Ֆիլիպն այգու միջով էր անցնում, երբ գլուխը թեքելով տեսավ կիսով չափ հողից դուրս, փոքր֊ինչ թեք, մի կողմից բաց, մյուս կողմից դեռևս փակ գոտկատեղով մումիայանման մեռել։ Նա հիշեց, որ երեկ այդ կողմով անցնելիս մեռելը չկար։ Այնպես որ դա ամենևին էլ մեռել լինել չէր կարող, մանավանդ որ բնականորեն խրված էր հողի մեջ։ Բայց ի՞նչ էր։ Ֆիլիպը, որ որևէ կերպ զարմանք չէր արտահայտել, անդադար էլ շարունակել էր ճանապարհը, այն կարծիքին էր, որ ինքը բավականաչափ խնդիրներ արդեն ունի։
Մթնել էր։ Ֆիլիպը հոգնած ուզում էր նստել հանգստանալու, երբ տան դուռը բացվեց։ Նա ընդառաջ գնաց եկվորին, որը, ամենայն հավանականությամբ, իր հարևաններից էր։
-Զարմացա։ Կարող եմ երդվել, որ զարմացա,- ասաց Ֆիլիպի հյուրը, այգու մեռելը։- Ա՛յ մարդ, դու պիտի զարմանայիր, է՜։
-Դու ո՞վ ես և ինչո՞ւ ես եկել իմ տուն,- մի մարդու տեսքով, ում հանգիստը պարզապես խռովել է անցանկալի, անկոչ հյուրը, հարցրեց Ֆիլիպը։- Եթե դու մեռել ես, այն էլ հյութաքամ, չորացած, պետք է որ բավականին հանգստացած լինես, իսկ ահա ես..
-Վա՜յ, ա՛յ մարդ, բա հյուրին այսպես կընդունե՞ն։ Ես այստեղ քեզնից բացի ոչ ոքի չեմ ճանաչում։ Եվ այստեղ միայն դու ես ինձ ճանաչում։
-Ես քեզ չեմ ճանաչում։
-Միայն դու ես ինձ տեսել, ուրեմն միայն դու ես ճանաչում։
-Ի՞նչ ես խոսում։ Տեսնելը դեռ ճանաչել չէ։
-Իմ դեպքում հենց ճանաչել է, որ կա։ Եվ մեռելը մեռել է, ճանաչում ես մեկին, ճանաչում ես և մյուսներին։
-Ես միայն գիտեմ, որ ուզում եմ հանգստանալ և, որ մեռածները մեռած են ու չեն կարող վերադառնալ։ Այլևս ոչինչ լսել չեմ ուզում։ Բարի եղիր, հեռացի՛ր։
-Ա՛յ մարդ, չե՞ս էլ ուզում իմանալ՝ ինչի եմ եկել քո տուն։
-Չէ՛։
-Ո՛չ զարմանում ես, ո՛չ հետաքրքրվում։ Հո՞ մեռած չես։
-Ա՛խ, ա՜խ, ոնց են ինձ հոգնեցրել այդ ձանձրալի, փիլիսոփայական թնկթնկոցները։
-Ինչե՞՜րը։
Բայց Ֆիլիպը պատասխանելու փոխարեն նստեց այն բազմոցին, որտեղ պատրաստվում էր նստել նրա գալուց առաջ։
-Եթե դու շատախոս ես ու բարի, անմիջապես հեռացի՛ր։
Ֆիլիպն այդ ասաց տիրաբար, ասես թագավոր էր գահին նստած։
Մեռելը շփոթվեց.
-Ես շատախոս եմ ու բարի, բայց…
-Բարի մարդիկ պետք է որ չկարողանան տանջել ուրիշներին, թեկուզ իրենց շատախոսությամբ։
Ֆիլիպը գլուխը ետ գցած՝ փակեց աչքերը։ Մեռելը մի քիչ տատանվելուց հետո դուրս եկավ, ապա շուտով վերադարձավ։
-Լսի՛ր, գերեզմանոցը փոքր սարի վրա է։ Քո բակից երևում է։ Սկզբում տեսա դիմացի երկգագաթ սարը, հետո…
-Հետո՞։ Այդ ինչո՞ւ ես ինձ ասում։ Դու ինձ չօգնեցիր, բարի մարդ,- առանց աչքերը բացելու՝ ընդհատեց Ֆիլիպը։
-Չէ՛, ավելի լավ է հեռանամ։ Պարզ է, որ սա սթափ չէ։
Ֆիլիպը լսեց ինչպես է մեռելը քստքստալով հեռանում։ Ննջեց։ Ականջների մեջ շարունակ լսվում էր նույն քստքստոցը։ Հանգստանալն անհնար դարձավ։
-Այդ գրողի տարածը դեռ չի՞ հեռացել։
Ֆիլիպը ստուգեց ամբողջ տունը։ Մեռելը չկար։ Ասենք քստքսոցն էլ չէր լսվում։ Քնելուց առաջ նա, այնուամենայնիվ, կողպեց նաև սենյակի դուռը։ Իսկ երբ դեռ չէր քնել, նայեց մահճակալի տակ։ Չնայած այդ նեղ հատվածում մեռելը խցկվել էլ չէր կարող։
Ամբողջ գիշեր նրան թվաց լսում է նույն քստքստոցը։ Միայն հենց լարում էր լսողությունը քստքստոցի ձայնն անհետանում էր։ Այդ անչափ ազդեցիկ էր։ Ի վերջո Ֆիլիպը կասկածեց, թե հանդիպել է մեռելի…
-Ի՞նչ անել։ Բժշկի՞ դիմել։ Վա՞ղը։ Բայց երկու օրից ավելի հարմար է։ Իսկ եթե վիճակս վատթարանա՞։ Օ՜ֆ, մեռելին տեսնելը, թերևս, ավելի լավ էր, այս ձայնն անտանելի է։ Իսկ ո՞ր բժշկին պետք է դիմել։ Ի՞նչ անել։ Ա՜՛հ, քնել, խորը քնել։
Հաջորդ օրը, առանց նախնական մտադրության, Ֆիլիպը նայեց այգու այն մասին, որտեղ նախորդ օրը մեռել էր տեսել։ Տեղը սովորական էր՝ գարնանային կանաչ սիզամարգ։ Այդտեղ մեռելի հետքն էլ չկար։ Խելամիտն այդ պատմությունը մոռանալը կլինի՝ արտառոցությամբ փոքր֊ինչ լիցքաթափող, հիշվելու անարժան էպիզոդ։ Ի վերջո ո՞վ իրավունք չունի այսպիսի զվարճանքի։
Բայց իզուր էր Ֆիլիպն իրեն գլխացավանքից ազատված համարում։ Նրա տանը, հյուրասենյակի մեջտեղում, կանգնած էր այգու մեռելը։ Չէր բացառվում, որ իրեն էր սպասում։
-Օհո՜, երևում է ես ձգում եմ այս մարդուն։ Ինձ, իհարկե, հետաքրքիր չէ, թե իմ որ արժանիքի համար, բայց ահա հետաքրքրվողը պետք է մտածի այդ մասին։ Իսկ ես անհրաժեշտ եմ համարում խոստովանել, որ ձգտում եմ հանգստի։ Միայն։ Բացառապես։ Ինչպե՞ս գտնել հանգիստ բաղձալի միայնության մեջ։ Գործընկերս հավատում է անտարբերության, պասիվության ուժին։
Ֆիլիպը շատախոսում էր, նյարդային էր։ Նրան անհանգստացնում էին մեռելի անշարժ լինելն ու լռությունը, որ թվում էր, ահա֊ահա, և կընդհատվի մարդամոտ շատախոսությամբ։ Ու հանկարծ, մեռելը կտրուկ ձեռքը բարձրացրեց։ Ֆիլիպը ձեռքն առավ սեղանին դրված ամանը։
-Ա՛յ մարդ, քեզ ի՞նչ եղավ։ Իմ մտքով էլ չէր անցել, որ դու կուզենաս խփել ինձ։ Ուզո՞ւմ ես գնամ, այդպես էլ ասա՛։
-Դու էիր ուզում ինձ խփել, անզգա՛մ։
-Ե՞ս։ Ե՞ս։
Թվում էր, եթե մեռելը հավատա իր լսածին, կնեղանա։
-Ա՛յ մարդ, ես ինչի՞ պիտի ուզենամ քեզ խփել։
-Ես որտեղի՞ց իմանամ մեռելն ինչ մտադրություններ կարող է ունենալ։ Դու ձեռքով էիր ուզում խփել, իսկ ես…
-Ա՜հ, ձեռքո՜վ։
Եվ մեռելը երկտակվելով սկսեց ծիծաղել։
-Ասում է ձեռքով… Ա՛յ մարդ, ասում էին ինձ… Ուրեմն իմացի՛ր, որ էլ շփոթություն չառաջանա։ Իմացի՛ր, որ երբ ես ասում եմ կամ ուզում եմ ասել՝ այ մարդ, հաճախ եմ ձեռքս բարձրացնում։ Այդ իմ սովորությունն է։
Եվ մեռելը նորից ծիծաղեց։
-Ահա թե ինչ։ Իսկ ինչո՞ւ էիր շարունակ լռում։ Դա էլ բնավորությո՞ւն է։
-Չէ, հա, ի՞նչ ես խոսում, ի՞նչ բնավորություն։ Բարի աստվածն ինձ օժտել է. ասող-խոսող եմ։ Հա՛։ Մտածում էի ի՞նչ ասեմ, որ սրա դուրը գա։
-Հա էլի, այնքան պարզ է ամեն բան,- փնթփնթաց Ֆիլիպը։
-Ինձ թվում է քեզ լսելով մարդ ո՛չ կշահի, ո՛չ էլ կկորցնի,- հաշտատոն ասաց Ֆիլիպն ու գնաց խոհանոց։
Մինչ նա իր համար սուրճ էր պատրաստում, մեռելը հարցրեց.
– Բայց, ա՛յ մարդ, ասա՛ ինձ, ինչո՞ւ են ամեն տեղ խաչեր տնկված։
-Խաչե՞ր են տնկված։ Ամեն տե՞ղ։
-Գիշերն էլ երևում են լուսավորվածության միջոցով։ Սկզբում թվաց, տեսիլք է, մեռելի երազ, բայց չէ՜, դրանք իրականում գոյություն ունեն։
-Իսկ ի՞նչ է քո անունը,- հարցրեց մեռելը։
-Ֆիլիպ։
-Ֆիլի՞պ։ Ֆիլիպն ի՞նչ է։
-Անուն։
-Օ՜ֆ, դու մարդկանց զգացմունքները գտնել չես կարողանում,- հառաչեց մեռելը։
-Իսկ դու հեգնանքի տեղը չգիտես,- հաղթական ժպտալով ասաց Ֆիլիպը։
-Դու գործիքներ ունե՞ս։ Ուզում եմ խաչ պատրաստել։
Ֆիլիպը չէր կարողանում իրեն հասկանալ, թե ինչու մեռելին տվեց պահանջած գործիքներն ու տեղ ավտոտնակում։ Ամբողջ կիրակի, երբ պետք է հանգստանար, լսեց ավտոտնակից լսվող խռխռոցներն ու ճռճռոցները։ Այդ ձայների ծագումն անհասկանալի էր նրան, բայց նա ոչ մի անգամ չգնաց այնտեղ, թեև նույնիսկ մտածում էր, որ նա, հավանաբար, իր մեքենան է մասնատում։ Միայն ուշ գիշերին, երբ սուր ձայնը, ինչպես տհաճ ծակոց, սաստկացնում էր հանկարծակի սկսված ատամնացավը, Ֆիլիպը գնաց ավտոտնակ։ Իսկ այնտեղ գետնին, ինչպես մեռել, պառկած էր մեռելը, գլխի տակ երկաթի կտոր, խղճալիորեն կծկված, անչունչ, անշարժ։ Ֆիլիպը մտահոգվեց։ Իսկ եթե նա այդտեղ այդպես պառկած էլ մնա՞։ Ինչպե՞ս է ազատվելու նրանից, ինպե՞ս է բացատրելու նրա ներկայությունը։ Հանգստացնողով զսպված ատամնացավին փոխարինեց մտահոգությունը։
Հաջորդ երեկոյան, տուն վերադառնալով, Ֆիլիպը տեսավ, որ մեռելը խողովակ է տնկել։
-Սա ի՞նչ է նշանակում։
-Խաչի մաս է։ Մտածեցի երկար և կարճ խողովակները լիովին բավարար են։ Խաչը պարզ բան է,- հոժարակամությամբ բացատրեց մեռելը։
-Բայց ի՞մ այգում։
-Ես գիտեի, որ կդժգոհես, բայց մի թթվիր, ժամանակավոր է։
-Ես մտավախություն ունեմ… Քանի որ, ըստ էության, ես էլ եմ ժամանակավոր…
-Ա՛յ մարդ, մի քանի օրն ինչ է, որ չես համբերում։ Մի քանի օրից կքանդեմ, էլի, վա՜յ։
Սկսել էր մթնել, երբ Ֆիլիպը լսեց ինչ֊որ մեկի սարսռեցնող լացը։ Նա հոգնածությունը մոռացած դուրս եկավ տնից, կենտրոնացրեց լսողությունը, որպեսզի իմանա ո՞ր կողմից է լացի ձայնը։ Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ քամին ու մեռելի տնկած խողովակն են այդ թվացյալ լացի հեղինակները։ Գիշերը քամին չդադարեց։ Իսկ փակ պատուհանը քիչ օգնեց Ֆիլիպին։ Նրան թվում էր ինչ֊որ մեկը անդադար խոսելով լաց է լինում հարազատի, սիրելիի դիակի մոտ ու չի հանգստանում։
Հաջորդ երեկո մեռելը ներս մտնելով հայտարարեց.
-Վերջ, ա՛յ մարդ։ Խաչը պատրաստ է։
Ֆիլիպը ոտքերը փռած թիկնել էր բազմոցին։ Նա չարձագանքեց։
Մեռելը նստելով բազմոցի մյուս թևին, ասաց.
-Ա՛յ մարդ, մենակությունից դու չե՞ս ձանձրանում։
Ֆիլիպը, որ կարծես հպարտությունից էր գլուխը բարձր նստել, ասաց.
-Ես երազում եմ մենակ մնալու մասին։ Մի՛շտ։
-Չէ՛, այ մարդ, այս մարդը լրիվ խելառ է։ Էլ ինչքա՞ն։
-Իսկ մեռելները մենակ մնո՞ւմ են,- որոշ ժամանակ փակ աչքերով պառկելուց հետո հարցրեց Ֆիլիպը, բայց մեռելն այնտեղ չէր։
-Վերջապես,- քրթմնջաց նա։
-Հարևանս հայտնեց, որ տեսել է, որ այգում խաչ եմ տնկել,- հաջորդ երեկո ներս մտնելով՝ ասաց Ֆիլիպը մեռելին, որ մտահոգ նստած էր բազմոցի այն թևին, որ երեկ էր նստել։
-Այ մարդ, նայիր թե հագուստս ինչպես է պոկվել, կախվել,- հագուստի պատռված տեղը ցույց տալով ասաց մեռելը։
-Ես զարմանում եմ թե այդ անորոշ գույնի…
-Ա՛յ մարդ, ավելի լավ է թել ու ասեղ տուր, այս վերևի հատվածում, ուսիս մոտ, ամրացնեմ։ Միայն մնում է ավելի չվնասեմ, շատ է փտած։
Ֆիլիպը ափսե էր ուզում դնել սեղանին, երբ ներբանի տակ զգաց ձգվող թելի առկայություն։ Նա դրանից ընկնողի շարժում արեց, մի պահ թվաց իրոք ցած է ընկնում, հետո բարձրաձայն ասաց.
-Քիչ էր մնացել վայր ընկնեի քո պատճառով, բանսարկո՛ւ։
-Վա՛յ, ա՛յ մարդ, գժվեցի՞ր։ Այս բարակ թելը քեզ ինչպե՞ս ցած կգցեր։ Ես զարմանում եմ, թե ինչպես զգացիր գուլպան հագած,- երկար թելը, որի մի հատվածը գետնին էր, իրեն քաշելով ասաց մեռելը։- Դեռ լավ է, որ չկտրվեց, ա՛յ մարդ։
-Այդքան երկար թելով կարող ես քեզ համար նոր հագուստ գործել,- ասաց Ֆիլիպը հանգստատոն։
-Հա էլի, ա՛յ մարդ, ճիշտ էլ ասում ես։
Նորից կիրակի էր։ Ֆիլիպը մեքենայի բեռնախցիկից գնումներն էր դատարկում։ Մեռելը նրա բակում ինչ֊որ բան էր փնտրում։
-Ես քեզ համար հագուստ եմ գնել…
Նա այդ ասաց ճիգով, մի կերպ թաքցված ուրախությամբ։ Բայց մեռելը որևէ կերպ չարձագանքեց։
-Եվ դեռ ինձ է մեղադրում անուշադիր ու անշնորհք լինելու մեջ,- մտածում էր Ֆիլիպը։- Ասենք իմ տուն նրա այցերը բավական պիտի լինեին ինձ, որ հասկանամ, որքան անտակտ է նա։ Կամ պահանջները։ Տո՛ւր, ասում է նա, առանց քաշվելու։
Ֆիլիպը նայում էր հայելու մեջ, որտեղ լույսեր էին արտացոլվել, ասես մութը լուսե աչքերով, խստորեն, թշնամաբար նրան էր նայում։
-Ես ուզում եմ վախենալ։ Ուզում եմ մտածել, որ դու մահվան կերպարն ես և ուզում ես վախեցնել ինձ,- ասաց նա այդ երևակայական կերպարին։
-Ավելի կեղծ բան, քան մեռածի համար լացն է, ես չեմ կարող պատկերացնել,- հիշեց Ֆիլիպը մեռելի խոսքերը և նրա մտածումների ուղղությունը փոխվեց։
Այգուց շխկոցի ձայն եկավ։ Մտածելով, որ հնարավոր է մեռելը որոշել է խաչն հանել, Ֆիլիպը գնաց այնտեղ։
Արդեն շաբաթից ավել էր խաչն իր այգում էր։
-Ի՞նչ ես շտապում, հո՞ չմնաց այստեղ։ Իսկ եթե քեզ խանգարում է, ինքդ էլ հանիր, ա՛յ մարդ,- Ֆիլիպի խաչն հանելու պահանջներից մեկին պատասխանել էր մեռելը։
Ֆիլիպը կանգնեց խաչին մոտ ու շուրջը նայեց։ Նա կարծես վստահ էր, որ մեռելը մոտերքում է։
-Վա՜յ, այ քեզ բան, խաչն ընկել է,- առավոտյան արձանագրեց մեռելը։- Բայց հիմքը խորն էի փորել, ա՛յ մարդ։
Մեռելը լոնքեց Ֆիլիպի դիակի վրայով, որպեսզի նայի իր փորած փոսի մեջ, որի մեջ խրված էր եղել խաչի ներքնամասը, զննեց այն, ապա ուսերը թոթվեց ու հեռացավ։
