Ֆարնազ Ֆարազմանդը ծնվել է 1978 թվականին Իրանի Թեհրան քաղաքում: 2002-ին ավարտել է Թեհրանի Ազատ համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Այժմ աշխատում և ստեղծագործում է իր ծննդավայրում: Ի դեպ, երգարվեստի նկատմամբ ունենալով անսահման սեր, բոլոր սահմանափակումներով հանդերձ, նա վաղ տարիքից՝ ինքնուս, իսկ հետո մեծ վարպետների մոտ սովորել է ավանդական պարսկական երգեցողությունը:
Նա բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է՝ «Թիթեռը, որ քամուն տարավ իր հետ», «Ճրագի աչքից հեռու» և «Զիջել եղնիկին»:
Ըստ Ֆարնազի՝ պոեզիան էլ, ինչպես այլ արվեստները, այն ճանապարհն է, որով մարդը փորձում է պատասխաններ գտնել իր անպատասխան հարցերին: Այս փնտրտուքի մեջ նա կամ գտնում է իր հարցերի պատասխանը, կամ էլ հանդիպում նոր և առավել կարևոր հարցերի:
***
Երբ քեզ տեսա,
Ձկներիդ էիր թաքցնում.
Վախենում էիր անձրևից,
Շրջաններից,
Որ գծում էի մարմնիդ վրա,
Թաց շորերից,
Որ կպչում էին սիրուց :
Ի՜նչ շրջաններ…
Երբ գնում էիր, քեզ չտեսա.
Ճամպրուկդ հարկավ փոքրիկ էր և ծանր…
Դու ծիծաղում էիր ջրի թասին,
Շրջաններին աչքերի
Եվ փոքրիկ ձկանը,
Որ ցայտում էր սրտիդ միջից:
Ի՜նչ շրջաններ…
Գիտեմ՝ երբեմն
Գնում ես հեռու մի լճակի մոտ,
Հացի փշրանք ես տալիս ձկներին,
Մի նշխար էլ՝ ինձ նետիր:
Ասում եմ՝ ի՜նչ շրջաններ…
Ծիծաղում ես,
Եվ մազերդ նորից լուսնագույն են դառնում:
***
Հեռանում եմ քո մոտից:
Ինձ թվում է`
Շարժվում են ծառերը…
Գնացքը
Կանգ է առնում հաջորդ կանգառում,
Եվ իջնում են
Ինձ հետ եկած ծառերը:
***
Կոշիկներս
Ամեն տարի
Ավելի են սրտնեղում.
Որքա՞ն պիտի բոյ քաշեմ,
Որ ձեռքս նորից
Չհասնի ոչ մի զանգի…
***
Վերջացավ
Հազար ու մի գիշերը:
Հիմա ո՞նց մեռնեմ այն ոճրագործի հետ,
Որ քուն է մտել ծնկներիս վրա:
***
Ամեն տարի
Ավելի եմ քեզ մոտենում.
Մազերս…
Մեկ-մեկ հանում են
Իրենց սգո զգեստը:
***
Մի ակնկալիր ինչ-որ երգ լսել
Այն թռչունից,
Որին ապաստան ես տվել.
Գուցե թե փոխվի փայտփորիկի…
***
Մրգամանում անգամ
Ծաղկի բողբոջ է փնտրում
Նա,
Ով ամառը չի սիրում…
Տեղ չի մնացել կոշիկների և
Շորերի համար.
Ճամպրուկս
Լցրել եմ հողով…
***
Գլուխս անիմաստ զբաղեցնում եմ
Այն թոնիրով,
Որը չունի հացի բուրմունք:
Գլուխս անիմաստ զբաղեցնում եմ
Այն հացով,
Որը չունի ձեռքերիդ բուրմունքը:
Գլուխս անիմաստ զբաղեցնում եմ
Այն ձեռքով,
Որը չունի բուրմունքը գլխիս…
Լուսամուտը
Բաց արա մի քիչ:
***
Օրհասին
Ի՞նչ է անում
Ոստայնում մնացած միջատների հետ:
***
Տան բանալին
Դնում ես ծակ գրպանում այն պիջակի,
Որի թևքերի բծերը չեն մաքրվում:
Մոռացությունը
Ձեռքիդ այն ճամպրուկն է,
Երբ լվացքատան դռան առջև
Սպասում ես գնացքին,
Որը դեռևս շոգու ուժով է աշխատում:
***
Ո՞ր կաթիլի մեջ թաքցնի
Իր արտասուքը,
Իր մարմինը
Դեպի ո՞ր ափը քարշ տա…
Բերկրանքից չէ
Թևեր առնելն այն կետի,
Որը ծով չունի:
***
Մի քիչ էլ վերև՝
Կարմիր վարդը.
Իմ ծաղկավոր
Փեշի մասին եմ միայն մտածում,
Որին մի փուշ
Ծվեն-ծվեն է արել:
***
Ամենահասածին
Ձեռքս չի հասնում:
Ճյուղդ մի՛ թեքիր
Սրանից ավելի.
Չեմ ուզում քեզ տեսնել
Կոտրված:
***
Տունը
Ծանրանում է ուսերին…
Բարձրանում է ուսերիցս
Եվ հասնում շրթունքներիս,
Ականջին ինչ-որ բան եմ ասում,
Անհետանում է ականջիս մեջ
Խխունջը,
Որ լսում է
Վարագույրի ետևում ասված խոսքերը
Եվ հետք չի թողնում իրենից
Դեմքիս:
Ուսերիս վրա
Ծանրանում է,
Շատանում է
Ծանրությունը:
***
Երկու աթոռ՝ մեր միջև,
Երկու մոլորակ՝ արևի և գետնի:
Մի մոտենա ավելի.
Կհալվի մի բան
Ձնեմարդու պես,
Որ իր փայտե մատներով
Ինչ-որ տեղ է մեզ ցույց տալիս
Քունքերիդ վրա,
Որտեղ ագռավներն ու ձյունը
Շախմատ են խաղում:
***
Սիրում եմ
Լուցկու բռնկվելու ձայնը,
Երբ սենյակի մութնուլույսի մեջ
Քեզ ավելի է նմանվում
Ինչ-որ շվաք:
***
Սա մեր մայրիկի ձեռքը չէ,
Ճերմակ է բայց…
Սա մեր մայրիկի ձայնը չէ,
Քնքուշ է բայց…
Անջատիր այֆոնը.
Բարձրանում է արդեն աստիճաններով
Մեկը՝
Լի՛քը հատիկներ ձեռքերում…
***
Գեղեցի՛կ լեռնաշխարհ ,
Երկար չեմ մնալու,
Մինչ ինձ նկատես այս բարձունքում,
Գնացել եմ:
Ուզում էի քո ուսերից իջնել ցած,
Լուսնի աղացը տայի քեզ,
Պտտեցնեիր,
Հարցնեի՝
Այս որքա՜ն է գեղեցիկ
Զանգակների ծլնգոցը կոկորդիդ,
Ի՜նչ տխրագին մտերմություն՝
Այս կարճ պահին:
Քո ծխամուժ խրճիթների տենչանքն ունեի,
Ամպ եմ՝ նման քո մազերին,
Սակայն
Երկար չեմ մնալու,
Գեղեցի՛կ լեռնաշխարհ:
***
Քամուն իր հետ տարած
Թիթեռը
Թղթե թևերը չէր թաքցնում
Եվ հավատում էր, որ սերը
Ձեռքի անճաշակ աշխատանք է,
Որը փլվում է
Մանկապարտեզի պատից՝
Անվերջանալի մայրուղու վրա…
***
Արևոտ էին աչքերդ.
Վարագույրը փակեցի,
Որ չփչանա նոր գորգը փոքրիկ,
Հետո
Մի կյանք զղջալով՝
Այն դարձրի փալաս՝
Անցորդների ոտքերի տակ…
***
Ընկնում եմ քո ձեռքից
Եվ փշրվում
Խոհանոցում…
Պողոտայով անցորդները
Տանում են փշրանքս:
Միայն
Ամենամանրին չեն գտնում,
Որ մխրճվել է գրքի կազմի մեջ:
***
Մի հենարան դիր ճյուղիս տակ.
Գայթակղում է ինձ
Հողը:
***
Մրջյունները
Բանաստեղծություններիս մանրուքները
Տանում են իրենց բույն.
Ձմռանը
Շա՛տ պետք կգա
Բանաստեղծություն:
***
Մեկը հորի մեջ
Իմ հյուսված մազերին էր սպասում
Հենց այն պահին,
Երբ ինքս
Երազանքներ էի հյուսում:
***
Անցնում էր.
Փոխեցի գույնս տերևի գույնի:
Մտածում էր բարձրաձայն՝
Գիշերները
Ո՞ւմ է պաշտում
Քամելեոնը:
***
Ճերմակ աստիճաններով
Բարձրանում եմ
Քեզ տեսնելու համար…
Ճերմակ աստիճաններով
Ցած եմ իջնում
Քեզ չտեսնելուց հետո…
Եվ դու ի՞նչ գիտես,
Թե ինչ գույն ունեն
Ճերմակ աստիճանները…
***
Քանի քայլ մնացած ջրվեժին
Ուզում է ծառի վերածել նորից
Նավակը,
Որ թողել է իր թիերը
Շապիկիս տակ:
***
Հայելին՝
Երեսը հողին…
Տեղափոխության օրը
Շրջում եմ կրիային
Ու գնում:
***
Կոշիկները չի հանում,
Ոչ էլ տուն է վերադառնում:
Ուզածն ի՞նչ է
Հարևանի թթենու ճյուղի…
***
Նույնանում են նորից
Մեր հագուստները՝
Հողաթմբի երկու կողմերում:
Ավելի ճերմակ է թափվում
Ձյունը
Գերեզմանոցում:
***
Արյունոտ նարինջներս
Թաքցնում եմ
Ձյունի տակ,
Որ քեզ նմանվեմ:
Ձեռքդ
Երբ թափում ես ուսերիս,
Վախենում եմ սիրուց,
Որ հալում է ձյունը՝
Երկու սոճի-աչքերի
Երկու երանիներով:
***
Գիտեմ՝
Կգնաս այս օրերին,
Հենց ա՛յս օրերին,
Երբ քեզ թողել հեռացել եմ
Բաց երակի
Կաթիլներով,
Որ յուրաքանչյուրը
Արևություն էին անում,
Երբ կիպ գգված՝
Նայում էինք մայրամուտը
Ուրբաթներին,
Երբ հարամվում է գարունը:
***
Իմ ներսում նստած՝
Թիավարում ես:
Սիրենները երգում են անդադար,
Եվ լուսինը
Ջրվեժին չլսելն է
Քո դիմաց:
Թարգմանությունը պարսկերենից՝ Վահե Արմենի
Խմբագիր՝ Գեղեցիկ Մարգարյան