Էուջինե Մոնտալե | Մշուշում

***
Քեզ հետ իջել եմ միլիոնավոր աստիճաններ՝ ձեռքդ բռնած,
Իսկ այժմ, երբ չկաս, անդունդ է յուրաքանչյուր աստիճան։
Ինչքա՜ն կարճ տևեց մեր երկար ուղին։
Չնայած իմը դեռ շարունակվում է՝
այլևս հարկավոր չեն զուգադիպություններ,
վերապահումներ, որոգայթներ,
այն մարդկանց հիասթափությունը, ովքեր կարծում են՝
իրականությունն այն է, ինչ երևում է։
Իջել եմ միլիոնավոր աստիճաններ՝ ձեռքդ բռնած,
Ոչ նրա համար, որ, գուցե, չորս աչքն ավելի հուսալի է,
այլ որ մեր զույգ աչքերից
միայն քո կարճատես աչքերն էին տեսնում իրականությունը։

 

Իմ հավատն անմար է քո հանդեպ

Իմ հավատն անմար է քո հանդեպ
(մի անհեթեթություն, որ ասացի մի օր),
որը կտևի այնքան,
մինչև մի երկնային կրակ անշեջ
կոչնչացնի այն հողմապտույտն անվերջ,
որում ապրում ենք:

Այդ ժամանակ կըկնենք մի անհայտություն,
Որտեղ չկա տարածություն,
Որևէ կետ ու որոշակիություն՝
Քննարկելու որևէ վիճահարույց հատված
Աստվածային պոեմի:
Գիտեմ որ տեսանելիի ու շոշափելիի
Սահմանն հատելիս անհնարին է կյանքը,
Սակայն հնարավոր է մեկ այլ, այնկողմնային կյանք,
Որը, գուցե, մահվան հերթական դեմքն է,
Որ կրում ենք տարեցտարի թաքցնելով:
Իմ հավատն անմար է իմ հանդեպ,
և դու ես այն փոխանցել անգիտակցաբար,
քանզի կյանքի յուրաքանչյուր հատվածում,
որը ծուղակներով է լեփ-լեցուն,
և որից անգիտակից ենք ու մոլորված,
կա միայն զուր ակնկալիք,
թե կարող ենք իմաստավորել այն:

Անմար հավատն ինձ այրում է այնպես,
Որ, անշուշտ, ինձ տեսնողը կասի՝ մոխրացած մարդ է կարծես,
Առանց նկատելու, որ իմ վերածնունդն էր պարզապես:

 

Մշուշում

Որքան անգամներ եմ քեզ սպասել Կայարանում ցուրտ մշուշում: Զբոսնում էի,
Հազում, գնում անհայտ թերթեր,
Ծխում ծխախոտի նախարարի արգելած Ջուբա ծխախոտը․․․ տխմար։
Միգուցե սխալ գնացք, կամ էլ գուցե
Սխալ հաշվարկ: Հայացքս սահում էր
Բեռնակիրների մի սայլակից մյուսը՝
տեսնելու ճամպրուկդ այնտեղ չէ՞
արդյոք, և դու ուշացած հայտնվում էիր ամենավերջում:
Հուշերից է իմ բազմաթիվ,
որն հետապնդում է երազում:

Թարգմանությունը իտալերենից՝ Միլենա Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *