Ինչքա՞ն կարելի է երկարեցնել ձայնս, որ օրորոցի մի քանի շարժում ներառի իր մեկ տևումի մեջ: Կամ օրորոցի քանի՞ շարժում պետք է
ներառի ձայնի մեկ տևում-պարբերությունը: Կամ քանի՞ նման շարժումն է լավագույնը: Կամ իմաստ ունի՞ ընդհանրապես նման հարցը:
Ամեն անգամ ձայնս ծորում ու տարբեր թվով տատանումներ է ամփոփում, և օրորոցայիններս ամեն անգամ նոր կերպ են համահնչում օրորոցի հետ: Այսպես ամեն օր կրկնվում ու փոփոխվում են: Այնքան հին և հայտնի է, որ ես քեզ իմ լեզուն եմ տալիս: Ձայնս բառերին դնելու փափկությունը:
Այսօր էլ եմ ուզում քեզ հետ խոսել, բայց քեզ հետ զրույցի բառերը պիտի գտնեմ դեռ: Ինչ չես հասկանա, հետո կհիշես, որ ավելի հետո հասկանաս: Քեզ հետ զրույցները սովորաբար օրվա պատումներից են սկսվում, ինչպես և գուցե ամեն ինչ… Եվ ո՞վ կարող է ցույց տալ ինձ ժամանակը, եթե ես հիշում եմ իմ բոլոր բառերը իմ յուրաքանչյուր հաջորդ բառի մեջ: Եվ դա միայն առաջին հայացքից է հետաքրքիր, իսկ իրականում այնքան ծամծմված բան է:
Եվ ահա պատումը: Ջրափոսերը չափազանց գայթակղիչ են՝ չչրմփացնելու համար: Ես չեմ տեսնում այն ջուրը, որով լվացվում եմ: Կրկնվող պատմություններ են, որտեղ տեսնում ենք մեր մեծանալը: Կրկնություններ, որ տարածում ենք տարբերվելով: Ձյունապաստառներ լուսնալանջերի ծանոթ երևումներում: Կիսով չափ գույներից մաքրված աշխարհը: Ազատություն՝ ընտրելու գույներ ուրիշ բաների համար: Տեսնել մառախուղը և սուզվել վերմակի տակ…
Բայց դեռ կարող է վրդովվել իմ խաղաղությունը: Եվ լավ է, որ զուգահեռ գալիս է ռիթմը, և նորից քնքշանալու առիթ է լինում: Երգում եմ: Բանաստեղծություն եմ գրում: Նորից գեղեցկության օրերն եմ հիշում: Իմ խաղաղ, փայլածու ձևերը՝ կրկնվելու վախից ազատ: Բառերի հախուռն այցելությունը, որ կարգավորվում է իմ մեջ: Հերթով դասավորվելու կերպերը, որ լայնացնում են աչքերս: Աչքերը փակելու ու խորը շնչելու նման: Ահա: Կրկնությունը զուգորդվում է խաղաղության հետ: Համասեռությունն է խաղաղության ու կրկնության: Պահը, երբ նորից սկսում ես չամաչել նրա համար, ինչ հին է: Խոհի կնոջական տեսակ. հաջորդականություն, որ սիրո մեջ է ծավալվում:
Ինչպե՞ս են որոնողները նշանվում ժպտացողների հետ: Ի՞նչ կարող է ծնվել որոնողի ու ժպտացողի հանդիպումից: Պայմանական սահմանափակումների միջակայքերում: Իրենքիրենց վերադարձող գրչածայրերի սահմաններ: Անհրաժեշտագույն տարբերությունը մենակության համար: Կենսական մենակության: Եվ սեր, որ նորից ամեն ինչ շրջանցելով է լինում՝ քո խաղաղության պահուստների հաշվին, ու չի կորչում նրբերանգների մեջ: Ամեն ինչ մեկ տեղում հաշվի առնելուց հետո:
Եվ տարբեր են լինում ձայներանգները, որ նորից հախուռն են ու դասավորվում են: Նվազագույն արթնությունը, որ հուզում է քնածներին, և քնի հաշվին տեսած երազները: Անքնության առույգ ձայնը: Խաղաղարար լռության տարաժամը: Լուռ, անամբողջ օրերի աղմուկը: Երբ նորից շփոթում ես իրականությունը, մինչ առավոտը քեզ համար էլ դառնա ամենաքաղցր քունը: Տագնապով հետևում ես քնածների շնչառությանը՝ չունենալով երազի պատումը: Անորոշությունն է կրկնվող տրոփների միջակայքերում: Գլուխը դնելու մասին հիշել: Կարմրած աչքերի հեռանկարը: Պատշաճ հեռավորություններ տրոփների:
Եվ որտեղի՞ց պիտի նորից գա ձևը: Տարաժամ ինքնընթերցման բառեր, որ հայացքի սևեռման ուղղությունն են: Նայել խաղաղությանը, երբ արևի ներկայության բոլոր ձևերը սիրելի են: Ամռան վերադարձը: Ձև, որ այսօր հուսալի է դարձել ինձ համար՝ ասելու քեզ այս բաները: Ի՞նչը կարող է լինել այդ արևի ձևը: Ինչպե՞ս է այդ ամբողջ բազմազանությունը նորից ներդաշն շոյանքի փոխվում: Դա տրոփների գեղեցկության պատմությունն է: Հավասարահեռ ձայներ են, որոնց ներկայությունն ու բացակայությունը հավասարակշռվում է նույնությամբ: Խմորվում ենք ու տրոփում ենք, և դա լցնում է ողջ անքուն գիշերն ու ցերեկը: Անվանե՞լ հավասարահեռ ու նույնական այդ ձայներն առանձին-առանձին: Հիշո՞ւմ ես՝ դեռ բոլոր ձայներն անուններ չունեն և իրար վրայով անցնում են, հերթով իրար գտնում: Ինքնահղումների այդ ողջ դարձդարձիկ լարվածությունը, որ ամփոփվում է խաղաղության մեջ: Ձայնի ու լռության պատահականությունը, որ միայն խաղաղության մեջ է իմաստավոր:
Խունանալուց առաջ հավաքեցի թղթերն ու դրանց վրա բանաստեղծություններ գրեցի: Ոչ թե քաղաքի խոսքերի ընտրանին, այլ քաղաքի առասպելը… Բայց սա մտքի մասին միտք է, որտեղ տառերը շեշտեր են: Եվ ամեն անգամ պետք է նոր կառույցներ գտնել նոր այցելությունների համար: Հետո առաջանում է տեղավորելու խնդիրը: Նոր գտած իրերը: Դրանք ամենաբարդն են: Թույլ չտալ, որ այստեղ-այնտեղ լինեն: Լույսը տարբեր մուտքեր ունի:
Անկի՞րք են պարույրները: Դրանք պարույրներ են, երբ արդեն խաղաղության են վերածվել: Անկի՞րք է խաղաղությունը: Թափթփվածություն արդեն չկա:
Հերթով շարված ներկայություններ՝ պոետական ձևի մեջ: Այնպես հեշտ են նույնանում իրերը: Առանց մասնակցելու: Անաղմուկ: Ճանապարհի արդյունք է այս համատարած զովությունը: Փոխանցիկ նույնությունը ձևերի: Եվ ո՞րն է իմ կիսատության տեղը և իմ պայմանականության չափը, որ չափ է տալիս իմ ջրերին, և իմ սոփեստության տեղը և տեղը, որ ես անտեսում եմ: Պատասխաններ, որ միայն իբրև որոնում են հնչում: Որտե՞ղ է ոլորվում ձևի տարբերությունը:
Խոհի՞ վրա կանգնել, թե՞ հարցի: Մտքի ցնորատիպ հաճախումներ կիսաբաց աչքերով: Պատահական համասեռություններ իմաստների: Ինչպե՜ս է կազմակերպում մեզ մանրուքը: Համբերության բնույթը պատահական զուգորդումների մեջ: Կրկնությունների ձևերը՝ խաղաղության ձևերի պատմություն: Գեղեցկության ու համբերության ձևերը կրկնություններից առաջ: Պատմություններն ամփոփումների ու կրկնությունների՝ անվանական նախադասություններով: Անտեսանելի ավարտ: Շարահյուսվող դադարի պահ, պահ, որտեղ հաջորդ բառը դեռ չի հնչել, բայց արդեն հաջորդ է, որովհետև արդեն կա: Իսկ ջուրը առասպելի ջուրն է կամ հեքիաթի ջրաղացի:
Համբերությունը՝ Ժամանակի ամբողջական ընկալում: Նույն բառերի շուրջ պտտվող բոլոր այցերը: Երկրներ, որ հետո իրենք իրենց սեղմում են … տանը: Ընտանիքներ, որ ամեն երեկո դառնում են այն, ինչ կան: Իբրև մեկ բանաստեղծություն ընթերցվող բոլոր գրքերը: Խաղաղությունը՝ ետընթերցում՝ անհնարինություններից անդին:
Ինչ-որ մեկի պատմությունը: Ինչ-որ մեկը մի պատմություն տարրալուծել էր բաժանելի մասնիկների, ինչ որ ինքը չէր արել, վերագրանցել էր իր անունով ու վերջում հասկացել, որ ինքն այնտեղ անելու բան չունի, ու որ անիմաստ է ամեն բան: Պահն էր, երբ հարկ է լինում ասել ինչորէ: Ծերունու աչքին՝ ակնոց, ակնոցի դիմաց՝ խոշորացույց, որ տառերը լինեն քանց մասուր մի, ու որ ծերունին տեսնի…
Գուցե դու էլ սովորես քո արածի մասին պատմել. պատահական կոր գիծ օդում քաշված շարժումից հետո, օգտագործված առիթ սեփական տան հարազատությունից դուրս կամ մուտք պատշգամբից, դիրք, որտեղից հատկապես հաճելի են սեփական սենյակի բոլոր կորերը… Երբ դրանց վրա լռության նստելուց հետո թվային էկրանին ձեռքդ պատահական կորն է գծում, և հանդիպում եք դու և թիվը…
Թվերով առանձնացված պոեմական միավորներ օրերի: Օրեր, որ պահեցի ավելի հասուն ժամանակների համար: Ո՞ր օրերն են, որ պիտի անցնեն, և ո՞ր առիթները: Եվ ի՞նչ ներշնչանքի պահեր պիտի լինեն դրանք: Սեփական տևումն զգալու ակնհայտ վճռականություններ, որ ոչ մի մխիթարանք չունեն, բացի չտեսնելը: Եվ այնուամենայնիվ, տեսնելն է, որ վերադառնում է շարունակ՝ ուրիշ բաների փոխվելով: Մտածելու բոլոր հնարավորություններից հետո:
Այնտեղ՝ առանց անունների ժամանակներում, երբ տանիքների վրա ձյուն էր գալիս…
Նոր հեքիաթ ամեն գիշեր: