«Իսկ Հելգան սարսափելի հիասթափեցրեց ինձ,- զայրույթով մտածեց նա՝ ամբողջ ուժով մեջքով հրելով ծանր, պողպատե դուռը և բետոնե հատակից ավելելով խճաքարի կտորներն ու կոտրված լամպի բեկորները»։
Այդ վերջին երկու ժամն ուզում էր մենակ մնալ։ Շրջվեց դեպի դուռը, որպեսզի կողպեր այն, և գլխավերևում տեսավ օրացույցը, որը Գեդան կախել էր դռների կառուցվածքն ամրացնող ժանգոտած մեխերից մեկի վրա։
«Իմ փոքրի՜կ Գեդա,- քնքշանքով մտածեց նա՝ հիշելով մի քանի օր առաջ կատարվածը»։
Վաղ առավոտ էր։ Բոլորը դեռ անկողնում էին։ Վերևի պայթյուններն արդեն վաղուց սովորական էին դարձել, բայց այդ մեկն այնքան մոտ թվաց, որ փոքրիկ Հայդան, որը նրան կպած քնած էր, արթանացավ և վախեցած սկսեց լաց լինել։ Այդ ժամանակ Գեդան վեր կացավ և գիշերաշապիկը հագին ու բոբիկ՝ վազեց բետոնե հատակի վրայով, աթոռը մոտեցրեց դռանը, որը սովորաբար զուգարանի կողքին էր դրված լինում, կանգնեց դրա վրա և օրացույցը կախեց այդ ժանգոտած մեխի վրա։ Իսկ երբ իջնում էր աթոռից, գիշերաշապիկը կառչեց դրա թիկնակից և պատռվեց։ Նա այնքան բարձր ծիծաղեց, որ նույնիսկ Հելմուտը, որին, բոլորի համոզմամբ, չէր արթնացնի նույնիսկ մահճակալի տակ գցված նռնակի պայթյունը, բացեց աչքերը։ Իսկ Գեդան, որը դեռ յոթ տարեկան չկար, արժանապատիվ կերպով և հանգիստ ուղղեց գիշերաշապիկի մնացորդները և գլուխը բարձր պահած՝ վերադարձավ անկողին։
Իմ փոքրի՜կ, սիրելի՜ Գեդա․․․
Այսօր նույն հանգստությամբ կուլ էր տվել այն սրվակի պարունակությունը, որը վախից դողացող ձեռքերով տվել էր նրան այդ փսլնքոտ, ողորմելի բժշկիկը՝ Շտումպֆեգերը, կամ ինչ էր դրա անունը։ Գեդան կուլ էլ տվել և արժանապատիվ կերպով նստել բազմոցին, իսկ այդ Շտումպֆեգերն այնպես էր հառաչել, որ Հելգան սարսափած նայել էր ինձ։
Իմ փոքրի՜կ Գեդա․․․
Գեդան էր կախել օրացույցը։ Դրանից հետո նրանք յոթով՝ նա և երեխաները (Յոզեֆը[1] գլխավոր բունկերում էր՝ ֆյուրերի կողքին) յուրաքանչյուր օր սկսում էին օրացույցի մի էջ պոկելուց․ Գեդան էր անում դա։ Թատերականորեն կենտրոնացած, հետևելով, որպեսզի գիշերաշապիկը չկառչեր աթոռից․ ընդ որում՝ բոլորը ժպտում էին այդ ընթացքում։ Միայն Հելմուտն էր, որ սովորականի պես քնած էր լինում։ Այսօր առավոտյան նույնպես ամեն ինչ նույնն էր։ Գեդան կանգնեց աթոռի վրա և պոկեց էջը։ Վերջինը։ Մայիսի 1, 1945 թվական։ Հինգշաբթի։
Իմ փոքրի՜կ Գեդա․․․
Նա պտտեց բանալին պողպատե դռան կողպեքի մեջ, որն իրենց սենյակները բաժանում էր միջանցքից և տանում էր դեպի գլխավոր մուտքը, իսկ ուղղաձիգ սանդուղքով՝ երկու հարկ ներքև՝ դեպի գլխավոր բունկեր։ Տանել չէր կարողանում այդ տեղը։ Ինչպե՞ս կարող էր Յոզեֆը համաձայնել, որպեսզի նա երեխաների հետ ապրեր այդքան բարձր տեղում՝ հենց բունկերի ձախ թևի տանիքի տակ։ Նրանց գլխավերևում միայն Ռայխի կանցլերության այգու հողն էր։ Դրսի պայթյուններն անտանելի էին։ Իսկ նա հարմարավետ սենյակ ուներ, որը տասնվեց մետր ներքև էր՝ ֆյուրերի ննջասենյակի կողքին՝ գլխավոր բունկերում, որտեղ նա չէր լսում այդ դժոխքը։
Նա հեռու գնաց և նստեց լվացարանի կողքին դրված բազմոցին։ Երկու ժամ և տասնյոթ րոպե էր մնում նրան։ 17։03 էր։ Յոզեֆը 19։20 էր գալու այնտեղ։ Ինչպես միշտ պերճաշուք կերպով հագնված։ Գլխարկ, կաշվե սպիտակ ձեռնոցներ։ Հետաքրքիր է, հագնելո՞ւ էր այն ձեռնոցները, որոնք քառասունչորս ամյակին էր նվիրել նրան։
Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին, նրա խնդրանքով Հաննան գիշերը նրանց հետ Վենետիկ էր մեկնել։ Թեգելից էին թռել։ Յոզեֆն ընդհանրապես չէր սպասում նման բան, լիմուզինում նա ասաց, որ «Յոզեֆին տանում էր այնտեղ, որտեղ այդքան լավ ժամանակ էին անցկացրել միասին»։ Այնքան հուզիչ էր։ Մինչև օրս չգիտի, թե ինչպես էր Հաննային հաջողվել այդ ինքնաթիռով դուրս գալ Բեռլինից։ Յոզեֆն ասում էր, որ նա միշտ հատուկ քարտեր ստանալու հնարավորություն ուներ։ Կանգ առան այն նույն հյուրանոցում, ինչ երեսունվեց թվականին, երբ անձամբ Մուսոլինիի հրավերքով էին այնտեղ։ Բայց այդ անգամ բոլորովին այլ էր։ Այն ժամանակ ամբողջ գիշեր սիրով էին զբաղվել, և առավոտյան Յոզեֆն ուշացել էր մամլո ասուլիսից։ Այս անգամ Յոզեֆը նույնիսկ չկպավ նրան, ամբողջ գիշեր ինչ-որ զեկույց էր կարդում և «ֆյուրերի հիմար խորհդականների» մասին էր պատմում և «հսկայական մեղքի զգացման մասին այն պատճառով, որ կիսատ էր մնացել հրեաների հարցը»։ Եվ լաց էր լինում անկարողությունից, ու ժամանակ առ ժամանակ ընդհանրապես չէր էլ դիմում նրան, այլ ելույթ էր ունենում, ինչպես հասարակ, անգրագետ բթամիտների հանրահավաքների ժամանակ Համբուրգի մերձակայքում գտնվող խուլ գյուղերից մեկում։ Հաջորդ օրը հյուրանոցի կողքին գտնվող խանութից էր գնել այդ ձեռնոցները, իսկ ցերեկը Հաննայի հետ Բեռլին էին վերադարձել։ Ցանկություն չուներ քարոզչության նախարարի հետ ևս մեկ գիշեր անցկացնելու Վենետիկում։
Յոզեֆը կգա 19։20։ Կխոսեն այն մասին, որ «երեխաներն արժանապատիվ կերպով էին հեռացել»։ Իհարկե, չի պատմի, թե ինչպես էր իրեն պահել Հելգան։ Հայրիկի սիրելի ավագ դուստրը՝ Հելգա Գեբելսը, որին մկրտության ժամանակ գրկել էր հենց ինքը ֆյուրերը։ Ո՛չ։ Չի պատմի նրան։ Սաստիկ կկատաղի, և դժվար թե կարողանա հանգստացնել նրան, և նրանք հաստատ կուշանան հրաժեշտի պահից։ Իսկ Յոզեֆ և Մագդա Գեբելսները երբեք չէին ուշանում։ Երբեք։ Եվ այդ վերջին անգամ նույնպես չեն ուշանա։ Եվ այդպես էլ պետք է շարունակվի։
Եվ նրանց մասին այդ ճշմարտությունը պետք է մտնի պատմության մեջ։ Դրա համար էլ չի ասի նրան, որը ցերեկը ուժով է ցիանաթթու լցրել Հելգայի կոկորդը։ Եվ որ այն փսլնքոտ տխմարը, այդ ոչնչությունը՝ այդ Շտումպֆեգերը, որը նույնիսկ գնդակահարման արժանի չէ, երբ տեսավ, որ Հելգան ծնկի էր իջել ու հեկեկում էր, ճիչ արձակելով՝ վազեց միջանցք և բոլորովին միայնակ թողեց նրան։
Այսպիսով՝ Յոզեֆը կգա 19։20, ոտքից գլուխ կզննի նրան, և երբ ամեն բան կարգին լինի, սանդուղքով երկու մակարդակ ներքև կիջնեն՝ գլխավոր բունկեր։ Ուղիղ 19։30, ինչպես նախորդ օրն էին պայմանավորվել։ Պետք է ներկա լինեն բոլորը։ Յոզեֆն այդպես էր վճռել։ Եվ դրա համար էլ կլինեն։ Դրա համար պետք է արդուկի կիսաշրջազգեստն ու թարմացնի մուգ կապույտ ժակետը։ Չորս օր առաջ հենց դա էր հագին, երբ ընթրիքի ժամանակ միանգամայն անսպասելիորեն ֆյուրերն իր համազգեստի վրայից հանեց ոսկե խաչը, դանդաղ մոտեցավ նրան և բոլորի ներկայությամբ ամրացրեց նրա՝ իբրև Ռայխի առաջին տիկնոջ մուգ կապույտ ժակետին։ Այդ պահին շլացուցիչ հպարտություն էր զգացել։ Առեղծվածային հուզմունք և անսահման հավատարմություն ֆյուրերին։ Եվ այդ ժամանակ էր իսկապես զգացել պարգևի մեծությունը, որ նրան, Յոզեֆին և նրանց բոլոր երեխաներին (Հելգա, Հիլդա, Հելմուտ, Հոլդա, Գեդա և Հայդա) ընծայել էր ողորմած ճակատագիրը, որ նրանք կարող էին գտնվել այնտեղ՝ ֆյուրերի կողքին, իսկ հետո նրա հետ միասին հեռանալ այս աշխարհից։ Եվ այդ ժամանակ նա գիտեր նաև, որ «Աստված ուժ կտա նրան, որպեսզի պատվով, անդառնալիորեն և մինչև վերջ կատարի այդ վերջին, ամենադժվար առաջադրանքը»։ Եվ այսօր ցերեկը կատարել էր այդ առաջադրանքը, իսկ հիմա կթարմացնի մուգ կապույտ ժակետը, կամրացնի ոսկե խաչը և կսպասի Յոզեֆին։ Իսկ հետո՝ 19։30-ից շատ չանցած, հրաժեշտ կտան բոլորին, սանդուղքով դանդաղ վերև կբարձրանան, և ավարտը կմոտենա։ Յոզեֆը հրազենով ինքնասպան կլինի, իսկ ինքը սրվակի պարունակությունը կուլ կտա։ Յոզեֆի համհարզին կարգադրված է վառել նրանց մարմինները, բայց դրանից առաջ ատրճանակով կրակելով նրանց գլուխներին՝ «համոզվել, որ նրանք իսկապես մահացած են»։
Դեռ մի փոքր ժամանակ ուներ։ Հանեց կոշիկները և պառկեց բազմոցին, որը ծածկված էր պլեդով և երեխաներից հետո մնացած կեղտաբծերով։ Ընդհանուր առմամբ վեր ընկնելու փոխարեն պետք է նստեր լվացարանի կողքին դրված սեղանի մոտ և օրագիր գրեր։ Բայց գրելու ուժ չկար։ Թեև պետք է։ Նամանավանդ որ առավոտյան՝ նախաճաշի ժամանակ, Յոզեֆը չի տալու նրան այն նույն հարցը, որը տարիներ շարունակ տալիս էր․ «Երեկվա օրը նկարագրե՞լ ես»։
Ո՛չ, վաղն այդ հարցը չի տալու։ Ուղղակի վաղը միասին չեն նախաճաշելու։
Դրա համար էլ այսօր ոչ մի նշանակություն չունի, որ Յոզեֆը կարգադրել էր նրան «նկարագրել իր կյանքը», և նա չի անելու դա։ Երեկոյան միշտ ասում էր երեխաներին․ «Ձեր հայրը չի գնա քնելու, մինչև որ գրի չառնի պատմությունը, որ կերտել է այս օրվա ընթացքում»։ Յոզեֆը կարծում էր, թե անդադար պատմություն էր կերտում։ Երբեմն նրան հետաքրքիր էր, թե այդ ինչ պատմություններ էր (չէ՞ որ Պատմություն չէ) ամեն օր կերտում իր քարոզչության նախարարությունում։ Շատ հետաքրքիր էր։
Հետաքրքիր էր նաև այն, թե արդյոք նա գրի էր առել այն հրապուրիչ միջադեպը փոքրիկ, ինքնագոհ դերասանուհու հետ՝ Լիդա Բաարովայի[2], որը Պրահայից էր։ Նա հղի էր Հոլդով՝ նրանց չորրորդ երեխայով, երբ Յոզեֆը քարոզչության նախարարություն էր կանչում այդ Բաարովային և տարփանքների էր տրվում նրա հետ իր աշխատասենյակի մարմարե կամ կաղնու գրասեղանի վրա, որը Ներոնի ապարանքն էր հիշեցնում։ Իսկ երբ նրա քարտուղար Կարլ Հանկեն, որը թաքուն սիրահարված էր Մագդային, պատմեց այդ մասին նրան, Ջոզեֆը փորձեց հուզել նրան մի անհամ պատմությամբ, թե անմտաբար սաստիկ սիրահարվել էր այդ հրեշտակին, և բացատրում էր, թե հարգում էր նրան, և նրանք ինչ-որ կերպ կարող էին երեքով հարմարվել։ Հետաքրքիր է, որ սերը այդ «հրեշտակի» նկատմամբ միանգամից և անհետ կորավ, հենց որ այդ լուրը հասավ ֆյուրերին։ Երբ Հիտլերը ԷսԷս[3]-ի կողմից հաստատված տեղեկություններ ստացավ, որ իր քարոզչության նախարարն ուզում էր բաժանվել երեք արիական օրինակելի երեխաների հղի մորից, գազազության նոպա սկսվեց նրա մոտ։ Ճշմարիտ նացիստական գազազության։ Կատաղած վազվզում էր գրասենյակում և սպառնում, որ «այդ կաղ Գեբելսը մի բուռ մոխիր էր դառնալու Բուխենվալդում, որն արդեն սկսել էին կառուցել»։ Հիտլերը կատաղել էր, առավել ևս որ նա ծրագրում էր Չեխոսլովակիայի՝ Բաարովայի երկրի անեքսիան[4], որը Եվրոպայում ոչ ոքի պետք չէր, իսկ մամուլն առանց այդ էլ ծաղրում էր նրան, որ նա հանդուրժում էր ռազմական նախարար ֆելդմարշալ Բլոմբերգին, որը սիրահարվել և կնության էր վերցրել բեռլինյան ամենահայտնի մարմնավաճառներից մեկին։ Երեսունվեց թվականին Գերմանիայում դեռ գոյություն ուներ մամուլի խոսքի ազատություն, և կարելի էր գրել ֆելդմարշալների մասին։ Իսկ մարմնավաճառների մասին առավել ևս։
Դա այնքա՜ն վաղուց էր․․․
Չէր կարողանում դադարել Հելգայի մասին մտածելուց։ Հելգան հիասթափեցրել էր։ Եվ դա այն Հելգան էր, որով միշտ հպարտացել էր։ Յոզեֆը նույնպես։ Բայց նա ավագն էր, և գուցե նկատել էր, որ այժմ՝ «հորեղբայր Ադոլֆի»՝ «այդ ֆրաու Բրաունի» հետ ամուսնությունից հետո, ամեն բան այլ էր։
«Այդ ֆրաու Բրաունը»․․․
Նրան այդպես էին անվանում բոլոր նրանք, ում գեթ մեկ անգամ բախտ էր վիճակվել լինել Ռայխի կանցլերությունում կամ Օբերզալցբերգում, որտեղ ապրում էր Հիտլերը։ «Այդ ֆրաու Բրաունը»՝ շեշտը «այդ»-ի վրա։ Որովհետև պաշտոնապես Հիտլերը «անձնական կյանք չունի և գիշեր-ցերեկ ծառայում է գերմանացի ժողովրդին» (այդ անիմաստ անհեթեթությունը հանրահավաքների ժամանակ հիմնականում Յոզեֆն էր գոչում)։ Ժողովուրդը բնականաբար չէր հավատում։ Եվ իրավացի էր։ Քանի որ ամիսը մեկ կամ երբեմն երկու անգամ ֆյուրերը սկզբում ցերեկները, իսկ ժամանակի ընթացքում նաև գիշերները ծառայում էր Մյունխենից մի դերձակի դստերը՝ «այդ» Եվա Բրաունին՝ հետմահու Հիտլերին։ Այդպես էր դեռ Մյունխենում՝ Հիտլերի՝ Պրինցրեգենտենպլացի բնակարանում երեսուներկու թվականին, երբ քսանամյա Բրաունը լինում էր «Գայլի բազմոցին», և երեսունվեց թվականից սկսած Օբերզալցբերգի կեցավայրի՝ ֆյուրերի ննջասենյակներում մինչև վերջ այդպես էլ շարունակվեց։ Նա հստակ գիտեր այդ մասին, Բրաունի քրոջ՝ Գրետլի մտերիմ ընկերուհուց էր լսել։ Գրետլ Բրաունի ընկերուհին շատ էր սիրում «լավ հասարակության» մեջ լինել, դրա համար էլ Մագդան կանոնավոր կերպով հրավիրում էր նրան իրենց բեռլինյան տուն, եթե իհարկե, Յոզեֆն այնտեղ չէր լինում, որպեսզի իմանար, թե «որքան հեռուն էին գնացել» Գայլի և «այդ Բրաունի» միջև հարաբերությունները։ Հարաբերությունները «հեռուն էին գնում», բայց շատ հազվադեպ, որովհետև Գայլը հազվադեպ էր ինչ-որ մեկի հետ բազմոցին տեղավորվելու ցանկություն և ժամանակ ունենում։
Բացի այդ՝ հազվադեպ էր գայլ լինում։ Հիշում է, թե ինչպես էր ապշած լսում այդ ընկերուհու պատմությունն այն մասին, որը երդվում էր, որ դա միանգայն ճշմարտություն էր, որ Եվան բողոքում էր քրոջը, թե «Ա․-ի համար ինքը կին չէ, այլ միայն մայր»։ Հիտլերը կուրորեն սիրում էր մորը։ Բոլորը գիտեին դրա մասին։ Նրա լուսանկարը միշտ կախված էր Հիտլերի մահճակալի վերևում։ Նույնիսկ հյուրանոցներում, որտեղ նա երեք գիշերվանից ավել էր մնում։ Բայց այն, ինչ պատմել էր նրան Գրետլ Բրաունի ընկերուհին, անհավանական էր։ Եվան բողոքում էր քրոջը, որ «Ադոլֆը հրամայում էր նրան ցողել կրծքերը օծանելիքով, որը նրա մայրն էր օգտագործել, հետո գալիս էր նրա անկողին և ծծում դրանք՝ երեխայի լաց նմանակելով և «Կլարա» անունը» կրկնելով»։ Մագդան այնքան հուզված էր այդ պատմությունից, որ երեկոյան ննջասենյակում այն Յոզեֆին պատմեց։ Ընդ որում՝ հետևում էր նրա արձագանքին։ Յոզեֆը հանգիստ հետաքրքրվեց, թե նա որտեղից էր լսել այդ պատմությունը՝ առանց առարկության։ Լավ էր ճանաչում նրան։ Յոզեֆը միայն փաստերին էր այդպես արձագանքում։ Միայն խորհուրդ տվեց, որպեսզի ոչ ոքի չպատմեր այդ մասին, որովհետև «Գրետլի ընկերուհին և հնարավոր է հենց ինքը Գրետլն այլևս երբեք ոչինչ չեն կարողանա պատմել, որքանով որ նա ճանաչում էր գեստապոյին[5]»։
Միայն մի անգամ կրկին անդրադարձավ այդ թեմային։ Հիտլերի դեմ մահափորձի հաջորդ օրն էր։ Կոմս ֆոն Շտաուֆենբերգի ուղարկած ռումբն անհարմար պահի պայթեց։ Ճիշտ այն ժամանակ, երբ նիստերի սեղանի շուրջ Հիտլերն այնպես տեղափոխվեց, որ դրա բետոնե ոտքի հետևում հայտնվեց։ Դա հերթական մահափորձ էր։ Հերթական և անհաջող։ Ասես ֆյուրերին կանխորոշված էր ողջ մնալ։ Երբ նա Յոզեֆի ուշադրությունը դրա վրա հրավիրեց, վերջինս ամենևին էլ չզարմացավ և խիստ գաղտնի մի անհավանական պատմություն պատմեց նրան, որը հաստատում էր, որ «ֆյուրերն իր պահապան հրեշտակն ունի, որը նրան դեպի հաղթանակ է տանում»։ Մինչև վերջ նրան չհաջողվեց այնպես անել, որպեսզի Յոզեֆն այդ պաթոսով լի քարոզչական հիմարությունները դուրս չտար նրա հետ խոսելիս։
Պարզվեց, որ Ադոլֆ Հիտլերի՝ Երրորդ ռայխի, որը պետք է հազարամյա դառնար՝ կանցլերի, առաջին պահապան հրեշտակը մի հրեա աշխատավոր էր Իննի Բրաունաու քաղաքից, որը գտնվում էր Ավստրիայի և Գերմանիայի սահմանին, որտեղ Զատկի կիրակիին՝ 1889 թվականի ապրիլի 20-ին, լույս աշխարհ էր եկել Ադոլֆը՝ Կլարա Հիտլերի՝ ի ծնե Պելցի չորրորդ երեխան։ 1891 թվականի գարնանը երկու տարեկան Ադոլֆը մորից աննկատ դուրս էր եկել բակից, գնացել ոչ այնքան հեռու գտնվող Իննի Բրաուն, որտեղ ջուրն էր ընկել և սկսել խեղդվել։ Ափով ձուկ որսալու գնացող հրեա աշխատավորն առանց գեթ մի րոպե մտածելու նետվել էր սառցե գետն ու փրկել տղային։ Այդպես Բրաունաու քաղաքից մի հրեա այդ օրը փոխել էր աշխարհի պատմությունը։
Մագդան օրգանապես տանել չէր կարողանում Եվային՝ ի ծնե Բրաուն, մահանալուց հետո՝ Հիտլեր։ Օրգանապես ասելով՝ նկատի ունի այնպես, ինչպես տանել չի կարողանում, օրինակ, արյունային երշիկը, որից մանուկ ժամանակ փսխում էր։
Դեռ Բրյուսելում էր դա տեղի ունեցել։ Սկզբում ճաշին մայրը տվել էր նրան այդ տարօրինակ ուտեստը, հետո ծառայությունից վերադարձել էր նրա սիրելի խորթ հայրն ու պատմել, թե ինչից են պատրաստում արյունային երշիկը։ Նա ամեն ինչ պատմում էր Մագդային, թեև վերջինս դեռ երեխա էր։ Եվ իրոք, միայն նա միշտ ժամանակ ուներ, և երկար տարիներ նա էր հայտնվում մտքում, երբ Մագդան հիշում կամ արտասանում էր «հայր» բառը։
Հետո իմացավ, թե իրականում ով էր իր խորթ հայրը։ Յոզեֆն այդպես էլ չկարողացավ ներել դա։ Հիշում է, թե ինչպես մի անգամ (նրա խորթ հայրն արդեն վաղուց մահացել էր) Յոզեֆը զայրացած վերադարձավ նախարարությունից և սարսափելի վիճաբանություն սարքեց երեխաների աչքի առաջ։ Նախատում էր նրան «հրեական զազրելի կենսագրության համար, որը վայել չէ Ռայխի առաջին տիկնոջը»։ Ասես նա կարող էր որևէ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ում հետ էր նրա մայրը երեսուն տարի առաջ անկողին մտնում։ Իսկ նա անկողին էր մտնում Ռիչարդ Ֆրիդլենդերի՝ կաշիների առևտրով զբաղվող հրեա վաճառականի հետ։
Դրա համար էլ Յոզեֆը ցանկանում էր աշխարհի պատմությունից ջնջել Ֆրիդլենդերին։ Չէր կարող թույլ տալ, որպեսզի աշխարհը ծաղրեր նրան՝ իմանալով, որ ողջ և առողջ Ֆրիդլենդերը խորթ աներոջ նման մի բան էր քարոզչության նախարար դոկտոր Գեբելսի համար։ Չնայած որ նրանք երբեք չէին խոսում նրա մասին, երկուսն էլ գիտեին, որ այդպես ճիշտ էր։ Ֆրիդլենդերը հրեաների առաջին հարյուրյակի մեջ էր, որոնց 1938 թվականին Բեռլինից Բուխենվալդ[6] ուղարկեցին։ Յոզեֆն առանց աղմուկ բարձրացնելու արեց դա։ Դեռ մի տարի չէր անցել, երբ Ֆրիդլենդերը Բուխենվալդից շատ ավելի անաղմուկ կերպով վերադարձավ Բեռլին։ Աճյունասափորի մեջ։ 93 ռայխսմարկ[7] արժողությամբ փոստային վճարով։
Առաջին հերթին Բրաունին տանել չէր կարողանում նրա համար, որ Հիտլերը Բրաունին, այլ ոչ թե իրեն էր դիմում «Եվհեն» կամ «Թանկագին» մականուններով, այն բանի համար, որ Բրաունը տասնմեկ տարով երիտասարդ էր նրանից և բացի այդ՝ այնպիսի տեսք ուներ, ասես տասնութ տարեկան լիներ, և որ Յոզեֆը հմայվածի պես հայացքը չէր կտրում նրա փարթամ կրծքերից ամեն անգամ, երբ Օբերզալցբերգում էին լինում։
Ի՞նչ էր գտել Հիտլերը այդ հիմար աղջնակի մեջ, որը թեև արդեն քսան տարեկան էր, շարունակում էր Վինետուի[8] մասին գրքեր կամ բուլվարային վեպեր կարդալ, որոնք քաշով էին վաճառվում։ Բացի դրանից՝ նրանից ծխախոտի հոտ էր փչում։ Ո՞վ է ծխախոտի հոտով բուրում և միաժամանակ Փարիզի ամենաթանկ օծանելիքներով օծվում։ Որովհետև նա անընդհատ ծխում էր։ Նույնիսկ քառորդ ժամ առանց ծխախոտի չէր դիմանում։ Օբերզալցբերգում՝ պատշգամբում Հիտլերն անդադար ասում էր, որ նիկոտինը սարսափելի վնաս էր գերմանացի կանանց համար, իսկ նա ցուցադրաբար «Smoke gets in your eyes»-ն էր շվշվացնում նրա առաջ։ Իսկ Հիտլերն ուղղակի ուրախ-ուրախ ժպտում էր։ Յոզեֆը պատմում էր, որ երբ Բրաունը Օբերզալցբերգում էր ապրում, օրվա մեջ նվազագույնը յոթ անգամ փոխում էր հագուստները։ Բայց այդ ամենը չէր օգնում։ Նրանից միշտ ծխախոտի հոտ էր փչում։
Բացի այդ՝ Բրաունը ոչ մի վսեմություն չուներ։ Մշտապես վարկաբեկում էր ֆյուրերին, Հայրենիքը և գերմանացի կանանց։ Նույնիսկ չկարողացավ այնպես կյանքին վերջ տալ, որպեսզի ամոթ չլիներ նրա համար։ Սկզբում չկարողացավ «դիպչել»՝ հոր ատրճանակից կրակելով, և գնդակը վզի մեջ մնաց։ Իսկ մի քանի տարի անց, երբ Հիտլերը «որոշակի նպատակներով» էր միայն նրան իբրև կնոջ վերաբերվում, քսան քնաբեր հաբ էր կուլ տվել (չնայած ինչ-որ հիմար Հիտլերի համար նախատեսված զեկույցում գրել էր երեսունհինգ հաբ՝ ըստ երևույթին, ավելի ուժեղ տպավորություն գործելու համար), բայց պատահականորեն քույր Իլզեն փրկել էր նրան։ Չէ՞ որ նա ամենևին էլ չէր ուզում կյանքին վերջ տալ։ Մեր օրերում ո՞վ է վանոսորմով կյանքին վերջ տալիս։ Դա նույնն է, եթե փորձես հանգստանալ՝ մորֆինի փոխարեն Վիտամին Ց ընդունելով։ Բայց Հիտլերը թույլ տվեց հիմարեցնել իրեն և հիացած էր այդպիսի «սիրով և անձնվիրությամբ»։ Այդ ժամանակ նրա համար գնեց այն երկու միշտ հաչացող զզվելի շնիկներին, որոնց մասին նա երազում էր․ ինչպե՞ս կարելի էր սիրել այնպիսի շների, որոնք դուրս ցցված ականջներով պարարտ առնետների էին նման։ Եվ սկսեց Մյունխենում և Բեռլինում ընդունելությունների մասնակցել նրա՝ իբրև անձնական քարտուղարուհու հետ։ Մի անգամ մեզ հրավիրել էին Բեգեն լճի մոտ գտնվող իրենց քաղաքամերձ կեցավայր։ Ես ինքս լսեցի, թե ինչպես Հիտլերը զենքի և զինամթերքի նախարար Ալբերտ Շպեերի հետ խոսելիս ասաց հետևյալը, թեև այդ պահին Բրաունը նրա կողքին էր, և անկասկած, լսած պետք է լիներ դա․ «Խելացի տղամարդիկ պետք է հասարակ և հիմար կանանց հետ հարաբերություններ ունենան»։
Իսկ այդ Բրաունը աղե աշտարակի նման կանգնել ու լռում էր։ Նունիսկ չկարողացավ ցուցադրաբար հեռանալ։ Մինչև վերջ անձնական քարտուղարուհու դերն էր խաղում։ Շպեերն ուղղակի ժպտաց և ծխախոտի ծուխը ներս քաշեց։
Ահա ևս մի դեպք։ Մի անգամ Յոզեֆը խորհրդակցություն ուներ Հիտլերի հետ վերջինիս՝ Օբերզալցբերգի աշխատասենյակում։ Մագդան նստել էր պատուհանի մոտ դրված բազկաթոռին՝ սպասելով, թե երբ էին ավարտելու, և լրագիր էր կարդում։ Մի րոպե անց ներս մտավ Բրաունը՝ պարտեզից հավաքված ծաղիկների փունջը ձեռքին։ Նա ժպտաց Հիտլերին և ուզում էր այն դնել մարմարե բուխարու դարակի վրայի ծաղկամանի մեջ։ Հիտլերը գոռաց նրա վրա․ «Ոչ մի դիակ չեմ ուզում այս սենյակում»։ Բրաունը կարմրեց, վերցրեց ծաղիկներն ու լուռ դուրս եկավ սենյակից։
Հենց այդպես։ Բայց նա պատրաստ էր ամեն ինչի դիմանալու, միայն թե «ֆրաու Հիտլեր» դառնար։ Քսան տարեկան էր, երբ սկսեց դրա մասին երազել, և միայն տասներեք տարի անց՝ երեք օր առաջ, նա «ֆրաու Հիտլեր» դարձավ։ Երկու գիշերով և մեկուկես օրով, ընդ որում՝ Հիտլերն այդ երկու գիշերները նրա հետ չէր անցկացրել։
Իսկ այդ հարսանեկան արարողությո՞ւնը։ Իսկ այդ անճաշակ ֆա՞րսը ապրիլի 28-ի կեսգիշերին մոտ։ Եվ այդ հարսանեկան գիշերը։ Ո՞վ է հարսանեկան գիշերը կտակ գրում նորահարսի հետ անկողին մտնելու փոխարեն։
Յոզեֆը 18։38 ասաց նրան այդ մասին։ Ականջներին չհավատաց, երբ նա մտավ իրենց բունկեր և հանդիսավոր ձայնով ասաց․
-Այսօր կեսգիշերից անմիջապես առաջ ես և Բորմանը[9] Եվայի և ֆյուրերի պսակադրության վկաներն ենք լինելու։ Խնդրում եմ, որպեսզի տասնմեկն անց երեսուն Հելգայի հետ ներքևում լինեք։
Եվ նա երկիմաստորեն ժպտաց, երբ Հելմուտն անսպասելիորեն հարցրեց․
-Ինչո՞ւ միայն Հելգան։ Ես էլ կուզեի տեսնել, թե ինչպես է հորեղբայր Ադոլֆը համբուրվում ֆրաու Բրաունի հետ։
Գլխավոր բունկեր իջանք 23։00։ Հելգան սպիտակ զգեստով և սպիտակ ձեռնոցներով էր, ինչպես այսօր ցերեկը։ Մագդան մուգ կապույտ ժակետով և պողպատագույն կիսաշրջազգեստով էր։ Ամրացրել էր խաչը։ Վզին ոսկե շղթան էր, որը նրան Յոզեֆն էր նվիրել քառասուն ամյակին։ Մարգարտյա ժանյակը կնախընտրեր, բայց այն այդքան էլ չէր սազում ոսկե խաչի հետ։ Եվ հետո գիտեր, որ Բրաունը կրելու էր բոլոր ադամանդները, որոնք ողջ կյանքի ընթացքում նվիրել էր նրան Հիտլերը, և դրա համար չէր ուզում վերևի բունկերի աղքատ բարեկամուհի երևալ նրա կողքին։ Բացի այդ՝ խաչն ավելի կարևոր էր, և Մագդան հիշում էր, թե ինչպես էր ծամածռվել Բրաունը, երբ ֆյուրերը, նրա ժակետին ամրացնելով խաչը, ասել էր․ «Ռայխի առաջին տիկնոջը»։ Դրա համար էլ ամրացրել էր խաչն ու նախապատվությունը ոսկե շղթային տվել։
Երբ Հելգայի հետ ներքև իջան, բոլորն արդեն այնտեղ էին՝ բացի Յոզեֆից։ Բորմանը նյադայնացած գնում-գալիս էր և անվերջ ստուգում էր սեղանին դրված անհրաժեշտ փաստաթղթերը։ Շատ լուսավոր էր։ Բոլոր լամպերը միացված էին։ Նույնիսկ միջանցքում։ Չնայած բենզին խնայելու խստագույն հրամանին՝ Բորմանը մահապատժի սպառնալիքի տակ կարգադրել էր այդ գիշեր միացնել բոլոր ագրեգատները։
23։45 Հիտլերը, Բրաունը և Յոզեֆը ներս մտան կողմնային դռներից։ Նախկինում երբեք չէր տեսել, որ Բրաունն այդպես փայլեր։ Թևանցուկ էր արել Հիտլերին, և նրանք միանգամից մոտեցան սեղանին, որտեղ կանգնած էր պսակադրությունը գրանցող քարտուղարը։ Բրաունի հագին փակ, կրեմագույն մետաքսե զգեստ էր, և ինչպես Մագդան էր ենթադրել, կիլոգրամներով ադամանդներ։ Բրաունը շատ էր հուզվում։ Ավելի ուշ Յոզեֆը պատմեց, որ ստորագրելիս սխալմամբ «Բ» տառից էր սկսել։ Բայց հետո ջնջել էր այն և առաջին ու վերջին անգամ ստորագրել՝ Եվա Հիտլեր։
Արարաողությունից հետո Յոզեֆը ճանապարհեց Հելգային վերևի բունկեր՝ չնայած նրա բարձրաձայն առարկություններին։ Երբ վերադարձավ, Հիտլերը բաժակ էր բարձրացրել «պատմության համար, որը օրերից մի օր արժեքավորելու էր մեր գործն ու զոհողությունները»։ Այդ կենացի ժամանակ այդ Բրաունը, ավելի ճիշտ արդեն Հիտլերը, ներկա չէր, դուրս էր եկել ծխելու։
Միայն ընտրյալներն էին շամպայն ստացել։ Մնացածը էժանագին ռիզլինգով լի գավաթներ էին բարձրացնում, որը Հիտլերի համհարզ Յուլիուս Շաուբն էր բերել։ Շաուբը բացառապես արժանավայել կերպով էր պահում իրեն։ Նա հրաժարվեց շամպայն խմելուց, որը նրան հենց ինքը Բորմանն էր տվել, և բոլորի հետ միասին իր բերած գինին էր խմում։
Գիշերը ժամը երկուսին Հիտլերն իր քարտուղարի հետ գնաց հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ֆյուրերը թելադրեց իր վերջին կտակը։ Որովհետև Հիտլերը շատ կտակներ էր գրել։ Եվ դրա մեջ հայտարարեց պատմությանը, որ ինքը և Բրաունը ինքնասպան էին լինելու, որպեսզի «խուսափեին հպատակության կամ կապիտուլյացիայի խայտառակությունից»։
Հետո վերադարձան բոլորի մոտ։ Գիշերվա չորսին մոտ Բրաունն ու Հիտլերը մոտեցան Բորմանին և Յոզեֆին, որոնք զրուցում էին գրասեղանի մոտ։
Մեկ րոպե հետո Յոզեֆը կարգի բերեց համազգեստը և Հիտլերի համհարզին հրամայեց ուշադրություն հրավիրել։
Անհավանական լռություն տիրեց։ Բոլոր խոսակցությունները դադարեցին։ Դրսից խուլ պայթյուններ էին լսվում։ Հիտլերը բռնել էր Բրաունի ձախ ձեռքը։ Նրանք սեղանի մոտ կանգնեցին։ Հիտլերը աջ ձեռքը ձախ կրծքին դրեց։ Բրաունը բարձրացրեց աջ ձեռքը։ Յոզեֆն ամբողջ սրահով մեկ բարձրաձայն հայտարարեց․
-Ֆյուրերն իր կնոջ հետ հեռանում է։
Բոլորը մեկ մարդու նման բարձրացրին աջ ձեռքերն ու գոռացին․
-Հա՛յլ Հիտլեր։
Մագդան ոգևորվածությունից և հուզմունքից փշաքաղվեց։
Յոզեֆը մինչև վերջ գիտեր, թե ինչպես էր պետք հաճոյանալ Հիտլերին։ «Ֆյուրերը կնոջ հետ»։ Հե՛նց այդպես։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր չկորցնել իրեն։
Եվ իսկապես հեռացան։ Առաջին ամուսնական գիշերն անցկացնելու։ Նա՝ իր սենյակ, Հիտլերը՝ իր։ Որովհետև Եվա Բրաունի մոտ, որն արդեն մի քանի րոպե էր, ինչ Հիտլեր էր, բայց որն ի ծնե Բրաուն էր, 1945 թվականի ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը կրիտիկական օրեր էին։ Այդ մասին միանգամայն հստակ իմացել էր Բրաունի աղախին Լիզլ Օստերտագից, որը դրանից երկու օր առաջ էր եղել նրա մոտ, որպեսզի բամբակ կամ «դրա նման ինչ-որ բան» թողներ այնտեղ, որովհետև «տիկինի մոտ․․․․դե՜, հասկանում եք․․․կրիտիկական օրեր են, չեմ կարողանում վերևի պահեստ բարձրանալ, քանի որ երեկվա պայթյունից հետո միջանցքը փակվել է»։ Մագդան նրան էր տվել իր մոտ եղած ողջ բամբակը։ Նրա մոտ դաշտանը մեկ շաբաթ առաջ էր եղել, և ըստ երևույթին, այն արդեն վերջինն էր։ Այնպես որ, նրա ինչի՞ն էր պետք բամբակը։ Չգիտեր, թե ինչպես փաթեթավորել բամբակը։ Չէր կարող Հիտլերի սիրուհու աղախնին մի կապ բամբակը ձեռքին ուղարկել զինվորներով լի բունկերով։ Ոչ մի թուղթ չկար՝ բացի Յոզեֆի ճառերի մեքենագրական թղթերից։ Երեխաները նկարում էին դրանց վրա։ Վտանգավոր էր։ Կրիտիկական օրերի համար նախատեսված բամբակը՝ քարոզչության ռայխսնախարարի «անմահ ճառերի» մեջ փաթեթավորված․․․Բայց այժմ ամեն ինչն էլ վտանգավոր էր։ Մի քանի թուղթ դրեց սեղանին և դրանց մեջ փաթաթեց բամբակը։ Լիզլը նույնիսկ ուշադրություն չդարձրեց դրան։
Հիտլերը տանել չէր կարողանում «կեղտոտ կանանց»։ Միս տանել չէր կարողանում, ծխախոտի ծուխ, բարձր երաժշտություն, օտար լեզուներ և «կեղտոտ կանանց»։ Բրաունը հաճախ էր բողոքում քրոջը, որ Մյունխենում Հիտլերը կարող էր երկու շաբաթ չայցելել նրան, հենց որ իմանում էր, որ նա վատառողջ էր։ Ընդ որում՝ Հիտլերի ավստրիացի ծանոթներից մեկը Լինցից[10], նրա այդ անիմաստ «մինչև մահ հավատարիմ» ընկերը՝ Ավգուստ Կուբիչեկը, նույնպես բոլորին պատմում էր, որ «Ադոլֆը կրակի պես փախչում էր նման կանանցից»։
Լիզլը երեկ երեկոյին մոտ մանրամասնորեն պատմել էր ամեն ինչ Մագդային, երբ հուզված եկել էր նրա բունկեր այն բանից հետո, երբ Հիտլերն ու Բրաունն ինքնասպանություն էին գործել։ Վախից ցնցվում և հեկեկում էր, երբ խոսում էր այդ մասին։ Միջանցք էին դուրս եկել, որպեսզի երեխաները չլսեին, բայց Հելգան հասկացել էր, թե բանն ինչում էր։
Հարսանեկան գիշերվանից հետո Բրաունը դուրս էր եկել իր ննջասենյակից և ասել Լիզլին․«Այսուհետ ինձ հանգիստ կարող ես ֆրաու Հիտլեր ասել»։
Հետո Բրաունը հանել էր մատանին և տվել էր պայուսակը, որի մեջ հարսանեկան զգեստն էր, և կարգադրել․ «Անմիջապես փոխանցի՛ր ընկերուհուս՝ Հերտա Օստերմայերին»։ Իսկ հետո վերադարձել էր իր սենյակ և ամբողջ ցերեկ ու ամբողջ գիշեր դուրս չէր եկել սենյակից։ Կեսօրին մոտ նրա մոտ էր եկել նրա վարսավիրը՝ Միլա Շելմոսերը, և մեկ ժամ անց լացակումած դուրս էր եկել այնտեղից։ Տասներեքն անց երեսունին մոտ Բրաունը դուրս էր եկել ննջասենյակից՝ մոխրագույն կոստյում հագած․ հագին կային նաև բարձրակրունկ սև կոշիկներ և կաշվե սև ձեռնոցներ։ Սանդուղքի մոտից մի րոպեով ննջասենյակ էր վերադարձել և դուրս էր եկել՝ կոճկելով ադամանդներով դրվագազարդված ժամացույցը։ Հիտլերի աշխատասենյակի մոտ էր իջել։ Երկուսից տասնհինգ պակաս եկել էր Հիտլերը։ Նույնիսկ մեկ բառ չէին փոխանակել։ Լիզլին հրամայել էին դուրս գալ սենյակից։
Հետո ամեն ինչ շատ արագ էր կատարվել։ Լիզլը կրակոց էր լսել։ Բայց միայն մեկը։ Մեկ րոպե անց սենյակի սպասավոր Լինգեն և ինչ-որ էսէսական բունկերից հանել էին Հիտլերի մարմինն ու դրել գետնին։ Դրանից անմիջապես հետո Բորմանը և նրա համհարզը դուրս էին բերել Բրաունին և հանձնել Կեմպկային՝ Հիտլերի վարորդին։ Կեմպկան թիթեղյա տարայով բենզին էր բերել, լցրել երկու մարմինների վրա և վառել։ Լիզլը հեկեկոցից թուլանում էր, երբ պատմում էր նրան այդ ամենը։ «Ֆյուրերը կնոջ հետ հեռացավ, կասեր Յոզեֆը, եթե գտնվեին մարդիկ, որոնք կցանկանային լսել նրա քարոզչական անհեթեթությունները այդ գերեզմանոցում՝ Բեռլինի կենտրոնում,- մտածեց Մագդան՝ մխիթարելով Լիզլին»։
Ի՞նչ է ստացվում։ Եվա Բրաունը՝ մահից հետո Հիտլերը, մահացել էր՝ առանց ամուսնու հետ անկողին մտնելու։ Մի՞թե նման ամուսնությունը կարող էր իսկական համարվել։
Լիզլը բունկեր վերադարձավ, նա՝ երեխաների մոտ։ Հելգան տարօրինակ հայացք գցեց նրա վրա, բայց ոչինչ չհարցրեց։ Մյուս երեխաները՝ ոչ, բայց Հելգան արդեն պետք է իմանար և հասկանար, որ ամեն ինչ ավարտին էր մոտենում։ Արդեն տասներեք տարեկան էր։ Եվ գուցե դրա համար էր ցերեկն իրեն այդպես պահել։ Որովհետև այսօր ամեն բան այլ էր։
Չէր կարողանում պառկել։ Վեր կացավ և նստեց բազմոցին։ Բազմոցի դիմաց դրված զարդասեղանի քառթած հայելու մեջ իր արտացոլանքն էր տեսնում։ Անհանգիստ էր։ Ընդամենը դա։ Ո՛չ վիշտ, ո՛չ թախիծ, ո՛չ մեղքի անգամ չնչին զգացում, ո՛չ էլ վախ։ Նորից ու նորից վերհիշում էր այսօրվա օրը գրառման տեսքով, որն արդեն չէր անելու իր օրագրում։
Սկզբում՝ դեռ կեսօրին, գլխավոր բունկերի միջանցքում՝ այնտեղ, ուր վերջին ժամանակներս ճաշեր և ընթրիքներ էին մատուցում, հանդիպեցի այդ Շտումպֆեգերին, որը քարոզ կարդաց գլխիս, թե «հանուն գաղափարի չեն զոհաբերում նման երիտասարդ արարածներին», ընդ որում՝ Շելմոսերի՝ Եվա Բրաունի՝ օ՜յ, ներողություն եմ խնդրում, երեկվանից երջանկահիշատակ Եվա Հիտլերի վարսավիրի ներկայությամբ։ Ինչպե՞ս կարող էր։ Եվ այդ վարսավիրն այնպիսի՜ ամբարտավանությամբ և արհամարհանքով էր նայում ինձ։ Ինձ՝ Մագդա Գեբելսիս։ Մորը, որը Հայրենիքի համար յոթ երեխա է ծնել և հանուն Հայրենիքի երեք վիժում է ունեցել։ Տասնինը տարվա մեջ տասը հղիություն և յոթ ծննդաբերություն։
Այդ Շտումպֆեգերն իսկական ապուշ է։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչպես կարող էր նման բան ասել աշխատող անձնակազմի ներկայությամբ։ Եվ ինչպիսի՜ տեսք ուներ այդ պահին։ Խայտառակություն։ Չսափրված, համազգեստի կոճակներն արձակած, վերնաշապիկի թեզանիքների վրա արյան հետքերով։ Երկարաճիթ փոշոտ կոշիկներով։ Բացի այդ՝ քրտինքի հոտ էր գալիս նրանից։ Եթե Յոզեֆը տեսներ․․․Կարևոր չէ, թե երբ այս բունկերների ծորակներից ջուր կհոսի։ Դա արդարացում չէ։ Յոզեֆը երբեք նման տեսք չի ունեցել։
Այնուհետև Հաննա Ռեյչը[11] դուրս կանչեց ինձ և ասաց, որ պատրաստ էր երեխաների հետ ինքնաթիռով հեռանալու Բեռլինից, թեև կար «հնարավոր վտանգ, որ ամերիկացիները կարող էին կանգնեցնել այդ ինքնաթիռը», և նա աղերսում էր ինձ համաձայնել։ Բնականաբար չհամաձայնեցի։ Դա վերջնականապես որոշված էր։ Հետո ի՞նչ էի ասելու Յոզեֆին։
14։00՝ ճաշից անմիջապես հետո, սովորականի պես մեր բունկեր գնալու և գրքեր կարդալու փոխարեն մնացինք գլխավոր բունկերում և գնացինք ռադիովար Միշի սենյակ։ Հաճելի մարդ։ Սիրալիր։ Ընդ որում՝ ճշմարիտ արիացի։ Գրպանում միշտ կոնֆետներ ուներ աղջիկների համար։ Երբեմն գիրկն էր առնում Հելգային և թույլ էր տալիս պտտել ռադիոկայանի փոքրիկ լծակները։
14։30 կարգադրեցի, որ Լիզլը երեխաներին ամբողջությամբ սպիտակ գույնի հագուստներ հագցնի։ Ինչպես այն լուսանկարում քառասուներեքի հուլիսին, երբ ռազմաճակատից կարճատեև արձակուրդ էր եկել Հարալդը։ Իմ խիզա՜խ Հարալդը։ Որտե՞ղ է նա հիմա։ Կստանա՞ արդյոք իմ նամակը, որը Հաննան այսօր գիշերը պետք է դուրս բերի Բեռլինից։
Երբ ներս մտա, Լիզլը համարյա ավարտին էր հասցնում Հոլդային հագցնելը։ Մեկ րոպե հետո նա դուրս եկավ՝ առանց հրաժեշտ տալու երեխաներին։ Ինչպես որ նրան կարգադրել էին։ Երբ սանրում էի Հայդայի մազերը, Հելգան վերցրեց սանրն ու սկսեց սանրել Գեդային։ Հելմուտն այդ ընթացքում խաղում էր Միշի ռադիոկայանով, որը երկաթյա սեղանի վրա էր դրված։
Այնուհետև եկավ այդ Շտումպֆեգերը։ Նրա գրպանում յոթը սրվակ ցիանաթթու կար։ Վեցը երեխաների համար էր, մեկը՝ իմ։ Այսօր երեկոյան։ Երեխաներին ասացի, որ պետք է կուլ տային այն, ինչ մեզ նշանակել էր բժիշկ Շտումպֆեգերը, և որ այն ընդհանրապես դառը չէր։ Շտումպֆեգերը սկզբում մոտեցավ երկաթյա սեղանին, որի վրա ռադիոկայանն էր դրված։ Հելմուտն առաջինը կուլ տվեց սրվակի պարունակությունը։ Կուլ տվեց և շարունակեց խաղալ ռադիոկայանով։ Հետո Շտումպֆեգերը մոտեցավ Հիլդային, իսկ ես սրվակները տվեցի Հոլդային և Գեդային, որոնք ինքնակամ մոտեցել էին ինձ։ Եվ այդ պահին հատակին ընկավ Հելմուտը, իսկ մեկ րոպե անց՝ Հայդան։ Գեդան սուր ճիչ արձակեց, երբ Շտումպֆեգերը սկսեց մոտենալ նրան։ Եվ այդ պահին Հելգան հիասթափեցրեց ինձ։ Իսկ այդ Շտումպֆեգերը ճչալով վազեց միջանցք․․․
Յոզեֆը կգա 19։20։ Բնականաբար ոչինչ չի ասի նրան Հելգայի մասին։ Թեև կցանկանար ասել։ Շատ կցանկանար։ Որպեսզի նա էլ մի փոքր տառապեր։ Այդ վախկոտը Բորմանի հետ փակվել էր Հիտլերի աշխատասենյակում և «կարևոր փաստաթղթերի լիկվիդացիայով» էր զբաղվում։ Ասես այդ պահին ամենակարևորը դա էր։ Այսպես թե այնպես աշխարհն արդեն գիտի, թե Լեհաստանում քանի հրեա են թունավորել գազով վառարաններում։ Նա լիկվիդացնում էր փաստաթղթերը, իսկ նրան հրամայել էր լիկվիդացնել նրանց վեց երեխաներին։ Նույնիսկ նեղություն չքաշեց կեսօրից հետո նրա մոտ մտնելու, թեև գիտեր, որ 15։15 ամեն ինչ ավարտված էր լինելու։
Բայց դա միայն Յոզեֆին չէր բնորոշ, այլ նաև մնացած բոլոր նացիստ գոռոզ քաքլաններին, որոնք այժմ դողում էին վախից, որոնց թվում էր, թե չտեսնված հերոսներ էին եղել և մինչև հիմա՝ վարագույրը վերջնակապես իջնելուց անմիջապես առաջ, շարունակում էին լինել։ Ճիշտն ասած, երբ ստորգետնյա դամբարան հիշեցնող այս խղճուկ բունկերից հայացք ես գցում վերջին տարիների պատմության վրա, չտեսնված հերոսներն իրականում կին նացիստներն էին։ Եվ ոչ միայն գերմանացի։
Օրինակ՝ Գերդա Բորմանը[12]։ Ինչքան հիշում եմ նրան, նա կա՛մ հղի էր, կա՛մ ծննդաբերում էր։ Ռայխի համար տասը երեխա է ծնել։ Տա՜սը։ Հիտլերը հռոմեական մատրոնայի[13] պես էր վերաբերվում նրան, և եթե կարողանար, ու դա չհակասեր գերմանացի կնոջ դերին, ընտանեկան գործերի նախարար կնշանակեր նրան․ Հիտլերը սիրում էր նման կանանց, «պտղաբեր Գերդայի» նման, ինչպես կոչում էին նրան Բեռլինում։ Մեծամասամբ այն բանի համար, որ գրեթե անդադար ծնում էր և լիովին հնազանդվում էր բռնապետ Բորմանին և հանգիստ նստում էր՝ առանց վիճաբանությունների՝ չնայած նրան, որ միանգամայն հստակ գիտեր, որ Բորմանը դավաճանում էր նրան մանր դերասանուհիների և երգչուհիների հետ, որոնց Յոզեֆն էր նրա մոտ ուղարկում։
Մի որոշ ժամանակ նրա համար Գերդա Բորմանը հարգարժան, ֆյուրերի կողմից Ոսկե պատվավոր խաչին արժանացած Գերմանացի մայր էր, որը համակերպվել էր նացիստ խոլերիկի կնոջ ճակատագրին։ Բայց միայն մի որոշ ժամանակ։ Հետո լրիվ խենթացավ։ Բացի այն, որ ուզում էր, որպեսզի Բորմանն իր սիրուհիներին նրանց տուն բերեր՝ նաև խորհուրդ էր տալիս նրան, որպեսզի «մի տարի ինքը հղի լիներ, հաջորդ տարի՝ սիրուհին, որպեսզի նրա կյանքում միշտ լիներ մի կին, որը պատրաստ էր բեղմնավորման»։ Բորմանների ընտանիքի բազմացման այդպիսի նախագիծ։ Բայց ավելի վատն այն էր, որ ոչ միայն Բորմանների ընտանիքի, ինչպես շատ չանցած պարզվեց։ Քառասուներեք թվականին «պտղաբեր Գերդա» Բորմանը, օգտվելով ամուսնու աջակցությունից, հրապարակորեն ելույթ ունեցավ «ազգային ամուսնությունների» անհեթեթ նախագծով։ Նա ուզում էր, որպեսզի «արիացի առողջ տղամարդիկ» կարողանային օրինական երկու կին ունենալ։ Այնպես, ինչպես Երեսնամյա պատերազմից հետո էր։ Հիտլերը պետք է շփեր ձեռքերը։ Չէ՞ որ նա էր ՆՍԳԲԿ[14]-ի ինչ-որ համագումարի ժամանակ հայտարարել, որ «կանանց ռազմադաշտը ծննդատունն է»։
Ռայխի որոշ կանայք ֆյուրերի այդ խոսքերը չափից ավելի բառացի էին հասկացել։ Ինչպես այդ բժշկուհին՝ Կարոլինա Դիլը։ Նա ամուսնուն և Ռայխին չորս երեխա է նվիրել, որոնցից ոչ մեկը նրանը չէր․ նրանք բոլորը կա՛մ հիվանդանոցներից էին գողացված, կա՛մ թուլաների նման շուկայում էին գնված։ Իսկ Դիլը ո՛չ անհավասարակշիռ հոգեկան հիվանդ էր, ո՛չ էլ ֆանատիկոս։ Ընդհանրապես։ Նա կրթված էր, դաշնամուր էր նվագում, ֆրանսերեն էր խոսում և բարեգործությամբ էր զբաղվում։ Եվ այն ժամանակ նա բժիշկ Ռաշերի կինն էր, որը «բացառիկ ունակությունների տեր բժիշկ էր՝ անսահման հավատարիմ ֆյուրերին և Ռայխին», ինչպես գրում էր նրա մասին Հիմլերը[15]։ Ուրիշ ի՞նչ կարող էր գրել ծեր, կամազուրկ Հայնրիխ Հիմլերը՝ ԷսԷս-ի պետը, որի հրամանով Ռաշերը Բուխենվալդում փորձեր էր դնում մարդկանց վրա։ Այդ փորձերի համար միլիոններ էր կորզում Հիտլերից։ Եթե փորձերն ինչ-որ գյուղացի անասնաբույժ դներ, Հիմլերը ճիշտ նույն բանն էր գրելու նրա մասին։
Նա միշտ զարմանում է, երբ մտածում է Հիմլերի մասին։ Հայնրիխ Հիմլերը՝ երկրագնդի բոլոր համակենտրոնացման ճամբարների տերը, մարդ, որն իր կյանքի միակ նպատակը մինչև վերջին հրեայի ոչնչացումն էր համարում, իր սեփական տան մեջ լիարժեք զրո էր։ Վախեցած շան նման, պոչն իրեն էր քաշում, հենց որ Մարգա Հիմլերը նրան էր դիմում իր հայտնի «Հի՛մլեր»-ով։ Իսկ երեկոյան օղու կամ գարեջրի փոխարեն երիցուկի անգույն թեյ էր խմում Մարգայի հետ։ Նրա կինը սկսեց հարգել նրան միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ համարձակվել էր սիրուհի պահել։ Հիմլերը իր «փոքրիկ նապաստակի» համար բնակարան էր գնել Բեռլինի մերձակայքում, և «պտղաբեր Գերդան», որը հաճախ էր այնտեղ լինում, ամբողջ քաղաքին պատմում էր, թե «որքան հարմարավետ և հանգիստ բույն էր ստեղծել Հայնրիխը»։
Դիլը սիրահարվել էր Հիմլերի համար աշխատող գեղեցիկ և շնորհալի բժշկին։ Այդ ժամանակ նա քառասուներեք տարեկան էր, իսկ Ռաշերը՝ քսանյոթ։ Հիմլերը սկզբում դեմ էր այդ ամուսնությանը։ Մագդան Յոզեֆից էր իմացել այդ մասին։ Հիմլերը պնդում էր, որ Դիլը չափազանց ծեր էր, որպեսզի երեխաներ ծներ։ Բայց Դիլը չհամակերպվեց դրա հետ և շատ չանցած ապացուցեց, որ Հիմլերը սխալվում էր։ Սակայն Հիմլերը չէր սխալվում։
Քառասուն թվականին Կարոլինա Դիլը լույս աշխարհ բերեց առաջին երեխային։ Բնականաբար տղա։ Դրանից մի քանի շաբաթ առաջ Դիլն իր զարմուհու հետ, որին պատմել էր այդ գործի մասին, նորածնին հիվանդանոցից էր գողացել, իսկ հետո կաշառել էր մանկաբարձուհուն, իսկ երբ Ռաշերը Հիմլերի հետ ծառայողական գործուղման էր մեկնել, ձևացրել էր, թե վաղաժամ ծննդաբերություն էր սկսվել։ Ռաշերը հպարտ էր, Հիմլերը՝ զարմացած։ Բայց միևնույն է դեմ էր իր պալատական բժշկի ամուսնությանը։ Մեկ տարի անց, հանգամանքների պատահական բերումով ֆյուրերի ծննդյան տարեդարձի նախորդ օրը՝ ապրիլի տասնիննին ծնվեց Ռաշերի երկրորդ որդին։ Հայրն այնքան զբաղված էր, որ նույնիսկ չնկատեց, որ նորածին որդին ութշաբաթական երեխա էր։ Ամեն ինչի պատճառն ընկճախտն էր։ Բայց ինչպես չլինել ընկճախտի մեջ, երբ փորձի ընթացքում յոթանասուն կալանավոր էր մահացել։ Վերջիվերջո Հիմլերն իր համաձայնությունը տալիս է Ռաշերի և Դիլի ամուսնությանը։ Պսակադրությունից հետո Կարոլինա Դիլը (արդեն Ռաշերը) իբրև պարգև մեկնում է դաշնակիցների կողմից ռմբակոծված Դրեզդեն և աղքատ ու հուսահատ մորից առողջ արու զավակ է գնում, և «տանջանքների մեջ ծնում է նրան» իր ամուսնու համար։
Որոշ ժամանակ անց Ռաշերը նկատում է, որ երեխաներից ոչ ոք նման չէ իրեն։ Կարոլինան անհավանական քայլի է դիմում։ Իր տանն է «ծնում» նախապես գնված չորրորդ որդուն։ Սենյակը, որտեղ անցկացվում էր ծննդաբերությունը, այնպիսի տեսք ուներ, ինչպես ֆյուրերն էր ցանկանում։ Ասես «ռազմադաշտ» լիներ։ Անկողինն ամբողջությամբ արյան մեջ էր։ Նա՝ արյունոտ մանուկը կրծքին։ Ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել։ Դրանից մեկ ժամ առաջ զարմուհու հետ ներկել էին անկողինը, իսկ երեխային սպանդանոցի արյան մեջ էին թաթախել։ Բժիշկ Զիգմունդ Ռաշերը չորրորդ որդուն էր ունեցել։ Այդ երեխան, անկասկած, նրա որդին էր։ Չէ՞ որ ինքը հարևան սենյակում էր, երբ կինը ծննդաբերում էր։
Բայց ֆյուրերին, ճիշտն ասած, հիացնում են կանայք, որոնք չեն տեսել «ռազմադաշտը» և ոչ մի արիացի երեխա էլ չեն ծնել։ Պարտադիր չէր, որ նրանք «գերմանուհիներ» լինեին։ Բավական էր, որ «հարյուր ութսուն սանտիմետր հասակ ունենային, շիկահեր լինեին և արագ-արագ քայլելիս առջևից տանեին կանացիությունը», ինչպես ասել էր իր վարորդին, որը երբ չափից շատ էր խմում, առանց երկմտելու այդ ամենը Յոզեֆին էր պատմում։
Կուրծքը չհաշված, որն ընդհանրապես բացակայում էր՝ հենց այդպիսին էր Յունիթի Միթֆորդը՝ այն «անգլիացի օձը», ինչպես նրան անվանում էր Յոզեֆը։ Երեսունհինգ թվականին պատահական հանդիպել էին «Օստերիա Բավարիայում»։ Պարզ հիշում էր նրան։ Մառլեն Դիտրիխին էր նման։ Կարճ, փոքր ինչ գանգուր մազեր ուներ։ Հարյուր ութսուն սանտիմետրից բարձր հասակ։ Մեծամասամբ հագին մինչև կոկորդը կոճկված սև վերնաշապիկ էր, փողկապ՝ վրան ՆՍԳԲԿ-ի կրծքանշանը, սև տաբատ, ճիշտ նույն տաբատից, որը Հելգային էր հագցնում ձիով զբոսանքի գնալիս, և մոտովարորդի ձեռնոցների նման կաշվե ձեռնոցներ։ Անգլիացի ազնվական կին, որը թողել էր իր՝ Անգլիայում գտնվող Տյուդորների ոճի մեջ դղյակը, եկել էր Մյունխեն և տեղավորվել առանց վերելակ հին շենքի ձեղնահարկում գտնվող բնակարանում, որի զուգարանը միջանցքում էր, որպեսզի «Նրա կողքին» լիներ։ Ըստ երևույթին, իսկապես սիրահարված էր Հիտլերին։
Ճշմարիտ գերմանուհի նացիստները շատ բան կարող էին սովորել անգլուհի, նացիստ Յունիթի Միթֆորդից։ Բայց հետո անգլիացիները հիմար սխալ թույլ տվեցին։ Մինչև հիմա չի կարողանում հասկանալ։ Մի՞թե թքած չունեին վայրի Լեհաստանի վրա։ Ինչո՞ւ էին երեսունինը թվականի սեպտեմբերի երեքին միանգամից պատերազմ հայտարարել Երրորդ Ռայխին։ Երբեք չի հասկանա դա։ Մի անգամ Յոզեֆի հետ եղել է Լեհաստանում։ Կա՛մ Գդանսկում, կա՛մ Կրակովում, արդեն չի հիշում։ Հիշում է միայն, որ փողոցներում լիքը հարբած մարդիկ կային, ամենուրեք աղքատ մարդիկ էին, իսկ ռեստորաններում արյունային երշիկի հոտ էր գալիս։ Իսկ նա օրգանապես տանել չի կարողանում արյունային երշիկը։ Եվ նման պետության համար Անգլիան պատերազմ է հայտարարել Ռայխին։ Կարծում էր, թե այդ ինքնագոհ, թանձրամարմին Չերչիլն այնուամենայնիվ փոքր ինչ ավելի խելացի է։
Միթֆորդի համար սեպտեմբերի երեքը վերջին օրն էր։ Ծրարի մեջ դրեց Հիտլերի լուսանկարը, կուսակցական պարգևն ու հրաժեշտի նամակը, իր առեղծվածային սև համազգեստը հագին վաղ առավոտյան գնաց Մյունխենի Անգլիական այգի, նստեց նստարանին և հրազենով ինքնասպան եղավ։
Նա կարծում էր, թե հանուն «մեր գործի» էր ինքնասպանություն գործել։ Ըստ Յոզեֆի՝ Յունիթին մինչև վերջ էլ անգլիացի լրտես էր և հանուն «Չերչիլի գործի» էր ինքնասպանություն գործել։ Ուղղակի տանել չէր կարողանում նրան, քանի որ Յունիթին Հիտլերի ընդունելությունների ժամանակ բացարձակ ուշադրություն չէր դարձնում նրան՝ իբրև տղամարդու։ Բացի այդ՝ տանել չէր կարողանում իրենից բարձրահասակ կանանց։
Բայց ցածրահասակներին նույնպես երբեմն տանել չէր կարողանում։ Հատկապես նրանց, ովքեր ավելի նացիստ էին, քան ինքը։ Հազվադեպ էր նման բան պատահում։ Բայց պատահում էր։ Ինչպես «բոլոր նացիստ քածերի մոր դեպքում», ինչպես նրան Հիմլերն էր անվանում, երբ չափից ավելի շատ էր ազնվամորու թրմօղի խմում։ Իսկ Հիմլերը՝ իբրև ԷսԷսի պետ, գիտեր, թե ինչ էր ասում։ «Բոլոր նացիստ քածերի մայրը» ոչ այլ ոք էր, քան Լինա Հեյդրիխը։ Տղամարդանման դիմագծերով տգեղ կին՝ բարակ, միշտ սեղմված շրթունքներով և ատելությամբ լի հայացքով։ Ռայնհարդ Հեյդրիխի[16] կինը, որին ռայխստագում «Գերմանական Ռայխի առաջին աղբահան» էին կոչում։ Եվ բոլորը գիտեին, թե խոսքն ինչ աղբի մասին էր։ Իրականում «հրեական վարակի վերջնական մաքրման» գաղափարի հեղինակը, ինչպես նրան տեղեկացրել էր Յոզեֆը, Լինա Հեյդրիխն էր, այլ ոչ թե նրա դրանով զբաղված ամուսինը։ Բայց այրու աստղային ժամը հասունացավ այն ժամանակ, երբ քառասուներկու թվականին Պրահայում մահափորձի արդյունքում զոհվեց նրա ամուսինը։ Ատելությամբ կուրացած Լինա Հեյդրիխը Ռայխի ողջ տարածքով ստրուկ հրեաների գաղութների կառուցման մանրակրկիտ նախագիծ մշակեց։ Դիակիզարաններով` գոմերի, ախոռների և ջրհորների հարևանությամբ։ Հրեա երեխաներին թվերով դաջելով՝ առանց նրանց անուններ տալու։ Ստրուկների համար տարիքային ամենբարձր շեմը 40-ը սահմանելով և հիվանդների անհապաղ լիկվիդացումով։ Հավանաբար միայն կինն է ունակ այդպես ատելու և այդպես վրեժխնդիր լինելու։
Յոզեֆը 19։20 կգա։ Ո՛չ, ոչ մի դեպքում չեմ ասի նրան Հելգայի մասին։
Երբ այդ Շտումպֆեգերը ճչալով միջանցք վազեց, մոտեցա ռադիոկայանին և Հելմուտին տեղափոխեցի գորգի վրա՝ բազմոցի կողքին։ Գեդայի և Հայդայի կողքին դրեցի նրան։ Հետո նրանց կողքին դրեցի Հիլդային և Հոլդային։ Այնուհետև տեղափոխեցի Հելգային։ Հելմուտի տաբատը ծնկի հատվածում պատռված էր, իսկ Գեդայի զգեստի վրա մի քանի ճարմանդ չկար։ Իսկ ես հստակ կարգադրել էի Լիզլին ամենալավ հագուստները հագցնել երեխաներին։ Դռների մոտ դրված բազկաթոռին միայն երեք ասեղնագործ բարձ կար։ Հայդայի, Գեդայի և Հիլդայի գլոուխների տակ դրեցի դրանք։ Բացեցի Հայդայի սեղմած բռունցքն ու հանեցի դատարկ սրվակը։ Այդ պահին ներս մտան ռադիովար Միշը և բժիշկ Նաումանը։ Նրանք ծնկի իջան երեխաների կողքին և սկսեցին աղոթել։ Ես նստել էի բազմոցին՝ ձեռքումս սեղմելով իմ սրվակը, որը պետք է երեկոյան խմեի։ Մեկ րոպե հետո վեր կացա և մեր բունկեր բարձրացա։ Երբ դուրս էի գալիս, Միշը և Նաումանը շարունակում էին աղոթել։
Յոզեֆը 19։20 կգա։ Անկասկած, ոչինչ չեմ ասի Հելգայի մասին։
Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, 1933-1945 թվականներին Կայսրության ազգային լուսավորության և քարոզչության նախարար, 1930 թվականից սկսած Գերմանական ազգային-սոցիալիստական աշխատանքային կուսակցության ռեյխսլայտեր, 1933-1945 թվականներին կայսրության մշակույթի պալատի նախագահ, 1926-1945 թվականներին Բեռլինի գաուլայտեր, 1942-1945 թվականներին Բեռլինի պաշտպանության կոմիսար, 1944-1945 թվականներին Բեռլինի քաղաքային նախագահ, 1945 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 1-ը ռեյխսկանցլեր։
[2] Չեխ դերասանուհի, նախապատերազմյան գերմանական կինոյի աստղ և Յոզեֆ Գեբելսի սիրուհին։
[3] Ռազմականացված արտոնյալ կազմակերպություն ֆաշիստական Գերմանիայում։
[4] Մի երկրի կամ նրա մի մասի բռնի կցումը մի այլ երկրի, առկցում, բռնակցում:
[5] Ֆաշիստական արյունռուշտ գաղտնի ոստիկանություն։
[6] Գերմանիայի տարածքում գտնվող ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից։
[7] Վայմարյան Հանրապետության, Երրորդ Ռայխի և հետպատերազմյան Գերմանիայի դրամական միավոր 1924-1948 թվականներին։
[8] Ապաչների մեսկալերո ցեղի մտացածին առաջնորդի կերպար, գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի մի շարք գրքերի գլխավոր հերոս
[9] Գերմանացի պետական և քաղաքական գործիչ, 1933 թ-ի հուլիսի 3-ից ֆյուրերի գրասենյակի ղեկավար, 1942 թ-ի ապրիլից Ֆյուրերի անձնական քարտուղար։
[10] Քաղաք Ավստրիայի հյուսիսային մասում։
[11] Գերմանացի օդաչու-փորձարկիչ։
[12] Նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի՝ Մարտին Բորմանի կինը։
[13] Հին Հռոմում ազատածին ամուսնացած կնոջ պատվավոր անվանում, որն մեծ հարգանք էր վայելում Հռոմեական կայսրությունում և վերին խավին էր պատկանում։
[14] Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն։
[15] Ադոլֆ Հիտլերի ամենահավատարիմ մարդկանցից, որը եղել է Ֆյուրերի պայքարում «ամենասկզբից»։ Ղեկավարել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության պահնորդական ջոկատները՝ ԷսԷս (SS)։
[16] Նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ։