Գոլի Թարաղի | Ընտրություն

Ուղևորները պետք է առավոտյան շուտ շարժվեին, բայց յոթն անց էր, և դեռ պատրաստ չէին: Հարկադրված ճանապարհորդություն էր: Ընկերներից մեկի աղջիկն էր երրորդ անգամ ամուսնանում: Ում ասես՝ կանչել էին. Ֆրանսիայի դեսպանից մինչև Դեմավենդ քաղաքի խորհրդի նախագահին ու Քյարաջի նահանգապետին: Հարսանեկան արարողությունը փեսայի հոր այգում էր՝ Չալուսից տասը փարսաղ հեռավորության վրա: Ուղևորներից ոչ մեկը չուներ այդպիսի երկօրյա ճանապարհորդության ցանկություն: Հուշանգը, որ դեմ էր հարսանիքին, ասաց.
– Ձեզ խոսք եմ տալիս՝ վեց ամիս էլ չանցած՝ բաժանվելու են:
Հորեղբայր Ահմադը հարսի համար գնած նվերը թողել էր տանը: Արևային ակնոցն էլ չէր գտնում: Մեհր Բանուն անհանգիստ էր իր երկու տարեկան տղայի համար: Ուզում էր նրան էլ հետները վերցնել, բայց մյուս ուղևորները դեմ էին: Շատ շոգ էր, և փոքրիկ ավտոմեքենայի մեջ տեղ չկար, այն էլ Ամիրհոսեյնի նման չարաճճի երեխայի, որը տեղը տիտիկ չէր տա ու ամեն ինչ տակնուվրա կաներ: Մեհր Բանուն էլ, ճարը կտրած, հազար ու մի հորդորով նրան իր մորը հանձնեց:
Քեռի Հուշանգն ասաց.
– Ա՛յ մարդ, էրկու օրվա ճամփի համար էդքան պաչեն ու անհանգստանա՞ն: Մարդիկ էրեխեքին վեց ամսով թողում-գնում են շրջագայության:
Մեհր Բանուն ասաց.
– Ես էդ անսիրտ մերերից չեմ: Կյանքիս իմաստն էս երեխեն ա:
– Էրեխին պիտի հովվի ձեռքը տաս՝ տանի, էնտեղ մեծացնի:
Ուղևորներն անհանգիստ էին առավոտյան ժամը ութի խցանման պատճառով: Ձեռքի պայուսակները դրեցին մեքենայի բեռնախցում ու նստեցին: Ուզում էին շարժվել, երբ լսվեց տատի ձայնը: Մեհր Բանուն տեղից թռավ: Մեքենայի դուռը բացեց ու շտապ իջավ: Հարցրեց՝ ինչ է եղել:
Ամիրհոսեյնը հանկարծակի տխրել էր, ճչում էր և գալարվում:
Հորեղբայր Ահմադն ասաց.
– Աստված իմ, էս էրեխեն ողջ-առողջ էր. աչքո՞վ տվին:
Մեհր Բանուն, երեխային գրկելով, ասաց.
– Ես չեմ գալիս: Դուք գնացեք:
Ամուսինն ասաց.
– Դու գնա՛: Ես կմնամ:
– Չէ, չէ: Էդպես չի՛ լինի: Դու գնա:
– Դու հարսի մոր ընկերուհին ես. դու գնա:
Քեռի Հուշանգն ասաց.
– Գիշերը երազիս գորտ եմ տեսել: Ինձ նման էր: Ասում են՝ մարդ երազում գորտ տեսնի, կհարստանա:
Հորեղբայր Ահմադն ասաց.
– Քյանդովանի թունելից հետո մի ռեստորան կա, որի ուտելիքները հայտնի են: Բոլորդ իմ հյուրն եք:
Ամիրհոսեյնը նույն կերպ գոռում-գոչում էր: Իրենց դիմացի հարևանն ատամնաբույժ էր: Նրան դիմեցին: Բժիշկը նոր էր քնից արթնացել, ատամներն էր լվանում: Դռան չկտրվող զանգի ձայնը լսելով՝ սարսափեց: Փրփուրոտ բերանով, խոզանակը ձեռքին՝ դուռը բացեց: Ներողություն խնդրեց, նրանց ներս հրավիրեց և գնաց լվացարանի մոտ: Մի քանի րոպեից վերադարձավ մաքուր ատամներով: Նախ երեխայի լինդը զննեց, հետո՝ ականջները, կոկորդը, փորն ու կրծքավանդակը: Ասաց. – Բան չկա: Երեխաները ենթագիտակցորեն ամեն ինչից տեղյակ են: Այս երեխան ուզում է ձեզ հետ պահել գնալուց:- Հայրը քարացել է:- Հիվանդներիցս մեկի վեց ամսական երեխան գիշերվա կեսին զարթնում էր, ուզում էր մորը գրկել: Ուշադրություն մի՛ դարձրեք: Թողեք՝ խոնավ շորով քնի: Մի քիչ կլացի, հետո կհանգստանա, էլ չի զարթնի: Հենց էդպես էլ կա: Մի՛ անհանգստացեք: Հանգիստ գնացեք: Ես այստեղ եմ: Տատիկն էլ կարող է ամեն պահի ինձ զանգել:
Մեհր բանուն տատանվում էր: Նայում էր տղային: Քեռի Հուշանգը բղավեց, որ ուշ է, ու բարձրացավ ավտոմեքենան: Նստեց Ֆարմանի հետևում և Մեհր բանուին հասկացրեց, որ նստի:
Տատիկն ասաց.
– Հանգիստ գնացեք,- և անդադար լացող Ամիրհոսեյնին գրկեց ու նայեց ավտոբուսի հեռանալուն:

****

Ուղևորները պետք է որ երկու օրից վերադառնան, բայց հիմա երրորդ օրվա առավոտն է, և նրանցից լուր չկա: Չեն էլ զանգել՝ իրենց երեխայի վիճակն իմանան: Տատիկն անհանգստացել էր, բայց չէր ուզում մտքով վատ բան անցկացնել: Ինքն իրեն մտածեց՝ լավ է, որ լուր չկա, և գրկեց թոռանը: Նրա ջերմ ու անուշաբույր մարմինը սեղմեց իր կրծքին, դեմքը համբուրեց: Սիրող տատի ջրալի համբույրներ:
Երրորդ օրվա կեսօրին նրա համբերությունը հատեց: Միաժամանակ նկատել էր, որ փողոցի կանաչի վաճառողն ու փողոցի հացթուխը տարօրինակ հայացքով ուշադիր իրեն են նայում(ասես ուզում են մի բան ասել), մի պահ հապաղում են, հետո շտապ մոտենում են մյուս հաճախորդներին: Ամենից տարօրինակը իր և դստեր ծանոթի՝ հարևանուհի տիկին Ֆաթեհիի վարմունքն էր: Գնումներից վերադառնալիս փողոցում՝ իր տան դիմաց, աչքը տատիկի վրա ընկավ: Այնպես շփոթվեց, որ մրգի տոպրակն ընկավ ձեռքից: Տուն գնաց ու դուռը փակեց: Ոչ բարև, ոչ բարլուս: Ոչ մի բան: Այս ամենը տարօրինակ էր թվում տատիկին: Ի՞նչ է եղել: Այս հարցից բացի, ոչինչ չէր մտածում: Ինչպե՞ս կարելի էր նրան ասել, որ աղջիկը, տղան ու փեսան, չհասած Քյանդվանի թունելին, երկաթով լի մի բեռնատարի են բախվել ու զոհվել, և բացի երկու տարեկան թոռնիկից, իրեն ոչ ոք չի մնացել:
Երրորդ օրվա մայրամուտն էր, երբ հորեղբայր Ահմադի եղբայրը՝ Մահմուդխանը, լացից այտուցված, կարմիր աչքերով եկավ տատիկին տեսնելու: Ատամնաբույժին ու տիկին Ֆաթեհիին էլ էր ասել: Տատիկը կռահեց, որ անհանգիստ ու շփոթված դեմքերով այս երեքը իր համար վատ լուր ունեն: «Գուցե Հուշա՞նգն է հիվանդացել. իրեն այդքան էլ լավ չէր զգում, գլուխն էր ցավում: Երանի գնացած չլիներ: Չլինի՞ Մեհին բանուն է իր թանկարժեք մատանին կորցրել: Ասացի էլ՝ էդ մատանին հետդ մի՛ վերցրու, մի տեղ կդնես, կմոռանաս: Չպիտի գնար: Անպատեհ հարսանիք էր»: Այդ միջոցին հազար ու մի ցիրուցան մտքեր անցան տատի խառնաշփոթ գլխով: Սեփական սրտխփոցն էր լսում: Ուզեց խոսել, չկարողացավ: Վախը նրա ձայնն էր պատել: Ցանկացավ դուրս անել անհանգստացնող հյուրերին ու դուռը փակել նրանց դեմքին: Մի քանի քայլ հետ գնաց: Ձեռքը տարավ վերնաշապիկի գրպանը և գրպանի խորքից երկար մի թել փաթաթեց մատին: Ամուր: Այնքան ամուր, որ ցավեց:
Տիկին Ֆաթեհին դռան շեմին կանգնած էր: Դեմքին գույն չկար: Մահմուդխանը բժշկին էր նայում, նրանից օգնություն աղերսում: Չգիտեր ինչից սկսել: Զուր տեղը կակազեց ու լաց եղավ: Տատիկը հասկացավ: Կռահեց, որ … և սրընթաց ավտոմեքենայի շչակի ձայնը խառնեց նրա մտքերը: Մոռացավ՝ ինչ էր մտածում: Հարցրեց.
– Թեյ կուզե՞ք: Պատրաստ է: Խնդրեմ նստեք: Ինչո՞ւ եք կանգնած մնացել: Բալի օշարակով թե՞յ: Ինքս եմ պատրաստել:
Թեյ ու օշարակ բերելու պատրվակով խոհանոց գնաց և այնտեղ մնաց: Վառեց թեյնիկը: Օշարակի բաժակները հաշվեց. երեք հոգի էին: Ինքն էլ հետները՝ չորս: Հուշանգը բալի օշարակի սիրահար էր: Իր մայրիկի պատրաստած բալի օշարակի: Շաքարը չէր գտնում: Թեյամաններից մեկը գետին ընկավ, գլորվեց, հասավ սեղանի տակ: Տատիկը մի հայացք գցեց կողքերն ու տեսավ, որ ամեն ինչ իր տեղում է: Մաս-մաքուր, ինչպես միշտ, բացի ձախ կողմի խոնավացած պատից: «Պիտի տամ՝ պատը ներկեն»:
Հյուրերի փսփսոցն էր լսվում: Ամիրհոսեյնն արթնացել էր, մորն էր կանչում: Տիկին Ֆաթեհին, խոհանոց մտնելով, ասաց.
– Ոչ մեկս թեյ չենք ուզում: Եկեք, եկեք հյուրասենյակ: Ձեզ հետ գործ կա:
– Թույլ տվեք մի քանի րոպե էլ. թեյը թրմում է:
– Բժիշկը մի բաժակ ջուր է խնդրում: Ձեզ է սպասում: Հիվանդ ունի,- ասաց տիկին Ֆաթեհին և վերցելով սեղանի վրայի ջրի բաժակը՝ դրեց ծորակի տակ:
Տատիկը զգաց՝ ահավոր դրություն է: Ականջներն այրվում էին, խշշում: Երբ նայեց տիկին Ֆաթեհիին, սիրտը դող ընկավ: Այս կնոջ ներկայությունը այն ժամանակ իրար էր խառնում առօրեական հասարակ դեպքերը:
– Եկեք նստեք: Ձեզ հետ գործ ունենք,- կրկնեց տիկին Ֆաթեհին, և աչքերն արցունքոտվեցին:
– Թեյը պատրաստ է, սպասեք,- ասաց Տատիկը: Ոտքերն առաջ չէին շարժվում:
– Թեյի ժամանակը չէ,- ասաց տիկին Ֆաթեհին և ձեռքը դնելով տատի մեջքին՝ նրան թեթև առաջ հրեց:
Բժիշկը պատուհանի մոտ կանգած էր: Մահմուդխանը քայլում էր՝ ձեռքերը գոտկատեղին: Բժիշկը վերցրեց ջրի բաժակը տիկին Ֆաթեհիի ձեռքից: Անմիջապես գլուխը քաշեց: Մեջքն ուղղեց: Դեպի տատիկը շրջվելով՝ ասաց.
– Խնդրում եմ, նստեք:
Մահմուդխանը կանգնած էր: Ասաց.
– Ամեն ոք ճակատագիր ունի: Մենք՝ ամենքս, շուտ կամ ուշ լքում ենք այս աշխարհը:
Տատիկը չէր ցանկանում լսել:
– Գիտեմ՝ էս էրեխին ինչ ա եղել: Մոր համար ա լացում:- Բարձրացավ, որ երեխայի հետևից գնա:
– Խնդրում եմ,- բժիշկն էր և տատի ձեռքը բռնելով՝ նստեց հյուրասենյակի աթոռներից մեկին: Մեկ ուրիշ աթոռ էլ քաշեց և տատին նստեցրեց: Ջղային թեքվեց և բժշկին վայել լուրջ ու բարեկիրթ, հանգիստ ու դանդաղ ներկայացրեց վթարը: Համառոտ, հակիրճ: Տատիկը չէր ըմբռնում: Վթարի՞ են ենթարկվել: Եվ շվարած նայեց տիկին Ֆաթեհիի դեմքին:
Բժիշկն ասաց.
– Ցավում եմ, ցավակցում եմ:
Մեզ բոլորիս են խոցել,- ասաց Մահմուդխանը և ձեռքերը աչքերին տարավ:
Տատիկը ուշադիր նայում էր բժշկին ու տիկին Ֆաթեհիին: «Խոցել» բառը արձագանքում էր նրա ականջներում: Մի թանձր մառախուղ էր իջել նրա մտքերին: «Ի՞նչ են ասում, ի՞նչ են ուզում ինձնից»: Բերանը բաց արեց, որ մի բան ասի կամ գոռա, բայց ձայն չկար: Նրա գլխում բառերը վեր էին ածվել խառնաշփոթ պատկերների, ինչպես իրար գլխի թափված լուսանկարներ: Մարդիկ: Մոխրագույն մայրուղի: Քյանդվանի թունել: Բեռնատար: Տեսավ վթարն ու լսեց Հուշանգի ձայնը: Ձեռքը երկարեց ներկաներից մեկի կողմը և ուշքի եկավ տիկին Ֆաթեհիի գրկում: Բժիշկը պատրաստված էր: Անմիջապես տասը միլիգրամ դիազեպամ ներարկեց: Տատիկը պլշած, ասես մահվան սոսկալի ստվերին հանդիպած՝ սարսափած աչքերով շուրջբոլորն էր նայում: Մի քանի վայրկյան տևեց մինչ աչքերը ծանրացան ու փակվեցին: Մահմուդխանը հարևանուհու օգնությամբ բարձրացրեց տատիկին ու պառկեցրեց մահճակալին:
Տիկին Ֆաթեհին նստեց տատի կողքին՝ մահճակալի պռնկին: Ասաց.
– Ես էսստեղ կմնամ, կսպասեմ, մինչ արթնանա:
Ամիրհոսեյնը սենյակի մեջտեղում կանգնած էր: Շատ էր փոքր՝ հասկանալու եղածը: Այս ամենին զուգահեռ՝ նրա փոքրիկ հոգին զգում էր օդում ալիքվող վիշտը: Տատի խաղաղ գիրկն էր ուզում, և լացը վշտոտ անհանգստությամբ էր շաղախված:
Բժիշկը բռնեց Ամիրհոսեյնի ձեռքը: Սրբեց նրա արցունքները, համբուրեց դեմքն ու ասաց.
– Ես երկու փոքր կատու ունեմ՝ Մալուսաքն ու Ասալ խանումը:
Ամիրհոսեյնի լացը սաստկացավ.
– Ո՞ւր են:
Բժիշկը երեխայի ձեռքից բռնեց ու գնացին: Ասաց.
– Արի գնանք մեր տուն, քեզ ցույց տամ:
Մահմուդխանն էլ էր պատրաստվում գնալ: Ասաց.
– Ես էլ, Ձեր թույլտվությամբ, գնամ: Աստված այս խեղճ մորը համբերություն տա:
Գնաց: Դուռը բացեց ու գնաց: Դուրս եկավ. լվացարանն էր: Ձախ կողմի դուռը բացեց, դռան հետևում դրված փոշեկուլը բարձր ձայնով թրմփաց: Մահմուդխանը վեր թռավ: Ասաց.
– Ախ, անիծյալ,- և բռունցքով խփեց ճակատին:
– Պարո՛ն, մյուս կողմի ձախ դուռը, – ասաց տիկին Ֆաթեհին:
Տատիկը մի պահ բացեց աչքերը: Պլշեց տիկին Ֆաթեհիի վրա. աչքերի առաջ անհայտ ու անորոշ հարցեր էին: Մի բան հիշեց: Գլուխը բարձրացրեց: Ցանկացավ ինչ-որ բան ասել, բայց քունը կրկին կուլ տվեց նրա անպաշտպան ու տկար մարմինը:

****
Թերթերը ավտովթարի լուրը հանգամանալից ներկայացրին և լուսանկարներ հրապարակեցին: Բոլոր ուղևորները տեղում մահացել էին, բացի մի պատանուց, որ լալիս էր ու մորը կանչում: Նա էլ, չնայած բժիշկների ջանքերին, մի քանի ժամ անց մահացել էր: Մի քանի շաբաթ այս պատահարը ուռճացված կերպով թերթերի թեժ քննարկման առարկան էր: Մինչև որ մեկ ուրիշ ավտովթար պատահեց, և Քյարաջի ճանապարհին երիտասարդ հարս ու փեսայի ողբերգական մահը ևս մեկ ընտանիքի վշտացրեց:
Տատիկը ողբում էր: Ուզում էր մեռնել, բայց Ամիրհոսեյնին մեծացնելու պատասխանատվությունը հաղթու էր մահին: Համբերելուց բացի, այլ ելք չուներ: Հավատացյալ ու կրոնավոր կին էր: Մի քանի անգամ մտածեց, որ կուզեր՝ Աստված լիներ, բայց երբ գլուխը հպեց նամազի դրոշմին , քթի տակ մրմնջաց՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, և արցունքները առատ հոսեցին:
Ամիրհոսեյնը քաղցրիկ երեխա էր: Լեզուն բացվել էր, և տատի այտերին հպվող համբույրներն ամոքում էին սրտի վերքերը: Արտասովոր կերպով նման էր քեռի Հուշանգին. նույն չարաճճի աչքերն ու ծիծաղկոտ բերանը, խորամանկ հայացքը: Ծնողներին չէր հիշում: Մանկական հիշողությունից վերացել էին: Տատիկը գիշերները սենյակի մենության մեջ լալիս էր, իսկ ցերեկները ողջ ուժը հավաքում էր, որ խաղա Ամիրհոսեյնի հետ (մի բան, որ չէր արել իր երեխաների հետ), վազի ու թաքնվի վարագույրների հետևում:

****
Ամիրհոսեյնը երկու պատճառով իր տասնութամյակը տատի հետ նշեց: Նախ՝ տասնութ տարեկանը նոր կյանքի սկիզբն էր, և երկրորդ՝ ազատվել էր տատի՝ իբրև խնամակալ հանդես գալու պարտականությունից:
Տատիկի հետ ընթրեցին բացօթյա ռեստորաններից մեկում: Տարեդարձի նվերը՝ արժեքավոր մի ժամացույց, կապեց ձեռքին ու համբուրեց տատիկի ձեռքերն ու այտերը: Ասելիքը հաջորդ օրվան թողեց:
Հուզված էր և գիշերը լավ չքնեց: Տասն անգամ արթնացավ, նայեց ժամացույցին: Վեր կացավ, պատուհանը բացեց, և աչքն ընկավ դիմացի հին շինությանն ու դռան վրայի ցուցանակին՝ Գեղեցկության սրահ «Լուսին». սիրտը նեղվեց: Զգաց, որ այլևս չի հանդուրժում այդ տարածքն ու տատի տունը: Տան հնոտ կահ-կարասին, շքամուտքի մարդաբոյ հայելին, չթե մաշված ծածկոցը, ննջասենյակի ծանր վարագույրը, սպիտակ սավաններով պատված կահույքը, ռուսական երկարոտն լամպն ու ճաշասեղանի փոքր աշտանակը ծանրացել են իր շնչին: Նույնիսկ շերտավարագույրի կիսաբաց ճեղքից առավոտները սողոսկող աղոտ լույսը, հյուրասենյակի գորգի հոգնեցնող բույրը, փողոցի ձայները, կատուների կռիվը, հարևան կիսակառույց շենքում աշխատող աֆղան բանվորի տխուր երգը, կաթսա, ծխնելույզ ու երկաթե մանր-մունր իրեր վաճառող չարչու բղավոցը, ամեն ինչ… մռայլ ու զառամյալ աշխարհի մանրուքները ճզմում էին նրա ջահել սիրտը: Ուզում էր այդ տանից և իր անցյալի հուշերից հեռանալ, հատկապես՝ իր ընկճված ու թախծոտ Ես-ից: Ապագայի մասին էր մտածում և տեսնում ուրիշ Ամիրհոսեյնի, մեկին, ով կանգնած էր երջանիկ կյանքի սահմանագլխին, մեծ հույզերով ու իրադարձություններով լեցուն կյանք՝ սեր, փառք, փող, մեծ առանձնատուն, ճամփորդություն իր սրտի կնոջ հետ: Ամեն ինչ հնարավոր էր: Ճակատագիրն իր իսկ ձեռքերում էր: Պետք է ընտրեր: Պետք է անցյալից, հոր անծանոթ կերպարանքից և մոր հուշերից ձերբազատվեր:
Առավոտյան սովորականից շուտ արթնացավ: Անտրամադիր էր, խոժոռ դեմքը չէր պարզվում: Նախաճաշը կիսատ թողեց և ուշադիր տատին նայեց: Նրա պատասխան արձագանքին չէր սպասում: Մի գդալ բալի մուրաբա քսեց հացի կտորին և ձեռքին մի պատառ, որի վրայից մուրաբայի կաթիլները թափվում էին պոլիէթիլենային սփռոցի վրա, անորոշ մնաց օդում: «Եթե տատիկն ասի՝ ոչ, եթե մերժի»:
Տատիկն ասաց.
– Ամիրհոսե՛յն, ուշք ու միտքդ ո՞ւր է: Ի՞նչ ես անում:
Ամիրհոսեյնն ուշքի եկավ: Հացը բերանը դրեց, արագ-արագ ծամեց: Տատին էր նայում: Պիտի խոսեր: Հենց հիմա: Ձեռքը սահեցրեց մուրաբայի հետքերի վրայով:
– Մի՛ արա. ավելի ես կեղտոտում: Նախաճաշդ կեր:
Ամիրհոսեյնն իրեն հավաքեց, որ չկմկմա: Ասաց.
– Տա՛տ, ես էլ էս տանը չեմ դիմանում: Պիտի էստեղից գնանք:
Տատիկն այնպես ապշեց, որ քիչ էր մնում՝ բաժակը ձեռքից գցեր: Հայացքը սևեռել էր մուրաբայի բծերին:
– Լսեցի՞ր, պիտի էստեղից գնանք,- կրկնեց Ամիրհոսեյնը:
«Պիտի էստեղից գնա՞նք»,- մտածեց տատիկը՝ չըմբռնելով Ամիրհոսեյնի խոսքերի նպատակը: Կարծես մի անտեսանելի ձեռք բալի մուրաբայի բաժակը դատարկել էր իր ցաքուցրիվ մտքերի վրա: Ուր որ նայում էր, կարմիր էր երևում: Աչքերը փակեց և ուշադրության համար տևական ժամանակ չբացեց:
Մինչև հիմա չէր մտածել ուրիշ բնակավայրի մասին: Նույնիսկ երեխաների մահից հետո էլ մտքով չէր անցել փոխել տունը: Աղջիկն ու փեսան վերևի հարկում էին ապրում, իսկ տղայի սենյակը միջանցքի վերջում էր: Նրա ֆրանսիական օծանելիքի բույրն իրենից առաջ էր տուն մտնում, և տանից դուրս գալիս վերնաշապիկի ու մազերի հաճելի հոտը տարածվում էր տնով մեկ: Տատիկն այդ հոտով էր ապրում: Պատուհանները չէր բացում, որ օծանելիքի բույրը չցնդի: Մի վերնաշապիկ ու երկու զույգ կոշիկ էր մոտը պահել: Թույլ չէր տալիս՝ որևէ մեկն այդ սենյակ մտնի: Շաբաթական երկու անգամ տունը մաքրող էր գալիս. նա էլ գիտեր, որ այդ սենյակը կողպված է: Անցնում էր դրա կողքով:
Ինչպե՞ս էր հնարավոր զավակների սենյակը հանձներ օտարի ձեռքը, զանազան հոտերով մարդկանց ձեռքը: Իր երեխաների հոգիներն այս տան սենյակներում են շրջում, և տատիկը զգում էր նրանց անտեսանելի ներկայությունը: Ամիրիե փողոցի տունն իր էության մասնիկն էր: Այս տանն էր ծերացել և այս տան ամեն մի անկյունին էր սովոր: Բաղնիքի երկնագույն սալահատակը, բակի հախճաղյուսը, լողավազանը շրջակալած խորդենու ծաղկամանները, այս բոլորն իր հետ խոսում էին: Խենթանում էր Ամիրիե փողոցի ու նրա ծառերի անհետացող ստվերների, կրպակների, մրգի փոքրիկ շուկաների և դերձակ Ֆլորի համար, որն իրեն ու դստերը հագուստներ էր կարում:
Անցյալի հուշերից հրաժարվելն իր համար ծանր էր, այն էլ՝ այդ տարիքում:
Ամիրհոսեյնն անհանգիստ էր: Հասկանում էր տատի վիճակը, բայց և չէր պատրաստվում հրաժարվել իր ասածից: «Կյանքս իմը չի՞, ճակատագիրս իմը չի՞: Էստեղ չեմ մնալու»:
Տատիկը հարցրեց.
– Ո՞ւր ենք գնալու:
– Մի ուրիշ տեղ: Տուն էլ հո կճարենք,- Ամիրհոսեյնը հարցին պատրաստ էր:
«Մի ուրիշ տեղը» խորթ էր տատին, օդից կախված: Ոչ մի հուշի հետ կապ չուներ: Թանկագին թոռան աչքերին նայեց ու չգիտեր ինչ ասել: Հարցրեց.
– Էդ ո՞նց եղավ, որ միանգամից էդ մտքին եկար: Կարծում եմ՝ էստեղ, էս տանը հանգիստ է:
– Էս տունը շատ ա մեծ ու հին: Կծախենք, մի նորակառույց բնակարան կգտնենք քաղաքի արևմուտքում: Ընկերներիցս մի քանիսն էնտեղ են ապրում, ասում են՝ շատ լավ ա:
Տատիկն ինչ-որ մի բան անելու համար չափից շատ ընկճված ու շփոթված էր: Տեղափոխությունը տագնապալի իրադարձություն էր՝ այն էլ այդ տարիքում: Տատիկն ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացում ուներ: Ընդամենը մի քանի տարի, այն էլ՝ կարճ ու անցողիկ տարիներ: Իրեն ծանոթ աշխարհն այս տունն էր: Ուրիշ տեղ չգիտեր: Ուզում էր իր կյանքի մնացած տարիներն այս տանը՝ իր անցյալի հուշերի հետ անցկացնել: Բայց Ամիրհոսեյնն ի՞նչ մեղք ուներ: Նրա կյանքը կարևոր էր, և տատիկը, նրա երջանկությունից բացի, ոչ մի ուրիշ բան չէր ցանկանում: Ասաց.
– Ինչպես դու կուզես:
Անմիջապես հանձնվել էր, առանց չեմ ու չումի: Թերևս Ամիրհոսեյնի աչքերի խորքում զայրույթի անսպասելի կայծերն էր նկատել: Անծանոթ զայրույթ: Կրկնեց.
– Ես բան չունեմ ասելու. գնանք: – Եվ այդ նախադասության իմաստը չհասկացավ: Ասես մեկ ուրիշն էր իր փոխարեն ասել:

****
Երեք ամիս անց: Ամիրիե փողոցի տունը՝ իր փոքրիկ ջրավազանով, հնաոճ պատուհաններով, իր հոգիներով ու ստվերներով, վատ ու լավ հուշերով, վաճառվեց: Գնորդի հետ պայմանավորվեցին, որ մինչ նոր տուն գնելը սպասի: Գնորդը չէր շտապում. համաձայնեց:
Նեսթրան փողոցում նրանց էր սպասում նոր բնակարանը: Տատ ու թոռ գնացին նոտարական գրասենյակ, և տատիկը տունը գնեց Ամիրհոսեյնի համար, նրա իսկ անունով: Անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրեցին, և գործը գլուխ եկավ:
Երբ դուրս եկան նոտարական գրասենյակից, Ամիրհոսեյնն ուրիշ մարդ էր: Իրեն էր պատկանում մի նոր բնակարան: Բոլոր երեք սենյակները, դռները, պատերն ու պատուհանները, ամենն իրենն էին, նույնիսկ հյուրասենյակի դիմացի նեղ պատշգամբը, տանիքին ամրացված ալեհավաքը, դրան գումարած փողոցի կատուներն ու սոսու ճյուղերին նստած ագռավները: Այս բոլոր հաշիվներն ու մտքերը, նման երկնքում սավառնող ամպերի, անցան Ամիրհոսեյնի գլխով: Սեփականատեր լինելու այդ հանկարծակի զգացումը, ինչպես հավանական ամուսնություն և առաջին սիրո թախիծ, շուլալված դուրեկան վախին, իր սիրտ սողոսկեց: Նոր տունն իր ծննդյան նվերն էր, իր վերածննդի տարեդարձի: Գրկեց տատիկին, ամուր սեղմեց, ցավեցրեց նրան, ծիծաղեց և անուշաբույր այտերը համբուրեց:
Տաքսի վերցրին և նոր տան դռան շեմին հայտնվեցին: Դեռ իրերը չէին տեղափոխել: Ամիրհոսեյնի բնակարանն առաջին հարկում էր: Վերելակ էլ կար և կհեշտացներ տատի գնալ-գալը, հատկապես, երբ գնումներ արած լիներ, և ձեռքերը՝ բեռնված ապրանքներով:
Ամիրհոսեյնը գնորդի հայացքով իր տան շքամուտքի դռանը: Առաջին անգամն էր, որ գոհունակությամբ ու հետաքրքրությամբ լեցուն հայացքով նայում էր տանը: Ձեռքը հպեց տան մուտքի դռանը: «Պիտի գույնը փոխեմ: Բռնակն էլ հին է: Պիտի իտալական բռնակներ առնեմ: Աստիճանների ու դռան վերևի լույսերն էլ խախուտ են»:
Տատիկը հոգնել էր: Ասաց.
– Մտնենք բնակարան: Մի րոպե էլ սենյակները տեսնենք:
Ամիրհոսեյնը իրար միահյուսված հաճույքի ու անէացած երկյուղի զգացումով բանալին պտտեց կողպեքի մեջ: Հանդարտ: Երկու անգամ: Երկրորդ պտույտն առավել ճնշում էր պահանջում: Դռան կիսաբաց ճեղքից անորոշ ու անվճռական մի հայացք գցեց դատարկ տարածությանն ու առջևի կիսամութին: Գալիքի նախաշեմին էր կանգնած՝ անծանոթ տարածքի սահմանագլխին: Մի նոր աշխարհ: Այսուհետ…
Ներս մտան: Ամիրհոսեյնին թվում էր, թե պատերն իրեն ժպտում էին, դռներն ու պատուհաններն իր դիմաց էինն կանգնել, բաղնիքի և խոհանոցի սալահատակն իրեն «բարի գալուստ» էին մաղթում, և անտեսանելի մարդիկ իրեն էին ծափահարում: Իր շուրջն ամեն ինչ հարություն էր առել՝ շնորհավորելու պարոնի նորամուտը:

****
Նոր բնակավայր մտնելու պահին Ամիրհոսեյնը, իր խոշոր, պայծառ աչքերի շնորհիվ, հարևան աղջիկների ուշադրությանն արժանացավ: Տեղի հետաքրքրասեր աղջիկներն իրար մեջ նրան «արևի ցոլք» էին ասում և ամեն անգամ, երբ «արևի ցոլքը» տանից դուրս էր գալիս, միմյանց իմաց էին անում ու ծիկրակում պատուհանի հետևից:
Ո՞վ էր, որտեղի՞ց էր գալիս: Ծնողներն ո՞ւր էին: Ինչո՞ւ էր տատի հետ մեն-մենակ ապրում: Հարցերը շատ էին, աղջիկների երազանքները՝ առավել շատ:
Ամիրհոսեյնին թվում էր, թե տանը (ի՛ր տանը) վերածնվել է, ճակատագիրն իր իսկ ձեռքերում է, և խելքը, սիրտը, մարմինն ու կամքն իրեն են ենթարկվում: Կարող է առանց քաշվելու երկար նայել հայելու մեջ՝ իր պատկերին և արձագանքել. «Սա ես եմ՝ Ամիրհոսեյն Սաիդին՝ ծնված 1374 Թեհրանի մի հին շրջանում՝ տատի անգույն տանը»: Նայում էր հոր լուսանկարին, և չկար ոչ մի հիշողություն: Հոր նկարը դրել էր փոքրիկ գրադարանի գրքերի առաջ: Չգիտեր՝ ինչու է նրանից վախենում: Մոր լուսանկարը դրել էր իր մահճակալի կողքի սեղանին՝ իրեն մոտ: Մի քանի անգամ նրան տեսել էր երազում: Հենց այդպիսին՝ հենց այդ ժպիտով… իր թղթե մայրիկը:
Նոր տանը ոտքերն ամուր էին: Երիտասարդ սիրտը զարկում էր՝ պատրաստ ճաշակելու նոր փորձություններ: Կարճ ժամանակ անց նոր ընկերներ ձեռք բերեց և հենց ամենասկզբից նոր ընկերներին հասկացրեց, որ չի ցանկանում խոսել իր անցյալից: Երիտասարդ ընկերները չէին խառնվում նրա անցյալին: Յուրաքանչյուրն իր գործին էր: Նրանցից շատերը, բացի արտասահման գնալուց, ուրիշ մտածմունք չունեին: Ամենուր՝ բացի այստեղից: Մի քանիսն էլ գոհ էին իրենց կյանքից, աշխատում էին թատրոնում կամ փորձում կինոյում՝ այս երկրի ու քաղաքի լավագույն վայրում, հայտնվել: Ամիրը համալսարանի վերջին կուրսում էր սովորում. գերազանցիկ էր, սակայն չափազանց ինքնամփոփ: Մի կողմ էր թողել դասերը՝ բռնելով ինքնաբուժության ճամփան՝ թմրադեղերի միջոցով: Ցնորքներ ու մոռացում:
Ամիրհոսեյնը մտածեց. «Եթե ընկերներս էլ ինձ պես տան սեփականատեր լինեին, արտագաղթելու մասին չէին մտածի»:
Իր մտածածն արտահայտեց, բայց ընկերները չընդունեցին: Ասացին.
– Կորի, է՜, երբ գործ չունենք, փող չունենք, վաղվա օրներս պարզ չի, տունն ինչներիս ա:
Քամբիզն այն երիտասարդներից մեկն էր, որ չէր հանդուրժում խմողների հետ ապրելը: Սակայն չէր էլ կարողանում իր համար տուն ձեռք բերել: Ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը: Տուն վարձակալելը նրա ուժերից վեր էր: Դատապարտված էր ապրելու ծնողների հետ, եթե նույնիսկ ամուսնանար, երեխաներ ունենար: Վերևի հարկի երկու սենյակներում էր ապրում: Այնտեղ էլ կմեռներ:
Ընկերներն ասացին.
– Փառք տուր Աստծուն, որ բանակից եկել ես: Մեզնից ավելի մեծ ես: Կարող ես գործ գտնել:
Քամբիզը հուսահատ էր ու շնչակտուր: Գոռաց.
– Ի՞նչ գործ: Զզվում եմ սեղանի առաջ նստելուց: Ով ինչ ուզում ա, ասի: Չեմ ուզում՝ հորս, հորեղբորս ու քեռուս նման ապրեմ: Գործ, ամուսնություն, էրեխա: Հետո էլ՝ ծերություն ու մեռնել: Եթե ես էլ Ամիրհոսեյնի նման մի տուն ունենայի, կծախեի ու կգնայի Ամերիկա՝ էդ փողը ծախսելու: Փողն ամեն խնդիր լուծում ա:
Ամիրհոսեյնն ասաց.
– Իմ հին ընկերներից մեկը մասնակցել է «Գրին քարտի» վիճակահանությանը: Հաղթել էր, բայց չգնաց. վախեցավ:
Քավեն ասաց.
– Վախենալու էլ ա: Լավ աշխատեց, չգնաց: Կարծում ես՝ Ամերիկան դրախտային այգի ա՞: Չգիտես՝ ինչ ա քեզ սպասում: Մենակ, անփող: Նախ մտածում են, թե տեռորիստ ես, ու հետդ չեն շփվում: Լեզուն չգիտես: Ամերիկյան քաղցր երազանքը մի պատրանք ա: Էստեղ գոնե իրար մոտ ենք: Սիավուշը Ֆրանկֆուրտից զզվում ա: Ուզում ա հետ գալ:
Սիավուշը նրանց վաղեմի ընկերներից մեկն է: Հազար ու մի փորձություններով կարողացել էր վիզա ստանալ և Գերմանիա գնալ: Բայց մի քանի տարի էլ չանցած՝ ուզում էր վերադառնալ: Ընկերներին էր կարոտել, ոստիկաններից փախչելու վախն էր կարոտել: Վտանգավոր ճանապարհակիցներ և ամեն ինչի արգելք: Գերմանիան կարգ ու կանոնի երկիր էր: Մարդիկ միմյանց նկատմամբ հարգանք էին տածում, չէին խառնվում կռվին, ծեծ ու ջարդին: Մեքենաներն իրարից առաջ չէին ընկնում և իրար չէին հարվածում: Պահակ ու ոստիկան չկար: Ոչ մի տան պատուհանից չէր գալիս զաֆրանի ու ղորմեսաբզիի բույրը: Ոչինչ նրան չէր ձգում, ոչ ոք պարսկերեն չէր խոսում, պարսկերեն չէր հայհոյում ու հաճոյախոսում:
Քամբիզը բարկացած էր ու անբարեհամբույր: Կռվի պատրաստ՝ ասաց.
– Գրողն էլ տանի նրան, ով ղորմեսաբզիի ու հորքուրի կարոտից նեղվում ա:
Այդ օրը գնացել էր վարսավիրանոց: Մազերի ներքևը երկար էր, իսկ կողքերը՝ կարճ: Մեջտեղի մազերն էլ մի մատնաչափ ցցված էին օդում. ասես գլխի մեջտեղում արքայախնձոր էր աճել: Ընկերները ծաղրեցին. թեպետ իրենց դեմքն էլ պակաս ձեռ առնելու չէր: Քամբիզն ասաց.
– Էս իմ մազերն ա: Կուզեմ՝ կքաչալանամ, կուզեմ՝ կերկարացնեմ: Չգիտեմ՝ ինչի ինչ-որ մեկին պիտի հաշիվ տամ:
Տղաներից մեկն էլ ասաց.
– Մեր կյանքը մեր ձեռքերում չի: Հլը չե՞ս հասկացել: Ես ուզում եմ կինո սովորել կամ դերասան դառնալ: Հերս չի թողում: Ավանդապաշտ մարդ ա: Ինչ կինո: Ամոթ ա: Մերս էլ անընդհատ խրատում, ասում ա՝ ինժեներ դառնաս, նավթաքիմիական ինժեներ՝ ինչպես հորաքրոջս տղան, որ արդյունաբերական ինժեներ ա: Կամ ինչպես քեռուս տղան: Չգիտեմ՝ ինչ անեմ: Չեմ կարում մի բան որոշել: Չեմ ուզում ծնողներիս հուսախաբ անել: Բայց, լա՛վ, բա ի՛մ կյանքը:
Ամիրհոսեյնը երջանիկ էր, որ որևէ մեկն իրեն ուղի ցույց չէր տալիս: Իր ավանդապաշտ տատը չէր քննադատում նույնիսկ Ալիին՝ շենքի դռնապանի որդուն, որ երկար մազեր ուներ և հոնքերը հանել էր: Իհարկե, դուրը չէին գալիս այն նկարները, որ Ամիրհոսեյնն էր փակցրել հյուրասենյակի պատերին, կամ թոռան սիրած երգերը, որոնց անհամաչափ ձայներից դղրդում էին լուսամուտների ապակիները, իր սիրտն էլ՝ արագ զարկում: Այս ամենով հանդերձ՝ ընդունում էր, որ երիտասարդները աղմուկ-աղաղակի սիրահար են՝ հեռու թառի մեղեդուց: Գիշերները, երբ Ամիրհոսեյնը հյուր էր գնում, անհանգստությունից տեղը չէր գտնում: Մինչև չէր լսում նրա ոտնաձայները, չէր քնում: Տասն անգամ փողոց էր գնում, նայում, վերադառնում և ջանում էր իրեն անջատել՝ նայելով հեռուստատեսային գիշերային հաղորդումները: Հենց լսվում էր շքամուտքի դռան բացվելու ձայնը, տեղից վեր էր թռչում, գնում, պառկում: Չէր պատրաստվում Ամիրհոսեյնից հարցնել՝ ուր էր կամ ինչու է ուշ գալիս:

****
Ամառ էր, և երիտասարդները թրև էին գալիս փողոցներով ու սրճարաններով, կանգնում ծառերի ստվերոտ անկյունում ու ժամերով խոսում, կամ թե գիշերները հավաքվում էին ընկերներից մեկի տանը: Բնականաբար, ամեն ծնող թույլ չէր տալիս, որ մի խումբ օտար երիտասարդներ հավաքվեն իրենց տանը՝ գիշերվա մեծ մասը կասկածելի ծագման ծխախոտներ ծխելու՝ մինչև վերջ բարձրացրած երգերի ձայները: Քամբիզի ծնողերը, իրենց որդուն հսկողության տակ պահելու նպատակով, թույլ էին տալիս (իհարկե, տհաճությամբ և բարկացած), որ երիտասարդների հավաքն իրենց տանը տեղի ունենա: Պարոն Մոֆարեհը՝ Քամբիզի հայրը, հանգստացնող ու քնաբեր դեղեր էր խմում, փակում իր սենյակի դուռը և գլուխը մտցնում վերմակի տակ: Տիկին Մոֆարեհը չափից դուրս անհանգիստ էր՝ քնել կարողանալու համար: Միշտ Քամբիզին հիշեցնում էր. «Էդ գրողի տարած երգի ձայնը կամացացրո՛ւ: Էրեխե՛ք, էդքան մի՛ գոռացեք: Եթե խանգարեք հարևանների քունը, ոստիկաններին կբողոքեն»: Քամբիզն ասում էր՝ աչքիս վրա: Մի պահ երաժշտության ձայնն իջեցնում էին, իսկ մի քանի րոպե անց՝ կրկին բարձրացնում:
Երիտասարդների մեջ կային աղջիկներ, որ արձակուրդներն անցկացնելու համար արտասահմանից Թեհրան էին եկել: Ամերիկյան կամ եվրոպական անձնագրերով այդ աղջիկները հատուկ արժեք ու նշանակություն ունեին և կարող էին երիտասարդների առաջ բացել արտասահմանի դարպասները:
Մեհրնուշն ապրում էր Ֆրանսիայի հարավում: Երկրորդ կուրսի ուսանողուհի էր: Թեհրան էր եկել քրոջ հարսանիքի համար և ճանաչում էր Քամբիզին:
Ընկերները հավաքվեցին Ամիրհոսեյնի տանը: Մեհրնուշն էլ էր հրավիրված: Մյուսներից ավելի ուշ հասավ և ավելի շուտ գնաց: Բայց այդ մի քանի ժամն էլ բավական էր՝ Ամիրհոսեյնին տանելու մի ուրիշ աշխարհ: Սիրո կախարդական աշխարհ, որ չէր ենթարկվում բանականությանը, ժամանակին ու ձգողական ուժին: Այս աղջկա մեջ մի բան կար, որ Ամիրհոսեյնին դյութել էր ու ապշեցրել: Հայացքը, ձայնը, փոքրիկ ձեռքերն ու մանկական ժպիտը, պարանոցի շարֆը, ամենը նրան ծանոթ էին: Գուցե նրա՞ն էր երազում տեսել: Չգիտեր: Այդ երեկո իր շուրջն ամեն ինչ անէացել: Միայն Մեհրնուշին էր տեսնում: «Մեհրնուշ»-ը տարբերվում էր բոլոր անուններից: Անծանոթ, բայց ամենքից հարազատ:
Հյուրասիրությունն ավարտվեց, և հյուրերը գնացին: Այնինչ Մեհրնուշի պատկերը սավառնում էր հյուրասենյակի ծխապատ օդում: Ամիրհոսեյնը լսում էր տատին և կարծես ոչինչ չէր լսում, լսածն էլ չէր ըմբռնում: Ամբողջ գիշեր, լողալով սիրո անուրջներում, մտածում էր Մեհրնուշի մասին, և սիրտն ուժգին զարկում էր: Չէր հասկանում, թե այդ աղջիկն ինչ է արել իր հետ: Առաջին անգամն էր, որ իրեն այդպիսի բան էր պատահում: Գուցե ջերմո՞ւմ էր: Գուցե ինչ-որ անծանոթ վարա՞կ էր սողոսկել բանականությունն ու հոգին: Վեր կացավ, բացեց պատուհանը, խորը շունչ քաշեց: Պարզկա գիշեր էր, և Ամիրհոսեյնը ուր էլ որ նայում էր, Մեհրնուշին էր տեսնում: Պատից կախված հայելու, պատուհանի ապակու մեջ, ժամսլաքների վրա, գորգի գույնզգույն նախշերի արանքում՝ Մեհրնուշի պատկերը, Մեհրնուշը՝ մի լողորդ օդում, նստած լուսնի մահիկին, կառչած ժամանակի յուրաքանչյու հյուլեին:

****
Անցավ մեկ շաշաթ, հուզումի ու անհանգստության մեկ շաբաթ: Ամիրհոսեյնը մինչև հիմա չէր սիրահարվել և չգիտեր, որ սերը կարող է մարդուն տանջել՝ ինչպես աներես ատամնացավը: Ոչ ուզում էր հեռացնել սիրո ատամը և ոչ էլ դրա ցավին էր դիմանում: «Պիտի այդ աղջկա հետ խոսեմ»: Եվ դեռ նրան չտեսած ու մի բառ չասած՝ փորը ծակծկեց: Պատկերացրեց, թե կանգնած է օրիորդի առաջ և հարմար արտահայտություն է փնտրում, կարճ, պարզ, սիրային արտահայտություն: Մեկ-երկու անգամ փորձեց ու կակազեց նույնիսկ մտքում: Որոշեց հրաժարվել նրան տեսնելուց. կխայտառակվի ու անիմաստություններ դուրս կտա: Ինքն իրեն է հայհոյում: Բայց չի կարող չտեսնել նրան կամ մտքից հանել: Մի քանի օր էլ ատամը թողեց սրտում, ապա զգուշորեն, Քամբիզիզց վերցրած հեռախոսահամարով զանգահարեց:
Մեհրնուշը պատասխանեց ու ծիծաղեց. ընկերական ծիծաղ: Սպասում էր այդ զանգին: Հակառակ Ամիրհոսեյնին, որը կակազում էր, նա հանգիստ ու մտերմիկ զրուցում էր: Որոշեցին իրար տեսնել: Նախ՝ մարդաշատ ռեստորանում, իսկ հետո (եթե հետո հարկ լիներ)՝ առանձին ու անաղմուկ վայրում:
Նրանց առաջին հանդիպումը շուկայի պանդոկում էր: Սիրալիր մթնոլորտ էր, բայց կյանքի մեծ մասն արտասահմանում ապրած Մեհրնուշի համար նորություն էր՝ նման «Հազար ու մի գիշերներում» հայտնված զբոսաշրջիկի: Ոչ մի մութ բան չէր տեսնում. անուրջների աշխարհում էր:
Իրար հետ շուտ մտերմացան: Ասես միմյանց տարիներով ճանաչում էին: Երբ մատուցողները ձանձրացած նրանց էին նայում՝ այդպես էլ չկարողանալով հասկացնել, որ ժամը չորսն է, և արդեն բոլոր հաճախորդները ցրվել են, նրանք տեղից չէին էլ շարժվում:
Հաջորդ հանդիպումներն առավել լուռ վայրում էին՝ «Ֆիրդուս» այգու սրճարանում՝ երիտասարդների հավաքատեղիում: Ամիրհոսեյնը մի անգամ Մեհրնուշին տարավ լեռան գագաթ՝ տեսնելու լուսնի խավարումը: Այդ անգամ մթնոլորտը սիրային էր, լուսնի լույսը՝ շլացնող: Ովքեր սիրահարված էին, խենթանում էին, ովքեր՝ ոչ, վախենում էին: Ամպոտ ու անձրևոտ երկրից եկած մեկի համար, ինչպիսին Մեհրնուշն էր, տեսնել Թեհրանի երկինքն ու բոցաշունչ աստղերը՝ շլացուցիչ փորձություն էր: Զգում էր՝ կախարդվել է և անկարող է շարժվել: Աչքերը փակ էին, երբ պահակները վրա հասան, իսկ երիտասարդները սկսեցին փախչել: Աղմուկ էր, և փախչողների հարայ-հրոցն արժեզրկում էր լուսնի կախարդանքը: Մեհրնուշը վեր թռավ, տեսավ՝ աղջիկներից մեկը թաքնվել է մի փոքր քարի հետևում, և հասավ նրա մոտ: Երկուսի համար էլ տեղ կար: Ամիրհոսեյնն ու էլի մի քանիսը տեղում քարացել էին:
Երբ աղմուկ-աղաղակը լռեց, Մեհրնուշն այն անծանոթ օրիորդի հետ իջավ սարից, շտապ տաքսի վերցրեց, հասավ տուն: Իրեն գցեց մահճակալի վրա ու զգաց, որ երբևիցե այդքան երջանիկ չէր եղել: Քնած թե արթուն մտածում էր լեռան վրայի մեծ լուսնի մասին՝ չկարողանալով մոռանալ այդ արտասովոր երեկոն: Այս բոլոր դեպքերը, հուզումնառատ հանդիպումները իրեն հետաքրքիր էին ու նոր, իսկ ողջ նորությունների մեջ ամենից նորը՝ Ամիրհոսեյնը: Նա տարբերվում էր իր տեսած բոլոր տղաներից, հատկապես ֆրանսիացի տղաներից: Կարելի էր նրան վստահել: Նրա էության մաքրությունն ամոթխած հայացքի ու ձայնի մեջ էր… բարի մարդու մաքրություն:

****
Տատիկը նայում էր Ամիրհոսեյնի երջանիկ ու հմայված աչքերին, որ փախչելով տատի հայացքից, սլանում էր դեպի անհայտ հեռուներ: Երջանիկ էր, որ տեսնում էր Ամիրհոսեյնին՝ անտեղյակ նրա հոգին խոցոտող ծանր ցավին: Իրեն հնարավորինս զգոն էր պահում, որ չհանդիպի թոռանը նույն ճանապարհին: Հաճախ քնած էր ձևանում կամ արագորեն, անշշուկ ու անձայն անցնում սենյակների խավար անկյուններով:
Ամառային արձակուրդներն ավարտվել էին, և Մեհրնուշը ստիպված էր հետ վերադառնալ: Ժամանակը կայծակնային արագությամբ ի կատար էր ածում իր չարաճճիությունները: Ամիրհոսեյնը զայրացած էր: Այդքան սպասել չէր կարող: Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս… էր հնարավոր: Առանց սիրելի աղջկա ի՞նչ էր անելու:
Մեհրնուշն ասաց.
– Կվերադառնամ: Առաջին արձակուրդս էրկու ամիս հետո ա: Խոսք եմ տալիս՝ էրկու շաբաթով կամ ավելի երկար կմնամ: Կարող ա ընդմիշտ էլ մնամ:
«Ընդմիշտ»-ը մի անորոշ պատրանք էր: Հմայական անուրջ, մի անհավանական խոստում: Ամիրհոսեյնը մտածում էր գալիք երկու ամսվա մասին: Սահմանների երկու ամիս: Իրական սահմաններ: Այդ ընթացքում հազար ու մի բան կարող էր պատահել: Ժամանակը երիտասարդ սիրահարների թշնամին է:

****

Առաջին ամիսը նամակներով, զանգերով, «կգամ»-ներով, «ինձ սպասիր»-ներով և «ես քեզ սիրում եմ» -ներով անցավ: Եկրորդ ամիսը կիսվել էր, երբ սկսվեց Մեհրնուշի տարօրինակ լացը: Ամիրհոսեյնի սիրտը փուլ եկավ:
-Ի՞նչ ա եղել:
– Ոչ մի բան:
Ամիրհոսեյնն այս ամենին սպասում էր: Մեհրնուշի հավաստիացումները շատ հաճելի էին: Կրկին հարցրեց, համառեց, խնդրեց-աղաչեց, մինչ Մեհրնուշը խոսեց: Ասաց, որ փիլիսոփայության, Ֆրասնիայի պատմության և գրականության քննությունները ձախողել է: Անբավարար է ստացել: Հայրը հետ է վերցրել Թեհրան վերադարձի տոմսը: Չի թողնում՝ գա:
Ամիրհոսեյնը խլացած ձայնով, որ անգամ իր ականջին էր անծանոթ, հարցրեց.
– Հիմա ի՞նչ: Ամեն ինչին վե՞րջ:
Մեհրնուշը, այս հարցին պատրաստ, պատասխանեց.
– Չէ՛, իհարկե, վերջ չի: Ես չեմ կարող գալ, բայց դու էլ հո կարող ես: Դու պիտի գաս: Մտածի՛ր, մի հնար գտի՛ր: Լսում ե՞ս:
«Դու պիտի գաս»: Ասելը հեշտ էր: Ինչպե՞ս, ի՞նչ փողով, ի՞նչ վիզայով: Ամիրհոսեյնի առաջ փակ էին աշխարհի դռները: Որ կողմ նայում էր, դիմացը մի բարձր պատնեշ էր տեսնում և Մեհրնուշի ձայնը լսում դրա հետևից: «Պիտի գաս: Մի հնար գտի՛ր»:
Ամիրհոսեյնն այդ «հնար»-ն էր փնտրում և ոտքերը հարվածում փակ դռներին: Անօգնական էր ու կատաղի: Պատերազմի մեջ էր ողջ աշխարհի, նույնիսկ Մեհրնուշի դեմ: Մտածեց. «Էդ աղջկա ձենը տաք տեղից ա գալիս: Ես հո Ֆարհադը չեմ, ինչ ժայռ ու քար դեմս ընկնի, ջարդեմ-փշրեմ: Փող չլինելու ժայռ, Ֆրանսիայի դեսպանատան, վիզայի ու անցագրի թույլտվության ժայռ: Ի՞նչ կլինի համալսարանում: Պիտի էդ մտքից հրաժարվեմ: Ասենք, բոլոր հարցերը լուծեցի, տատիկի՞ն ինչ եմ անելու»:
Տատիկը թոռան վրդովմունքի ականատեսն էր և իրեն կրծում էր ներսից: Ոչինչ իր ձեռքին չէր, և անօգուտ աղոթում էր:
Մեհրնուշի գալն էլ հետաձգվել էր. քննություն ուներ: Մայրը դեմ էր նրա՝ Թեհրան վերադառնալուն: Հայրը տոմսի գումար չէր տալիս: Սակայն Մեհրնուշը հանձնվողը չէր: Զանգ զանգի հետևից: «Կարող ես ու պիտի գաս»: Հրամայում էր և սպասում, որ Ամիրհոսեյնը կհնազանդվի: Պարզվեց՝ երբ մի բան է մտքին դնում, հրաժարվողը չէ:
Ամիրհոսեյնը կցկտուր խոստումներ էր տալիս: Մեհրնուշից հրաժարվելու մտքից սիրտը դող էր ընկնում: Նյարդային էր և ընկճված: Նույնիսկ տան վերանորոգումն էր մտքից հանել: Տունն առանց Մեհրնուշի ինչի՞ն էր պետք: Տատը կտրում էր նրա մտքերի ու երևակայության թելը: Մեկ-երկու անգամ գոռաց տատի վրա և հետո զղջաց: Ընկերների հետ էլ հանգիստ չէր: Ընկերները նրա ցավը չէին հասկանում: Նրա դրությունը նախանձելի չէր: Ո՛չ անձնագիր ուներ, ո՛չ վիզա և ո՛չ էլ՝ փող: Ընտանիքի միակ տղան էր և կարողացել էր ներում ստանալ: Ընդամենը սա: Կարող էր անձնագիր վերցնել, բայց առանց գումարի ինչպե՞ս: Ինչպե՞ս էր տոմս գնելու: Լա՛վ, տոմս էլ գներ, վիզա էլ ստանար, դատարկ ձեռքով ո՞ւր գնար: Մեհրնուշի ենթակա՞ն դառնար: Անհնար էր: Փողն էր բոլոր խնդիրների պատճառը: Փողը, փողը, փողը:
Տատի գրպանները դատարկ էին, և Ամիրհոսեյնն ընդամենն այս տունն ուներ: Տատիկն իր ամուսնու թոշակն էր ստանում, որն ամբողջությամբ ծախսվում էր տան հոգսերի վրա: Հաճախ ասում էր՝ կուշտ է և իր գնած մի կտոր մսով կամ հավի ազդրամսով թոռան համար էր հաց պատրաստում: Ինքը կշտանում էր խաշած կարտոֆիլով, հաց ու պանիրով և երջանիկ էր, որ թոռն ախորժակով էր հացն ուտում:

****
Սիրահար պատանին քայլում էր և ինքն իրեն մտմտում՝ եթե հյուրասենյակի գորգը վաճառեր, տոմսի գումարը մի կերպ կլիներ: Պա՞րտք անել: Ումի՞ց: Եթե հայրը մահացած չլիներ, եթե մայրը, մորեղբայրը մահացած չլինեին, այս սև օրը չէր տեսնի: Ճակատագրի դառը համն էր ճաշակում, և այդ դառնությունը տարածվում էր իր մաքուր սրտով ու հոգով մեկ: Նախանձում էր արտասահմանից եկող կամ այնտեղ գնացող յուրաքանչյուրին: Օդանվակայան էր գնում ու նախանձով նայում ճանապարհորդներին: Հնարավո՞ր էր՝ ինքն էլ նրանցից մեկը դառնար:
Ընկերներն ասացին՝ Մեհրնուշից պարտք վերցնի: Չէ՞ որ Մեհրնուշն էլ էր նրան անսահման սիրում: Ամիրհոսեյնը կարմրեց: Բարկացավ ու վիրավորվեց: Ասաց՝ գերադասում է մեռնել, քան Մեհրնուշից գումար խնդրել:
Ընկերները մտքերի մեջ ընկան: Նրանցից մեկը հարցի լուծման դյուրին տարբերակ էր գտել.
– Ես քո տեղը լինեի, էնպիսի մի աղջկա հետևից կընկնեի, որն էստեղ ա՝ աչքիդ առաջ: Դու էդ աղջկան հազիվ տասն անգամ տեսած լինես: Լավ չես ճանաչում: Աղջիկը Եվրոպայում ա մեծացել: Քեզնից տարբերվում ա ամեն ինչով: Թո՛ղ նրան, ա՛յ մարդ: Գլխացավանք մի՛ ստեղծիր քեզ:
Ամիրհոսեյնն ասաց.
– Անիմաստ դուրս մի՛ տուր: Ես էդ աղջկան եմ սիրում: Գժվեմ էլ, նրան չեմ թողի: Ընկերների խելքը չէր հասնում: Քավեն վատ բան չառաջարկեց: Ասաց.
– Ձեր տունը ծախեք, տատիդ համար էլ վիզա խփեք, իրար հետ գնացեք:
Մյուսներն էլ ասացին՝ սա լավագույն առաջարկն է: Ամիրհոսեյնը գլուխը տարուբերեց: «Անհեթեթություններ են խոսում: Մի՞թե տատիկը կհամաձայնի օր ծերության Ֆրանսիայի ճամփան բռնել: Վշտամահ կլինի, մի ամիս էլ չի ապրի»: Ընկերներին ասաց՝ անհեթեթ առաջարկ է, բայց այդ «անհեթեթ առաջարկը» դրոշմվեց ուղեղում:
Մեկ ամիս էլ չանցած՝ Քամբիզն Իտալիա մեկնեց: Հայրը մոտ էր Իտալիայի դեսպանի հետ և կարողացել էր նրա համար վիզա ձեռք բերել: Այս մեկը թռել էր վանդակից՝ սպասելով Ամիրհոսեյնի՝ Ֆրանսիա գնալուն: Հռոմում իր ընկերոջ տնից զանգեց: Հարցրեց.
– Ի՞նչ կա, դու հլը Թեհրանո՞ւմ ես: Թռի՛ր:
– Փող չունեմ, համ էլ չեմ ուզում տատիս մենակ թողել:
– Դու չէի՞ր ասում՝ տունը քո անունով ա:
– Տունը ծախեմ, տատի՞ն ինչ անեմ:
– Քանի՞ տարեկան ա է տատդ: Առողջ ա՞, թե՞ մի ոտը գերեզմանի ճամփին:
Ամիրհոսեյնն այն աստիճան բարկացավ, որ հեռախոսը դրեց: Ընկերների հարցերը, իրեն առաջարկվող լուծումները խոցոտում էին սիրտը: Վախենում էր: Չէր ուզում լսել: Գրկեց տատին ու իրեն սեղմեց: Մտածեց. «Անհնար ա՝ նրան թողնեմ: Իր տեսած էդքան տանջանքից հետո…», և լայնաբերան ժպտացող տատին ամուր գրկեց ու համբուրեց:

****
Սերը և՛ հաճելի էր, և՛ անհանգստությամբ ու ցավով պարուրված, մանավանդ հեռու սերը: Մշտապես մտատանջության մեջ էր և նախանձում էր իր երևակայական մրցակիցներին: «Գուցե՞ Մեհրնուշը գտել էր որևէ մեկին»: Նրա խոսքերն էր վերլուծում, գցում-բռնում, և կասկածը, ինչպես անմար հուզում, կրծում էր իր հոգին: Զգում էր՝ բանտարկված է մի փոքրիկ սենյակում և չունի փախուստի ելք: Ուսերի վրա զգում էր տատի ծարությունը, որպես հարյուր կիլոգրամանոց կշռաքար և չէր կարողանում շունչ քաշել: Եթե ինքը մենակ լիներ, կարող էր Իրանից փախչելու մի ճամփա գտնել: Տունը կվաճառեր և այդ գումարով Ստամբուլ թռիչքի տոմս կգներ: Վիզայի կարիք չէր լինի: Մեհրնուշն էլ կգար: Որոշ ժամանակ կշրջեին Ստամբուլում, հենց այնտեղ կամուսնանային, և ինքը՝ իբրև Մեհրնուշի ամուսին, վիզա կստանար ու Ֆրանսիա կգնար: Սակայն տատիկը մի պատնեշ էր իր ճանապարհին: Ամեն անգամ նրան տեսնելիս հոգին եռ էր գալիս, և սրտի զարկերը զայրույթից ուժգնանում էին: Երկու րոպե անց զղջում էր, իրեն մեղավոր զգում ու զզվում ինքն իրենից: Ցատկում էր և վերստին համբուրում տատին, նրան բարեմաղթանքներ շռայլում: Տատիկը ծիծաղում էր, բայց սրտի խորքում տխուր էր: Թոռան վարքն իրեն խորթ ու արտասովոր էր թվում: Իրեն տարօրինակ աչքերով էր նայում, և հայացքն անուշադիր էր դարձել: Գիշերվա կեսին արթնանում էր ու տեսնում, որ Ամիրհոսեյնի սենյակի լույսը վառ է: Նախաճաշին աչքի տակով նրան էր նայում, և սիրտը վշտանում էր:
Ամիրհոսեյնի աչքերի տակ երկու սևացած պարկ էր առաջացել, և դեմքի մաշկը դեղնած էր: Հազար ու մի բան էր մտքով անցնում. «Հիվա՞նդ է, թմրամո՞լ է դարձել… » չէր համարձակվում նրանից հարցնել:
Մի օր էլ խոսք բացեց.
– Ի՞նչ է պատահել, սիրելի՛ս: Կարող ես ինձ ասել: Ինչո՞ւ ես այդքան անհանգիստ: Տասը կիլոգրամի չափ նիհարել ես: Ես հասկանում եմ: Տեսնում եմ, հո կույր չեմ: Վշտանում եմ, հազար ու մի վատ բան է մտքովս անցնում:
Ամիրհոսեյնն ուսերը թափ տվեց, ասաց.
– Բան էլ չի եղել, ոչ մի բան:
Տատիկը համառեց.
– Այդ դեպքում ինչի՞ ես այդքան ջղային :
Ամիրհոսեյնը սկսեց լալ: Ջղաձգվեց ու սենյակից դուրս վազեց:

****
Երկու օր անց Մեհրնուշը զանգահարեց: Ամիրհոսեյնից հեռու լինելուց շնչասպառ էր լինում: Արագ-արագ խոսում էր: Վերջում էլ հրամայական տոնով ասաց.
– Միակ հնարը տունը ծախելն ա:
– Սպասի՛ր: Համբերի՛ր, հե՛րթ տուր: Տունը ծախե՞մ: Ուզածդ է՞դ ա: Ես հազիվ եմ տան տեր դարձել, երջանկությունից ոտի վրա չեմ կարողանում կանգնել,- ասաց Ամիրհոսեյնը:
Մեհրնուշի հրամայական խոսելաձևը հանդարտվեց, նույնիսկ սկսեց լաց լինել: -Հասկանում եմ, ես հո չեմ ասում հենց էսօր կամ վաղը: Մի քանի ամիս կսպասենք:
Ամիրհոսեյնը սրտի խորքում մտածեց. «Ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը, ո՛չ էլ մյուս տարի», բայց չէր ուզում Մեհրնուշի այդ խոսքից հետո բան ասել: Առաջին անգամն էր, որ, բացի սիրուց, այլ թեմայով էին խոսում, առ ու ծախի, տան ու փողի թեմայով: Կարճ ժամանակում երկնքից իջել էին, և ոտքները գետնին դրել:
Հաջորդ հեռախոսազանգերում խոսակցությունն ավելի լուրջ էր: Սկսվեց «ես քեզ սիրում»-ով ու «քեզ կարոտել եմ»-ով՝ հասնելով տատին և այլ խնդիրներին: Խնդիրներ, որ մինչև հիմա չունեին:
Մեհրնուշն ասաց.
– Ես չեմ կարող գալ Թեհրան, գալ ու մնալ: Էդ մտքիցդ հանիր: Մինչև հիմա որոշել էինք՝ դու գաս արտասահման: Դու չէի՞ր, որ քեզ կոտորում էիր, որ Իրանից փախչեիր: Հիմա փոշմանել ե՞ս: Տունն ինձնից կարևոր ա՞:
Ամիրհոսեյնը չգիտեր ինչ անել: Լալկացել էր: Մեհրնուշն իրավացիր էր, բայց տուն վաճառելն անգամ պատկերացնելն իր համար ցավոտ էր: Ասաց.
– Տունը քոնն ա: Պատկանում ա քեզ, ոնց որ՝ ես:
Մեհրնուշը տրամաբանող էր ու խելամիտ: Ասաց.
– Եթե իմն ա, ես ուզում եմ իմ տունը ծախել ու էդ փողով քեզ մոտս բերել: Կարող ա՞ հենց էդ չես ուզում:
Ամիրհոսեյնը տատի մասին մտածեց, և ձայնը կոկորդից հազիվ դուրս եկավ.
– Տատիս ի՞նչ կլինի: Չեմ կարող նրան փողոցում թողնել:
– Հասկանում եմ: Երբ մենք ուզում էինք Ֆրանսիա գալ, չգիտեինք՝ պապիս ինչ անել, քանի որ, բացի մեզնից, ոչ մեկը չուներ: Ծեր էր. չէր կարող հետներս գալ: Ծերանոցում թողեցինք: Ստիպված էինք: Կյանքը փոխվել ա, պիտի իրատես լինել: Սիրելի՛ս, դու պիտի քո, քո ապագայի, մեր երկուսի ապագայի մասին մտածես:
Ամիրհոսեյնը դառնացած ասաց.
– Անհնար ա: Լավ ա՝ մեռնեմ: Ես իրանցի եմ: Դու դարձել ես եվրոպացի: Երբ մեր ծնողները մեծանում են, ծերանոց չենք գցում: Հետս կբերեմ:
Մեհրնուշը վիրավորված էր. ձայնից զգացվում էր: Ասաց.
– Սրտով մի՛ մտածիր: Ուղեղո՛վ սիրիր, ուղեղո՛վ ընտրիր: Հասկանո՞ւմ ես: Ժամանակակից եղիր, քաղաքակիրթ, եվրոպացի:
Ամիրհոսեյնը լռեց: Մեհրնուշն էլ ոչինչ չասաց, հեռախոսային հաշիվը սպառվեց: Ճիշտ ժամանակին, այլապես վիճելու էին: Ամիրհոսեյնը մտորելու և որոշում կայացնելու կարիք ուներ: Մեհրնուշի ձայնն էր արձագանքում ականջներում: «Ժամանակակից եղիր, քաղաքակիրթ, եվրոպացի»:
Հաջորդ օրը գնաց ընկերներին տեսնելու: Ուզում էր նրանց կարծիքն իմանալ: Ընկերներն ասացին.
– Ուղեղդ աշխատացրու, տունդ ծախի՛ր: Փողն ամեն ինչից կարևոր ա: Խնդիրներիդ լուծումն ա: Ամուսնացիր Մեհրնուշի հետ ու նրա օգնությամբ «Շենգեն» վիզա ստացիր: Գնա ու էլ հետ մի՛ նայիր: Մի բանկային հաշիվ էլ էստեղ բա՛ց: Փողերդ ավանդ դիր: Արժույթը բարձր ա: Մի քանի տարուց վերադարձիր ու փողերդ ծախսիր: Մեհրնուշը ճիշտ ա: Ուղեղո՛վ սիրիր:

****
Ո՛չ: Ամեն ինչ այդքան պարզ չէր: Դրանք ընդամենը խոսքեր էին, և Ամիրհոսեյնն իր մեջ երկար-բարակ մտորում էր: Ամեն անգամ՝ անշարժ գույքի գործակալության կողքվ անցնելիս, քայլերը դանդաղում էին, մի քանի վայրկյան կանգ էր առնում, ապա արագ գնում մեկ ուրիշ փողոցի կողմ: Գլխում Մեհրնուշի ասած դառնահամ խոսքերն էին: Միթե հնարավոր էր սիրել ուղեղով: Եթե որոշեր լսել ուղեղին, պետք է հրաժարվեր Մեհրնուշից:
Տատիկը մտահոգ էր թոռան համար: Դիմեց իմամին և նրանից օգնություն խնդրեց: Գիշերը երազին ոսկեզօծ գմբեթ տեսավ: Անհանգիստ էր՝ Մաշհադ գնալու համար անհանգիստ էր: Հագնվեց, գլուխը ծածկեց, տաքսի վերցրեց և հասավ իրանական զբոսաշրջության հիմնարկ: Սպասվում էր եռօրյա ինքնաթիռային ուղևորություն դեպի Մաշհադ:
Ամիրհոսեյնն ապշած էր տատի տարիքի կնոջ կամքի ուժից ու որոշումից: Բռնելով նրա տաքուկ ձեռքերը՝ հարցրեց.
– Մենակ ո՞ւր: Ե՞րբ ես վերադառնում:
Տատիկը ձեռքերը վերև էր բարձրացրել: Դեմքը հպեց Ամիրհոսեյնի ձեռքերին. այտերը հուզմունքից կարմրել էին: Ասաց.
– Տղա՛ս, մատաղդ լինեմ, քեզ լավ նայիր: Գնում եմ՝ քեզ համար աղոթեմ:
Տատի գնալուն պես տունը միանգամից դատարկվեց: Հաճելի լռություն էր ու միայնություն: Ամիրհոսեյնը հեռախոսային հաշվեքարտ գնեց և զանգեց Մեհրնուշին: Հանգիստ էր, որ տատն իր խոսքերը չէր լսի: Բղավեց.
– Կարոտել եմ: Առանց քեզ մեռնում եմ: Սպասի՛ր ինձ:
Մեհրնուշի ասածներն Ամիրհոսեյնի խոսքերի կրկնությունն էին՝ գումարած մի նոր հրաման.
– Գնա՛, մի ծերանոց այցելի՛ր: Կտեսնես, որ քեզ պես շատերն են իրենց ծնողներին թողել էնտեղ: Պապս էլ էդ տներից մեկում ա: Շատ հանգիստ ա: Իր հասակակիցների հետ ա: Թուղթ ու գրիչ ունե՞ս: Հասցեն պարզ ա: Նշի՛ր:
Ամիրհոսեյնը, ասես քնի մեջ, գրպանից հանեց գրիչը և բացեց հեռախոսային սեղանիկի վրայի նշումների գրքույկը: Ծերանոցի հասցեն գրելիս ձեռքերը դողում էին: Մտածեց. «Նրա համար մի բուժքույր կգտնեմ, մի փոքր տեղ կվարձեմ: Նրան որոշակի գումար կտամ, որ հանգիստ ապրի»:
Մեհրնուշի ձայնը նրան այս ու այն կողմ էր տարուբերում.
– Գնա՛ անշարժ գույքի մի գործակալություն, ասա՝ ուզում ես տունդ առաջին պատահած գնորդին վաճառել ու շտապում ես: Վազի՛ր, քանի տատդ չի վերադարձել: Գործերը գլուխ բեր:
Ամիրհոսեյնը սեփական կամք չուներ: Մեհրնուշի ողջ թելադրածը կատարեց՝ ինչպես լարած մարդուկ: Գնաց անշարժ գույքի գործակալություն: Գործակալության աշխատակցին հետը բերեց և բնակարանը ցույց տվեց: Աշխատողը բնակարանի գինը հարցրեց, և Ամիրհոսեյնն ասաց.
– Ինչ որ կասեք:
Չգիտեր՝ ինչ է խոսում, ինքն իրեն չէր ճանաչում, և մեկ ուրիշն էր իր տեղը որոշում կայացնում: Մեհրնուշի անտեսանելի ձեռքերը բռնել էին նրա ուսերից և իրեն քաշում էին դեպի անհայտ մի ճակատագիր:
Տուն վերադարձավ: Շուրջբոլորը հայացք գցեց: Տատի սենյակի կիսաբաց դուռը, կարմիր բազմոցը՝ հյուրասենյակի շքեղությունը, պատին փակցված նկարները: Պիտի այս ամենից հրաժարվեր: Ինքն իրենից հարցրեց. «Մի՞թե կարելի է»:
Մի ձայն ականջին շշնջաց. «Այո՛, կարելի է: Ամեն ինչ էլ կարելի է: Ավելի դժվար չէ, քան մեռնելը»:
Այդ գիշեր վեր թռավ՝ քրտինքի մեջ: «Ի՞նչ անեմ: Գնա՞մ, թե՞ մնամ: Պիտի որոշեմ, պիտի ընտրեմ»:
Ինչպե՞ս: Սիրում էր տատին: Սիրում էր Մեհրնուշին: Իր նոր տունն էլ էր սիրում: Սիրում էր իր հայրենիքն ու քաղաքը: Բաժանվել էր երկու մասի և չէր կարողանում այդ երկու բեկորներն իրար հանգուցել:

****
Երկու օր անց: Տատի՝ Մաշհադից վերադառնալուն մեկ օր անցած մի երիտասարդ ամուսիններ անշարժ գույքի գործակալի ուղեկցությամբ եկան տունը տեսնելու: Ամիրհոսեյնը երազում էր, որ տունը չհավանեին: Սակայն (բարեբախտաբար կամ դժբախտաբար) գնորդները տունը հավանեցին: Որոշվեց՝ հաջորդ օրը գան և տունն անվանափոխեն: Այդ ամենից հետո Ամիրհոսեյնը իր գործերը կարգավորելու համար երկու ամիս ժամանակ էր ունենալու:

****
Տատիկը Մաշհադից վերադարձավ գոհ ու երջանիկ: Ամիրհոսեյնին գիրկն առավ և արցունքներին ազատություն տալով՝ ասաց.
– Փառք Աստծու, որ քեզ ունեմ: Սիրտս քեզ համար կտոր-կտոր է լինում:
Ամիրհոսեյնը մինչև տան վերջնական վաճառքը երկու ամիս ժամանակ ուներ և այս երկու ամսվա ընթացքում տատին անընդհատ ակնարկում էր, որ այս տունը շատ մեծ է, ու ինքն էլ փողի կարիք ունի: Ասաց.
– Որոշել եմ երկու հոգու հետ համագործակցել ու ընկերություն հիմնել: Եթե, Ձեր թողտվությամբ, էս տունը վաճառեմ ու ավելի փոքր տուն ձեռք բերեմ, կլինի՞:
Առաջին սուտը հաջորդ ստերի ճամփան հարթում է: Մինչև հիմա տատին չէր ստել: Իրեն էլ էր ցավոտ: Հաջորդ ստերն ավելի հեշտ էին, մինչ ընտելացավ: Ամիրհոսեյնը նկարները բաժանեց ընկերներին, իսկ կարմիր բազմոցը վաճառքի դրեց: Տատին ասաց, որ հոգնել է այդ իրերից ու գույներից, և սիրտը հանգիստ ու համեմատաբար դատարկ տուն է ուզում:
Տատը հարցրեց.
– Էլի տեղափոխությո՞ւն: – Եվ Ամիրհոսեյնը լռեց: Երկու օր չանցած՝ տատիկը կրկին հարցրեց՝ ո՞ւր ենք գնում, իսկ Ամիրհոսեյնը պատասխան չուներ: Մի պահ մտածեց տատին ամեն ինչ պատմել: Անիմաստ կմկմաց: Չգիտեր՝ ինչպես խոստովաներ, որ տունը, առանց նրա համաձայնության, վաճառել է: Բերանը բացեց ու փակեց. համարձակություն չուներ:

****
Երկու ամիս անց: Տան վաճառքի նոտարական գործերն ավարտվեցին, և Ամիրհոսեյնի գրպանում խոշոր գումարի մի չեկ հայտվեց: Չեկ, որն իր սիրելի տան վաճառքի առհավատչյան էր: Հիմա այլևս տան տեր չէր, բայց «Մելլաթ» բանկում մեծ գումարով հաշիվ ուներ, որը նրան նստեցնում էր կառավարչի կողքին, առաջացնում բանկի աշխատակիցների հարգանքը:
Տան ճանապարհին տատի համար մի մեծ ծաղկեփունջ գնեց ու մտածեց. «Չէ՛, նրան ծերանոցում չեմ թողնի: Անհնար ա: Ուր էլ գնամ, հետս կտանեմ: Էնքան փող ունեմ, որ մի սենյակ կվարձեմ նրա համար, բայց չգիտեմ՝ նրա համար վիզա ինչպե՞ս ձեռք բերեմ»:
Ընկերները կրկին շրջապատեցին նրան: Ամիրհոսեյնի պատվին հյուրասիրություն կազմակերպեցին, նրա հաշվին դրսից ուտելիքներ պատվիրեցին և ասացին, որ տատն իր կյանքն ապրել է: Դու էլ քո կյանքն ապրիր:
– Դուք իմ տեղը լինեիք, ի՞նչ կանեիք:
Գցեցին-բռնեցին: Բոլորը, բացի երկու հոգուց, ասացին, որ պետք է ծերացած ծնողներին հանձնել Աստծո ողորմությանը: Այդ երկուսից առաջինն ասաց.
– Մեղկ ա: Էստեղ նրա համար մի սենյակ վարձիր: Մի ծեր տատի էլ գտիր, մոտը թող ու գնա:
Մյուսն էլ ասաց.
– Տար ծերանոց: Էստեղից ավելի ապահով ա:
Ամիրհոսեյնը տուն վերադարձավ, Մեհրնուշի տված ծերանոցի հասցեն դրեց գրպանն ու դուրս գնաց: Որոշ ժամանակ քայլեց: Իրար հետևից ծխեց: Դրությունը նախանձելի չէր: Մտածեց. «Միայն գնում եմ, տեսնեմ: Էն էլ նրա համար, որ Մեհրնուշին եմ խոստացել: Մի պահ կնայեմ ու հետ կգամ»:
Ծերանոցի դուռը բաց էր: Մի մարդ այնտեղի հատակն ու պատերն էր լվանում: Սուր միզահոտ էր փչում: Միջանցքից մի փոքր բակ էր բացվում: Ամիրհոսեյնը նայեց ապակու հետևից: Մի խումբ ծեր կանայք ու տղամարդիկ ննջում էին, ինչպես հոգնած թռչուններ, մի քանիսը անվասայլակների վրա, մնացածն էլ՝ փայտե նստարանին:
Մի բուժքույր մոտեցավ Ամիրհոսեյնին: Հարցրեց.
– Ի՞նչ գործով եք եկել: Տեսակցությա՞ն եք եկել:
Ամիրհոսեյնը ջղակծկված էր: Ձայնը դժվարությամբ էր դուրս գալիս: Հարցրեց.
– Կարո՞ղ եմ սենյակները տեսնել:
– Իհարկե: Եկեք այս կողմ: – Նայեց Ամիրհոսեյնին. այսպիսի սփրթնած երիտասարդներ շատ էր տեսել:
– Ձեր մայրիկի համա՞ր եք տեղ փնտրում:
– Տատիս:
Կինը բարեհամբույր նրան նայեց: Բացեց սենյակներից մեկի դուռը: Ասաց.
– Հասկանում եմ: Ձեզ համար ծանր է: Իրավունք ունեք: Ձեզ նման շատերն են մեզ դիմում: Ընտանիքները չգիտեն՝ ծերերի հետ ինչպես վարվել: Չունեն որևէ մեկին, որ խնամի: Մի՛ մտահոգվեք: Այստեղ Ձեր տատիկի համար հանգիստ է: Սկզբում դժվար կլինի, հետո կընտելանա:
Ամիրհոսեյնն անմիջապես տուն վերադարձավ: Իր սենյակ գնաց ու դուռը փակեց: Սիրտը խառնում էր, փսխեց սենյակի հին գորգին: Թուլացած ընկավ մահճակալին:
Տատիկը դռան հետևից հարցրեց.
– Տղաս, քեզ լավ չե՞ս զգում:
Ամիրհոսեյնը չպատասխանեց: Տատիկը կռացավ՝ բանալու անցքից նայելու: Սենյակի լույսը հանգցրած էր: Հենց այնտեղ՝ Ամիրհոսեյնի դռան հետևում նստեց ու ննջեց. քունը տարավ: Լուսանում էր, երբ Ամիրհոսեյնի ձայնից արթնացավ: Ականջ դրեց.
– Տունը ծախել եմ, գնորդից մի շաբաթ էլ եմ խնդրել: Էսօր կգնամ «Իրան էյր», Ստամբուլի տոմս կամրագրեմ: Ալո, Մեհրնուշ, լսո՞ւմ ես: Ձայնդ կտրտվում ա: Հիմա դզվեց: Դու էլ գործերդ կարգավորիր, արի: Համ էլ ծերանոց եմ գնացել: Ընկերներիցս երկուսին կխնդրեմ՝ գան, տատիկին տանեն: Ես չեմ կարող էդ բանն անել: Կմեռնեմ: Եթե տատիկը մեռած լիներ, ինձ համար ավելի հեշտ կլիներ: Հենց Թուրքիայում գործերս լավանան, հետ կգամ, տատիկի գործերը կկարգավորեմ: Չեմ թողնի՝ ծերանոցում մնա: Տխուր տեղ ա: Բինտի ու ախտահանող նյութերի հոտ էր գալիս: Վշտամահ անող տեղ ա: Սպասի՛ր ինձ: Քո սերն իմ սրտին ուժ ա տալիս:

****
Ամիրհոսեյնն առավոտյան շուտ արթնացավ ու շտապ հանգնվեց: Տեսավ՝ տատիկն իր տեղում քնած է: Հանգիստ բացեց տան դուռը և դուրս գնաց: Պետք է մինչև զղջալը գործերը կարգավորեր: Գնաց ուղիղ «Մելլաթ» բանկ: Այս բանկում ընթացիկ հաշիվ ուներ: Գումարի մի մասը վերցրեց, մնացածն էլ մեկ տարով ավանդ դրեց: Մտածել էր, որ հաջորդ տարի կվերադառնա ու տատին հետը Ֆրանսիա կտանի: Բանկից դուրս եկավ: Տաքսի վերցրեց և գնաց «Իրան էյր» ավիաընկերություն: Մեկ ժամ ձգվեց, մինչ հերթն իրեն հասավ:
Դեպի Ստամբուլ առաջին թռիչքը հաջորդ օրն էր՝ առավոտյան ժամը յոթին: Պիտի ավելի շուտ օդակայանում լիներ: Տոմսը գնեց ու կարծեց, թե ճանապարհի կեսն անցել է: Ուզում էր նույն րոպեին զանգել Մեհրնուշին ու տեղեկացենլ իր գալու մասին: Տուն վերադարձավ և տատին դեմ դիմաց դուրս գալու վախից ոտնաթաթերի վրա գնաց իր սենյակ: Դուռը փակեց, ընկավ մահճակալին, և քունը տարավ: Սարսափում էր արթնանալ և տեսնել տատին, ճիշտ նույն կերպ նայել հայելու մեջ: Ինքը՝ իրեն անծանոթ: Վստահ էր, որ վախն ու կեղծիքը այլափոխել են սեփական դեմքը:
Մայրամուտին արթնացավ և տնից հապշտապ դուրս գնաց: Տաքսի վերցրեց, միանգամից գնաց Մանոչեհրի փողոց: Իրեն էին սպասում ճանապարհորդական պայուսակներն ու ճամպրուկները: Հեշտությամբ ընտրեց ձեռքի երկու պայուսակ: Վաճառողն աչքի տակով նրան էր նայում: Հաշվեց թղթադրամները, որ Ամիրհոսեյնն էր դրել ձեռքի ափին, հարցրեց.
– Պարո՛ն, Ձեզ լավ չե՞ք զգում:

****
Ամիրհոսեյնը հոգնած-ջարդված տուն հասավ: Երեկոյան ժամը ութն էր: Դուռը կամացուկ բացեց և առանց ձայն հանելու՝ իր սենյակ գնաց: Սենյակի դուռը ներսից կողպեց՝ պայուսակում արագորեն խցկելով անհրաժեշտ հագուստները: Չգիտեր՝ ինչ վերցնել: Կոշիկի մի զույգը չէր գտնում: Վերնաշապիկների մեծ մասը լվացված չէին: Ձեռքերը դողում էին: Լարեց լսողությունը: Իրեն մի պահ թվաց, թե տատիկը դռան հետևում է: Դուռը դանդաղ բացեց. մարդ չկար: Հազվադեպ էր պատահում, որ տատիկը, առանց իրեն ասելու, ընթրի ու քնի: «Գուցե հիվա՞նդ էր»: Տատի՝ հիվանդ լինելու միտքը թուլացրեց նրա ոտքերը: Բջջայինը զանգեց. Մեհրնուշն էր: Ասաց.
– Գործերս արեցի: Վաղը՝ ժամը հինգին, «Շառլ դը Գոլ» օդանավակայանից կմեկնեմ: Երեկոյանը՝ ութն անց կես, Ստամբուլ կհասնեմ: Օդակայանից ավտոբուսով ուղիղ «Թաղսիմ » հրապարակ արի: Չմոռանաս: Սպասելու եմ քեզ:

****
Խառնիճաղանջ մտքերը քաոսային ու առանց դադարի պտտվում էին Ամիրհոսեյնի գլխում: Մի քանի անգամ տատի դռան սենյակի հետևում քայլեց: Ականջը հպեց տատի դռանը: Ցանկացավ ներս մտնել, բայց չհամարձակվեց: Վախենում էր՝ տատիկը հիվանդ լիներ: Չէր ուզում իմանալ: Բոլոր ծրագրեը ջուրը կընկնեին: Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ նայում էր պատի ժամացույցին: Ժամանակը կանգ էր առել: Պետք է առավոտյան չորսին օդանավակայանում լինել: Դեռ գիշերվա ժամը երկուսն էր: Զանգահարեց «Թեհրան» տաքսի ծառայություն և խնդրեց, որ ժամը երեքին իր համար ավտոմեքենա ուղարկեն: Մի անգամ էլ ստուգեց բոլոր թղթերն ու փաստաթղթերը: Ոչ մի պակաս-պռատ բան չկար: Սպասումն անտանելի էր: Անհանգիստ էր, բերանը չորացել էր: «Ստամբուլ հասնելուն պես ծերանոց կզանգեմ ու նրան ամեն ինչ կբացատրեմ»:
Գնաց իր սենյակ ու զանգահարեց Քավեին: Ձայնը, ինչքան հնարավոր էր, իջեցրեց: Քավեն արթուն էր: Հարցրեց.
– Ո՞ւր ես: Օդակայան գնացի՞ր: Տատիկդ քնա՞ծ է: Հույս ունեմ՝ գլխի ընկած չի լինի:
– Չէ՛, չգիտի: Քնած է: Քավե ջան, չմոռանաս, կգաս, նրան կտանես ծերանոց: Տան եղած-չեղածն էլ տվել եմ նոր տերերին, բայց եթե կա մի բան, որն ուզում ես, վերցրու: Պիտի գնամ, մեռնեմ ջանիդ: Կզանգեմ քեզ:
Սենյակից դուրս եկավ: Մի թղթի կտորի վրա գրեց. «Տա՛տ, ինձ կներես: Սիրում եմ քեզ»:
Մինչև հիմա, մինչև այս պահն ասես ամեն ինչ մղձավանջ լիներ, բայց այս մի քանի բառը կարծես իրականության փաստաթղթի ստորագրությունն էր: Իր ճանապարհին ընտրած ցավալի խոստովանության փաստաթուղթը: Այդ վայրկյանից ի վեր, ուրիշ մեկն էր, և ինքն իրեն չէր ճանաչում: Ամբողջ մարմինը դողում էր. նույնիսկ սիրտն ու աղիները:
Տատիկն իր դեղերը միջանցքի պահարանի առաջին դարակում էր պահում: Ամիրհոսեյնը գիտեր նրա դեղերը: Գտավ Դիազեպամի տուփը, 5 մլգ. գցեց բերանն ու կուլ տվեց: Սպասեց, մինչ սրտխփոցը հանդարտվի, և հետո տատի սենյակի դուռը կամաց բացեց: Ծանր լացը կոկորդն էր ճնշում: Ուզում էր գնալուց առաջ մեկ անգամ էլ տեսնել:
Փողոցի լուսավորությունն ընկել էր տատի բարձի վրա: Մահճակալը դատարկ էր և մատով չդիպած: Ամիրհոսեյնը թակեց լվացարանի դուռը: Ասաց.
– Տատ, էստեղ ե՞ս:
Շնչասպառ էր լինում: Վառեց տան լույսերը: Տատին ձայնեց, ոչ ոք չարձագանքեց: Տատիկն իր գլխաշորն ու սև վերնազգեստը կախում էր կախիչից. դրանց հետքն էլ չկար: Կոշիկներն էլ չկային: Ամիրհոսեյնին թվաց, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Չգիտեր ումից հարցնել: Քիչ ժամանակ կար: Մի անգամ էլ պտտվեց սենյակներով: Ամեն ինչ իր տեղում էր. բացի իր մոր ու քեռու նկարի շրջանակներից՝ ամեն ինչ տատի սեղանին էր:
Բացեց հյուրասենյակի պատուհանը: Դուրս նայեց: Դեղին տաքսին փողոցի այն կողմում իրեն էր սպասում: Ամիրհոսեյնի մտքերն այնքան ցաքուցրիվ էին, որ դուրս գալու պահին ճակատը խփեց դռան շրջանակին և աչքը կապտացրեց: Պայուսակները վերցրեց և արագ-արագ իջավ աստիճաններով:
Վարորդն իջավ: Մեքենայի հետևի դուռը բացեց: Տեսավ՝ Ամիրհոսեյնը ձեռքի պայուսակն իրեն է կպցրել: Մի քանի վայրկյան անցավ: Վարորդը, անշարժ կանգնած, սպասում էր: Հարցրեց՝ կխոսե՞ք:
Ամիրհոսեյնը շփոթված նայում էր: Ասես չլսեց կամ երազի մեջ էր:
Վարորդը նույն կերպ սպասում էր: Հարցրեց.
– Ինչ-որ մի բան կասե՞ք:
Ամիրհոսեյնը շրջվեց, գլուխը բարձրացրեց ու նայեց իր տան մարած լույսերին: Ապա հայացք գցեց փողոցի անսահմանությանը: Հեռվից մի սպիտակ ավտոմեքենա էր գալիս: Ամիրհոսեյնը մի քանի քայլ առաջացավ, պայուսակները դրեց գետնին, և շուրթերին մի լայն ժպիտ հայտնվեց: Սպիտակ մեքենան անցավ Ամիրհոսեյնի առջևով: Վարորդը, անորոշ դրության մեջ, հայացք գցեց ժամացույցին: Ամիրհոսեյնի տարօրինակ վարքն ու լռությունը նրան հունից հանել էր: Անորոշ սպասում էր: Մի բարկացկոտ հայացք գցելով կասկածելի ճանապարհորդի վրա՝ ասաց.
– Երեքն անց քսան է: Վախենամ, ժամանակին չհասցնեք:
Ամիրհոսեյնը նայում էր՝ ինչպես երազում:
Նույնպիսի երկարաշունչ րոպեներ էլ անցան: Հետո շտապ բացեց տան փակ դուռը և ներս գնաց: Մտածեց. «Հենց հիմա կգժվեմ: Հենց էստեղ՝ էս տան մեջ»:
Ո՞ւր է: Գուցե վարագույրների հետևո՞ւմ: Գուցե վերմակի տա՞կ: Գուցե… Հորանջեց, և աչքերը արցունքով լցվեցին: Փակեց աչքերը: Չպիտի հանգստացնող հաբ խմեր: Այդ կարգի դեղին սովոր չէր: Քնում էր: Գոռաց.
– Ո՞ւր ես, տիկի՛ն: Պատասխանի՛ր:
Գնաց տատի սենյակ և ինչպես մի կորած երեխա՝ ծածկոցը մի կողմ քաշեց: Չկար: Վերմակի տակ՝ իր մշտական տեղում, չէր: Գլուխը դրեց տատի բարձին, և մի խորը քուն, պարուրված տատիկի վարսերի բույրով, սողոսկեց իր մարմնի մեջ, որպես մի կախարդական գորգ, և Ամիրհոսեյնին իր հետ տարավ՝ տեսնելու երկնքի հեռուներում սփռված գալակտիկան: Տեսավ իր տատին, որն իր աղոթագորգն էր փռել մի ճերմակ ամպի վրա և լվացած հագուստը կախել լուսնի մահիկից: Իսկ Մեհրնուշը, արցունքոտված աչքերով պտտվելով օդում, իրեն էր ձայնում:
Արևածագի լույսն ընկել էր տատի մահճակալի ու սենյակի հատակի վրա: Ամիրհոսեյնն արևի ջերմությունը զգաց իր դեմքին և արթնացավ: Բացելով աչքերը՝ մի պահ չհիշեց, թե ուր է: Տատի ձայնին, նախաճաշի բույրին էր սպասում: Դրսից ձայներ էին լսվում: Իր պատուհանի տակ աղմուկ-աղաղակ էր: Ամիրհոսեյնը տեղից վեր թռավ: Գնաց պատուհանի մոտ ու նայեց: Շենքի դիմաց մի բեռնատար էր կանգնած՝ լի տան ապրանքներով: Երկու տղամարդ սեղանն էին բռնել: Մի երիտասարդ կին, քիչ հեռու կանգնած, բղավեց.
– Զգույշ եղեք՝ չգցեք:
Եվ մի նիհարակազմ տղամարդ իջավ «Փարք» փողոցում կայանած իր սպիտակ մեքենայից: Բացեց մեքենայի բեռնախցիկը և բանվորներին ասաց.
– Մեկդ եկեք, օգնեք՝ գորգերը հանենք:
Տան նոր տերերն էին:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *