ԾՆՆԴԱՎԱՅՐ
Այստեղ աստղերն այնքան մոտ են, որ երկնքին նայելիս սկսում ես փնտրել պարանը, որ քաշես, որ թափվեն աստղերը մազերիդ մեջ:
Մազերի միջից հայրը հավաքեց աստղերն ու ցանկացավ պահել բերանում, որ տաքանան:
Աստղերը երբեք ոչ մի բերան չէին գնացել, էն էլ` հայրիկի: Նրանք ժպտում էին, ուրախ էին ու ազատագրված: Ու հանկարծ, աստղերից մեկը հարցրեց մյուսին.
– Քեզ չի հետաքրքրում` ինչ կա բերանից անդին:
– Կարծում եմ` անդունդ:
– Արի գնանք` համոզվենք:
– Չէ, վախենում եմ:
– Ի՞նչ. բայց դու հավատացնում էիր, թե սիրում ես ինձ: Ուրեմն խաբո՞ւմ էիր:
– Չէ, հիմա էլ եմ սիրում, բայց դա ի՞նչ կապ ունի` իմ` անդունդ չգլորվելու ցանկության հետ:
– Եթե սիրում ես ինձ, ուրեմն պիտի չվախենաս ոչնչից: Գոնե այն պատճառով, որ ինձ պաշտպանելու առիթ կունենաս:
Կարծում եմ հասկացաք, թե «աստղերից մեկն» ինչ սեռի էր պատկանում, իսկ «մյուսը»` ինչ: Ու «մյուսը» հրաժեշտ տվեց մնացած աստղերին, ենթագիտակցաբար հասկանալով, որ էլ չի տեսնի նրանց: Իսկ եթե նա իմանա՜ր, որ անդնդագլոր լինելու համար նախ ծամվել է պետք…
Հայրը սկսեց ատամնաշարի միջանցքներից հանել աստղերի ծամված մնացորդներն ու թքել հողին: Հողը` պատերազմի գթության քրոջ պես գրկում էր յուրաքանչյուր մնացորդի` անգիտակից, արնաշաղախ ու անմեղ մնացորդի: Գրկում էր, առաջին օգնություն ցուցաբերում և ուղարկում ընդերք` երկարաժամկետ ու մասնագիտական բուժման համար: Երբ բոլոր մնացորդները հասան հողի ներաշխարհ, հանգստացավ հողը, հանգստացավ Աստված ու հանգստացավ նրա ատամանաշարը:
Բոլորը քնեցին:
Գարնանը հողը դուրս գրեց իր վիրավորներին. ամեն դուրս ելած մնացորդ մնում էր այն տեղում, որտեղ դուրս էր եկել, նայում էր չորս կողմն ու հասկանում, որ գնալու տեղ չունի, որ պիտի մնա ու մնում էր` լուսամուտից երևացող, վառվող լամպի նման:
Այսպես ստեղծվեց Ծննդավայրը:
***
Տխուր է այստեղ. անընդհատ ուզում ես նստել թթենուն թափված աստղերի տակ ու լսել հորթի բառաչը, որից հետո, նա ծամում է մի բուռ տառապանք ու պոչի խորտակվող շարժումների միջակայքում թարթում աչքերը, որոնց անկյուններին ճանճերն արցունք են խմում ու բողոքում քաղցրահամ ջրերի աղիանալուց, մոլորակի աշխարհաքաղաքական զարգացումներից, հարկային դաշտի մուտանտային ծաղիկներից, որոնցից մեղուները նեկտար են հավաքում, ու մեղր քանդակում այն փեթակներում, որոնք, թվում է հարևանի հողակտորում են, բայց, իրականում քո հողակտորում են, պարզապես, տան տանիքին են, որին կախված է թթենու սաղարթը ու մի կերպ պահում է իր վրայի աստղերին, որ կարողանաս անհոգ տխրել:
Քույր պատուհանը
Քույր պատուհանը երգեր էր գրում:
Նա գրում էր` հավատով, որ երգերը կերգվեն, որ երգերը կերգեն նրանք, ովքեր երգում են: Բայց Քրոջ երգերը ոչ ոք չէր ուզում երգել: Երգողները կարդում էին բառերն ու չվիրավորելու համար անորոշ ժպտում ու շատ հանկարծակի հիշում, որ ուշանում են նախագահին հանդիպելուց, իսկ այդ հանդիպումը ճակատագրական է նրանց ձայնալարերի թրթիռների հետագա զարգացման համար:
– Իմ խեղճ Քույր, իմ բարի պատուհան,– մտքում աչքերն էր արցունքում պատը, որի քառապատկումից կազմակերպվել էր սենյակը:– Ես ի՞նչ անեմ քո համար, որ դու շարունակես հավատալ, ու երգեր հորինես:
– Պահիր երգերս քեզ մոտ: Հիմա անհուսալի ժամանակներ են: Փողոցին չի կարելի երգ վստահել:
– Չէ դու, պարզապես հիասթափված ես:
– Նայիր, փողոցը վերանորոգում են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ասֆալտելուց առաջ հավաքել այնտեղ տրորվող հոգու պատառները…
Եվ սենյակը սկսեց հավաքել Քույր պատուհանի երգերը. ճանճն էր կպնում նրան, մտքերի մեջ ընկած տերև, քարի կտոր, եղյամի ճեպանկարը, անձրևի հիացմունքը, արևի սրբագործումն ու փոշու աներեսությունը… Իսկ սենյակը հավաքում էր՝ առանց հաշվելու նյութական փոխհատուցումը:
Մի օր Քույր պատուհանի տակ պառկած մահճակալին պառկեցին երկու զույգ ձեռքեր, որոնք գրկեցին իրար, միացան իրար, կարոտեցին իրար ու հազիվ հազ հասցրել էին սիրել, երբ բաժանվեցին: Պատուհանը գրեց իր գլուխգործոցը` սիմֆոնիա թավջութակի և դաշնամուրի համար: Սենյակը հաճելի հիացմունքից քրտնած, գրկեց սիմֆոնիան ու քնեց: Առավոտյան սենյակը զարթնեց դատարկության զգացումով: Վեր թռնելով՝ նա տեսավ, որ իր հավաքած տարիները չկան: Վախեցած նայեց Քույր պատուհանին ու սկսեց հեկեկալ. նրա փոխարեն, ձայնաջերմամեկուսիչ նոր պատուհանն էր իշխում ամբոխին: Սենյակի արցունքներից սիմֆոնիան ներծծվեց պատերի մեջ ու մնաց այնտեղ, ինչքան էլ պատերը վերանորոգեցին, ներկեցին ու ձևափոխեցին: Քիչ անց սենյակ մտան մեր հին բարեկամները` Զույգ Ձեռքերը, իրենց նորածնին գրկած.
– Ինչ լավ մեղեդի կա սենյակում, չէ՞,– ժպտաց դաշնակահարը:
– Ըհը,– ձայնակցեց թավջութակահարն ու նորածնին պառկեցրեց Քույր պատուհանի փայտից պատրաստված օրորցում, որը դրված էր Նոր պատուհանի տակ:
Ձեռքերը դուրս եկան սենյակից:
Քույր պատուհանը, առաջին անգամ, սկսեց նվագել իր ստեղծագործությունը:
Սենյակը սկսեց ժպտալ ժպտացող մարդուն:
***
Նա ի ծնե հեղափոխական էր:
Ամենաառաջին ընդվզումը մոր կրծքի դեմ էր:
Նա մեծացավ ծծակով, որից հոսում էր միկրոբազուրկ կաթ:
Փոխվեցին հասարակարգն ու ժամանակները, և նա պատրաստվեց մայրանալու` անընդհատ որոճալով ազատության ձեռքբերման ու կորստի ուղիղ համեմատականությունը:
Մայրացավ:
Ցլի անհայտ նախրից լինելը կատաղեցնում էր նրան հղիության ընթացքում: Ճիշտ է, նա չէր օգտագործում ալկոհոլ ու ծխախոտ, բայց ամեն դեպքում, բացասական էներգիան անընդհատ շոյում էր նրա արգանդի պարունակությանը:
Հերթական մի օր, նա արոտավայրում զգաց երկունքի հեռաձայնումն ու մի միտք` մեղավոր սիրո պես սկսեց ուղեկցել նրան: Հովիվը հոգնած հավաքում էր նախրի մյուս բնակիչներին, երբ նա թաքնվեց մասրենու ետևում:
Հորթը ծնվեց:
Նախիրը քաղաք հասավ:
Հորթը նայեց մորն ու աշխարհին:
Նախրի անդամները համակերպված մոտեցան վերելակին` սպանդանոց իջնելու:
Հորթը ժպտաց, մայրը փորձեց, բայց մոր փոխարեն աշխարհը ժպտաց:
«Ջուր եմ ուզում»,– զգաց Նա, բայց ոչ կարող էր հորթին մենակ թողնել ու գնալ ջուր որոնելու, ոչ էլ կարող էր ջուր չուզել: Միակ տարբերակը սպասելն էր:
Սպանդանոցում ամեն ինչ ընթանում էր ըստ միջազգային սահմանադրության. դանակներն ընտրվում էին զոհի հայեցողությամբ, և դա էր քաղաքակրթության ձեռքբերում:
Իսկ նա արդեն երկրորդն օրն էր երազում ջուր ու քայլելու ուժ:
Սպանդանոցի հաշվապահը զգաց կամ հաշվեց, որ մի ընտրաձայն պակասում է: Դիմեց պատկան մարմիններին:
Նրան ու հորթին գտան երրորդ օրը, երբ նա, ջուր, ազատություն ու քայլ երազելով պատրաստվում էր հերոսաբար սատկել: Արդեն սկսում էին որդերը սնվել, երբ արտակարգ իրավիճակների հատուկ զորքերը գտան նրանց:
Սպանդանոցի հարևանությամբ հիվանդանոցում Նա սկսեց կազդուրվել, իսկ հորթի կյանքը փրկել չհաջողվեց, քանի որ օրգանների փոխպատվաստման օրենքը դեռ ուժի մեջ չէր, ու կիրառվում էր միայն գրազների ու կատակի դեպքում:
Նա նայում էր Գազանանոցին, որը սովորույթի ծամիչ մկաններով մանրացնում էր իր շարունակությանը: Նա ուզում էր լացել, բայց բառաչն արգելող ցուցանակն անընդհատ նրան էր հետևում: Եվ նա լացեց: Նա ջուր չէր ուզում, մոռացել էր անհայտ նախրի ցլի անդուր շոյանքները, նա ուզում էր լացել` լացում էր:
Նրան տարան գժանոց: Արգելված է սպանդանոց մտցնել անիրավունակին: Այնտեղ նա հանդիպեց մեկին, ու չգիտեմ ոնց, միանգամից հասկացավ, որ հանդիպել է անհայտ նախրի ցլին: Ժպտաց, չչարացավ, որոշեց սիրել, գոնե մի թեթև գրկել, գուցե նա էլ լացի կարիք ունի: Գրկելուց` կոտոշը միամիտ մտավ ցլի փայծաղը: Ոչ ցլին, ոչ էլ փայծաղը չհասցրին փրկել: Գազանանոցը դեմ չէ պատառոտված փայծաղ ու զարմացած աչքերով ցուլ ուտելուն: Իսկ ի՞նչ անել նրան, չէ՞ որ նա անմեղսունակ է: Հատուկ նիստ գումարվեց, քանի որ նշաններ կային, որ նա ուզում է մի թեթև գրկել աշխարհի ու գժանոցի բոլոր ցլերին` հայտնի ու անհայտ, ոչ մի ռասայական ու կրոնական տարբերություն: Նրան ազատեցին: Նա ստացավ իր ուզած երկրում ապրելու անցագիր, ու քայլեց, քայլեց հեռուները տրորելով, քայլեց մինչ նոր հեղափոխություն:
Շատ չանցած, նրան գտան մասրենու մոտ, սեփական կոտոշն արգանդը խրած, ու չհասկացան՝ դժբախտ պատահարը կազմակերպվա՞ծ էր, թե՞ ոչ:
***
Ծննդավայրում բոլորը ներշնչում էին փոշի ու արտաշնչում ցեխ:
Տղամարդիկ տառապում էին հոգնածությունից, կանայք` տղամարդկանց հոգնածությունից: Տղամարդիկ լուսաբացին սկսում էին հագնել փոշոտ գուլպաները, մայրամուտին ավարտում հագնելը, ու մի հատ ծխելուց հետո սկսում էին հանել գուլպաները, որը տևում էր մինչև լուսաբաց… Էներգիա չկար, անգամ՝ քորելու մոծակի խայթած թիրախը. ու մոծակները հպարտ վիրավորվածությամբ լքեցին ծննդավայրը: Գորտերը, որոնք սնվում էին մոծակներով, զարմացան, որ իրենց չհայտարարած հացադուլն արդեն սկսել է, աննպատակ ու միտումնավոր սատկեցին: Ծննդավայրի անմահական լռությունը զարդանախշում էին միայն ծղրիդներն ու փոշոտ գուլպաների նիստ ու կացի ճռճռոցը: Ծղրիդները երկար սպասեցին բերրի դաշտերի բերքատվությանն ու նյարդային ավիրումներով հեռացան ծննդավայրից: Վերջինիս չխելագարվելու միակ կռվանը դարձան գուլպաներն ու տղամարդկանց ոտքերը: Բայց դանդաղ հանել հագնելուց մաշվեցին ոտքերը, ու տղամարդիկ սկսեցին տառապել նաև պարապությունից: Կանայք ծերացան, կանայք չորացան, կանայք ինքնակամ լցվեցին ալրաղացն ու դառան մայր: Տղամարդիկ շեմին մոտ քարերին նստելուց հերոսանալով, վեր կացան, հավաքեցին բոլոր գուլպաները, խառնեցին իրար, դարձրին ալյուրի պարկեր, իսկ իրենք դարձան հողում խրված հայրեր:
Ծննդավայրը ժպտաց:
Եվ բոլորը նորից սկսեցին շնչել փոշի ու արտաշնչել ցեխ: