Հրաչ Բեգլարյան | Գեներալին սպասելիս

-Լավ, բա գեներալը ե՞րբ է գալու,-արդեն որերորդ անգամ պահակետում կանգնած զինվորին դիմեց հաստաբազուկ տղամարդը:
-Եսի՞մ,-ուսերը թոթվեց զինվորը:
-Է՜,-չգիտես բարկացած, թե հուսահատված ձգեց Հաստաբազուկն ու նստեց նեղլիկ պահակետի պատի տակ դրված կիսաջարդված կողապահարանին: Կողապահարանը նրա աժդահա մարմնի ծանրությունից խղճալի ճռռաց: Ջահել զինվորը, կողապահարանը, պահակետի դռանը գեներալին սպասող ընկերները չգիտեին, որ նա զայրացած է դեռևս առավոտնից: Թե կինը գիշերն ինչ էր մտածել, առավոտյան տոտոնքի էր կանգնել. «Երևան եմ գնում»: «Գնում ես, ի՞նչ անես»,-զարմացած հարցրել էր ինքը: «Գնում եմ հիվանդանոց պառկեմ, բուժվեմ»: «Էլ նո՞ր…արդեն քառասունմեկ տարեկան ես»,-առարկել էր ինքը: «Կին կա` վաթսուն տարեկանում է երեխա ունենում: Չբերությունը հո ճակատիս գրված չէ՞»: «Ձեռ քաշի, այ աղջի, քո արգանդը չորացած է,-համոզել էր ինքը,- աշխարհն էլ դեղ ու բժիշկ չմնաց: Որ չէ` չէ էլի՛»…
Կինն արցունք ու ճիչ իրար էր խառնել, հետո վեր էր կացել ու` Երևան ու՞ր ես, գալիս եմ: Ինքը չէր կարող նրա հետ գնալ: Պայմանավորվածություն ուներ գեներալի հետ:Պիտի խնդրեր, որ երկրապահի տղերքի համար մարզպետից խոտհարքի տեղ ուզի: Հետո ի՞նչ, որ հիմա գեներալ է: Մարտական ընկերների մասին չպիտի՞ մտածի:
-Է՜, էդպես ո՞նց կլինի,-կնոջ արածը հիշելով հառաչեց նա և գլուխը քաշեց ուսերի մեջ:
Զինվորը չհասկացավ, որ Հաստաբազուկը կնոջ արածից է զայրացած ու գլուխը կախեց: Ինքն ի՞նչ մեղավոր է: Ինքը հասարակ զինվոր է: Կանգնել է այստեղ, որ գնացող-եկողի մասին զեկուցի շտաբին, ուղեփակոցը բացի-փակի: Ինքն իր հանձնարարությունը կատարում է: Ո՞վ գիտե գեներալը գա՜, չգա՜: Նրան ո՞վ կասի` աչքիդ վերևը հոնք կա: Ուր ուզի` կգնա, ինչ ուզի` կանի: Գեներալ է, հո զինվոր չէ՞:
Իսկ Հաստաբազուկի սիրտը պայթում էր անորոշությունից: Խանդում էր կնոջը: Ի՞նչ իմանա` բժշկի մո՞տ է գնացել, թե…Ի՞նչ իմանա` դրա բժիշկն ի՞նչ տեսակ մարդ է: Մեկ-մեկ սրտի մեջ գլուխ է բարձրացնում մի խենթ միտք. պատերազմի դաշտից բերած ինքնաձիգն առնի` ու կնոջ սիրուն մարմինը թիրախ դարձրած` ողջ պահունակը դատարկի վրան: Ա՛ռ քեզ բժիշկ: Դատում են` դատեն: Ինքը քանի՞ անգամ է դեմառդեմ նայել մահվան աչքերին:
-Ախր էսպես ապրել կլինի՞,-ձգեց նա և դժվարությամբ վեր կացավ տեղից,-էս ի՞նչ երկիր է: Խոստանում են, չեն գալիս, պայմանավորվում ու խաբում են:
-Ո՞վ գիտե` նախարարություն, բան…,-Հաստաբազուկի հուսահատ զայրույթը մեղմել փորձեց զինվորը:
Պահակետի դիմացի ծառերի ստվերում, կիսաշրջան կազմած. կանգնել էին մի քանի հոգի: Կիսաշրջանին ինչ-որ բան ապացուցելու-համոզելու համար արագ ու զայրացած պտտվում էր Անոտի սայլը: Տերը հինգ տարվա ընթացքում այնպես էր վարժվել սայլին, որ գրեթե չէր զգում իր անոտք լինելը: Մարտի դաշտում պայթած ականը ածելու նման ազդրերից կտրել-տարել էր զույգ ոտքերը: Նա հենակներին չէր վարժվել, հրաժարվել էր ազդրերը կաղապարի նման սեղմող պրոթեզներից ու սայլ էր սարքել իր համար: Տղայի ինքնագլորի ռետինապատ անիվները հանել, գցել էր իր ձեռքով սարքած սայլի տակ: Նստում էր վրան, ոտքերի մնացած մասը կապում, ամրացնում սայլին և տեղաշարժվում էր ամենաուժեղ վազորդից էլ լավ:
-Ի՞նչ ա ասում,-խոսքը կիսատ թողնելով իրենց մոտեցող Հաստաբազուկին դիմեց նա:
-Հե՛չ: Ասում է` որ խոստացել է, ուրեմն կգա:
-Գեներալ է բա՞,-փնչացրեց Անոտը:
-Գեներալ է, բա ի՞նչ է,-պպզելով նրան պատասխանեց Չորչորուկը: Նա Անոտի հետ խոսելիս միշտ պպզում էր: Մի տեսակ անհարմար էր զգում վերևից խոսել հետը: Համ էլ թվում էր, որ եթե չպպզի, իր խոսքն Անոտի գլխավերևվով կթռչի, ուրիշ տեղ կգնա ու նրա ականջները չեն լսի:
-Ես էլ մարշալ եմ,-ձեռքը կրծքին խփեց Անոտը:
-Բա ո՞նց, մենք էլ` պահակախումբ, սայլդ էլ` զրահապատ մեքենա,-ծիծաղեց ու կրծքի մեդալը փայլեցրեց ջահել, մորուքովը:
-Չէ, աշխարհն անհավասար է սարքած,-դարձյալ կնոջ ճիչը հիշելով տնքաց Հաստաբազուկը,-կռվելիս ոնց որ բոլորս հավասար էինք: Բայց էս ո՞նց եղավ: Մի մասը մնաց բանակում, պաշտոն-մաշտոն ստացավ: Մենք էլ մինչև ետ եկանք, տեսանք` ամեն ինչ իրար մեջ բաժանել, կիսկսել են…
-Ուզում էիր` բոլոր կռվողները գեներալ դառնայի՞ն: Չեղավ, չէ՞: Որ անծանոթ մեկը լիներ, առաջը գլուխ կծռեի՞ք: Հիմի վա՞տ է, որ մեր ընկերը մեզ օգնում է: Մեկիդ երեխան ուսման վարձ չունի, մյուսիդ բուժվել է հարկավոր, մեկիդ տեղեկանք է պետք…Գալիս ենք ու չենք ասում` ախր էս մարդը գեներալ է: Մարզպետ չէ, բժիշկ չէ, քոլեջի տնօրեն չէ…,-դարձյալ գեներալին պաշտպանեց Չորչորուկը:
Հետո նստեցին բարդիների տակ, կանաչ խոտի վրա: Ամեն մեկն իր մտքի հետ, յուրաքանչյուրը իր հոգսերից ազատվելու հույսով, ուզվորի նման ձեռքն ուրիշին պարզած: Բարդիներից նրաց գլխին ձյունի նման բամբակ էր մաղվում:
-Անտերը լավ բան լինի, էդքան շատ չի լինի,-տնքաց Հաստաբազուկը:
-Որ լավ բանն էլ շատ լինի, կանհամանա,-նետեց Անոտը, ձեռքերը հենեց գետնին, ճարպիկ ցատկով իջավ սայլից, թեք ընկավ հնձած խոտի վրա ու սայլը բարձի պես հարմարեցրեց թևի տակ: Նայեց ծառերին, ամռան արևին ու ծխախոտը փստացնելով սկսեց պատմել.
-Ես որ աչքերս բացեցի հիվանդանոցում, նախ շատ ուրախացա, որ ողջ եմ:Մեջս արյուն չէր մնացել: Ինձ համար կարևորն էն էր, որ ողջ էի: Հետո քայլել ցանկացա, սիրտս սար բարձրանալ ուզեց, հետո կնիկ ցանկացա…Հիմա գիտե՞ք ինչ եմ ուզում: Ասեմ` ծիծաղեք: Ուզում եմ ծառ բարձրանալ…
Քրքջացին բոլորը: Հաստաբազուկը` բոլորից բարձր: Բայց հանկարծ անտանելի ծակեց սիրտը: Առավոտյան զայրացել էր ու կնոջը նույնիսկ մեքենայով ավտոբուսի կանգառ չէր տարել: Թող գնա` ոնց ուզում է, թող անի` ինչ ցանկանում է: Հիմա ձեռքը կրծքին դրած պատկերացնում էր, թե ինչպես նա կարմիր շորով, զարդարուն ու երջանիկ, սլանում է դեպի իրեն սպասողի գիրկը: Ասենք հաստատ չգիտի` կինն իրո՞ք որևէ մեկն ունի՞, թե՞ այդ ամենը իր խանդոտ երևակայությունն է հնարում: Թե որ հանգիստ նայի` կինը որևէ առիթ չի տվել, բայց ո՞վ գիտե կին-արարածին:
-Օ՜ֆ,-տնքաց նա մենք ենք հիմար, որ սպասում ենք: Նորմալ երկրներում գեներալները նման հարցեր չեն լուծում: Գեներալի գործը բանակն է, իսկ մենք եկել ենք, թե խոտհարք տուր, երեխայիս ուսման վարձը զիջիր, բժշկին ասա` ձրի վիրահատի…
-Գործի անունն ի՞նչ է, թող օգնի, էլի,-նետեց Չորչորուկը:
-Գործի անունը գեներալություն է,-սայլը թևի տակ հարմարեցրեց Անոտը,-ասում եմ` գա, խնդրեմ, ինձ համար մի լավ սայլ ճարի: Էն փայլուն, արտասահմանյան սայլերից: Էս չոր անտերից հոգնել եմ: Թե ճիշտն ասեմ` տղաներից մեկինը մի անգամ փորձեցի, դուրս չեկավ: Շատ է պաշտոնական, մի տեսակ շատ է կտրում հողից, իսկ ես արդեն հինգ տարի է` սովորել եմ, որ ձեռքս հողին քսվի: Ոտքս չի քսվում, թող ձեռքս քսվի:
-Համա թե բանի հետև ես ընկել…Հողին քսվի, հող տրորեմ, հո՛ղ, հո՛ղ, հո՛ղ…Էդ` հող-հող ասելով չէ՞ր, որ գնացիր, ոտքերդ տվեցիր, էկար: Հիմի էլ…,-կարծես ինքը կռիվ չէր գնացել ու ընկերոջը մեղադրում էր Հաստաբազուկը:
-Ի՞նչ, ի՞նչ…Հիմի էլ ի՞նչ,-մի ցատկով սայլին նստեց Անոտը:
-Հիմի էլ պայմանավորվում ու խաբում են: Սա վիճա՞կ է: Առավոտնից սոված-ծարավ սպասում ենք իրեն: Ինչի՞, մենք օտար ե՞նք:Իրար հետ հաց չե՞նք կիսել: Միասին չե՞նք կռվել, իրար հետ չե՞նք տառապել: Ախր մի րոպեւոմ լուծելու հարցեր են…
-Կարող է մարդը նախարարություն է գնացել: Հազար հարց կա…
-Տո ի՞նչ նախարարություն,-փրփրեց Հաստաբազուկը,-ես դրա նախարարությունը լավ գիտեմ: Ո՞վ իմանա որտեղ մի փեշ է տեսել կամ մի սեղանի գլխին նստած է:
-Քո ընկերն է,-նախատինքով գլուխը տարուբերեց Չորչորուկը:
-Ընկերս է, դրա համար էլ նեղանում եմ,-փնչացրեց Հաստաբազուկը, որի հոգում հիմա ահագին մաղձ էր կուտակվել և աչքին իր կնոջ հոմանին կարող էր լինել ցանկացած տղամարդ: Հասկանում էր, որ մտածածն անմիտ բան է, բայց ինքն իր վրա չէր կարողանում: Մեկ ուզում էր գրողի ծոցն ուղարկել ամեն ինչ և մեքենան ուղիղ Երևան քշել: Կգնա, նախ հիվանդանոցում կփնտրի, հետո` քենու տանը: Թե չգտնի, ուրեմն դավաճանում է: Մեկ էլ սառը բանականությունն ասում էր` չէ, կինը երբեք բարձը չի փոխի…
-Թե դու ինչի՞ ես նրան պաշտպանում, չեմ հասկանում,-Չորչորուկին դարձավ նա,-նրան ե՛ս եմ փրկել մահից:
-Հետո՞…Որ փրկել ես, մինչև կյանքիդ վերջը կյանքն ուտելո՞ւ ես:
Չորչորուկը տեսնում էր, որ ընկերոջ հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում այսօր, բայց գլխի չէր ընկնում: Նա չգիտեր, որ ընկերոջ սրտի մեջ հուսահատություն ու մաղձ է կուտակվում ժամ առ ժամ: Մայր մտնող արեգակին նայելով նա ավելի էր նեղսրտում, գիշերը ո՞նց է մենակ մնալու տանը: Պատերազմից առաջ ավարտեց շինարարությունը: Այն ժամանակ ձեռքը տաք էր ու փողի պակաս չուներ հիմիկվա պես: Հիմա տունը արտասահմանյան թանկարժեք դագաղ է հիշեցնում և գիշերն ի լույս նրա ընդարձակ-սառնությունը հանելու է հոգին: Թե հանդիպեր գեներալին, մի քիչ բենզին կուզեր, կլցներ մեքենան ու կքշեր Երևան, բայց հիմա…
-Իրենք պետ են դարձել, մեր կյանքն են ուտում: Իրենց ի՞նչ կա, ուր ուզեն` կքշեն: Ո՛չ բենզինի պակաս են զգում, ո՛չ մեքենայի կարիք ունեն: Էս երկիրն իմն ու քոնը չէ, հիմա իրենցն է: Մենք իրենց ինչի՞ն ենք հարկավոր: Առավոտնից սոված-ծարավ չորացել ենք էստեղ: Չէր գալու, թող զանգեր, ասեր: Կարող է՞ հեռախոսի վարձ պիտի մուծեր:
Հաստաբազուկը վեր կացավ տեղից, մեջքը հենեց պատին: Ցեմենտ-ավազով ծեփված պատը տաք-տաք էր, ու նրան դուր էր գալիս այդ տաքությունը: Չգիտես ինչու այն նմանեցրեց կնոջ չթե շորի տակ թրթռացող ազդրի տաքությանը և արյունը գլխին խփեց: Քանի՞ անգամ էր առաջարկել երեխա վերցնել: Տղա, թե աղջիկ, իր համար միևնույնն էր: Կվերցնեին ու կինն այդպես քարեքար չէր խփի իրեն: Ինքն առաջարկեց, կինը հակառակվեց: Հետո կռիվ եղավ: Իսկական կռիվը սրա դիմաց ի՜նչ է: Սա ուրիշ կռիվ է: Ինքը որքան էլ որ արդար լինի, միշտ պարտված է հեռանում այս կռվից:
Հիմա երբ հիշում է կնոջ թաց աչքերը հոսպիտալում, սիրտը փափկում է: Կուզենար, որ հիմա էլ վիրավորված լիներ: Թեկուզ` ոտքը կորցրած, թեկուզ` մահամերձ վիրավոր, միայն թե կինը դարձյալ քնքուշ ու բարի լիներ:
Ընկերները լուռ էին, Հաստաբազուկին չէին առարկում:Թե ուղիղն ասեին, Հաստաբազուկը ճիշտ էր ասում: Գեներալն այլևս նախկինը չէր: Կա՛մ հոգսերն էին շատացել, կա՛մ իրենք էին հոգին հանել իրենց անվերջ խնդրանքներով, կա՛մ նախարարությունում գործերն այնքան էլ լավ չէին:
-Է՜, է՜,-ձգեց պատերազմի ժամանակ ցնցակաթված ստացածը, որ բոլորից շուտ էր եկել և փաստաթղթերը ձեռքին սպասում էր: Չէր խոսում, որովհետև խոսել չէր կարողանում: Ուշադիր հետևում էր ընկերների խոսակցությանը, մտքում հակառակվելով կամ համաձայնելով նրանց հետ: Գնացել էր հիվանդանոց, հատուկ մասնագետը փորձել էր նորից խոսել սովորեցնել նրան, բայց նա ընդդիմացել էր, մտքում հազար հայհոյանք տվել: Հո երեխա չէ՞ ինքը: Ախր ամեն ինչ գիտի ու մտքի մեջ խոսում է, ուղղակի բառերն արտասանել չի կարողանում: Զայրացել էր, զայրույթը բառերով արտահայտել չէր կարողացել, բացականչել էր սովորականի նման և թողել, հեռացել էր հիվանդանոցից: Հետո անվարժ ձեռագրով նամակ էր գրել գեներալին, որ հանդիպման ժամանակ հեշտ լինի ու ծառերի տակ, հիվանդության պատմությունը ձեռքին, սպասում էր: Նամակը երկար չէր, գրված էր դպրոցական քառակուսի տետրի թղթի վրա, ընդամենը մեկ նախադասությամբ. «Ինձ ուղարկիր արտասահման` բուժվելու»: Ողջ օրը սպասել էր համբերությամբ, բայց հիմա այլևս չէր դիմանում: Դրա համար էլ վեր կացավ, թափ տվեց շալվարի հետևն ու քայլեց:
-Ո՜՞ւր,- հետևից ձայն տվեց Հաստաբազուկը:
-Է՜, է՜,-դժգոհ մզզաց ցնցակաթված ստացածը, մատով ցույց տվեց մայր մտնող արևը, կռացավ, անցավ ուղեփակոցի տակից և քայլեց մի քիչ գայթելով ու անհաստատ:
-Ի՞նչ պակաս գեներալացու է,-անկոթ ծխախոտը փստացրեց Անոտն ու սայլակը հրեց դեպի պահակետի դուռը: Գլուխը ներս մտցրեց ու դիմեց զինվորին,-մի զանգիր շտաբ կամ ուրիշ տեղ, իմացիր` կգա՞…
Զինվորը ճպճպացրեց աչքերն ու բացասաբար շարժեց գլուխը.
-Ես իրավունք ունեմ միայն հերթապահ սպային հարցնելու, իսկ սպան ասաց` չգիտե:
-Թյո՜ւ,-զայրացավ Անոտն ու սայլակը կատաղությամբ հետ հրեց,- ա՜յ քեզ գեներալ:
Նախքան ոտքերը կտրվելը ինքը ինքնաձիգի առաջն էր արել թշնամու տասներկու զինվորի, բերել, հասցրել էր իրենց դիրքերն ու չէր վախեցել: Պատահել էր` անցել էր թշնամու թիկունքը, առանց ահ ու վախի ուսումնասիրել դիրքերը և անվնաս ետ էր վերադարձել, բայց հիմա անզորությունից չգիտեր` ինչ աներ: Իրենց ընկերը, արդեն քանի անգամ խաբում է իրենց: Իրե՞նք են մեղավոր, թե՞ կյանքը, դժվար է ասել: Հիմա ընկերների մեջ ավելացել է քծնողների թիվը: Մտածում են մի բան, ասում` բոլորովին այլ բան: Վախենում են մի անպատեհ խոսք ասեն, գնա, ընկնի գեներալի ականջն ու նա այլևս չընդառաջի: Ուզեց դժգոհել, բայց լեզուն առավ ատամների տակ ու սայլը քշեց, գլուխը կռացրած անցավ ուղեփակոցի տակից ու գնաց:
Հաստաբազուկը մնաց նստած: Գլուխը կախել էր ծնկների վրա ու տնքում էր: Մի քիչ այն կողմ, մթնշաղի մեջ գրաստի սովոր համբերությամբ սպասում էր հնամաշ ավտոմեքենան: Նա ուզում էր տեղից վեր կենալ, բայց անելիքը չգիտեր: Տուն գնալ չէր ուզում, մարդու երես տեսնել չէր ցանկանում: Պահակետի լուսամուտից լույսը ցայտում էր ծառերի վրա: Լուսավորված տեղում հնձելուց հետո երկրորդ անգամ կանաչող խոտը մի քիչ դեղնավուն էր: Գետնից նեխած տերևի, փոշու և նորածիլ խոտի խառը հոտ էր գալիս: Նրան թվում էր, թե գեներալն իր կնոջ հետ մի տեղ քեֆ է անում: Այդ միտքը ոչ մի կերպ ուղեղից հանել չէր կարողանում, դրա համար էլ վեր կացավ ու քայլեց դեպի մեքենան: Ավելի լավ է` քշի մի կողմի վրա, թեկուզ «նիսյա», մի լավ խմի:
-Էլ չե՞ք սպասում,-հարցրեց պահակետի զինվորը:
-Ո՞ւմ:
-Գեներալին:
-Քո գեներալի էլ…,-նետեց Հաստաբազուկն ու գազ տվեց:
…Քիչ անց զրնգաց պահակետի հեռախոսը: Զինվորը վերցրեց լսափողը, զգաստ կանգնեց ու զեկուցեց.
-Գնացին, պարոն գեներալ…Այո, բոլորը…Լսում եմ` բացել ուղեփակոցը:
Բարձրացավ ուղեփակոցը և մեծ արագությամբ դեպի մայրաքաղաք սլացավ նաև գեներալի զրահապատ ավտոմեքենան:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *