ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Գիր-ղուշ

© Կարեն Անտաշյան, 2010

Ուսուցիչը հոգնել էր` էս աշակերտները գնում-գալիս, կպռշկում էին ու միշտ` նույնը. «Ախր, ուստա, մենք սենց ամեն բան թողինք, ընգանք քու հետևից, ու էս ինչքան վախտ ա անապատներով քաշ ես տալի, կարող ա՞ գիդաս ուղտ ենք, ո´չ խմածներս ա մի բան, ո´չ կերածներս, ամիսներով կնիկ չենք տեսնում, բա էսի կյանք ա՞, որ մենք ապրում ենք: Չէ, բան չենք ասում, ուստա ես, վրեդ ահագին խելք կա, հարգում ենք, իսկականից հարգում ենք ու հլա սիրում էլ, բայց հետո՞… Բա մի բան չես ասելո՞ւ, կոնկրետ, մեր վերջն ի՞նչ ա, այսինքս` վերջը պարզ ա, վերջից էն կողմ մի բան ըլնելու ա՞, մի բանի տեր դառնալու ե՞նք, թե էլի` էս բոմժ վիճակը, երկինքներով էլ պտի էլի քաշ տաս էս կողմ, էն կողմ: Չէ, թե ազգին իսկա-կանից պետք ա, մենք ղուրբան, բան չենք ասում, բայց մեջներս մի քիչ կասկած կա, մի նեղացի, հլա քեզ մի րոպե դիր մեր տեղը, դիր ու մարդկայինով նայի»:
Ուսուցիչը լսեց, հայացքն իջեցրեց, որ բարկությունն ու տհաճությունը չերևա, փայտի պոչով հողը փորփրեց ու շվշվացրեց, իբր` ես հանգիստ եմ, ու էդպես հանգիստ էլ վերջում ասաց`«Լավ ա լինելու, տղերք, իզուր եք իրար անցել, հաս-տատ լավ ա լինելու, համենայնդեպս` էստեղի ամենալավից հազար անգամ լավ, քիչ մնաց, հեսա ես գնալու եմ, արդեն պարզ զգում եմ… »: «Վայ մեզ»,– մղկտաց Պետրոսը: «Մի վռազի, ուստա, ո՞ւր ես վռազում»,– ասաց Սիմոնը: «Միամիտ մի եղեք, իմ վռազել-չվռազելով չի, որ կանչում են` պիտի գնաս, օրենք ա: Ուրեմն, ի՞նչ էի ասում… Հա, ես որ գնացի, էնտեղ արդեն ամեն բան կպատրաստեմ, ու որ դուք գաք, ես իմ Հոր կողքին նստած… »: «Ա՞ջ, թե՞ ձախ»,– հարցրեց Թովմասը: «Ի: Պարզ չի՞, որ աջ: Ու դուք որ գաք, ձեզ ամենալավ ձևով կդիմավորենք»: «Լավ ա»,– ասաց Թադևոսը: «Չէ, բայց հարց կա,– ասաց Թովմասը:– Բա որ հանկարծ, աստված ոչ անի, ես քեզնից շուտ գնամ ընդե, բա մի նշանաբան չկա՞, որ Հորն ասեմ, իմանա` քեզնից եմ էկել»: «Ձեզնից ոչ ոք ինձնից շուտ չի գնալու, ես դա գի-տեմ»: «Բայց խի՞ ես էդքան վստահ, է՜, քարից ընկնել կա, օձի կծել կա… »,– հա-մառեց Թովմասը: «Լինելու բան  չի,  ե´ս եմ ձեզ ասում: Չհասկացա,– հանկարծ վր-դովվեց ուսուցիչը,– կարող ա՞ ձեր աչքի առաջ չէր, որ ջրերի վրայով գնացի-էկա, կամ էլ` որ էն քյոռին տեսնել տվի, բա էն Ղազարի գո՞րծը… Չեք հիշո՞ւմ արդեն… Արա դուք լրիվ հաբրգել եք, Հորս արև: Չէ, ես ձեզնից ձեռ եմ քաշելու, թազա թիմ հավաքեմ»: Հիսուսը զայրացած-տիրական հայացքի տակ պահեց նրանց. աշա-կերտները լռեցին, գլուխները կախ գցեցին, կծկվեցին-մի բուռ դարձան: «Հանգս-տացեք, ամեն բան  լավ կլինի, էդ ե´ս եմ ձեզ ասում` Քրիստոսը»,– ասաց ու մտեր-միկ թփթփացրեց մոտիկ կանգնած աշակերտի ուսը, մյուսներն էլ իրենց ուսերը կամաց մոտ բերին: Խաղաղվեցին տղերքը. իհարկե, մի քանի օրից, նույնությամբ տագնապած, էլի գալու էին, բայց հիմա լրիվ խաղաղվեցին, նույնիսկ` Թովմասը: Եվ միայն Հուդան չխաղաղվեց, թեև արտաքնապես չէր մատնում իրեն. մի քանի քայլ հեռացավ ու փնթփնթաց քթի տակ. «Չէ, ախպեր, էսի մեր գլուխը հարթուկում ա ոնց որ, հա, էսի մեզ հաստատ կքաշի. եղունգ ունես` գլուխդ քորի, Հուդա ջան, իսկը ժամանակն ա»:
Էդպես, տասնմեկը խաղաղված, մեկը` չէ, պառկեցին քնելու ձիթենիների պուրակի հողերին:
Երբ Հուդան տարբերեց-հաշվեց տասներկու խռմփոց, աննկատ վեր կացավ ու փափկաքայլ գնաց քաղաք` ուղիղ Կայափայի դուռը. այսինքն ի՞նչ ուղիղ, հակառակը. վերից ու վարից, աջից ու ձախից` բոլոր նեղլիկ, ծուռտիկ փողոցներով գնաց-եկավ, մի փողոցով` կաղի պես, մյուսով` կծկված, երրորդով` դիք-ուղիղ… Երբ մոտեցավ դռանը` կույրի նման փայտով հարվածում էր գետնին ու պատերին: Ներս թողին: Կայափան կիսաքուն էր` երկու աչքով ծուլացավ նայել, մերթ մի աչքով էր նայում, մերթ մյուս. հարցրեց. «Խեր լինի, լուսը չբացված` էս ի՞նչն է բերել ձեզ, հարգարժան Հուդա»: «Իմացա` մեր ուսուցչին փնտրում եք… »: «Ձեր ու-սուցչի՞ն… ո՞վ է»: «Դե, էն Հիսուսն, էլի»: «Փնտրել ե՞նք,– հարցրեց Կայափան քիչ հեռու կանգնած քահանային. վերջինս գլխի շարժումով հաստատեց:– Ասա,– դարձյալ Հուդային նայեց Կայափան»: «Ասեմ. եթե ինձ լավ նայեք` տեղն էլ, իրան էլ ցույց կտամ ձեզ, վերցրեք-տարեք»,– ասաց Հուդան` թեթևացած մտածելով, որ դժվարն անցավ: «Այ քեզ միամիտ մարդ,– կեսբերան ծիծաղեց Կայափան` վերջապես բացելով զույգ աչքերը,– ուրեմն քեզ թվում ա, թե մենք իրան ու իրա տեղը չգիտենք, հա՞… Ուզո՞ւմ ես ասեմ` հիմա դու նրան թողել ես էն տափակ բլրի լանջին, ձիթենիների պուրակում, ծառի տակ քնած»: «Ի… »,– զարմացավ Հուդան: «Բա»,– ծաղրեց Կայափան: «Բա որ` բա, բա ինչի՞ չեք վերցնում»: «Սպասում էինք` մատնություն լինի, ներսից, էս ա` եղավ: Անկեղծ ասեմ` կարծում էինք առաջինը Թովմասը կլինի, բայց նա մինչև կգցեր-կբռներ, դու ավելի շուտ հասկացար` ինչը, որտեղ ու ինչի»: «Ուրեմն ես ձեզ պետք եմ»,– ուրախացավ Հուդան: «Հա: Բայց մեծ վարձատրության հույս չունենաս»: «Դե, գոնե… մի հարուր… »,– ծամծմեց Հուդան: «Չէ հա,– քմծիծաղեց Կայափան,– ամեն մի քրջոտ, խելքը գցածի համար որ էդքան ծախսի տակ մտնենք, մեր գանձարանը միշտ դատարկ կլնի. դու գանձապահ ես, չէ՞, կհասկանաս»: «Բա ինչքա՞ն»,– լարվեց Հուդան: «Դե, մի… երեսուն, էլի, հա, երեսուն, լավ գին ա»: «Գոնե երեսունհինգ»,– համառեց Հուդան: «Երեսունհի՞նգ…– Քահանայապետը քրքրեց քսակը, հաշվեց, ասաց.– Երեսուն, էս ա, մեր վիճակն էլ վիճակ չի, տեսնում ես, վերջինն եմ տալիս, կուզես` ուզի, չէ` թող գնա»: «Լավ, տուր»,– համաձայնեց Հուդան: «Դուք-ով խոսի, այ տղա, հորողբերդ չեմ,– կշտամբեց Կայափան:– Քսակը թող, քոնը միջինն ա: Ըհը: Դե հիմա գնա»: Կայափան թիկունքը հենեց բարձերին ու փակեց աչքերը: Քնեց:
Հուդան դուրս եկավ, թեքվեց` մի խուլ-ապահով փողոց մտավ, լուսնի լույսով հաշվեց փողերը, համոզվեց` չեն խաբել: Հա, բայց չպայմանավորվեցին, բիձեն անմիջապես քնեց… Հիմա հո հետ չի՞ գնալու… Չէ, իհարկե: Դրան մի անգամ էլ արթնացնի` վայ թե ծեծեն: Վերջապես թող իրենք մտածեն, պետք եղավ` կգտնեն:
Ու էսպես, ահագին փող շահած մարդու թաքուն ոգևորությամբ, Հուդան քայլեց դեպի գինետուն. ինչ-ինչ` բայց գինետան տեղը լավ գիտեր, գինետան ու քահանայապետարանի: Իհարկե,  դարձյալ պտտվեց տարբեր փողոցներով, մի անկյունում նույնիսկ փող մուրաց  երկու մութ կերպարանքներից, տարօրինակ էր` նրանք տվին ինչ-որ բան, և Հուդան, թիկնոցով փաթաթված, վերջապես հրեց գինետան դուռը, որի փայտը ներծծված էր գինու ու կերակուրների գոլորշիներով: Կիսախավարում երկու քնած կերպարանք տեսավ, մեկը` վաճառասեղանի ետևում, մյուսը` սեղաններից մեկի. այս երկրորդն իրեն պետք չէր և փառք աստծո` չարթնացավ էլ, իսկ առաջինն ի պաշտոնե բացեց աչքերը, վերցրեց փողը, լցրեց գավաթը ու դարձյալ քնեց, բայց` աչքերը կիսախուփ, ի պաշտոնե, և այդ կիսախուփը լրիվ խուփ եղավ` երբ Հուդան, գինին խմած, դուրս  եկավ և չափազանց զգուշավորությունից կշռույթը հաճախ փոփոխող իր քայլերի դոփյունը հեռացրեց մինչև անլսելիություն:
Քանի դեռ մութն իշխում էր` գնաց ընկերների մոտ: Նրանք բոլորը քնած էին: Ինքն էլ պառկեց: Բայց քունը չէր տանում: Մտածեց, որ պատճառը լիալուսինն է, հետո էլի մտածեց, էլի ու ասաց ինքն իրեն` «Տո, դե լավ, է՜, Հուդա ախպեր, շատ էլ լավ ես արել, հեչ դարդ մի անի, հո դու էլ  սրանց նման հարիֆ չե՞ս… Սրանց ասում ա` ամեն ինչ թողեք – իմ հետևից էկեք, ասում ա` ամեն ինչ լավ կլինի, բայց` հետո, երբ ոտներդ ձգեք, ասում ա` հերս անհամբեր ձեզ ա սպասում, ասում ա` դուք էլ իմ ձախ, չէ, աջ կողմը կկանգնեք, սրանք էլ ականջները կախում են ու սեպերը քշտում, մի վախտ հետո ուշքի են գալիս, էլի գնում-մկկում, նա էլ նորից քնցնում-ուղարկում ա: Բայց դե դու էլ հո նրանց թայը չե՞ս, Հուդա ախպեր, դու ստեղ կոնկրետ գործի վրա էկար, չէ՞, ըհը, էկել ես գանձապահ աշխատես, չէ՞, ստից-ընդից փող հավքես, չէ՞, ըհը, մի էրկու կոպեկ էլ փախցնես-ջեբդ գցես… Հենց էլ` հա, բա ո՞նց, բանող եզան բերանը չես կապի, օրերով էս գժերի հետ անապատներով թրև եմ գալի, սրանց գլխում` թիթեռներ ու ծտեր, իմ գլխում` թվաբանություն, հազար ու մի դարդ ունեմ, տունս տուն չի, թազա տուն պտի սարքեմ, պտի պսակվեմ, բա ո՞նց, մի կարգին, նամուսով աղջիկ բերեմ` ինձ էլ նայի, մորս էլ, խեղճ մամա, լրիվ պառավել ա, էհ… Էսպես, էլի: Բա հո չե՞մ թողնի գլուխս մուֆթա ուռցնի էս ուսուցիչը, էսի ախր լրիվ ֆազերը գցած ա, մենակ ես չեմ ասում, իրա ծնողն էլ ա ասում, տո հենց սաղ աշխարհն ա ասում, ախպեր: Էն ագարկին ավելի ա հարգում ու սիրում, մենակ տենաս ոնց ա քնքշանում, շոյում` «Մարիամիկ ջան, քուր ջան, կյա´նք, էնքան մորս նման ես… Ո՞նց  ես, հեչ ի՞նչ արիք աղջկերքով, ո՞ր գյուղը մտաք, ո՞ւմ համոզեցիք, հո խաթրիդ չկպա՞ն, գիդաս, չէ՞, ամեն օր քու փրկության համար աղոթում եմ Հորս, կծեմ էն սիրուն թշերդ»: Ղզիկ, անլուրջ մարդ: Մի օր քնից հելնում ա, հերթով սաղիս մազերը շոյում, ժպտում, թե` սիրեք իրար, էտի կփրկի աշխարհը. ասում ենք` էղավ, սիրեցինք, վարպետ: Է, մյուս օրն էլ թարս ոտից ա հելնում, թե` լրբի տղեք, քացու տակ եմ գցելու սաղիդ, բա չէ, գիդաք էկել եմ սիլի-բիլի անեմ հետներդ: Էդպես կատաղած գնում ա քաղաք, ստեղ-ընդեղ կռիվ գցում… Էն օրը քարերով վրա տվին, ինքը ցվրվեց, ինձ քիչ մնաց քրքրեն, հազիվ համոզեցի, թե հիվանդ մարդ ա, ինձ դրել են հետը հիվանդապահ, որ նայեմ` չվատանա… Աչքիս տակ կապտացրին` ուղարկին: Չէ, էսի ազգիս գլխին մի փորձանք ա բերելու, հաստատ, էնքան ա անելու, մինչև հռոմեացիք կատաղեն, զաթի մահանի են սպասում, վրա տան` ազգս սրի քաշեն: Բա տենց ճիշտ կլնի՞… Բա հիմա  լավ չի՞ մի խելառ կորի, քան թե` ազգս… Չէ, ամեն բան ճիշտ ես արել, Հուդա ջան, հեչ դարդ մի անի, հեչ: Դե քնի, ախպեր ջան, քնի, խելոք ջան, քնի-հանգստացի, սիրուն ջան, դեմդ հլա եքա կյանք կա ապրելու»:
Մտածեց, խաղաղվեց ու քնեց Հուդան: Ժամանակ առ ժամանակ արթնանում էր, նույնությամբ, բայց արագացված` էլի մտածում ու էլի քնում. էսպես, մինչև լուսաբաց:
Լուսաբացին աչքերը բացեց, տեսավ ուսուցիչը բարձրացող արևն իրենով փակած-փոխարինած` նայում է աշակերտներին ու երանելի ժպտում, ինչպես չոբանն` իր մաքիներին: «Ըհը, դե արի համբերություն բեր ու սրան դիմացի, Հուդա ախպեր»,– մտածեց Հուդան: «Բարլուս, ուստա»,– ասաց: «Բարևն Աստծուն, աշակերտ,– պատասխանեց ուսուցիչը` շարունակ ժպտալով:– Վեր կաց, Հուդա ջան, ազիզ, բերաններս չորացավ, ծարավ մեռանք, մոտդ փող կլնի… »: «Չկա»,– ընդհատեց Հուդան: «Դե լավ, հա, ագահություն մի անի, քու մոտ միշտ էլ մի բան ըլնում ա, հանի գիր-ղուշ գցենք, տենանք ով ա գնում գյուղ` հաց ու գինի բերի: Դե վեր կացեք, այ թամբալներ, վեր, վեր»:
«Ըհը, դե արի ու… »:

© Գուրգեն Խանջյան, 2010

Share Button

5 Կարծիք

  • Նշան says:

    «Եվ երբ նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիվանդներին»:

  • Աննա Այվազյան says:

    Լավն էր, ու ամենակարևորը, որ ոչ մի բան չի փոխվել, ոչ հովիվը, ոչ էլ մաքիները: Ուրեմն փառք տանք նրանց, ովքեր այս տեսակներից շատ հեռու են կանգնած…

  • Մերիմե says:

    Հա,գրողը հավատացած է,էս աշխարհում ոչ մի լավ ու մաքուր բան չկա:
    Ինչու եք լավ համարում միայն վատի մասին միայն գռհեկորեն գրված գործերը?

  • hasmik says:

    Indz tvuma- , …

  • hasmik says:

    GIRA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *