Լարիսա Պետրոսյան | Գենետիկ վախ


Որոշել է հարյուր տասնհինգ տարի ապրի: Հիմա իննսունվեց է: Դեռ տասնինը տարի ունի: Ծերանալը շնորհ է: Բոլորին չի տրված երկար ապրելու բախտը: Իրեն տրվել է: Ապրում է, վա՜յ էն ապրելուն: Գիշեր-ցերեկ անկողնում պառկած է: Մեխանիկորեն ուտում է, մեխանիկորեն խմում, մեխանիկորեն էլ պետքերը հոգում: Մեծավ մասամբ քնած է: Քնաբերը խմեցնում են, ծերությունից ապաճած ուղեղը երբեմն անջատվում է, երբեմն էլ՝ զարմանալիորեն ակտիվանում: Բժիշկներն են նշանակել, ասել են՝ ծերունական պսիխոզ է, զառամախտ և նմանատիպ տարիքային ախտորոշումներ էին տվել: Իննսունվեցը քիչ չէ, եթե հաշվի չառնենք իր նշած հարյուր տասնհինգը: Թող ապրի, լա՜վ, բայց գոնե խելքը գլխին լինի: Բացի այն, որ հիշողության կորուստ ունի, ոչ մեկի չի հիշում ու չի ճանաչում, սեփական անձը երկփեղկել է: Անընդհատ՝ գիշեր-ցերեկ, եթե քնած չէ, խոսում է, անդադար ու անընդմեջ խոսում է: Ավելի ճիշտ՝ զրուցում է ինչ-որ մեկի հետ, պատմում է, քննարկում, բողոքում, ծիծաղում ու լացում: Զարմանալի երկխոսություն է ծավալում, զգացական զրույց՝ ձայնարկություններով, կոչականներով, վերաբերական բառերով, մի խոսքով՝ կենդանի ու առույգ զրույց: Երևակայական զրուցակիցն էլ կարծես բոլոր հարցերում իրեն հետ համամիտ է, որովհետև իրար մեջ ոչ մի անգամ վեճ ու կռիվ չի լինում: Երևի, որ առողջ ժամանակ խաղաղ բնույթ է ունեցել, կռվարար չի եղել, հենց դրանով է պայմանավորված նաև ինքն իր հետ համերաշխ զրուցելու, ինքն իրեն ներդաշն խոսակից ընտրելու զարմանալի երևույթը: Միայն թե երկու ձայնով է խոսում, իր ձայնը բարակ ու երգեցիկ է, զրուցակցինը՝ կոշտ:
Ոչ մի հարազատի չի հիշում, չորս աղջիկ մի տղա ուներ, երեք աղջիկն են կենդանի, ամուսինն էլ չկա: Ո՛չ ողջերին է հիշում, ո՛չ մեռածներին: Միայն մեծ թոռանն է հիշում ու երբեմն-երբեմն, երբ ուղեղը մի քիչ պայծառանում է, բարձրաձայն կանչում է.
– Արսե՜ն, Արսե՜ն, արի՜, արի ինձ տար, արի ինձ տար իմ տուն:
Լավ տուն-տեղ ուներ՝ երեք սենյականոց ընդարձակ, լուսավոր բնակարան: Էն գլխից հարսը կյանքը հարամեց: Մինուճար տղային մորից կտրեց.
– Մենք առանձին ընտանիք ենք,- նույն տան մեջ հայտարարեց՝ անվիճելի տոնով:
Ամուսնու մահից հետո ամենափոքր ննջարանը ողորմեցին: Մեծ տան մեջ գրեթե միայնակ էր: Տղան լույսի առանձին հաշվիչ էր դրել, գազի, ջրի փողն էլ էին հաշվում, վարձի ընդհանուր թվից թոշակից գանձում: Չէր ուզում միակ տղայի քեֆին կպչի, աշխարհի չափ սիրում էր, չորս աղջիկները մի կողմ էին, տղան՝ հայավարի՝ մի կողմ: Իրեն մոռացած՝ անընդհատ որդու մասին էր մտահոգվում: Մայրական սիրտը անհանգիստ էր.
– Ռուլին է, չջղայնանա իրեն վնասի:
Մայրական սիրտը սուրբ է. որդին շատ ջահել գնաց: Ինքն էլ տարիներ շարունակ, չար հարսի ներկայությամբ, լուռ ու մունջ քաշում էր ծերության բեռը: Լավ է՝ աղջիկները կային, մխիթարություն ու սատար էին մենության օրերին: Մեկ-մեկ գնում էին, կարիքները հոգում, հիվանդ ժամանակ տանում իրենց տները, խնամում, ապաքինում: Մի օր էլ ընկավ, ուշաթափվեց: Հարսը, որը ամուսնու մահից հետո ավելի էր սանձարձակվել, ձեռաց զանգեց ու աղջիկներին հրամայեց.
-Եկե՛ք, եկե՛ք ձեր մորը տարեք, վա՜յ, բոլ-բավական է,- իբր աշխարհքս դեսն էր արել. մի բաժակ ջուր անգամ չէր տալիս:
Աղջիկները ստիպված հանեցին մորն իր տնից, հերթով պահում էին: Տասը տարի էր ամնեզիայով էր տառապում, բայց երբեմն ուղեղը պայծառանում էր ու այդ ժամանակ շատ դժվար էր անկողնում պահել: Իր տունն էր ուզում ու բոլորին անտեսած՝ մեծ թոռանն էր կանչում
-Արսե՜ն, Արսե՜ն, արի՜, արի՜ ինձ տար իմ տուն:
Փոքրամարմին էր, նվազ ու անուժ: Մի կերպ էր ոտքերի վրա կանգնում, երերում էր աջ ու ձախ՝ ամեն վայրկյան ընկնելու վտանգի տակ: Մի կերպ ուզում էին պառկեցնել, բայց դիմադրում էր: Նստում էր անկողնում ու սապոգները գրկում: Մահճակալին նստած՝ կոշիկները գոգում, տասնյակ գիշերներ էր լուսացնում: Զարմանալին այն էր, որ միայն մեծ թոռանն էր հիշում ու իր փրկությունը նրա մեջ էր տեսնում: Հավանաբար նրանից էր, որ տատ ու թոռ իրար շատ էին սիրում, իրար հետ շատ էին կապված:
Ժամանակին կարգին մեծ ընտանիք էր՝ հորով, մորով, տղայով, հարսով, չորս աղջիկներով, փեսաներով, թոռներով: Գերդաստան էր: Իրար հետ շատ քաղցր էին, համով-հոտով սովորություններով, կերուխումով, ծափ ու ծիծաղով, կատակներով, ջերմ հիշողություններով: Պտղնիի ամառանոցում հաճախ էին գերդաստանով հավաքվում, վայելում ընտանեկան կյանքի ջերմությունը, համն ու հոտը: Փեսաները շատ էին հարգում իրենց զոքանչին, որովհետև, որքան էլ ոչ մեկը բարի պտուղ չէր, ընտանեկան վեճերի ժամանակ նրանց կողմն էր պահում ու մինչև հիմա էլ՝ հիշողության կորստի պահերին անգամ, անվարան կրկնում էր.
-Իմ աղջկեքն են մեղավոր:
Բայց այս շաղված ժամանակներում ընտանիքներն էլ շաղվեցին: Ու շաղված կաթի նման, որը ոչ համ ունի, ոչ հոտ, ոչ էլ մերվելու է ընդունակ, նրանց ընտանիքն էլ մաս-մաս եղավ, բզկտվեց, կորցրեց երբեմնի երանավետ միասնությունը: Մեծ աղջիկը Բելգիայում Է, փոքրը՝ Ռուսաստանում, թոռները՝ մեկը Իսպանիայում, մեկը՝ Ֆրանսիայում, մեկը՝ Բելգիայում, մյուսը՝ Լեհաստանում: Թափառական հայ ժողովուրդ, անցան այն երջանիկ օրերը, երբ ընտանիք կար, գերդաստան կար, գերդաստանի գլխին էլ ծերունազարդ ու բախտավոր պապ ու տատ կար:
Ծերությունը նրա համար դարձավ անեծք, կրակ ու պատիժ: Փոքր աղջիկն էր պահում, հինգ տարի խնամեց, հոգնեց, գցեց միջնեկի վրա: Միջնեկ աղջիկը լավ է պահում, տեղը-տեղին, մաքուր, ժամը ժամին կերակրում է, բայց նա էլ մեծ մտահոգություն ունի. մինուճար տղան Ֆրանսիայում է, քառասունն անց է, շտապում է գնա, ամուսնացնի: Սրտնեղում է, տագնապում: Առաջարկում են հանձնի խնամքի կենտրոն: Խիղճը թույլ չի տալիս: Գոնե բոլորն իրար հետ լինեին, հոգսը կիսեին, թեթև կլիներ, բայց մի ամբողջ գերդաստան ցրված թափառում է ամբող աշխարհով ՝ լավ կյանքի փնտրտուքով ու ակնկալիքով: Ծեր կնոջն էլ մեկը մյուսի վրա գցելով՝ օրեր են հաշվում: Նա էլ՝ ի հեճուկս բոլորի, համառորեն հայտարարում է, որ հարյուր տասնհինգ տարի պիտի ապրի, ուստի, ըստ այդմ էլ ուտելու, խմելու բարձրակարգ պահանջներ է ներկայացնում: Նույն ճաշը երկրորդ անգամ չի ուտում, քաղցրի, աղանդերի խիստ պահանջ ունի, ինչը պիտի անհապաղ բավարարվի՝ պաղպաղակի, շոկոլադի, զանազան թանկ մրգերի տեսքով::
Մեծ աղջիկը եկավ Բելգիայից: Նա էլ էր ծերացել, արտագնա ծանր աշխատանքը հյուծել ու խարխլել էր առողջությունը: Ցավով ասում էր.
-Եթե մեկը ձեզ կասի, որ եվրոպաներում այս կամ այն պատվաբեր աշխատանքն եմ անում, չհավատաք, բոլորը քոձություն են անում, մեկի թևեն է ցավում, մյուսի՝ ոտքերը, ողնաշարը, ավտոբուսից որ իջնում ենք, բոլորս կաղալով ենք ման գալիս, բոլորի քամակները ծռվել են, մեկս մեկի ձեռ ենք առնում՝ իրար հետևից «ծռտիկ ֆրաու» կանչելով,- ասում է ու բացում նոսր չափար դարձած խարխուլ ատամնաշարը:
Տասնվեց տարի չէր եկել, տասնվեց տարի մայր ու աղջիկ իրար չէին տեսել, չճանաչեց, հետն էլ չհաշտվեց ու չբարիշեց, անընդհատ փնովում ու նախատում էր, միայն հիշում էր, որ Բելգիայից է եկել;
-Քո աղջիկն եմ, Ալվարդն եմ,- միջից կիսվում էր աղջիկը:
-Չէ չէ՜ մի, էս պառավ կնիկն իմ աղջիկն ա՞,- ասում էր ու կչկչում:
Հետո էլ ոգևորվում էր, իր հնարած զրուցակցի հետ քննարկում՝ մտքինը բարձրաձայն հայտարարելով.
-Էդ միլիոնատերը, որ Բելգիայից ա եկել, գիտե՞ս ինչ ք……կեր ա. է՜, բոշեն փաշա չի դառնա, մի հատ Ճաշ չեփեց, թե Արսենն ուտի, տղան սոված էր, թողեց գնաց:
Մտահոգությունն էլի Արսենն էր:
Այդպես էլ աղջիկը մոր կողմից չճանաչված՝ թողեց նորից գնաց, որովհետև տասնվեց տարի հետո վերջապես «թուղթ» էր ստացել, յոթանասուն տարեկանում պիտի դպրոց գնար, լեզու սովորեր, որ քաղաքացիություն ստանար ու թոշակի անցներ: Թոշակի անցնելուց հետո էլ չէր կարող գալ, որովհետև անընդհատ «կանտրոլի» տակ էր լինելու: Մորն ի՞նչ, նա այդպես էլ անհաղորդ մնաց արդեն պառաված ավագ դստեր գալ-գնալուն, բայց ենթագիտակցության մեջ անցյալից ինչ-որ բան կար, որը ստիպում էր հաճախակի կռվշտել հետը.
– Էն միլիոնատերը ինձ բանի տեղ չի դնում, չի էլ բարևում, հողերս գլխիիի՜դ-, կիսվում էր իր ներսի զրուցակցի հետ՝ պահպանելով արտասանական խոսքի բոլոր նրբերանգները: Հավանաբար զրուցակիցը հավանություն էր տալիս, որովհետև ավելի էր ոգևորվում.
– Աղջի՛ ջան, մեկա, բոշեն փաշա չի դառնա: Գնացել, անձեն տելեվիզոր ա առել: Հեռուստացույցի ձայնը ցածրացրած էին պահում, որովհետև պահանջում էր գիշեր-ցերեկ միացրած պահել: Հետաքրքիր դրամա էր՝ «Մեկ դերասանի թատրոն» մոնոներկայացման շրջանակներում: Ամբողջ օրն այդպես երկխոսում էր: Իրեն ներշնչել էր, որ եթե հերկուլես չուտի, ինֆարկտը կխփի։ Առավոտ վաղ՝ դեռ լույսը չբացված, ուղիղ ժամը հինգին, ձայնը գլուխն էր գցում.
– Շուտ արե՜ք, հերկուլեսս բերե՜ք, հեսա ինձ ինֆարկտը կխփի:
Միջնեկ աղջիկը խնամքով ու պարտաճանաչ, շտապողական հասցնում էր: Ուտում էր, գոհանում, զրուցակցի հետ կիսվում.
-Ինձ շատ լավ ա պահում:
Մինչդեռ մեծը Բելգիայից կշտամբում էր.
-Դու էլ էնքան լա՜վ ես պահում, ո՜ր…
-Որ ի՞նչ…հանդիմանում էր միջնեկը՝ լավ հասկանալով քրոջ կիսատ ասածն ու շարունակում մանրակրկիտ կտրտել բոլոր մրգերից, կողքը դնել երկու շոկոլադ, երկու յոգուրդ՝ որպես ընդեղեն: Էլ չենք նշում տեսակ-տեսակ ճաշերը: Ջրիկ ճաշ էլ չէր ուտում, պետք է համեղ խորտիկ լիներ: Դե՜, որոշել էր հարյուրտասնհիանգ տարի ապրի: Ու շարունակում էր պառկած ապրել իր երևակայական կյանքը: Առանձնապես գոհանում էր, երբ լողացնում էր: Բայց այդպես էլ չընդունեց, որ խնամողն իր աղջիկն էր, իր բառերով՝ սև մազերով կնիկն էր: Լողացնելուց հետո լավ էր զգում, երախտագիտությամբ համբուրում էր աղջկա օճառոտ ձեռքերը, վզից կախված խաչն ու շշնջում.
-Ապրես, մամա ջան: Դերերը փոխվել էին, երեխան ինքն էր:
Պառկելուց հետո էլ ճերմակ վերմակի տակից հանում էր բաց կապույտ, ամպի գույնի նասկիներ հագած ոտքերն ու ցուցադրում զրուցակցին.
-Նայի՜, նայի՜, ինչ սիրուն կապույտ է. ես եմ ասել, որ կապույտ գույնի նասկի առնի:
Ներսի զրուցակիցն էլ հիացած արձագանքում է.
-Հա՜, աղջի, շատ սիրուն ա, ապրի՛, ապրի՛, որ կապույտ ա առել:
-Զարմանալի է. ինչո՞ւ մարմին-անոթի հետ միասին չի ծերանում նաև մարդու հոգին: Ինչո՞ւ համահունչ չեն մարմինն ու հոգին, միասին չեն մեծանում: Ինչո՞ւ են առանձին տանջվում՝ մարմինը ծերունական ցավերից, հոգին հավերժ երիտասարդ մնալու մարմանջից, որպեսզի մարդը հարյուր տարեկանում անգամ կապույտ չուզի ու կապույտով չհրճվի, կապույտի պակասից չտանջվի…
Բայց կապույտով հիանալու շնորհակալ պահը կարճ էր տևում: Հաճախակի էր ճչում.
-Ո՞վ ա էս տան ղեկավարը, ո՞ւր ա սև մազերով կնիկը, սոված եմ:
Երբեմն էլ անհարկի անպատվում էր հոգատար խնամակալին.
-Տե՜ս, տե՜ս, շոկոլադը ոնց ա միջից կիսել նոր բերել ցիգանը, սաղ բոշա են, աղջի ջան:
Երբեմն էլ բարոյականությանն էր կպչում.
– Գիտի չգիտե՞մ գիշերներն ուր ա գնում,- մոտը քնած աղջկա հասցեին բամբասում էր երևակայական զրուցակցին:
-Մամա, մոտդ եմ, չես էլ թողնում քնեմ,- զայրանում էր աղջիկը:
-Վա՜յ, աղջի, կամաց խոսանք, չլսի, կնեղանա, կգնա, կմնամ մենակ, ինձ ո՞վ
կպահի:
Մեկ- մեկ էլ իր մեջ էր գնալու, փախչելու անզուսպ ցանկություն արթնանում: Քնեած ուղեղն արթնանում էր ու կարծես հրամայում: Այդ պահերին երերուն քայլվածքն աշխուժանում էր: Մի կերպ հասնում էր դռանն ու ձայնը բարձրացնում.
-Դո՛ւռը բացի, գնում եմ իմ տուն:
Աղջիկն էլ չէր դիմանում.
-Քեզ քո տնից խռկել են, ո՛՞ւր ա քեզ տուն:
Այդ պահերին խեղճանում էր, վիզը ծռում: Բայց փախչելու պատրաստ պահերին ֆիզիկապես ուժեղանում էր, ծանրանում: Աղջիկը մի կերպ էր ննջարան հասցնում: Լինում էին օրեր ու գիշերներ, որ ընդհանրապես չէր քնում, նստում էր անկողնում, սապոգները գրկում ու անընդմեջ կանչում.
-Արսե՜ն, Արսե՜ն, արի ինձ տար, էս ինչ քամբախ են ինձ բերել-գցել, իմ տուն տար…
Արսեն չկար, Արսենը շա՜տ հեռու էր՝ Ռուսաստանում:
Աղջիկը չէր կարողանում համոզել, լռեցնել: Մի դաժան հնար էր գտել: Արցախահայության տեղահանության ողբերգական օրերն էին: Հնարած խաղն էլ էր ողբերգական: Ստիպված նրա ննջարանի դուռն էր ծեծում: Ծալած մատներով այնքան ամուր էր ծեծել, հոդերը ուռել, կարմրել, մղկտում էին: Սկսեց դանակով, գդալով, պատառաքաղով ծեծել, հետն էլ վախեցած ձայնել.
-Թուրքերը եկա՜ն, թուրքերը եկա՜ն…
Սպիտակ անկողնու ծայրին փախչելու պատրաստ նստած՝ վեր էր թռչում, ճերմակահեր գլուխը տմբտմբացնում, ահաբեկված ճպճպացնում ծերությունից մանրացած, կուլ գնացած աչքերը, շտապով սապոգները դնում բարձի տակ, վերմակը քաշում գլխին ու անշարժ պառկում: Շա՜տ, շա՜տ դաժան էր այդ հնարքը, դայց ճար չուներ: Վերջին տասը տարիների թոհուբոհից տեղյակ չէր, ուղեղին չէր հասնում, բայց գաղթականի աղջիկ էր՝ հայրը, մայրը Վանից գաղթած: Նրանք որբանոցում էին իրար տեսել, ամուսնացել: Նրանք իրենց աղջկան շատ բան չէին պատմել գաղթի դժնդակ ճանապարհից, կորցրած հարազատներից, բայց ինչքան էլ շատ զգացողություններ խամրել ու մթագնել էին, ենթագիտակցության մեջ նստած թուրքը կար, վախը կար, կենդանի էր: Բացի այդ էլ Կոնդում էր մեծացել, թուրք հարևաններ շատ ունեին, մոտիկ ընկերուհին էլ էր թուրք, թուրքական դպրոցի ուսմասվարն էր: Թուրքին անգիր գիտեր ու հաճախակի էր սթափ օրերին կրկնում.
-Դրանք արնախում են, արնախում…
Սենյակում հեռուստացույցը գիշեր-ցերեկ անձայն միացրած էր: Ինքն էր այդպես ուզում: Զբաղվում էր, անշշուկ նայում, մեկ-մեկ էլ ահաբեկված կանչում.
-Հեսա՜, հեսա՜ թուրքի ղեկավարը, ազզամեռը պատուհանից նայում ա, պատուհանով տուն մտավ,- ասում էր ու վերմակը քաշում գլխին:
Կապույտ էկրանին Ալիևի գիշատիչ դեմքն էր: Այդ օրերին Ալիևի ձիանման, բորենու կերպարամքը հաճախակի էր երևում եթերում.
-Հեսա՜, հեսա՜, գյոռբագյոռն է՜լի եկավ, է՜լի եկավ, մեր հողերն ա ուզում,- ճչում էր ահաբեկված,- ես երեսս թեքում եմ, որ ինձ չճանաչի,- ասում էր ու ծերունական դեմքը՝ հարյուրավոր կնճիռներով պատված՝ թեքում վտիտ, ոսկրացած, անուժ ուսին: Թեքում էր, որ Ալիևն իրեն չճանաչի: Երկար մնում էր այդ խղճալի դիրքով: Նրա հարյուրամյա կնճռապատ, ահաբեկված ծերունական դեմքը կարծես մեր եղերական օրերի ողբերգական արտացոլանքը լինի, նաև մեր դարավոր ապրումների, վախերի, տանջանքների կենդանի, շնչող պատկերը: Հարյուրամյա ծեր կնոջ դեմքը, ծուռ վիզն ու չտեսնելու տվող աչքերը, նրա կամքից անկախ, դարձան մեր իրականության, մեր պետության, մեր ժողովրդի, ղեկավարների (մանավանդ՝ վտանգը չտեսնելու տալը) նորօրյա կենդանի քանդակը: Ու եթե բեմ լիներ ու վարագույր իջներ, նրա անգիտակից խաղացած մոնո ներկայացումը, հատկապես վերջաբանը, կհամարվեր ամենաողբերգականը մեր ազգի մշակույթի պատմության մեջ՝ Արտավազդ Ա-ից ցայսօր…
Իննսունվեց տարեկան է: Հարյուր տասնհինգ տարեկան է դառնալու՝ գենետիկ վախը սրտում…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *