
Ծերուկ Մասոնը՝ Սեյլեմի հնագույն ու ամենաանտեսված գերեզմանոցներից մեկի պահակը, թշնամանքի մեջ էր առնետների հետ։ Սերունդներ առաջ դրանք եկել էին նավամատույցներից և բնակություն հաստատել գերեզմանատանը։ Դա անբնական մեծ առնետների գաղութ էր։ Երբ նախորդ պահակի անբացատրելի անհետացումից հետո Մասոնը ստանձնել էր գերեզմանատան վերահսկողությունը, որոշել էր, որ նրանք պետք է հեռանան։ Սկզբում նա թակարդներ էր տեղադրել ու թունավորված սնունդ էր դրել դրանց որջերի մոտ, իսկ ավելի ուշ փորձել էր կրակել, բայց՝ անօգուտ։ Առնետները մնացել էին, բազմացել և գերեզմանատունը լցրել իրենց գիշատիչ հորդաներով։
Դրանք չափերով մեծ էին նույնիսկ շագանակագույն առնետի համար, որի երկարությունը երբեմն հասնում է 15 մատնաչափի՝ վարդագույն ու մոխրագույն մերկ պոչը չհաշված։ Պատահել էր՝ Մասոնի աչքով ընկել էին մի քանիսը, որ ահագին մեծ կատվի չափեր ունեին, իսկ երբ մեկ-երկու անգամ գերեզմանափորները բացահայտել էին նրանց որջերը, պարզվել էր, որ նրանց գարշահոտ թունելներն այնքան մեծ էին, որ դրանց միջով մարդը կարող էր ձեռքերի ու ծնկների վրա հենված սողալ։ Նավերը, որ սերունդներ առաջ հեռավոր նավահանգիստներից եկել էին Սեյլեմի փտող նավամատույցներ, տարօրինակ բեռներ էին բերել։
Մասոնը երբեմն զարմանում էր այս որջերի արտասովոր չափերի վրա։ Նա հիշում էր մի քանի աղոտ, անախորժ լեգենդներ, որ լսել էր կախարդներով լի հինավուրց Սեյլեմ գալուց ի վեր՝ պատմություններ հողի տակ՝ մոռացված որջերում գոյություն ունեցող հոգեվար, անմարդկային գոյի մասին։ Հին օրերը, երբ Քոթոն Մաթերը հետապնդում էր չար կուռքերին, որոնք այլանդակ օրգիաներում երկրպագում էին Հեկատեին և անազնիվ Մագնա Մատերին, մնացել էին անցյալում, բայց նեղ սալահատակ փողոցների վրա սրածայր տանիքներով մռայլ տները շարունակում էին վտանգալից թեքված մնալ մեկը մյուսի ուղղությամբ։ Ասում էին, որ սրբապիղծ գաղտնիքներ ու առեղծվածներ էին թաքնված ստորգետնյա նկուղներում և քարանձավներում, որտեղ, ի հակառակ օրենքին և բանականությանը, շարունակում էին նշել մոռացված հեթանոսական ծեսեր։ Իմաստնությամբ թափահարելով իրենց ալեհեր գլուխները՝ ծերերը հայտարարում էին, որ կային ավելի վատ բաներ, քան առնետներն ու որդերը, և որ դրանք սողում էին Սեյլեմի հինավուրց մեղսավոր գերեզմանոցներում։
Եվ հետո կար նաև այդ տարօրինակ վախն առնետներից։ Մասոնը չէր սիրում, բայց հարգում էր այս փոքրիկ վայրագ կրծողներին, քանի որ հասկանում էր նրանց՝ ասեղների պես սուր, փայլուն ժանիքների մեջ թաքնված վտանգը, թեև չէր հասկանում այն անբացատրելի սարսափը, որ ծերերը տածում էին լքված տների հանդեպ, որտեղ վխտում էին առնետները։ Նրա ականջին աղոտ շշուկներ էին հասել հրեշավոր արարածների մասին, որոնք ապրում էին հողի խորքերում և օժտված էին առնետներին հրամայելու, սարսափազդու բանակների պես նրանց ոտքի հանելու ուժով։ Առնետները, ըստ ծերերի շշուկների, սուրհանդակներ էին այս աշխարհի և Սեյլեմի տակ՝ խոր հողում թաքնված հին ու մռայլ քարանձավների միջև։ Ասում էին՝ գերեզմաններից մարմիններ էին գողացել ստորգետնյա գիշերային խնջույքների համար։ Համելնյան առնետորսի մասին լեգենդն իր մեջ մի աստվածանարգ սարսափ է ամփոփում, իսկ Ավերնուսի սև հորերը կյանք են տվել դժոխածին հրեշավորությունների, որոնք երբեք չեն համարձակվում օրը ցերեկով դուրս գալ։
Մասոնն առանձնապես ուշադրություն չէր դարձնում այս պատմություններին։ Նա չէր շփվում հարևանների հետ և, ըստ էության, անում էր ամեն ինչ՝ առնետների գոյությունն անկոչ հյուրերից թաքցնելու համար։ Հետաքննության դեպքում, նա հասկանում էր, անկասկած բազմաթիվ գերեզմաններ կբացվեին։ Մինչ որոշ կրծոտված, դատարկ դագաղներ կարելի էր վերագրել առնետների գործողություններին, Մասոնը դժվար թե կարողանար բացատրություն տալ այն խեղված մարմինների համար, որոնք պառկած էին որոշ դագաղներում:
Ատամների պլոմբավորման համար օգտագործվում է ամենամաքուր ոսկին, և մարդուն թաղելիս այդ ոսկին չեն հանում։ Հագուստն, իհարկե, այլ հարց է, քանի որ սովորաբար դագաղագործը տրամադրում է մահուդից կարված հասարակ կոստյում, որն էժան է և հեշտությամբ ճանաչելի։ Իսկ ոսկին՝ այլ հարց։ Բացի դրանից, կային նաև բժշկական ուսանողներ ու ոչ այնքան հեղինակավոր բժիշկներ, որոնք դիակների կարիք ունեին և առանձնապես բծախնդիր չէին այն հարցի նկատմամբ, թե որտեղից են դրանք ձեռք բերում։
Մինչ այժմ Մասոնին հաջողվել էր կանխել հետաքննությունը։ Նա կտրականապես հերքել էր առնետների գոյությունը, չնայած նրան, որ երբեմն դրանք իր որսն էին խլել: Մասոնին չէր հետաքրքրում՝ ինչ էր լինում մարմինների հետ իր զարհուրելի գողություններից հետո, բայց առնետներն անխուսափելիորեն կրծում էին դագաղը և անցքից քաշում-տանում էին ողջ դիակը։
Այս որջերի չափերը երբեմն անհանգստացնում էին Մասոնին։ Բացի դրանից, մի տարօրինակ հանգամանք էլ կար՝ դագաղները միշտ կրծում էին ծայրերից, բայց երբեք՝ կողքերից կամ վերևից։ Տպավորություն էր, որ առնետներն աշխատում էին ինչ-որ անհավանականորեն խելացի առաջնորդի ղեկավարությամբ։
Հիմա նա կանգնած էր բաց գերեզմանի մեջ և թաց հողի վերջին բուռն էր լցնում հողակույտի վրա, որը գոյացել էր գերեզմանափոսի կողքին։ Անձրև էր մաղում՝ դանդաղ, սառը անձրև, որը շաբաթներ շարունակ իջել էր մռայլ սև ամպերից։ Գերեզմանոցի դեղին, կպչուն տիղմահողի վրա վեր էին խոյանում անձրևից լվացված տապանաքարերի անկանոն գումարտակները։ Առնետները քաշվել էին իրենց որջերը, և Մասոնն օրերով ոչ մի առնետ չէր տեսել։ Բայց նրա վտիտ, չսափրված դեմքը մռայլված էր։ Դագաղը, որի վրա կանգնած էր, փայտյա դագաղ էր։
Մարմինը թաղվել էր մի քանի օր առաջ, բայց Մասոնը չէր համարձակվել այն ավելի շուտ հողից հանել։ Մահացած տղամարդու հարազատներից մեկը պարբերաբար գալիս էր գերեզմանոց, նույնիսկ հորդառատ անձրևի ժամանակ։ Բայց նա հազիվ թե գար այդ ուշ ժամին՝ անկախ նրանից, թե որքան էր տանջվում վշտից, հեգնական ժպիտով մտածեց Մասոնը։ Նա ուղղվեց և բահը մի կողմ դրեց։
Բլրից, որի վրա գտնվում էր հին գերեզմանատունը, նա տեսնում էր Սեյլեմի լույսերը, որոնք աղոտ առկայծում էին տեղատարափ անձրևի միջից։ Նա գրպանից հանեց լապտերը։ Նրան հիմա լույս էր պետք։ Ձեռքն առնելով թիին՝ կռացավ ու զննեց դագաղի ամրակները։
Հանկարծ նա քարացավ։ Ոտքերի տակ զգաց անհանգիստ շարժումներ և քերծոցի ձայներ, ասես ինչ-որ բան էր շարժվում դագաղի մեջ։ Մի պահ Մասոնին համակեց սնահավատ վախի ալիք, ապա դրան փոխարինեց զայրույթը, երբ հասկացավ ձայնի նշանակությունը։ Առնետները նորից նրանից առաջ էին ընկել։ Զայրույթի պոռթկման մեջ Մասոնը թափով ձգեց դագաղի ամրակները։ Նա թիի սուր ծայրը մտցրեց կափարիչի տակ և հրեց այն, մինչև կարողացավ ձեռքերով գլուխ բերել գործը։ Այնուհետև լապտերի սառը լույսն ուղղեց ներքև՝ դագաղի մեջ։
Անձրևը ցայտում էր սպիտակ սատինե աստառի վրա։ Դագաղը դատարկ էր։ Արկղի գլխամասում Մասոնը շարժում նկատեց և լույսն այդ ուղղությամբ պահեց։ Տապանի ծայրը կրծոտված էր, իսկ բացված անցքից այն կողմ՝ մթություն։ Մասոնը տեսավ՝ ինչպես էր քարշ գալով անհետանում թույլ ու կախ ընկած սև կոշիկը։ Նա հանկարծ հասկացավ, որ առնետներն իրենից առաջ էին ընկել ընդամենը մի քանի րոպեով։ Նա ընկավ ձեռքերի ու ծնկների վրա և փորձեց արագ բռնել կոշիկը, իսկ լապտերն իսկույն ընկավ դագաղի մեջ ու հանգավ։ Կոշիկը քաշեցին նրա ձեռքից, նա լսեց սուր, ոգևորված ճիչեր, ապա կրկին ձեռքն առավ լապտերը և լույսն ուղղեց դեպի որջը։
Մեծ որջ էր։ Այդպես էլ պետք է լիներ, այլապես դիակը չէին կարող քարշ տալ այնտեղով։ Մասոնը մտածեց՝ այդ ինչ չափի առնետներ պիտի լինեին, որոնք կարողանային մարդու դիակ քարշ տալ, բայց գրպանում լիցքավորված ատրճանակի միտքը գոտեպնդեց նրան։ Հավանաբար, եթե սովորական դիակ լիներ, Մասոնն առնետներին հանգիստ կթողներ իրենց ավարի հետ, այլ ոչ թե կփորձեր մտնել նեղ որջը, բայց նա հիշում էր իր նկատած գեղեցիկ ճարմանդները, ինչպես նաև քորոցը, որն անկասկած իսկական մարգարիտից էր։ Առանց մի պահ իսկ հապաղելու՝ նա լապտերն ամրացրեց գոտուն և սողոսկեց որջը։
Տեղը շատ նեղ էր, բայց նրան հաջողվեց խցկվել։ Լապտերի լույսով իր առջևում նա տեսնում էր կոշիկները, որոնք քարշ էին տալիս թունելի խոնավ հողի վրայով։ Նա հնարավորինս արագ սողում էր որջերի միջով՝ ժամանակ առ ժամանակ հազիվ կարողանալով իր նիհար մարմինը նեղ պատերի միջով անցկացնել։
Օդը խեղդում էր լեշի բորբոսնած հոտով։ Մասոնը որոշեց, որ եթե մի րոպեում չկարողանա հասնել դիակին, հետ կգնա։ Վախերը որդերի պես ուշացած սողում էին նրա մտքում, բայց ագահությունը դրդում էր շարունակելու: Նա շարունակեց սողալ առաջ՝ ընթացքում մի քանի անգամ անցնելով հարակից կողային թունելների մուտքերի մոտով։ Որջի պատերը խոնավ ու լպրծուն էին, երկու անգամ հողի կույտեր թափվեցին նրա հետևում։ Երկրորդ անգամ նա կանգ առավ ու պտտեց գլուխը՝ հետ նայելու։ Նա, իհարկե, ոչինչ չտեսավ, մինչև լապտերը հանեց գոտուց և լույսը հետ ուղղեց։
Նրա հետևում մի քանի հողակույտ էր ընկել, և հանկարծ իր վիճակի վտանգավորությունն իրական ու սարսափելի դարձավ։ Հնարավոր փլուզման մտքից նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել, և նա որոշեց վերջ տալ հետապնդմանը, չնայած գրեթե հասել էր դիակին ու այն քաշող անտեսանելի արարածներին։ Բայց նա մի բան էր անտեսել. որջը չափազանց նեղ էր, որպեսզի նա կարողանար հետ շրջվել։ Մի պահ նրան համակեց խուճապը, բայց հիշեց կողային թունելը, որի կողքով քիչ առաջ էր անցել, և անփութորեն հետ-հետ շարժվեց թունելով, մինչև հասավ դրան։ Նա ոտքերը մտցրեց թունելի մեջ՝ հետ գնալով այնքան, մինչև որ կարողացավ շրջվել։ Այնուհետև շտապեց սողալ, չնայած ծնկները կապտուկներով էին պատվել և ցավում էին։
Ոտքում անտանելի ցավ զգաց։ Նա զգաց՝ ինչպես սուր ատամները խրվեցին իր մարմնի մեջ, և հուսահատ թափ տվեց ոտքը։ Սուր ճիչ և բազմաթիվ ոտքերի վազվզոցի ձայն լսվեց։ Մասոնն իր հետևում միացրեց լապտերը, և շունչը վախից կտրվեց, երբ տեսավ տասնյակ խոշոր առնետների, որոնք ուշադիր հետևում էին իրեն. նրանց նեղլիկ աչքերը փայլփլում էին լույսի տակ։ Դրանք հսկայական, տձև արարածներ էին՝ կատուների մեծության։ Նրանց հետևում նա նկատեց մի սև կերպարանք, որը շարժվեց և արագ կորավ ստվերում։ Նա դողաց այդ արարածի անհավանական չափերից։
Լույսից նրանք մի պահ դանդաղել էին, բայց շարունակում էին մոտենալ՝ աղոտ լույսի տակ ցուցադրելով իրենց խամրած նարնջագույն ատամները։ Մասոնը ձեռքը մեկնեց ատրճանակի հետևից, մի կերպ կարողացավ հանել այն գրպանից և զգուշորեն նշան բռնեց։ Անհարմար դիրքում էր։ Նա փորձեց ոտքերով հենվել որջի խոնավ պատերին, որպեսզի պատահմամբ գնդակը չուղարկի նրանցից որևէ մեկի ուղղությամբ։ Կրակոցի որոտը որոշ ժամանակով խլացրեց նրան, իսկ ծխի ամպերը ստիպեցին նրան հազալ։ Երբ լսողությունը վերականգնվեց, և ծուխը ցրվեց, նա տեսավ, որ առնետները հեռացել էին։ Նա ատրճանակը հետ դրեց իր տեղն ու սկսեց արագ սողալ թունելով։ Քիչ անց վազվզոցով ու իրարանցմամբ առնետները կրկին հարձակման անցան։
Դրանք վխտում էին նրա ոտքերի վրա, կծում էին ու խելագար ճիչեր արձակում։ Մասոնը սարսափելի գոռոցով ձգվեց դեպի ատրճանակը։ Նա կրակեց առանց նշան բռնելու և միայն բախտի բերմամբ իր սեփական ոտքին չկրակեց։ Այս անգամ առնետները շատ հեռու չնահանջեցին, բայց Մասոնը հնարավորինս արագ սողում էր որջի երկայնքով՝ պատրաստ հարձակման առաջին իսկ հնչյունի դեպքում նորից կրակելու։ Ոտքերի թփթփոց լսվեց, և նա այդ ուղղությամբ պահեց լույսը, որը ճեղքեց մթությունը։ Մի մեծ մոխրագույն առնետ կանգնել ու նրան էր նայում։ Նրա երկար, թափթփված բեղերը ցնցվում էին, իսկ մերկ, կոշտացած պոչը մի կողմից մյուսն էր շարժվում։ Մասոնը բղավեց, և առնետը հետ քաշվեց։
Նա շարունակեց սողալ՝ մի պահ կանգ առնելով արմունկի մոտ գտնվող կողային թունելի մութ անցքի մոտ, երբ իրենից մի քանի մետր առջևում խոնավ կավահողի վրա նշմարեց տձև մի կույտ։ Մի պահ նա մտածեց, թե դա տանիքից պոկված հողի զանգված էր, իսկ հետո հասկացավ, որ մարդու մարմին էր։ Դա չորացած շագանակագույն մումիա էր։ Մեծագույն սարսափով ու սեփական աչքերին չհավատալով՝ Մասոնը հասկացավ, որ այն շարժվում էր։ Այն սողում էր դեպի իրեն, և լապտերի աղոտ լույսի ներքո հենց իր դեմքին հանդիման նա տեսավ սարսափազդու գարգոյլի դեմք։ Դա մի անվրդով գանգ էր վաղուց մահացած ինչ-որ արարածի, որը լցված էր դժոխային կյանքով, իսկ սառած, այտուցված ու դուրս պրծած աչքերը մատնում էին արարածի կուրությունը։ Այն, թույլ տնքոց արձակելով, սողաց դեպի Մասոնը՝ սարսափելի սովահար ժպիտով պարզելով իր ճաքճքած ու կոշտուկոպիտ շրթունքները։ Մասոնը քարացել էր անհատակ սարսափից ու նողկանքից։
Նախքան Սարսափը կհասցներ դիպչել իրեն, Մասոնը հուսահատ նետվեց իր կողքի որջը։ Ինչ-որ խշխշոց լսեց իր կրունկների մոտ, և արարածը խուլ հառաչեց ու գնաց նրա հետևից։ Մասոնը, ուսի վրայով հետ նայելով, գոռաց ու հուսահատ առաջ շարժվեց նեղ որջի երկայնքով։ Նա սողում էր անփութորեն, սուր քարերը կտրում էին ձեռքերն ու ծնկները։ Հողը թափվում էր աչքերի մեջ, բայց նա նույնիսկ մի պահ չէր համարձակվում կանգ առնել։ Նա առաջ էր մագլցում՝ հևալով, անիծելով ու ջղագրգիռ աղոթելով։
Հաղթական ճիչերով առնետները հարձակվեցին նրա վրա՝ աչքերում սարսափելի սով։ Քիչ էր մնում Մասոնը զոհ գնար նրանց դաժան ատամներին, նախքան նրան կհաջողվեր հետ մղել նրանց։ Անցումը նեղանում էր, և սարսափի խելագարության մեջ նա ոտքերով հարվածում էր, գոռում ու կրակում, մինչև մուրճը դիպավ վերջին պարկուճին։ Բայց նրան հաջողվել էր քշել առնետներին։
Երբ ուշքի եկավ, նկատեց, որ սողում էր տանիքին կպած մի հսկայական քարի տակով, որը դաժանաբար խրվում էր մեջքի մեջ։ Նրա ծանրության տակ քարը թեթևակի շարժվեց, և Մասոնի՝ վախից խենթացած ուղեղում մի միտք ծագեց. միայն թե կարողանար քարն իջեցնել ու դրանով արգելափակել թունելի մուտքը։ Հողը խոնավ ու թաց էր անձրևներից, և նա, մեջքը կորացնելով, կիսով չափ բարձրացավ ու սկսեց փորել քարը շրջապատող հողը։ Առնետներն ավելի էին մոտենում։ Նա տեսնում էր դրանց աչքերը, որոնք փայլփլում էին լապտերի լույսի արտացոլանքում։ Նա շարունակում էր խելագարված քանդել հողը։ Քարը տեղի էր տալիս։ Նա քաշեց այն, և քարը ճոճվեց ու շարժվեց հիմքից։
Մոտենում էր մի առնետ՝ հենց այն հրեշը, որին նա արդեն տեսել էր։ Մոխրագույն, բորոտ ու սարսափելի տեսքով հրեշը սողում էր առաջ՝ մերկացրած նարնջագույն ատամները, իսկ նրա հետևից սողալով ու տնքալով գալիս էր կույր մեռյալը։ Նա զգաց՝ ինչպես է քարը դեպի ներքև սահում, ապա շարունակեց առաջ շարժվել թունելով։ Նրա հետևում քարը փլուզվեց, և նրա ականջին հասավ ցավի անսպասելի ճիչը։ Հողակոշտերը թափվեցին նրա ոտքերին։ Ոտքերի վրա ինչ-որ ծանրություն ընկավ, և նա դժվարությամբ ազատեց դրանք։ Ողջ թունելը փլուզվում էր։
Վախից հևալով՝ Մասոնն առաջ նետվեց, երբ խոնավ հողը փլվեց նրա կրունկների վրա։ Թունելն այնքան նեղացավ, որ նա հազիվ էր կարողանում ձեռքերով ու ոտքերով առաջ մղել մարմինը։ Նա օձաձկան պես առաջ էր գալարվում, երբ հանկարծ զգաց, որ իր ճանկռող մատների տակ պատռվեց սատինը, իսկ գլուխը հարվածեց ինչ-որ բանի, որը փակել էր ճանապարհը։ Նա շարժեց ոտքերն ու համոզվեց, որ ոտքերը չէին մնացել փլուզված հողի տակ։ Նա պառկած էր փորի վրա, բայց երբ փորձեց բարձրանալ, հասկացավ, որ տանիքն իր մեջքից ընդամենը մի քանի մատնաչափ էր բարձր։ Նա խուճապի մատնվեց։
Երբ կույր հրեշն արգելափակել էր նրա ճանապարհը, նա հուսահատորեն նետվել էր կողային թունելի մեջ՝ թունելի, որը ելք չուներ։ Նա դագաղի մեջ էր, դատարկ դագաղի, որի մեջ հայտնվել էր այն անցքով, որն առնետներն էին փորել։ Նա փորձեց պտտվել մեջքի վրա, բայց չկարողացավ։ Դագաղի կափարիչը դաժանաբար ճնշում էր նրան։ Այնուհետև նա ուժ հավաքեց ու հրեց դագաղի կափարիչը։ Այն անշարժ էր, և նույնիսկ եթե կարողանար դուրս գալ դագաղից, ինչպե՞ս կարող էր ճանկռելով ճանապարհ բացել հինգ ոտնաչափ կարծր հողի միջով։
Զգաց, որ շնչահեղձ է լինում։ Սարսափելի գարշահոտ էր, անտանելի շոգ։ Նա սարսափահար ճանկռտում ու պատառոտում էր սատինը, մինչև այն կտոր-կտոր արեց։ Նա մի ապարդյուն փորձ արեց ոտքերով փորելու փլուզված որջի հողը, որը փակում էր հետդարձի ճանապարհը։ Եթե միայն կարողանար դիրքը փոխել, գուցե կարողանար ճանապարհ բացել դեպի օդ… օդ… Այրող կտտանքը սրի պես կտրեց-անցավ նրա կրծքով, տրոփեց ակնագնդերում։ Գլուխն ասես այտուցվում էր, ավելի ու ավելի մեծանում, և հանկարծ նա լսեց առնետների ցնծալի ճիչերը։ Նա սկսեց խելագարի պես գոռալ, բայց չկարողացավ խլեցնել նրանց։ Մի պահ սկսեց ջղագրգիռ պատեպատ զարկվել իր նեղ բանտում, իսկ հետո, շնչահեղձ լինելով, լռեց։ Կոպերը փակվեցին, սևացած լեզուն դուրս ցցվեց, և նա ընկղմվեց մահվան մթության մեջ՝ ականջներում առնետների մոլագար ճիչերը։
Անգլերենից թարգմանությունը՝ Լիլիթ Պետրոսյանի
Ծանոթագրություններ
Սեյլեմ՝ քաղաք ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում։ Հայտնի է 1692 թ.-ին կախարդների դատավարություններով, որոնց ժամանակ մի քանի տեղացի մահապատժի է ենթարկվել կախարդությամբ զբաղվելու մեղադրանքով։
Քոթոն Մաթերը (1663–1728) մասաչուսեթսյան նշանավոր պուրիտան հոգևորական էր, աստվածաբան և գրող։ Առավել հայտնի է 1692 թվականին Սեյլեմում կախարդների դատավարություններին իր մասնակցությամբ։
Հեկատեն հին հունական դիցաբանության աստվածուհի է։ Նրա անունը կապված է կախարդության, գիշերվա, ուրվականների և խաչմերուկների հետ։ Նրան հաճախ պատկերել են ջահերով կամ բանալիներով՝ որպես կախարդների պաշտպան։
Մագնա Մատեր (լատիներենից թարգմանաբար՝ «Մեծ մայր») են անվանել մայր աստվածուհի Կիբելեին, որի պաշտամունքը ծագել է Փռյուգիայում։ Նա մարմնավորում էր բնության ստեղծարար և պտղաբեր ուժերը և համարվում էր աստվածների ու մարդկանց մայրը։
Ըստ լեգենդի՝ Համելն քաղաքի վրա առնետներ էին հարձակվել, որոնցից չէր հաջողվում ազատվել։ Մի օր հայտնվեց խայտաբղետ հագուստով մի սրնգահար, և նրա կախարդական սրնգի հնչյուններից քաղաքի առնետները հավաքվեցին։ Նա առնետներին դուրս բերեց քաղաքից ու տարավ դեպի գետը, որտեղ նրանք խեղդվեցին։ Երբ սրնգահարին հրաժարվեցին տալ խոստացված պարգևը, նա նույն եղանակով քաղաքից հանեց երեխաներին և կորցրեց նրանց։
