Ես այլևս քեզ չեմ լսում։
Թե՞ դու ինձ չես լսում:
Բղավում եմ,
Ուզում եմ լինել լսելի,
Ուզում եմ լսես ու ասես, որ լսում ես,
Որ գիտես` կամ,
Որ գիտես, զգում ես իմ գոյությունը,
Որ դեռ հիշում ես իմ բոլոր թերությունները,
Որ դեռ զգում ես գլխիս հոգնությունը։
Ինքս ինձ էլ չեմ լսում։
Հավատում եմ միայն։
Հավատում եմ, որ ձայնիս վերջին ալիքը կհասնի քեզ, կհիշեցնի իմ մեռնելու անհագ ցանկությունը։
Ծարավը էլ չեմ զգում։
Ոտքերս մի պահ դառնում են թիեր,
Մեծ ու խորտակվող նավի, որի ծավալները քեզ ու ինձ թվում են անհաշվելի։
Ես վարում եմ թիերով դեպի քեզ.
Վայրկյան առ վայրկյան,
Քայլ առ քայլ,
Կաթիլ առ կաթիլ,
Կաթիլ առ կաթիլ:
Ծովը չունի եզրեր արդեն,
Ես դեռ լողում եմ,
Դու ջրի տակ ես,
Պղպջակի մեջ փրկված, պարփակված,
Ու ուզում եմ իմանալ, որ դեռ հիշում ես ինձ,
Որ դեռ գիտես իմ թերությունների մասին
Ու դեռ տեսնում ես գլխիս հոգնությունը։
Մտքի ու հոսքի հավատքին նվիրյալ եմ ու հպվում եմ քեզ,
Դիֆուզվում, լոճվում, դեֆորմացվում ու խորտակվում
Ծովի կամ քո մեջ։
Սահման չկա,
Չկաս դու,
Չկամ ես,
Աջ ու ձախ անավարտ ու մուգ կապույտ, արյունատար ծով։
Հպվում եմ նորից,
Ուզում եմ, որ զգաս։ Իմանաս։
Չմոռանաս մատներիս ծանրությունը,
Վնաս տալուս անհարմար սովորությունը,
Ու գլխիս հանգստությունը։
Վերջ. չկաս,
Չկա նավ,
Անվերջ հատակ,
Արյունատար,
Դեպի ներքև։
Դեռ կա ժամանակ։
Վատնում եմ
Վայրկյան առ վայրկյան,
Քայլ առ քայլ,
Կաթիլ առ կաթիլ,
Կաթիլ առ կաթիլ,
Վատնելով քեզ ու ծովը։
Փորձելու իմաստ գուցե էլ չկա,
Բայց ես դեռ կամ։
Ինչ֊որ մեկն ինձ դեռ հիշում է։
Դեռ հատակը չի երևում, բայց գիտեմ, որ կա,
Գիտեմ իր բոլոր թերությունները,
Ու իր հոգնությունը իմ գլխից։
Սառույցը լցվեց կոկորդս,
Երակներս լցվեցին անավարտ արյան ծովով,
Ես տեսնում եմ քեզ,
Ես գիտեմ, որ դու կաս,
Դու կաս, ուրեմն կամ և ես։