Վազք, վազք, սպասում, արդարության պահանջ, սպասում, վազք, վազք.- էս շղթայի սիմետրիան ընդհատվելու էր, բայց ի՜նչ իմանար՝ ինչպե՛ս… Օրն իմանալու մասին էլ չգիտեր. շաբաթներ էր արդեն, որ համացանցը պատեհ-անպատեհ հրամցնում էր 02.02.2020 թվային համակարգը՝ որպես բացառիկ ամսաթիվ, որպես տիեզերքի դռնբացեքի օր, լրահոսի մեջ սահում էր Արփիի հայացքի տակով ու որևէ ուշադրության չէր արժանանում։
Վերջին օրերին ազգային բանակի ներսում զինվորների հունձքը ամեն նոր գույժով նրա անորոշ տագնապի առաջնային ազդակն էր եղել։ Կոկորդը սեղմվում էր. կարդում էր հերթական անհավանական պատճառաբանությունը, ինքնասպան լինելու հերթական անհեթեթ վարկածը և ինքն էր ուզում ինքնասպան լիներ։
Ասենք՝ տասն օրից ավելի է մղձավանջային երազներն իրար հերթ չէին տալիս, և ամեն գիշերվա գուժկան մի ակնարկով՝ որքան որ անուղղակի, որքան որ՝ խրթին, ամեն անգամ արթնանալիս հասկանում էր, որ մի բան անձամբ ի՛ր հետ է կատարվելու… ու դրանից մի քիչ մխիթարվում էր։
Իսկ տիեզերքի դռնբացեքը կիրակի էր։ Օրը սովորականի պես սկսեց տան հարդարանքով, չնայած մտքից դուրս չէր գալիս հենց էդ գիշերվա՝ փաստորեն ամենաթարմ զգուշացումը, իրականում ընդամենը ևս մի անգամ անխուսափելին ակնարկող երազը։
Կանգնած էր իրենց սեփական տան մեծ ու հնամենի բակում, որտեղ ծնվել էր, որտեղ ապրել ու ընտանիք էր կազմել, որտեղից վտարվածի ցավն ու անարդար տնազրկության հարկադրանքը Արփիին ոչ մի վայրկյան չէին լքել, անգամ երազում։ Դե իհարկե, երկրի երկրորդ նախագահի մարդատյացության ու երկրակերության զոհը դառնալուց ի վեր՝ իր արդար դատին ու նրա հատուցման ժամին էր սպասել, և, որքան էլ որ մարդասեր լիներ, հիմա լրահոսում նրան ճաղերի ետևից տեսնելը մի քիչ հույս էր արթնացնում…
Իսկ ի՞նչ էին արթնացնում Արփիի մեջ գազանաբարո մեղադրյալին չքմեղորեն պաշտպանող իրավաբանները, որ պատահական չէին կանգնած մարդակերի կողքին, էն, որ արագորեն փոխակերպվում էին գետաձիերի՝ այս անմեղ կենդանիների, իհարկե, սոսկ մաշկի հաստության ու որկորի չափերի հետ նույնանալով։ Դե, ի՜նչ պիտի զգար սրանց հանդեպ, նույնը՝ ինչ որ իր երկրի ամեն մի չծախված քաղաքացին…
Եվ ահա, այդ գիշերվա երազում հին քաղաքի կենտրոնում մի ժամանակ գտնվող Արփիենց բակն էր, ուր երբեմնի ավանդույթով կարևոր մի հյուրընկալության էին պատրաստվում. խաղողաթարմերի զովասուն ստվերներում սեղանները արդեն շարված էին, բայց սփռոցներն անգամ գցված չէին։ Բակում ինքն էր, ուրիշ մեկը չկար, իսկ դատարկ սեղանները սպասքով ու կերակուրներով սպասավորելու գործը՝ հասկանում էր, որ վստահված է հենց իրեն. սա զուտ զգայական մակարդակում Արփին գլխի էր ընկնում… և հանկարծ գիտակցեց, որ ահա ուշ է՝ գալիս են պատվական հյուրերը, իսկ ինքը ոչինչ չի արել։ Երազում պարզ տեսավ իր հարազատներից շատերին, անգամ հեռավոր բարեկամների, խնամիներին՝ զուգված-կուքված, ու ինքը՝ սևերես…
«Բոլորին քաշեցի»…
Արթնացավ շփոթի ու իրական անհարմարության զգացումով։ Ամուսնու հարցին, թե՝ «Էլի ի՞նչ էիր տեսնում երազում, շատ անհանգիստ էիր», պատասխանեց նույն շփոթված հայացքով, փորձեց ժպտալ ու. «Հեչ, ախմախություն էր»,- ասելով վեր կացավ անկողնուց…
Շտապօգնության մեքենան մոլորված ամուսնու հետ Արփիին արագ տեղ հասցրեց։ Ընկնելու պահին ճար չկար, ձայն էր տվել ամուսնուն, որի սրտի ամեն զարկի վրա ամիսներ է արդեն ինքը դողում էր, հիմա տեսնում էր, որ իրենից ոչ պակաս նա է շփոթված, ու դարձյալ նույն զգացողությունն էր իր մեջ ու նույն հարցը անպատասխան, որ խառնվում էր ոսկրի սուր ցավին ու չէր լինում արհամարհել.
«Էս ինչ արեցի… բոլորին քաշեցի»,- բարձրաձայն չէր ասում, բայց սա էր հասցնում մտածել՝ ոտքը տնկած, ծանրությունը ոտքից կախ… Դեռ պիտի պառկի, օրեր հետո միայն վիրահատվելու հեռանկարով, հետո էլ՝ եսիմ, շաբաթներ-ամիսներ մատնվի անգործության։
***
Ցավերի մեջ ժամանակավոր թմբիր էր իջել վրան։ Ձմռան չոր ու ցամաք օրով կոպերի տակ ծաղկած ծիրանի այգի էր տեսնում… Ծաղիկների բուրմունքն առավ, աչքը կիսաբաց՝ տեսավ աղջիկը եկել, կողքին նստած անուշ օծանելիք է բուրում… Քույրը կոմպոտի հյութ առաջարկեց.- առանց աչքը բացելու՝ արդեն հյութի բուրմունքի հետ տեսավ՝ ծիրանենին հասած պտուղներով վառվռում է արևի տակ… Կարմրաթուշ ծիրանների մեջ՝ ծառի բարձր ճյուղին նստած, հարևան մահճակալի Անժելային տեսավ՝ հատ-հատ ծիրան էր պոկում, խնամքով շարում ծղոտե զամբյուղի մեջ…
«Բա էդ ո՞նց ես փետրվար ամսին ծիրան քաղելուց ոտդ կոտրել»,- զարմացած հարցրել էր դիմացի մահճակալին պառկած Լիլին, երբ անթացուպերի վրա Անժելան նոր-նոր էր եկել։ Էս հարցը Արփիի ականջին համարյա նույն կերպ էր հնչել, ինչպես որ դրանից առաջ էլ իրեն տվածը՝ժ. «Այսինքն ո՜նց։ Սառնարանի գլխի՞ց ես ընկել՝ ծաղիկ ջրելուց»… Արփին ժպտացել էր միայն ու ասել. «Չէ, ծաղիկն էր սառնարանի գլխին, ես աթոռից եմ ընկել»… Իսկ Անժելան կչկչալով ծիծաղել էր. «Ախր ամռանն եմ ոտքս կոտրել, նոր չի, ուղղակի Ելիզարովի սարքով հավաքել էին, բայց էդպես էլ բան դուրս չեկավ։ Հիմա պիտի բաց վիրահատություն անեն ու տեսնենք՝ ոնց կլինի»…
Անժելան երկու զինվորի մայր է, երկուսին միասին բանակ են զորակոչել ամիսներ առաջ ու հիմա հայոց երկրի արցախյան սահմանը նրա զավակներն են պահում…
Աչքերը փակ Արփին դեռ մտովի վերջին օրերի գույժերն էր համադրում Անժելայի՝ ծառայության մեջ երկու-երկու որդիներ ուղարկած լինելու փաստի հետ։ «Տե՜ր Աստված», մտածում էր. «Ես, որ խեղդվելով-խեղդվում եմ, էս կինը բա ի՛նչ փշերի վրա է հիմա, ու ժպիտը ոչ մի վայրկյան դեմքից չի պակասում»…
– Արփի՛, էն որ ախպերդ քեզ ասում էր՝ ախր քառասունից հետո «գետնից բարձր» մարդ չպտի խաղա, ի՞նչը նկատի ուներ, ես տենց էլ չհասկացա, մի հատ կբացատրե՞ս ինձ.- Արփիի մտքերի ընթացքն ու լռությունն անպատեհ խախտեց Լիլին։
– Գետնից բա՞րձրը… Մանկական խաղ է, որ ժամանակին ընդունված էր երևանյան մեր բակերում։ Նման էր պահմտոցու, բայց էստեղ, մինչև հաշվողը աչքերը կբացեր, թաքնվելու փոխարեն խաղացողները պիտի հասցնեին մի տեղ գրավել գետնից բարձր՝ ծառի ճյուղերին կամ ցանկապատի ճաղերի վրա, ու անհարմար էդ դիրքում բոլորից երկար դիմացողը խաղի հաղթող էր համարվում։
Լիլին հետաքրքրությամբ լսում ու միանգամից փռթկացնում է. «Պարզ ա, դու ու Անժելան փաստորեն հենց գետնից բարձր եք խաղացել»… ու շարունակում է ծիծաղել։
Արփին համ ժպտում է, համ էլ առանձնապես խոսել չի ուզում։
Անժելան սանիտարկաներին շատ անուշ ձայնով կանչում է՝ «Մայրապե՜տ», ու հիմա էլ սա է գժուկ Լիլիի անզուսպ ծիծաղը հարուցում։ Մի ամիս առաջ խմած ջահելներով վթարի ենթարկված աղջնակի համար, որի բառապաշարում շատ չէին նման բառերը, հենց միայն քաղաքային ժարգոնով կարող էր ուզածն ասել, էդ «մայրապետ» բառը հիմա վառ մորեգույն փչովի մի ծամոն էր դարձրել. րոպեն մեկ ծիծաղելով փչում ու պայթեցնում էր ինքն իր երեսին…
«Լիլին բարեսիրտ աղջիկ է»,- մտածում էր Արփին. «Ի՜նչ ափսոս, որ ինքն է խոստովանում՝ գիրք չի կարդում։ Ասում է՝ չի կարդացել ընդհանրապես, ու կյանքը՝ դեռահասի պես դեռ միայն խաղի ու հաճույքի հրճվանքով, ինքն իրեն մսխելու մեջ է տեսնում»…
***
Բժիշկը Անժելային ասում է. «Վաղը քեզ կվիրահատենք»։ Մտքում Արփին երանի է տալիս։ Բայց դե, նրա հարցն ուրիշ է, իրենն՝ ուրիշ։ Ինքը դեռ պիտի սպասի կոտրվածքի շուրջ այտուցն իջնելուն, որի համար անընդհատ սառույց է պետք դնել։
«Մերոնց կրակն եմ գցել»,- պառկած տեղը նեղսրտում է Արփին՝ իր ցավերի մասին արդեն մոռացած։
Ասում են՝ Անժելայի ոտքի չկպչելու հիմնական պատճառը կոտրված ոսկորների միջև անպատեհ մնացած մի չնչին ջիլ է, որը ոչ միայն խանգարել է կպչելուն, այլև ներսում բորբոքման օջախ է դարձել, ու հիմա նաև կարիք կա մաքրելուց հետո այդ բացը լցնել սեփական ոսկրի մի կտորով։
Հեշտ է ասել…
Անժելային տրանսպլանտացիա անելու համար մի փոքրիկ ոսկոր պարզվում է պիտի վերցնեն հենց իր կողից, սա ինքը ցավով ու ծիծաղելով է պատմում միաժամանակ, և քանի որ Արփին արդեն մտերմացել է կենսախինդ Անժելայի հետ ու գիտի, որ նրա հումորի զգացումը տեղն է, ասում է. «Եվ այսուհետ ոտքդ կդառնա քո կողակիցը»…
Աղջիկներն էս խոսքի վրա քահ-քահ ծիծաղում են ու արթնացնում լուսամուտների տակ Արփիին զուգահեռ պառկած Շուշան մայրիկին, որի ոտնամատի չլավացող վերքը մի անչափելի դարդ ու բալա էր դարձել իր համար, իսկ շաքարի չափումներն ու ինսուլինի կանոնավոր սրսկումները, որ հենց ինքնուրույն էլ անում էր ուշգիշերին լույսը վառելով ու մոռանալով վառած, ամբողջ գիշերվա անցուդարձն ու տնքտնքոցներն էլ հետը, ոչ մեկին էդ գիշեր չէին թողել աչք փակեն, բայց դե բոլորը լուռ էին տարել՝ անգամ իրենց ցավերն ու անհարմարություններն անտեսելով… Ճիշտ է, երբ Շուշան մայրիկին նախորդ օրվա վերջում առանձին պալատից բերում էին, բոլորը զարմացան, թե էդ տարեց կնոջ ինչի՞ն է պետք իրենց պես ջարդուփշուր, ցավերի մեջ անշարժ պառկած ծանր հիվանդների մոտ բերել, բայց հետո հասկացան, որ նրա հարազները շատ հեռատես էին եղել… Նրանք իրենք իրենց հո լա՜վ էին ճանաչում։
Հիմա Շուշան տատիկը Լիլիի, Անժելայի, նրա քրոջ ու Արփիի մի պահ անզուսպ ծիծաղի պոռթկումից վեր թռավ ու սաստելով ամաչեցրեց նրանց. Թե. «Չի՞ լինի մի քիչ կամաց խոսեք»,- բայց նրանք չնեղացան… Իրոք որ, պիտի խռռոցը լսած լինեին. չէ՞ որ գիշերվա մի մասն էլ խռռոցից չէին քնել…
Գիշերը ձյուն էր գալիս։ Սկզբում անհամարձակ մի քանի ցիրուցան փաթիլներով, հետո հանդարտ ու հանդիսավոր։ Արփին ձյունի բաղձանքով դեռ Ամանորից սկսած սպասել էր էս պահին, ու հիմա հայացքը կողքանց Շուշան տատիկի մահճակալից անդին՝ դեպի լուսամուտների մեկումեջ պոկված շերտավարագույրների լուսանցքները, փողոցային լապտերի լույսի հետ՝ նայում էր առատացող ձյանը ու, միևնույն է, ձյուն էր երազում։ Երկաթե պատվանդանը, որի վրա ոտքն էր հենված, այնքան նման էր իր մանկության սահնակին, որ մի պահ պատկերացրեց, թե թանզիվների վրայով սահում է, թե ձյունը իր շուրջն է ու հիմա-հիմա ձեռքը կդիպչի, մինչև որ ոտքին դրված սառույցի պարկը սահելով ընկավ անկողնու մեջ…
Սարսռաց։
Անժելայի քույրը, որ գիշերները կծկվում էր բազկաթոռի մեջ ու լուսացնում էր՝ բոլորի չնչին տնքոցին արձագանքելով, այդ գիշեր պառկել էր երեկոյան կողմ արդեն դուրս գրված Լիլիի մահճակալին։ Արփիի չնչին շարժին հիմա նա էր արձագանքում, իսկ ինքը, թե. «Հեչ, քնիր, ընկնելս վերապրեցի»… և իրականում էլ՝ առաջին օրերին պարբերաբար մտովի ընկնում էր։ Ձգվում էր սառնարանի գլխին դրված տնային բույսերը ջրելու, ոտքի տակ փոքր աթոռակը հանկարծ տլմբում էր ու՝ «ղըռթ», ոտքի ոսկորը ուղեղի մեջ փշրվում էր։
Ցավի, անքնության, օրվա իրադարձությունների առատության ու մանավանդ պատուհանից այն կողմ շողշողացող ձյան յուրահատուկ լուսավորության պատճառով քնել չէր լինում։ Այդ օրը վիրահատված Անժելան գիշերվա մեծ մասն անհանգիստ էր եղել, հիմա նոր-նոր խաղաղվել էր։
***
Արփիի հայացքը անվերջ լուսամուտի կողմն էր, իսկ այնտեղ Շուշան մայրիկն էր, որի պատմությունն աննկատ հուզել էր իրեն ավելի վաղ, քան նա ինչ-որ բան հարկ կհամարեր պատմել իր մասին։ Գեղեցիկ, տարեց կին էր։ Որդու հետ ժամանել էին Անապայից։ Որդին նրան տեղավորել էր հիվանդանոցում, ուր, ինչպես ինքն էր ասում, հույս ուներ «Իր հայրենի հողի վրա՝ հայերնիքի ջրով ապաքինվել հայ բժիշների միջամտությամբ»։ Տղան գործերով մեկնել էր՝ մի տասն օր հետո ետ գալ-տանելու պայմանով, բայց այստեղ Շուշան մայրիկը մի աղջիկ ու մի թոռնուհի ուներ, որ դիվանագիտական առաքելության պես օրումեջ հինգ րոպեով հայտնվում ու հասցնում էին իրենց ցույց տալ ողջ սնապարծությամբ… Այդ երկու գծուծ կանանց տեսքին միայն նայողը կհասկանար, որ նրանց խնամքին կարոտ մնալը անեծք է, իսկ նրանց խոսակցության պատառիկներն արդեն՝ մեքենայի անվադողերի ու իրենց վարսավիրների մասին, պակասը լրացնում էին…
Անկախության տարիներին՝ դեռ երիտասարդ, տիկին Շուշանիկն իր միակ որդուն պատերազմի բերանից փախցնելով տարել էր Ռուսաստան, հետո դժվարությամբ փախցրել էր Չեչնյայի պատերազմից։ Ասում էր. «Էդ տարին էր, որ հարևանիս տղային զորակոչեցին ու մի շաբաթ չանցած՝ դիակը բերին… Աղջիկներս տեղավորված էին, աչքիս տեսածը ինձ հուշեց, որ տղայիս պիտի փախցնեմ»… ու փախցրել էր…
Սա, երբ ցերեկով պատմում էր, Անժելան լսում էր ժպիտով… Արփին հատուկ չէր նայում Անժելային, պարզապես նա իր տեսադաշտում ավելի լավ էր երևում։ Խղճահարվում էր Շուշան մայրիկի պատմածից, իհարկե, բայց հասկանում ու չէր հասկանում նրան, մինչև որ հաջորդ օրվա երեկոյան պատեհ առիթով հնչած համերգից հետո տեսավ ու ճանաչեց նրա հոգու որակները. ամեն ինչի հայկականը պաշտող, կարոտով ու անհնարինության մեջ հարմարված ծեր ու անօգնական դարձած հայ կնոջ դրաման, որ զավակին մայրաբար պաշտպանելով՝ ինքը դարձել էր հավերժական սահմանապահ նրա կյանքի ու իր կորսված աշխարհի սահմանագծում…
– Շուշա՛ն մայրիկ, մի հատ «Թռչեի մտքով տուն»-ը երգիր, տղաներիս սիրած երգն է,- խնդրում է Անժելան՝ արդեն «Ծիծեռնակ», «Ախ, իմ հայրենիքի ջուրը», Գուսան Աշոտի «Պախրան» երգերը մեծ հուզումով ու գեղեցկորեն մաքուր երգած հայ Մայրիկին։
Նրա անուշ ձայնի ելևէջների տակ բոլորը լռում են ու բոլոր ցավերը հաղթահարած՝ սուզվում անէության գիրկը, ուր դեռ կա կռիվ, կա ներքին պատերազմ, կա հաղթանակ, պարտություն կա, որ հաճախ հենց առանց կռվելու է պատահում…
«Պատերազմը մի անգամ որ դուռդ է գալիս, ուր էլ փախչես, ուրիշ դեմքով քեզ առնվազն հետապնդելու է, քանի դեռ չես առերեսվել»,- մտածում է Արփին՝ էդ գիշեր լրահոսում դարձյալ ու դարձյալ բացահայտումներ-պարզաբանումներ տեսնելով վերջին օրերին բանակում ինքնասպանություն հորջորջված դեպքերի մասին։ Կարդում ու սոսկում է. մի քանի լկտի հղփացածներ օրենքով գող են կարգված զորանոցում ու զինվորի համեստ վաստակի վրա «նալոգ» են դրել, նրանց ազնիվ արյան ու պայծառ կյանքերի վրա անպատիժ խաղեր են խաղում՝ հագուրդ տալով իրենց գիշատչական բնազդներին…
Արփին այդ գիշեր համարյա պարզ լուսացնում է, իսկ բուժքրոջ առավոտյան այցից հետո ուժեղ ցավերի դեմ ցավազրկված՝ անշարժ քուն է մտնում…
***
Մարիանային Ճամբարակից հասցրել էին օրվա երկրորդ կեսին։ Նա հենց իրենց սեփական տան բակում՝ շեմի աստիճանին էր ընկել սառույցի վրա։ Ձնաբքի պատճառով ընկնելուց մի օր հետո էին բերել… Լիլիի ազատված մահճակալին հիմա էլ Մարիանան էր պառկած։
Ցավ քաշելով, երկաթը ոտքից կախ՝ Մարիանան խոսում էր հարազատների հետ, ու նրանց արցախյան բարբառը՝ Մարիանայի բաքվեցու խոսվածքին խառնված, հիմա ականջներից ծորում էր ներս ու միանխառնվում էր Արփիի թմրած ուղեղում…
Դեռ չարթնացած՝ օրը ցերեկով Արփին նորից ննջում էր ու Մարիանայենց երկհարկանի հայրական տունն էր տեսնում` բակում սև ու ոսկեգույն խաղողի վազերից հյուսված զովասուն թարմով, գործարար հարուստ հայի եղած-չեղածով, որ մատով ցույց տալու էր եղել, ու մատով ցույց կտային վայրենի հրոսակներին, եթե նրանք փոքր-ինչ հապաղեին ու չհասցնեին Վարդենիսի թուրքաբնակ գյուղերից մեկի մի փուլ եկած տան հետ փոխանակել ու տկլոր-տկլիկ տեղափոխվել Բաքվի ջարդերից ընդամենը մեկ օր առաջ…
Մարիանայի հետ Արփին ավելի ուշ է զրուցում։ Հենց հաջորդ առավոտ իրար ետևից նրանց տանում են վիրահատության։ Առաջ՝ Մարիանային։ Ու մինչև Արփիին կտանեն, զույգ զինվորի մայր Անժելային դուրս են գրում հիվանդանոցից։
– Գնալու եմ, հենց ոտքի կանգնեմ ու ինքնուրույն քայլեմ, կացինը վերցնելու եմ ու էդ ծիրանի ծառը կտրեմ.- պատիժը դառնորեն ճաշակած խռովկան երեխայի պես ասում է Անժելան։
– Չէէէէ, էդ բանը չանես,- հրաժեշտից առաջ թեթևակի հուզված ասում է Արփին,- երբ ոտքի կանգնես, ծառն արդեն ծաղկած կլինի, գնա, բունը գրկի ու ասա՝ գիտեմ, որ դու չէիր ուզի ընկնեմ, ախր ինձ միշտ քաղցր պտուղ ես տվել, ես քո հանդեպ ոխ չունեմ, դու էլ ինձ ներիր, որ ծանրացա ճյուղիդ ու էդ կոտրված ճյուղի ուժը հիմա փոխանցիր ինձ…
Պատգարակի վրա մեկնված՝ Արփին մազերը երկու կողմից հյուսք արած, որ գլխատակին չխանգարի, միջանցքից լսում է հարազատների ձայները… Ամուսինը ուղեկցում է իրեն հենց վիրահատարանի դռնից, որտեղ երեք ժամ առաջ համբուրեց ու շշնջաց՝ «Չվախենաս, շատ լավ է լինելու», իսկ Արփին ժպտաց ու հիշեց, թե ամիսներ առաջ ինքն ինչ էր զգում, երբ ամուսնուն էին տանում սրտի վիրահատման ու իր ծնկների ծալվելը մտաբերելով՝ կեսժպիտ վրա բերեց. «Քեզ ասա՝ դո՛ւ չմտածես, ճնշումդ էլ չափել տուր ու դեղդ խմի»,- մինչև որ պատգարակով սահեց արդեն վիրահատական բաժանմունքի լայն դռներից ներս։
– Հոք ջա՜ն, էդ հյուսքերով ու գիպսով ոնց որ Ֆրիդա Կալոն լինես,- արդեն ժպտացող Արփիի դեմքը տեսնելով՝ գիրկընդխառն կատակում է զարմուհին,- բեր հոնքերդ էլ մատիտով իրար միացնենք, ու լրիվ Կալոն կդառնաս…
Արփին խնդությամբ հերթով գրկում է իր հարազատներին, ինքն էլ կատակներ է անում։ Վիրահատական անզգայացումը դեռ կոնքից ներքև ընդարմացած է պահում մարմինը ու ցավերը միայն առջևում են…
«Ուղիղ վեց օր առաջ փորձանքը կարելի էր շրջանցել,- մտածում էր Արփին,- զգույշ էր պետք լինել»… Բայց արդյո՞ք հնարավոր էր կանխել լինելիքը. դա էլ մնում էր հարցերի հարցը։
Մարիանայի հետ սենյակում մենակ էին. Շուշան մայրիկը հարցուփորձով գնացել էր գտնելու հիվանդանոցի դեղատունը։ Նրան այդպես էլ դեղեր բերող չէր եղել ու պարզվում է՝ ճանապարհին հենց Արփիի ամուսինն էր օգնել։ Հիվանդանոցի դեղատանը չճարված դեղերն էլ դրսի դեղատնից էր գնացել բերել։
Այս ընթացքում Մարիանան Արփիին պատմում էր իր պատմությունը՝ Բաքվի բռնագաղթը, սահմանի բերանին կպած Ջիլ գյուղում ապրող իրենց ընտանիքի պատմությունը՝ Արցախյան պատերազմի օրերից սկսած։ Արփին չէր հարցնում՝ թե ինչո՞ւ ամուսինդ էստեղ չի գալիս, բայց Մարիանայի պատմության մեջ տեսնում էր, թե մի աժդահա տղամարդ ոնց է թշնամու կրակահերթի տակ բաց ճանապարհով ամեն անգամ զենք տարել զինվորներին, ու մի անգամ էլ կամրջի վրա ոնց է «ալազանը» պայթել ուղիղ իր մեքենայի դիմաց… ոնց է իր աչքի առաջ ընկերոջ բեռնատարը շրջվել ու պայթել… իսկ աժդահան ողջ է մնացել՝ ցավի անպատասխան խլության զմուռսն ականջներում։
– էդ դեպքից հետո Մուժիկս մեր բակից դուրս չի գալիս։ Ինքը լյավ ուստա յա, մետաղից ինչ ասես կսարքի, բայց պատերազմի թողած վերքը չի լյավանում…
Արփին ուզում է պառկած տեղից վեր կենալ։ Դիմացը Մարիանայի որդին է, այցելության է եկել մորը՝ բարձրահասակ մի սիրուն երիտասարդ, որ դարձյալ զինվորական վարորդ է ու իր երկրի սահմանագլխին կանգնած պահապան…
***
Եթե մի երկու ժամ քնած էլ լիներ, Արփիի ուշքն ու միտքը դուրս էր իր սեփական ոսկրացավի ու անձնական հազարավոր հոգսերի սահմաններից։ Արփին ասես զինվորական հոսպիտալում էր պառկած։ Ինքն իրեն արդեն կատարելապես էդպես զգաց, երբ ժամեր հետո Անժելայի ազատված մահճակալը զբաղեցրեց արդեն Տավուշի սահմանային գյուղից ժամանած տիկին Սուդարիկը…
Չինարիի անունն արդեն Արփիի ներսում հուզում արթնացրեց։
– Հը, տիկին Սուդարիկ, գիտեմ, որ էս երեսուն տարուց ավելի է դուք ոնց որ հրաբխի վրա ապրեք, ոնց է հիմա Չինարիում։
Ժպտերես տիկին Սուդարիկը Արփիի հարցին ավելի պայծառ ժպիտով պատասխանեց, թե՝ «Լավ է, մընք պինդ ենք», այնինչ նրա անգամ հիվանդության պատմությունը դարձյալ պատերազմի մասին էր։ Հայտնի բան է, թե ձեռքբերովի շաքարախտը ինչպես է լինում… ու հիմա տիկին Սուդարիկի ոտքի վնասված բութը սևացել է, չի լավանում…
Սուդարիկի և նրա կողքին անխռով նստած Անդրո ամուսնու կյանքի պատմությունը Արփիին մի քանի դրվագով տեսիլվում է արդեն բազմազավակ զույգի ջահել օրերից։ Նա մինչև վերջերս Չինարիի գրադարանավարուհին է եղել։ Մանր երեխեքը գրկին՝ մի պարզ առավոտ էս կինը ապրել էր պատերազմի առաջին պահերի սարսափը։ Ասում էր՝ «Մեծս, որ վեց տարեկան կլիներ, վազ տալով եկավ, ասավ՝ մամ, գյուղամիջում բոլորը հավաքվել են ու զինվորական մեքենաներ են եկել։ Քիչ հետո նորից գնաց ու էլի վազ տալով եկավ, թե՝ մամ, բոլորը խառնված են իրար։ Հետո ողջ գյուղը թաքնվել էր ջրատար թունելների տրուբաների մեջ, որի ներսում՝ էս ծերից էն ծերը, կանգնելու տեղ չկար»։
Տիկին Սուդարիկի աչքի տեսած-ապրած սարսափների պատմության պես սովորական շարահյուսվող պատմությունը պատերազմն է որ կա, որին ինքը հինգ զինվոր որդու ուժ է դեմ տվել, որին Անդրո ամուսնու ամուր թիկունքին թիկունք դարձած՝ մինչև վերջ կանգնած դիմացել ու դիմադրում է մինչ օրս, էսօր՝ էս պահին էլ՝ իր թոռներով ու գերդաստանի հետ մարդ մնալով սահմանին…
Բժիշկը վիրակապարանից սայլակով սանիտարկա էր ուղարկել, որ Արփիին տանեն վիրակապության։ Վիրահատությունից հետո առաջին անգամ ամուսնու ու սանիտարկայի օգնությամբ Արփին տեղավորվել էր սայլակի վրա ու ենթարկվել էր անիվների ընթացքին։ Մտքում՝ է՛լ քառօրյա պատերազմից վիրավոր, ոտքերը կորցրած էն պայծառ զինվորին էր հիշել, է՛լ երկրաշարժից հետո սայլակին գամված իր լավ ընկերուհուն…, մի քանիսի ցավը միանգամից հոգու մեջ զգալով՝ սայլակի վրա կաշկանդված՝ Արփին իր մարմնի ցավը չնչին էր համարել, ու երբ գիպսը բացելիս լավ էլ ցավեցնելով վիրահատած ոտքը մշակում էին, ծպտուն չհանեց։
– Քոռանամ ես, էս ինչ ես քաշում…- Հիվանդասենյակ տանելու ճանապարհին ամուսնու մտահոգությանն ի պատասխան Արփին հավեսով ծիծաղեց։
– Բան էլ չկա, արդեն լավ եմ։
Միջանցքում Սուդարիկի Անդրոն լուսամուտի տակ կանգնած՝ աչքերը թաց անորոշ սպասում էր։
– Հը՞, Անդրո եղբայր, ի՞նչ կա,- Արփիին անկողնում տեղավորելուց հետո նորից միջանցք դուրս գալով հարցրեց Արփիի ամուսինը։
– Հե՛չ, ասում են մատը պիտի կտրեն… Մատը… Բայց՝ հետո՞…
– Իսկ չէ՞ որ որևէ մեկիս ճակատագրի հետոյի մասին ոչ մեկս տեղեկություն չունենք։ Դու մի նեղվիր… Լավ կլինի…- Ռուբենը, խորապես զգալով սիրող ամուսնու սրտի ցավը, փորձեց սիրտ տալ Անդրոյին։
– Հը՞, Ռուբ, ի՞նչ ասաց Սուդարիկի ամուսինը, կնոջն ո՞ւր են տարել,- նեղսրտած հարցրեց Արփին։
– Ոնց որ վիրահատարան։ Լավ կլինի, մի նեղսրտի։
Օրը արագ գլորվել էր դեպի մայրամուտ, Արփին ենթարկվել էր իր սիրելիների հորդորներին, մի քիչ հաց էր կերել, զարմանքով հարցրել էր թե՝ «Բա Շուշան մայրիկն ո՞ւր է», ասել էին՝ «Աղջիկն ու թոռը մի օրով տարել են տուն՝ լողացնելու»… Արփին մտքում ուրախացել էր՝ «Երանի զգացածս սխալ դուրս գա. ինչ լավ է, որ աղջիկն իր մորը տեր է եղել»…
Ցերեկը Արփիին մյուս բարեկամներից բացի նաև եղբարն էր այցելել ու նրանք նորից մանկության գիրկն էին ընկել։ Բաներ էին հիշում իրենց բակից ու ծիծաղում։
– Լսի՛ր,- հանկարծ հիշելու պես հարցրեց Արփին,- էն գետնից բարձրը ես վաղուց մոռացել էի, դու ո՞նց հիշեցիր։
– Իսկ ես չէի էլ մոռացել,- ծիծաղելով քրոջը գրկեց եղբայրն ու քիչ հետո չզարմացավ, որ նա հիմա էլ էս խաղի շուրջն է փիլիսոփայում։
– Բայց իրոք, էս խաղը կյանքի իմաստների մոդել է։ Տե՛ս, մեր բոլոր արժանավոր նպատակները գետնից բարձր են, ձգտում ենք վերև անգամ ամենաանհարմար դիրքերում, անգամ վնասվելու գնով։ Էն հաշվողն էլ աչքը դեռ փակում էր մեր վերելքների առաջ, բայց հենց բացում էր, էնքան էր խանգարում, որ իջնենք. հիմա էլ էդպես է, գիտե՞ս։- Արփին իր ընկնելը վերացարկելով էր խոսում, ու մի պահ դադարից հետո ամփոփեց։- Ախր, աշխարհում արժեցող ամեն բան՝ աչքը երկնքի կապույտին է մեծ հաշվով…, չէ՞։
– Հա, ճիշտ ես,- մտածելով ժպտում է Արշակը,- բայց ախր ամենաազնիվ բանը հողն է ու մեր ոտքի տակ է։ Մենք չենք կռանո՞ւմ հողին, հո դա էլ ազնիվ նպատակ է։
– Էդ լավ ասեցիր։ Բայց հետո էդ հողն ինքն էլ՝ ծառով ու ծաղկով, խոտով ու թփով, իր աճի հետ վերև է ձգտում, ու մենք էլ էդ օրինակը նաև նրանից ենք վերցնում, սովորում…
Արփին արդեն հոգնել էր, ու եղբայրը զգաց։
Նրան հրաժեշտ տալուց հետո Արփին որոշեց ննջել…
Մարիանան անհանգիստ էր։ Ցավազրկել էին. կարծես ննջում էր, բայց Սուդարիկն էլ էնտեղ էր ցավերի մեջ։ Դեռ չէին վիրահատել. շաքարն իջեցնելու խնդիր կար։ Կաթիլային էր ստանում։ Անդրոն, աչքը կաթոցին՝ նստած էր բազկաթոռի մեջ ու մտքերով եսիմ ուր էր հասել…
***
Նրա կողմը նայելով՝ Արփին աչքերը փակ մտովի ինքն էլ եսիմ ուր հասավ, ուր Սուդարիկի պատմածի ու իր մի օր տեսածի պես մի մեկնած ձեռքի հեռավորության վրա թշնամու սահմանն էր։ Գյուղական համեստ առօրյան էստեղ էլ արտաքուստ ոչնչով չէր տարբերվում տասնյակ տարիներով անտեսված հայկական մյուս շեների համեստ կենցաղից, և, այնուամենայնիվ, մանուկները խաղի հետ էին, դպրոցականները՝ դասերի, ջահել հարսներն ու կանայք տան մաքրության, լվացքի ու հաց թխելու, իսկ նրանց կողքի տարեցները՝ աչքները գրկանոց թոռների խաղին՝ թախտի կամ գորգի վրա, պառավները՝ ձեռքները գուլպա կամ շալ գործելով, ճաշ եփելու կամ մի այլ գործի մեջ իրար օգնական, մեկ-մեկ էլ՝ խանգարող, տան կրակը վառ պահելով՝ երեկոյան սեր ու ջերմության հետ երբեմն մի պատառ էլ հրես պիտի հրամցնեին իրենց աշխատավոր հողի մշակ ու անասնապահ ամուսիններին, որդիներին՝ հյուսն կամ ատաղձագործ՝ ձեռքից մի բան բաշարող, որ պատերազմի օրերին ինքնաշեն զենք էլ են ստեղծել ու օրերով-գիշերներով գլուխը բարձի չդրած՝ կորել-գնացել, կռվել ու ետ են եկել, կռվել ու ետ չեն եկել՝ իրենց մեջքին կպած ճակատային թիկունքում ամեն պահի զգացած լինելով, որ տան կինը էգ առյուծ է դարձել ու իր կորյուններին մի կտոր հացի հետ հասցնում է՝ հողը պահելու արժանապատվության, տոկալու, ինքնության մի նշխարք տալ բերանները՝ որ գենն ու արյունը չգոսանան…
Ու տեսնում էր Արփին իր երկարած ձեռքի հեռավորության վրա թշնամու հրակետերը՝ աչք-աչքի սահմանային դիրքերից նրանց հսկող՝ հայոց առյուծ տղերքը, որոնց տված երդումն այսօր ամրացող պետության, հզորացող երկրի ու վեհացող իր ազգի գոյության երաշխիքն էր։
Արփին հիշեց, որ մի երեք օրից Անժելայի որդիների երդմնակալության օրն է, հիշեց, թե ինչ ափսոսանքով էր Անժելան ասում, որ նոր վիրահատված ոտքով Արցախ մեկնել չի կարողանա, ու նույն րոպեին էլ ժպտալով ավելացնում էր՝ «Բայց ամռանը ես անպայման եմ գնալու Արցախ ու վերջապես իմ աչքով տեսնեմ մեր հայրենիքի էդ դրախտային տեղերը»…
Անժելան զանգել, հարցնում էր, թե ինչ նորություն կա Արփիի վիրահատությունից հետո, ջերմագին բարևներ էր ուղարկում մեկ-մեկ բոլորին, ու Արփին էնքան ջերմ էր զգում, որ մի մեծ, շա՜տ մեծ ընտանիք ունի հիմա, ավելի մեծը քան երբևէ ունեցել է, ու էդ ընտանիքի սրտի միջուկում զինվորն է՝ իր երկրի ու պետության երաշխավորը։
– Հա, Անժելա ջան, երդմնակալությունն իրոք շատ կարևոր է ու լավ կլիներ՝ տեսնեիր որդիներիդ, բայց ոչին, մինչև ապրիլ էլ, հո, արդեն ոտքի վրա կլինես, դու էլ, ես էլ, ու, տա Աստված, մեր ոտքով կգնանք արդեն բոլորիս երդումն ու սահմանադրական ուխտը հաստատելու…
Գիշերը Արփին շուտ քնեց։ Ցավերն էլ խաղաղվել էին ու առավոտյան իրեն հանգիստ պիտի զգար, մանավանդ որ, դա հենց իր վերջին գիշերն էր հիվանդանոցում, բայց առայժմ հանգիստ ննջած էր։ Գիտեր, որ իր սիրելիները սահմանից հսկում են իր քունը, ու դեռ տեղյակ չէր, որ առավոտյան ինքն էլ տուն է գնալու՝ իր բաժին աշխարհին տեր կանգնելու…
12/27.02.2020