«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում է բանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա` զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր`Հակոբ Մովսես: Ձևավորումը`Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:
Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն գրքից:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Ես էլ ելա թեթև սրտով, քայլ արեցի գիշերվա մեջ,
Առավոտի գրակալին շողշողում էր մաքուր մի էջ:
Մի ձայնի մեջ զետեղվելու, ամփոփվելու մի ձայնի մեջ
Ցանկությունը ինձ դարձըրեց կյանքին հակված նրբին առէջ:
Քայլ արեցի: Այդ քայլի մեջ չկար փշուր հանդգնության`
Մի պտղունց աղ վերադարձի, մի կում գինի անհայտության:
Քարից լույս էր բխում այնտեղ, ուր վիճակվեց երկինք նայել,
Ինչ որ տեսա` մի պահ տեսա, չջանացի մտապահել:
Սալքարերի դառնությունը խաղաղվելով ճաշակեցի,
Տեսա տունը, ջուրը, քամին, նրանց պտույտը երգեցիկ:
Եղբայրներիս հանդիպեցի, նրանց խոսքը սրտիս իջավ,
Որ անեղծ էր ինչպես արյուն և մաքուր էր երկնքի չափ:
Ինձ այրեցին հրաշանուն սիրո-ցավի երկու արև,
Որոնք օգնում-խանգարում են այս ջրերում թիավարել:
Ընթանալով ես ընթացա հիշողության կեսգիշերով`
Հրճվանքները, կորուստները մոռանալով-վերհիշելով:
Քայլ արեցի: Առավոտը լուսավորեց ինձ շեշտակի:
Քայլ արեցի ու զարկվեցի մի քայլ հեռու նպատակից:
ԲԼՈՒՐՆԵՐԸ ԿՈՐԽ ԳՅՈՒՂԻ ԴԵՄ
Դաշտը անցանք, ծառի տակ
Պառկեցինք ու մոռացանք
Նպատակը, որ բերեց
Մեզ այս երկիրն անծանոթ,
Նպատակը, որ բերեց
Կորուստների կածանով
Ու մեզ դրեց այս կանաչ
Բլուրների կրծքի մոտ:
Գիծը գնում էր հստակ`
Արևելքից արևմուտք
Կապույտի ու կանաչի
Սահմանները շեշտելով,
Եվ դառնության հետ պայծառ
Հոսում էր իմ այտերով
Ցանկությունը անհնար`
Բլուրները պատկերել
Այն հանճարեղ կորությամբ,
Որ չի գծի ոչ մի բառ:
Հիմա ի՞նչ էր լինելու,
Որ մեզ պոկեր այս հողից,
Հիմա ի՞նչ էր իջնելու`
Օրհնության խո՞սք, թե՞ անեծք,
Ես չիմացա, բայց տեսա`
Գիծը գնաց ու հեռվում
Հենրի Մուրին սպանեց:
Ահա դառնում է դարձյալ`
Արևմուտքից արևելք
Բարձրանալով-իջնելով
Գիծը` իբրև սրտագիր,
Հիմա կանցնի մեր միջով,
Հիմա կանցնի մեր միջով`
Մեր սրտերը ներկելով
Կապույտով ու կանաչով:
Ուրիշ ի՞նչ էր լինելու
Նպատակը մեզ բերող,
Ուրիշ ի՞նչն էր լինելու
Այս պատկերից առավել…
Կյանքը ժպտաց ու անցավ`
Մեր երազը ծաղկելով,
Մեր մարմինը ձաղկելով
Այս ժամին ու առհավետ:
Դաշտը անցել ու արդեն
Գնում էինք դեպի տուն`
Մեր ձայներով չունեցած
Երգի պես բան երգելով,
Բլուրների ցնծագին
Գիծը իշխում էր իբրև
Ճակատագիր` կապելով
Մեզ երկըրին այս կանաչ
Եվ այս կապույտ երկնքին:
ՆՐԱՆ, ՈՐ ԵԿԱՎ ԻԲՐԵՎ ՍՓՈՓԱՆՔ
Երկինքը բաց է, մտքերս` զուլալ,
Հուլիսի կրծքին լույս նշմարեցի,
Եկավ սրընթաց, իմ միջով սուրաց
Հույժ մարմնավոր ու անհույս գեղեցիկ:
Ելա, որ նրա քաղցրության առաջ
Վառ գիշերները ծխի վերածեմ,
Ելա, որ նրա դառնության համար
Զգացմունքների պատուհան բացեմ:
Թվաց` այդպես էլ կանցնի-կգնա,
Ես պաղ ջրերում կարթնանամ էլի,
Օրերը անցան, բայց ինչքան գնաց`
Բառը կարծրացավ իմ շրթունքներին:
Տեսա` ծաղիկը ինչպես է բացվել,
Փորձեցի քաղել խորհուրդն անիմաց
Ու նշանառու լույսով լվացվել,
Որ մաշկս պատռել, կրծքումս է հիմա:
Թեթև ընթացա, ծանր է ետ նայել,
Թեթև ընթացքում սիրտս կորցըրի,
Ինչն ինչպե՞ս եղավ, մեզ ո՞վ հմայեց.
Տարուբերվում է շղթան հարցերի:
Գիշերը անցավ: Ուրիշ ի՞նչ գրեմ`
Մութ պատմություն է ու շատ է նախշած,
Ավելի լավ է` երկու կետ դնեմ
Ու նրանց միջով ելնեմ լույս աշխարհ:
ՄԵՆՔ ՀԻՄԵՐՆ ԵՆՔ ՎԱՌԵԼ
Դառը խոսքն եմ բերում: Ես չմեռա
Քաղաքական մաղձից, ոչ էլ սիրուց
Եվ ընդհատված տեղից պիտի ասեմ
Բառը երկրի իմ որբ ու արնաներկ.
Եվ դու` ամբոխ` ընկած թավալգլոր,
Եվ դու` ավերակաց թագավորող,
Եվ դու, որ միշտ գիտես քո շահն առնել,
Եվ դու` իշխանության որ չես հասել,
Եվ դու` պոռնիկ ու կույս` տգեղ-սիրուն,
Այլևս մի վատնեք ջանք ու եռանդ:
Այս շրջանը փակվեց: Պնակալեզ,
Պատեհապաշտ, ծախու, անհայրենիք
Նախկինները անցան, սակայն թաքուն
Կարողությամբ զարթընեցին մեր մեջ
Եվ դեռ տեր են պղծված այս տաճարում
(Անցյալը հանճարեղ անցք է ճարում),
Տեր են ավելի, քան երեկ: Մեր մեծ
Շարժումը կանգ առավ: Այն, որ մաքուր
Գետ էր` աղբը քշող այս վայրերից,
Պղտորվել է հիմա, գարշակալել:
Եվ ոչ մի բարձր խոսք կամ գաղափար`
Անկախություն-հայ ազգ-ազատ Արցախ,
Ի զորու չէ փոխել կյանքն այս մասում:
Մենք հիմերն ենք վառել: Չի հավատում
Իմ եղբայրն ինձ արդեն: Մերձավորիս
Ես ատում եմ նույնքան, որքան որ ինձ:
Նույնն ենք, նույն ցեխից ենք` կարծես հատուկ
Ընտրել ու հունցել է մի անասուն
Ի պատկերի յուրում: Ու սանձարձակ
Հոշոտում ենք իրար եղբայրաբար:
…Այս երեխան ահա` հոգին նեխած,
Իր մանկության իրավունքը հիմա
Փողոցները նետել, լկտի, անուս
Գողանում է, խաբում ու կսպանի
Մի կոպեկի կամ մի բառի համար,
Նրա շրջափակված սիրտը խավար
Պատասխանն է կյանքի իմ սպառիչ…
…Նույն երեխան` սովից-ցրտից անուժ`
Ահա մեռած-պառկած իր մոր դիմաց,
Եվ այդ կնոջ ողբը` ի՜մ երեխաաան:
…Հպարտ: Է՛լ ավելի: Անկախություն,
Ազատություն, ԳԽ ու գործընթաց,
Հռչակագիր, օրհներգ ու եռագույն
Ու նախագահ` իբրև զինանշան,
Եվ հընթացս` բառեր, բառեր, բառեր.
Սա է պետությունը, ահա առեք,
Ճաղերից ներս կերեք նախանշված
Ձեր մի քանի տարին` մինչև անկում,
Որ չէ արդեն անկում, այլ ձեր ոթած
Մեռյալների ընթացք ու տևող թույն:
Ու մտնում ենք նորից մենք գետը նույն:
ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՄԱՀԸ ԵԿԱՎ
Մովսես Գորգիսյանին
Հիմա ես գրում եմ: Առաջին հեղ
Իմ գրիչն ու թուղթը փոքր են մահից,
Ստիպված եմ գրում առաջին հեղ,
Քանզի մահն այդ եկավ դիպուկ ահեղ
Հայրենիքիս աղի բլուրներից:
Այդ ի՛մ Հայրենիքից մահը եկավ,
Եվ ես ոչինչ պիտի ետ արձակեմ,
Թեև մինչև այստեղ ելա-եկա
Ու` բացակա զինվոր, պոետ` ներկա,
Արյուն տեսա թղթին ու վերջակետ…
Նրանք կռվել էին` մահվան վախից
Դարձել զգույշ-մռայլ-մոլոր-խոսող
Եվ տեսիլքի նման տեսնելով ինձ`
Պատմում էին խառը աջ ու ձախից`
Պատմում էին` ինչպես խփվեց Մոսոն:
Պատմում էին: Մահը բլուրներից
Տարածվում էր դաշտում Արարատյան
Եվ գալիս էր շեղբով մի սևերիզ,
Որ շեշտակի հասնի, զարկի վերից
Չարբախներում կորած մի արթուն տան:
…Բայց ես լույսը գիտեմ` մահվան խաղաղ
Ջրերի մեջ կյանքի շարժը ստույգ,
Եվ սխալ է բառը լուսաշաղախ,
Անտեղի է բառը լուսաշաղախ`
Նա չէ հիմա Մասսյաց կատարին զույգ:
Եվ ոչինչ է մնում անել հիմա.
Շրջանային խոնավ դիարանում
Ես ծնկի եմ իջնում նրա դիմաց,
Սավանը ետ տանում ու անիմաց
Համբուրում եմ ճակատն ու բարձրանում…
Եվ գրում եմ այսպես առաջին հեղ,
Առաջին հեղ այսքան փոքր եմ մահից,
Բայց շարժում եմ ձեռքս ու ինձ այստեղ
Ճշգրիտ եմ տեսնում առաջին հեղ
Հայրենիքիս աղի բլուրներից:
ՆՈՐ ԷՋ
Ուրախ պահիր ինձ` տուր դառնություն,
Դռնեդուռ գցիր, զարկ քարերին,
Միայն պահպանիր նշված տեղում,
Խոսքի հետ դարձրու մեղր ու մեղու,
Որ քաղաքական պատահարից
Բարձրանամ իբրև շնչառություն`
Թեթև, խաղացկուն, ուժեղ հանգով`
Պատրաստ այլևս սավառնելու –
Անշարժանալու ձեռքերիդ տակ.
Այս էր` նվիրակ ու հացկատակ`
Մի պահ սուրացի սա լեռներում
Այլուրից եկած հրահանգով:
Ա՛յն բանի համար, որ ա՛յս եղա,
Որ մսխեցի քո գանձը մեկեն,
Որ ծուռ ընթացա բազմապատիկ`
Մուր քսիր դեմքիս, ձեռքս հատիր,
Միայն երկու զույգ ու երեք կենտ
Բա՛ն ստեղծական սրտիս տեղա:
Պատկերագրվիր խորքում էջի,
Ինչպես արել ես ամեն անգամ,
Երբ մեկը լույս է ծնել ձեռամբ
Ու այն դարձըրել գիմ, բեն ու այբ,
Ինչպես եղել ես ստույգ ներկա
Բանաստեղծության սկիզբ – վերջին:
Ահա գալիս են թևերը բաց`
Իմ եղբայրների սերը չափիր –
Զետեղիր խաղաղ քո աջ դասում,
Մինչև հատիկն իմ դառնա մասուր,
Ու նրանք կանչեն ինձ այն ափից`
Այլևս խոսքով հրեշտակաց:
Տուր` մեռելները մեզ չթաղեն,
Իսկ մնացածը անուշադիր
Վարանումներ են` քեզ դառնալու,
Եվ երբ որ մի տող` սառն ու հմուտ`
Կգրվի թերթին մանուշակի,
Իմ սիրտն ու շունչը կխաղաղվեն:
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
Գերխնդիրը մահն է: Մեռիր, իմ հայրենիք:
Իմ ճակատին իջավ դառնահամբույր դրոշմ,
Եվ իմ կոկորդը, որ աղբյուր պիտի լիներ
Հայոց զվարթ խոսքի, ու ես` ոսկեբերան,
Հիմա դարձել եմ սև արյուն ոթող երակ,
Որ խեղդում է կյանքի հորինովի ծիլեր,
Որ սևով է ներկում ամեն գույնի դրոշ
Եվ իզուր է սեպում ջանքը քո այրերի:
Նրանք պիտի ճգնեն, նրանք պիտի ջանան,
Որ դու տերը դառնաս քո կամքի ու հացի,
Որ մեր կանաչ-կարմիր մանկանց վրա շողա,
Իմ բորբ երկիր, լուսա-պսակ քո ապագան,
Բայց տառապանքն անոնց, հույսը անապական`
Մաշտոց հրեշտակի աջից դեռ նշողած,
Պիտի վերջին շարժում դառնա մտացածին,
Եվ խաղաղվեն պիտի նրանք և վերջանան:
Ահա: Երկինքը այս, բլուրները, լեռան
Ուրվագիծը մեռնող ու հարություն առնող
Աստծո ամեն ծեգին, զավակներս, խոսքի
Շնչառությունը այն, որին արժանացա,
Տղամարդու ուժը, սերը ու չիմացյալ
Գաղտնիքները բոլոր հանձնում եմ այս հոսքին`
Թող անիծյալ լինեմ և քեզ հղած արնոտ
Անեծքով թող ինքս լցվեմ բերնեբերան`
Չեմ նշմարում քանզի ուժդ անքննելի,
Չեմ հավատում, որ դու` փյունիկ հրաշք թռչուն,
Պիտի վերածնվես, և թշնամիք` քո մեջ,
Եվ թշնամիք` մոտիկ-հեռու պիտի չքվեն:
Քանզի պիտո էր, որ երբեք ես չճկվեմ,
Ու` երգեցիկ եղեգ, մութը ամենամեծ
Պատռեմ լույսով-հույսով ու ձայն ձայնեմ հնչուն`
Ի ննջմանեդ մահվան արքայաբար Ելիր:
Ելիր: Բայց չես ելնում, ու ես` մտամոլոր
Կամ` մտագար գուցե, քեզնով ծաղկելու տեղ
Ճերմակ երկինքը այս, նաև հրաժարված
Մեր քերթության` կյանքը պանծացնող լույսից,
Արևելք ու հարավ, արևմուտք ու հյուսիս
Ուրուներ եմ տեսնում` քեզ հոշելու շարված,
Եվ մեծ բանաստեղծի խոսքն եմ բերում այստեղ`
Թող անիծյալ լինեն հզորները բոլոր:
Այսպես կվերջանա: Հրաշք այս վայրերից
Ոռնոց չի ելնելու` խաղաղ-խաղաղ-խաղաղ`
Ազատագըրվելու մտասևեռումով
Վերջին կռիվը մեր վստահ չենք զիջելու
Եվ երազած բախտից միայն մի քիչ հեռու
Շնչելու ենք լեռան տեսքը պապակ կումով
Ու ննջելու ենք մենք արնալուսաշաղախ:
Գերխնդիրը մահն է: Մեռիր, իմ Հայրենիք:
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
«Մենք հիմերն ենք վառել» – 1990-ականների սկզբի մեր կյանքն է, մեր երկիրը, մեր հիասթափությունը: 4-րդ և 16-րդ տողերը Չարենցից են` մի փոքր ձևափոխված:
«Իմ հայրենիքից մահը եկավ» – Մովսեսը զոհվեց Երասխում` Հայաստան-Նախիջևան սահմանին: Այնտեղ էինք: Հետո Հրաչյա Թամրազյանի հետ գնացինք Արարատ քաղաքի հիվանդանոց` դիարան: Օրվա ճշգրիտ վավերագրությունն է: «Չարբախներում կորած մի արթուն տան» – Մովսես Գորգիսյանը բնակվում էր Չարբախ թաղամասում:
«Նոր էջ» – երկարատև դադարից հետո գրված գործ է:
«Մահվան տեսիլ» – գրել եմ 1989-ին, երբ թվում էր` մեր ազգային զարթոնքը հարատև է լինելու: Բայց մի վախ-վտանգ-տագնապ կախված էր օդում: 40-րդ տողը Թումանյանի հոդվածներից է: Չարենցից արձագանքներ կան: Ինձ հատկապես հուզում է տաղաչափությունը` ութնյակների հանգավորումը` ABCDDCBA: