ես, արդեն որպես հասուն և ընտանիքիս հոգսն ուսերիս առած տղա, ստացա սովորական թվացող մի զանգ։ Զանգը սովորական էր մինչև պատասխանը, աշխարհի բոլոր դեռ չպատասխանված զանգերի պես, զանգ է, էլի, ոչ հիշողություն ունի, ոչ ասելիք, լռության ու լուրի արանքում ձայնային ինչ-որ տատանում է, որ ամեն անգամ ուր որ է կարող է բեկել կյանքը, և փոխել մարդու շուրջ լայնարձակ ձանձրույթով տարածված իրականությունները։ Ճիշտ այդպիսի մի զանգ էր, որից այն կողմ հազար անգամ լսած, բայց ինձ անծանոթ ու անհարազատ մնացած եղբորս կնոջ ձայնն ինձ գուժում էր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար հողերի վրա երեխայից հասուն տղամարդ դարձած եղբորս մահվան մասին։ Եղբորս, որի դեմքը հազիվ կմտաբերեի, եթե մի քանի անգամ լուսանկարները տեսած չլինեի, եղբորս, որ տարիների մեջ այնպես էր փոխվել և այնքան օտարացել, որ եղբայրական քիչ զգացումներ էին համակում լուսանկարում տեսնելու պահին։
Հետո ժամերով լռեցի ստացածս լուրի մասին, ժամերի մեջ փոխվեցի, արագորեն մեծացա ոչ այնքան եղբորս մահվան լուրից, որքան ծնողներիս այն փոխանցելու սարսափելի տագնապից, բայց հիշեցի գյուղի տղամարդու թվացյալ կարծր, իսկ իրականում քաղաքի տղեկներից ավելի փխրուն սրտիս մասին, հավաքեցի բոլոր ուժերս, և կեսվայրկյանի մեջ այն դուրս նետեցի՝ արագորեն ազատվելու և շունչ քաշելու ակնթարթի անհամբեր սպասումով։ Այդպես ծանրացավ, ծանրացավ եղբորս մահվան լուրը նախ ծնողներիս, հետո գյուղի հարյուրավոր ընտանիքների սրտերին, արևն ու լուսինը թևանցուկ սարերի հետևն անցան, անտանելի խավարը իջավ մեր տան կտուրին, սենյակների մեջ, մեր հայացքներում, այդպես նստեցինք իրար դեմ դիմաց ու օրեր շարունակ չտեսանք իրար, չլսեցինք իրար, և կարծես աշնանային անձրևոտ քամու պես տխուր ու միալար բվվաց մորս լացը, հորս ծանր հևոցը մեր տան ու հարևան տների պատերի տակ։ Եղբորս մահվան երրորդ օրը հայրս նստեց աստիճաններին, ծնկին դրեց սրոցաքարը և ժամերով սրեց որսորդական մեծ դանակը, հետո կացինը։ Հաստատուն քայլերով աստիճաններով սահեց բակ, սևացած սրտով մտավ գոմ, և մի քանի րոպե անց գոմից դուրս եկավ ամբողջովին արնաթաթախ, ձեռքին իր ընկեր, մեր աչքի առաջ ծնված ու մեծացած, մեզ ընտանիքի անդամ դարձած կովի գլուխը, իսկ հորս աչքերին արցունքի ու կովից ցայտած արյան հսկա կաթիլներ։
