Մարինե Պետրոսյան | Ես չեմ ուզում վազեմ

 

Լուսանկարը՝ Մարկո Սանգերի

 

ՆԿԱՐԵՑԻ ՓՈՂՈՑ

նկարեցի փողոց
ու փողոցով քայլում էին մարդիկ

ուզեցի անձրև գար
անձրև եկավ

մարդիկ մտան սրճարանը
որ մի րոպե առաջ չկար
իսկ հիմա կա

սուրճ կա
գինի կա
ու ոչ ոք փող չի ուզում դրանց համար

բոլորը խոսում են
կամ լսում

ես էլ եմ լսում
նստել եմ մի անկյունում ու լսում եմ

 

 

ՋՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ

լեզուն ոնց որ մեծ գետ լինի
երբ խորքերում ես
ոչ մի ափը չես տեսնում
երեկ բանաստեղծությունս
թարգմանում էի անգլերենի
հանկարծ ափը տեսա
անգլերենի ափը
հետո հայերենի ափը տեսա
սիրտս խփում էր ահավոր
զգում էի՝ բան ա պատահելու
ու հանկարծ ծովերը տեսա վերևից
նախ մի ծովը
հետո մյուսը
հետո ծովերը միացան իրար
արդեն ափ չկար
ջրեր էին համատարած
և ջրերի վրայով
ինձ էր մոտենում բառը
առաջին

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

շատ տարիներ առաջ
երբ որ պուճուր էի
դպրոցի ճանապարհին
հիշում եմ մտածում էի
եթե ռիսկ անեմ
եթե հասցնեմ
հերթով ծեծեմ
բոլոր դռները
հերթով մտնեմ
բոլոր տները
անպայման կգտնեմ նրանց
ում հետ կկարողանայինք խոսել
ամենակարևորի մասին

հիմա մեծ եմ արդեն
էլ դպրոց չեմ գնում
ու հասկացել եմ որ
չէ չեմ հասցնի
քիչ ա ժամանակը
ուրիշ ձև ա պետք մտածել
գտնելու նրանց
ում հետ կկարողանայինք խոսել
ամենակարևորի մասին

 

 

ԹՌՉՈՒՆ ԿԱՐ ԾԱՌԻ ՎՐԱ

անձրև էր եկել
ու թաց էր ծառը
թռչուն կար ծառի վրա
ու խոսում էր
խոսում էր թռչունը
լսեցի ինչ էր ասում
հետո թռավ գնաց
չգիտեմ ուր ա հիմա
որ պատմեմ ինչ էր ասում
ինձ չեք հավատա

 

 

ԱՌԱՆՑ ՄԱՀՎԱՆ

տարիներ
տարիներ հետո
երբ որ ես
արդեն վաղուց
չեմ լինի
մարդը կսովորի
չմահանալ

ու էդ արդեն
լրիվ ուրիշ
մարդ կլինի
ու կյանքը կդառնա
լրիվ ուրիշ

ափսոս
ես չեմ տեսնի
էդ մարդուն
ու կյանքը
առանց մահվան

իսկ դու
որ կարդում ես
էս տողերը
գուցե
տեսնես

 

ՍԵՎ ԴԱՐՁԱՆ ՋՐԵՐԸ

ինչո՞ւ ծարավ մնացիր
էսքան ջուր կար
էսքան բաժակ կար
պարզեիր ձեռքդ
խմեիր ջուրը
բայց չկարողացար դու
քարացավ քո ձեռքը
էս պայծառ արևի տակ
սև դարձան ջրերը
անհնար դարձավ կյանքը
քո համար

 

 

ԼՐԻՎ ՈՒՐԻՇ

կամաց հոսում ա գետը
ափին կանգնած եմ ես
արդեն հասկացել եմ հաստատ
թե ինչ պետք ա անեմ
ու տխուր եմ մի տեսակ շատ
ոչ թե որովհետև չգիտեմ
կկարողանամ թե չէ
այլ որովհետև ուրիշ ա լրիվ ամեն ինչ
ոչ թե մենակ գետն ա ուրիշ
ոչ թե մենակ ձայներն են ուրիշ
այլ ես եմ լրիվ ուրիշ
արդեն

 

ԿԱՄԱՑ ՄԻ ՔԻՉ ԿԱՄԱՑ

ախ էս ինչ շքեղ դեկտեմբեր ա
ձյունի նման շքեղ
արևի նման շքեղ
քո հին երազանքի նման շքեղ

հիշո՞ւմ ես էն աղջկան
էն որ պուճուր էր ու համառ
էն որ կանգնած էր դռան հետև
հսկա դռան հետև
և ուզում էր բացեր դուռը
բայց ձեռքը չէր հասնում բռնակին
պուճուրիկ ձեռքը չէր հասնում բռնակին

էս ա էդ դուռը
դիմացդ ա
ձեռքդ մեկնես կբացվի
բայց դու մի՛ շտապի
կամաց մի քիչ կամաց
արդեն պուճուր չես դու
արդեն վաղուց պուճուր չես
ու կարողա չդիմանա սիրտդ
երբ որ դուռը վերջապես բացվի
և երազանքդ
ձյունի նման շքեղ
արևի նման շքեղ
կանգնի քո դիմաց

 

ԹՈՂ ՉԽԱՆԳԱՐԻ

ովքեր կորան չեն վերադառնա արդեն
էլ երբեք չի լինի ինչը կարող էր լինել
բայց լույսը նորից բացվելու ա վաղը
և ուրիշ մարդիկ են գալու
նոր մարդիկ են գալու
թող տխրությունը կորցրածիդ համար
թող տխրությունը նրանց համար որ հեռացան անդարձ
չխանգարի սիրել
նրանց որ գալիս են
նրանց որ նոր են գալիս

 

 

ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՎԱԶԵՄ

Բոլորն էնքան արագ են քայլում
համարյա վազում են
բայց ես չեմ ուզում վազեմ
ուզում եմ նստեմ էս նստարանին ու հիշեմ
հիշեմ մենք ինչ էինք ուզում
ամենասկզբում
երբ որ հավատում էինք
ես հիմա էլ եմ հավատում

 

 

ԵՐԿՈՒՍԸ ՄԻԱՍԻՆ

ես էս քաղաքում եմ ծնվել
լիքը մարդ կար
ապրում էինք միասին
հիմա չկան

ընդհանրապես չկան
կամ էլ թողել գնացել են
ուրիշ երկիր

փոխարենը
նորերն են եկել
նոր ծնվածները
կամ հեռու երկրներից եկածները
նորից
ապրում ենք միասին

տներն էլ են մարդկանց նման
Արաբկիրում
որտեղ ես ծնվել ու ապրում եմ
հին տների մի մասը չկա արդեն
մի մասը կա բայց դատարկվել ու վաղը չի լինի
փոխարենը լիքը նոր շենքեր են բարձրանում

ու ես մտածում եմ
քաղաքը ի՞նչն ա
ի՞նչն ա որ էսքան քանդվել սարքվելու
հեռանալ մնալու
մեռնել ծնվելու մեջ նույնն ա մնում ու չի մեռնում

գուցե հենց էդ ա քաղաքը
էդ քանդում սարքումը
ծնվել մեռնելը
հեռանալ ու գալը

և էն զգացողությունը
որ դու
թե հեռացողն ես թե նոր եկողը
թե քանդվողը թե դրա տեղում սարքվողը

երկուսը միասին

 

ՄԱՐԻՆԵ Ի՞ՆՉ Ա ԼԻՆԵԼՈՒ

էս իմ քաղաքն ա
ստեղ լիքը մարդ ինձ ծանոթ ա
անգամ ոչ ծանոթները
մեկ ա ինձ ճանաչում են
փողոցում կանգնացնում սկսում են հարցեր տալ
հարցնում են՝ ի՞նչ ա լինելու
Մարինե ի՞նչ ա լինելու
մի քիչ առաջ Փափազյան փողոցի վրա
անձրևի տակ
մի կին ինձ էդ հարցը նորից տվեց
ու ես հանկարծ քարացա
ինձ թվաց մամաս ա
ինձ թվաց մամաս կենդանացել ա
տխուր կանգնել ա անձրևի տակ
ու չի հարցնում՝ ո՞նց ա Նարոն
չի հարցնում՝ ո՞նց ա պապան
հարցնում ա՝ ի՞նչ ա լինելու
Մարինե ի՞նչ ա լինելու
ու ես չիմացա ինչ ասեմ
ու ես լաց եղա

 

 

ՉՀԱՍՑՐԻՆՔ

քո մայրը մահացել էր
երբ որ դու հինգ
տարեկան էիր
դու մորդ
համարյա չէիր տեսել
մամա
դու մահացար
երբ որ ես արդեն
լրիվ մեծ էի
բայց մեկ ա
մենք չհասցրինք
խոսել
դու լուռ էիր
դու ինչո՞ւ էիր միշտ լուռ
մամա
ես մենակ էի
երբ որ փոքր էի
ես լրիվ մենակ էի
ես ինքս իմ հետ էի
խոսում

 

ՔԱՄԻՆԵՐԸ

մամաս
միշտ ինձանից մեծ էր
25 տարով
ու քանի որ
ինքը միշտ ինձանից մեծ էր
ես կարծում էի
էդ ինքը պետք ա ինձ գրկի
ու պաշտպանի քամուց
հետո
երբ որ կարգին մեծացա
հասկացա որ քամիները
նաև մեծերին են խփում
բայց ուշ էր արդեն
մամաս չկար
ու մենք երբեք
արդեն երբեք
չենք լինի ընկերներ

 

 

ՄԻԱՍԻՆ, ՏԱՍ ՏԱՐԵԿԱՆ

հենց նոր
մի տեսանյութ նայեցի
գիտության
հեռանկարների մասին
ասում ա
շուտով
երևի
մարդիկ չեն ծերանա
ու ոչ միայն
մարդիկ չեն ծերանա
այլ նաև
չի բացառվում
կարողանան հետ շրջել տարիքը
ախ ափսոս
մամաս չկա
մենք միասին
կպուճուրանայինք
միասին կդառնայինք
տաս տարեկան
և իրար ձեռք ամուր բռնած
կքայլեինք Արաբկիրի
քամոտ
փողոցներով

 

 

ՀՈՂ ՈՒ ՋՈՒՐ

գնացել էի Աշոցք
հյուսիսային Հայաստան
որտեղ հայրս ա ծնվել
ու մի երկու տարի ապրել
Երևան գալուց առաջ

նկարեցի դաշտեր
ձիեր
երեխաներ
ծերուկներ նկարեցի
սագեր
ցուլեր

ցերեկները շոգ էր
իրիկունները ցուրտ
մարդիկ քիչ էին
ձիերը շատ

կյանքը դժվար էր
արևը պայծառ
իսկ ջուրը սառը

ջուրը գալիս էր
հողի տակից

հիմա հետ եմ եկել
Երևան
ու մի տեսակ
փոխվել եմ ես

սուտ կլինի
եթե ասեմ
չգիտեի

բայց ուրիշ ա երբ որ
աչքովդ ես տեսնում

ջուրը գալիս ա
հողի տակից

 

 

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ՈՒՐԻՇ ՔԱՂԱՔ ԷՐ ԵՐԵՎՈՒՄ

գետ էր
տուն էր գետի ափին
իմ տունն էր
պատուհանից ուրիշ քաղաք էր երևում
ուրիշ Երևան էր
շենքերն էին ուրիշ
խտությունն էր ուրիշ
մենակ Արարատից էր հասկացվում որ Երևանն ա
Արարատը նույնն էր
ճիշտ նույնը
չնայած մի քանի դար էր անցել ոնց որ

 

 

ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ

իմ տունը
ձորափին ա
բարձր տեղ

մի պատուհանը նայում ա
քաղաքին
մի պատուհանը նայում ա
ձորին
ու մի հատ էլ
հետևից դուռ ունի
որով մեկ մեկ
առանց զգուշացնելու
ներս ա գալիս
Եղիշը

էրեկ իրիկուն էլ եկավ
քթի տակ ինչ-որ բան երգելով դուռը բացեց
գնաց նստեց
իրա սիրած բազկաթոռին
ու հարցրեց
ինչ կա չկա

հեչ—ասեցի
—բան էլ չկա
խմբապետ Շավարշն էր
քեզ բարևում

մեկ էլ Չարենցը
նետի պես տեղից վեր սլացավ
—հիմար կատակ ես անում—
ասեց ու
դուռը շրխկացնելով
գնաց

բայց ես կատակ չէի անում
ճիշտ էի ասում

չհավատաց

 

 

1 + 1 = 25

մարդը
դպրոցում սովորում ա
թվերը ոնց են
գումարում իրար
թվերը ոնց են
բազմապատկում իրար
թվերը ոնց են
հանում իրարից

մարդը
դպրոցում սովորում ա
պատմություն

հետո
մարդը մեծանում ա
ու հենց որ
ամենակարևոր պահը
գալիս ա
և մարդը
ուզում ա ստանա
ասենք
քսանհինգ

ինքը հավատում ա
որ կստանա էդ քսանհինգը
եթե շատ ուզենա
եթե շատ շատ ուզենա
հա, կստանա
անգամ եթե ունեցածը
մեկ ա ու մի հատ էլ մեկ

1 + 1 = 25
1 x 1 = 25

և պատմությունը
կրկնվում ա

 

 

ԻՆՔԸ ՄԱՐՄՆԱԿԱՆ Ա

մենք բոլորս
ամենասկզբում
նույն մամայից ենք ծնվել

հետո ենք դառել
ամեն մեկս մի գույն
ամեն մեկս մի կողմ
մեկս հարուստ մեկս չէ

պապայի հարցն ա մի քիչ բարդ
լիքը մարդ կարծում ա
թե պապան ինչ-որ տեղ երկինքներում ա
բայց ավելի լավ ա էդ թեմայով չվիճենք
կենտրոնանանք նրա վրա ինչ հաստատ գիտենք

իսկ հաստատն էն ա
որ մենք նույն մամայից ենք ծնվել
ինքը մարմնական ա
մենք իրա մարմնից ենք դուրս եկել

ու ես էնքան կուզեի
որ մի օր
բոլորով միասին
հավաքվեինք մի տեղ
ասենք հյուսիսային բևեռում
կամ հարավային բևեռում
հիշելու մեր մամային
որը ծնվեց անհիշելի մի օր
չես հասկանում ոնց
որ հետո
մենք բոլորս
իրանից ծնվեինք

 

 

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆԱԿ

ինչքան մարդ կա
էս արևի տակ
հիմա
էս պահին
առանձին
մենակ
ու պարտված։

բայց ինչո՞ւ մենակ
երբ որ էսքան մեքենաներ կան
էսքան գնացքներ կան
ու էսքան նավեր։

եթե բոլոր առանձինները
գտնեին իրար
և մնալով առանձին
չլինեին մենակ
աշխարհը լրիվ ուրիշ կլիներ
հիմա

 

 

ԱՆՊԱՇՏՊԱՆ

էս ինչքան քաղաքներ կան էս արևի տակ
ու բոլորում լիքը մարդ կա
միլիոններով մարդ
բայց երբ մեծ փորձանքը դուրս ա գալիս դիմացդ
դու մնում ես մենակ
լրիվ մենակ
ու միլիոնավոր մարդիկ քեզ չեն կարող օգնել
որովհետև իրանք էլ են մենակ
լրիվ մենակ
չնայած դարերով քաղաքներ էին սարքում
քաղաքներ էին սարքում
որ անպաշտպան չլինեն

 

 

ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ

առաջ թագավորներ կային
հրեշտակներ կային
թնդանոթներ կային
հետո հեղափոխականներ կային
որ կտրում էին գլուխը թագավորների
հիմա ոչ թագավորներ կան
ոչ հեղափոխականներ
մենակ Մուհամեդ մարգարեի հետևորդներն են
հրապարակում կանգնած
սուրը ձեռքներին
իսկ մնացած աշխարհը նայում ա
ու թարթում աչքերը

 

 

ՏՐՈՑԿԻՆ ՈՒ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ

կարող ա Տրոցկին ճիշտ էր
և կոմունիզմ կառուցելու համար
համաշխարհային
հեղափոխություն էր պետք

վիզա պետք չէր լինի
երբ տխուր լինեի
ուղղակի տոմս կառնեի
կթռնեի ասենք Նյու Յորք

ինքնաթիռի տոմսն էլ
սիմվոլիկ գին կունենար
ոնց որ տրամվայի տոմսը
սովետական Երևանում

չնայած դժվարանում եմ
պատկերացնել
Նյու Յորքը
էդ ժամանակներում երբ որ
փողը զուտ սիվոլիկ
բան կլինի

Տրոցկին չտեսավ
ես էլ չեմ տեսնի
իսկ այ դու
ով գիտի
մեկ էլ ու տեսար
իմ սիրելի ընթերցող
ապագա

 

 

ԵՍ ՀԱՑԹՈՒԽ ՉԵՄ

ես հացթուխ չեմ
դասատու չեմ
նախարար չեմ
ու ոչ էլ ոստիկան

ես մայրիկ չեմ
ուրեմն երբեք չեմ լինի
տատիկ

ես աշխատավարձ չեմ ստանում
և հարկ չեմ վճարում
պետությանը

ես դպրոց գնացել եմ
և դեռ դպրոցից
որոշել եմ որ
ես հացթուխ չեմ դառնալու
դասատու չեմ դառնալու
նախարար չեմ դառնալու
ու ոչ էլ ոստիկան

ես դեռ դպրոցից
որոշել եմ
ինչ եմ դառնալու
բայց չեմ ասի
որովհետև
դեռ չեմ դառել

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *