Նարե Հայրապետյան | Գժվել եմ անձրևի կաթիլների պես

Երբ երկինքն ընկնի ջրի բաժակիդ մեջ,
Ես կլինեմ կապույտը, որը չես տեսնի․․․
Երբ գիշերները պառկես սառած անկողնուդ մեջ,
Ես կլինեմ երաժշտությունը, որ կլսես քնելուց առաջ․․․
Երբ կյանքը քեզ ծաղիկներ նվիրի,
Ես կլինեմ գույները, որ կբուրեն մինչև 6-րդ օրը․․․
Երբ առավոտյան չուզես բացել աչքերդ,
Ես կլինեմ տաքությունը, որ քեզ կգրկի․․․
Երբ ուզես այլևս չլինել,
Ես կլինեմ դու, որ ապրես, գեթ, մեկ օր ավել․․․

***

Մարտի պես գժվել եմ ես:

Գժվել եմ անձրևի կաթիլների պես,
Որ գլորվում են նոր բացված ծաղկի վրայով
Եվ թափում փոշին՝ ընկնելով գետնին:

Գժվել եմ սարերից իջնող քամու պես,
Որ իր հետ վերցնում է գագաթների ձյունը
Եվ խառնվում է մարդկանց հետ՝ հպվելով նրանց մազերին:

Գժվել եմ եղանակի պես,
Որ մեկ արև է,
Մեկ՝ փոթորիկ,
Մեկ կարկուտ է,
Մեկ էլ՝ քամի…

Ամառ է ինձ պետք:
Տաք օրեր՝ լցված մեղուներով,
Որ քամու փոխարեն լողում են փոշում,
Բուրում, երգում, արարում…
Փոխե՛ք ուղղությունները քամիներիս,
Մտքերիս, սրտիս,
Ուզում եմ ծաղկել, շողալ,
Դառնալ ծաղկափոշի,
Որ ներկում է մեղվի
Տոտիկները և դառնում մեղր՝
Քաղցր,
Որ ծորում է քո ոսկե աչքերի առաջ,
Երբ ձմռան ցրտին ուզում ես մեղրով թեյ խմել:
Մեղրով,
Որը պատրաստվել է ինձնից,
Մտքերիցս,
Հոգուցս,
Գույներիցս,
Բայց ամենակարևորը
Պատրաստվել է սիրով:
Սիրով, որը պատկանում է քեզ:

 

***

Նստած խոհանոցի խոնարհ աթոռին՝
Գլուխս հենել եմ եղբորս ուսին,
Լսում եմ Էլլա Ֆիջգերալդին:
Լույսը սահում է մատերիս արանքով,
Երբ գրիչս բռնած գրում եմ բառեր,
Որոնք թափվում են այս խուլ գետնին:
Բայց հիմա կարևորը…Ոչի՞նչն է…
Թե՞ կարևոր է ամենը…
Ամեն մի մանրուք,
Որ հասնում է ուղեղիս, հոգուս…

Զգում եմ տաքությունը եղբորս ձեռքի,
Եվ հանգստացնում է նրա ներկայությունը:

Հոգնել եմ այսօր
Վազելուց, խոսելուց…

Լսում եմ դրսի մանր անձրևը
Եվ զգում եմ բույրը նոր ծաղկած կանաչի:

Մեքենաները հատում են փողոցը,
Մարդիկ վազում են՝
Չմտածելով,
Որ պետք է շնորհակալ լինենք անձրևանոցին,
Որ օգնում է չոր պահել մեր գլուխները,
Կամ էլ շնորհակալ լինենք չինացիներին,
Որ հասկացել են գլխի կարևորությունը:

Կապույտ է ամեն բան,
Կամ էլ միայն ես եմ այն տեսնում,
Քանի որ սիրում եմ:

Թաղե՛ք ինձ կապույտ երկնքում…
Չէ՛… Կապույտ լճում…
Կամ էլ խոհանոցի պատերում…
Կապույտ ծաղիկների դաշտում…
Կապույտ գնդակների մեջ…
Ներկե՛ք կապույտով ինձ ու աշխարհը…
Քամուն տվե՛ք, որ հասնեմ վերև,
Կամ էլ կախեք լվացքի պարանից…
Օրորվեմ, շորորվեմ, չորանամ…
Հետո կարդուկեք, կդասավորեք Ձեր պահարանում,
Ու կմոռանաք ինձ,
Որ ներկվել էր երկնքի գույնով:

 

***

Կարելի է վաճառել իմ մտքերով եռացրած ջուրը,
Եվ այդ գումարին քեզ համար գնել զգացմունքներ։
Կարելի է լցնել շաքար, գունավորել պաղպաղակը,
Եվ համոզել, թե բա քաղցր է մրգի՛ հաշվին։
Կարելի է ծառեր տնկել ամայի մեծ տարածքներում,
Եվ տուն սարքել դրանցից պատրաստված տախտակներով։
Կարելի է գրկել ուժեղ, «Կարոտել եմ» ասել,
Եվ մոռանալ հաջորդ օրվա «Բարի՜ լույս»-ը։

 

***

Կարելի՞ է փախչել ինքդ քեզնից։
Կարելի՞ է դառնալ բույրը կարմիր վարդի
Կամ շունչ առնել գարնանամուտին,
Ինչպես նուրբ ու փոքր մանուշակը ծավի։
Կարելի՞ է ապրել ամենը միանգամից
Եվ շարունակել շնչել հանգիստ
Կամ էլ հասնել Անդրոմեդա
Եվ սպասել նրա՝ Ծիր Կաթինին բախմանը մեծ։
Կարելի է փորձել, գուցե, վառել բոլոր նկարները
Եվ վրձինով արդեն ներկել երկինքը մեր
սպիտակ ու կոշտ այս կտավների փոխարեն։
Կարելի՞ է արդեն կարողնալ ապրել,
Էլ չսպասել մարդկանց գովքին,
Իսկ ամռանը՝ հին հավքերի նոր գալուստին։
Կարելի՞ է շնչել թեթև, քայլե՛լ թեթև, թռչե՜լ թեթև
Եվ մոռանալ, թե ինչ ծանր է երկրագունդը։
(Արևի մասին դե էլ չասեմ)
Մի՞թե արդեն կարելի է ինքդ քեզ սիրել,
Երբ սիրել ես բոլոր մարդկանց իրենց չափով։

Իսկ որտեղի՞ց գտնեմ չափը ինձ սիրելու։

Ո՞ր անկյունում ես կարող եմ դնել կապույտ օրերիս մեծ ծաղկեփունջը։
Եվ ո՞ր կրպակից պետք է գնեմ թղթերը լուրթ, որ կտրտեմ, սարքեմ երկինք։
Կարելի՞ է լինել շիտակ ու բոլորին մարդ համարել։
Ախր, ինչպե՜ս կարելի է այս գեղեցիկ
ու
դրախտային կյանքը այսպես
հարամ անել։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *