Աշխեն Քեշիշյան | Եվ քայլեց նրա տխրությունը

...

Ես կարոտել եմ աչքերիդ մեջ
նայելուն,
երբ նայում ես ինձ։

Արշալույսները գետերի վրա
կանգնում են
ու գետերը չեն
հոսում,
երբ հեռու ես։

 

***
Մոտեցող ոտնաձայնիցդ լռեց
աշխարհը.
դատարկ֊դատարկ
երկնքում սադափե
արևը շողում էր՝
միայնակ
միայնակ
սքանչելի։

 

***
Երբ դու և դուռը
երկար
նայեք ու լռեք
միասին
փակ մնալու,
կամ բացելու
իմաստը կկորի։

 

***

…և քայլեց նրա տխրությունը
Երկրից մինչև երկինք,
2023 տարի
խաչափայտը՝ ուսերին։

 

***
Սպասասրահում,
ուր մի քանի սեւ աթոռներ կան դրված,
ձանձրույթից թերթում եմ
ինչ-որ ամսագրի էջեր․․․
Հետո մտածեցի
քո մասին,
ու զգացի ինչպես է
Սերը ճերմակում քունքերիս մոտ
ու փոխվում հայացքիս հետ։
Ահա, թե որտեղ է Նա։
Նա, որ չի մեռնելու,
այլ միայն որոշել է ծերանալ ինձ հետ,
ճերմակել քունքերիս մոտ,
փոխվել հայացքիս հետ։
Երբ դուրս գամ սպասասրահից,
այն ինչ ինձնաից հետո մնալու է
ոսկեգույն թիթեռնիկներն են՝
դատարկ պատերին,
ոսկեգույն թիթեռնիկներ՝
դատարկ պատերին․․․

 

***
Իմ պապի այգում հսկա թթենի կար.
Թթի թափ տալու ծեսը
երջանիկ խաղերից էր մեր
երեխա ժամանակ։
Քաղցրահամ թութը
թափվում էր,
թաթվում էր,
թափվում էր։
Երկինքը մոտ էր,
արևը՝ ծառի ճյուղերի մեջ
խճճված.
և թափվում էր մեր գլխին
թութը,
և թափվում էր մեր գլխին
արևը
և թափվում էր մեր գլխին
երկնքի արքայությունը։

 

***
Դու հասկացիր
հայացքդ մի թեքիր ինձնից
կանգնիր իմ դիմաց
առաջվա պես ու…
երկար
երկար
երկար
նայիր աչքերիս մեջ.
ու տես թե ոնց են աչքերս
լցվում
քո կարոտի գույնով,
մազերս ոնց են ճախրում
քո շնչից,
ձեռքերս վրայից փետուրներ
են թափվում,
այլևս տեղ չունեմ թռչելու
քո կողքից։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *