Սոլեդադ Ալվարես | Եթե ծնվեիր Լուիս Պերես անունով

Դոմինիկյան հանրապետություն
Արձակագիր և բանաստեղծ Սոլեդադ Ալվարեսը ծնվել է Սանտո Դոմինգոյում, 1950թ․: Սովորել է Հավանայում (Կուբա), լատինամերիկյան գրականության մասնագետ է։ Դոմինիկյան «Hoy» («Այսօր») պարբերականի մշակութային հավելվածի հոդվածագիրներից է։
Մի քանի գիտական ուսումնասիրությունների և բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։ Դրանցից «Հավանական թռիչք» (1994) ժողովածուն գրաքննադատների կարծիքով «Դոմինիկյան հանրապետությունում վերջին երեսուն տարիների ընթացքում ամենաինքնատիպ բանաստեղծական ժողովածուն» է։

 

Եթե ծնվեիր Լուիս Պերես անունով

Եթե ծնվեիր Լուիս Պերես անունով
առավոտ վեցին կարթնանայիր
մտորելով թե որ օրն է այսօր ու կմիացնեիր նորությունները,
կհորանջեիր
մլուլ տալով առավոտը
(նախորդ երեկոն բնավ չհիշելով)
մի կողմ կգցեիր սավանները
կգնայիր լոգասենյակ՝
առօրյա մանրակրկիտ հարդարումով
զբաղվելու՝
գործարար մարդ որ սափրվում է
դիտողություններից
խուսափելու համար
արտառոց ոչ մի բան
հաց ու հավկիթ նախաճաշին
դուրս կգայիր հպանցիկ համբուրելով կնոջդ
(մշտական աղմուկ-դզզում է ականջներումդ)
կշտկեիր ակնոցդ` չնկատելու համար
ուժեղ արևն ու ասֆալտից
բարձրացող գոլորշին։
Ոչ սիրուհի կունենայիր(հավերժ զբաղված ես)
ոչ մտորումներ հեռավոր երկրների մասին
գուցե քեզ զարմացնի
սովորական ճանապարհդ փակող ապստամբությունը
բողոքներն ու գոչյունները
Ալտար դե լա Պատրիայում
որը կշրջանցես բարդություններից խուսափելով։
Անհողդողդ
հանգիստ
Լուիս Պերես
դու կզարմանաս, բայց դեռ գոյություն ունեն տղամարդիկ
որոնք հարբում են մի կնոջ պատճառով
թաքնվում են ոստիկաններից
գիշերը դրած ռումբի պատճառով
կզարմանաս որ մի բոյով կերպար
ամեն օր ձեր գրասենյակ է գալիս
վաճառելով անհասկանալի բառերով լի
թղթի կտորներ․․․
«աշխարհը կործանված է» կմտածես
հետդարձի ճանապարհին նկատելով
մի աղջկա որ անծանոթի գիրկն է նետվում
ու անհետանում է զբոսայգում։
Այդպիսինը լինելով
չես խոսի ձկների հետ
չես շշմի ուրախությունից
հասկի ծնունդը ողջունելով
զրնգուն ձայնով:
Կողքդ չեմ լինի ու չեմ տեսնի
ալիքների մահն ու բառի սկիզբը
թախիծն էլ ինձ չի ուղղորդի
դեպի ծառերի ներսը։
Մազերս չեն թափվի ճակատիդ
արցունքներին վերջ դնելու համար։
Այս ամենը կլիներ եթե որոշեիր
թաղվել աշխատանքում
ու խառնվել առօրեականին
քրտինքին
անտարբերությանը
հավասարակշռությանը
եթե որոշեիր երազներդ
գրպանդ դնել
ու նորից ծնվել որպես Լուիս Պերես։

 

ՏԱՆԸ

Հաճելի է գալ
Կոշիկները հանել
Ջրի մեջ թողնել երկար օրվա
փոշին
Մերկ դիպչել տան մերկ պատերին
Կույրի պես քայլել կահույքի, գրքերի,
լուսամփոփների արանքով
կույրի, որը ընդամենը
այս աղքատիկ իրերն ունի
Լավ կլիներ դռներն ամրացնել,
առաստաղը ներկել
փայլեցնել հայելիները որտեղ կորուստս է դեգերում
որտեղ տեսնում եմ այն կնոջը
որը ոչ մի տեղ չի կարող փախչել
քանզի տունը մի աշտարակ է
որի տեղը ոչ ոք չգիտի
Այսպես ավելի լավ է
ինձ հերիք է եղածը
Իմն են ինքնամփոփ մրջյունները
Թրթուրների փայլող հետքերը
աղջկաս լողասենյակում նոր ծնված
գորտը
ու այս երկար բլյուզը
քո անունը որպես ռազմավար
արտաբերելու համար։

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երդվում եմ կյանքս ապրել
անդադրում
զենքը վայր չդնել մինչև վերջ
չլինելով տխուր կամ թշվառ
մեղքս ու պարտությունս
մի լավ լվացած ու օդի տված
ապրել առանց անգութ մարդկանց կամ նրանց հետ
բայց առանց դավաճանության
սրբերի կամ գայթակղության
առանց դավաճանների կամ նրանց հետ
բայց առանց դավաճանության
սեր ապրել
անգամ եթե սիրտս կոտրի
անասելիի որովայնախոս փորձանք բերող աղջիկը
կոտրած ճամպրուկներով
սիրող ու չսիրող մաքսանենգը
անգամ եթե ինձ մահը սպառնա
անգամ եթե ճիրանները մեջս խրի
ապրել դանդաղ կյանքով կամ խելագար լինել
ապրել լույսի մեջ կամ ստվերներում
հիմա ու հետո էլ
մինչև այս ճակատամարտում հաղթելը:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևնոդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *