Եր Կար | Եվ եկավ երեքշաբթին

ԿՆԵՐԵՍ

զգում եմ,
որ մենակ եմ՝
աղջիկ երեխայի պես հեռացված,
մուրացկանի պես ձրիակեր,
աստծո պես անձեռնմխելի մենակ․
ու էլ ոչինչ չեմ զգում,
կներես.
ինձ ասել էին,
որ եթե սիրեմ,
կդառանամ աստված,
բայց
դարձա սատանա,
կներես.
ինձ ասել էին,
որ եթե սիրեմ,
կդառանամ մայր,
որը լիքը երեխաներ կունենա,
բայց դարձա բժիշկ,
ում գործը
միայն
ուրիշի երեխաներին ունենալ էր,
կներես.
ինձ ասել էին,
որ ես պարտավոր եմ
սիրել մերձավորիս,
ու ոչ մի խոսք
էն մասին,
որ մերձավորը
պարտադիր
դավաճան է լինելու,
կներես.
ինձ ասել էին,
որ եթե սիրեմ,
չեմ ծերանա,
բայց այնքան շատ թեմաներ ունեմ
հիմա մորս հետ խոսելու,
կներես.
ինձ ասել էին,
որ եթե սիրեմ,
կդառնամ շենք,
որ չի փլվի,
բայց դարձա երկրաշարժ,
որը փլեց
սպիտակը,
կներես.
տուն եմ ուզում,
մեջը դրած
պատրաստի մեր,
չխանգարող հեր,
չգնացող մերձավոր,
կուշտ կատու,
չմեռած աստված,
գոյություն չունեցող բարեկամներ,
անդադար հրատարակվող
սիրելի գրողներ,
երբեք չանհանգստացնող
գազի
լույսի
ջրի մարդ,
պատուհան,
որ միշտ ցույց կտա
ուզածդ եղանակը,
հավատք,
որ թույլ կտա չհավատալ.
զգում եմ,
երդվում եմ՝
մի տեսակ
ուրիշ ձևով զգում եմ,
որ մենակ եմ.
ուրիշ ոչ մի բան չեմ զգում,
կներես.

 

ԴԻՄԱՑԻ՛Ր

կյանքիս ամենչստացված օրը
էդ էն օրն էր,
երբ հերս ու մերս
գնացին սենյակ ինձ ունենալու.
էդ խեղճերը
առանց անկողնուց
մարդավարի
գլուխ հանելու
գլուխ հանեցին.
առանց հարց ու պատասխանի,
որի կարիքը առանձնապես չկար էլ.
մերս
մեր դարձավ,
հերս՝ հեր.
արի սկսեմ քեզնից պապ.
իմ ու քո ընկերության վրա
գրիչով խզբզած էր.
ես քեզ չեմ հասկանում
ու դու ինձ.
Պատճառն, իհարկե,
փղերն են ու
պատերազմները ոչնչի մասին,
ու մեկ էլ, երևի, հեռուստացույցի միջի
էն մեծ դոշերով կինը,
ում նայում ես
ոնց 3 տարեկան երեխան շոկոլադին,
ու մերս,
ում դոշերին չես նայում
ոնց 3 տարեկան երեխան շոկոլադին.
ձեր սերը անդաստիարակ երեխա է՝
փսլնքոտ ու չար,
հաց չուտող ու ամեն ինչ ավիրող,
քնելու ժամին արթնացող,
արթնանալու ժամին քնող․
ուզում եմ իմանաս պապ,
որ կիսատությունը
վիրուս է
ու ավելի անբուժելի, քան Չինաստանինը.
ուզում եմ իմանաս, պապ,
որ քո կնոջ ու իմ մոր արանքում
չհարդուկված վերնաշապիկ
ու չլվացած պատուհան կա դեռ,
որոնք ոչ մի կապ չունեն
ո՛չ քո կնոջ, ու ո՛չ էլ իմ մոր հետ.
հռոմի՛ պապ,
իմ պա՛պ թագավոր,
իմ պառացետամո՛լ չցավազրկող,
ուզում եմ իմանաս,
որ սա կանգառ է,
որտեղ
հայր լինելուց դու ուշացել ես,
իսկ ամուսին լինելուդ դեռ 7 րոպե կա,
հե՛տ տուր չտվածդ,
ու խնդրում եմ՝
սիրի՛ր ոչ թե մորս
հոր պես,
այլ՝ կնոջդ ամուսնու,
իսկ հիմա
թու՛յլ տուր՝
անցնել քեզ մամ.
այն ինչ կասեմ.
ընդամենը
մի բառ է՝
դիմացի՛ր.

 

ՆԱՄԱԿ ԱՆԾԱՆՈԹԻՆ

-սե՛ր իմ,
եղավ ամենավատը.
ու մենք էլի
չգտանք իրար․
ցավում եմ,
բայց պիտի ասեմ,
որ մենք նորից
երեխաներ ունենալ չենք կարող.
ոչինչ չի փոխվել,
ոչինչ չի փոխվում.
հիմա,
երբ գիտեմ,
որ իրար չգտնելը
բնական մի բան է,
հույս ունեմ,
որ կկարդաս էս ոտանավորս.
պիտի ասեմ,
որ փնտրել եմ քեզ
շատ երկար,
շատ երկար,
փնտրել եմ
google-ում ու մորս փորի կողքերը,
փնտրել եմ
գրողի խոհանոցում ու գրողի ծոցում.
ոչ մի տեղ չկաս,
ոչ մի տեղ չկաս,
դրա համար էլ
սկսել եմ համբուրվել ինչ-որ մեկի հետ,
ում չեմ էլ ճանաչում.
ների՛ր ինձ, հա՞․
ես այնքան դավաճան եմ,
ես այնքան սուտ եմ,
բայց դու արի,
եթե ձեռքդ փող ընկնի.
կամ եթե ծանոթ մեկը լինի,
որն էս կողմերն է գալու,
արի՛ ու մենք միասին
կմտածենք երեխա ունենալու
ինչ-որ մի նոր ձև,
ու որ ամենաբարդն է՝
նրանց մեծացնելու
ու մեր պես չդարձնելու
ինչ-որ մի ձև.
արի՛ ու թող դա լինի
հիսուսի գալուստի պես՝
ավանակով ու չարչարանքերով.
արի՛ ու թող դա լինի
նոր տարվա պես՝
պարտքով ու անիմաստ.
արի՛
ու տա՛ր ինձ,
որովհետև ինձ տանել չեմ կարողանում,
որովհետև շատ եմ ծանր,
արի՛,
որովհետև չգալդ մի տեսակ
հիմարություն կլինի,
որովհետև էստեղ հերթ է գոյացել,
ու եթե անկեղծ՝ հա,
ես բոլորին համբուրել եմ,
որովհետև դու ուշանում ես,
որովհետև շուտով,
երբ քարտեզը բացեմ
ու որոշեմ, թե որտեղից եմ սկսելու
նորից փնտրել քեզ,
ամեն ինչ կավարտվի,
ու ես կդառնամ քարտեզ,
որին հետևելով
ոչինչ չեն գտնի,
ոչինչ չեն գտնի
ու կմոլորվեն.

 

ԷՍՔԱՆԸ

եկել եմ ասեմ, որ
մետրոյի ժետոն եմ,
մաշվում եմ,
օգտագործվում եմ.
մեկի թեթև ձեռով
անցնում եմ մյուսի ձեռքը
ու կուլ գնում ամեն ծակի.
մետրոն եմ,
անսարք եմ,
հին եմ,
էժան եմ,
հարմար եմ,
մեկ-մեկ երկար եմ աշխատում,
մեկ-մեկ ընդհանրապես չեմ աշխատում,
մեջս լիքը մարդիկ դրած գնում եմ,
ուշացնում եմ
կամ հասցնում,
քիչ կանգառներ ունեմ,
կանգառից կանգառ
դուրս եմ հանում մարդիկ միջիցս,
կանգառից կանգառ
մտցնում մարդիկ մեջս,
խառն են մարդիկ.
մարդիկ խառն են,
վռազ են,
վիրուսոտ են,
անհետաքրքիր են,
այֆոնով են,
մետրոյով են,
քաղքենի են,
աղքատ են,
տուն են գնում,
գործի են գնում,
սիրածի մոտ են գնում,
տնից են գալիս,
գործից են գալիս,
սիրածի մոտից չեն գալիս.
ես մետրոներում տնգված
սուրճի սարք եմ,
սուրճ եմ․
ինձ դառն են խմում,
թողնում են սառի, նոր են խմում
կամ լավագույն դեպքում
խմում են զզվելով,
ես մետրոյում գրանցված
շուն ու կատու եմ,
անտեր եմ,
սոված եմ,
սրա-նրա ձեռքով շոյված եմ,
սրա-նրա ձեռքից տուժվածն եմ,
էսպես
գնում-գալիս եմ.
ասեցի, չէ՞,
որ էժան եմ ու հարմար,
հա՜ էդ մեկն ասել էի.
լավ՝
արդեն կրկնվում եմ.
էսքանը…

 

ՊԱՐԶ ԲԱՆ

մի բան պրծնում է․
ես չգիտեմ ինչ,
բայց երդվում եմ՝
մի բան պրծնում է,
մեկը ասում է՝
չէ,
ու ես հավատում եմ նրան.
թարսի պես պատշգամբ չունեմ,
թարսի պես մերս ինձ հասկանում է,
թասի պես ես հաջողակ եմ,
ու երևի առաջին անգամ
ուզում եմ ձախողել,
ուզում եմ ձախողել
բոլորին,
ուզում եմ տանուլ տալ շորերս,
ուզում եմ հինգշաբթի գա,
ուզում եմ մի պարզ բան չպրծնի․․․

 

ՍԱ ՎԵՐՋԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ Է

Սա վերջին բանաստեղծությունն է,
որտեղ մի քիչ էլ կխոսեմ քեզնից ու վերջ․
միջակետ.
հեռախոսահմարդ
փշրվել է
անցած օրը,
բլոկնոտիս մեջ.
միջակետ.
քեզ հետ լինելու
հնարավորության վրա
ճաշի հետքեր կային.
միջակետ.
ծաղիկները,
որ դրված էին ջրի մեջ,
բուրում էին
դատարկությամբ քո,
միջակետ.
երբ խոսք էր գնում մեր սիրո մասին,
նախադասությունը
հրաժարվում էր կազմվել
ու հեռանում էր սենյակից,
հեռանում էր կատաղած.
ման եմ գալիս
կորուստներս.
կորուստներս դու ես…
ամենասկզբում,
ամենավերջում,
երբ ասում էիր՝
ես սիրում եմ քեզ,
նախադասության մեջ
միակ ճիշտ բանը՝
ես-ն էր.
էս վերջին
բանաստեղծությանս պատճառով
ինձ ներելու համար
քեզ ժամանակ է պետք.
քեզ ներելու համար՝
ինձ
մի նոր կյանք.
Սա վերջին բանաստեղծություն էր, որտեղ մի քիչ էլ խոսեցի քեզնից ու վերջ.

 

ՊԱՐԶ

իմ ընտրությունը պարզ է.
ես մորս պես մեկին եմ ուզում՝
անժխտելի,
զզվեցնող մեկին,
ով կպատրաստի
ինձ համար
կարտոֆիլե ժարիտ,
ու կբացի
ու կբացի
ու կբացի
կամպոտներ,
անկողինս
ու ինձ կբացի,
ում տխրությունը կզգամ,
նույնիսկ երբ սև խոռոչում լինեմ,
նույնիսկ երբ սև խոռոչը լինեմ,
մորս պես մեկին,
Ով
կհասկանա
այս լակոտին ներսիս,
որ միշտ զռռում է անտեղի,
կնախատի
այս լակոտին ներսիս,
որ միշտ քանդում է
ամեն ինչ,
ու չի լքի
ու չի լքի
ու չի լքի…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *