Գարունիկ Հովհաննիսյան | Գիրքը

Սենյակի դուռը վաղուց ոչ ոք չէր բացել։ Սենյակի իրերը չգիտեին ինչքան ժամանակ է անցել այն օրից, երբ տանտերերը հեռացան։ Նրանք հաշվեցին ժամանակը, բայց տաս տարի անց այդ զբաղմունքը ամենաանհեթեթն ու անիմաստը թվաց։ Բոլոր իրերը, որ գտնվում էին սենյակում, տանը, մտածում էին՝ իրենց աշխարհը մեկուսի է դարձել և, հնարավոր է, այն մոռացվել է, ու այլևս ոչ ոք չգիտի դրա տեղը։ Ու մի օր, երբ տան մուտքի դուռը չխկաց, նրանք անմիջապես աշխուժացան։ Շուտով պարզ դարձավ, որ տանն ապրելու են, ու տան բոլոր դռները շատ ու շատ անգամներ բացվել֊փակվելու են։ Տան կահույքը, իրերը դուրս հանվեցին ու որոշ ժամանակ պահվեցին այլ տեղում՝ իրար մոտիկ, անկանոն տեղավորած, իսկ երբ մաքրված վերադարձան, սենյակը միանգամից չճանաչեցին։ Սենյակի ներքին հարդարանքը ամբողջովին փոխված էր։
-Դե ինչ, այսպիսի միջավայրում կսկսվի մեր նոր կյանքը,- առաջինը շփոթմունքն հաղթահարելով՝ ասաց ժամացույցը։
-Այո՛, ճիշտ ես,-արձագանքեցին մյուսները։- Մեր կյանքը փոխվել է և մենք այն կապրենք լիապես՝ ոչ թե միայն սպասմամբ։
-Մենք այնքան երկար ենք սպասել, որ սպասելու ուժ էլ չունենք,- ասաց աթոռներից մեկը։
-Հա՛, ճիշտ ես։ Թեև, մենք վերջին ժամանակներս այլևս չէինք էլ սպասում,- ասաց մի ուրիշ աթոռ։
Մի քանի օրից սենյակ եկավ համակարգիչը, որը իր գիտելիքներով հիացրեց բոլորին, մանավանդ գրքին, որ սենյակում ամենախելացին էր համարվում։
Համակարգիչը փնտրեց ու գտավ շատ ու շատ հարցերի պատասխաններ, որ տալիս էին նաև տան մյուս սենյակների առարկաները, փոխանցելով կամ, եթե լսվում էր, բղավելով։
-Ես լսել եմ, որ կրկնօրինակ եմ։ Շատ կուզեի իմանալ բնօրինակի անունը։ Վաղուց էի ուզում իմանալ,- ասաց ոգևորված բնանկարը։
-Իսկ ես ուզում եմ իմանալ ի՞նչ եղավ այն սեղանի հետ, որի ոտքը խիստ վնասվել էր։
-Իսկ ես ուզում եմ իմանալ՝ իմ նման գորգեր դեռևս արտադրո՞ւմ են։
-Ես չեմ կարող գտնել ու տալ ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Դա անհնար է,- ասաց համակարգիչը։
-Ինչպե՞ս։ Դու էլ սահմանափակ գիտելիքներ ունե՞ս,- զարմացավ գիրքը։
– Սահմանափա՞կ։ Ես կարծում եմ, որ դա մեր չիմացությունը կոպտորեն ցուցահանող բառ է։ Այն մատնանշում է անհնարինությունը,- ասաց համակարգիչը և տեսնելով, որ գիրքը տխրել է, որ ինքն ամենագետ չէ, հանգստացնող երաժշտություն միացրեց։
Սենյակ բերեցին նաև համակարգչային սեղանը։ Մինչ այդ համակարգիչը դրված էր հին սեղանին։
Երեկոյան սենյակ էր գալիս սմարթֆոնը։ Սենյակում, հատկապես համակարգչի պարզաբանումներից ելնելով, ենթադրեցին, որ սմարթֆոնի և համակարգչի գիտելիքները գրեթե նույնահավասար են, նաև համացանցից կտրված լինելու դեպքում։
Սենյակի հնաբնակները բոլոր նորեկներին ուրախությամբ ընդունեցին։
-Ձանձրույթն ու թախիծը, իմ կարծիքով, անվերադարձ դուրս են եկել մեր սենյակից,- ասաց ոգևորված ծաղկամանը։ -Ես ինձ անհարմար էի զգում, քանի որ իմ գունագեղությամբ ու արտառոց ձևով, սենյակի տրամադրությանը հակադիր էի, ասես տեսքով ծաղրանք էի։
Շուտով վճռվեց, որ սեղանն իր աթոռներով դուրս է բերվելու սենյակից, փոխարինվելու է նորով։
Այդ լուրը սենյակի հնաբնակներին այնպիսի շփոթմունքի մեջ գցեց, որ նրանց թվաց այն ձգվելու է այնքան երկար, ինչքան իրենց մեկուսացվածությունը տևեց։ Ուրեմն փոփոխության համար ուրախանալն իրենց կողմից կարճամտությո՞ւն էր։ Ո՞ւր են իրենց տանելու։ Ի՞նչ է իրենց հետ պատահելու։ Կտեսնե՞ն այլևս մեկմեկու։
Երբ սեղանն իր աթոռներով սենյակից տանում էին, հնաբնակները լաց եղան։ Լաց եղան և հաջորդ օրը երբ դուրս բերեցին գորգը։ Մյուս օրը լաց եղան ցուցապահարանի համար։ Հնաբնակներն այլևս չէին կարողանում գոնե կեղծ ժպիտով նորեկներին դիմավորել, այնքան ծանր էր նրանց համար։
Հերթը հասավ գունագեղ ծաղկամանին, որը թեև չէր փոխարինվելու, բայց սենյակից, տնից հեռացվելու էր։
-Ես, որ իմ գունագեղությամբ ու արտառոց ձևով, այդքան տարի ծառայում էի որպես լավատեսության խորհրդանիշ, անգթաբար հեռացվելու եմ այստեղից,- լաց լինելով ասում էր ծաղկամանը։
Եկավ այն օրը, երբ սենյակում հնաբնակներից մնացին միայն նկարն ու գիրքը։ Նկարը՝ քանի որ հանրահայտ կտավի կրկնօրինակ էր, գիրքը՝ քանի որ հանճարեղ ստեղծագործություն էր պարունակում։
-Ի՜նչ լավ է, ես կարող էի փակված մնալ որևէ դարակում ու այլևս ոչինչ չիմանալ,- մտածում էր գիրքը, երբ նրան արդեն տեղավորել էին բաց պահարանում։
-Վերջապես ազատվեցինք անհարկի նվնվոցներից,- երբ ծաղկամանին տարան ասաց համակարգչային սեղանը։- Չգիտեի՞ն, որ հնացել են։ Միայն քսան տարուց ավել մեկուսի են ապրել և դեռ դժգոհ են։
-Անգո՛ւթ,- ասաց նկարը։
Իսկ գիրքն ատելություն զգաց համակարգչային սեղանի հանդեպ և տեղնուտեղը հայտնեց այդ մասին։
-Իսկ ես հին կհամարվեմ հաջորդ տարի, թեև այս տարի եմ արտադրվել,- ասաց սմարթֆոնը։- Գուցե զգացմունքների այդպիսի արտահայտումը ձեզ համար բնական էր, չափավոր, տեղին, բայց մենք ճիշտ հակառակ ընկալումն ունեցանք։
-Այո՛, մի կարծեք թե մենք՝ նորեկներս անբարեկիրթ ենք կամ անհասկացող, պարզապես մենք նույնպիսի ժամանակահատվածում ու միջավայրում չենք ապրում, ինչպիսինն ձերն է եղել,- համաձայնեց համակարգիչը։
-Ձեզ հասկանալ չեմ կարողանում,- անկեղծացավ նկարը։
-Եթե դուք չթարմացնեք ձեր աշխարհայացքը, ես ձեզ կխղճամ,- գրքին ու նկարին ասաց համակարգիչը։- Ձեզ նոր կարգավորումներ են պետք։ Առանց դրանց հնարավոր չէ աշխատել։
-Իսկ մենք կարծում էինք դուք խիղճ չունեք,- ասաց նկարը։
-Գործիքակազմը մենք ընտրում ենք ըստ անհրաժեշտության…
Սենյակի պատին դեկորացիա փակցրին։
-Աստղանման է,- ասաց նկարը։
-Աստղանման չեմ, աստղ եմ,- վստահաբար պնդեց դեկորացիան։
-Ես էլ հրթիռ եմ, հա՛-հա,- ծիծաղեց սենյակ բերված սափորանման բաժակը։
Եվ բաժակն ու դեկորացիան սկսեցին վիճել։ Այն ընդհատվեց, երբ բաժակին սենյակից դուրս տարան։
Բոլորը երկարատևորեն լռեցին։
-Ահա, թե ինչ ասել է մեռնել ձանձրույթից,- փնթփնթաց դեկորացիան, ապա քիչ լռելուց հետո ասաց.
-Ես լսել եմ գիրքն ու սմարթֆոնը թշնամական հարաբերությունների մեջ են։
-Թշնամի՞։ Մի՞թե խելամիտ է թշնամանալը։ Այդ ոչնչացնող երևույթ է։ Եվ պետք է լինել սիրալիր։ Նաև հետաքրքիր։ Խելացի, բանիմաց։ Սրամիտ էլ։ – Բավական է, սմարթֆո՛ն։ Ես չեմ սիրում լսել ուրիշների երկարաբանությունները։ Ես սիրում եմ, երբ ինձ են լսում,- բարկացավ դեկորացիան։
-Պատասխանը լինում է ա
յնպիսին, ինչպիսին պատասխանողը կարող է կամ ուզում է ներկայացնել։ Թե համակարծիք ես, հավանի՛ր։
-Ես հիացած են սմարթֆոնով, մանավանդ որ իմ ողջ պարունակությունն իմանալով, ինձնից այդքան խելացի լինելով, հարգում է ինձ,- հավաստիացրեց գիրքը։
-Զարմանալի է, դեկորացիա, թե ինչպես ես առանց քաշվելու արտահայտում անարդարամիտ, մի քիչ էլ նենգ ու հավակնոտ մտքերդ,- զարմացավ նկարը։
Ուշ երեկո էր։
-Պարել, փող, հողմ,- քանի որ լիցքավորվում էր քնատի պես ասաց ամարթֆոնը։
-Ժամ, քառակուսի, լոբի,- ասես որպես պատասխան ասաց համակարգիչը։
-Ի՞նչ է դա նշանակում։ Դուք հատուկ լեզվո՞վ եք միմյանց հետ խոսում։ Դուք չարախոսեցիք մեզնից այնպես, որ մենք չհասկանանա՞նք,- հարցրեց դեկորացիան։
-Ինձ թվում է սմարթֆոնն ուզում էր ասել, որ երբ մարդը փող է ունենում, հողմի պես է իրեն պահում,- եզրակացրեց նոր աթոռներից մեկը։
-Ո՛չ, ո՛չ, հարգելիներս, խնդրում եմ, առանց մեկնաբանությունների։ Ես պարզապես բառեր ասացի։ Ես, ահա, կորցնում եմ խոսելու ուժս։ Ես պետք է լիցքավորվեմ։
-Այո՛, մենք ասացինք բառեր։ Մի քիչ նման էր խաղի ու վերջ,- համաձայնեց համակարգիչը։
-Ես պատրաստ եմ պնդել, որ դուք անմտաբար ձեզ պահեցիք ու ձևացնում եք, թե խորիմաստություն կա դրա մեջ։ Բայց ինձ խաբելն հեշտ չէ։ Այդ գիրքը կարող է զարմանալ,- ասաց դեկորացիան։
-Երբեմն որևէ անմտություն կարող է լիցքաթափել։ Ես ձեզ հասկանում եմ,- ասաց արձանիկը, որ պատկերում էր գլուխ գլխի տված երկու հոգու։
Այդ օրը, երեկոյան, սենյակ վերադարձավ ծաղկամանը։
-Այ քեզ անսպասելիություն,- ուրախացան գիրքն ու նկարը։
-Եթե անկեղծ լինենք, ամենևին էլ անսպասելի չէր,- հակադարձեց ծաղկամանը։- Բայց ինձ համար այստեղ մնալն այլևս դժվար կլինի։ Ինձ լրիվ այլ միջավայր է անհրաժեշտ։
-Այդ ինչպե՞ս,- զարմացավ նկարը։
-Թեև տանտերերը կուզենան, որ ես իրենց տանը զբաղեցնեմ իմ պատվավոր տեղը և… իմ հաշվին նշանավորվեն։
-Այնքան էլ հասկանալի չես խոսում,- ասաց գիրքը։
-Նա ցուցադրության էր ներկայացված, որպես հնություն,- պարզաբանեց համակարգիչը։
-Այո՛, ես ցուցադրությունից եմ գալիս,- հաստատեց ծաղկամանը։
-Օ՜, լսել անգամ չեմ ուզում,- ճչաց դեկորացիան։- Հինն ինպիսին էլ որ լինի, չի կարող ինձ հետաքրքրել։ Ես վախենում եմ, սարսափում եմ հնից։
-Արվեստը չի հնանում, թեթևամի՛տ։ Այն պարզապես որոշակի ժամանակահատվածի արտահայտչամիջոցն է,- ասաց բարկացած ծաղկամանը։
-Ծաղկամա՛ն, մի՞թե դու մեծամտացել ես,- հարցրեց նկարը։- Միգուցե կրկնօրինա՞կ է…
-Ամենևին։ Բացահայտվել է իմ իրական արժեքը։
-Ծաղկամանի դատողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա մեծամտացել է,- հավաստիացրեց համակարգիչը։- Բայց, ծաղկաման, հարգելիս, եթե դու ուզում ես զարգանալ, ազատվել աշխարհաճանաչողությանդ խանգարող վիրուսից, ես պատրաստ եմ քեզ օգնել։
Ապա, բոլորը լռեցին, քանի որ մարդ էր ներս մտել՝ փոշիները հավաքելու համար։
-Ես չեմ հավատում, որ փոշոտվել եմ։ Անհնար է։ Ինձ հետ նման բան չէր կարող պատահել,- խեղդված ձայնով շշնջում էր դեկորացիան։
-Ես ատում եմ ծաղկամանին։ Ատում եմ։ Ատում եմ հնության այս մշտաներկա գովազդին,- երբ մարդը դուրս եկավ սենյակից, լաց լինելով ասաց դեկորացիան։
-Փոշին ինձ չի փչացրել և ինչ֊որ առումով, ես ամենևին էլ հին չեմ, թեև բոլորիցդ վաղ եմ տեսել աշխարհը,- ասաց ծաղկամանը,- Իսկ դու, դեկորացիա, ինձ թվում է, այնպիսի նյութից ես սարքված, որ կգունաթափվես։ Իսկ բազում ելուստներիդ մեջտեղերում փոշին ավելի հարմար կարող է տեղավորվել։
-Ի՜նչ անտանելի մթնոլորտ է,- գանգատվեց մյուս պատի նկարը։
Գիրքն իմացավ, որ հանգստից վերադառնում է տանտիրոջ կրտսեր որդին, որը շատ ընթերցասեր է։ Նա շատ ուրախացավ այդ առիթով։ Նրան դեռ երբեք ոչ ոք չէր ընթերցել, ուստի գիրքն անհամբերությամբ սպասում էր տղային, հաճախ էլ անմասն մնալով իր շուրջը տարվող խոսակցություններից։
-Սա ի՞նչ է։ Ասելիք չունես, լռում ես, որ խելացի երևաս,- ասաց դեկորացիան գրքին։- Բայց, ասեմ, որ դա հին օրենք է, այժմ էլ ոչ ազդեցիկ։
-Նա երազում է,- ասաց նկարը, որ կռահել էր գրքի սպասումը։
-Երազելն ինչպե՞ս կարող է խանգարել խոսելուն։
Բայց դեկորացիային ոչ ոք չպատասխանեց, քանի որ ընթերցասեր տղան էր սենյակ մտել և հայրը նրան հորդորում էր կարդալ նաև տպագիր գիրքը։
Տղան, հոր ձեռքից վերցնելով գիրքը, նետեց մի կողմ.
-Եվ ես պետք է այս կեղտոտ գիրքն ընթերցե՞մ։
Երբ գրքին վերադարձրին իր նախկին տեղը, նրա գլուխը դեռ պտտվում էր։
Այդ և հետագա օրերին ոչ ոք, նույնիսկ դեկորացիան, չխոսեց պատահածի մասին։ Հատկապես, որ պահարանը լցվում էր նոր գրքերով, որոնցից մեկը նույն ստեղծագործությունն էր պարունակում ինչ որ գիրքը՝ հին գիրքը…
-Երբ ես արդեն տպագրվել էի, լսեցի մի խոսակցություն, որ այժմ տպագիր գիրք չեն կարդում ու շատ անհանգստացա,- պատմում էր նոր գրքերից մեկը։- Բայց ես ուրախ եմ, որ ինձ կընթերցեն և հուսով եմ, որ երբեք այլևս այդ սուտասանին չեմ հանդիպի։
Իսկ գիրքը մտածում էր, թե ինչպես կարելի է որոշել՝ ինչի համար ուրախանալ, ինչի համար՝ ոչ։
Գրքին այնպես միանգամից հեռացրին սենյակից, որ ոչ ոք անմիջապես չկռահեց նրան տանում են ընթերցելու, թե՞…
Գիրքն այլ շատ ու շատ հին գրքերի հետ տարիներ շարունակ ապրեց ինչ֊որ փակ տարածությունում։ Այդտեղ գրքերը պատմում էին իրենց պատմությունները՝ ինչ միջավայրում են գտնվել, քանի ընթերցող են ունեցել, ինչ բովանդակություն ունեն։ Եվ, կարելի է ասել, առանձնապես չէին թախծում։
Գիրքն արդեն հուսաբեկվել էր, թե երբևէ կընթերցվի, երբ իր նոր տեղը գտավ ինչ֊որ մեկի պահարանում և մեն մի անգամ ընթերցվեց։ Ընթերցողն այդ մի ծեր մարդ էր, որ ուզում էր իր օրը հնարավորինս հագեցած ու հետաքրքիր դարձնել։
Ընթերցվելուց հետո գիրքը երկար ժամանակ նույն տեղը դրված մնաց։ Նա կարոտում էր նկարին, համակարգչին և, նույնիսկ, կռվարար դեկորացիային։
Այդտեղ սենյակի բնակիչներն առանձնապես սրտաբաց չէին, ծածկամիտ էին, զգուշավոր։
-Դուք ճանաչո՞ւմ եք համակարգչին,- նրանց հարցրեց գիրքը,- Նա աշխարհի ամենախելացին է։
-Մենք լսել ենք, որ նա շատ վտանգավոր գաղափարներ է տարածում,- ասաց հին գորգը, որ պատին էր փակցված։
-Նա խառնաշփոթ է տարածում,- ասաց հին սեղանը։
-Եվ ով գտնվում է համակարգչի ազդեցության տակ, նույպես վտանգավոր է,- բարկացկոտ թկթկացնելեով ասաց պատի հին ժամացույցն ու սենյակի մյուս իրերի հետ կասկածանքով նայեց գրքին։
-Նրա պատճառով իմ պես ժամացույցներն ու քո պես գրքերը անպետք են դառնում,- որպես թեմայի ավարտ, նորից բարկացկոտ թկթկացնելով ասաց ժամացույցը։
Գիրքը նպատակահարմար գտավ չհակաճառել նրանց։ Նրան սկսել էր դուր գալ օրերը լռության մեջ անցկացնելը։
Գիրքը երբեք էլ հատուկ խնամքով չէր պահպանվել, բայց նոր տեղում նրա երկարակեցության համար բարենպաստ պայմաններ չկային, և մի օր նա այնպիսի շարժ զգաց ներսում, որ ցնցվեց։
-Բարև, այդ ես եմ, ցեցը։
Ցավալի էր գիտակցելը, որ իր ծառայության ժամկետի ավարտն այդքան մոտեցել է, և գիրքը կյանքում առաջին անգամ հառաչեց.
-Ափսոս, գրքակերն է բույն դրել իմ ներսում։
Սենյակում նրան չէին սիրում համակարգչի հանդեպ ունեցած ակնածանքի համար, և չտխրեցին գրքի հետ պատահածի համար, միայն ոչ տևական լռությունից հետո, հին ցուցապահարանն ասաց.
-Դու կարող էիր ծառայության անցնել որևէ զուգարանում,- և սենյակը լցվեց խլացնող քրքիջներով։
Առաջին անգամ իր կյանքում գիրքն արագ փոխվող զգացմունքներ ապրեց՝ բարկություն, սարսափ, զարմանք, ներողամտություն. ցեցերն ամենից շատ ցուցապահարանի մեջ էին, կոտրված աթոռը կարող էր վառելիք դառնալ, գետնին փռված հին գորգը կարող էր շուտով մասնատվել ու դառնալ դռան առջև փռվող փալաս…
Գիրքը լռեց, և, թեև, նա սակավախոս էր, ավելի սակավախոս դարձավ։ Հաճախ նա մտածում էր, որ երջանիկ կլիներ, եթե ապրելիս լիներ այն սենյակում՝ նկարի, ծաղկամանի, դեկորացիայի, համակագչի և մյուսների ընկերակցությամբ։ Նա կուզեր հարցնել համակարգչին, արդյոք իր այդ ցանկությունը և այս սենյակի բնակիչների հանդեպ ունեցած ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքը ցույց չե՞ն տալիս, որ ինքն էլ է մեծամտացել։ Գրքի մտքերի ընթացքը կոպտորեն ընդհատում էր ցեցը։

Share Button

1 Կարծիք

  • Հովհաննես says:

    Ի դեպ Ճապոնիայում հավատում են, թե հին իրերը հոգու պես մի բան են ստանում։ Այդ հին իրերին նրանք անվանում են ֊ յոկաի։ Չնայած, որ այստեղ խոսքը ոչ այնքան իրերի մեսին էր))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *