Սերգեյ Դովլաթով | Գնդապետն ասում է՝ սիրում եմ

Սերգեյ Դովլաթով– Մեր աշխարհն անհեթեթ է,-ասում եմ կնոջս,ու մարդու թշնամին տնեցիք են իր:
Կինս բարկանում է, չնայած կատակով եմ ասում:
Ի պատասխան լսում եմ.
– Քո թշնամին էժանանոց պորտվեյնն ու ներկված շիկահերներն են:
– Ուրեմն ես ճշմարիտ քրիստոնյա եմ: Քանզի Քրիստոս ուսուցանում էր սիրել թշնամիներին:
Այս խոսակցությունը շարունակվում է արդեն քսան տարի: Համարյա քսան տարի…
Ես Ամերիկա եկա ապահարզանի երազանքով: Բաժանվելու միակ պատճառը կնոջս ծայրահեղ անվրդովությունն էր: Նրա հանգստությունը սահման չունի:
Ապշեցուցիչ է, թե ինչպես կարող են մարդու մեջ մեկտեղվել հանդարտությունն ու հակակրանքը…
Մենք ծանոթացանք վաթսուներեք թվին: Բանն այսպես եղավ:
Ես առանձին մուտքով սենյակ ունեի: Պատուհանները նայում էին աղբանոցին: Համարյա ամեն օր ընկերներս հավաքվում էին ինձ մոտ:
Մի անգամ արթանացա կեսգիշերին: Տեսա անլվա ամանների կույտը սեղանին ու շուռ տված բազկաթոռը: Չուզելով մտաբերեցի նախորդ օրվա անցուդարձը: Հիշում եմ՝ երեք անգամ վազեցի օղի բերելու: Ինչ-որ մեկը այսպես արտահայտվեց.
«Գնանք Ելիսեեւյան: Մինչեւ էնտեղ երեք հարյուր մետր է, հետ գալն էլ՝ մոտավորապես էդքան…»:
Սկսեցի միտք անել թափթփած սենյակում նախաճաշելու մասին:
Հանկարծ զգում եմ՝ մենակ չեմ: Բազմոցին, սառնարանի ու ռադիոլայի արանքում, քնած մարդ կա: Շրշյուններ ու հոգոցներ են լսվում: Հարցրի.
– Դուք ո՞վ եք:
– Ասենք թե՝ Լենան,պատասխանեց անսպասելիորեն հանգիստ կանացի ձայնը:
Մտքի մեջ ընկա: Լենա անունը այնքան էլ հաճախ չի հանդիպում: Ծանոթներիս մեջ գերակշում էին Թամարաներն ու Լարիսաները: Հարցրի.
– Իսկ ի՞նչ կարգավիճակում եք էստեղ, Լե՛նա: Ավելի պարզ՝ ո՞րն է ձեր սոցիում էռ ակտումը:
Լռություն տիրեց: Հետո հանգիստ կանացի ձայնն ասաց.
– Ինձ Գուրեւիչն է մոռացել…
Գուրեւիչը գրքի շուկայի ծանոթներիցս էր: Երկու տարի անց նստացրին:
– Ո՞նց թե՝ մոռացել է:
– Գուրեւիչը հարբել էր, տաքսի կանչեց…
Սկսեցի ինչ-որ բան մտաբերել:
– Դարչնագույն շորո՞վ էիք:
– Ընդհանուր առմամբ՝ հա: Կանաչ շորով: Գուրեւիչը պատռեց: Ինչ-որ մեկի գիմնաստյորկայով եմ քնել:
– Բանակիս բլուզն է: Այսպես ասած՝ մասունք: Գնալիս հանեք:
– Էստեղ ինչ-որ շքանշան կա:
– Մարզական կրծքանշան է,ասում եմ:
– Ի՜նչ էլ ծակում է… Չթողեց քնեմ…
– Նրան,-ասում եմ,-կարելի է հասկանալ…
Վերջապես հիշեցի այդ կնոջը: Նիհար, գունատ, մոնղոլական աչքերով:
Այդ ընթացքում լույսը բացվեց:
– Շրջվեք,-խնդրեց Լենան:
Մռութս ծածկեցի թերթով: Ակուստիկան անմիջապես փոխվեց: Օրիորդը գնաց դեպի դուռը: Ոտնաձայնից դատելով՝ իմ վելվետե հողաթափերն էր հագել:
Դուրս եկա ծածկոցի տակից: Օրը տարօրինակ ու խորհրդավոր էր սկսվում:
Հետո՝ անճարակ իրարանցում միջանցքում: Ոչ այնքան բարակ ազդրերիս փաթաթած ցամքոց: Ծնկներին չհասնող զինվորական վերնաշապիկ…
Ոչ առանց դժվարության ճանապարհ տայինք իրար: Ես մտա լոգարան: Ցնցուղից հետո իմ կյանքում հարաբերական պարզություն է հաստատվում:
Դուրս եմ գալիս երեք րոպեից, սեղանին սուրճ է, թխվածք, ջեմ: Չգիտես ինչու՝ դոնդողաձուկ…
Այդ ընթացքում Լենան արդեն հագնվել էր. Օձիքի անտիկ բացվածքը՝ Ֆիմա Դուրեւիչի անսանձ զգայականության հետքը՝ սազում է նրան:
– ճիշտ որ,-ասում եմ,-կանաչ է…
Դեսուդենից խոսելով՝ նախաճաշեցինք: Ամեն ինչ լավ էր, թեթեւ ու նույնիսկ հաճելի: Ընդհանրական խելագարության ինչ-որ ուղղվածությամբ…
Լենան վերցրեց պայուսակը, կոշիկները հագավ ու ասում է.
– Ես գնացի:
– Շնորհակալ եմ հաճելի առավոտի համար:
Հանկարծ լսում եմ:
– Վեցի կողմերը կգամ:
– Լավ,-ասում եմ…
Մի դեպք հիշեցի: Ընկերոջս հետ գալիս ենք բաղնիքից: Միլիցիոները կանգնեցրեց: Լարվեցինք, հարցնում ենք.
– Ի՞նչ է պատահել:
Իսկ նա ասում է.
– Չե՞ք հիշում՝ երբ է տպվել Ախմատովայի «Համրիչը»:
– Հազար ինը հարյուր տասնչորս թվին: «Հիպերբորեյ» հրատարակչություն, Սանկտ-Պետերբուրգ:
– Շնորհակալ եմ: Կարող եք գնալ:
– Ո՞ւր,-հարցնում ենք:
– Ուր կուզեք,-պատասխանում է: Ազատ եք…
Ինձ այն ժամանակ ապշեցրեց առօրեականության ու խելագարության խառնուրդը: Ու հիմա էլ մոտավորապես այդպիսի զգացողություն էր:
– Կգամ,-ասում է,-վեցի կողմերը…
Իսկ ես հինգ անց կեսին ժամադրության եմ: Ընդ որում, նույնիսկ ոչ կնոջ հետ, այլ՝ Բրոդսկու: Հետո՝ բանկետ ինչ-որ մեկի պաշտպանության առթիվ:
Զանգում, հետաձգում եմ ժամադրությունը: Տաքսիով սլանում եմ տուն: Երեւի, մտածում եմ, պետք է երկրորդ բանալի պատվիրել:
Սպասում եմ: Գալիս է վեցին մոտ: Բացում է մթերապայուսակը, իսկ այնտեղ պահածոներ են, ձու, ձուկ:
Դուք,-ասում է,-ձեր գործերով զբաղվեք: Իսկ ես ուտելիք կպատրաստեմ:
Այդ պահին մի խելագար միտք ծնվեց: Հանկարծ ու՝ ինչ-որ մեկի հետ շփոթում է: Որեւէ հարազատ ու թանկ մարդու հետ: Հանկարծ ու՝ աշխարհի խենթությունն այսքան հեռու է գնացել…
Ընթրեցինք: Նստեցի գրելու: Լենան ամանները լվաց: Միացրեց հեռուստացույցը:
Հեռուստացույցս երկու տարի չէր աշխատում: Ու հիմա հանկարծ աշխատեց, ոնց որ նոփ-նոր լիներ…
Սկսեցի ինչ-ինչ փոփոխություններ նկատել: Լվացարանի գլխին արտասահմանյան սրվակներ հայտնվեցին: Իմ զգեսաապահարանում թավշակաշվե ինչ-որ բան կախվեց: Սառնարանի կողքին հաստատվեցին բաց դարչնագույն կարճաճիտք կոշիկները: Նույնիսկ բնակարանի հոտն էր փոխվել:
Իջավ երեկոն: Լենան ասում է.
– Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ:
-Թեյ:
Ինչ-որ քաղցրաբլիթներով թեյ խմեցինք: Սինչ այդ երեսուն տարի կլիներ՝ քաղցրաբլիթ չէի կերել…
Նայեմ՝ գիշերվա մեկն է: Երեւի արդեն պետք է քնել: Լենան ասում է.
– Սպասեք խոհանոցում:
Նստել՝ ծխում եմ: Կարդացի անցած երեքշաբթվա թերթը: Մտնում եմ սենյակ՝ քնած է: Նույն բազմոցին: Միայն թե գիմնաստյորկայիս փոխարեն՝ ինչ-որ վարդագույն բանով:
Պառկեցի: Ականջ եմ դնում՝ ոչ մի ձայն: Գոնե կոտրատվեր մի քիչ՝ քնի մեջ շարժվեր…
Սպասեցի տասը րոպե ու ես էլ քնեցի:
Առավոտյան՝ ամեն ինչ սկզբից: Թեթեւ իրարանցում, ցնցուղ ու կաթով սուրճ:
– Այսօր,-ասում է,-կուշանամ… Կգամ տասնմեկից հետո: Այնպես որ, չանհանգստանաք…
Գնացի խմբագրություն: Այնտեղից՝ ժուռնալիստների միության բար: Ինչ-որ շվեդուհու հետ ծանոթացա, հյուրանոց էր կանչում: Մի գլուխ կրկնում էր.

– Կազա՛կ, ինձ ռուսական օղի լցրու…
Ընկերներս պատրաստվում էին գնալ ինչ-որ ավանգարդիստի ընդհատակյա համերգին: Ընդորում, բավական տարօրինակ ավանգարդիստ էր, եթե կարելի է այդպես արտահայտվել: Պառկած էր թավջութակ նվագում… Մի խոսքով՝ լիքը գայթակղություններ: Իսկ ես տուն եմ շտապում: Շտապում եմ իմ խելագարանոցը:
Երեկոյան սպասեցի գա ու ասում եմ.
– Լե՜նա, եկեք խոսենք: Կարծում եմ՝բացատրվելու կարիք կա: Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Ես մի քանի նրբանկատ հարց ունեմ: Թույլ կտա՞ք՝ առանց ձեւականությունների:
– Լսում եմ,- ասում է:
Իսկ դեմքը հանգիստ է ամբարտակի պես:
Հարցնում եմ.
– Դուք, ի՞նչ է, ապրելու տեղ չո՞ւնեք:
Օրիորդը մի քիչ նեղացավ: Ավելի ճիշտ՝փոքր-ինչ զարմացավ.
– Ինչի՞ չունեմ: Բնակարան ունեմ Ամառանոցայինում: Իսկ ինչո՞ւ եք հարցնում:
– Չէ , բան չկա… Ինձ թվաց… Կարծում էի… էդ դեպքում՝մի հարց էլ: Զուտ ընկերական… Հազար ներողություն… Գուցե ես ձեզ դո՞ւր եմ գալիս:
Լռություն տիրեց: Զգում եմ, որ կարմրում եմ: Վերջապես ասաց.
– Ձեր դեմ բողոք չունեմ:
Այդպես էլ ասաց. բողոք, ասում է, չունեմ:
Ավելի ծանր լռություն տիրեց: Ինձ համար ծանր: Նա տոգորված էր անվրդովությամբ: Հայացքը՝պաղ ու պինդ, ճամպրուկի անկյունակի պես:
Այստեղ մտքի մեջ ընկա: Գուցե նրա հանդարտությունը սեռային տարբերակումից բա՞րձր է: Տղամարդու հանդեպ կենսաբանական հակումից բարձր: Մշտաբնակության բուն գաղափարից բարձր…
Ինչ կա որ, մտածում եմ: Համենայն դեպս, նկատելի մարդ եմ, անզուսպ: Բավական շատ եմ խմում: Ավելորդ բաներ խոսում: «Գերմանական ալիքն» է ինձ հիշատակել… Գուցե այս ֆանտաստիկ տիկնոջը կցելեն սկսնակ այլախոհի՞ն…
Մտածում եմ՝ասեմ, կսկսի գոռալ: Իսկ եթե իրավացի եմ՝ավելի բարձր…
Լսում եմ.
– Չէ՜, վարսավիրանոցում եմ աշխատում…
Ու հետո.
-Եթե էլ հարցեր չկան, եկեք թեյ խմենք:
Ամեն ինչ հենց այդպես էլ սկսվեց: Ցերեկները վազվզում էի՝որեւէ ձախ գործ գտնեմ: Վերադառնում էի անտրամադիր, նվաստացած ու չար: Լենան հարցնում էր.
– Ձեզ թե՞յ, թե՞ սուրճ:
Համարյա չէինք խոսում: Ընդամենը կարճ գործնական տեղեկատվության փոխանակում էր: Օրինակ, նա հայտնում էր.
– Ձեզ ինչ-որ Բեսկին էր զանգել:
Կամ.
– Որտե՞ղ եք պահում լվացքի փոշին:
Իմ գործերը նրան չէին հետաքրքրում: Ես էլ ոչինչ չէի հարցնում:
Խելագարությունն ամենօրյա, առտնին, կայուն ձեւեր առավ:
Ապրելակերպս մի քիչ փոխվեց: Երկրպազուհիներս ավելի ու ավելի քիչ էին զանգում: Ասենք, ի՜նչ զանգել, երբ անվրդով կանացի ձայն է պատասխանում:
Մենք բացարձակապես անծանոթ էինք իրար:
Լենան աներեւակայելիորեն լռակյաց ու հանդարտ էր: Բայց դա փչացած բարձրախոսի ճնշող լռություն չէր: Ոչ էլ հակատանկային ականի սպառնալից հանդարտություն: Ծառասաղարթին անտարբեր ականջող արմատի լուռումունջ խաղաղություն էր…
Անցավ մի շաբաթ: Շաբաթ երեկոյան չդիմացա: Ասում եմ… Չէ՜, գոռացի.
– Լե՜նա: Լսեք: Թույլ տվեք լրիվ անկեղծ լինել: Մենք ամուսնական կյանք ենք վարում… Բայց առանց ամուսնական կյանքի գլխավոր տարրի… Տնտեսություն ունենք… Դուք լվացք եք անում… Բացատրեք՝ի՞նչ է նշանակում այս ամենը… Քիչ է մնում խելագարվեմ…
Լենան ինձ հառեց անվրդով, բարյացակամ հայացքը.
– Ես ձեզ խանգարո՞ւմ եմ: Ուզում եք գնա՞մ:
– Չգիտեմ՝ինչ եմ ուզում: Ուզում եմ հասկանամ… Սերը հասկանում եմ: Անառակությունը հասկանում եմ… Ամեն ինչ, բացի այս կանոնակարգված խելագարությունից… Եթե պետանվտանգության գործակալ լինեիք, ամեն ինչ կարգին կլիներ… Նույնիսկ կուրախանայի… Դրա մեջ տրամաբանություն կնշմարվեր… Իսկ էսպես…
Լենան լռեց-լռեց ու ասում է.
– Եթե պետք է, ասեք՝կգնամ:
Հետո՝մոնղոլական աչքերը մի քիչ խոնարհելով.
– Եթե ձեզ դա է պետք, խնդրեմ:
– Այսինքն՝ի՞նչը:
Թարթիչներն ավելի իջան: Ձայնն ավելի հանդարտ էր հնչում: Ես լսեցի.
– Ինտիմ շփման իմաստով:
– Չէ՜,- ասում եմ,- ինչի՞ համար…
Մի՞թե կհամարձակվեմ, մտածում եմ, այդպես կոպիտ խռովել այս հանդարտությունը:
Երկու շաբաթ էլ անցավ: Եվ ինձ փրկեց օղին: Քեֆ էի անում մի առաջադիմական խմբագրությունում: Տուն եկա գիշերվա մեկի կողմերը: Ու, ոնց ավելի լավ արտահայտվեմ՝ կորցրի զգաստությունս… Ոտնձգեցի… Գնացի ապագա կալանավոր Գուրեւիչի խոտոր ճանապարհով…
Իմ նետած քարը պառկեց օվկիանոսի հատակին:
Դա սեր չէր: Առավել եւս՝րոպեական թուլություն: Քաոսից պաշտպանվելու փորձ էր:
Մենք նույնիսկ «դու»-ի չանցանք:
Իսկ մի տարի անց ծնվեց աղջիկս՝ Կատյան: Այդպես էլ ծանոթացանք…
Որպես ամուսին՝ ես կասկածելի ձեռքբերում էի: Տարիներ շարունակ մշտական աշխատանք չունեի: Օժտված էի որակազրկված ցլամարտիկի խունացած արտաքինով:
Պատմվածքներս չէին տպում: Ավելի ու ավելի չար ու պակաս զգուշավոր էի դառնում: Յոթանասուն թվի ամռանը առաջին ձեռագրերս գնացին Արեւմուտք:
Օտարերկրյա ծանոթներ հայտնվեցին: Նստում էին մինչեւ ուշ գիշեր: Հաճույքով օղի էին խմում՝վրայից լյարդութոքի երշիկ ծամելով:
Կոմունալ հարեւան Տիխոմիրովը սպառնալից քրթմնջում էր.
– Ա՜յ թե ծանոթներ ունեք: Իսկը Սինյավսկի ու Դանիէլ…
Նույն տարվա աշնանը ինձ նորից հիշատակեցին արեւմտյան ռադիոկայանները:
Լենային իմ պատմվածքները չէին հետաքրքրում: Նրան ընդհանրապես չէր հետաքրքրում գործունեությունը որպես այդպիսին: Այդ սահմանափակությունն ինձ նրա անսահման հանգստության մասն էր թվում:
Իմ կյանքում, այսպիսով, իշխում էին երկու հակամարտող տարերքներ: Ձախից մոլեգնում էր սաղմնավորվող նոնկոնֆորմիզմի օվկիանոսը: Աջից քաղքենիական բարօրության անդրդվելի հարթությունն էր փռվել:
Այդպես էլ սոթ տալով՝դեգերում էի երկու օվկիանոսների արանքում՝ նեղլիկ հողաշերտով:
Լենան այդ ընթացքում հեռացավ իր վարսավիրանոցից: Աշխատանքի տեղավորվեց «Սովետական գրող» հրատարակչությունում, որպես սրբագրիչ: Ինձ համար անակնկալ էր: Չգիտեի էլ, որ այդքան գրագետ է: Ինչպես որ շատ այլ բաներ չգիտեի: Ու մինչ օրս էլ չգիտեմ…
Մի տարի անց նա կոնֆլիկտ ունեցավ իշխանությունների հետ: Բանն այսպես եղավ:
Հրատարակչությունը տպել էր Ախմատովայի գիրքը: Չէր ճարվում: Աշխատակիցներին սահմանափակ թվով օրինակներ հասան: Ոմանց ընդհանրապես անտեսեցին: Այդ թվում՝կնոջս:
Լենան գնաց հրատարակչության տնօրենի մոտ: Արտահայտեց իր բողոքը: Կոնդրաշովն ի պատասխան, ձայնն իջեցնելով, ասաց.
– Քաղաքական բարդ ենթատեքստը չեք ընկալում: Տպաքանակի մեծ մասն ուղարկվել է արտասահման: Մենք պարտավոր ենք փակել բուրժուական քարոզչության բերանը:
– Իմ բերանը փակեք,- խնդրել էր Լենան…
Այդպես մեր միջեւ այլախոհական մասնակի փոխըմբռնում հաստատվեց:
Տարիներն անցնում էին: Մեր աղջիկը մեծանում էր: Իմ ճապոնական տրանզիստորը նկատի ունենալով՝ասում էր.
– Ես քո «բիբիսին» պատուհանի գոգին եմ դրել…
Աղքատ էինք ապրում, հաճախ վիճում էինք: Ես ափերից
դուրս էի գալիս, կինս լռում էր:
Լռությունը մեծ ուժ է: Այն, որպես կենսաբանական զենք, պետք է արգելել…
Ես շարունակ բողոքում էի հեռանկարի բացակայությունից: Լենան ասում էր.
– Երկու հազար պատմվածք գրի: Կարող է գոնե մեկը տպե՞ն…
Մտածեցի՝ի՞նչ է խոսում: Ինձ ի՞նչ օգուտ մի պատմվածքից:
Նույնիսկ նեղացա:
Իզուր…
Տարբեր էին մեր ընդգրկումներն ու համամասնությունները: Ես շեշտը դնում էի միավորի վրա: Լենան շեշտադրում էր քանակությունը:
Նա իրավացի էր: Հաղթել կարելի է միայն քանակով: Ամբողջ համաշխարհային պատմությունը դա է ապացուցում…
Ես այնքան քիչ գիտեի կնոջս մասին, որ շարունակ զարմանում էի: Ինձ ապշեցնում էր նրա հանդարտության ցանկացած խաթարում…
Մի անգամ լաց եղավ, որովհետեւ նվաստացրել էին տնային կառավարչությունում: Անկեղծ ասած՝նույնիսկ ուրախացա: Ուրեմն ինչ-որ բան կարող է նրա կիրքն արթնացնել…
Բայց դա հազվադեպ էր պատահում: Առավել հաճախ անդրդվելի էր…
Յոթանասունական թվերին սկսվեց վտարանդությունը: Մեկնում էին մեր մտերիմ ընկերները: Այդ թեմայով անվերջանալի խոսակցություններ էին գնում: Իսկ ես շարունակ պնդում էի.
– Էնտեղ ի՞նչ ունեմ անելու: Հայրենի տնից փախչելն անհեթեթ է: Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է, ուրեմն բանտն է մեր տեղը…
Լենան լռում էր: Կարծես ավելի լռակյաց էր դարձել:
Օրերը ձգվում էին անվերջանալի տրտում կերուխումով, հաճախակի հրաժեշտներով ու գիշերային զրույցներով…
Լավ եմ հիշում այդ փետրվարյան օրը: Լենան աշխատանքից եկավ ու ասում է.
– Վերջ… Գնում ենք… Զզվեցի՜նք…
Փորձեցի առարկել: Խոսում էի հայրենիքի մասին, Աստծո, սոցիալական բարձր ճնշման առավելությունների, լեզվական ու գուներանգային ներդաշնակության… Նույնիսկ կեչիները հիշատակեցի, ինչը ինձ մինչ ի մահ չեմ ների…
Բայց Լենան արդեն գնացել էր ինչ-որ մեկին զանգելու:
Ես բարկացա ու մի ամսով մեկնեցի Պուշկինյան արգելոց: Վերադառնում եմ՝Լենան ինչ-որ թղթեր է տալիս ստորագրելու: Հարցնում եմ.
– Արդե՞ն:
– Հա,- ասում է,- ամեն ինչ որոշված է: Փաստաթղթերն արդեն մոտս են: Վստահ եմ, որ մեզ բաց կթողեն: Հնարավոր է՝երկու շաբաթվա ընթացքում:
Շփոթվեցի: Չէի մտածել, որ այդքան արագ կկատարվի: Ավելի ճիշտ, հույս ունեի, թե Լենան կսկսի համոզել ինձ:
Չէ՞ որ ես ատում էի սովետական վարչակարգը: Չէ՞ որ իմ պատմվածքները չէին տպում: Չէ՞ որ ես էի համարյա այլախո- հը…
Մինչեւ վերջին օրը մի տեսակ կարկամած էի: Մեքենայաբար կատարում էի անհրաժեշտ գործողությունները: Դիմավորում ու ճանապարհում էի հյուրերին:
Եկավ մեկնելու օրը: Օդանավակայում ահագին մարդ էր հավաքվել: Գլխավորապես իմ՝խմել սիրող ընկերները:
Հրաժեշտ տվինք իրար: Լենան կատարելապես անվրդով էր թվում: Իմ ազգականներից մեկը նրան սեւ աղվեսի մորթի նվիրեց: Հետո երկար ժամանակ երազիս տեսնում էի աղվեսի երախաբաց կերպարանքը…
Աղջիկս անճոռնի էժանագին կիսակոշիկներով էր: Մոլորված տեսք ուներ: Այդ տարի ընդհանրապես տգեղ էր:
Հետո նրանք նստեցին ավտոբուս:
Սպասեցինք՝երբ օդ կբարձրանա ինքնաթիռը: Բայց ինքնաթիռներն իրար հետեւից թռչում էին: Ու դժվար էր հասկանալ՝որն է մերը…
Կարոտել սկսեցի օդանավակայանից վերադառնալիս: Արդեն տաքսիում խմում էի շշից: Վարորդն ասում էր.
– Կռացեք:
Ես պատասխանում էի.
– Կռացած՝չի՜ գալիս…
Այդ ժամանակից կյանքս փոխվեց: Ինձ պատեց անհանգստությունը: Մտածում էի միայն վտարանդվելու մասին: Խմում ու մտածում էի:
Լենան բացիկներ էր ուղարկում: Ասես գաղտնագրված զեկուցագրեր լինեին.
«Հռոմը մեծ, գեղեցիկ քաղաք է: Ցերեկները շոգ է լինում: Երեկոները երաժշտություն կա: Կատյան լավ է: Գները համեմատաբար ցածր են…»:
Բացիկները լեցուն էին հանգստությամբ: Մայրս կարդում ու վերընթերցում էր: Բոլորը փորձում էին ինչ-որ զգացմունքներ գտնել: Բայց ես գիտեի, որ ապարդյուն է…
Հետագա իրադարձությունները շարադրում եմ կետագծով:
Պորտաբուծության ու որջ պահելու մեղադրանք… Քննիչ Միխալյովը… Ինչ-որ աղոտ ծեծուջարդ միլիցիայում… «Գերմանական ալիքի» հաղորդումների շարքը… Կալանավորում ու դատ Տոլմաչովյան փողոցում… Ինը օր Կալյաեւի բանտում… Անսպասելի ազատություն… ՕՎԻՐ…
ՕՎԻՐ-ի գնդապետը քաղաքավարի ու բարեկամաբար ասաց.
– Պետք է մեկնեք: Ձեր կինը մեկնել է, ու վաղուց ձեր ժամանակն էլ է…
Զուտ հակադրվելու համար առարկեցի.
– Մենք,- ասում եմ,- գրանցված չենք:
– Գա ձեւականություն է,- լայն ժպտաց գնդապետը,- իսկ մենք ձեւապաշտներ չենք: Դուք նրանց սիրում եք, չէ՞:
– Ո՞ւմ՝նրանց:
– Ձեր կնոջն ու աղջկան… Իհարկե, սիրում եք…
Կնոջս ու աղջկաս հանդեպ սերն այղպիսով դարձավ փաստ: Ու դա վկայեց ՆԳ գնդապետը…
Ես փորձում էի կողմնորոշվել: Աշխարհում կար երկու իրական բեւեռ: Հստակ, հարազատ, խեղդող՝«այստեղ», եւ անհայտ, խորհրդավոր, կիսաֆանտաստիկ՝«այնտեղ»: Այստեղ տառապագին կյանքի անծայրածիր հեռաստաններն էին՝բարեկամների ու թշնամիների շրջանում: Այնտեղ՝միայն կինս, նրա անվրդով հանգստության պստիկ կղզյակը:
Իմ բոլոր հույսերն այնտեղ էին: Չգիտեմ՝ինչի էի ՕՎԻՐ-ի գնդապետի գլուխը տանում…
Վեց շաբաթ անց մենք Ավստրիայում էինք: Վիեննան ասես Լենինգրադի շրջաններից լիներ: Ինչ-որ տեղ՝Ֆոնտանկայի ու Սադովայայի արանքում:
Քաղաքային բնապատկերի միակ լուրջ բաղադրիչը գետն էր: Երրորդ թե չորրորդ օրը պարզվեց, որ Դանուբն է:
Տեղավորվեցինք «Ծովակալ» հյուրանոցում: Մայրս օրեր շարունակ Սոլժենիցին էր կարդում: Ես ինչ-որ բան էի գրում վտարանդական հանդեսների ու թերթերի համար: Գերազանցապես նկարագրում էի գոյություն չունեցող այլախոհական սխրանքներս:
Այդ ընթացքում Լենան արդեն տեղափոխվել էր Ամերիկա: Նրա նամակներն ավելի ու ավելի համառոտ էին դառնում.
«Մեքենագրուհի եմ: Կատյան դպրոց է գնում: Համեմատաբար անվտանգ թաղամաս է: Տանտերը՝համակրելի տարեց ամերիկացի: Անունն է էնդրյու Կովալենկո…»:
Մինչեւ ամառ մնացինք Ավստրիայում: Վիեննան միջանցիկ փուլ էր Լենինգրադի ու Ամերիկայի միջեւ: Հավանաբար այդպիսի տարածությունը հնարավոր է միայն երկու ցատկով հաղթահարել:
Վերջապես ստացանք ամերիկյան փաստաթղթերը: Յոթ ժամն օվկիանոսի վրայով ինձ հավերժություն թվաց: Տարածության մեջ, որպես այդպիսին, չափազանց քիչ հետաքրքրություն կա:
Ինքնաթիռն ամերիկյան տարածք էր: Ուղեկցորդուհիներն իրենց անկախ էին պահում:
Քենեդու անվան օդանավակայանում սպասում էին մեր բարեկամները: Նշանավոր լուսանկարիչ Կուլակովը՝կնոջ ու որդու հետ: Ողջունելով՝անմիջապես սկսեցին փնովել Ամերիկան:
– «Տոյոտա» կառնես, ծերուկ,- ասում էր Կուլակովը,- իսկ ավելի լավ է՝«Ֆոլքսվագեն»: Ամերիկյան մեքենաները զիբիլ են:
Ես հարցրի.
– Իսկ ո՞ւր են Լենան ու Կատյան:
Կուլակովն ինձ տվեց երկտողը.
«Տեղավորվեք: Մենք առողջարարական ակումբում ենք: Կգանք ժամը ութի կողմերը: Ուտելիքը սառնարանում է: Լենա»:
Գնացինք տուն՝Ֆլաշինգ: Շրջակա հորիզոնական բնապատկերն ասես Մոսկվայի կայարանի շրջոնքը լիներ: Երկնաքերները բացակայում էին:
Մայրս դուրս նայեց պատուհանից ու ասում է.
– Լրիվ դատարկ փողոց…
– Փողոց չի,- առարկեց Կուլակովը,- հա՛յվեյ:
– Ի՞նչ է նշանակում հայվեյ,- հարցրեց մայրս:
– Մեծուղի,- պատասխանեցի ես:
Լենան զբաղեցնում էր ոչ բարձր աղյուսաշեն տան առաջին հարկը: Կուլակովը օգնեց՝ ներս տանենք ճամպրուկները: Հետո ասաց.
– Հանգստացեք: Եվրոպայում արդեն գիշեր է: Իսկ վաղը կզանգեմ…
Ու գնաց:
Իհարկե, չէի սպասում, որ ամերիկյան գրողների պատվիրակությունը կդիմավորի: Բայց գոնե Լենան, մտածում էի, կարո՞ղ էր գալ օդանավակայան…
Մենք հայտնվել էինք դատարկ բնակարանում: Երկու սենյակներում հատակին ներքնակներ էին: Շուրջբոլորը հագուստ էր թափթփած:
Մայրիկը բացեց սառնարանն ու ասում է.
– Պանիրը համարյա նույնն է, ոնց որ մեզ մոտ…
Հանկարծ անտանելի հոգնություն զգացի: Պառկեցի ծածկոցի վրա ու սկսեցի ծխել: Իրականության ուրվագծերն անգթորեն աղոտանում էին:
Ո՞վ եմ ես ու որտեղի՞ց: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Եվ ինչո՞վ կվերջանա այս ամենը…
Նոր կյանքը չափազանց շարքային էր թվում մեծ փոփոխությունների համար:
Ու նաեւ մտածում էի.
«Ինչպե՞ս է ծագում մարդկային մտերմությունը: Ի՞նչ է պետք մարդկանց՝հարազատություն զգալու համար…»:
Արթնացա վաղ առավոտյան: Պատուհանից այն կողմ օրորվում էին ճյուղերը: Կողքիս մարդ կար: Հարցրի.
-Ո՞վ է:
– Լենան,- պատասխանեց հանգիստ կանացի ձայնը:
Ու շարունակեց.
– Ո՜նց ես չաղացել: Առավոտները պետք է վազել:
– Էլ վազելու տեղ,- ասում եմ,- գործնականում չունեմ… Կնախընտրեի էստեղ մնալ: Հուսամ՝կարելի՞ է:
– Իհարկե, եթե մեզ սիրում ես…
– Գնդապետն ասում է՝սիրում եմ:
– Սիրում ես, ուրեմն մնա: Մենք դեմ չենք…
– Սե՞րն ինչ կապ ունի,-ասացի ես:
Հետո ավելացրի.
– Սերը դեռահասների համար է… սա սեր չի, այլ ճակատագիր… Ի դեպ, ո՞ւր է Կատյան:
– Ներքնակին, տատիկի հետ…
Հետո Լենան ասաց.
-Շրջվի:
Մռութս ծածկեցի ամերիկյան թերթով:
Լենան վեր կացավ, հագավ խալաթն ու հարցնում է.
-Քեզ թե՞յ, թե՞ սուրճ:
Այստեղ հայտնվեց Կատյան: Բայց դա արդեն ուրիշ թեմա է:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

1 Կարծիք

  • Վարդան says:

    Հրաշալի պատմվածք էր, շատ սիրեցի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *