-Նորե՛ս, աղջիկդ ամուսնացած է, բայց սիրաբանում է ուրիշի հետ։
Նորեսը լուռ շարունակեց կշռելը։ Նա հիշեց, որ այդ մարդուն, երբ դեռ երիտասարդ էր, ասել է անդուրեկան ճշմարտություն։ Քսան տարուց ավել է անցել։ Նորեսն իսկույն կռահեց, որ դա քինախնդրության մղում էր, մանավադ որ, ինքն էլ ուրիշների ներկայությամբ այդ մարդուն անհարմար դրության մեջ չէր դրել։ Երևի նա ամիսներ շարունակ խանութ է մտել՝ հուսալով իրեն մենակ գտնել։ Նորեսը չուզեց հիշել, թե այդ մարդը ո՞ր ժամերին էր խանութ գալիս, և հաճա՞խ էր գալիս, սովորականից ավելի՞ն էր գնում։ Նա նույնիսկ չբարկացավ։ Այժմ նա կարծում է ուրիշին նկատողություն անելու համար պետք է բարոյական իրավունք ունենալ, որն էլ դժվարորոշելի է։
Երբ նորեկ առաքիչը ծանոթանալով սկսեց պատմել իր մասին, Նորեսը ամբողջ ժամանակ նրան ժպտալով լսեց։ Իմացավ, որ իրենց գյուղում էր ապրում առաքիչի բարեկամը, որով առաքիչը նկատելորեն հպարտացավ, քանի որ պաշտոն էր զբաղեցնում։ Նորեսն իսկույնևեթ հիշեց, որ այդ բարեկամը տարիներ առաջ մեղադրվում էր մանկապղծության մեջ։ Տուժած երեխան այնպիսի լկտի պահվածք ուներ, որ Նորեսը, չնայած տևական ինքնահամոզումներին, մեկ վայրկյան էլ չկարողացավ խղճալ նրան։
Երբ զոհն ու նրա ընտանիքը ժխտեցին կատարվածը, մանկապիղծը հույժ վիրավորված ձևացավ, չնայած դրանով ոչ ոքի չտարհամոզեց։
Նորեսը զզվանքի, սրտխառնուքի պես մի բան էր զգում այդ դեպքի մասին հիշելիս, բայց հազվադեպ էր հիշում։ Ո՛չ մանկապիղծը, ո՛չ զոհը վաղուց գյուղում չէին ապրում։ Իսկ այդուհետ, գրեթե ամեն անգամ առաքիչին տեսնելիս, հիշում է այդ դեպքի մասին ու զզվանք ապրում։ Նա երբեմն ուզում էր հարցնել պարծենկոտին.
-Իսկ գիտե՞ս, որ…
Բայց ժպտերես առաքիչը բարեսիրտն է երևում։ Գուցե, նա այնքան բարի է, որ մոռացե՞լ է իր բարեկամի զազրելի արարքի մասին։
Հատկապես սկզբնական շրջանում Նորեսը հույս ուներ, որ առաքիչը որևէ կերպ աշխատանքից կազատվի։ Բայց ոչ, ահա, նա նորից ժպտալով եկավ, իսկ Նորեսն այնքան քաղցրավենիք է կերել, որ սրտխառնուքն անտանելի է դարձել։
Ինչ զզվելի օր էր։ Հերթական զզվելի օրը։
Նորեսը մեջքով հենվել էր խանութի դռանը և նայում էր շուրջը, գնորդ չկար, անցորդ՝ նույնպես։
Նա շփոթվեց ու չբարևեց խանութի դիմացի տանն ապրող մարդուն, որի գլուխը գլորվեց բազալտե անհամաչափ քարերով շարված պատի վրայով, և դարձավ պատի անհարթ գլխամաս կազմող քարերից մեկը։
Հետո Նորեսը տեսավ իրենից բավական հեռու զրուցող երկու ծանոթ մարդու։ Տեսավ ինչպես արագորեն նրանց զրույցը դարձավ վեճ, ապա՝ կռիվ։ Նորեսը դեռ նայում էր, երբ կռվողներից մեկը դանակահարված ընկած էր, և խմբվում էին մարդիկ։ Նա արագորեն փակեց խանութն ու միացավ նրանց։
Ուշ էր, երեկո։ Նորեսը որոշել էր մի քանի ժամով բացել խանութը։
Նա գնում էր դաշտը բազուկներին փաթաթած։
Խանութի դռան մոտ նրան սպասող կար։
-Չեմ տեսել։ Ես այստեղ աշխատում եմ։ Ես այստեղ զբաղված եմ,- ատամների արանքից պատասխանեց նա ոստիկանին, որն հարցնում էր, թե Նորեսը, դեպքի վայրին մոտ գտնվելով, դեպքին ականատես եղե՞լ է։
-Խելոքին տեսե՛ք,- ոստիկանի ետևից մրթմրթաց նա, իսկ քիչ անց, բարկացած լինելու պատճառով, երշիկ կտրելիս, մատն էլ կտրեց։
Նորեսը ողջ գիշեր քնել չկարողացավ. նա բարկացած էր ոստիկանի վրա։ Իսկ առավոտյան կողմ սովորականից ուժեղ ստխառնուք էր զգում։
Հերթը ավելանում էր ու ավելանում։ Նորեսը շտապում էր և դրանից նյարդային էր դարձել։ Բացելով աշխատասենյակի դուռը՝ նա տեսավ, որ նա, ով պետք է սպասարկեր, անհոգ նստած է…
-Հիվանդներին սպասարկելո՞ւ, թե՞ գրիչ ճոճելու կամ փազափունջ ետ գցելու համար ես այստեղ։
Նորեսին միացան ու իրենց անգոհությունն արտահայտեցին նաև մյուս սպասողները։
-Նորե՛ս։
Նորեսը շրջվեց և տեսավ իր բարեկամներից մեկին։
-Այդ աղջիկը մեր բարեկամ Համոյի հարսն է…
Այդ լսեց նաև «աղջիկը»։ Նա Նորեսին նայեց բացորոշ քմծիծաղախառն արհամարանքով։ Նորեսն ամաչեց, նույնիսկ մտածում էր ներեղություն խնդրել նրանից, բայց ինչ-որ հիվանդ ներս մտնելով, ետևից փակեց դուռը։
Երբ եկավ Նորեսի հերթը, բարեկամը նրա հետ ներս մտավ, և այս անգամ, ներկայացրեց Նորեսին։
-Ճանաչի՛ր, բժշկուհի ջան,- եզրափակեց նա։
Նորեսը մտածում էր, որ վատ չէր լինի, եթե ժամանակ առ ժամանակ փսխեր, հանգստանար։
-Մյուս անգամ թող անհերթ մտնի,- Նորեսին ի նկատի ունենալով, կարծես թե, վերջ ի վերջո, ողորմաց բժշկուհին։
Գուցե ճնշո՞ւմ ունի։ Վաղը սրտխառնոցի ժամանակ կչափի ճնշումը։
-Մյուս անգամ այստեղ գալով՝ ես կսպասեմ իմ հերթին,- ասաց նա։
Ի՞նչ է փոխվելու, ի՞նչ է լինելու ինչպե՞ս է փոխվելու, ե՞րբ է փոխվելու աշխարհը կամ ինքը՝ Նորեսը, որ զզվանք չապրի։ Նա իր ամբողջ կյանքում սրտխառնո՞ւք է ունենալու։ Բայց հնարավոր է, որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Գուցեև, շատ քիչ։ Եվ Նորեսը խորասուզվեց հաշվարկների մեջ…