Նարեկ Գասպարյան | Էտապ 15

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

***
պետք է՝
դասավորել պատշգամբը, այրել այն,
սառչել ուրիշի հայացքում, քարանալ
գիտակցության մեջ լուծվելուց,
կրակել փամփուշտը, նետը նետել
դեն, մի կողմի վրա,
ճագարներին որսալ,
բաժանել միսը,
գալ դեպի այն ամենահեռու
մոլորակը, ճոճվել ճոճորանին,
շոշափել ստրատոսֆեռան,
շոշափել մագման,
արթնանալ…

 

Y-Z

սպանել լռությունը
քաղաքի աղմուկում,
ունենալ հույս, ոճ, ձև,
ունենալ բոլորին,
անմիջականորեն,
ու բացիկներ ուղարկել անցյալ, կամ
«Y-Z» ուղղությամբ,
ուր վարջնականապես
չեն սպասի
մեզ,
չէ,
ձեզ, չէ
չբացահայտվածին,
քաոսին,
կամ էլի,

տոթ ու
հնարավորինս
մուգ,
չամփոփված,
ուստի
չհասած,
գիրը՝
նրանց, մեր,
բոլորիս համար,
հատկապես քո,
ու ստիպված եմ
հանձնված
լինել պայքարին,
ընկածների, չէ,
հպման համար,
ամենի հետ:

 

***
դուրսը՝ գիշերվա ստվերում,
վիճում են լուռ, դեսից- դենից,
և դու սիրում ես լուռ նրանց,
ստվերիցդ թաքուն,
պարկած բազմոցիդ տակ,
որտեղ նեղ է ու ջերմ, չէ որ
բազմոցի վրա պատմություններ են,
նոստալգիա, թափված սուրճ,

օրագիրդ լցված սնահավատությամբ
սև կատուների հանդեպ,
որոնց մուգությունը
թաքցնում էր սերդ,

բայց ես կսեղմեմ ձգանը,
որ ծնվես կատու, ու
երազս դատարկվի
քեզանով․․․

 

***

Ինչպես ճաքը սիրած բաժակին,
Լուցկին՝ հրդեհված անցյալին,
Ջրածինը՝ սուզվող նավին,
ու ձգված ջիլ նրա ուղևորին,
պետք ես, երբ,

լռությունը գալիս ու
աղմկոտորեն ծեծում է
սահմանափակ գոյի
խուլ գիտակցության դռները,
որտեղ չէն սպասում,
ու բռունցքների ափսոսումը՝
ծիծաղելի է,
ինչպես նրանց մեջ փչացող
մեկ բուռ հիշողությունը։

 

***

Չէ, չընկավ ամենավառը
երազանքիդ համար, ու
անձրևաջուրը լղոզեց
բոբիկ մարմինդ տառերին,

չմաքրագրեցիր ամենասիրածդ
լուսաբացը, ու նրա ստվերը
բազմացող ատոմի պես
չլիացրել ներսդ։

 

***
ես անկեղծորեն հաշվի եմ առնում
գաղափարները, սովորույթներն
ու ալգորիթմները, ու դա անելու համար
ցուցումների մի շարք տեղադրվում է
այն վայրում, որտեղ կարող է ծնվել
անհատականությունը,
ու նա կարող է գոյություն ունենալ
միայն այն պայմանով, եթե մեր երևակայությունը
կարողանանք փաթեթավորել մեր ընկալման
հնարավորությունների նեղ շրջանակում,
հակառակ դեպքում՝ նրան
տապալելու է իրականությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *