Անի Հակոբջանյան | Ես վատն եմ հայրիկ

մատներիս ճաքեր կան,
չգիտեմ` ինչի՞ց է…
լվացք չեմ արել,
ոչ էլ բաժանվելիս
բռունցքներս եմ պատերին տվել
ու հետո հանգիստ շունչ քաշել.
մատներիս ճաքեր կան.
լավ, բա էս ինչի՞ց է.
մայրս ասում է` էլ հող չփորես,
մեղկ ես, աղջի՛կս,
էլ չփորես,
հայրդ չկա, չի գա, չէ՛, չէ՛, չկա էլ…
մատներիս ճաքեր կան,
հայր իմ, որ երկնքում ես,
ասա` ինչի՞ց է

 

***
ես վատն եմ հայրիկ
դու ինձնից ավելի
որովհետև դեռ սիրում ես ինձ
որովհետև ես երբեք չգրկեցի քեզ
թողեցի, որ հեռանաս
երբեք չասացի, որ սիրում եմ
որովհետև ամեն ինչ անիմաստ է դարձել մի տեսակ
ու մի տեսակ անհասկանալի
որովհետև արևը դեռ ծագում է
իսկ դու չես արթնանում ամեն օր իմ կողքին
ես վատն եմ հայրիկ
որովհետև քեզ այդպես էլ ծաղիկներ չբերեցի
որովհետև երբեք չգրկեցի շիրմաքարդ
ու երբեք չասացի, որ կարոտել եմ շատ
ես վատն եմ հայրիկ
որովհետև ամաչեցի ցույց տալ սերս
վախեցա ասել` մի գնա, վախեցա ասել` մնա,
վախեցա ինձնից ու իմ սիրուց, վախեցա քո տված սիրուց
ես վատն եմ հայրիկ
դու ինձնից ավելի
որովհետև հանդուրժում ես իմ սերը
ու մի տեսակ ուշացած խոստովանությունները,
որովհետև բերանս չես փակում,
փոխարենը հանդարտ լսում ես ու հետո ժպտում
ես վատն եմ հայրիկ
որովհետև չբռնեցի ձեռքդ
որովհետև չխնդրեցի ապրել
որովհետև մի տեսակ վախենում էի
ու ամաչում քեզնից մի տեսակ
ես վատն եմ հայրիկ
որովհետև թույլ տվեցի գնաս
իսկ հետո լաց եղա արածիս համար
դու վատն ես հայրիկ
որովհետև դեռ սիրում ես ինձ

 

***
Ծանր խաչ են դրել ուսերիս
և ասում են`
քարշ տուր
Հիսուս,
70 կիլոյանոց փայտե խաչ վերցրիր
ու ինձ թողեցիր քարե այս խաչը
հարություն առար ու ազատվեցիր
լինելուց
այստեղ
հիմա
մարդկանց մեջ
իսկ ես մնացի
ու մնում եմ դեռ
որ մի ամբողջ կյանք քարշ տամ
այս խաչը
իմը և քոնը
հիմարներինը
ու խենթերինը
և ինչպես քայլեմ քարը ուսերիս
և ում դիմեմ ես իբրև հայր Աստված
և ում խնդրեմ ես որ ների նրանց…
ժամը երեքն է, Հիսուս, Տեր Հիսուս…
ժամը երեքն է
ում լացակումած ես հարցս ուղղեմ`
Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի

 

***
փոքր քաղաքում մեռնելը դժվար է
բոլորը քեզ ճանաչում են
բոլորը քեզ բռնում են
և միևնույն ժամանակ
թքած ունեն
փոքր քաղաքում մարդավարի
հարբելը դժվար է
բոլորը քեզ ճանաչում են
բոլորը քեզ հետ զրուցում են
և միևնույն ժամանակ
հիմար են
փոքր քաղաքում ապրելը դժվար է
բոլորը քեզ ճանաչում են
բոլորը քեզ խանգարում են
և միևնույն ժամանակ
լքում են

 

****
ամեն անգամ ինչ-որ մեկին
հանդիպելիս
ես ասում էի.
չփորձես քեզ հորս ցավից ավելի կարևորել:
ամեն անգամ երբ ինչ-որ մեկը
ջանում էր ապացուցել,
թե իր հետ ապրելը, իր հետ ծիծաղելը
ավելի արժեքավոր է,
քան հորս ցավը,
ես գլխիկոր հեռանում էի`
ոչինչ չասելով:
ամեն անգամ եկող հաջորդին
պատմում էի գնացած նախկինի
կարճ պատմությունը
և ամեն անգամ համոզվում,
որ գլխով «այո, այո» ասողները
մի օր կփորձեն իրենց դիրքերը
ամրապնդել սխալ անկյունում:
ամեն անգամին ոչ նման,
երբ եկար դու,
ես, բացատրելուց սպառված,
արդեն գլխիկոր էի,
և այնքան հոգնած, որ
պատրաստ չէի ոչ հեռանալու,
և ոչ մնալու:
ես չասացի ոչինչ,
և հասկացա հանկարծ,
որ հորս անկյունում
նստել, խմում ես:
ես վախեցա մի պահ,
որ մանկությունը չի կարող
այսպես հանկարծ ետ դառնալ:
բայց չգիտեմ` երբ, և չգիտեմ` ոնց,
օղի գնեցի միջին-թանկարժեք,
մենք բացեցինք շիշը,
նայեցինք իրար,
խմեցինք մեկ կում,
հետո` երկրորդը,
մինչև տասներորդ
ու անվերջերորդ:
ամեն անգամը էլ չկրկնվեց:
դու հայր դարձար ինձ,
և ես գլխիկոր ժպտացի,
քանզի հորս հետ նստած`
օղի եմ խմում:

 

***
երբ փոքր էի
(ես հիմա չափազանց մեծ եմ և հոգնած)
պապս ինձ շալակն էր առնում
տանում Ղափանի սարերը
էնտեղ վազում էինք
գետերի վրայով անցնում
յասամաններ քաղում
մանուշակներ
որ հետո նվիրենք տատիս
ու հարևաններիս
մի անգամ գետն անցնելիս
կոշիկս ոտքիցս ընկավ
կամ ոտքս կոշիկից թռավ
գետը քշեց տարավ
իմ 34 համարի կոշիկը
իմ պապայի առած կոշիկը
իմ մամայի հագցրած կոշիկը
իմ տատի մաքրած կոշիկը
պապս ասաց` բան չկա
շալակած կտանեմ
ես նայեցի պապիս մի փոքր երկար.
ափսոս աղջիկս
լավ կոշիկ էր
պապաս հասկացավ
որ ես չեմ ցավում մերկ ոտքիս համար
որ ես չեմ ցավում ծակող քարերի համար
որ ես չեմ ցավում ծիծաղելի թվալու համար
պապս հասկացավ
որ ես կարոտում եմ
հորս գնած
մորս հագցրած
տատիս մաքրած կոշիկը
պապս հասկացավ
որ կոշիկը ընտանեկան լուսանկար է
որը հենց նոր գետը քշեց տարավ
պապս ինձ շալակն առավ
մենք տխուր տուն մտանք
և ձևացրինք իբրև
կոշիկի մահը թեթև ենք տարել

 

***
էրեգ` մի տղայի հետ սուրճ խմելուց հետո,
երբ արդեն իրար հաջող էինք անում,
եկեղեցու զանգերը ականջիս հասան
պոետն ասաց` էս էլ եկեղեցու զանգերը,
գրկեց ու հեռացավ
ես գլխահակ մտա դռնով,
յոթ մոմ վերցրի
ու մի գլխաշոր,
գնացի, մոմերը վառեցի,
յոթն էլ հորս կարոտի համար,
յոթն էլ կապույտ հայրիկիս համար
հետո նստեցի նստարանին,
ոտս ոտիս գցեցի,
որ շրջազգեստիս կարճությունը քողարկեմ
հայր աստծու առաջ,
քիչ հետո քահանան կիսատ թողեց օծելը,
մոտեցավ և կտրուկ ասաց`
ոտքդ ոտքիդ մի գցիր, աղջիկս:
ես նայեցի նրան, ոտքերս ուղղեցի,
և արցունքի երկու կաթիլներ
այտերն ի վար ծնկներիս ընկան
ես լաց եղա հորս կարոտի համար,
ես լաց եղա հորս կորստի համար,
ես լաց եղա հայր չունենալու համար,
ես լաց եղա անտուն լինելու համար,
և աստծուն ստեցի,
թե քահանան է նեղացրել

 

***
Անկողնում երկու կին կա.
երկուսն էլ մերկ են.
մեկը` ոտնածայրից մինչև հոգի,
մյուսը` սրունքներից մինչև ճերմակ կուրծք
մեկը հագել է սեր ու քնքշանք,
մյուսը մտքի դեմքին շպարել է կեղծ հուզականություն։
Անկողնում երկու կին ա.
երկուսն էլ խենթ են.
մեկը ցնդել է քո համբույրներից,
մյուսն էլ ` այսքան դերերի խառնաշփոթից:
մեկը ճչում է,
հոգնատանջ փլվում,
մատներդ սեղմած` անհագ համբուրում,
մյուսն էլ չգիտի`
որ դիրքով պառկի,
որ կապույտ լույսը կոնքերն ընդգծի։
մեկը շրթունքը կծում է ցավից,
մյուսը պարզապես դերի պահանջից։
Անկողնում երկու կին կա.
երկուսն էլ կրքոտ են.
մեկը տաքարյուն է, բաց ու նեղացկոտ,
մյուսն էլ բեմի պես կեղծիք շռայլող,
հույզեր բանեցնող ու դերի համար
հանդիսականից ծափ ակնկալող։
Անկողնում երկու կին կա.
երկուսն էլ քաղցած են.
մեկը կաթսայի մոտ կանգնել, ճաշին է հետևում,
մյուսն էլ շրթներկն է նորից թարմացնում
դու քաղցած ես,
և կարմիր շուրթերը քեզ չեն հագեցնի,
ոչ էլ սահուն կոնքերի բույրը,
անգամ կաթ տվող ճերմակ պուտերը:
քաղցած չես մնա,
որովհետև
անկողնում երկու կին կա.
մեկը սեղանն է արդեն գցում,
մյուսը` արդասեղանին վզնոցը փնտրում։
Անկողնում երկու կին կա.
երկուսն էլ քոնն են.
մեկը քեզ է սիրում,
մյուսը` իր կերպարը քո կողքին:

 

***
Ասաց.
-Լավ ես գրել:
Չգիտեր, որ իր մասին է։
Ասաց.
-Հանճարեղ ես սիրում:
Չգիտեր, որ իրեն:

Share Button

5 Կարծիք

  • Դավիթ says:

    Լա՞մա սաբաքթանի… Կարդացի ու ինքս հայտնվեցի Անիի աշխարհում՝ գեղեցիկ ու բարի, դաժան ու տգեղ… Բայց դա մեր աշխարհն է… Հիացած եմ, Անի: Բրավո:

  • Կորյուն says:

    Իսկականներից❤️❤️❤️

  • Թամի says:

    Աստվա՜ծ իմ, հույզերս չեմ կարողանում արտահայտել, խելագարվելու աստիճան հիասքանչ էր

  • Լուիզա says:

    Լավն են

  • Աստղիկ says:

    Հիանալի է։ Փշաքաղվելու աստիճան իրական, անկեղծ, առանց պաճուճանքների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *