Հեղինակը մեռած է, իսկ ես դեռ՝ ոչ:
Ռոլան Բարտ
Նրանք շարժվում էին տարբեր ուղղություններով, ընթացքը դանդաղ էր, բայց հավասարակշռված։ Վերջապես օրերից մի օր հասան տեղ, եթե հնարավոր է տեղ անվանել այն վայրը, ուր նրանք առաջին անգամ զգացին, որ կանգ են առել: Նրանցից մեկի մարմինը կոտրտվում էր, նա գալավում էր փափուկ անկողնում ու փայլող աչքերով նայում դեպի դուռը` գիտակցելով, որ ամեն ինչ կորցրել է, որ այլևս ոչինչ ետ բերել հնարավոր չէ։ Աչքերի առջևով անցավ կյանքն՝ իր ողջ ծակուծուկերով. մի պահ թվաց, թե ապագան է տեսնում, սակայն անմիջապես հասկացավ, որ այդ ամենն իր հետ արդեն եղել է ու բռունցքների մեջ հավաքելով սավանը`խոր շունչ քաշեց:
Մյուսները նրան այդտեղ թողնելով`շարժվեցին։ Նրանցից մեկը անընդհատ ուզում էր ցատկել բեռնատարի թափքից ու խառնվել դեղնականաչ խոտերին, որովհետև մեջքը ցավում էր, բայց ոչ ոք չէր հավատում այդ ցավի իսկությանը։ Նա կցանկանար վրեժ լուծել իրեն չհավատացողներից, բայց մարմինը այլևս չէր ենթարկվում ուղեղին, ասես նրա վերջույթներից կախված լիներ մի անկշռելի ծանրություն:
Ճանապարհը բոլորից մեկուսացած ճյուղի պես գնալով ավելի ու ավելի բարակելով՝ բարձրանում էր վեր` դեպի թանձր դեղնուցանման արևը։ Ավերակների առատությունը նրա աչքերից դուրս էր թափում սպիտակ քարակտորներ, որոնք իրար վրա դնելով՝ նա իր ներսում փորձում էր վերականգնել քանդված քաղաքը։ Նա մտքում արագորեն կառուցում էր երկհարկանի տան դիմաց խոռոչի պես բացված լողավազանն ու համբուրվում այնտեղից դուրս եկած հաստ շուրթերով կնոջ հետ, որը իր լեզուն թաթախելով նրա հաճույքի մեջ՝ խորամանկ հայացք էր նետում պատշգամբում հայտնված մեկ ուրիշ կնոջ ուղղությամբ, որն էլ պատասխանում էր գլխի թեթև շարժումով ու ձեռքի մեջ ամուր բռնած սուրճի բաժակը մոտեցնելով շուրթերին` իբր պատահմամբ բաց էր թողնում այն: Բաժակն օդում պտտվելով ընկնում էր լողավազանի պռնկին, բեկորները լցվում լողավազանը: Կինը լեզուն դուրս էր քաշում հաճուքի միջից ու սուզվում սևացող ջրերի տակ: Նրա մտքերը նույնպես սևանում էին, փակում էր կոպերը, գլուխը հենում ինչ-որ փափուկ զանգվածի:
Առավոտյան նրանք կանգ են առնում։ Ավերակներից մեկում տեղավորում են սնունդն ու ջուրը, ապա երեկոյան` հովն ընկնելուն պես, վերցնելով անրաժեշտ գործիքները, սկսում քանդել քարակույտերի վերածված արբանյակ քաղաքն ու շինանյութը տեղավորել բեռնատարների թափքերում։ Տրակտորը րոպեների ընթացքում հողին է հավասարեցնում իրենց դիմագծերը դեռ պահպանել փորձող խարխուլ շինությունները։ Նրանք հետաքրքրությամբ նայում են, թե ինչպես են փլվում պատերը, թե ինչպես է փոշին բարձանում վեր։ Հանկարծ քանդվող շինությունից մի քանի տուն այն կողմ կրակոցի ձայն է լսվում, բոլորին թվում է` իրենց շրջապատում են։ Դանդաղ են շնչում՝ ցուցամատններն ավտոմատների ձգաններին։ Նրանցից ամեն մեկը ցանկանում է առաջինը կրակել թշնամուն։ Նորից է լսվում կրակոցի ձայն, ապա մի տղամարդ գոռում է, որ կրակել պետք չէ, ինքը հանձնվում է, դուրս է գալիս մյուս շինությունների համամեմատ բավականին լավ պահպանված տան ներսից, խնամքով ծածկում է դուռը, ձեռքերը բարձացնում վեր ու սկսում ժպտալ:
Նա ասում է, որ պարզապես ուզում էր վախեցնել. մտածել է, թե եկել են իր ոչխարներին գողանալու, նաև թղթեր է ցույց տալիս, թե իբր այս ողջ տարածքն իրեն է պատկանում, գնել է պետությունից և այստեղ խաղող է աճեցնում` սև, հյութեղ խաղող: Սեփականատերը կանգնածներից մեկին կանչում է իր տուն։ Նա քայլում է կիսալուսնաձև միջանցքով ու հայտնվում հյուրասենյակում: Տղամարդը նրան թեյ է հյուրասիրում։ Դաղձի տերևը դողդողում է թեյաջրի մակերեսին, ապա սուզվում`մի քանի վայրկյան մնալով բաժակի միջնամասում, տեղավորվում է հատակին` նմանվելով հոգեվարքի մեջ գտնվող աքվարիումային ձկնիկի: Նրանք զրուցում են։ Տղամարդն ուրիշ լավ բաներ էլ ունի, եթե գաղտնիք պահել գիտի ու մի քիչ էլ փող, կարող է բերել։ Նա գլխով է անում, ձեռքը մտցնում է փոշոտված շալվարի գրպանը, մի քանի թղթադրամ հանում, կանչում է դրսում կանգնածներից մեկին, ով ժպտալով ներս է մտնում, նույնպես թղթադրամ է տալիս տղամարդուն։ Ուրախ են, նայում են իրար, ժպտում։ Երկար ժամանակ է չէին զգացել մարմնի թեթևացումը, գիտակցության անվերջանալի տատանումները, փոքրիկ թափանցիկ բաժակների ներսում ազատության այնքան իրական խաբկանքը։ Նրանց չէր հետաքրքրում դրսում մնացածների անորոշությունը, նրանք այստեղ էին` ամայացած քաղաքի միակ բնակելի շինության հյուրասենյակում: Տան տիրոջ հետ ծխում էին, ծուխը դանդաղորեն բարձրանում էր վեր, ներծծվում պատի ճեղքերում, ու իրենց աչքերում պատը հոգի էր ստանում` սկսում օրորվել:
Ուրախ են, անասելի ուրախ, երկուսով փաթաթվել են իրար, գոռում են, տղամարդը որսորդական հրացանը ձեռքին պարում է նրանց կողքին, իսկ տրակտորը շարունակում է քանդել շրջակա տները։ Փոշին չմոռացվող հիշողության պես ներխուժում է բացված պատուհաներից ներս, մեկը սկսում է փռշտալ, նրանց ուրախությունն անսահման է, կարծես քանդել են ժամանակի պարիսպներն ու հայտնվել դրախտանման մի վայրում, իսկ տղամարդը պարում է, անդադար պարում, ապա մոտենալով պատշգամբին՝ նշան բռնում։ Դրսում մնացածներից մեկը պատշգամբից ընկնում է ցած։ Տրակտորը բարձրացնում է գլուխը, կարծես վիշապ լինի, որ նետվում է կուլ տալու հերոսին։ Տունը չորս կողմից կրակի տարափի տակ է, տարբեր տրամաչափի փամփուշտներն անցնում են իրար կողքով, ինչպես մեքենաները մեծ քաղաքի մայրուղիներով։ Իսկ ներսում գտնվողներն ուրախ են, քանզի վերջապես երկուսով կրակում են նույն ուղղությամբ և ունեն արդարացումը` պաշտպանել աստիճանաբար անհետացող ազատությունը: Տղամարդու պատռված ուղեղը պատշգամբից կաթում է լողավազանի պռնկին, տրակտորը, ծամելով փխրուն քարերը, մոտենում է նրանց, նայում են իրար, ապա գլուխը վեր բարձրացրած վիշապին, ում բերանից կրակը հոսում է իրենց ուղությամբ ու դիպչելով պատշգամբին՝ հալեցնում այն: Տան համարյա բոլոր պատերը քանդված են, սակայն նրանք դեռ շարունակում են դիմադրել ու կրակում են աջ ու ձախ, նրանք անասելի եռանդով պաշտպանվում են, աչքերում արյունը խտանում է, իսկ ականջները փակվում են ձայների առատությունից։ Վտանգից փախչող ութոտնուկի պես փոքրանում են, կծկվում, դառնում մի բուռ, փորձում խցկվել իրար վրա ընկած պատերի արանքները։ Մի պահ նրանց հայացքները հանդիպում են։ Ուրախ են, նայում են իրար, ծիծաղում, իսկ պատերը փլվում են, տրակտորը ետ ու առաջ է անում քարակույտերի վրայով ու գլուխը մեծ ուժով իջեցնում ցած։ Փոշու ամպը բարձրանում է վեր։ Շարժիչի աշխատանքը դադարում է։ Մի քանի րոպե ոչ մի ձայն չի լսվում: Մեկը մյուսին ծխախոտ է առաջարկում: Մթության մեջ երևում են գլանակների փոքրիկ կրակները որոնք ավելանալով շրջան են կազմում` մի պահ ընդգծելով դիմադրության տարածություը, հետո լռությունը, խառնվելով թանձր փոշու հետ, իջնում է քանդված շինությունների վրա: Նրանք շունչները պահած սպասում են, բայց այդպես էլ ոչինչ չի կատարվում, միայն մի ճանճ է հայտնվում ու կանգնում ճակատին ապա ցատկում շրթունքին: Նա կարող է հեշտությամբ ճզմել այդ կենդանուն, բայց ոչինչ չի անում, գուցե այն պատճառով, որ գիտակցում է` այդ կենդանու տզզոցը բառանման մի բան է, իսկ հիմա, երբ ոչինչ չի կատարվում,իրեն ամենից շատ հենց բառերն են հարկավոր կամ ինչ-որ մնացել է դրանցից, որ շարունակի կիսատ մնացած պատմությունը: Այդ հարցում ճանճերն ունեն իրենց առանձնահատուկ նշանակությունը` երկարացնել բառի հոգեվարքը. երևի հենց այդ պատճառով էլ նրանք իջնում են մարդկանց վրա, նրանց աչքերում բոլորը մեռած են, իսկ մեռածին միայն բառը կարող է արթնացնել, թեկուզ ձևական: Հարմարվելով միջատների հարձակմանը՝ մեջքը հենած ինչ -որ փափուկ բանի՝ նա ձեռնաշարժությամբ է զբաղվում, նրա ներսում անընդհատ կրկնվում է նույն տեսարանը. տանտիրոջ հետ խմում են, ապա խոտ ծխում, տանտերը նրան գաղտնի ելք է ցույց տալիս, որտեղով հարկ եղած դեպքում կարող է դուրս գալ ապահով վայր, մի պահ հյուրասենյակում երևում է պատշգամբի կինը `ամենայն հավանականությամբ տանտիրոջ կինը, հետո տանտիրոջ ուղեղը պայթում է, գուցե հաճույքից (չգիտի նրա թե իր), իսկ ինքը որոշում է կրակել, քանզի միայն այդ գործողության մեջ է տեսնում հաճույքը կրկնապատկելու հնարավորությունը: Նա մենակ է, թե երկուսով են, քանդվող քաղաքն է իր առջև, թե Ռոք համերգ է, ուր բոլորն աստիճանաբար հաճույքին են մոտենում, իսկ ո՞վ կարող է մեղադրել իրեն, որ ուզում է գերազանցել հաճույքը, անցնել սահմանն ու հայտնվելով ականապատ դաշտում՝ վազել փլատակների միջով այնքան, մինչև մարմինը կտրվի գետնից, չէ որ ինքն ամեն պահ կարող է օգտվել գաղտնի ելքից` հայտնվելով անորոշության մեջ: Դրա համար պետք է միայն մի փոքր առաջանալ, բացել հյուրասենյակի դուռն ու քայլել ձախ կամ աջ. հստակ չի հիշում, բայց դժվար չէ, կարելի է երկու տարբերակն էլ փորձել. ոչ ոք իր վրա ժամանակ չի դրել,ինքն այս շինության ներսում կարող է իրեն թույլ տալ՝ ինչ մտքով անցնում է: Ամեն բան հնարավոր է, մինչև վերջ գնացողի համար, մանավանդ, երբ վերջն իրենից է սկսվում: Պատշգամբի կինը ապուր է բերում, երկար զրուցում են կատարվածի մասին, կինը ցրված տեսք ունի, մատների ծայրով խաղում է սուրճի բաժակի հետ, մյուս ձեռքը մսոտ ազդրին է հենում, կրծքերը ուռչում են, նա նկատում է դռան ճեղքից իրենց նայող տղամարդուն, հետո կնոջ ձեռքում բաժակը պայթում է: Փախչում են,խցկվում մարդկանց խմբի մեջ:Իրոք որ համերգ է: Թռչկոտում են, գոռում ինչքան ուժ ունեն, շարժում են մարմինները,քսվում իրար, մի պահ երևում է տրակտորը`զարդարված զանազան լույսերով, բեմի վրա նորից երևում է տղամարդը, նրան արագ հեռացնում են այդտեղից, իսկ նա հայհոյում է ու սկսում կրակել, հետո մի քանիսը նյունպես միանում են նրան,մեկը խցկվելով մարդկանց խմբի մեջ՝ պայթում է,բոլորը խուճապից վազում են (վազում են կամ պարում)։ Գլուխն աջ ու ձախ է անում, թռչկոտում, զգում է, որ ներսում քանդվում է կուտակված ծանրությունն ու փլատակները ծածկում են գոյությունը, հյուրանոցի պատուհանից նայում է ցած, նշան բռնում, ինքն էլ չգիտի`ում պետք է կրակի: Նա համոզված է ` ցանկացած կրակվող արժանի է կրակոցի. հիշում է, որ մի դադաիստ, երբ որոշում է թմրանյութի մահացու չափաբաժին ընդունել, իր հյուրանոցի համար է հրավիրում ընկերոջն ու առանց տեղյակ պահելու՝ նրան նույնպես մահացու չափաբաժին հյուրասիրում, երկուսն էլ մեռնում են: Համոզված է, որ ներքևում բոլոր հավաքվածներն էլ իր ընկերներն են, և բոլորը պատրաստ են իր հետ կիսելու կրակոցը: Նա դանդաղ քայլերով դուրս է գալիս պատշգամբ, ատամներով բռնում վերևի շրթունքը, աչքերը բարձացնում վեր, մի քանի աստղ հաշվում , խորը շունչ քաշում,փոքր ընդմիջումներով բաց թողնում, ապա փամփուշտները սլանում են հոգնած զույգի ուղղությամբ, որոնք չեն հասցնում որոշել, թե ինչքան գումար է պետք երեխա ունենալու համար, ապա մի բուսակեր պառավ է փռվում մայթին, ում բերանից դուրս թափված արնախառն ոսպի հատիկները մոտակայքում թռչող ճնճղուկներին իջեցնում են ցած, կնոջ կողքին է պառկում մի երիտասարդ, որը այդպես էլ չի հասկանա, թե ինչու էին իրեն միայն պառավները գրգռում, պայթում է նաև տղամարդու գանգը, որը հոգեվարքի մեջ վերջապես համակերպվում է կնոջ դավաճանությանը, փռվում են գետնին բոլորն, որոնք այս կամ այն կերպ փորձում էին լքել համերգը, իսկ ես, այսինքն նա կամ ինքը, գիտակցելով որ առանձնապես ոչինչ չի կատարվում, ու բարձրացող քամին արդեն քշել է բոլոր ճանճերին՝ դանդաղ քարշ գալով վերադառնում ենք հյուրասենյակ` չկողմնորոշվելով աջուձախի հարցում գլուխներս դնում ինչ -որ փափուկ բանի, զանգում մի քանի տեղ ու սպասում մեր ընկերների գալուն։