—Դու ո՞վ ես:
— Ես Մահն եմ:
— Իմ հետևի՞ց ես եկել:
— Արդեն վաղուցվանից կողքովդ քայլում եմ:
— Գիտեմ:
— Պատրա՞ստ ես:
— Մարմինս պատրաստ է, իսկ ես` ոչ: Մի վայրկյան սպասիր:
— Բոլորդ նույն բանն եք ասում: Բայց ես հանգիստ չեմ տալիս:
— Շախմատ խաղում ես, չէ՞:
— Ի՞նչ գիտես:
Հատված Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը»
ֆիլմում Մահվան հետ միջնադարյան ասպետի զրույցից
— Բացել ե՞ս:
Գրեցի քրոջս` զարմացած անսովոր երկօրյա լռությունից: Երևանաբնակ քրոջս հաճախ եմ օգտագործում որպես գրականության փորձարարական ճագար: Ունի խորացված բանասիրական կրթությամբ չաղտոտված ընկալում, կեղծաճանաչ հոտառություն ու սեփական հում զգացողություններն անմշակ փոխանցելու ունակություն, ինչպես նաև պատշաճ դեպքերում գրական ինքնասիրությունս վիրավորելուց չխորշելու քաջություն: Նույնպիսի որակներով է օժտված նաև կինս: Բայց այս անգամ հույսս քրոջս վրա էր, քանի որ հերթական անգամ անթարգմանելի հայերեն ստեղծագործություն ստացվեց, իսկ բելառուս կինս հայերենին դեռ այդքան վարժ չի տիրապետում:
Էլի ոչ մի պատասխան: Արդեն մի քանի օր կլինի, ինչ նոր բանաստեղծություն եմ ուղարկել, ու ոչ մի պատասխան չի հետևել: Քանի որ էթիկապես ևս անմիանշանակ էր երկը, ուղարկեցի նաև լոսանջելեսցի ընկերոջս երկրորդ կարծիք ստանալու նպատակով:
«Հոգեվարքը, վիշտը տեղ հասցվել ա»,— Whatsapp-ով գրեց Հայկը Լոս Անջելեսից` առաջ անցնելով քրոջիցս: «Ես մենակ խնդիր ունեմ «warդնած ականջներովդ» արտահայտության հետ: «Շատ դաժան, վավերագրորեն դաժան պատկեր ա: Հատկապես, որ բանաստեղծությունը ծնողի ու զավակի հարաբերության մասին ա, ոչ թե ուղղակի հուզապես չեզոք պատկեր»:
Երբեմն երկերի հետ աշխատելիս այնքան եմ տարվում լեզվի սրությունը բացահայտելով, որ չեմ նկատում, թե ինչպես է էթիկական ու հոգեբանական հոտառությունս դիրքերն աննկատ զիջում դանակ սրող մսագործի կատարելապաշտությանը:
Տասը ժամ անց քույրս վերջապես գրեց.
— Բարև: Նոր մտա տուն:
— Քեզ բան էի ուղարկել: Տեսա՞ր:
Չի գրում: Հինգ րոպե անց Ֆեյսբուքի մեսենջերում հայտնվեցին թրթռացող բազմակետերը: Անհետացան: Թրթռացին: Ու այդպես մի ամբողջ րոպե:
— Էէէէէ զարմացա,— գրեց ու մի քանի վայրկյան անց ավելացրեց:— Ինչ տխուր ա: Ինչ ընտիր ա: Էէէ:
Համբերությունս հատեց: Զանգեցի:
— Էրեկ գիտե՞ս` ինչ սթրես եմ ապրել: Ներբուհական մրցումներ պետք ա լինեն շախմատի: Էրեխեքին ենք հավաքում, մեկ էլ Մարգոն ասեց. «Վարս, արի մի հատ նայենք` մեր հին ցուցակներում ովքեր կան. իրանց էլ զանգենք: Հանեցինք ցուցակները, որ զանգենք»: Հերթով զանգում էինք, էլի: Մեկ էլ, մի հատ Ռոբերտ կար, զանգեցինք: Ասեցի` «Բարև Ձեզ»… Կին վերցրեց: Ասեցի` «Բարև Ձեզ, Ռոբերտին կարելի ա՞»: Ձայն չի հանում: «Ռոբերտի հեռախոսն ա՞»: Ասեց. «Հա, Ռոբերտի հեռախոսն ա: Դուք ով ե՞ք»: Ասեցի. «Ճարտարապետաշինարարականի ֆիզկուլտ ամբիոնի շախմատի սենյակից եմ զանգահարում: Մեր մոտ մրցումներ են ներբուհական: Ուզում էինք, որ ինքը ներկա լիներ»: Իրանք պետք ա որ չորրորդ կուրսում կամ մագիստրատուրայում լինեին, էլի: էդ տարիքն էր: Դրա համար մեր մոտ շախմատի գալիս են առաջին, երկրորդ կուրսեցիները: Մեկ էլ էս կնիկը… մենք բարձրախոս էինք միացրել, դե մարդ չկա: Ես ու Մարգոն էինք զանգում: Էս կնիկը ասեց. «Չե՛ս էլ ամաչում: Էդ ի՞նչ կառավարություն ունեք, որ անգամ ձեզ տեղյակ չի պահել, որ Ռոբերտս կորել ա, հըլը չկա: Ես իրան սպասում եմ: Կտեսնեք` ինքը կգա, ինքը կգա, շախմատին կմասնակցի»: Ես հիմա սենց շշմել եմ, շոկի մեջ եմ ընկել: Ասում ա` կտեսնե՛ք, հըլը, ասում ա, թաղե՛մ դրանց: Իմ էրեխուն տարել են թուրքի բերան, ասում ա, իմ էրեխեն անհետ կորած ա, ասում ա: Վեց ամիս առաջ ինձ զանգել են, ինձ ասում են` Ռոբերտի վարձը կարա՞ք բերեք, մուծեք: Ասեցի` թաղե՛մ ձեզ, Ռոբերտս գերի ա, ասում ա, Ռոբերտս անհետ կորած ա, ասում ա: Ի՞նչ վարձ, ասում ա: Դուք տեղյակ չե՞ք, որ ձեր ուսանողը կորել ա: Կարեն ջան, սենց նստել ենք, պապանձվել ենք ես ու Մարգոն: Ասում եմ` գիտե՞ք, ասում եմ: Մենք ուղղակի հին ցուցակներն էինք ման գալիս: Մեզ մոտ ազգանուն անգամ գրած չի ցուցակներում: Գրած էր ուղղակի ցանկ, ովքեր որ լավ շախմատ են խաղացել, ասեցինք: Մենք հազար ներողություն ենք խնդրում, էլի, որ ձեր զգացմունքները էս պահին… Բայց ինքը շարունակում էր խոսել, ու մենք էլ չէինք կարողանում ոչ ընդհատել, ո՛չ ավարտել զանգը: Ու ժամանակ առ ժամանակ կրկնում էր. «Ինքը կգա՛: Դուք կտեսնե՛ք: Ինքը գալո՛ւ ա ու շախմա՛տ խաղա»: Մի պահ արդեն գլուխս սկսեց ուժեղ ցավել:
Որպես գրոսմայստեր Մարգոն հատուկ հոգեբանական պատրաստվածություն ա անցել խաղի ընթացքում սառնասրտություն ու հոգեվիճակի կայունություն պահպանելու համար, որովհետև դրանք շատ կարևոր գործոններ են խաղը տանուլ չտալու համար: Որ տեսա` չի լինում ավարտել զրույցը, իսկ գլխացավս արդեն տանջում ա, որոշեցի Մարգոյին ու Ռոբերտի մորը մենակ թողնել ու դուրս գալ սենյակից… Հըլը, սպասի, Մարգոն հենց նոր գրեց, տեսնեմ` ինչ ա ասում:
«Վարս, մեր էսօրվա խոսակցությունից հետո նենց բան եմ, սենց, մի տեսակ գերհոգնած: Տենց… էս կարգի, նենց միշտ չի որ լինում եմ: Հազվադեպ ա: Ու զգում եմ, որ էդ պահին, երբ որ դուրս էինք գալիս, ոնց որ չգիտեմ` մի քանի օր մի քանի ժամ անընդհատ ինչ-որ սթրեսային բան տարած լինեմ: Այ տենց իրավիճակ էր: Չգիտեմ: Էդ ինչքա՛ն խոսեցինք: 10-15 րոպեն, ինձ թվում ա, ահագին բան խլեց: Չգիտեմ` ինչ ասեմ: Բայց մի տեսակ եմ… Քո մոտ էլ ա՞ էդ վիճակը»:
Դուք ամոթ չունե՞ք, ասում ա, զանգել եք ինձ, ձեր կառավարությունը ձեզ տեղյակ չի պահո՞ւմ, որ դուք իմանաք, որ ինքը անհետ կորած ա: Ասում եմ` մենք չգիտեինք, մեր ցուցակը ուրիշ ա: Մեզ համալսարանը չի տվել էդ ցուցակը: Մեր մոտ հին թուղթ կար, որ հանեցինք ու սկսեցինք զանգել: Ասում ա` հա, հասկացա, բայց մի վեց ամիս առաջ, ասում ա, զանգել ա, ձեր համալսարանից, դեկանատից զանգել են, ասում ա, ինձ ասում են` ուսման վարձը բերեք, մուծեք: Իմ տղեն մի տարի ա չկա: Ինձնից ուսման վարձ են ուզում, ասում ա: Ու սկսեց` թաղեմ ես դրանց, թաղեմ ձեր կառավարությունը, ասում ա, ո՞ւր են իրա ընկերները: Էդքան ընկերներ ուներ: Թող փողոց փակեին, թող ասեին` գնացեք իմ տղուն, մեր էրեխեքին բերեք, մեր լավագույն էրեխեքին: Ասում ա` տարան, իմ էրեխուն թուրքի բերան գցեցին: Իմ էրեխեն թուրքերի մեջ ա: Ու ջղայնանալով ասում ա` ինքը կենդանի ա: Ու էդ «կենդանի» բառը նենց ա շեշտում, ոնց որ մենք իրան հակառակն էինք ասում: Ասում ա. «Ինքը գալո՛ւ ա: Ինքը գալո՛ւ ա շախմատի սենյակ: Ինքը գալո՛ւ ա: Կտեսնե՛ս»:
«Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրուեց: Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցին դրանք հնչեցնելու»:
— Տեսել ե՞ս Բերգմանի «Յոթ կնիքները»,— հարցրի` հիշելով միջնադարյան ասպետի ու իր հետևից եկած Մահվան զրույցն ու շախմատի պարտիան:
— Չէ: Ու պատկերացրու էդ ամեն ինչից հետո գալիս եմ տուն ու բացում էս բանաստեղծությունը մոր ու անհետ կորած որդու մասին: Հես ա կասես…— ու միաժամանակ ասեցինք նույն բանը. «Ես տենց բաների չեմ հավատում»:
— Ես տենց բաների չեմ հավատում: Հազվադեպ, բայց գիտականորեն` հավանականության տեսությամբ բացատրելի պատահականություն:
— Ես որպես ականատես պատերազմի, որ կարդում եմ ոտանավորը, զգում եմ, որ ինքը շատ դիպուկ ա, ես որ չունեմ բարեկամ… Ինձ շատ դուր եկավ: Ինձ գիտե՞ս ինչ շատ դուր եկավ: Ես… Ոչ թե ինձ ինքը դուր եկավ, այլ էնքան ռեալ էր էտի: Մեկ-մեկ լինում ա, է՞, որ կարդում ես, ասում ես` ռեալ ա, էլի, գրած ոտանավորը: Ու էդ ցավն էլ ես ապրում: Բայց ինքը ճիշտ ա գրած:
— Իսկ հարց չի առաջանո՞ւմ` էս անգլերեն «war»-ն ի՞նչ գործ ունի ստեղ:
— Եսիմ: Ուշադրություն չդարձրի էլ: Ավելի շուտ աչք չծակեց` որպես օտար մարմին, անտեղի բան: Կարող ա` էն հավելյալ շերտը չի գալիս, բայց ի վերջո անգլերենը ոչ անպայմանորեն ա մտազուգորդվում Ամերիկայի հետ. միջազգային ա: «War» բառն ամենուր ա` ֆեյսբուք-մեյսբուք, ինստագրամ, հեռուստացույց: Աչքներս սովոր են: Գլոբալիզացիա ա: Մեր պատերազմն էլ` գլոբալիզացիայի մաս: Եսիմ, չգիտեմ: Ի վերջո հեղինակն ամերիկահայ ա ))
— Հեղինակը մեռած ա:
— Ի: Լավ չե՞ս:
— Ես լավ եմ, բայց Ռոլան Բարտը հակառակն ա պնդում:
— Է՞դ ով էր:
— Այ հարցրի «war»-ի մասին ու հիշեցի` ոնց էր Ամերիկան Ուկրայինայի վրա պատրաստվող հարձակման մասին շաբաթներ առաջ շեփորահարում աշխարհով մեկ` արբանյակային լուսանկարներով, բանով, անգամ հարձակման օրը հայտարարելով, իսկ Հայաստանի պարագայում ձայն-ծպտուն չհանեց: Առնվազն հրապարակայնորեն: Ոչ էլ դաշնակիցը գլխավոր: Առնվազն հրապարակայնորեն: War. Պատերազմից առաջ Ադրբեջանին ուղղված ԱՄՆ ռազմական օգնության` Թրամփի շեշտակի ավելացումը հիշեցի: Ինչևէ, եղածի համար պատասխանատվության որոնումները մի երկրից մյուսն են տանում` Արցախից Հայաստան, Հայաստանից Ադրբեջան ու Ռուսաստան ու Թուրքիա ու ԵՄ ու Ամերիկա, շուրջերկրյա ճանապարհորդություն, բայց հետո բումերանգի պես վերադառնում են` հասնելով մինչև անձնական պատասխանատվություն ու անձնական անպատասխանատվություն:
— Օֆ, օֆ: Չգիտեմ: Բայց որպես ծնող, սպանում ա էդ ոտանավորը, էդ բառը` warդնած: Սպանում ա: Սկզբից սենց սիրուն իջավ, իջավ, իջավ, իջավ, վերջում ես սենց բան եղա պահի տակ, սենց: Ես իմ առաջին տպավորությունն եմ ասում: Դուրս չեկավ: Ի՛նձ դուր չեկավ, որովհետև շատ էր ճիշտ, էլի: Կարող ա մենք սովոր չենք ուղղակի ճիշտը ընկալելու, բայց էս դեպքում, ինձ թվում ա, պետք էլ չի որ ճիշտ ընկալես: Էսի էն միակ դեպքն ա, որ չես ուզում լսես: Սենց ուզում ես ականջներդ փակես, մենակ էդ չ… ոչ տեսնես, ոչ կարդաս, ոչ գրես: Ի միջի այլոց, մոտավորապես հիսուն տոկոսը, ովքեր որ իրանց էրեխեքին չեն գտել, բայց հաստատ գիտեն` մահացած ա, ոչ մեկ չի հավատում, որ մահացած ա: Ոնց որ… Ոնց որ… գժ… Ոնց որ խե… Ոնց որ չգիտեմ ինչ եղած լինեն, խեղճերը:
Խոսք իմ warդուն
Ոտանաwar նվիրված
անհետ կորած զինwarին
Լսի՛ր warդիս պատգամ warպես
Warնոցս
Warդեկորույս մոր
Լսի՛ր warդիս պատգամ warպես
Warնոցս
Warտեղ էլ լինես
Լսի՛ր warդիս պատգամ warպես
Warնոցը
Լքված մորդ ու մայր լեզվիդ
Լսի՛ր warդիս պատգամ warպես
Warնոցս
Warդան կարմիր
Wa՞r սև սարում
Wa՞r անտառում
Wa՞r թըփի տակ
Կwarար մենակ
Լսի՛ր Սիրաwar Լորիկ ջան Լսի՛ր Վիրաwar Լորիկ ջան Լսի՛ր Թևաwar Լորիկ ջան Լսի՛ր Հեռաwar Լորիկ ջան Լուսաwar Մենաwar Լորիկ ջան Պզտիկ Զինwar Լորիկ ջան