Հոգնած դուրս եկա աշխատանքից ու քայլեցի դեպի կանգառ: Յոթանասունյոթ համարի երթուղայինն ու քառասունչորս համարի ավտոբուսը միաժամանակ հայտնվեցին, նստեցի ավտոբուսը, քանի որ ազատ տեղեր կային: Ավելի լավ է նստած հասնել տուն մեկ ժամում, քան չոքած կամ կռացած քսանհինգ րոպեում: Ուրախացած տեղավորվեցի լուսամուտի կողքի առանձին աթոռին ու ապակին մինչև վերջ հետ քաշեցի: Երանելի բան է, երբ նստած ես գնում, այն էլ՝ առանձին աթոռին, այն էլ՝ լուսամուտի մոտ: Դա հավասարազոր է ինքնաթիռի բիզնես դասի նստատեղերին:
Սակայն հրճվանքս կարճ տևեց: Ինչպես հաճախ է պատահում, այսօր էլ Շահումյանի դպրոցի կողքի կանգառից մարդկանց ահռելի հոսք ներխուժեց ավտոբուս: Սկզբում նստեցին բոլոր ազատ նստարաններին, հետո զբաղեցրին կանգնելու տեղերը, հետո սկսեցին բոլորը սեղմվել, փոքրանալ, հենվել կամ պառկել միմյանց վրա: Իսկ վարորդն անընդհատ շրջվում էր և այնպես նայում, կարծես ավտոբուսը դատարկ էր: Նրա հայացքից շշմած՝ շուրջս եմ նայում. Միթե՞ այս մարդիկ թափանցիկ են վարորդի համար:
Կուչ եմ եկել դեպի բաց լուսամուտն ու խորը շունչ եմ քաշում, որ չկորցնեմ գիտակցությունս և իրականության զգացումը: Հետո գլուխս հանեցի լուսամուտից, զգալով, որ գլխիս համար տեղ չկա, և եթե այն ավտոբուսից դուրս լինի, բավականին տեղ կազատվի: Պրոսպեկտով քայլող մի քանի աղջիկ դուրս հանած գլուխս տեսնելով սկսեցին հռհռալ.
-Ի՞նչ մի ծիծաղելի բան է, կարծես դուք իմ վիճակում չեք եղել,-նեղսրտած մտածեցի ես:
Հանկարծ ավտոբուսի մեռելային լռությունն ընդհատվեց, և իրարանցում սկսվեց: Փորձեցի գլուխս ներս բերել, որ հասկանամ՝ ի՞նչ է կատարվում, բայց ներս բերելու տեղ չկա: Իմ գլխի տեղն արդեն զբաղված է: Վարորդը բարձրացրել է ռադիոընդունիչի ձայնը, ու բոլորը մեկնաբանում են լուրերի թողարկումը:
-Կոկոզյանը տեղը դրեց Խժդժյանին:
-Խժդժյանին տեղը դնողը դեռ չի ծնվել:
-Խժդժյան մի ասա, աղբ ասա:
-Ո՛չ Խժդժյանն է մարդ, Ո՛չ Կոկոզյանը, ես Պնկլյանին եմ հավատում:
-Գիտե՞ս՝ ինչ գեղեցկուհի կին ունի Կոկոզյանը:
-Բա երեխեքը, աղջիկը Անգլիայում է սովորել, տղան՝ Փարիզում:
-Բայց էդ գեղեցկուհի կինը լավ էլ դավաճանում է Կոկոզյանին:
-Խժդժյանն է տարածում էդ ստերը: Ես նկարները տեսել եմ, իրար էնքան սիրով էին նայում:
-Ես էլ տեսա Կոկոզյանի ու կնոջ գրկախառնված նկարները:
-Բա, Պնկլյանը, Պնկլյանը, տեսնենս՝ ինչի՞ չի ամուսնանանում:
Մի կին, որ համարյա պառկել էր ինձ վրա, և նրա կրծքերից մեկը գրավել էր իմ գլխի տեղը, բղավեց ամբողջ կոկորդով:
-Ձայններդ կտրեք, ժամը յոթի լուրերը չեմ լսել:
Գոռգոռոցն անմիջապես դադարեց: Բայց բոլորին լռեցնելուց հետո տիկինը սկսեց բղավել:
-Թե ասա, դու ինչ քաղաքական գործիչ ես, գիտեի, որ սրանից բան դուրս չի գա:
Ձախ ականջս սկսեց նվվալ: Տիկինն այնքան արագ է անցում կատարում մի մտքից մյուսին, որ չեմ կարողանում որսալ մտքի թելը, միայն տպավորվում են առանձին բառեր՝ Կոկոզյան, Պնկլյան, Խժդժյան: Հետզհետե ոգևորվելով՝ սկսում է ավելի բարձր գոռալ: Նրա կուրծքը, որ իմ գլխի տեղն է զբաղեցրել, վեր ու վար է անում և փակում ձախ աչքիս տեսադաշտը, որով ես հետևում էի ավտոբուսի ներսում կատարվող իրադարձություններին:
Տիկնոջը հանդարտեցնելու համար, ուզում եմ փոխել զրույցի թեման, գլուխս մի փոքր ներս եմ բերում ու ժպտալով ասում.
-Շուտով նոր ավտոբուսները տեղ կհանեն, էլ ստիպված չենք լինի այսպես տանջվելով երթևեկել: (Եվ ուզում եմ հասկացնել, որ տանջվում եմ նրա մարմնի ծանրության տակ):
Ձախ աչքով ծիկրակում եմ, որ տեսնեմ՝ ի՞նչ ազդեցություն թողեց իմ հայտնած լուրը:
Բոլորը տարակուսած ինձ նայեցին, իսկ տիկինը զայրացավ, որ իրեն ընդհատել եմ և ավելի մեծ եռանդով սկսեց գոռալ:
-Օգնականը դավաճան է, Պնկլյանի մարդկանցից է:
Ես նույնպես զայրացա իմ կողմն ուղղված արհամարհական հայացքներից և որոշեցի ցույց տալ, թե ո՞վ է իրականում ավտոբուսում խելացի մարդը:
-Եթե ձեր անըդնմեջ խոսելը գոնե մի օգուտ տար, դեռ կհասկանայի: Բայց ամեն ինչ միայն դեպի վատն է գնում, երբ բոլորդ քաղաքականոթյան մեջ եք: Ինչ-որ լավ բան եղե՞լ է ձեր այդքան խոսելուց, ինչ-որ բան փոխե՞լ եք: Իհարկե ոչ: Բա ինչու՞ եք ամեն օր նույն ոգևորությամբ քննարկում, կարծես ինչ-որ առասպելական նվաճումների եք հասել: Եվ սպասում եք հաջորդ նվաճմանը:
-Էս անտեղյակ ապուշն ո՞վ է,-ճչաց մի շիկահեր կին և նետվեց իմ կողմը: Բայց իմ ու նրա արանքում բազմաթիվ գլուխներ, ձեռքեր և տոպրակներ կային: Եվ նա չկարողացավ ինձ մոտենալ: Շիկահեր տիկնոջ վրայից քրտինքի սարսափելի հոտ փչեց ու ես շանթահար տեղիցս ցատկեցի: Սակայն իսկույն վեր ընկա, քանի որ բարձրանալու տեղ չկար:
-Եկեք խոսենք նրանից, ինչ հնարավոր է փոխել: Եթե այս ավտբոուսում քրտինքի ու կոշիկների տհաճ հոտեր չլինեին, ես ինձ ավելի երջանիկ կզգայի: Բայց դա ձեզ չի անհանգստացնում, ձեզ համար հետաքրքիր են միայն Ցոգոլյանենք:
-Հիմար, Ցոգոլյան չէ, Կոկոզյան է,-արհամարհական ասաց մի տղամարդ:
Տարբեր կողմերից սկսեցին գոչել.
-Վարորդ, կանգնեցրու ավտոբուսդ:
Բայց վարորդը սեղմեց ոտնակին ու սկսկեց սլանալ սարսափելի մեծ արագությամբ: Հասկանալով, որ ուզոմ են ավտուբուսից ինձ շուտ իջեցնել, և ես կարող եմ չվճարել նրան հարյուր դրամը, սկսկեց մեքենան թռցնել Երևանի խցանված փողոցներով: Մենք խփվում էինք իրար, ավտոբուսի դռներին, ապակիներին: Սարսափից գլուխս ներս բերի, որ չփշրվի այլ մեքենաների հետ բախումից:
Կինոերևանի հարակից կանգառում ավտոբուսը կանգնեց: Շունչս պահած սպասում եմ, որ իջնողներ լինեն, և շնչելու թթվածին հայտնվի, բայց նորից մեծ հոսքով մարդիկ լցվեցին ներս:
-Միթե՞ բոլորը Բանգլադեշ են գնում,-հուսահատված շշնջացի ես:
Ինձ վրա կիսապառկած տիկինը, որ մի քանի վայրկյան մոռացել էր իմ գոյության մասին, նկատեց ինձ ու ատելությամբ նայեց : Ձգվեց դեպի պատուհանն ու փակեց՝ միաժամանակ հարվածելով գլխիս: Ցավից ճչացի ու երկու ձեռքով բռնեցի գլուխս: Նա անտարբեր այլ կողմ էր նայում, իբր չէր հասկացել, որ հարվածել է գլխիս: Մի կերպ խեղդում եմ արցուքններս, որ այտերիցս չթափվեն ցած: Մտքումս ճառ եմ նախապատարաստում, որ վեր կենամ ու ասեմ: Պետք է այս բթամիտներին ցուց տամ, թե մեզնից ո՞վ է իրականում խելացին: Չեմ հանձնվի: Ամեն օր նույնն է: Հենց հիմա ոտքի կկանգնեմ ու կասեմ, թե ինչքան ծիծաղելի ու ողորմելի են նրանք: Ճառս նախապատրաստում եմ մեծ ոգևորությամբ: Ազդեցիկ և նվաստացնող բառեր եմ մտածում հակառակորդներիս համար: Մի քանի րոպե անց զգացի, որ պատրաստ եմ կանգնելու և նրանց ոչնչացնելու: Սպասում եմ, որ գոռգոռոցը փոքր-ինչ հանդարտվի ու ես սկսեմ: Բայց գնալով աղմուկն ավելի է սաստկանում: Ավտոբուսում բաժանվել են Կոկոզյանի, Խժդժյանի, Պնկլյանի կողմնակիցների և շնչասպառ, կատաղի շարժումներով անպատվում են միմյանց: Երբ հասանք Կինոհայրենիքի կանգառի մոտ, մի տղամարդ գոչեց.
-Կոկոզյանը դավաճան համբալ է,-ու թռավ ավտոբուսից ցած:
Կոկոզյանի կողմնակիցները նետվեցին նրա կողմը, բայց տղամարդն արդեն հպարտ-հպարտ քայլում էր մայթով:
-Շանսատակ արեք դրան,-նորից բղավեց ինձ վրա կիսապառկած տիկինը:
Տիկնոջ մոլեգին ձայնը կրկնապատկեց իմ զայրույթը: Ու ես հասկացա, որ ոչ մի ճառ էլ չի դատարկի իմ մեջ կուտակված ատելությունը: Որոշեցի վեր թռնեմ ու ապտակեմ նրան: Բայց կանգնելու, դեմքով շրջվելու տեղ չկար: Հանկարծ հիշեցի Ջեքի Չանի կատակերգությունները, որոնք նայում էի շաբաթ և կիրակի օրերին լիցքաթափվելու համար: Հիշեցի ամենավառ տպավորված դրվագը, երբ Չանը ոլորում է իր վրա հարձակված մարդու բազուկը, ծնկի է բերում ու սկսկում խեղդել:
Հայացքով չափում եմ տիկնոջ բազկի լայնությունը: Մի ձեռքով չեմ կարող բռնել, բայց եթե երկու ձեռքով ոլորեմ բազուկը, հետո կծեմ ուսից, նա ցավից կխեղճանա, և կկարողանամ ծնկի բերել: Գլուխս ամբողջությամբ մտցնում եմ ավտոբուսի մեջ, որ կարողանամ վերահսկել իրավիճակը: Տրամադրվում եմ: Մտքումս մի քանի գոտեպնդող խոսք եմ ասում ինքս ինձ: Տեղից վեր եմ թռչում ու նետվում դեպի տիկինը:
Տիկինը նախ ապշեց, հետո բղավեց.
-Ի՞նչ ես տեղիցդ վեր-վեր թռնում, մածուններս ջարդում ես:
Ես նույնիսկ չէի էլ հասկացել որ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկից մինչև Երրորդ մաս այդ տիկնոջ մածուններն իմ գրկում են դրված եղել: Ձախողված հարձակումից խուճապահար՝ արագ-արագ ասի.
-Ախ, դուք գնում եք սպա՞ս եփեք: Հրաշալի բան է սպասը: Պատկերացրեք, պետք չի՝ մի քանի ժամ կանգնել գազօջախի մոտ ու խառնել: Կաթսայի մեջ փայտից շերեփ ու մի քանի հատ մեջտեղից կոտրած ատամի փայտիկ եք դնում: Սպասն ինքն իրեն սկսում է խառնվել՝ առանց ձեր ժամանակը ծախսելու և տանջանքի:
Բոլորը շրջվեցին դեպի ինձ: Պոռթկաց ծիծաղ ու բարձր հռհոռց: Լսվեց մեկի արհամարհական ձայնը.
-Երանի սրան, որ աշխարհից բան չի հասկանում ու հիմար բաների մասին մտածելով ապրում է:
Հռհռոցն ու ծաղրական բառերն իմ հասցեին սկսեցին լսվել տարբեր կողմերից:
-Սպաս է էլի, մենք կխառնենք, թե ինքն իրեն կխառնվի, դա ի՞նչ խոսելու բան է:
-Քո կարծիքով դա կարևոր թեմա է, հա՞: Ես հենց սկզբից էլ հասկացա, որ հիմար է: Ոչ մի բանից տեղյակ չէր: Եթե մարդը Կոկոզյանի անունը շփոթում է, ուրեմն պարզ է, որ երկրորդ հարկը դատարկ է:
-Ես էլ էի նկատել, որ ցնդած է:
Հասկացա, որ այլևս պայքարելու ուժ չի մնացել, ընկճված իջա ավտոբուսից: Նայեցի ժամացույցին: Տաք ջրի կաթսան վերանորոգելու համար մասնագետ էի կանչել: Ժամը ութին պետք է իմ տանը լիներ: Վազելով հասա տուն: Վարպետն աստիճանների մոտ ինձ էր սպասում: Մտանք տուն:
Նա ձեռքի պայուսակը դրեց սեղանին ու ասաց.
-Կոկոզյանի ու Խժդժյանի բանավեճը պիտի լինի, միացնենք հեռուստացույցը, որ լսենք:
Համբերությանս բաժակը լցվել էր:
-Բավական է, ինչքան կարելի է նույն բանը, չե՞ք ձանձրանում…
Վարպետը վիրավորված ոտքի կանգնեց, վերցրեց ճամպրուկն ու քայլեց դեպի դուռը:
Ես էլ ոտքի կանգնեցի և պատրաստվում էի ևս մի քանի վիրավորական խոսք ասել նրան, երբ հանկարծ հիշեցի, որ կարող եմ առանց տաք ջրի մնալ և մեղանչելով ասի.
-Ներեցեք,այսօր այնքան ծանր օր եմ ունեցել:
Վարպետը դանդաղեց: Զգացի, որ եթե համոզեմ՝ կմնա:
-Հոգեպես այնքան ծանր վիճակում եմ:
-Բոլորիս հետ էլ պատահում է: (Ասաց վարպետն ու հետ եկավ դռան մոտից): Անձնակա՞ն հարց է: Տղայի հե՞տ է կապված, վիրավորել է, թե ավելի վատ… ուրիշ աղջկա հե՞տ ես տեսել:
Մինչ կկողմնորոշվեի՝ թե ինչ պատասխանեմ, վարպետն ավելացրեց.
-Բաժանվել եք: Դեմքիցդ երևում է: Դա մեր երկրի վիճակից է: Այ, որ Կոկոզյանը հաղթի չէ, նրա ծրագիրը ընտիր է, ամեն ինչ կկարգավորվի: Ամեն հարցի պատասխան Կոկոզյանի ծրագրում կա: Ամեն ինչ իր տեղը կընկնի, կսկսենք լավ ապրել, հավես կունենանք ապրեու, իրար հետ չենք կռվի:
Նստել եմ վարպետի կողքին և ցույց եմ տալիս, իբր հետաքրքրությամ եմ լսում նրան: Այս պահին ավելի կարևոր է, որ կաթսան սարքվի, կանգնեմ տաք ջրի տակ ու ազատվեմ օրվա տհաճ ապրումներից: Իսկ վաղը հաստատ առիթ կլինի պայքարելու՝ տրանսպորտում, խանութում, վարսավիրանոցում: