ԳԵՎՈՐԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Բանաստեղծություններ

***

Մթնել էր
թարմանալու համար
տնից դուրս պիտի գայի
մայրս ասաց զգույշ
շուն են խփում

***

Ձյան խոշոր փաթիլների
կրակահերթ է
թիրախ լինելու ցանկությունը
ծնվում է միանգամից

***

հեռվից
գնացքի անիվների ձայն եմ լսում
ինչ մեծ ճանապարհորդ է մահանում

***

Լսելով ազգանունս
իբր ինձ ձեռ են առնում

Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ սիրով և ջանասիրությամբ
կաշխատեմ ընթերցող

***

Խզարն առած
ես ու հայրս փետ կկտրենք
ոչ մի ծղրիդ չբուսնավ
ռիթմը պահելու համար

ՆՇԱՆԴՐԵՔ

Ես ոտքի էի կանգնում նա էլ ինձ հետ
երբ շնորհավորում էին մեզ օրհնում խրատում
հետո ես նստում էի նա էլ ինձ հետ

ՀԱՐՍԱՆԻՔ

Դա մի մեծ բերան էր
կենաց էր ասում խմում խժռում
կենաց էր ասում խմում խժռում

***

Արդեն բարձրաձայն և հաճախակի է
կինս տրտնջում և բողոքում
մխիթարելու համար
ասում եմ
հաջորդ անգամ
ես կհղիանամ
երախտագիտությամբ համաձայնվում է

***

Ֆոնենդոսկոպով
կնոջս ուռուցիկ որովայնի վրայից
լսում եմ
երեխայիս շնչառությունը և բաբախը

ասես
տիեզերային հեռավոր ոլորտներից
դանդաղ առաջացող
շոգեքարշ լինի

***

Ես հավատում էի տղա կծնվի
և որոշել էի որդուս անունը Մենուա
բժշկական զննումը սակայն
աղջիկ էր ցույց տալիս

ինն ամիս կազմավորվող երեխայիս
Մենուս էի կանչում
և ոչ միայն ես

հիմա երբ իսկապես աղջիկ ունեմ
և անունն է Գոհար
ինձ մեկ-մեկ բռնեցնում եմ շփոթվելիս
երբ ուզում եմ աղջկաս Մենուա կանչել

***

Մայրս ինձ հետ վիճեց
երկու տարեկան աղջկաս համար
գնել էի
յոթ տարեկան աղջնակի կոշիկ
ում հետ չի պատահում

***

Օձն իր պորտով
հավքն իր թևով
իմ գրքերին դիպած չկար

երախտապարտ եմ իմ աղջկան
գոնե չի պատառոտում

***

Երբ ես պառկում եմ քնելու
ինձ թվում է
թե պետք է ծնվի բանաստեղծություն
առավոտյան ես արթնանում եմ

***

նա միջակ բանաստեղծի պերճ նմուշ է
ընդհանրապես չի սիրում կարդալ
պրպտել հետազոտել տեսնել

ըստ իրեն
արժեքավոր գործեր չեն գրվում
շնորհալի տաղանդավոր գրողներ չկան
և նման բաներ
մտքում թերևս առանձնացնելով իրեն

ես թվարկում եմ շատ-շատերին
շնորհալիներին տաղանդավորներին և այլն
մտքումս նաև ինձ

***

Հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհիս խիստ և հիգիենապաշտ կին էր

մի անգամ
«իմ ընտանիքը» վերնագրով
շարադրություններ էր հանձնարարել գրել

դասընկերս գրել էր
«Մեր բնակարանը փոքր է
ես դասերս սովորում եմ արտաքնոցում»

իհարկե նա պատժվեց

***

Քոլեջում
«հավանականությունների տեսություն» եմ
դասավանդում

ոչ
աշխատում եմ խեղկատակա
և դեռ վարպետության չհասած գազանազուսպ

***

Ծույլ և անբան ուսանողներս
երբեմն ստում են

ես նրանց ասել եմ
եթե ստում եք
գոնե արվեստով
ստեղծագործաբար

***

Երբ դիմացինդ
քեզանից
իր մաղձի
լացի
բարկության և բողոքի
աղբամանն է սարքում
ինչ անել

***

Թվում է
մոտիկից թռչող յուրաքանչյուր ծիծեռնակ
այն մեկն է
որին երկու օր խնամել էի

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԿՑԻԱ

Տապուքաղից
մեր խոհանոցի պատի կեսը բորբոսնել է

ահա
Երկիր մոլորակի մի մանրակերտ

***

Այսօր ֆրանսերեն եմ երգում
և ինչ կարևոր է որ չգիտեմ այդ լեզուն
հորինովի բառերի մեջ ժե ղե տառերի շաղախ

առավոտյան այդ երգը լսեցի
կիրք էր հոգի
և ամբողջ օրը
պատառոտում է ինձ

ԻՆ ՅԱՆ

Դարձյալ
անհարմար դրության մեջ եմ ընկել
դարձյալ
մի աղջիկ սիրահարվել է ինձ
դարձյալ
պետք է զգույշ և նրբանկատ լինեմ

միշտ այսպես է
կամ ինձ են անփոխադարձ սիրահարվում
կամ ես

***

Մտքովս
երբեք չէր անցնի

ինձ նկարագրելիս
օգտագործել են քաչալ բառը

ԵՐԱԶՆԵՐ

1

Հազվադեպ բայց կրկնվում է
հայտնվում եմ անհայտ մի վայրում
ինչ-որ մեկի տանը գրադարանում
և գրքեր եմ գողանում
անհայտ գրողների անծանոթ գրքեր

2

Մոտ չորս ամիս է
ինչ չեմ սավառնել
բայց պատահում էր
ճախրում էի նույնիսկ
բեռնատար ավտոմեքենայով

ԻՆ  ՅԱՆ

Դարձյալ
անհարմար դրության մեջ եմ ընկել
դարձյալ
մի աղջիկ սիրահարվել է ինձ
դարձյալ
պետք է զգույշ և նրբանկատ լինեմ
միշտ այսպես է
կամ ինձ են անփոխադարձ սիրահարվում
կամ ես

* * *

Իմ մեջ ինչ-որ բան կա գետից
դադարում ես չկամ
անշուշտ կա լույսից
ինձ խանդավառում է թափանցելը
կա նաև ծառից
բնորոշ է ծաղկելը
և թռչունից կա
երկինքը ձգում է

* * *

Իմ սկիզբը բառն է
ես նրան լրացնողը
կյանքի օղակ
ես բառ եմ
բառը ես
ճանաչման օղակ
բառը իմ ոգին է
ես նրա արարիչը
ներշնչանքի օղակ
իմ վերջը բառ է
բառն ինձ շարունակողը
հավերժության օղակ

* * *

Հասել է գարին
քամուց ծածանվում է խշշում
ուզում եմ արտի վրա պառկել
և տարածվել

* * *

Հասուն ցորենի հասկերը
զինվորներ ասես լինեն
ձիգ կենսուրախ
ես ողջունում եմ նրանց
նրանք խշշում են երջանիկ

* * *

Քեզ առավոտյան շուկայում տեսա
դեղձ ու ծիրան էիր ընտրում
ասացիր հյուրի համար
ամբողջ օրը
սպասեցի հեռախոսազանգի

* * *

Չե՞ս լսում
ճռիկների հրավերքը
դեպի ամռան տոթ սրահներ
ակունքների մոտ քեզ են սպասում
իմ կերպերը երեք
բանաստեղծը պատանին և տարփածուն

* * *

Ամառը հրե թիթեռ
մեր ուսերին  է դեռ
նրանք ովքեր ծեր էին
և ում ժամն էր հասել
չմերձեցան բոցին
իսկ մեր մարմիններին
տես
պսպղում է փոշին

* * *

Ես եղա ծղրիդների արքայությունում
իմ մեջ ծավալվեց ծիծեռնակների
չարաճճի ղողանջը
լորենիների բույրը ես շնչեցի
բայց չհարբեց իմ հոգին
ինչու՞ չհարբեց իմ հոգին
վարդի պարունակներով ես անցա
ծիրանի դեղին կիսալուսնով լողացի
լողացի մինչև թանաքագույն կղզիները թթի
բայց չհարբեց իմ հոգին
ինչու՞ չհարբեց իմ հոգին

* * *

Թիրախ չկա
ես ձգում
և բաց եմ թողնում լարը
առանց նետի

* * *

Աշունը երգող երգչախմբում
արդեն
իր վճռական
կականակիր ձայնն է հնչեցնում
անձրևը

ՀԻՄԱՐ ՀԱԿՈՒՄՆԵՐ

Ծխելը
մանավանդ ծանոթներց ընկերներից հազարերորդ անգամ
անամոթաբար ծխախոտ խնդրելը
աշխատավայրից ծլկելը թրևելու շախմատ խաղալու համար
հարկի-անհարկի կատակաբանելը տափակաբանելը
հաշվի չառնելով ոչ տարիք ոչ դիրք ոչ սեռ
և ամենից զավեշտականը
երկրային Մեծ սիրո սպասումը
և Սպասումը առհասարակ

© Գևորգ Թումանյան

Share Button

13 Կարծիք

  • Գառնիկ says:

    Հրաշալի է…

  • Զառա says:

    🙂 էս ինչ լավն էր…

  • Serine says:

    Զառա, կարող ես ասել ինչն ես հավանում այս տեսակ պոզիայում? Այս տեսակ պոզիայի վախճանը վաղուց է եղել, հին է: Չգիտեմ, գուցե սխալ եմ, բայց անկեղծ ասած բնավ դուրս չեկավ:

  • Serine says:

    վերևում տառասխալ եղավ – պոեզիա, կներեք:

  • Զառա says:

    Սերինե ջան, շատ դժվար է բացատրելը, թե ինչը դուրս եկավ, հենց պոեզիան, տողերի մեջ բանաստեղծականություն եմ զգում, հավանում եմ… ռոմանտիկայի ու ռեալիզմի խառնուրդ է, կամ էլ ռեալիզմը ռոմանտիկ ներկայացված… եսիմ, սա իմ կարծիքն է ու իմ էսթետիկան: Մի բան կարող է մոտ լինել մեկին, մյուսին` չէ, երևի հոգով պետք է զգալ…Ավելին ասել չեմ կարող… Հետո պոեզիայի հինն ու նորը որն ա Սերինե ջան?

  • Serine says:

    Զառա ջան, հին ասելով նկատի ունեմ հնացածությունը, կամ ավելի ճիշտ նման գործեր գրվել են համաշխարհային գրականության մեջ և իհարկե ավելի լավ: Սակայն ի սեր Աստծո, ինչպես ասւմ են, ես չեմ կարդացել այս բանաստեղ]ի մյեւս գործերըը և հնարավոր է, որ նա լավ գործեր ուենենա ու ես ճիշտ չլինեմ: Ես մասնագետ չեմ, բայց ինչպես ամեն մարդ ես ել կարող եմ ունենալ իմ համեստ կարծիքը:
    Ամենվատ բանը երիտասարդ գրողնեի մեջ միմյանց հանդեպ անձնական հաշիվներ կամ մեծ համակրանքի պատճառով ոչ անկեղծ հարաբերություններն են: Այդ իսկ պատճառով անգամ ոչ այնքան հաջող հումոր ունեցող 32 ատամում ծաղրում են գրողների միությանը` միշտ իրար ուտելու համար: Ես կուզենամ որ այս սերունդը նման բաներ չունենա և իրար իրոք սիրեն ու հարգեն և միևնույնն է, տաղանդավոր գրողները մնալու են, անկախ նրանից ես կամ դու ինչ ասենք նրանց մասին: Կներես, խոսքս երկարեց: 🙂

  • Զառա says:

    🙂 Հա բայց մեր ինչ գործ գրողներն ինչ են անում իրար, կամ անում են թե ոչ? 🙂 (Չնայած որ իսկական գրողները միայն գրում են և ուրիշի հաշվին չեն բարձրանում) Մենք կարդում ենք ու դա կամ մերն ենք համարում, կամ էլ` ոչ: Մի բան հաստատ է, որ պոեզիան ու լավ գրականությունը չեն հնանում ու մոդայից դուրս գալիս, անկախ նրանից ես ու դու դա կհավանենք, թե ոչ:

  • Nshan says:

    Երբ ես պառկում եմ քնելու
    ինձ թվում է
    թե պետք է ծնվի բանաստեղծություն
    առավոտյան ես արթնանում եմ

  • Nshan says:

    Հայոց լեզվի և գրականության
    ուսուցչուհիս խիստ և հիգիենապաշտ կին էր

    մի անգամ
    «իմ ընտանիքը» վերնագրով
    շարադրություններ էր հանձնարարել գրել

    դասընկերս գրել էր
    «Մեր բնակարանը փոքր է
    ես դասերս սովորում եմ արտաքնոցում»

  • Զառա says:

    Գևորգն իմ պոետն է… վերջ:

  • Գաբրիելլա says:

    Այսօր ֆրանսերեն եմ երգում
    և ինչ կարևոր է որ չգիտեմ այդ լեզուն
    հորինովի բառերի մեջ ժե ղե տառերի շաղախ

    Ձեր ամբողջ պոեզիան է այսպիսին…

  • Վիկտորյա says:

    Ես ոչինչ չհասկացա……… Իսկ որտե՞ղ է պոեզիան……………………

  • Սիրուն says:

    Մոտ չորս ամիս է
    ինչ չեմ սավառնել
    բայց պատահում էր
    ճախրում էի նույնիսկ
    բեռնատար ավտոմեքենայով…

    Յուրօրինակ է, նայած ով` ինչպես կհասկանա… Բայց այստեղ գրվածներից մեծ մասը ես էլ եմ ապրել ու զգացել: Շնորհակալություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *