Ռիչարդ Բրոտիգան | Եթե մեռնեի քեզնից առաջ

Համբույր-ուրու

Ավելի
դժոխային
ոչինչ չկա,
քան պատկերավոր
հիշել համբույրն այն,
որն այդպես
էլ չի եղել։

 

***
Պտույտ գալով,
ինչպես ուրու
կատարի ստորեն
Ես տանջահար եմ լինում
այն ընթացքից,
որ պիտ ապրեմ
առանց քեզ։

 

Եթե մեռնեի քեզնից առաջ

Երբ արթնանաս մահից,
Կհայտնվես իմ գրկում,
Եվ ես կհամբուրեմ քեզ
Եվ ես կարտասվեմ։

 

***

Մեռնելու արարը
Ավտոստոպով
Օտարոտի քաղաք
Թափանցելու պես մի բան է,
Որտեղ պաղ է,
Ու անձրևում է
Ու դու մենակ ես
Կրկին։

Հանկարծակի,
Մարում են փողոցային լամպերը,
Վրա է հասնում
Մութը
Այնպես, որ անգամ
Շենքերն են
երկյուղում իրարից։

 

***

Գլխիցդ հանիր սերը,
Ես մեռնել եմ ուզում
Քո դեղին ծամերում։

 

***
Հիշում եմ,
Կոլա էիր խմում։

Երբեք չէի պատկերացնի,
որ կոլա խմողը
կդառնա հրաշալի բանաստեղծություն։

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Դու մտածու՞մ ես իմ մասին
Այնքան հաճախ,
Որքան ես` քո մասին։

 

ՍՊԱՍՈՒՄԸ

Ոնց որ
շատ ժամանակ է
անցել, ինչ
հավաքում էի փունջ
համբույրները
նրա շրթունքներից
ու դնում սրտիս արշալույսաներկ
ծաղկամանում ։

Բայց
սպասել
արժեր,

որովհետև
սիրում էի։

 

Մի կերպ ապրում ենք
ու նորից մեռնում

Մի կերպ ապրում ենք
ու նորից մեռնում
Զարմանում եմ, թե ինչու է ինձ թվում,
սա նոր սկիզբ է։
Ամեն ինչ մի այլ բանի հետեւանքն է,
Ու մտածում եմ, որ կսկսեմ
Նորից
Հնարավոր է`
մի նոր բան իմանամ
Հնարավոր է, որ ոչ
Հնարավոր է, որ
նույն սկիզբն է
Սկզբից։
Ժամանակը արագ է
շարժվում, առանց պատճառի,
որովհետև ամեն ինչ սկսվում է
նորից։
Ես չեմ գնում ոչ մի տեղ,
Բացի այնտեղից,
որտեղ եղել եմ։

Թարգմանությունը անգլերենից՝ Աշոտ Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *