- Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ»-ը առաջադրվել է Եվրոպական Միության գրական մրցանակի: Վեպը հրատարակվել է «Գրանիշի» հրատարակչական գործունեության շրջանակում: Վեպից հատվածներ կարող եք ընթերցել այստեղ, այստեղ և այստեղ:
- Եվրոպական Միության գրական մրցանակի հայաստանյան գործընկերը Փեն Հայաստանն է: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Փեն Հայաստանի պաշտոնական կայք:
Ձեզ ենք ներկայացնում Եվրոպական Միության գրական մրցանակի (ԵՄԳՄ) պաշտոնական հաղորդագրություն այս առթիվ
Եվրոպական Միության գրական մրցանակը (ԵՄԳՄ) տրվում է ԵՄ սահմաններում և դրանցից դուրս նորահայտ գրողներին: Ներգրավելով Եվրոպական Միության Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից 41 երկրներ՝ Մրցանակը հանրահռչակում է բացառիկ նոր գրական տաղանդների՝ եռամյա շրջափուլով:
Հանրային ուշադրության արժանացնելով Եվրոպայի ժամանակակից գրականության ստեղծարարությունը և ահռելի ու բազմազան հարստությունը գեղարվեստական գրականության ոլորտում՝ Եվրոպական Միության գրական մրցանակը նպատակ ունի խթանել Եվրոպայի ներսում գրականության շրջանառությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել օտարալեզու գրական գործերի նկատմամբ:
2022 թվականի հաջող թողարկումից հետո, երբ փոփոխվեցին Մրցանակի կազմակերպման ընդհանուր սկզբունքները, մենք հպարտությամբ ներկայացնում ենք ԵՄԳՄ 2023 թվականի 13 թեկնածուներին՝ մեկական մասնակից յուրաքանչյուր երկրից: Հեղինակները և նրանց վեպերն առաջադրվել են ազգային կառույցների կողմից, որոնք լավ ծանոթ են իրենց երկրների գրական ասպարեզին, ինչպես նաև փորձված՝ իրենց գրականությունն արտերկրում տարածելու գործում:
Ուրախ ենք ներկայացնել այս տարվա հավակնորդներին.
• Հայաստան. Լուսինե Խառատյան, ՍԻՐԻԱՎԵՊ (A Syrian Affair), Հրատարակիչ. Գրանիշ
• Խորվաթիա. Մարտինա Վիդայիչ, Stjenice (Փայտոջիլներ), Հրատարակիչ. Naklada Ljevak
• Կիպրոս. Χάρη Ν. Σπανού (Հարի Ն. Սպանու), Φυλάκιο (Ուղեկալը), Հրատարակիչ. Εκδόσεις Αιγαίον (Aegan Publications)
• Չեխիա. Օնդրեյ Շտինդլ, Tolik popela (Այսքան մոխիր), Հրատարակիչ. Argo
• Էստոնիա. Թոնիս Թութսեն, Ahvide pasteet. Ühe ahvi mälestusi ja mõtteid (Կապիկների մածուկ. մի պրիմատի մտքերն ու հիշողությունները), Հրատարակիչ. Kaarnakivi Seltsi Kirjastus
• Ֆինլանդիա. Լիդա Ռումա, Hävitys (Ոչնչացում), Հրատարակիչ. Siltala Publishing
• Ֆրանսիա. Մաուդ Սիմոնո, L’heure des oiseaux (Թռչունների ժամը), Հրատարակիչ. Editions de l’Observatoire
• Կոսովո. Ագ Ապոլլոնի, Kësulëkuqja, përrallë për të rritur (Կարմիր գլխարկը, հեքիաթ մեծերի համար), Հրատարակիչ. Bard Books
• Լիխտենշտայն. Աննա Օսփելթ, Fruhe pflanzung (Վաղ սերմնացան), Հրատարակիչ. Limmat
• Լյուսքեմբուրգ. Ջեֆ Շինկեր, Ma vie sous les tentes (Իմ կյանքը վրաններում), Հրատարակիչ. Hydre Éditions
• Մոնտենեգրո. Իլիա Դուրովիչ, Sampas, Հրատարակիչ. Treći Trg
• Լեհաստան. Սաբինա Յակուբովսկա, Akuszerki (Մանկաբարձները), Հրատարակիչ. Grupa Wydawnicza Relacja
• Շվեդիա. Մարիտ Կապլա, Kärlek på svenska (Սերը շվեդերեն), Հրատարակիչ. Teg Publishing
Եվրոպական ժյուրիի յոթ անդամ այուհետ կկարդան հատվածներ առաջադրված բոլոր գրքերից և առաջիկա ամսվա ընթացքում կընտրեն 2023թ. Եվրոպական Միության գրական մրցանակի հաղթողին, ինչպես նաև հատուկ մրցանակակիրներին:
ԵՄԳՄ 2023 մրցանակի դափնեկրի, ինչպես նաեւ հինգ հատուկ մրցանակակիրների անունները կներկայացվեն ապրիլի 28-ին, Լայպցիգի գրքի տոնավաճառում հատուկ արարողության ժամանակ:
Առաջադրված բոլոր հեղինակները եվրոպական հարթակում առաջխաղացման շարունակական աջակցություն կստանան՝ ավելի լայն և միջազգային լսարան ունենալու, ինչպես նաև իրենց ազգային և լեզվական սահմաններից դուրս ընթերցողների հետ կապ հաստատելու նպատակով:
Եվրոպական Միության գրական մրցանակը կազմակերպվում է Եվրոպական գրահրատարակիչների ֆեդերացիայից (ԵԳՖ) ու Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայից (ԵՄԳՖ) բաղկացած կոնսորցիումի կողմից՝ ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի աջակցությամբ:
Նորարարության, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով եվրոպական հանձնակատար Մարիա Գաբրիելի հավաստմամբ՝ «Եվրոպայի Միության գրական մրցանակը լույս է սփռում տաղանդավոր հեղինակների վրա, որոնց ստեղծագործությունները պատկերում են մեր կյանքը և հուզում մեր սրտերը: Սրտանց շնորհավորում եմ առաջադրված տասներեք թեկնածուներին: Կհանդիպենք 2023թ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում՝ պարգևատրելու այս հետաքրքիր գրական մրցույթի հաղթողներին»:
Եվրոպական գրահրատարակիչների ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Ֆրանկո Լևի խոսքերով. «Այսօր 13 նորահայտ հեղինակների կյանքը կփոխվի դեպի լավը: Նրանք արդեն ճանաչվել և գովասանքի են արժանացել իրենց տարածքում, և այժմ մենք նրանց ներկայացնում ենք Եվրոպայի և այլ երկրների հրատարակիչների ուշադրությանը՝ ծանոթանալու նրանց ստեղծագործական կենսագրությանը, կարդալու թարգմանված ծավալուն հատվածներ, որոնք շուտով հասանելի կլինեն, և մտածելու իրենց ցանկերը նոր ձայներով ընդլայնելու մասին»:
Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի համանախագահ Ժան-Լյուկ Տրյուտենաերն այս առիթով ասել է՝ «ԵՄԳՄ 2023-ը ներկայացնում է 13 փայլուն հեղինակների՝ առաջադրված Եվրոպայի բոլոր անկյուններից՝ ևս մեկ անգամ ընդգծելով մայրցամաքի մշակութային հարստությունն ու բազմազանությունը: Անցյալ տարի մենք առաջին անգամ տեսանք Մրցանակի նոր ձևաչափը. Եվրոպական ժյուրին ընտրեց մեկ գլխավոր և հինգ հատուկ մրցանակակիրների: Ավելին, առաջադրված բոլոր հեղինակները կարող են հաղթող համարվել՝ եվրոպական ժամանակակից գրական աշխարհում իրենց հրաշալի ներդրումն ունենալու համար: Այս տարին ոչնչով չի տարբերվում. Եվրոպական և միջազգային գրավաճառների ֆեդերացիայի անունից ցանկանում եմ շնորհավորել այս տարվա հավակնորդներին իրենց մեծ աշխատանքի համար և անհամբեր սպասում եմ նրանց վեպերը Եվրոպայի գրախանութներում տեսնելուն»: