Դանիել Խարմս | «Ես որոշեցի մի ընկերախումբ խառնել․․․»

1

Մի անգամ ես եկա Գոսիզդատ և հանդիպեցի այնտեղ Եվգենի Շվարցին, որն, ինչպես միշտ, վատ էր հագնված, բայց ինչ-որ հավակնությամբ։ Ինձ տեսնելով՝ Շվարցը սկսեց սրամտել, նույնպես, ինչպես միշտ, անհաջող։
Ես անհամեմատ ավելի հաջող էի սրամտում և շուտով մտավոր առումով Շվարցին գետնին տվի։
Շուրջբոլորս նախանձում էին սրամտությանս, բայց ոչ մի միջոց չէին ձեռնարկում, քանի որ տառացիորեն ծիծաղից սատկում էին։ Հատկապես ծիծաղից սատկում էր Նինա Վլադիմիրովնա Գերնետը և Դավիդ Եֆիմովիչ Ռախմիլովիչը, որն իրեն բարեհնչության համար Յուժին էր անվանում։
Տեսնելով, որ ինձ հետ կատակել չի կարելի՝ Շվարցը սկսեց տոնն իջեցնել և, ի վերջո, ինձ թունդ հայհոյելով՝ հայտարարեց, որ Թիֆլիսում Զաբոլոցկուն բոլորը գիտեն, իսկ ինձ՝ գրեթե ոչ ոք։
Այդժամ ես կատաղեցի և ասացի, որ ես ավելի պատմական եմ, քան Շվարցն ու Զաբոլոցկին, որ ինձանից պատմության մեջ լուսավոր բիծ կմնա, իսկ նրանք արագորեն կմոռացվեն։
Մեծությունս և խոշոր համաշխարհային նշանակությունս զգալով՝ Շվարցը հետզհետե սկսեց դողդողալ և ինձ ճաշի հրավիրեց։

2

Ես որոշեցի մի ընկերախումբ խառնել, ինչն էլ անում եմ։
Սկսեմ Վալենտին Եֆիմովնայից։ Այդ անտնտես անձնավորությունը մեզ հրավիրում է իր տուն և ուտելիքի փոխարեն սեղանին ինչ-որ թթու բան է դնում։ Ես ուտել սիրում եմ և կերակրի գիտակ եմ։ Ինձ թթու բանով չես ֆռռացնի։ Ես անգամ երբեմն ռեստորան եմ մտնում և նայում, թե այնտեղ ինչ ուտելիք է։ Եվ տանել չեմ կարողանում, երբ բնավորությանս այդ առանձնահատկության հետ հաշվի չեն նստում։
Հիմա անցնում եմ Լեոնիդ Սավելևիչ Լիպավսկուն։ Նա չի ամաչում երեսիս ասել, որ ամսեկան տասը միտք է հորինում։
Նախևառաջ, ստում է։ Ոչ թե տասն է հորինում, այլ ավելի քիչ։
Իսկ երկրորդ, ես ավելի շատ եմ հորինում։ Չեմ հաշվել, թե ամսեկան որքան եմ հորինում, բայց պետք է նրանից շատ լինի․․․
Այ ես, օրինակ, բոլորի աչքը չեմ խոթում, որ, իբրև թե, վիթխարի խելք ունեմ։ Ես ինձ մեծ մարդ համարելու բոլոր նախադրյալներն ունեմ։ Դե, թեև, ինձ այդպիսին էլ համարում եմ։
Քանի որ ինձ համար և վիրավորական, և ցավալի է գտնվել խելքով, խորաթափանցությամբ և տաղանդով ինձանից ցածր մարդկանց շրջապատում, և իմ հանդեպ պատշաճ հարգանք չզգալ։
Ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես բոլորից լավը։

3

Հիմա ես ամենը հասկացա։ Լեոնիդ Սավելևիչը գերմանացի է։ Նա նույնիսկ գերմանական հատկություններ ունի։ Նայեք ինչպես է նա ուտում։ Դե մաքուր գերմանացի է, այդքանը։ Անգամ ոտքերից է երևում, որ գերմանացի է։
Առանց պարծենալու կարող եմ ասել, որ ես շատ ուշադիր եմ և սրամիտ։
Այ, օրինակ, եթե վերցնել Լեոնիդ Սավելևիչին, Յուլյա Բերզինին և Վոլֆ Էրլիխին և նրանց միասին դնել պանելին, կարելի է ասել «մեկը մեկից փոքր է»։
Ըստ իս՝ սրամիտ է, քանզի չափի մեջ ծիծաղելի է։
Եվ, այդուհանդերձ, Լենոնիդ Սավելևիչը գերմանացի է։ Անպայման հանդիպելիս կասեմ նրան այս մասին։
Ես ինձ առանձնահատուկ խելացի մարդ չեմ համարում և այդուհանդերձ պետք է ասեմ, որ բոլորից խելացի եմ։ Գուցե Մարսում ինձնից խելացին էլ կա, բայց երկրի երեսին չգիտեմ։
Այ, ասում են, Օլեյնիկովը շատ խելացի է։ Իսկ ըստ իս՝ նա խելացի է, բայց ոչ շատ։ Նա բացահայտել է, օրինակ, որ եթե գրել վեց և շրջել՝ կստացվի ինը։ Իսկ ըստ իս՝ անխոհեմ է։
Լեոնիդ Սավելևիչը միանգամայն ճիշտ է, երբ ասում է, որ մարդու խելքը նրա արժանիքն է։ Իսկ եթե խելք չկա, ուրեմն արժանիքներ էլ չկան։ Յակով Սեմյոնովիչը առարկում է Լեոնիդ Սավելևիչին և ասում, որ մարդու խելքը նրա թուլությունն է։ Իսկ ըստ իս՝ դա արդեն պարադոքս է։ Իսկ ինչո՞ւ է խելքը թուլություն։ Բնավ ոչ։ Ավելի շուտ ամրոց է։ Ես այդպես եմ կարծում։
Մենք հաճախ ենք հավաքվում Լեոնիդ Սավելևիչի մոտ և խոսում այդ մասին։
Եթե վեճ է առաջանում, ապա վեճի հաղթողը մշտապես մնում եմ ես։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու։
Չգիտես ինչու բոլորը զարմանքով են նայում ինձ։ Ինչ էլ անեմ, բոլորն այդ զարմանալի են կարծում։ Բայց չէ՞ որ ես նույնիսկ չեմ էլ ջանում։ Ամենն ինքնին ստացվում է։
Զաբոլոցկին ասաց, որ ինձ ներհատուկ է ոլորտներ կառավարելը։ Միգուցե կատակեց։ Մտքումս անգամ նման որևէ բան չկար։ Գրողների միությունում ինձ չգիտես ինչու հրեշտակ են համարում։
Լսեք, ընկերներ։ Չի կարելի իրականում իմ առջև այդպես խոնարհվել։ Ես այնպիսին եմ, ինչպիսին և դուք բոլորդ, միայն ավելի լավը։

4

Ես այսպիսի արտահայտություն եմ լսել․ «Որսա պահը»։ Հեշտ է ասել, բայց դժվար է անել։ Ըստ իս, այս արտահայտությունն անիմաստ է։ Եվ իրոք, չի կարելի անհնարինին կոչել։
Ես այդ ասում եմ լիակատար համոզվածությամբ, քանի որ ինձ վրա ամեն ինչ փորձել եմ։ Ես որսում էի պահը, բայց չբռնեցի և միայն ժամացույցս կոտրեցի։ Հիմա գիտեմ, որ դա անհնար է։
Նույնկերպ անհնար է «որսալ դարաշրջանը», քանի որ դա նույնպիսի պահ է, միայն թե ավելի մեծ։
Ուրիշ բան, եթե ասեք․ «Արձանագրեք այն, ինչ կատարվում է այս պահին»։ Սա լրիվ այլ բան է։
Այ օրինակ․ մեկ, երկու, երեք։ Ոչինչ չկատարվեց։ Ահա ես արձանագրեցի պահը, որում ոչինչ չկատարվեց։
Ես ասացի այդ մասին Զաբոլոցկուն։ Նրան սա շատ դուր եկավ, և նա մի ամբողջ օր նստել և հաշվում էր․ մեկ, երկու, երեք։ Եվ արձանագրում էր, որ ոչինչ չի կատարվում։
Զաբոլոցկուն այդ զբաղմունքի վրա բռնացրեց Շվարցը։ Եվ Շվարցն էլ հետաքրքրվեց մեր դարաշրջանում կատարվողն արձանագրելու այդ յուրատեսակ ձևով, քանզի՝ չէ՞ որ պահերից է կազմվում դարաշրջանը։ Բայց խնդրում եմ ուշք դարձնել, որ այդ մեթոդի նախահայրը ես եմ։ Նորից ես։ Պարզապես ապշեցուցիչ է։
Այն, ինչ մյուսներին դժվարությամբ է տրվում, ինձ հեշտությամբ է տրվում։
Ես անգամ կարողանում եմ թռչել։ Բայց այդ մասին չեմ պատմի, քան որ միևնույն է ոչ ոք չի հավատա։

5

Երբ երկու մարդ շախմատ են խաղում, ինձ միշտ թվում է, որ մեկը մյուսին հիմարացնում է։ Հատկապես եթե նրանք գումարով են խաղում։
Իսկ առհասարակ զզվում եմ ցանկացած գումարով խաղից։ Ես արգելում եմ խաղալ իմ ներկայությամբ։
Իսկ թղթամոլներին ես կկախեի։ Դա մոլեխաղերի դեմ պայքարի ամենաճիշտ միջոցն է։ Թղթախաղի փոխարեն ավելի լավ է հավաքվեին և միմյանց բարոյախոսություն կարդային։
Բայց թեև բարոյախոսությունը տաղտկալի է։ Ավելի հետաքրքիր է կանանց սիրատածելը։
Կանայք ինձ հետաքրքրել են միշտ։ Ինձ մշտապես գրգռում են կանացի ոտքերը, հատկապես ծնկից վերև։
Շատերը կանանց համարում են արատավոր էակներ։ Իսկ ես ամենևին։ Ընդհակառակը, նույնիսկ համարում եմ նրանց ինչ-որ շատ հաճելի բան։
Գիրուկ, դեռատի կին։ Իսկ ինչո՞վ է նա արատավոր։ Ամենևին արատավոր չէ։
Ամենը, ինչ ասում է Լեոնիդ Սավելևիչը, արդեն վաղուց ասել եմ ես։
Դե, ոչ միայն Լեոնիդ Սավելևիչը։
Յուրաքանչյուրն ուրախ է թռցնել թեկուզև բեկորներն իմ մտքերի։ Ինձ դա նույնիսկ ծիծաղեցնում է։
Օրինակ՝ երեկ վազեց ինձ մոտ Օլեյնիկովը և ասաց, որ լրիվ մոլորվել է կյանքի հարցերում։ Ես նրան ինչ-որ խորհուրդներ տվեցի և բաց թողեցի։ Նա հեռացավ երջանկացած և իր լավագույն տրամադրությամբ։
Մարդիկ իմ մեջ նեցուկ են տեսնում, կրկնում են բառերս, ապշում են արարքներիցս, իսկ գումար ինձ չեն վճարում։
Հիմար մարդիկ։ Ինձ ավելի շատ փող բերեք, և դուք կտեսնեք ոնց ես դրանից գոհ կլինեմ։

6

Հիմա ես մի քանի բառ կասեմ Ալեքսանդր Իվանովիչի մասին։
Սա դատարկաբան և մոլեխաղերի սիրահար է։ Բայց ինչի համար եմ ես նրան գնահատում՝ այն բանի, որ նա ինձ հնազանդ է։
Գիշեր-ցերեկ հերթապահում է առաջս և միայն սպասում իմ կողմից ինչ-որ հրամանի ակնարկի։ Բավ է այդ ակնարկը տամ, և Ալեքսանդր Իվանովիչը քամու պես սուրում է կամքս կատարելու։ Դրա համար ես նրան կիսակոշիկներ գնեցի և ասացի՝ ա՛ռ, հագիր։ Ահա նա դրանք է հագնում։
Երբ Ալեքսանդր Իվանովիչը գալիս է Գոսիզդատ, բոլորը ծիծաղում և իրար մեջ խոսում են, որ Ալեքսանդր Իվանովիչը եկել է փողերի հետևից։
Կոնստանտին Իգնատևիչ Դրովացկին թաքնվում է սեղանի տակ։ Դա ասում եմ այլաբանական իմաստով։
Ամենաշատը Ալեքսանդր Իվանովիչը մակարոն է սիրում։ Միշտ այն ծեծած չորահացով է ուտում, գրեթե մի կիլոգրամ ուտում է, իսկ գուցեև անհամեմատ շատ։
Մակարոնն ուտելով՝ Ալեքսանդր Իվանովիչն ասում է, որ սիրտը խառնում է, և պառկում է թախտին։ Երբեմն մակարոնը փսխում է։
Միս Ալեքսանդր Իվանովիչը չի ուտում և կանանց չի սիրում։ Թեև, երբեմն սիրում է։ Կարծես անգամ շատ հաճախ։
Բայց կանայք, որոնց Ալեքսանդր Իվանովիչը սիրում է, իմ ճաշակով բոլորը տգեղ են, ուստիև համարենք, որ դրանք անգամ կանայք էլ չեն։
Եթե ես ինչ-որ բան ասում եմ, ուրեմն ճիշտ է։ Իմ հետ վիճել ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, միևնույն է նա հիմար դրության մեջ կհայտնվի, քանի որ ես ցանկացածին վեճում կհաղթեմ։
Դե և դուք էլ ինձ հետ ոտք չեք գցի։ Ձեր նմանները չէ, որ փորձել են։ Բոլորին փռել եմ։ Զուր չէ, որ տեսքիցս խոսել էլ չգիտեմ, իսկ երբ տաքանում եմ, այլևս չես կանգնեցնի։
Մի անգամ տաքացա Լիպավսկիների մոտ և գնաց։ Բոլորին խոսելատանջ արեցի։ Հետո գնացի Զաբոլոցկիների մոտ և այնտեղ բոլորին խոսելու հերթ չտվեցի։ Հետո գնացի Շվարցների մոտ և այնտեղ բոլորին խոսելու հերթ չտվեցի։ Հետո տուն եկա և տանը կես գիշեր էլ խոսացի։

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *