****
ես ամեն օր անում եմ նույն
գործողությունները.
արթնանում եմ,
կատուներին ուտելիք տալիս,
ատամներս լվանում,
սուրճ խմում,
վերնաշապիկս հարդուկում,
որովհետև աշխատանքային է,
լվացքի պարանից նասկիներս վերցնում,
հագնվում,
շրթներկ քսում,
հետո մաքրում,
նկարչի գլխարկս դնում
(բայց ես նկարիչ չեմ, գրողը տանի),
գրքերս վերնաշապիկիս հետ
պայուսակս խցկում,
վազում աշխատանքի:
այնտեղ հանում եմ բոլոր զարդերս,
հագնում արդուկված,
բայց արդեն փտած վերնաշապիկս,
սև տաբատս,
կապում գոնգնոցս,
դնում գլխարկս,
ու ամեն անգամ մոռանում դուռը փակելու մասին,
ու ամեն անգամ ինձ հարց տալիս`
ինչու փակեմ, եթե ոչ ոք չի գալու:
հետո մաքրում եմ սեղանները,
կարգի բերում սրահը,
եթե վատ տրամադրություն ունեմ,
ու հենց էդ ժամանակ բախտս չի բերում,
տարօրինակ ակտիվ շփվում մարդկանց հետ,
բարևում, ժպտում,
կանգնում բարի մոտ ու բարձրաձայն մտածում .
-ի՞նչ եմ անում այստեղ, աստված իմ:
-իսկ էլ ուրիշ որտե՞ղ պիտի լինեի:
ես ինձ այլ վայրում չեմ պատկերացնում.
օրինակ` չեմ կարող լինել հեռախոսավարուհի,
որովհետև նախ անգլերենից զրո եմ,
հետո էլ` մի քիչ բաց եմ խոսում,
ու ամեն զանգից հետո ինձ, հնարավոր է, հանդիպման կանչեն,
չեմ կարող լինել ուսուցչուհի,
որովհետև համալսարան չեմ ավարտել,
դերասանուհու համար չափից դուրս կոմպլեքսավորված եմ,
իսկ բարմեն լինելու դեպքում
սրճարանը հաստատ մինուս կգնար:
գրողի համար չափազանց էմոցիոնալ եմ,
ու բառերը հաճախ շատ քիչ են`
որևէ բան նկարագրելու համար:
մա՞յր…
երևի դա էլ է մասնագիտություն,
կամ չէ,
չգիտեմ,
համենայն դեպս կատուների մոր համար
լավ կերպար եմ,
իսկ երեխայի համար` էդքան էլ վստահ չեմ:
երբեմն մտածում եմ` գուցե ինքս սրճարան բացեմ,
բայց հետո մտածում եմ,
որ բարդակ կլինի,
հասկանում եմ, որ ես
սրահից բացի ոչ ոքի կարգի բերել չեմ կարող
և չեմ ուզում, աստված իմ:
ու անհասկանալի մտքերը չգիտեմ ինչպես մտնում են
ուղեղիս նուրբ անցքերը,
հիշեցնում, որ ամեն ինչ անիմաստ է,
գրողը տանի,
ու թեթևացած հարց եմ տալիս`
ուտեստը սոխո՞վ, թե՞ առանց սոխի:
***
ես 20-ամյա շարքային աղջիկ եմ,
որը դուրս է մնացել համալսարանից,
աշխատում է մատուցող,
ունի կատու,
ընկերներ,
գեղեցիկ տետրեր,
էլ ոչինչ:
ես ամեն առավոտ մի կերպ
արթնանում եմ,
վազում կանգառ,
որ ավտոբուսին հասնեմ,
ամեն օր 8 ժամ
չլվում եմ,
որ մի երկու կոպեկ հավաքեմ
ու իմ սիրած երգչի
համերգի տոմսն առնեմ:
ես մեկ կեդ ունեմ, որը
ամեն օր լվանում եմ,
ժամերով մաքրում, որ թվա` նոր է,
ոչ թե երկուսուկես տարվա:
ես գեղեցկության սրահ երբեք չեմ գնում
ու պարզաբանում, թե
կարիք չունեմ.
իրականում կարիքը հոգալու
բավարար գումար չունեմ:
ես չեմ հասկանում`
ով երբ է ստում,
ինչ է մտածում
և ինչ է ուզում,
որովհետև ներսս բացած`
կենտրոնով ֆռռում եմ
ու աջուձախ մարդկանց
կյանքս պատմում:
ես ամեն անգամ տեսնում եմ,
որ հանկարծակի եկողները
ավելի հանկարծակի հեռանում են`
իրենցից նույնիսկ հեռախոսահամար չթողնելով,
ու փոխանակ հեռու մնամ նման
մարդկանցից,
ինքս էդպիսին եմ դառնում:
ես տնից հեռացած շարքային աղջիկ եմ,
ում ոչ ոք էդպես էլ չհասկացավ,
ում բոլորը խորհուրդ են տալիս միայն
և չեն ասում` լավ դե, միասին կանենք:
ես անհույս սիրահարված
20-ամյա աղջիկ եմ, ում
շատերը «կպցնել են» փորձում,
բայց նա, ում ինքս սիրում եմ,
ինձ բանի տեղ էլ չի դնում:
ես հոգեբանի այցելած,
անտիդեպրեսանտ խմած,
հազար անգամ խմիչքից փսխած
շարքային աղջիկ եմ,
որը կենցաղից չի նեղվում էդքան,
ինչքան հոգևոր էս ծանր բեռից:
ես անինքնավստահ,
բայց կողքից գոռոզ թվացող
շարքային աղջիկ եմ,
ում մասին առաջին տպավորությունները
միշտ սխալ են լինում,
որովհետև ես միտքս ճիշտ արտահայտել
էդպես էլ չսովորեցի
ու միշտ տրվեցի թունդ էմոցիաներին:
ես իրականում ամաչկոտ աղջիկ եմ,
ով վախից նախահարձակ է միշտ լինում,
ես չափից դուրս սրտնեղող աղջիկ եմ,
ով պատերին կյանք է քարոզում,
իսկ գիշերները բարձերը թրջում:
ես 20-ամյա շարքային աղջիկ եմ,
ում գրելուց բացի ոչինչ չի մնում:
***
եկեղեցում եմ.
ոտքս ոտքիս եմ գցել
մի կին մոտենում ա.
-աղջիկ ջան…. բալեեես.. տենց մի նստի:
-լավ,- ասում եմ ես` իբրև հավատալով իր խոսքին:
-բայց իբր ո՞նց էի նստել,-ասում եմ Աստծուն:
-դե լավ, բան չկա,- Աստված ա ասում
***
երեկ ես տեսա քո կնոջը
ոչինչ չունեմ ասելու
նրա մասին
քո կինը ինձ տեսավ
խմելիս
ծխելիս
ու մի թեթև ժպտալիս
ես ձևացրի թե երջանիկ եմ
որ կամ
ես ձևացրի թե գոհ եմ
իմ նստած նեղից
ես ձևացրի թե միայնակ անգամ
կյանքը հրաշալի է թվում ինձ
բայց երբ եկար հանկարծ
և չոքեցիր դեմ դիմաց կնոջդ ոտքերի
ինչ-որ բան սրտումս մղկտաց
ու մի բան հանկարծ
ջարդվեց
երևի
ես լաց եղա
որ կամ
ես լաց եղա
նստած տեղիս համար
ես լաց եղա
մեն-մենակ լինելուս համար
ես լաց եղա աչքերիս համար
որ տեսան պատկերը դժոխքի
ես լաց եղա ականջներիս համար
որ լսեցին ձայները երկու սրտերի
ես լաց եղա ձեռքերիս համար
որ երբևէ դիպչել են քո շրթունքներին
ես լաց եղա ինձ համար
քո երջանկության համար
իմ ցավի համար
իմ հիմար ուղեղի համար
քեզ ատելուս համար
և ամենաշատը նրա
որ վաղը երբ մենակ մնաս
ես կթողնեմ բոլոր ինձ մխիթարողներին
և կշտապեմ պատառոտված ձեռքերով
մաքրելու թացը աչքերիդ
ես լաց եղա իմ չեղած
ինքնասիրության
հպարտության
եսասիրության
վճռականության
համար
ես լաց եղա որ մի օր
կմեռնեմ առանց որևէ լուրջ պատճառի
ես լաց եղա քո անարժան
և իմ տհաս լինելու համար
ես լաց եղա որովհետև
ոչինչ չէր մնում այլևս անելու
հիմա ես գրում եմ
որովհետև լացը վերջացել է
որովհետև ջրերը ցամաքել են
որովհետև ոչինչ չի մնացել
այլևս անելու
երեկ ես տեսա քո կնոջը
նա ինձ հայհոյեց վերջում
դու ոչինչ չունեիր անելու
քան լինել նրա կողքին
և հայհոյանքի հետ ձուլված
ցավով ընկնել այս չեղած սրտին
երեկ ես լաց եղա
այսօր գրում եմ
վաղը կթքեմ ձեր գերեզմաններին
որովհետև
երբ աչքերը չափից դուրս շատ են լցվում
արցունքները մի օր թքի տեսքով են դուրս ընկնում
հորս
հայր իմ,
որ երկնքում ես
արդեն 10 տարի,
սուրբ թող չլինի քո անունը.
(սրբությունները ամենաանտանելի բաներն են),
քո արքայությունը թող չգա,
(դու արքա չէի,
այլ որդեսեր մի հայր),
քո կամքը չի լինի երկրի վրա.
(կամք ունենայիր,
չէիր մահանա),
իմ հանապազօրյա լահմաջոն
ինձ տուր այսօր
մեր սիրելի սրճարանում,
ուր երբևէ խելագար
ասում-խոսում էինք,
և մի՛ թող իմ պարտքերը,
քանզի դրանցից է, որ այսօր
երկրի վրա չես:
Եվ տար ինձ փորձության,
և մի փրկիր չարից,
որովհետև ինքս եմ չարը և փորձությունը իմ…
Քանզի քոնը չէ արքայությունը և զօրությունը
և ոչ էլ փառք
պետք չկա ասելու
հավիտյանս հավիտենից
ամեն
***
այսօր
երբ ընկերներիցս մեկին գումար էի փոխանցում,
մի տղա մոտեցավ ու ասաց.
-անձեռոցիկ առեք, էժանով եմ ծախում:
-ոչ,- կտրուկ ասացի ես:
-շատ էժան ա, առեք- պնդեց նա:
-ոչ, անձեռոցիկ չեմ ուզում:
հետո մտա խանութ,
մարմնի գել գնեցի,
որն արժեր մոտ 2000 դրամ,
ու մեղքի զգացում ունեցա։
բայց խանութում տեսա տղային,
որը 100-ով էր անձեռոցիկ առնում,
իսկ երբ դուրս եկա,
ասաց.
-անձեռոցիկ կառնե՞ք,
վայ էլի Դու՞ք եք:
ինչպես սովորաբար է պատահում,
չդիմացա
ու ասացի.
-լավ, հանձնվում եմ,
անձեռոցիկ տվեք,
որքա՞ն եմ վճարելու:
-200,- ժպտալով ասաց երեխան:
-ըհըմ, 200, բայց էժան չի,
շատ թանկ ա, ի դեպ:
ես փոշմանեցի,
որովհետև գուցե իմ պատճառով
ողջ կյանքում անձեռոցիկ վաճառի
ու ոչինչ չանի,
հետո մտածեցի,
լավ իբր ես ի՞նչ եմ անում,
գարեջուր եմ վաճառում:
***
էս կյանքում
ես ամեն ինչ կորցրել եմ
մազի ռեզինից մինչև ինքնավստահություն
կորցրել եմ հոգևոր հորս
ու կենսաբանական հորս
որ էլի հոգևոր է
մանկության երազանքներս
տատիս մոր տունը ուր հավաքվում
և սպասված ժամին նայում էինք
ինչպես են ոչխարները բառաչելով գնում։
կորցրել եմ
այգիները մեղվապահի շորերը
հավերի ու կովերի գոմը
որ կուլ գնացին պատերազմին
տատիս մորը ավելի շուտ կորցրի.
պատերազմից առաջ։
իր տունը գրավելուց առաջ։
ու երևի լավ է։
մի ամսում 2 հեռախոս եմ կորցրել
3 սիրելի տղամարդ
բացի 2 հեռախոսից մեկն էլ
զուգարանի մեջ եմ գցել
բացի 3 տղամարդուց
ինձ եմ նրանց մեջ կորցրել։
եթե ես օգնության նպատակով հայտարարություն գրեի
դա մոտավոր այս ձևը կունենար.
«Վերջնականապես հոգնել է բոլորից, բայց իր հետ մենակ մնալուց վախենում է. փնտրվում է մեկը, ում անդադար կկորցնի, հետո էլի կգտնի, կկորցնի ու կգտնի»։
ես ընկեր ունեի հավատարիմ
ով ջրեց ինձ մինչև վերջին կաթիլ
բայց մի օր հասա նրա կոկորդին
ու ընկերս կտրեց ինձ հենց քոքից:
***
չլքես ինձ, խնդրում եմ,
անգամ եթե
ինքը` Աստված խնդրի։
նա չի սիրել քեզ,
չի քնել քեզ հետ գեթ մեկ օր,
չի լուսացրել ծանր գիշերը
որ իմանա` ինչ է քեզ սերելը:
չլքես ինձ,
անգամ եթե ասեն,
որ դա ինձ համար ավելի լավ է,
ավելի ճիշտ:
չլքես ինձ
նույնիսկ եթե հոգեբուժարանում
հայտնվեմ մի օր,
ասեմ, որ դու իրական չես,
ու թվացել ես ինձ:
չլքես ինձ ոչ մի դեպքում,
որովհետև ես սաստիկ կչարանամ,
կատեմ աշխարհի բոլոր երեխաներին,
տգեղ խոսքեր կասեմ հղի կանանց,
սիրահարներին կխանգարեմ,
կատուներին կեր չեմ տա,
կթքեմ նոր բացվող ծաղկի վրա,
կլքեմ ինձ սիրող տղամարդկանց,
ընկերներիս հետ հանդիպմանը չեմ գնա
ու կասեմ, որ բոլորը անարժան են:
ուզում եմ գոռալ` տխուր եմ,
բայց կասեն` բոլորս, բոլորս էլ տխուր ենք,
ու ես ստիպված մերձենում եմ իմ միայնության հետ
և կքում ծանր բեռի տակ:
ներիր ինձ, ես էդպես էլ հասուն աղջիկ չդարձա,
և եղա ավելի չար,
քան մանուկը նորածին,
և եղա ավելի բարդ,
քան առաջին բառը,
ասել է, թե` «մա-մա»: