Էմանուել Հոկար | Ֆոտոմեդիտացիա մերկության մասին

 

Էմանուել Հոկարը (Emmanuel Hocquard) ժամանակակից ֆրանսիական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից է: Ծնվել է 1940թ. ապրիլի 11-ին Կանն քաղաքում: Թարգմանել է անտիկ և ժամանակակից ամերիկյան պոեզիա:
Է. Հոկարը սկզբունքորոն հրաժարվում է զգայություններից, հնչահանգությունից, փոխաբերություններից և մակդիրներից: Բանաստեղծի խնդիրն է՝ կենտրոնանալ հենց լեզվի և նրա գործառույթի վրա:

 

 

Ֆոտոմեդիտացիա մերկության մասին
(հատվածներ)

***
Մերկությունը պատմություն չունի

ծանոթագրություն

Չկա պատմություն առանց քերականության:
Մերկությունն էլ շրջանցում է քերականությունը:
Մերկություն – գոյական անու՞ն:

 

***
Մերկությունը փոփոխում է տարածության ծավալը: Այն շնչում է մաշկով:

ծանոթագրություն

Քերականը սահմանում է քերականական տարածությունը:
Երբ միտքը դուրս է գալիս իր սահմաններից, լեզուն ընդլայնվում է:
«Գլուխս վեր է սլանում, ոգիս նիրհում է »:

 

***
Մերկությունը առարկա չունի: Այն պատմության մեջ չի մտնում,
այն հատում է անթվելի պատմություններ:
Բայց նրանց չի պատկանում:

Ինչպես և շնչառությունը, մերկությունը անդեմ է:
Այն անգամ բայ չունի:

մերկությունը ամենապարզ միտքն է

 

***
Մերկությունը ավելի անտեսանելի է, քան անշոշափելի:

Նարցիսը իրեն տեսնելու համար,
պետք է տեսներ արտացոլանքը,
որ վերստեղծում է նրան ջրի մեջ:

Այդ կերպ լուսանկարը (անկասկած և գեղանկարչությունը,
և քանդակագործությունը) թույլ է տալիս
հայտածել ( ընկալմանը հասանելի դարձնել)
այդ անտեսանելին:

 

***
Կարելի է պատկերացնել մերկ մարմին,
Բայց մերկությունն աներևակայելի է:

ծանոթագրություն

Կարելի է նկարագրել իրադրությունը,
բայց նկարագրությունը աննկարագրելի է:

(Ալեն Վայնշտեյն.
« Պոկված է էջը, ոչ թե պատռված տեղը»:)

 

***
Դեմքը և մերկությունը միշտ չէ, որ լավ զույգեր են: Այդ իր դեմքից է (կամ ձայնից է) ինչ- որ մեկը ճանաչվում, անգամ նա, ում մենք չգիտենք:

 

***
Մերկությունը քնածների մեջ արթմնին է:

Եվ այդպես հպվում է մանկությանը:

 

***
Կարելի է ձեռքով շոշափել կաշին կամ թուղթը:

Բայց մերկությունը անզգայելի է:

 

***
Ինչպես մամուռն է բնակվում ժայռի կամ ճյուղի վրա,
բայց սնվում օդով,

այդպես էլ մերկությունն է առանձնացված մարմնից, որ իրեն է կրում:

 

***
Մերկությունը – հայելի է

ծանոթագրություն

« […] տիտանական լռություն

քո հայացքում
նրա աչքերն են»:

 

***
Քո գեղեցկությունում ՝ աննկարագրելի մի էություն,

որ անկարող եմ ինձ բացատրել:

 

***
Մերկությունը ոչ մի հարցի չի պատասխանում,
որովհետև այն ինքնին հարց է: Եվ պատասխան
հարցին: Այն առաջին և վերջին հարցն է,
երբ արդեն չկան պատասխաններ:

 

***
Լեռը և ամպը գեղեցիկ են միասին:
Դա պարզ է: Անձնական ոչինչ չկա:

Քո մերկությունը ճեղք է առաջացնում
նրանում, ինչ քո շուրջն է:

Այդ դատարկությունը մշուշային է:
Ոչ մի սահման:

Ինչպես հոլանին և ինչպես դատարկությունը –
մերկությունը անցական է:

Այն լուսավորում է մարմինը լուսաշերտում:
Լուսանկարի ժամանակը:

***
Քո մերկությունը հայում է իրեն իմ աչքրով:

ծանոթագրություն

«Քո»-ն և «իմ»-ը չեն հասցեագրվում
երկու տարբեր մարդկանց և չեն սահմանում
նրանց հարաբերությունները:
«Ես» -ը և «դու»-ն պարզապես թույլ են տալիս
անկորուստ շարժում (շնչառություն),
ներհատուկ,
ինչպես համանմանության մեջ,
որ տալով առնում է ինքն իրեն:

 

«Սեղանների տեսություն» շարքից

***
Ինչպես ասել և ինչպես չասել` ես
ինչպես ասել` դու
Անիմանալի է քեզ համար քո ձայնը երբ խոսում ես
Քո լեզուն քոնը չէ
Մեկնաբանիր այն թարգմանությամբ
Սիրելի …, վերցրու այն ինչ կգտնես ձեռքի տակ
հավաքիր այն ինչ սեղանի վրա է
Բաժակի մեջ քարեր նետիր
և գույնը կնշմարվի ջրում
Մի բաժանիր `
ես ու դու
Մի բաժանիր
երկներանգը Էգեյան ծովից

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *