Ես անզոր եմ սիրել խաղաղությունը հրապարակի
և ռուսախոս լուսինը հողոտ պատանդի գլխավերևում,
Ես անզոր եմ սիրել հացն հանապազօր և ջուրը ,
Որով լվաց Պիղատոսն իր ձեռքերը ,
Ես անզոր եմ սիրել դիակները քայլող՝ կենդանի շիրիմների կողքով,
Փտա՜ծ, փտած արշալույսին
Խառնված ծխախոտի նիկոտինը ,
և օդը քրտինքոդ ու հրճվախեղդ,
Ես անզոր եմ սիրել պատուհանդ, Տուն,
Որի լույսը մարել են ու հեռացել,
և՛ աղաղակը կարմիր …
և՛ լռությունը սպիտակ…
Ես ատում եմ սերը, որ մտածված էր աշխարհը փրկելու,
և օրհնում վրեժը,
որ կործանելու է ատումն իմ սրբազան…
Անզոր եմ,
անզոր եմ սիրել ապամոնտաժված հայրենիքն ու *《գյալմաներին》,
Որ երբևէ Հայրենիք ու Հայ էին…
Չներեք ինձ երբեք…
Ես անզոր եղա սիրել
Դեր Զորը՝ աշնան ճակատին ճաքած
և հանձնված անկախությունը՝
անկախության տոնին։
21.09.2023
*Գյալմա֊ ֊ եկվոր(թրք.)այսպես են անվանում Խորհրդային Ադրբեջանից գաղթած հայերին Վարդենիսի տարածաշրջանում։ Անվանումն իր մեջ ներառում փոքր֊֊ինչ բացասական նրբերանգ։