Վերևում, շարժասանդուղքի վերջում, այնտեղ, ուր սանդուղքին խռնված մարդկանց գորշ, անկանոն շարքը բարակում-աներևութանում է, մեզ բոլորիս հրապուրող, մշտապես լարված գայթակղության մեջ պահող Վարդագույն Լուսապսակն է՝ սանդուղքի բնակիչների իղձերի ու ձգտումների գագաթնակետը։ Բոլորս ենք ճգնում հասնել նրան, թեև ընթացքն անչափ դժվարին է և օրըստօրե ավելի է դժվարանում։ Դա է պատճառը, որ հիմա առավել զգուշավոր եմ դարձել և ո՜չ միայն չեմ վազում աստիճաններով, այլև չեմ էլ քայլում. պարզապես կանգնած եմ։ ՈՒժեր խնայելը հիմա առավել կարևոր է, կարևոր է զոհ չգնալ Կայծակնային ճեղքումով առաջ անցնելու գայթակղությանը, և շարժասանդուղքը, թող որ մի քիչ ուշ, ի վերջո, ինքը տեղ կհասցնի։ Իսկ եթե փորձեմ քայլելով կամ որ ավելի վատ է՝ վազելով արա-գացնել ընթացքս, ինքս ինձ կենթարկեմ ուժասպառվելու վտանգին, որովհետև նախկին եռանդն այլևս չունեմ, հոգնել եմ։Բացի այս՝ նման ձեռնարկումը միշտ կապված է որոշակի ռիսկի հետ, չէ՞ որ քայլելու, առավել ևս վազելու ժամանակ կարող ես կորցնել հավասարակշությունը, իսկ նման դեպքերում մի հաջող աքացին էլ լիովին բավական է, որպեսզի հայտնվես այնտեղ՝ անդունդում, մի բան, որից բո-լորս, բնականաբար, սարսափում ենք. եթե ետ գլորվողը դեռևս չի կորցնում ոտքի կանգնելու և ընթացքը վերսկսելու հնարավորությունը, ապա անդունդ գահավիժողը նման հնարավորությունից զրկված է, գործնականում՝ հավերժորեն. համենայնդեպս՝ ես այնտեղից ետ եկողների չեմ տեսել, թեև վաղուց արդեն շարժասանդուղքի վրա եմ։ Շուրջս եղած խոսակցություններն էլ, հիմնականում, նրանց մասին են և իհարկե՝ նաև հաջողակների մասին.
ՙ – Իմացա՞ք, առավոտյան, ետընթացի ժամանակ Ս-ն չդիմացավ, անդունդը գլորվեց։
– Խեղճ մարդ, որքա՛ն մաքառեց։
– Ո՞տք էին գցել։
– Ասում են՝ հոգնել էր, քնել ու կորցրել հավասարակշռությունը։
– Եվ իհարկե, ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց։
– Օգնության ձե՞ռք… Դուք ինձ զվարճացնում եք, հարգելիս, կարելի է կարծել՝ առաջին օրն եք սան-դուղքի վրա։
– Իսկ Տ-ն, ասում են, հասել է իր նպատակին, հիմա նա այնտեղ է՝ Վերևում։
– Մի քանի տարի առաջ, հիշու՞մ եք, մեր կողքին էր։
– Այո։ Հետո հավաքեց ուժերն ու անսպասելիորեն դիմեց Կայծակնային ճեղքման։
– Համարձակ քայլ էր։
– Դեհ, Տ-ն ուժեղ մարդ է։
– Ո՞վ է ուժեղ… Թուլամորթի մեկն է, նրան մանկուց եմ ճանաչում։
– Գողության մոլուցք էլ ունի, ժամացույցի պատմությունը չե՞ք հիշում։
– Չէ, եթե վերից պարան չգցեին, նա ինքնուրույն այդ քայլին դիմողը չէր։
– ՈՒրեմն՝ ճի՞շտ են ասում, թե Այնտեղ բարեկամներ ունի։
– Իհարկե։ Իսկ դուք, միամիտ մարդ, կարծում էիք ինքնուրու՞յն հասավ։ Որի՞ցս էր առավել։ Հենց մեկը դուք, տաղանդավոր մարդ եք, սակայն ո՞րերորդ տարին է արդեն, տեղում դոփում եք։
– Իսկ Շ-ի պատմությունը լսեցի՞ք…՚։
Ինձ շրջապատող մարդկանց կազմը մնայուն չէ. ոմանց հաջողվում է առաջ անցնել, մյուսները, հակա-ռակը, ետ են ընկնում, առավել դժբախտներն էլ գահավիժում են անդունդը։ Սակայն տեղաշարժերն այնքան հաճախակի չեն, և իրար կողք կանգնածները հասցնում են մտերմանալ, թեև այդպես էլ՝ միմյանց երբեք լիովին չեն վստահում. մտերմությունը՝ մտերմություն, բայց շարժասանդուղքն ունի իր օրենքները, որոնք ստիպում են միշտ աչալուրջ լինել, կանխելու համար ուզած անակնկալ։ Լիովին վստահել նույնիսկ եղբորդ չես կարող։ Կարգին քունը մեզ համար չէ. քնում ենք կիսախուփ աչքերով, ականջներս ձայնի պահած։ Բավական է մի անսովոր շարժում կամ ձայն՝ մենք արդեն արթուն ենք ու սթափ։ Էլ չասած այն, որ շարժասանդուղքը անսպասելիորեն կարող է միացնել հակառակ ընթացքը, որն, ըստ ամենայնի, ընտրության լրացուցիչ միջոց է։ Հիմնական տեղաշարժերը կատարվում են հենց ետընթացի ժամանակ։ Առավել փորձվածները՝ ՙհին ոսկորները՚, ետընթացը կանխազգում են բնազդորեն՝ սկսվելուց մի քանի րոպե առաջ. նրանց համակում է հանկարծածին տագնապը, նրանք ամուր կառչում են բազրիքից, լայն չռում ոտքերը և սրտատրոփ սպասում։ Երբ միանում է ետընթացը՝ շուրջը քաոսային խառնաշփոթ է սկսվում, մարդիկ հրմշտում են միմյանց, գոռգոռում, հայհոյում և գլխապատառ առաջ վազում ետ գնացող սանդուղքով, որպեսզի գոնե մնան իրենց տեղում։ Ետընթացը երկար չի տևում, այդուհանդերձ՝ շատերը չէ, որ կարողանում են դիմակայել։ Վաղուց, երբ դեռ անփորձ էի, մի քանի անգամ ես էլ եմ գլորվել ետ և ամեն բան սկսել նորից։ Սակայն, փառք աստծո, անդունդն ընկնե-լուց կարողացել եմ խուսափել։ Անդունդը սկսվում է սանդուղքի եզրից և ձգվում նրա ամբողջ երկա-րությամբ։ Այն լցված է գաղջ, գարշահոտ գոլորշով, այնպես որ, նրա խորության մասին միայն մոտա-վոր գուշակություն կարող եմ անել՝ ելնելով ընկնողների թշվառ աղաղակների մարման տևողությունից։ Ըստ իս՝ անդունդը պետք է որ բավականին խոր լինի։ Սանդուղքի մյուս կողմում գորշ պատն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա նրա ետևում, այդ իսկ պատճառով այն անվանում ենք Անհայտության պատ։ Երբեմն թվում է, թե պատի ետևից մեզ հետևում են. դրա համար ոչ մի փաստ չկա, բացի սերնդեսերունդ փոխանցվող հեքիաթանման պատմություններից։ Սակայն ոչ մի կերպ չենք կարողանում թոթափել կասկածը, թե պատն ինչ-որ չափով թափանցիկ է՝ հե-ռուստացույցի հանգած էկրանի նման, և նրա մեջ շարժվում են անորոշ, մութ ուրվապատկերներ։ Ծայրահեղ վհատության պահերին շատերն են իրենց գլուխը հպում Անհայտության պատին, հուսալով, թե նա նոր լիցք կհաղորդի իրենց։ Ոմանք առարկություն չընդունելով պնդում են, որ պատն իսկապես ու-նի այդ գերբնական օժտվածությունը, սակայն ուրիշներն էլ համարում են, որ այդ հավատ ինքնախաբեություն է ընդամենը։ Անհայտության պատը ձգվում է մինչև Վարդագույն Լուսապսակը և դեռ նրանից էլ հեռու՝ ստեղծելով անվերջության թվացում։
– Կարծես սկսվում է, հը՞,- տագնապած ասում է հարևանս։
Տագնապն անմիջապես փոխանցվում է ինձ. բոթբթում եմ հարևաններիս՝ գործելու համար առավել ա-զատ տարածություն գրավելու մղումով։ Քիչ անց սկսվում է ետընթացը։ Հևասպառ, քրտնմխած վազում ենք, որպեսզի հակառակ ընթացք միացրած սանդուղքը մեզ ետ չտանի։ Վերից կատաղի հայհոյանք է լսվում. բարձրացնում եմ հայացքս և տեսնում՝ միմյանցից կառչած երկու հոգի գլորվում են ուղիղ մեզ վրա։ Մենք ճիշտ ժամանակին ՙքաղաքավարությամբ՚ ճանապարհ ենք տալիս. նրանք գլոր-վում են ցած՝ այդպես էլ չկարողանալով վերականգնել հավասարակշռությունը։
– Նայի՜ր, Շ-ն ճեղքեց,- հարևանիս հևասպառ ձայնն է։
Իսկապես, Շ-ն բարձրացել էր բազրիքի վրա և ջանալով չդիպչել շարժվող ժապավենին, ձեռքերը լարախաղացի պես տարածած՝ երերալով վազում էր վեր։ Վարդագույն լուսապսակի հենքին՝ նա դեպի վառվող լապտերը թռչող թիթեռ էր հիշեցնում։ Սակայն Շ-ն, ի տարբերություն թիթեռի, զուրկ էր թևերից և, վերջ ի վերջո, կորցնում է հավասարակշռությունն ու ընկնում անդունդը։ Նրա գազանային ոռնոցը դեռ երկար հնչում էր ականջներիս մեջ։
– Հրեցին, նկատեցի՞ր։
– Չտեսա։- Մենք խոսում էինք՝ շարունակելով վազել։
– Հրեցին, հաստատ, ես տեսա։ Էն հաղթանդամ լակոտն էր։ Էդ հաստափորը հեռուն կգնա, թեև բութ է։
– Կամաց խոսիր։
– Ինչու՞։ Կարծում ես՝ համախոհնե՞ր ունի։
– Չի բացառվում։ Նրա մոտալուտ վերելքին շատերն են հավատում, նույնիսկ ասում են, թե նրա այս-տեղ գտնվելը թյուրիմացություն է՝ մի ինչ-որ խճճված պատմություն, որի մանրամասներին տեղյակ չեմ, բայց լսել եմ, որ վերևում նստած նրա հայրիկը ձեռնարկել է որդուն շուտափույթ վեր հանելու խնդիրը։
Նախազգուշացումս անհիմն չէր, բայց ուշացած էր, նույնիսկ համոզված չեմ, թե հարևանս հասցրեց լսել վերջին բառերս՝ նրան ցած գլորեցին։ Դա կատարվեց այնքան արագ, որ չհասցրի տեսնել հրողին, սակայն կասկածում եմ, որ դա արեց մեզնից մի աստիճան ցած կանգնած մոխրագույն կոստյումով մարդը՝ միամիտ երևալու իր ճգնանքով չափն անց է կացրել՝ հասնելով համարյա մանկական արտա-հայտության, որ անբնական էր ու զավեշտալի։ Քիչ անց նրան պարան նետեցին, ինչը հաստատեց իմ կասկածը։ Վեր մագլցելիս նա թունոտ հայացքներ գցեց իմ կողմը։
Սկսեցի շնչասպառ լինել, սակայն կանխազգացումը, թե ետընթացն ուր որ է ավարտվելու է, նոր լիցք հաղորդեց՝ ավելի աշխույժ շարժեցի ոտքերս, նույնիսկ թվաց, թե հաջողվել է ոչ միայն մնալ տեղում, այլև մի քանի աստիճան առաջ գնալ։
Գլուխս կախ՝ նայում եմ դոփող ոտքերիս տակից փախչող սանդուղքին. շրջակա իրարանցումին լավ է հիմա չնայել՝ ավելորդ հույզերն արագացնում են ուժասպառությունը։ Սակայն սուր ճչոցը, այնուամե-նայնիվ, ստիպում է բարձրացնել հայացքս։ Հավասարակշռությունը կորցրած կինը սլանում է ուղիղ իմ վրա։ Եվս մի քանի աստիճան՝ և նա իմ գրկում է։ Զգում եմ կնոջ մարմնի տաք հպումը, նույնիսկ հասց-նում եմ հիանալ նրա գեղեցիկ դեմքով… Բայց՝ միայն այդքանը. նրան պահել չեմ կարողանում, որովհետև ինչ-որ մեկը հարվածում է ոտքիս և քիչ է մնում ինքս էլ գլորվեմ։ Հավասարակշռությունս պահպանելու համար ինքնաբերաբար տարածում եմ ձեռքերս, և նա, դուրս սահելով իմ գրկից, շարունակում է գլորվել։ Ձեռքիս է մնում է նրա մետաքսյա փափուկ, երկնագույն գլխաշորը։
– Պահեք նրան,- գոռում եմ։
Նրան, իհարկե, ոչ ոք չի պահում. շարունակում է գլորվել, զարկվում է բազրիքին, շրջվում գլխիվայր ու անաղմուկ գահավիժում անդունդը։ Գոլորշու մակերեսին մի պահ երևում են ցրված մազերը, ծաղ-կավոր շրջազգեստը, մերկացած ոտքերը, կապույտ կոշիկները, և կինն իսպառ չքանում է մշուշում։
Երկար նայեցի նրա ետևից։ Լավ է, որ ետընթացն ավարտվել էր, այլապես այդ զգացմունքային զեղու-մը թանկ կնստեր վրաս։
Սանդուղքը վերստին առաջ էր շարժվում։
Վերջապես ազատ շունչ քաշեցինք։ Քիչ անց կսկսեն քննարկումները։ Բայց ես խոսելու տրամադրված չեմ։ Անդունդ ընկած կնոջ աչքերը ոչ մի կերպ չեն հեռանում մտապատկերիս միջից։ Տարօրինակ է, ինչու՞ էր այդպես համակերպված իր վիճակին, ինչու՞ ջանք չէր գործադրում փրկության համար։ Գու-ցե հոգնե՞լ էր մաքառումից ու անձնատուր եղել ճակատագրին։ Բայց չէ՞ որ ջահել է ու գեղեցիկ։ Կռա-հում եմ, որ ՙգեղեցիկը՚ կապ չուներ տրամաբանությանս ընթացքի հետ, ըստ երևույթին՝ չգիտակցված ցանկությունն էր՝ նրա գեղեցիկ լինելը մեկ անգամ էլ հիշելու։
Անցան օրեր, սակայն ես ոչ միայն չմոռացա նրան, այլև, անընդհատ բորբոքելով երևակայությունս, կարողացա մտերմանալ հետը.
ՙ- Շնորհակալ եմ, եթե դուք չլինեիք…- նա ժպտում է։
– Շատ գեղեցիկ եք։
– Չափազանցնում եք։
– Ամենևին։ Գիտե՞ք, միասին ավելի հեշտ կհաղթահարենք այս ճանապարհը։
– Բեռ չե՞մ լինի։
– Ոչ, ինչ եք ասում՚։
Եվ այսպես շարունակ, այլևայլ տարբերակներով։ Երևակայությունս ավելի էր բորբոքում նրա մազերի բույրը պահպանած մետաքսյա գլխաշորը, որ կապել էի վզիս։ Սակայն յուրաքանչյուր երևակայական երկխոսությունից հետո վերադարձն իրականություն ավելի ու ավելի տհաճ էր։ Ինձ միայնակ ու օտա-րացած էի զգում։ Մռայլված հայացքով նայում էի վեր՝ Վարդագույն լուսապսակին, և նրա ճաճանչները մի տեսակ կեղծ էին թվում, իր ամբողջ շքեղությամբ հանդերձ՝ ինչ-որ անբնական, սինթետիկ բան կար այդ վարդագույն լույսի մեջ, որ նախկինում չեմ նկատել։ Գուցե հիմա էլ այդպես չէր, տրամադ-րությունս էր մեղավոր պարզապես։
– Է, եղբայր, ձեռքից գնում ես,- ասում է մի աստիճան վեր կանգնած ծերուկը՝ հեգնական ժպիտը երկար վրաս պահելով։- Ես վաղուց էի կասկածում, որ դու անհույս երազող ես։ Զգույշ մնա, շարժասանդուղ-քը ռոմանտիկներին չի սիրում։- Իմ կործանումը կանխատեսող նրա հայացքը միայն արտաքնապես է ցավակցող, խորքում ջերմանում է նենգ չարախնդությունը։
– Դեռ ո՞ղջ ես, փլատակ,- չկարողացա ինձ զսպել։- Ի՞նչ ես այդպես կառչել սանդուղքից, այն կողմ անցնելուդ ժամանակն է։- Ի՞նչ…- ծերուկը թունոտ ծիծաղեց և անսպասելիորեն դեմքիս դեմ տվեց երեք մատների հայտնի կոմբինացիան՝ այնքան մոտիկ, որ բութ մատը քսվեց այտիս.- Սա տեսնու՞մ ես, փսլնքոտ։
Նշան բռնեցի ծնոտին, բայց հարվածի պահին նա մի քիչ իջեցրեց գլուխը, և բռունցքս դիպավ քթին։
– Դեռ կզղջաս,- չարությամբ նետեց նա՝ թքելով բերանը լցվող արյունը։
Զայրույթս սկսեց արագորեն մարել՝ տեղը զիջելով խղճի խայթին։ Ոչ, տրամաբանորեն հեռու էի ինձ մեղադրելուց, սակայն խիղճը, հավանաբար, միշտ չէ, որ ենթակա է տրամաբանությանը։
Հաջորդ ետընթացն ինձ համար վերջինը եղավ։ Չտեսա, թե ով հրեց, բայց կարծում եմ՝ ծերուկն էր. երբ գլորվում էի, վերից լսվում էր նրա թունոտ ծիծաղը։ Փորձեցի կանգնել, բայց ետ գնացող սանդուղքը փախցրեց ոտքերս ու փռվեցի։ Երկրորդ փորձս ավելի հաջող էր, սակայն նոր էի պատրաստվել ուղ-ղելու մեջքս, երբ մի ուժեղ աքացի դարձյալ տապալեց ինձ։ Կորցնելով կողմնորոշումս՝ ինքս չզգացի, թե ինչպես հայտնվեցի բազրիքի այն կողմում՝ անդունդի պռնկից կախ։ Մատներս կառչել էին շարժվող ռետինե բռնակից, որն ինձ ետ էր քարշ տալիս։ Հարկավոր էր ձգվել, քանի ձեռքերս չեն ուժաս-պառվել։ Սակայն ինչ-որ մեկը, ասես կռահելով մտադրությունս, ոտքով ուժգին հարվածեց մատներիս։ Ցավը սաստիկ էր, բայց դիմանում էի և քիչ անց, այնուհանդերձ, փորձեցի մագլցել։ Այս անգամ երևի փայտով հարվածեցին։ Մատներս այլևս անկարող եղան ենթարկվել գիտակցության աղերսանքին և բացվեցին դավաճանաբար։ Ճեղքելով գաղջ գոլորշին՝ սուրացի ցած։ Տարօրինակ է, ընկնելու ժամա-նակ վախին միախառնվեց պստիկ մի հետաքրքրություն, որն առավել շոշափելի դարձավ արդեն ան-դունդի հատակին, երբ շրմփացի թաց հողաթմբին, շարժեցի ձեռուոտս և հասկացա՝ ողջ եմ։
Ցավում էր մեջքս, մի փոքր էլ ծոծրակս. վայրէջքը շատ ավելի բարեհաջող էր, քան կարող էի պատկե-րացնել։ Ցավը միանգամայն տանելի էր, նույնիսկ հաճելի, որովհետև հիշեցնում էր ողջ մնալս։ Հեշտո-րեն ոտքի կանգնեցի և նայեցի վեր: հայացքս թաղվեց գոլորշու մեջ։ Նույն գոլորշին էր, սակայն նրան նայում էի արդեն վարից։ Այնտեղ, վերևից, խուլ արձագանքներ էին լսվում՝ արթնացնելով հայրենա-բաղձության նման ինչ-որ զգացումներ։
Կանգնած էի Անհայտության պատին մոտիկ, շարժասանդուղքի տակ։ Աղոտ լույսը սառնորեն արտացոլվում էր թաց, լպրծուն գետնին։ Հանկարծ հնչեց բարձրախոսի անկիրք ձայնը՝ ՙԲարի գալուստ Ան-հաջողակների քաղաք՚։ Շրջվեցի ձայնի կողմը և տեսա այդ քաղաք կոչվածը. նեղ, մութ, ցեխոտ փո-ղոցներ, խարխուլ տներ, որոնց հազիվ լուսավորված կեղտոտ պատուհանների ետևում ալարկոտ ստվերներ էին շարժվում, ծուռտիկ հեռագրասյուներ, ջարդված լապտերներ և աղբակույտեր, որոն-ցում վխտում էին առնետները։
Մրսում էի, ծխել էի ուզում։ Քրքրեցի գրպաններս, բայց սիգարետ չգտա։ Քայլեցի պատի մոտով։ Կպչուն ցեխը դժվարացնում էր քայլելը։ Շրջակայքից գարշելի հոտ էր գալիս։
Շուտով հանդիպեցի մազակալած դեմքով մի ցնցոտիավորի, որ նստած էր չեչոտ քարին՝ պատից հե-ռու, և ուշադիր նայում էր վեր։ Ինձ նկատելով՝ հարցրեց.
– Նոր ընկա՞ր։
– Ի՞նչ իմացար։
– Նորեկներն են սանդուղքի տակով քայլում։ Էս կողմ արի։ Իմ նստած տեղից ավելի մոտ գնալը վտանգավոր է,- զգուշացրեց նա։- Այսինքն՝ քո գործն է, բայց խորհուրդ չեմ տալիս։
– Ինչու՞։
– Վերևից թքում են, խնչում, բան-ման գցում…
– Պարզ է։
Հենց այդ պահին, ասես ցնցոտիավորի ասածը հաստատելու համար, վերից ինչ-որ գարշահոտ զանգ-ված ընկավ և ծեփվեց գետնին, ցայտերը նախշեցին կոշիկներս։
– Էժան պրծար,- նկատեց ցնցոտիավորը։
– Ծխելու բան չունե՞ս,- հարցրեցի։
– Չէ։
– Ծխել եմ ուզում։ Խանութը հեռու՞ է։
– Նստիր ու սպասիր։
– Ինչի՞ն։- Այնուամենայնիվ նստեցի նրա կողքին, քարի վրա։
Նա թեթևակի բարձրացրեց կարկատած լայն տաբատի միջից հազիվ նշմարվող ոսկրոտ հետույքը, տակից հանեց լրագրի խունացած էջը, կիսեց ու կեսն ինձ տվեց.
– Քարը խոնավ է, դիր տակդ։ Հեմորոյը դեռ ոչ ոքի երջանկություն չի բերել։
– Թու՞ղթն է, որ պիտի փրկի։
– Կարևորը համոզմունքն է, որ քո մասին հոգ ես տանում։
– Չասացիր, թե ինչի ենք սպասում։- Թուղթը դրեցի տակս։
– Ծխել չէիր ուզու՞մ։
– Վերի՞ց,- վերջապես կռահեցի ես։
– Բա էլ որտեղի՞ց։- Նա լռեց ու կտրուկ վեր նայեց։- Ահա, ինչ-որ բան է իջնում։
– Իսկ եթե նորից…
– Կղկղա՞նք… Չէ, նման չի։ Բայց ծխախոտ էլ չի։- Նա վեր թռավ տեղից, վազեց պատի մոտ ու ճարպ-կորեն որսաց ընկնող իրը՝ օգտագործելով գրպանից արագորեն հանած ցանցը։- Մսով կարկանդակ է։ Սոված չե՞ս։
– Ոչ։- Զզվանքով նայում էի մասամբ կերված կարկանդակին։
– Է, եղբայր, քո բանը դժվար կլինի, զզվողներն ազատ ապրել չեն կարող, ստիպված ես լինելու աշ-խատել, բայց, իհարկե, ոչ սպիտակ վերնաշապիկով ու փողկապով,- նա մատնացույց արեց հա-գուստս և ծիծաղեց։- Էստեղ հագուստիդ համապատասխան աշխատանք չկա։
Լռեցինք։ Պատի տակ ինչ-որ բան կայծկլտաց։
– Ահա և սիգարետը,- ասաց ցնցոտիավորը։- Վերցրու, ծխիր, ես դեռ պետք է սնվեմ, կարկանդակի այս փառահեղ մնացորդն ինձ է սպասում։ Եթե զզվում ես, մի հարմար խողովակ գտիր ու սիգարետը մեջը մտցրու։ Այ այն ապակյա խողովակի կտորը կարծես հարմար է, այն, որի ծայրը ցցված է փալասների միջից։
Չսխալվեց, նրա ցույց տված խողովակը,- նախկինում քիմիական կամ բժշկական ինչ-որ սարքի մաս,- ասես հատուկ նախատեսված էր ծխամորճի տեղ օգտագործելու համար։
– Հետո դեն չգցես, էլի պետք կգա,- զգուշացրեց ծանոթս։- Չես ուզի՝ ինձ կտաս։
Թաշկինակով մաքրեցի խողովակի ծայրը և սիգարետը մյուս ծայրին հագցնելով՝ ծխեցի։ Ծխելու ըն-թացքում, սովորության համաձայն, անհանգիստ նայում էի շուրջս։ Ցնցոտիավորը նկատեց և քմծիծա-ղեց.
– Հանգիստ վայելիր, սանդուղքի վրա չես, ոչ ոք չի հրի, ու՞ր հրեն։
Նորից նստեցի չեչոտ քարին, որի ծակոտկենությունը պարզորոշ տպվել էր վրան դրված թերթին։Ծա-նոթս հոտոտեց սիգարետի ծուխը։
– Թանկարժեք է,- նկատեց։- Ի՞նչ ֆիրմա է։
– Չգիտեմ, չի երևում։
– Ամենավերից գցած կլինեն։- Նա բերանը տարավ կարկանդակը, սակայն վերջին պահին նկատեց ցցված բարակ պարանը։- Ոնց որ առնետի պոչ լինի,- ասաց։- Դրա համար էլ չեն կերել,- անվրդով նկատեց, ապա դուրս քաշեց պարանը կամ պոչը և ախորժակով կծեց կարկանդակը։- Այո,- նորից խո-սեց՝ ծամելով,- աշխատանք ճարելը հեշտ բան չի, համ էլ՝ քիչ են վճարում, այնպես որ՝ ես գերադա-սում եմ ազատ լինել։ Ես և ինձ նմաններն այստեղ են սնվում՝ սանդուղքի տակ։
– Եթե լավ վարձատրվող աշխատանք լինի, կհրաժարվե՞ս ազատությունից։
– Պրովոկացիոն հարցեր մի տուր։ Ազատությունը չի վաճառվում։- Ցնցոտիավորը բերանը խոթեց վեր-ջին պատառը և յուղոտ ձեռքը մաքրեց շալվարի վրա։- Ահա և իմ սիգարետը։ Ինչ էլ մոտիկ գցեց ու կարևորը՝ ժամանակին։- Նա բարձրացրեց ծխացող քնթուկը և պատն ի վեր գոռաց.- Շնորհակալ եմ, բարի մարդ։- Ապա դարձավ ինձ.- Մի վհատվիր, այստեղ էլ կարելի է ապրել, կվարժվես աստիճանաբար. մի քիչ ցուրտ է, մի քիչ մութ, մի քիչ կեղտոտ, բայց, փոխարենը, ոչ մի տեղ չես շտապում, շնչասպառ չես լինում, սրան-նրան չես հրում…
Փողոցի մեզ երևացող անկյունում ստվերներ հայտնվեցին, մոտեցան միմյանց և սկսեցին փսփսալ։ Նրանց գլխավերևւմ ճռճռալով ճոճվում էր ծուռտիկ լարին կապած երթևեկությունն արգելող նշանը։
– Այստեղ մեքենանե՞ր կան,- հարցրի ծանոթիս, որը երանությամբ վայելում էր սիգարետի մնացուկը։
– Հատուկենտ,- պատասխանեց նա։- Նշանի տակ կանգնածներին տեսնու՞մ ես… Դավադիրներ են։
– Նրա՞նք։
– Կամաց։
– Ինչու՞։
– Լրտեսներ։
– Ի՞նչ լրտես…- Սովորական։ Վերից են ուղարկում։ Շենքի մոտի մեծ տակառը տեսնու՞մ ես։
– Տեսնում եմ…- Զարմանքով նկատեցի, որ տակառը մերթ ընդ մերթ ցնցվում էր ու շարժվում դեպի նշանի տակ հավաքված խումբը։- Մի՞թե…
– Այո։ Տակառի վրա երևի անցքեր կան։
– Գուցե ես էլ եմ լրտես, չես կասկածու՞մ։
– Դու՞,- ծիծաղեց ծանոթս։- Լրտեսները չեն շրմփում կեղտի մեջ, նրանք իջնում են մեզ անհայտ ինչ-որ խորշերով։ Հետո՝ տեսքդ, պահվածքդ… Ես փորձված մարդ եմ։- Վերից մի փայլուն իր ընկավ։- Օհո՛,- ուրախացավ նա,- մի ամբողջ տուփ, միջից ընդամենը երեք հատիկ է պակասում։ Խեղճի ձեռքից դուրս է պրծել երևի։ Այսպիսի անուշադիր մարդը շուտով ինքն էլ ցած կգա։ Վերցրու՜, մարդավայել ծխենք։
– Իսկ ի՞նչ դավադրություն են պատրաստում նրանք,- ասացի՝ վերցնելով առաջարկված սիգարետը։
– ՈՒզում են պայթեցնել սանդուղքը։
– Կհաջողվի՞։
– Չեմ կարծում։ Լրտեսները լավ են աշխատում։ Եվ ի՞նչ իմաստ, ի՞նչ է փոխվելու… Անհաջողակներ այլևս չե՞ն լինի։ Ծիծաղելի է։
– Նրանց զգուշացնել է պետք, տակառը շատ մոտեցավ։
– Իրենք արդեն նկատել են։ Լսի՜ր։
Ես լարեցի ուշադրությունս. խումբը երգում էր՝ երգ, որ ոռնոցի էր նման։
– Հարբա՞ծ են ձևանում,- կռահեցի։
– Տեսնում եմ՝ համակրում ես, կարող ես միանալ, եթե ցանկանում ես։ Իսկ ես չեմ ցանկանում, ինձ համար այսպես էլ վատ չէ։ Կանայք էլ կան, գիտե՞ս։ Ճիշտ է, որակի համար չեմ երաշխավորի, բայց դե ուզածդ կնոջ մարմին տաք է… Եթե դիակ չէ։- Ցնցոտիավորն ուրախ քրքջաց սեփական կատակի վրա։- Ի դեպ, այս քանի օրս մի հմայիչ կին ընկավ։
– Երկնագույն գլխաշորո՞վ,- անհանգստացած հարցրի ես՝ իսպառ մոռացած, որ գլխաշորն իմ վզին է։- Սև մազերո՞վ, ծաղկավոր շրջազգեստո՞վ…
– Եվ կապույտ կոշիկներով։
– Հիմա որտե՞ղ է։
– Ի՞նչ իմանամ։ Բայց հեռու չէր գնա, նոր ընկածները ընկած տեղից շատ չեն հեռանում։ Հանգիստ նստիր ու սպասիր. փնտրելու ամենաարդյունավետ միջոցը մի կետում սպասելն է։
– Փնտրել չես սիրում, դավադիրներին չես միանում… Ինչո՞վ ես ապրում։
– Հավատով։
– ՈՒ՞մ կամ ինչի՞ն ես հավատում։
– Անհայտությանը։
– Պատի՞ն։
– Պատին հավատացողները շատ են. հովանոցները քաշում են գլխներին, մոտենում և աղոթում։ Խո-ռոչներում մոմեր չնկատեցի՞ր։
– ՈՒշադիր չեմ նայել։ ՈՒրեմն՝ պատին չես հավատում։
– Չէ։ Ես հավատում եմ նրան, ինչը պատի ետևում է, այսինքն՝ անհայտությանը։
– Իսկ եթե չկա՞…
– Ինչպե՞ս կարող է չլինել անհայտությունը, դա միակ բանն է, որ հաստատ կա։ Կուզե՞ս, ինձ միացիր։
– Սպասիր, շունչ առնեմ, նոր ընկա։ Իսկ վեր բարձրանալու ոչ մի հնար չկա՞… Դե, ասենք, եթե պատի մեջ աստիճաններ փորենք, կամ էլ՝ պարանով… Ոչ ոքի չի՞ հաջողվել։
– Կարծեմ մի երկուսին հաջողվել է։ Երկրորդ անգամ ընկնելն ավելի ցավոտ է։
Վերից ինչ-որ ստվեր երևաց։
– Մա՞րդ է,- հարցրեցի։
– Չէ։ Մարդն էսպես չի սավառնի։- Ծանոթս արդեն ոտքի էր ելել և սավառնող ստվերի տակ այս ու այն կողմ էր վազվզում։- Այ քեզ հաջողություն…- պայծառացավ նա, երբ վերջապես որսաց բաճկոնը։- Ի՛նչ լավն է… Այս անցքը կկարկատենք, կոճակ աղբակույտի մեջ կճարվի… Հոյակապ է։- Նրա հայացքը հանկարծ կտրվեց բաճկոնից և ուղղվեց փողոցի կողմը.- Ի՞նչ էի ասում, տեսա՞ր, որ փնտրելու լավա-գույն միջոցը տեղում սպասելն է։
Ես անմիջապես կռահեցի և վազեցի նրա ցուցանած ուղղությամբ։
Նա էր, երկնագույն գլխաշորի տիրուհին, նրա՜ կապույտ կոշիկներն էին կտկտացնում թաց գետինն իմ առջևում։
– Դու՞ք,- զարմացավ նա, երբ հավասարվեցի իրեն։
– Ճանաչեցի՞ք… Ընդամենը մի պահ տեսնվեցինք այնտեղ՝ վերևում։ Ցավում եմ, որ չկարողացա պահել ձեզ։
– Ե՞րբ ընկաք։
– Այսօր։- Քանդեցի վզիս կապած գլխաշորը, տվեցի նրան.- Ահա, վերցրեք, ձերն է։
– Շնորհակալ եմ։- Նա կապեց գլխաշորը, որը փոքր էր վարսերը լիովին ներառելու համար և գուցե նաև այդ պատճառով՝ շատ էր սազում իրեն։
– Սկսե՞լ եք վարժվել։
– Ես երկրորդ անգամ եմ այստեղ. դա վաղուց էր, ես այն ժամանակ դեռ շատ ջահել էի։
– Հիմա էլ ջահել եք։
– Այո՞…- Նա ժպտաց, հպանցիկ նայեց ցուցափեղկի ապակուն՝ ուղղելով գլխաշորը։ Կեղտոտ ապակու ետևից մեզ էր նայում մի ցուցանակ՝ ՙՎաճառվում են ուրախ դիմակներ։ Էժան գնով կարող եք ձեռք բերել ամենալավատեսական ծիծաղը։ Կարելի է՝ ապառիկ՚ և՝ հռհռացող մի ապուշի դիմանկար։
– ՈՒզում էիք ինչ-որ բան պատմել ոնց որ։
– Վերից,- սկսեց նա,- դեպքից դեպք, տեսուչներ են ուղարկում այստեղ։ Շրջում են, դիտում, ուսումնա-սիրում, հարցուփորձ անում, գրի առնում… Մի խոսքով՝ տարբեր ձևականություններ, որովհետև մեկ է՝ ամեն բան մնում է նույնությամբ։ Եվ ահա, այդ տեսուչներից մեկը՝ համակրելի մի երիտասարդ, սիրա-հարվեց ինձ ու տարավ վեր։ Սկզբում ամեն բան լավ էր, նույնիսկ՝ շատ լավ։ Բայց հետո նա դարձավ ավելի ու ավելի անտանելի։ Յուրաքանչյուր առիթով հիշեցնում էր, թե որտեղից է ինձ դուրս քաշել, թե որքան երախտամոռ եմ և այլն։ Մնում էր ամեն օր մոմ վառեի առջևը։ Չդիմացա ու մի օր փախա նրա-նից։ Բայց զգոնությունս կորցրել էի, ճիշտ կողմնորոշվել չկարողացա ու գլորվեցի։
– Ցավալի է։ Ամենավերևու՞մ էիք։
– Համարյա։ Վարդագույն Լուսապսակն այնքան մոտ էր, որ թվում էր՝ բավական է ձեռքս մեկնեմ ու կդիպչեմ։- Նա մտասույզ եղավ։- Գիտե՞ք, ինձ թվում է մեծ, հարատև երջանկություն չի լինում։ Ի՞նչ եք կարծում։
– Գուցե։
– Բայց փոքր ուրախություններն էլ մի բան արժեն, չէ՞։
Այդպես զրուցելով քայլում էինք ցեխոտ, մութ, ծուռտիկ փողոցով։
Հետաքրքիր գործ է,բայց ինձ անավարտ թվաց:
Ինձ դուր եկավ: