Պասկալ Քինյար | Գաղտնի կյանք

Ֆրանսիացի արձակագիր, էսսեիստ Պասկալ Քինյարը ծնվել է Վերնոյում 1948թ. ապրիլի 23-ին: Դասավանդել է անտիկ շրջանի գրականություն Վենսենի համալսարանում: Նրան ճանաչում են բերել «Վուրտեմբերգի սալոնը», «Շամբորի աստիճանները», «Աշխարհի բոլոր առավոտները» վեպերը: 2002թ. Պասկալ Քինյարը արժանացել է Գոնքուրի մրցանակի «Թափառող ստվերներ» ստեղծագործության համար: Նրա ստեղծագործությունների ժանրը իրենից ներկայացնում է վեպի, պոեզիայի և փիլիսոփայական էսսեի արտասովոր սինթեզ:

( հատված)

1414թ. երկրորդ օրը Մազաչչոն պատկերել է այն դուռը, որով առաջին մարդը լքել է առաջին աշխարհը:
Նա սկսեց Ադամի աջ ոտքից, որը դրախտի դռանն է: Երրորդ օրը նկարիչը պատկերել է առաջին մարդու ամբողջական մարմինը: Մարդու դիմագծերը Մազաչչոն փոխառել է իր ուսուցիչ Մազոլինոյի «Պատվիրազանցություն»-ից. երևելի կզակ, լայն ուսեր, կոր մեջք, կլոր հետույք, հարթ որովայն, գրեթե անմազ մարմին, փոքր առնանդամ, երկարավուն ազդրեր, գունատ և բարակ կոճեր:
Չորս հարյուր տարի անց վիեննացի մի գիտնական ապացուցել է, որ Մազոլինոյի Ադամը, որին կրկնում էր Մազաչչոյի Ադամը, իր հերթին փոխառվել է Տիբերիոս կայսեր առաջին դարի հռոմեական քանդակից:
37 թ. մարտի տասներեքին, իր տեգով վարազին խոցելուց հետո, Տիբերիոս կայսրը մահացավ1: Այդ պահին նրա մոտ կողացավ սկսվեց: Նա հրամայեց պատգարակ բերել և պառկեց: Ձախ ձեռքը ջղակծկվեց և նա չէր կարողանում ձեռքը բացել: Անհնարին էր նրանից վերցնել մատանին և կնիքը: Նա մահացել է Միզենի իր վիլլայի ննջարանում ` բարձը երեսին, որովհետև Մակրոնը ուզում էր խլացնել նրա ճիչը:
1414 թ. չորրորդ օրը Մազաչչոն պատկերել է ողբահար Եվային – նա ճանապարվում է այն աշխարհը, որը հայտնաբերել է ավելի վաղ, նախքան Ադամը նկատել էր նրան :
Ադամը հետևում է Եվային:
Հետաքրքիր է, որ ողջ տեսարանում, միայն Ադամի նվաղ առնանդամն է առավել վառ լուսավորված: Եվան գունատ է: Նրա որովայնը ծանրացել է: Դեմքը առաջ է թեքված` դեպի երկինք: Տղամարդը իր դեմքը խոնարհել է գետնին և թաքցնում է:
Առաջին կնոջ դեմքը աղճատված է, նա բերանը բացել է և հեկեկում է այս աշխարհի տեսքից: Իսկ նա – առաջին տղամարդը, ոչինչ չի ուզում տեսնել: Առաջին տղամարդը զուրկ է դեմքից: Այդպիսինն է նա նաև ամենավաղնջական քարաձավների պատերին, որոնք հին են երկրագործությունից, հին են պատմությունից:
Սիրահարները միշտ երևակայում են, որ գտնվում են մարդկության ակունքներում:
Որմնանկարի ողջ գաղտնիքը ՝ ոտքն է դռան բացվածքում, որից նա դուրս է գալիս և հայացքը, որին արգելք է դրոշմված: Երևում է, որ մարդու աջ ձեռքը սեղմում է աչքերը և կուրացնում այն: Երևում է, թե ինչպես է նրա աջ ոտքը մնացել Դրախտի դռան շեմին : Ահա, թե ինչ է նկարում ասվում: Լքել դրախտը` նշանակում է , որ դու մեկ ոտքով դեռ այնտեղ ես` ներսում:
Ֆլորենցիայի Բրանկաչչի մատուռի դռան ձախ կողմում Ադամի աջ կրունկը դեռևս դրախտի նախամուտքում է: Եվան նրանից առաջ է, նրա ողջ մարմինը արդեն դրախտից դուրս է, իրական աշխարհում (կամ ավելի ճիշտ` երկու աշխարհների աշխարհում: Աշխարհում, որտեղ մերկությունը ծածկված է ներկով, հանդերձանքով: Ամեն աշխարհ, որտեղ մերկությունը կարող է ծածկվել կամ էլ երանգավորվել, իսկույն վերածվում է երկու աշխարհի: Այն պահից, երբ սկսվում է զրույցը, ասելին և անասելին բաժանվում են: Մարդկային աշխարհը երկակի է` ինչպես տղամարդը և կինը):
Հնարավոր է իրանի բացակայությունը վկայում է այն մասին, որ այն պահին երբ նրանք լքում են Եդեմը, առաջին կինը արդեն հղի է:
Պատկերն արտահայտում է` սեռական գրկախառնությունը դրախտային է: Ամեն կին լիապես կին է, երբ ամբողջական է:
Կնոջ աջ ձեռքը ծածկում է կուրծքը: Նրա ձախ ձեռքը թաքցնում է սեռական օրգանները: Թվում է, թե դրանք պատկանում են ամենասովորական, այլ ոչ թե առաջին կնոջը, քանի որ նա հեռացրել է մազերը (Մազոլինոյի Եվան ևս), բայց հատկապես այն պատճառով, որ թաքցրել է աչքից:
Արտասվելով, նա աջ ոտքով մի քայլ առաջ է անցնում Ադամից: Դեմքը բարձրացնելով երկինք՝ փակ աչքերով, առանց իմանալու, թե ուր է քայլում, նա հեկեկում է ` վախենալով իրեն սպասող մարդկային աշխարհից: Հեկեկում է` վախենալով ապագայից, որը սպասում է իր մանկանը:
Ադամը քայլ է անում ձախ ոտքով ` չնայելով Եդեմին, որը նա լքում է, ոչ էլ` ամայի, անկանխատեսելի, իրական աշխարհին, դեպի ուր քայլում է: Նա անգամ չի փորձում թաքցնել իր մերկությունը: Նա աջ ձեռքը մոտեցրել է և այն սեղմել ձախով, որ աչքերը ավելի ամուր փակվեն: Եվ չէր կամենում, որ աշխարհը, ուր նա մուտք էր գործում, տեսներ իր լացը:
Մազաչչոյի մեկնակերպը պարզ է: Առաջին մարդու մարմինը առանձնանում է պատից, մի ոտքը դեռ այնտեղ է, բայց նա տեսնում է փակ աչքերով: Ադամի գլուխը, որ խոնարհված է առաջ, ձեռքերով ծածկված – մտածող գլուխ է: Այն ներհայող գլուխ է, որ հիշում է կորուսյալ աշխարհը:
Երկու ձեռքով նա դրոշմում է հայացքում հիշողությունը այն աշխարհի, որը ստիպված է լքել: Այդ երկու ձեռքերը, այդքան ամուր սեղմված աչքերին, տանում են նրա հայացքը դեպի այլ աշխարհ, որը նա տեսնելու է մահկանացուների աշխարհ լիովին մուտք գործելուց հետո. մթնոլորտային օդ, գունավորված տարածություն, դարչնագույն հող, կապույտ երկինք:
Նրա աջ ոտքը դրոշմվել է դրախտում: Ոչ ոք կանգնած չէ իր ակունքում: Ամեն մարդ հառաչելով դուրս է գալիս կնոջից, որը նույնպես հառաչում է: Մենք հառաչելով հեռանում ենք դրախտից: Մենք հառաչում ենք, երբ հեշտանք ենք ապրում: Մենք հառաչելով լքում ենք այս աշխարհը: Ամեն իրական հեռանում է: Կատարյալ հեռացումը ¬¬- օրգազմն է:
Որմնանկարը արտացոլում է Ծննդոց գրքի տեքստը: Եվ պատկերը ներկայացնող տողերը ամենախորհրդավորն են հին տեքստերում: Տորան վկայում է, որ այն մարդկային մերկության հայտնության ակնթարթն է : Յոթերորդ տողում գրված է`
«…երկուսի աչքերը բացվեցին
…և հասկացան, որ մերկ են »:
Տեքստը կազմված է երեք տակտից:
«Աչքերը բացվեցին» – հիացմունքն է:
«Նրանք մերկ են», նրանք ազատվեցին հմայությունից:
Այնուհետև նրանք թաքնվում են . երրորդ տակտը: Նրանք թաքնվում են 1) հագուստի մեջ ( Նրանք թզենու տերևներն իրար կարեցին և իրենց համար ծածկոց շինեցին, Ծննդոց 3;7), 2) անտառի ծառերի հետևում: Սուրբ Հիերոնիմոսի մեկնաբանությամբ «Et aperti sunt oculi amborum: cumque cognovissent se esse nudos » ( երկուսի աչքերը բացվեցին, երբ իմացան, որ մերկ են): Կատարվածից հետո, Ադամը Հավերժին բացատրում է, որ մերկության հայտնաբերմամբ նա վախ է զգացել և թաքնվելու անհրաժեշտություն:
Այդժամ Տերը հարցնում է նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես» («Quis enim indicativit tibi quod nudus esses?»: Հենց այս պահն է նախորդում սկզբնական մեղքին: Իսկ սկզբնական մեղքը այն ակնթարթում է, որ նախոդում է այս տեսարանին. երբ երկրային դրախտից վտարված առաջին տղամարդը և կինը առաջին անգամ տեսել են իրենց սեռական տարբերությունները այնտեղ, որտեղ միշտ եղել են, սակայն մինչ այդ նրանց չէր առանձնացնում: Եվ այս հայտնությունը իր հետ բերեց ամոթ, անհանգստություն, զրկանքի զգացում, ցանկություն, վախ Տիրոջ ձայնից:
Ի՞նչ է Հավերժի ձայնը:
Խոսքն է:
Այդ խոսքն է արտաքսում նրանց ձայնի տեսքով, որ լսել էին տագնապի պահին և անկմանը նախորդած ամոթը դրա պատճառն էր: Մարդկային մերկությունը` անցումն է մարդկային ժամանակներ: Բացված աչքերը – մերկության աչքերն են և թզենու տերևների տակ թաքնվելու, երբ սկսում է հնչել Հավերժական լեզվի ձայնը:
Cognovissent se esse nudos . «Եվ նրանք հասկացան, որ մերկ են»: Եթե միայն բառերը իմաստ ունեն, ի՞նչ է այդ նշանակում: Նշանակում է, որ առաջին անգամ նրաք ճանաչել են միմյանց առանց պատկերի: Կրունկը դեռ չի անջատվել աստվածային դռնից և ահա Ադամը առաջին անգամ կհայտնվի առանց կերպարի: Մարդկային գեղանկարչության ակնթարթն է: Առաջին մարդը ընկալում է մերկությունը որպես թերություն և նրա ձեռնափերը սեղմում են աչքերը:
Ելքը աշխարհի սահմաններից` մարմնի մերկությունն է…

Թարգմանությունը` Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *