Գայանե Քոչարյան | Անիկը

Անիկը լվանում է ամանները`
Հատիկ-հատիկ
Քերել-հանել-պարզաջրելով
Մնացորդ ուտելիքները
Եվ հիշողությունները կետագծերով
Հեզ ամաններին անփութորեն խազած։
Անիկը ձայնակցում է
Խոհանոցային իր կոպիտ շխկդխկոցին`
Լիքը կանացիությամբ
Սիրտ խուտուտ տվող մեղեդի դնդնալով։
Գդալ-պատառաքաղները,
Ափսե-թասիկները,
Կաթսա-շերեփները`
Մաքուր, պսպղան իրենց տեղերում,
Փայլում են ու աչքով անում
Տաքձեռ տիրուհուն։

Անիկը լվանում է կյանքը.
Թրջված, խունացած, փոշեկոլոլ,
Մահճակալի տակ պահ մտած, դևացած
Երեք սերունդ կանանց կյանքն
Ու հիշողությունը ժառանգված նրանց։
Լվանում ու փորձառու ուժով թափ է տալիս
Դարան մտած աղվեսներին,
Լոզոտ բորենիներին,
Թիթեռնիկ ընկերներին,
Հիմար դոնժուաններին։
Հետո կյանքը փռում է
Վստահելի մետաղյա լարին,
Որ արևն ու քամին հնձեն
Թաքնված, դիմափոխ վախերին
Ու պառավ դոգմային
Քամելիոնի պես գունափոխ եղող։

Անիկը լվանում է ներսի
Ստրուկ-բռնացողին,
Ըմբոստ-զոհաբերվողին,
Հեղափոխական, փրկիչ
Միշտ նորաձև ֆեմինիստին,
Հարյուրաձև ռասիստին,
Բոլորին-բոլորին`
Միտք ու կաղապար դարձրած
Գլխում անիմաստ բեռնած։
Լվանում ու տաք ջրով դաղում է
Դրանց տաքգլխությունը,
Համեմում փոխզիջմամբ,
Շրջում խաղաքարտը,
Որտեղ գրված է.
«Շնչիր ու նստիր, Ուժը խաղաղության մեջ է»։

Անիկը սիրում է կյանքը։
Ու ամեն օրվա կավե պնակում
Կյանքը լինում է
Լվացած, թափ տված, փամփլիկացված
Խաղաղ ու հանդարտ մեղմ առամատով
Վստահ հուսավորված։

Անիկը փոխում է սլաքները.
Մեծանում ու սովորում,
Սովորեցնում ու ժառանգում
Ուղենիշ ու միջնորդ լինելու հմտությունը `
Կկվի պես բնափոխ եղող։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *