Ex ungue Leonem
Այդ մարդու հետ առաջին անգամ ինձ վիճակվեց հանդիպել սրանից քսան տարի առաջ, երբ ես՝ առաջին կուրսի ուսանողս, բութ մի ձանձրույթ էի ապրում այն լսարանում, որտեղ փոքր-ինչ հետո պիտի կայանար անտիկ գրականության պատմության առաջին դասախոսությունը։ Նախորդ պարապմունքներն այս անգամ էլ էին իրենց գործը արել. ես հասցրել էի ստանալ ցերեկային չորսժամյա չափաքանակը հերթական ապատեղեկատվության, ինչի մասչն արդեն այդ ժամանակ իմ մեջ ասես բարոյական և մտավոր քայքայման ինչ-որ ծիսական պրեցեդուրայի աղոտ մի պատկերացում էր գլուխ բարձրացրել։ Ավելի ուշ խորասուզումները հաստատեցին իմ նախազգացումները. համալսարանական կյանքի հինգ տարվա ընթացքում ես անպատիժ ենթարկվում էի անձնազրկման և բարոյազրկման սև մոգության գործողություններին։- Օրեցօր կրկնվում էր իմ մեջից մտքի բնական սաղմերը հանելու և ինձ անպետք և արհեստավարժ անմեղսունակությամբ լցնելու դիակի պես միօրինակ պորցեդուան։ Ճակատագրի բնազդը կուրորեն դիմադրում էր և մղում սաբոտաժի։ Դասախոսությունների բազմաթիվ բացթողումներով, պարապմունքների ժամանակ լսողության բացարձակ ֆրիգիդությամբ, վերջապես քննություններին հազիվ պոկած «բավ.»-երով ես անգիտակցաբար իմ դատողության ուժը պահպանում էի փչացումից։
… Նա լսարան մտավ և առաջին իսկ պահից մխրճվեց հիշողությանս մեջ. բարձրահասակ, անակնկալ, սպասված։ Ենթագիտակցությունս նույն պահին արձանագրեց մթնոլորտի փոփոխությունը։ Մի քանի վայրկյանում հարուցվեց հարաբերությունների նոր երկրաչափություն, կարծես ինդուկցիոն կոճի մեջ մագնիս դրվեց։ Նա այնպես մտավ լսարան, ասես դռնից այնկողմ ոչ թե համալսարանական նույնական տարածությունն էր, այլ իբսենյան դրամաների դեկորները։ Ամենաապշեցուցիչն այն էր, որ նա ամենևին չէր զգում մեր, ուստի նաև իր անպատեհությունը։ Նա այնպես ներս մտավ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, իր ողջ տեսքով ընդգծելով, թե տեղի ունեցածը նորմալ բան է, կարծես իրոք որ նորմայից դուրս չէր այն, որ պրոֆեսորական կոչմամբ խաբեբաների քնաբեր ձայներին վարժված թմրած լսարանը հանկարծ բախվեց մի մարմնացյալ հոյակերտության։
Հիշողությանս մեջ դաջված է մնացել առաջին տպավորությունը, որի համար ուրիշ բառ չեմ գտնում. նա պարզապես հոյակերտ էր, ներգործող մշակույթի այդ՝ հանկարծաբար տրված, նվիրատրված վկան։ Հոյակերտ՝ բառիս երկու իմաստներով էլ. փոխաբերաբար ու տառացիորեն։ Հոյակերտ ոչ միայն որպես նմանության տրոպ, այլև իբրև փաստի բնօրինակ, երբ անատոմիան դադարում է բժշկությանը ծառայել, այլ ծառայում է վրձնի ու հատիչի օրենքներին։ Բոլորովին վերջերս նրան նստած տեսնելով բեմի վրա՝ ձեռնափայտին հենված, մտածեցի, թե ինչ է զգացել Դոնաթելլոն, երբ հայացքը սևեռելով իր կերտած Ցուկոնայի անդրիին՝ բացականչել է «Դե՛ խոսիր, խոսի՛ր»։
Դասախոսությունը, որն այն ժամանակ լսեցի, և որը տևեց մեկ կիսամյակ, տարիների հետ ձևավորվեց որպես ընկալման նոր օրգան։ Ես միայն աղոտ կասկած ունեի. ինչպե՞ս կարող է նման բանը հնարավոր լինել, բայց ես թերևս գիտեի, որ առանց այդպիսի «ինչպես»-ի իմաստազրկվում է ամեն մի «ինչ»։ Նիցշեի նոր-նոր կարդացած «Աշխարհը կարող է արդարացվել միայն իբրև գեղագիտական երևույթ» ճակատագրական բառերը, որ զարմանալիորեն ձայնակցում էին նոր-նոր իմացած Դոստոևսկու պայծառաշնորհ ձևակերպմանը՝ «Գեղեցկությունը աշխարհը կփրկի», օտար զմայլանքների բոլոր հիսուն աշխարհները` շիլլերյան անմահ «Գեղագիտական դաստիարակության մասին նամակներից» մինչև Ֆլոբերի և Ուայլդի հիպնոսող ոճը, իմ հակահամալսարանական ինքնակրթության ողջ անքուն, թանկագին և մոլի մաքսանենգությունը, որը տանջալիորեն փեռեկում էր ինձ իրականության հետ աղաղակող անհամապասխանության փաստով, հանկարծ մեկ ակնթարթում համահունչության մեջ լուծվեցին։ Բանը լավ կամ վատ դասախոսությունները չէին։ Դասախոսությունները երբեմն ամենևին էլ վատը չէին, հատկապես առանձին գիտակարգերի թեմատիկայի վրա աներևակայելի ծաղրուծանակի ֆոնին։- Բանն այդ դասախոսությունների «ինչ¬պեսն» էր։ Ես տեսել եմ (եթե լավագույն օրինակները վերցնենք) ուսերին դրված գերազանց տեղյակությամբ լեցուն գլուխներ, որոնցից վար դադարում էր ամեն մի ինֆորմացիա, և սկիզբ էր առնում մի բան, որը աստղաֆիզիկայում կոչվում է սինգուլյարության պարադոքս։ Գիտելիքների հաղորդումը նմանակումն էր հեռագրության. ենթադրվում էր, որ պրոֆեսորի գլուխը ազդանշաններ է տալիս, իսկ ուսանողի գլուխը դրանք գրանցում է ժապավենի վրա։ Ես այդ հեռագրությանն էի պարտական դեռևս դպրոցական տարիքից Պուշկինի պոեզիայի հանդեպ իմ անտարբերությունը (մի հիվանդություն, որից լիովին ազատվել կարողացա միայն տարիներ հետո)։ Քանզի չկա ու չի կարող լինել մարդուն հակապուշկինական (հակա-ինչական ուզեք) դարձնելու առավել անվրեպ միջոց, քան երբ դեռահասին բանաստեղծի աշխարհն են առաջնորդում մի լեզվով, որի համեմատ ոճական գլուխգործոցի տեղ կանցնեն անգամ կոմս Բենկենդորֆի գրասենյակին հղված մատնությունները Պուշկինի հասցեին։ Կարճ ասած՝ բանը ոչ թե ինֆորմացիան էր, այլ մարդը։ Ես տեսնում էի մի դասախոսի, որը ջրի երկու կաթիլի նման նման էր նրան, ինչի մասին խոսում էր։- Ես առաջին անգամ տեսա ամբողջ մարմնով խոսող դասախոսի։ Նա խոսում էր` իր հետևից այրելով կամուրջները։ Մարտի էին նետված մարմնական պլաստիկայի պահեստային զորամասերը, և երբ շուրթերից բառեր էին պոկվում, դրան մասնակցում էին ոչ միայն ձայներանգները, այլև աչքերը, քիթը, այտոսկրերը, ձեռքերը, ոտքերը, ողնուղեղը,- ի՜նչ եմ ասում,- մկանները՝ բոլոր և ամեն մի։ Դա՛ ինձ ցնցեց առաջին իսկ րոպեներից. մկանների նրբագեղ ձայնավորումը ձայնակցումն էր նրա ձայնի. բառերի իսկությունը վավերացվում էր ոչ թե տրամաբանությամբ, այլ փորձարարական նյարդային ֆիզիոլոգիայով։
Թե նա ինչի մասին էր խոսում՝ աղոտ եմ հիշում։ Պինդարոսի, Արքիլոքոսի, Սոֆոկլեսի, հունական հրաշափառ աշխարհի, որտեղ դեսպաններին ընտրում էին ըստ վայելչատեսության, և որտեղ կանաչի վաճառող աթենացի կանայք քննարկում էին Դեմոսթենոսի հերթական ճառը։ Նաև հիշում եմ նրա գլխապտույտ երթագրոհները. Սոֆոկլեսից Բլոկ, Բլոկից իմպրեսիոնիստներ կամ (միգուցե) 15-րդ դարի ֆլորենտացի ելուզակները։ Միակ բանը, որ հիշում եմ այսօրվա պես, աղետայնության զգացումն էր, որը նրան ոչ մի վայրկյան չէր լքում և փոխանցվում էր մեզ, անգամ նրանց, ովքեր գերադասում էին դասավանդման բուժարանական բարեհարմարությունը։ Աղետայնությամբ էր հագեցած նրա յուրաքանչյուր ժեստը, յուրաքանչյուր դադարը. դրանով իսկ նա իր թեմայի բացառիկ նշանակալիությունը գամում էր, կենդանացնում էր մեր մեջ։ Մենք պետք է մեր ուղեղով ու բոլոր նյարդերով հասկանայինք, որ չի կարելի Սոֆոկլեսի կամ Պերիկլեսի մասին խոսել նույն ձայնով ու ժեստերով, որոնցով կարելի է և հարկ է խոսել օպերետային երաժշտության կամ ժամանակակից ռումինական պոեզիայի մասին։ Հարկավոր էր չափել զարկերակը` համոզվելու համար, թե որքան բնախոսական է իսկական գիտելիքը։ Աղմուկ և կատաղություն էր պահանջում նրա թեման։ Հարկ էր մտածել ոչ թե գլխով, այլ ողջ մարմնով, որ կարոտ էր մարմնամարզության, և հարկ էր ասվածը վերապրել ոչ թե ամանակվող ռիթմով, այլ սեյսմիկորեն։ Ճշմարիտ «ինֆորմացիան» յուրացվում է մայրերակի պատառվելու սահմանագծում. այն չի լցնում գլուխները տեղեկատվական տվյալներով, այլ ներխուժում է կենսական գործ¬ընթացների հայտանշանակության մեջ՝ ներազդելով արյան հոսքի ու նյութափոխանակության վրա, բնաջնջելով բարոյական բարեկեցության բացիլները, բթության ու անտարբերության մանրէաբանական ողջ զինանոցը։ Այդպես էր (եթե շարունակենք հունական մշակույթի թեման) «ինֆորմացիա» տալիս Սոկրատեսը. «Երբ ես լսում եմ նրան,- խոստովանում էր Ալքիբիադոսը,- սիրտս շատ ավելի արագ է տրոփում, քան դիվահար կորիբանտներինը, և նրա խոսքն իմ աչքերից արցունք է քամում»։
Հիմա, քսան տարվա հեռավորությունից, ինքս էլ կարող եմ խոստովանել. չնայած այդ դասախոսությունների ժամանակ աչքերս չոր մնացին (այդպես էր պահանջում ժամանակի ու տեղի միասնությունը` ի հեճուկս գործողության պահանջի), բայց սիրտս բաբախում էր շատ ավելի ուժգին, քան երբևէ դրանից առաջ կամ հետո կենդանի խոսք ընկալելիս։
Վիթխարի էրուդիցիան (որը ցայժմ էլ ապշեցնում է ինձ) նրա մեջ գոյում էր արկածային կյանքի բոլոր օրենքներով։ Նա բոցավառում էր իր գիտելիքները պրոֆեսիոնալ խաղամոլի կրքով, մշտապես va-banque գնալով՝ ողջ խաղագումարը դնում որպես ակնթարթի հաղթաթուղթ, բայց, անգամ տանուլ տրվելիս, այդ ակնթարթները կուրացնում էին գիտակցությունը զոհաբերման շռայլությամբ ու վեհակեցությամբ։ Խաղի տեխնիկան անհնար էր կանխագուշակել. նա կարող էր սկսել մեր մշակույթի բացերի մասին քաղաքավարի ակնարկներից և հանկարծ, մոլեգնելով, իր գիտելիքները կեգլիի գնդեր դարձրած՝ անխնա հարվածներ հասցնել։ Նրա մոլեգնությունը միշտ տարրալուծվում էր գեղարվեստական անզուգական ճաշակի ոլորտում. ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ մարդն իր դրսևորումների ամեն մի հյուլեով դատապարտված է արտահայտչականության. նա իրեն կողոպտված կզգար, եթե կենցաղավարության ստերիոտիպերը հետք թողնեին իրեն բաժին հասած ժամանակի թեկուզ մեկ ակնթարթի վրա։ Կենսական սկզբունքը նրա մեջ խաղարկվում է առանց «հաց ու թամաշա» հերթագայության. դրանք գործում են միաժամանակ. հենց հացն այստեղ թամաշային է, իսկ թամաշաները մատուցանվում են որպես հաց և, որ գլխավորն է, հանապազօրյա հացի կողքին շեշտվում են հանապազօրյա թամաշաները, որպեսզի հացը կոկորդում չմնա կամ չնպաստի ճարպակալմանը… Նա մշտապես բարձր է կանգնած իր գիտելիքներից, ահա թե ինչու է այդպիսի շռայլ հեշտությամբ բաժանվել ու բաժանվում դրանցից որտեղ պատահի՝ լսարանում, սեղանի շուրջ, պատահմամբ մեկին հանդիպելիս։ Ասպետի ու ազնվականի համար պարտադիր օրենք է՝ քսակը տալ պատահած անցորդին, քանզի գրպանը երկար ժամանակ ծանրաբեռնող քսակը տեղովը պիղծ ոգի է գասկոնացու համար, որին վիճակված է ցանկացած հանգամանքներում կնքել իր մահկանացուն իբրև Ֆրանսիայի մարշալ։ Լևոն Ներսիսյանի մասին հիմա արդեն ամենայն որոշակիությամբ կարելի է ասել, որ նա ոչ մի պարագայում այս կյանքից չի հեռանա որպես պրոֆեսոր կամ թղթակից անդամ, բայց ինչ էլ որ լինի՝ կհեռանա համբուրգյան հաշվի առավելությամբ։
Ահա որոշ հաշվեկշիռներն այդ հաշվի, որոնք նկատել եմ ուսանողական տարիներին և հետագայում ՝ նրա հետ առնչվելու պահերին։ Այդ մարդը դյուրավ քննություն կբռնի սանդղավորման բարձրագույն աստիճանակարգերում. նրա հոգևոր աստիճանակարգը առանց չնչին իսկ պրկումի, նույնիսկ հավելյալ պաշարով, ներաճում է համաեվրոպական ոգեղենության մասշտաբների մեջ։ Եվ ոչ մի չափազանցություն չկա, երբ խոսում են հավելյալ պաշարի մասին. այդ պաշարը զուտ ազգային խոհանոցի յուրահատուկ համեմունքն է, որը որոշ նշանավոր ֆրանսիացիների («անմահներից», ասենք՝ նաև մահկանացուներից) ստամոքսը չէր մարսի։ Չ՞է որ մեզնից որևէ մեկը երբևէ պետք է խոստովանի, որ մի բան է ֆրանսիական «ոգին» ոմն նշանավոր ֆրանսիացու համար և այլ բան՝ Լևոն Ներսիսյանի կատարմամբ։ Փորձեք պատկերացնել այդ մշակույթի ամենանրբահամ խորտիկները կերպարների գամմայի մեջ՝ Շոդերլո դը Լակլոյից մինչև Միշել Ֆուկո, գումարած մի բան, որն այդ ամբողջ գամմայում պարզապես չէր կարող լինել. մաքուր, անզուգական, հոգեցունց, հակավերթերյան, տասնապատիկ ռաբլեահունչ հայոց լեզուն։ Փորձեք պատկերացնել այդ համադրումները, որոնց չեն կարող հասու լինել եվրոպական լավագույն հրատարակչությունների սպառողները. ֆրանսիական հինավուրց բարեկրթության ամենանրբաճաշակ նմուշներ՝ պղպեղված հայոց լեզվի ինքնաթոր շարահյուսության վառոդով, կամ ավելի անհավանական համադրում. «Սիզիփոսի առասպելի» հեղինակը, այդ՝ «աբսուրդի դեկարտականը», ինչպես անվանել է նրան Ժան – Պոլ Սարտրը (Կամյուի արվեստով հրապուրվածներիցս շատե՞րն արդյոք գիտեն, որ այդ անունն այստեղ առաջին անգամ հրապարակել է Լևոն Ներսիսյանը), և ահա, նույն Ալբեր Կամյուն, բայց առանց էկզիստենցիալիզմի քրեստոմատիայի, առանց Նոբելյան մրցանակի, առանց համաշխարհային ճանաչման, մի խոսքով՝ առանց Փարիզի։ «Առանց»-ների շարքը նեգատիվ հնարանք է, որով շեշտում են պոզիտիվը այլ կերպարի. մտածենք այս արտասովոր խնդրի շուրջ. թե ինչ կորուստ կունենա Ալբեր Կամյուն այդ «առանց»-ների դեպքում՝ դժվար չէ կռահել. շատ ավելի դժվար է տեսնել, թե ինչ կշահի։ Խնդրի սիմետրիան ստիպում է համանման ծիսակարգ կատարել մյուս ծայրից. տվեք Լևոն Ներսիսյանին համաշխարհային ճանաչում, Նոբելյան մրցանակ, բացեք նրա առաջ Փարիզը (չնայած՝ նրան «այնտեղ գնալ պետք չէ») և խորհեցեք, թե նա ինչ կշահի ու ինչ կկորցնի։ Ես, անշուշտ, հասկանում եմ, որ երկու դեպքում էլ կշահի աբսուրդը, բայց աբսուրդն էլ է տարբերվում աբսուրդից. կարելի է լինել ոչ միայն աբսուրդի դեկարտական՝ այն զոհաբերելով մահացու լրջմիտ գրքերին. կարելի է ընդհանրապես ոչ մի գիրք չգրել՝ ոչ աբսուրդի, ոչ էլ ուրիշ որևէ բանի մասին և գերազանց համատեղել «Սիզիփոսի աշխատանքը» բոլոր իրավիճակներում պարզապես ճիշտ շնչելու կարողության հետ։ Կարծեմ դեռ չեմ ասել, որ Լևոն Ներսիսյանի Սիզիփոսը շատ ավելի նշանակալի հասարակական օգուտ է բերում, քան բազում ոմանք, ում ջանքը նորմավորված է աշխատանքային օրենսդրությամբ, իսկ ազատ ժամանակը մսխվում է անբանությամբ ու ձանձրույթով։
Այդ դասընթացը, որ ցնցեց ինձ՝ առաջին կուրսեցուս, տևեց կես տարի. կես տարի իմ ուսանողական կյանքն իմաստավորվում էր հինգշաբթիից-հինգշաբթի, երեկոյան վերջին երկժամյա պարապմունքներին, երբ այդ մարդը մտնում էր լսարան, կերպար առ կերպար ներկայացնում մարդկային մշակույթի «ավագ չարչարանաց շաբաթը» և հեռանում՝ իր հետ տանելով օտար հիացումներով ծանրաբեռ իր մենությունը։ Հարցն անտիկ գրականությունը չէր, ոչ էլ անգամ մշակույթն ընդանրապես. նա ուրիշ բան էր սովորեցնում, նա սովորեցնում էր առանց ուսուցանելու, պարզապես ցուցադրելով։ Թե ես ինչեր եմ քաղել այդ դասերից՝ անհնար է թվարկել։ Կասեմ գլխավորի մասին, մնացյալը՝ լռություն է։ Առաջին հերթին՝ կիրք. ինձ ակնառու կերպով մեկ անգամ ընդմիշտ ցույց տրվեց, որ գաղափարները, որոնք մեծամասնության կարծիքով նույնական են վերացական անպտղությանը, ի զորու են այնպիսի կրքեր հարուցել, որպիսիք կուզենային ունենալ անգամ պրոֆեսիոնալ արկածախնդիրները։ Երկրորդ՝ արտիստականություն. համաշխարհային մշակույթի իրադարձությունները չԷին կոնսպեկտավորվում, այլ խաղարկվում էին, և դրանք խաղարկում էր ոչ թե դեր-ասանը, որը կապ չունի Հեկուբի հետ, այլ ոմն մի «արտասովոր գործերի վարպետ», որն առնչություն չունի ոչ մի այլ բանի հետ, բացի Հեկուբից։ Երրորդ՝ պարադոքսայնություն և իմպրովիզացիա. մշակույթի երևույթները պետք է իմաստավորել ոչ միայն ճիշտ, այլև՝ ընտրելագույն մատուցմամբ։ Լևոն Ներսիսյանը պատմում էր մեզ հռոմեական կեսարների կամ ֆրանսիական հեղափոխության շրջանում ճառ ասողների մասին, իսկ մենք, ողջ մարմնով առաջ հակված, լսում էինք նրան, կարծես խոսքը առաջնակարգ ոստիկանական վեպի մասին էր։ Չորրորդ՝ հանճարեղություն, որպես վարքի նորմա. արվեստի ստեղծագործության չափանիշները օրգանապես ներաճում են կենցաղի մեջ և անհատականության ահաբեկչական արարմունքներով խաթարում նրա միօրինակ ապաշնորհությունը։ Չինացիք դա արտահայտել են մի նրբագեղ ասացվածքով, որը մոտավորապես այսպես է հնչում. «Մեծ մարդը հասարակական աղետ է»։ Լևոն Ներսիսյանը,- և դա հայտնի է յուրաքանչյուրին, ով թեկուզ մեկ անգամ շփվել է նրա հետ,- երբեմն ընկալվում է որպես տարերային աղետ։ Ինձ վիճակվել է նրա մասին լսել նաև այսպիսի կարծիքներ. «Այո՛… բայց նա անտանելի է»։ Զուտ ճշմարտություն. բայց չմոռանանք, որ մարդկային մշակույթի ծաղկման լավագույն ժամանակաշրջաններում այդպիսի անտանելիությունը փոխարկվում էր վարքի նորմայի։
Ես ինձ թույլ եմ տալիս մի մտավոր փորձ։ Պատկերացնում եմ Լևոն Ներսիսյանին, որը ռեֆլեքսային արագությամբ պիտի պատասխանի հետևյալ հարցին. ի՞նչ է մշակույթը։ Պատասխան (որ նա տալիս է ինձնից և իմ ձայնով). մշակույթը – երբ անտանելու մեջ քեզ զգում ես իբրև տանը։ Շրջանը փակվում է. հանկարծ որոշ թեթևություն և գոհունակություն ես զգում։ Այդ մարդը միշտ սպասել է և կսպասի մի բանի. որ իրեն մերկացնեն։
Երևան, 11 մարտի,1986 թ.
P.S. Երբ ես գրում էի այս հոդվածը, մենք արդեն հասցրել էինք լավ բարեկամներ դառնալ։ Այդ ժամանակ նա մենակ էր ապրում` տնից ոչ մի տեղ դուրս չգալով, բացի համալսարանից. նա ամբողջ օրը նստում էր բազկաթոռին (ոտքը լավ չէր) և կարդում էր, եթե հյուրեր չէին լինում։ Ես պարբերաբար մտնում էի նրա մոտ և հաճախ մնում մինչև ուշ գիշեր։ Նա միակ մարդն էր, ում հետ կարող էի խոսել ինձ համար նվիրական նյութից. նա, ինչպես ոչ ոք, հասկանում էր դա, չնայած որ հենց թեման նրան խորթ էր մնում։ Նրան հուզում էր ոչ թե թեման, այլ ես. մի անգամ ինձ ասաց (հաճոյախոսություններ երբեք չէր անում և չէր էլ կարող անել), թե այդ թեման սիրում է իմ մեջ և այն քամահրում է ուրիշների մեջ։ Նա շատ էր ֆրանսիական և գերմանական չէր ամենևին. հիշում եմ` ինչ տարօրինակ հայացքով նայեց ինձ, երբ ես, նրան ասելով` «Ձեր մեջ Վոլտերը վերջապես հասկացել է Շեքսպիրին», ավելացրի կարճ դադարից հետո` «… բայց ո՛չ ավելին»։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա այդ մասին «ավելին» գիտեր, թեև գրեթե երբեք չէր խոսում դրանից։ «Կոլեգաներս» արդեն այն ժամանակ խեթ-խեթ էին նայում վրաս իմ անտրոպոսոֆիայի համար։ Նա երևի միակն էր, որ հաշվի էր նստում իմ միջի անտրոպոսոֆիայի հետ` խուսափելով այդ թեմայով անմիջական զրույցից։ «Եվրոպական գիտության կազմավորումը» գիրքը ես գրում էի նրա՛ համար։ Լևոն Ներսիսյանը դա գիտեր, բայց չէր ուզում մաս-մաս կարդալ, այլ` ողջը միանգամից։ Ծիծաղելի է ասել, բայց ես շտապում էի. չէի համբերում, մինչև տեքստը գրեմ-պրծնեմ, մեքենագրեմ ու նրան հանձնեմ առաջին օրինակը։ Այն ընթերցելով` նա գտավ ինձ համար շատ կարևոր բառեր. էլ ո՞վ, եթե ոչ նա, հարկ է որ գիտենար, թե ինչ ո՛չ ադեկվատ պայմաններում գրվեց գիրքը։ Ինձ նեղն էի լծել, թե ինչ էլ լինի` տուն եմ կառուցելու, այն էլ` շինանյութերի տարրական անբավարարության պայմաններում, երբ գրքի սով էր տիրում, մանավանդ պերեստրոյկային հաջորդող Երևանում, որտեղ արդեն դժվար էր հույսը դնել նաև մոսկովյան գրադարանների վրա. ինչ-որ տեղ կային, անշուշտ, այդ գրքերը` պահանջարկ չունեցող, գուցե նաև էջերը չհատված, իրենց անհասանելիությամբ ախորժակս գրգռող։ Ինչ որ բան, ես, իհարկե, ճարում էի. եթե ոչ պետական գրադարաններում, ապա` մասնավորներում, իսկ եթե նաև ո՛չ դրանցում, ապա արդեն պարզապես «փակ աչքերով». մի անգամ, օրինակ, ականջիս հասավ, թե պատերազմի ոմն մի մեռած վետերանի զարմը վաճառում է հոր գրադարանը` Գերմանիայում ժամանակին թալանված գրքերի (երևի պետք է ասեի` ռազմավարի) հարուստ տեսականիով. եթե միստիկ լինեի` չէի դիմանա, թերևս, նպատակահետևանքային, այսպես ասած, դարձափոխիչ-պատճառական վարկածի գայթակղությանը, թե գրքերը թալանվել են հատկապես ի՛նձ համար (այնքան որ ամեն ինչ մեկից-մեկ էր` ներառյալ դրանք ինձ փոխանցելու պահը), և եթե ես դրանք այնուամենայնիվ գնեցի, ապա, հավանաբար, որպեսզի այդ «ժառանգորդին» չուրախացնեմ` դրանք տիրոջը վերադարձնելու պահանջ դնելով։ Սակայն դա դիպվածի քմայք էր, որը միգուցե տեղին է բանաստեղծություն գրելիս. բանաստեղծություն, ավաղ, ես չէի գրում, այլ գրում էի արձակ, որի ամրությունը ոչ վերջին հերթին կախված էր քաղաբերումների նեցուկից կամ, պարզ ու ակներև ասած, այնպիսի մի մանրուքից, որպիսին գրքերով ծանրաբեռնված սեղանն է որևէ հարուստ համալսարանական գրադարանում։ Ակնհայտ էր, թե ինչ նկատի ուներ Լևոն Ներսիսյանը, որ ինձ մխիթարում էր հակառակ դեպքերով, երբ, ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ գրքերը, դրանցից օգտվել չգիտեն։ Նա իրավացի էր. հավանաբար` հեշտ է երբեմն հինգ նկանակով կերակրել հինգ հազար մարդու, քան հինգ հազար նկանակով` հինգ մարդու։ Ընդհանուր առմամբ նրա պատասխան ժեստը իր համար գրված այդ գրքի առթիվ` շլացուցիչ էր։ Նա ինձ ասաց, թե նվիրում է ինձ մեկ օր իր կյանքից` պարզաբանելով, թե երբ գա իմ մահանալու ժամանակը` կապրեմ մեկ օր ավելի. համապատասխանաբար` ինքը – մեկ օր պակաս… Ինձ ապշեցրել էր նրա արքայական ժեստը, և փորձում էի – կովկասյան շրջափուլ – խաղը տանուլ չտալ։ Անսպասելիորեն բախտս բերեց. 1991 թվին մոսկովյան «Мысль» հրատարակչությունում լույս տեսավ շպենգլերյան «Եվրոպայի մայրամուտի» առաջին հատորի թարգմանությունս։ Անշուշտ, ո՛չ գրքի վրա աշխատելիս, ո՛չ էլ դրանից հետո ես չէի մտածում այն մասին, ինչը կարկամած սրտով հիշեցի հանկարծ, երբ գնում էի Լևոն Ներսիսյանին նվիրելու նրա համար նախատեսված օրինակը։ Իսկ հիշեցի նույն ուանողական տարիները, որոնց մասին գրել եմ նրան նվիրված հոդվածում. առաջին կուրսեցուս առաջին զրույցը լեգենդար դասախոսի հետ, որի դասախոսություններին վազ էին տալիս ուսանողներ քաղաքի բոլոր ԲՈՒՀերից։ Մենք կանգնած էինք դեկանաի կողքի լուսամուտի մոտ, և նա համբերությամբ լսում էր սկսնակիս կցկտուր հաշվետվությունը մշակույթի աշխարհում առաջին սիրազեղ զմայլանքներիս մասին։ Արդեն չեմ հիշում` ի՛նչ էի ասում. հիշում եմ միայն, թե ինչպես նա հարցրեց` կարդացե՞լ եմ արդյոք Շպենգլեր։ Շպենգլերին ես չգիտեի, և դա նրան զայրացրեց։ Նա մռնչաց, թե ինձ հետ խոսելիք չունի, քանի դեռ չեմ կարդացել Շպենգլեր, թե քանի դեռ Շպենգլերին չգիտեմ, ինքը` Լևոն Ներսիսյանը, ինձ ասելու բան չունի, և այդ կարգի ինչ-որ բաներ։ Նվիրելով նրան «Եվրոպայի մայրամուտի» օրինակը` ես ինձ թույլ տվի մի փոքրիկ ներկայացում սարքել։ Տևաբար ու շրջասաբար նրա դիմաց վերակերտում էի դեկանատի մոտի 25-ամյա վաղեմության այդ տեսարանը, մինչև որ նրա դեմքը սկսեց փոխվել։ Կարևոր չէ` հիշեց նա այդ տեսարանը թե ոչ, բայց ստուգապես հանկարծ տեսավ այն ամբողջությամբ. գրեթե նրա ձայնով ընդօրինակելով նրա բարկությունը Շպենգլեր չիմացող սովետական առաջին կուրսեցի ուսանողի հանդեպ, ես գիրքը սեղանին դրեցի նրա առջև և ասացի. «Հիմա Դուք խոսելու բան կունենաք ինձ հետ. Շպենգլերին ես ոչ միայն կարդացել եմ, այլև արտագրել. ռուսերեն»… Դրանից հետո շուտով ես մեկնեցի Արևմուտք։ Մենք տարին մեկ էինք տեսնվում, երբ ես երևան էի գալիս մի երկու-երեք շաբաթով։ Նրան բերում էի շքեղորեն բուրավետ օդեկոլոններ և արտասովոր ցմփոր շշերով կոնյակ, որը մենք անմիջապես ճաշակում էինք. նա` փոքր ումպերով և հոտառելով օդեկոլոնը, ես պարզապես խմում էի և դեմքս ծամածռելով շողոմաբար խնդրում նրան, որ հանկարծ չշփոթի` ի՛նչը խմի և ինչի՛ց հոտ քաշի… Վերջին անգամ մենք տեսնվեցինք 1999 թվի ամռանը։ Հիվանդությունը վրա հասավ հանկարծակի և բռնեց (տառացիորեն) նրա կոկորդից։ Երբ ինձ զանգեցին ու ասացին, որ նա մահացել է, ես պարզեցի նրա թաղման օրն ու ժամը։ Ես թաղեցի նրան մենակ, Բազելում, ուշ աշունքվա ցուրտ մի օր, ոտքով անցնելով մինչև Մյունստեր և կանգնելով Էրազմի դամբանի առջև։ Ինձ հանգիստ չի տալիս, իսկ գուցե (չգիտեմ), ինձ խաղաղեցնում է մի միտք, թե այն օրը, երբ ես կմեռնեմ, կյանքիս վերջին օրը, կլինի հենց նրա՛նը, կլինի հենց ա՛յն օրը, որը նա չապրեց, որովհետև ինձ էր նվիրել։
Բազել, 17 փետրվարի 2006
Թարգմ. Հրաչյա Բեյլերյան
Ինչ լավ է, որ այսօր էլ կան Լևոն Ներսիսյանի նման մարդիկ…
մեծմարդու մասին մեծ մարդու խոսք. ինչ սեր և ակնածանք:
Karen Swasyany ajsor aprox amenamec hajeric e… Erb petq e hajeren girq unena?