(Բանաստեղծությունը կսկսվի այս գովազդից հետո)
Ես այնքան ավելի շատ բան ունեմ հիմա քան առաջ
Որ ավելի շատ վախենում եմ դրանք կորցնելուց
Քան երջանկություն ապրում դրանք ունենալու համար
Մենք ապրում ենք—
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
(Բանաստեղծությունը կվերսկսվի այս գովազդից հետո)
Մենք ապրում ենք մի հասարակությունում
Որ հնարավոր է դարձրել անհնար շատ բան
Որ կարողացել է անգամ ուղտին ասեղի ծակից անցկացնել
Դեռ մի հատ էլ շորեր կարել դրանով
Թեպետ մինչև հիմա դժվարանում է
Գտնել դրանք արդար բաշխելու ձևը
Մենք ապրում ենք—
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
(Բանաստեղծությունը կվերսկսվի այս գովազդից հետո)
Մենք ապրում ենք մի հասարակությունում
Որտեղ անկուշտ ցանկություններին
Ավելի լավ է հաջողվում կարիք ձևանալ
Քան հենց կարիքներին
Որտեղ մակերեսային կոմֆորտը
Սովորել է խոսել
Սովորել է կշռադատել
Սովորել է վարի տալ
Տոլստոյի այն տեսակետը որ
Կյանքի հարմարավետության գերառատությունը
Կործանում է սեփական կարիքները բավարարելու
Ողջ երանությունը
Ես ապրում եմ—
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
(Բանաստեղծությունը կվերսկսվի այս գովազդից հետո)
Ես ապրում եմ հետսպառողական հասարակությունում
Ես ապրում եմ սպառվողական հասարակությունում
Որտեղ Ապրանքն է սպառում անհատին
Որտեղ ոչ թե Աստվածները
Այլ—
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
(Բանաստեղծությունը կվերսկսվի այս գովազդից հետո)
Ոչ թե Աստվածները
Այլ Ապրանքներն են
Մեզ ձևավորում
Իրենց պատկերով ու նմանությամբ
Մարգարեանալով որ աշխարհը կվերջանա
Ոչ թե պայթյունով
Ոչ թե կաղկանձով [1]
Այլ—
ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
(Հաջորդ բանաստեղծությունը կսկսվի այս գովազդից հետո)
__________________________________________
1 «Այսպես է վերջանում աշխարհը / Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով» (Թ.Ս. Էլիոթի «Սնամեջ մարդիկ» պոեմից)
«Լեզվի ծայրին» անտիպ ժողովածուից
Շատ դիպուկ…