ամեն ինչ կոկիկ է, մաքուր, մտածված, համաչափ, անհամաչափությունը նույնիսկ, մաքուր է, հարմարեցված, հնարավորինս հարմարեցված, բայց ինչ-որ բան խանգարում է, էսպես չպետք է լինի, արևի ճառագայթներն նույնիսկ, ընկնում են հնարավորինս բեկված ու ստվերներն անգամ հարմար են պատսպարվելու համար, շենքերի ձգվող ուրվագծերն խաղաղեցնում են աչքդ, բայց ինչ-որ բան էն չէ, էսպես չպետք է լինի, երևի կեղտ բռնելու մոլուցք է, մանրուքներն ես տնտղում, վաղուց մտածված են և քեզ տեղ չեն թողնում, տեղ չթողնելն է, գուցե, բուտաֆորիկ է, էսպես չպետք է լինի, իսկ եթե ուղղակի ընդհանուր էսպես չպետք է լինի, բացառություն է, ընդհանուր դիտել, նկատել պալմաների և ծաղիկների ներկայությունը հատուկ հարմարեցված բացատներում, բետոնե սալիկներով առանձնացված, չպետք է լինեին, ընդհանուր արհեստականությունը, մարդկանց համար և մարդկանց բացակայությամբ, մաքուր, կոկիկ, մտածված, բնական է այստեղ ծնվածի աչքում, բայց էսպես չպետք է լինի, անկյունում ծխելիս փնտրել քեզ, տարածքում, որը քոնը չէ, այստեղ դու ավելորդ ես կարծես, քեզ համար տեղ չկա, ամեն ինչ մտածված է, կոկիկ, հարմար, նույնիսկ մութն ընկնելուն պես գլխավերևումդ վառվող լուսամփոփն, որն ուժգնանում է մթության խտությանը համաչափ, արհեստական է, կամ ես այստեղ չպետք է լինեմ, ես եմ մանրուքը, թերությունը այս տարածքի․ տեղ չունեմ։
***
ծերացած հիպպին տխրություն է,
օվկիանոսի ափին,
կանաչ բժշկի պատի տակ,
որքան էլ Օշոյի գրաֆիթին ասի.
«սերն ազատություն է`
փորձարկիր մարմինդ»:
***
ֆեյքից իրական հետխաղարկում, քայլելիս քեզ ուղեկցում են փոփ սվինգի հնչյունները, ռետրոֆուտուրիստական շինությունները, արտ դեկո կինոթատրոնի նեոնային լույսերը արձագանքում են երգի հնչյուններին համընթաց վերուվար անող շատրվաներին, լճակի վրա կոր տվող կամրջակից ջուր ծախող երեխաների արձանախումբը շարունակում են բրենդային կաֆեներով ընդմիջվող բրենդային խանութները, որոնք մոտենալով Gilmore պատմամշակութային բենզալցակայանին սահմանազատվում են Farm Market-ի սպիտակաթույր հուշարձանային համալիրով, հիմնականում ֆիլմերի միջոցով իսկական Ամերիկայի մասին ձևակերպված պատկերացումները վերաներկայացվել են մի սահմանափակ տարածքում, որը նոր է և նորից է արծարծում էկլեկտիկ համախմբված դասական, հին ու բարի Ամերիկան:
***
փողն է այն չափը,
չափվում է,
ուղիղ, անսեթևեթ:
***
հավաքարարը առավոտյան սենյակը մաքրելուց հետո բացիկ թողեց․ մեզ շնորհավորում էր և առողջություն մաղթում, ես ու Ռ-ն իրար երես նայեցինք ու հայերեն խոսում ենք՝ գուցե գումար պետք է մեջը դնենք, հը՞, բա որ վիրավորենք, մտատանջվում էինք, ավելի ճիշտ Ռ-ն էր մտատանջվում, որոշեցինք բուժքրոջը հարցնել, ներս մտավ Աննա Մարիան, դեղնամազ, ժպտերես, Իռլանդիայից, որը թողել էր իր երկիրը տասնհինգ տարի առաջ, ասում էր, որ կառավարությունը վատն է, ապրուստը բարդ, ցածր են վճարում և լավ մասնագետները արտագաղթում են, հարցրեցինք հեռվից՝ հնարավոր է մշակութային տարբերություններ կան, խնդրում եմ բացատրեք այս բացիկները ի՞նչ նշանակություն ունեն, ժպտաց, ասում է՝ շնորհավորում է ձեզ Խոանան, որը Մեքսիկայից է, արդեն հիսուն անց է, ասում էր, որ ինքն էլ զույգ եղբայր ունի՝ Խոանը, նկարն էր ցույց տալիս, ապրում են Ռոզալինդա Ափին, ինքը էնտեղ ամեն տարի գնում է, շատ գեղեցիկ տեղ է, շատ է կարոտում, բայց իր տարիքի կինը գործ չունի այնտեղ, եղբայրը բիզնես ունի, կարողանում է գլուխը պահել, բայց ինքն էլ է փորձում ԱՄՆ տեղափոխվել, շատ աղքատ են ապրում, ու եղբայրը ասում է, որ Խոանան ավելի լավ է պահպանվել, ավելի բաց մաշկ ունի, քանի որ ԱՄՆ-ում է՝ կաթով և քլորով է լողանում, իսկ Ժասմինը՝ մյուս բուժքույրը, իր տարիքից նեղվում է, ասում է հիսունչորս եմ, բայց ոչինչ, քառասունհինգից ավել չեմ երևում, ես էլ եմ պնդում, որ շատ լավ տեսք ունի, ասում է, որ սերբ է, իրենք լավ են պահպանվում, տաս տարի է ինչ ԱՄՆ-ում է, Բելգրադում ապրուստ չկար, չէին կարողանում ապրել, աշխատանքն էլ չի գնահատվում, հարուստները հարստանում են, աղքատները մի կերպ յոլա են գնում, Ժասմինի խոսքի վրա Ռ-ին հրավիրեցին հերթական սոնոգրաֆիայի, մեզ ուղեկցում է սոցիալական աշխատող Մարիան, որը Կենտրոնական Ամերիկայից էր տեղափոխվել, ժպիտը դեմքին պատմում էր որդու մասին, որն եկող շաբաթ պետք է ԱՄՆ տեղափոխվի, ինքը տասներեք տարի այստեղ է, ընտանիքից հեռու, աշխատածի մի մասը ծախսում էր փաստաբանների վրա, մի մասը ուղարկում տղային, մյուս մասով էլ կարողանում է տան վարձը տալ, ուտելիք ունի, շաբաթ մեկ էլ գնում է ինչ-որ նոր բան տեսնելու, որ տղան գա կարող է հիպոթեքով տուն գնել, թե չէ իրենց մոտ ոչինչ չկա անելու, կառավարությունը ճնշում է, փող չկա, աշխատանք, մտանք բժշկի սենյակ, տեխնիկը մոտեցավ, իրանցի Հաշիմը, բարևեց, ծանոթացավ, հարցրեց՝ ո՞նց է ձեր երկրում, ես ու Ռ-ն իրար նայեցինք, ես ասեցի՝ էդքան էլ լավ չի, Ռ-ն ավելացրեց՝ բայց լավ կլինի, Հաշիմը ժպտաց, ասում է՝ Իրանում էլ են ասում լավ կլինի, բայց էդ ասում են, էսպես որ գնաց՝ ոչ մի բան էլ լավ չի լինի։
***
երկինքը բոլոր տեղերում էլ կապույտ է,
մի տեղ մի քիչ բարձր,
մի տեղ մի քիչ ցածր,
մի տեղ ամպերը շատ,
մի տեղ պարզկա,
երկինքը բոլոր տեղերում էլ կապույտ է,
մի տեղ մուգ կապույտ,
մի տեղ բաց բաց,
համարյա թափանցիկ,
բա ո՞ւր եմ շտապում,
երկինքը կապույտ կապույտ է,
բայց շտապում եմ, չէ՞: