Ղեվոնդ | Ջրերի ցնծության ժամանակը

Ղևոնդ

Ես՝ տեսած մոհիկան, չքացող վայրենի,

շապիկն իմ՝ քո հագին, ցուպը՝ քո ձեռքում,
թեթև են սահելու ամպերը վերևի,
ծանր է նստելու արյունը երակում,

հավաքիր ուժերը քո ցնցող իրիկվա,
մտրակիր կողերը տրոփող մտքերիդ․
մի ուրիշ էակ է մշուշը գինետան՝
մերկացած կփռվի ամենքիս քունքերին,
ու հարբած խաժամուժ-օրորվող բաժակներ
կճչան, կթափվի աղմուկը ներսից՝ դուրս․
մի կյանք էլ վատնեցինք առանց հույս, առանց տեր,
իբրև սեր ու սիրո անհասցե այցելու։

սա վերջին գավաթն է-գթալով մոտենամ,
սա վերջին անցումն է-չփլվեմ պատերին-
մեկ է, քեզ չի թողնի ամբոխդ՝ հեռանաս,
մեկ է, քեզ քարերիդ ցնորքը չի ների,
կկաթեն շողերը գմբեթիդ պատերից,
ու կիջնեն խորանիդ տառապանք ու մասունք,
կլինի ներքևում պատկերը ցանուցիր,
կմնա վերևում արտացոլքն անհասու,
գթալով կընկնես ցած, ատելով –կսիրես
երկիրը, ապրողին, երկինքը մոգական,
ուր թվաց՝ թե ցողը դեռ չիջած քո հողին
աստղերի անունից խաբկանք էր՝ շշնջաց․
արբածին չեն թողնի մենության պատի տակ,
արբածին մի կտոր երկինքը կընտրի,
և կգա աղավնին, որ կիջնի քո վրա
փրկության նշանը մարմարե թևերին։

 

Սա վերջին գավաթն է-գթալով մոտենամ,
սա վերջին անցումն է-չփլվեմ պատերին-
մի ուրիշ էակ է մշուշը գինետան՝
մեկ ուրիշ մշուշ է ամենքիս քունքերին․․․

 

Քո կրակն հագեցավ, քո ծուխը խաղաղվեց-

ինձ դաշտի ճաքճքված երեսով գլորիր,
ինձնից թուփ վերցրու-ինձ զատիկ նվիրիր,
իմ շունչը ցանկացավ, շշուկս՝ վկայեց-
իր ոտը լվացող անձրև կմաղի,

 

ու հաշվիր՝ մենակ չեմ կորեկի արտի մեջ,
ու հիշիր՝ էլ առվի եզրին չեմ մեկնվի,
իմ թուփը չի դողա-ծաղիկը չնայեց-
ել, կտրիր երակը առաջին ցողունի,
երբ սրտը ցանկանա, և հասկը՝ վկայի․

 

իմ վախը չտեսավ, իմ ահը չի նայի,
շուլալվում է ամպը-քեզնից թել կմնա,
իմ կրակն արթնացավ, այրոցը՝ վկայեց-
ծաղիկը վերցրու, ինձ զատիկ նվիրիր,
իմ թուփը կնայի իր ուսին բարձրացած,
իր ոտը լվացող անձրև կտեղա․․․

 

Աշխարհը տունս է եկել անակնկալ հյուրի պես-

ես հույսերից շփոթված երազներս եմ տրորում-
ինձ գտել են, կգտնեն, պիտի գտնեն անպատճառ-
աշխարհը տունս է եկել․․․ ու անունս չի հիշում։

 

Հյուրասիրեմ իմ տան մեջ իմ աշխարհին՝ իմ գինով-
ամեն կաթիլ՝ մի համբյուր, ամեն համբյուր՝ մի հայրեն,
ուր գիշերվա սեղանի հացն ու գինին են գինով,
ու աշխարհում դեռ բույր կա, որ ես պիտի հոտոտեմ։

Ահա՝ գիշերը պահած քո մատների ծայրերին,
ահա՝ մոմերը պահած քո գիշերվա աչքերում,
քանի բոց է սիրելու քո թիթեռը քո ծաղկին,
որպես վերջին ցնորքի հիշատակած այցելու։

Հիմա ասեմ՝ խաղաղվիր, հիմա ասեմ՝ աչքդ լույս-
իմ տերևները բոլոր փաթաթվել են մի ծառի,
ու քո վերջին ցնորքի մտապահած այցելու
այս կրակի կտորը կախարդողի աչք ունի։

***

Այս կրակի կտորը կախարդողի աչք ունի-
ինձ վերևից կնայի, ու իմ ձեռքից կթռնեմ-
ամեն թռիչք՝ մի գիշեր, ամեն գիշեր՝ մի տարի,
ամեն տարի՝ մի զատիկ, ամեն զատիկ՝ մի հայրեն։
Ինչպես վաղվա երանությամբ մզված գինի
ու նռնենու բուրմունքի մեջ թաղած անցյալ
քո երեկոն քո վարսերը հարդարելիս
տեսնելու է` լույսն ինչպես է մտնում անձավ:
տեսնելու է` լույսն ինչպես է սուզվում անձայն
խորշերի մեջ քո հոգնության, ուր կա ներում
և ապրում է պատմությունը զատիկներիդ,
որ խորհում են արևի հետ
և պուտերը իրենց մեջքի, համառորեն,
խաչքարերիդ քսելով են զորեղանում
Թանձրության մեջ գինու թախանձանքի
հիմա տխուր լիներ, հիմա հնչեր օրոր
ու տեսնեի` ով էր` հանեց հոգուց` հոգին
ու տեսնեի` ով էր տեսավ` դաշտում խոտոր
մեր աչքերում մի ինչ փոթորկում էր մտքի,
ու մեր աչքերն ինչպես վերածվեցին նռան:
Հիմա տխուր լիներ, հիմա լսվեր օրոր
ու թանձրությամբ գինու` երեսնիվայր
հաղորդվելով հողին խոտոր դաշտում,
մեկն` ինձ այնքան սիրեր,
որ աղաչեր աստծուն`
ինձ մի ասուպ բռներ,
ու այրված կողով
ծիրանենին հիշեր` սաղարթն ուր է գնում

 

***

Թե վիճակ է նետված
ու հայացքից հեռու ընկնող քարի նման
քեզ բաժին է ընկել ազատորեն տնքալ
պատմությունը հոսող քո ջրերի
քեզ մեկ անգամ լքած
նայադների նման
ինձ չթողնես հիշել,
որ հայացքից վերև
ուրիշ բուրմունք ունի
քո խնձորի վերջին տատանումը ճյուղին:

 

***

Մի իրիկուն որպես որբի պատրանք
ճամփի համար խխունջ հավաքելիս
աղաչեցի, որ քեզ ծղրիդները ընտրեն
իբրև գիշերն այցի
եկող լուսատըտիկ
որ աստղերի խավոտ պայծառացման առջև
զրուցակից լինենք –
թե` մասրենին ինչպե՞ս ծաղկի լուսաբացին,
որ ես հիշեմ`
ո՞ւր էր երազանքս հասել:

 

***

Քանի հավատում ես – թե գետերդ են հոսում,
քանի ցույց ես տալիս – թե ծամերդ են հյուսել,
ու բոժոժդ լի է ընկղմումի մութով,
անցորդները պիտի ծանոթի պես հիշեն
մերձավորիդ,
որ իր մասունքներն է պահել
հավանական մի օր,
վստահելի տեղում –
շպրտելով խիճը համբերությա
քո ոստերի չորուկ կիտվածքի մեջ,
որ նույնանուն մի օր,
վստահելի մի տեղ
բարձրանալով ներման սանդուղքներին
քեզ որոնի մեղուն,
ու քարերդ շուրջը թափառելիս
քո արտոնած բառով
ինձ տուն կանչի դաղձը,
որ խաչքարի տոթում
առանձնացնեմ ուսյալ նիստուկացը հովի:
Թե՞ դեռ պիտի ցույց տաս, թե գետերդ են արթուն,
Թե՞ դեռ պիտի ցույց տաս, թե ծամերդ են հյուսել:

 

***

Պահվածքի մեջ գիշերվա շարունակվող ցայտնոտի
վրնջյունը քո տոթի, սրսփուկը քո արյան
թռցնեին քեզ խեցուդ ներշնչանքի ետևից
մեզ նվիրումն ընդուներ, քեզ թվացյալը գթար
դու լցնեիր բոժոժիդ առանձնությունը դաղձով
քամիներին տայիր քեզ, որ ծանոթի պես տանեն
դեպի մշուշը ձորիդ, ուր քո սիրով նախշեցիր
իրիկունդ հեռացող և առավոտդ անդեմ
քեզ մանկությունն հավատար, քեզ ընկնող աստղը բռներ
որոնելիս դեմքը քո փափկության մեջ քո հողի
ուր լուսինը երկնքում գարի գցած կնոջ պես,
քո տխրությունը նռան արցունքներով կցողի
քեզ ամոքումը գտներ, քեզ ճանաչեր մարգարեն
այնտեղ ուր կյանքն իր առջև երդվել է` չստել
ու խոստացել է` մի օր վերածվելու են ծաղկի
բոլոր մեղքերը, որ քեզ սիրելով են ընտրել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *