Մհեր Արշակյան | Գրականագիտական «ստիխներ»

Բանաստեղծությունը

Բանաստեղծությունները գրվում են նույն բառերով: Բառերը ե՞րբ են նոր` երբ զգացողություններն են ուրիշ: Երբ զգացողություններն ուրիշ չեն, բառերը միշտ նույնն են, եթե նույնիսկ նոր բառեր ես հնարել:

Ուլիսես

Ապակենտրոն մեկ աշխարհ, մեկ մարդ և մեկ ճշմարտություն:

Դոն Կիխոտ

Աշխարհի բոլոր մարդիկ շարունակվում են գրքով: Դոն Կիխոտը չի շարունակվում, ինքն ապրում է գրքի մեջ, ինքը կարդացածին ոչինչ չի ավելացնում: Գրքի և կյանքի բախումն է Դոն Կիխոտը, որտեղ կյանքը չկա: Ամբողջ աշխարհը Դոն Կիխոտին ուզում է բերել կյանք, մինչդեռ այս մարդը կյանքի հետ հաշիվները փակել է:

Արվեստը

Արվեստն այսօր «միկրոօրգանիզմների» միջոցով է փորձում անդրադառնալ համընդհանուր գաղափարներին: Այսպես ասենք` հին հունական գաղափարներին: Այսօրվա թեման իր բնույթով «նեյտրինոյի» ուսումնասիրությունն է, որովհետև մեծ հարցերն իրենց լավագույն հնչեղություններն արդեն ապրել են:

Ջերոմ Դեվիդ Սելինջեր

Սելինջերն արեց շշմելի մի բան` 50 տարի լռեց ու մահացավ: Նա ապրեց որպես ամենամահկանացու, նա բոլորի խտացումն էր, որոնց մասին ոչ ոք երբեք ամբողջ կյանքում չի լսել և չի լսի, նա դիտավորյալ մահկանացու էր, մարդ, որը բոլորի ուշադրությունը հրավիրեց մեկի վրա, որն այլևս գոյություն չի ունենալու մեռնելուց 50 տարի առաջ: Նա ուղղակի բեմականացրեց հեղինակության դատապարտումը, իր մարմինը նա դարձրեց հեղինակության բանտ, որտեղ հավերժ փակվում է ամբողջ մարդկության փառքի ծարավը: Յուրաքանչյուր անհայտ մեկն իրեն կճանաչեր Սելինջերի մեջ նույնիսկ մեռած ժամանակ: Սելինջերը յուրաքանչյուրի իմացված չլինելու մանիֆեստն է, յուրաքանչյուրի բացակայության շրխկոցը նրանց երեսին, որոնք երազում են հայտնի լինել, հետք ունենալ: Եթե արդարությունը բոլորի համար չէ, ես կլինեմ նրանց արդարությունը, որոնց երբեք ոչ ոք չի նկատել, ես բոլորին կպատմեմ, թե ինչպիսին է լինում բացական, ինչքան աղմուկ կարելի է դնել այդ բացակայության մեջ:

Իոսիֆ Բրոդսկի. «Պիլիգրիմներ»

Բրոդսկու «Պիլիգրիմներ»-ը ընկալման հիստերիկա է ուզում: Իր նոտաները ճչացող են, բայց առանց ներքին ռիթմի վայրիվերումների: Ծիսական աճող տոնով «Պիլիգրիմների» տողերը քեզ տանում են դեպի մի երկնային դատարկություն, որտեղ մոտավորապես նշանակված է Աստծո ընդունելությունը, որը չի գալու: Սա Բրոդսկու «Գոդոյին սպասելիս»-ն է: Սա գիտի կարդացողը, բայց ոչ պիլիգրիմները: Պիլիգրիմները մարտնչող աստվածընկալներ են, նրանք երբեք խաղաղություն չեն ունենա, հետևաբար նրանք հետապնդված են անապատների, արևների խութերով: Այդ բանաստեղծությունը պետք է բղավել ինչպես մարտնչող խրտվիլակը արևածաղիկների վրա հարձակվող ճնճղուկների դեմքին, ինչպես խարույկի մոտ մարդու աղմուկն է գայլերին զգուշացնում, որ մոտենալը վտանգավոր է: Եվ կապ չունի, որ «Պիլիգրիմները» գրվել է ռուսերենով, որը չի սիրում այդ աղմուկը և գրել է մի պոետ, որը միշտ կես տոն էր կարդում: Նա իր հոգուն չհերիքող կռիվը դարձրեց բանաստեղծություն, նա զգուշացնում է, որ կա նաև փրկության այս ուղին և որ այս աղմուկն առաքելական է:

Էժեն Իոնեսկու. «Ռնգեղջյուրը»

Ռնգեղջյուրը հարմարավետությունն է, որը թելադրում է կոլեկտիվի զգացումը: Ոչ ոք միայնակ ռնգեղջյուր չէ: Մարդը, մասնավորապես սոցիալական մեծ պատասխանատվություն չունեցող մարդը, միշտ «ընտրում» է կոլեկտիվ «մասնագիտությունները». դիցուք ֆաշիզմը կոլեկտիվ «մասնագիտություն» է, ոչ ոք չի կարող կոշկակարի նման մտածել իր և ուրիշին օգտակար լինելու մասին, ինքը մտածում է «մասնագիտության» մեջ տեղավորվելու մասին, որտեղ անձամբ որևէ պատասխանատվություն չունի: Բռնապետությունները գերադասելի են հենց այդ պատճառով` դու նույնիսկ քո անուն ազգանունը չես, քո անհատականությունը զիջված է, բոլորդ ռնգեղջյուր եք, ոչ մի անուն ազգանուն:

«Գոդոյին սպասելիս». Սեմյուել Բեքեթ

Վլադիմիրն ու Էստրագոնը ոչ թե տառապում են, որ սեր չկա, այլ տառապանքը կա, որովհետև սերը չկա: Նրանց տառապանքը սիրո մասին ոչինչ չգիտի, հետևաբար այդ տառապանքն էլ անվանված չէ:  Առանց սիրո ոչինչ չես անվանի: Դա տառապանք է ձգողկանությունից դուրս: Այս մարդիկ չեն տառապում: Բեքեթը առաջարկում է մի աշխարհ, որի տեղը ոչ ոք չգիտի, բայց որից դուրս մարդ չկա: Այս մարդիկ ապրում են մի աշխարհում, որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել սիրուց բացի: Այսինքն, սա մի Աստծո աշխարհ է, որտեղ արարչագործությունը շրջանցել է սերը, Գոդոն գալու է, որ սերը լինի, Գոդոն իր իսկ վերջին շտրիխն է:

«Զրույցներ Կաֆկայի հետ». Գուստավ Յանոուխ

Մտքի մեծ դիապազոն կյանքի սահմանափակ տարածության մեջ: Դուք կտեսնեք, թե ինչպես է ծնվում գրականությունը մարդու, որը գնալու տեղ չունի, ինչպես է քննվում աշխարհը առանց տեսադաշտի: Նա իր խորքերն է նայում, նա իր միջով է ստեղծում աշխարհը, ինքն իր մտքի արանքում է` կյանքից համեմատաբար հեշտությամբ կարելի է շատ գրքեր դուրս բերել, իսկ գրքերից քիչ, շատ քիչ կյանք: Կաֆկան առասպելական և անպտուղ ջանք է Դոն Կիխոտ չլինելու, որն սկսվում և ավարտվում է գրքերում, բայց նա չունի էն իրականությունը, որտեղից կարելի է գրքեր դուրս բերել: Ուստի դառնում է իր ներաշխարհի Դոն Կիխոտը: Ըստ էության հենց դա է գրականությունը` ամեն գրող պերվաբիտնի (նախակենցաղ) Դոն Կիխոտ է: Այս գրքում կա ամբոխների կազմակերպման գիտակ Կաֆկան, որը ընդհանրություններ է տեսնում պրուսական զորահանդեսային քայլքի և թատերական պարուհիների պարի միջև, Կաֆկան` ժողովուրդների հետ խաղաղասիրական աճպարարության նոր մեթոդների ընթերցող, որը տեսնում է, որ Ազգերի լիգան նպատակ ունի պարզապես արյունալի պատերազմները դարձնել անարյուն` առանց դրանց ողբերգական արդյունքը փոխելու: Սա առօրեական Կաֆկան է, որն առօրեական բառեր չունի: Որովհետև ինքը կյանքը կարդում է այնպես, ինչպես մենք իր վեպերը: Այս գրքում Կաֆկան չափազանց աշխարհիկ է, բայց խոսում է կարծես Աստծո միջով: Բառերը, ասենք, Չապլինի մասին, տրվում են կյանքը սանրած մարդու առավելագույն իմաստությամբ: Այստեղ դուք կտեսնեք Կաֆկա-Սոկրատեսին, Կաֆկա-Ուայլդին, մեր դեպքում` Կաֆկա-Լևոն Ներսիսյանին: Յանոուխը Կաֆկայի մասին պատմում է նրա մտածողությանը հավասար գրչով, որոշ տեղերում Կաֆկան ասես զգում է, որ այս երիտասարդն արդեն ինքն իրեն է Կաֆկա կարծում, ուստի դոզան ավելացնում է` նա արդեն խոսում է Աստծո հայացքով, որը պատմության արդյունքները հավաքել է իր ձեռքը: Սա գիրք է մարգարե Կաֆկայի մասին նույնիսկ, եթե ինքը խոսում է սիրուց: Ամեն ինչ դեռ պատահելու է, որովհետև հանճարն ընդառաջ չի գնում ապագային, նա ապագան դարձնում է լեզվի հետ մրցակցության բնազդը կորցրած պատմություն:

«Վարպետը և Մարգարիտան». Վլադիմիր Բուլգակով

Աբսուրդի և դրան նախորդող ամբողջ գրականության արանքում ընկած է երկու հեղինակ` Կաֆկան և Բուլգակովը: Գրիգորի Զամզան մի առավոտ արթնանում է որպես միջատ, բայց նրա միջատության երաշխավորը նրանք են, որոնց ինքը սիրում է: Այս սիրո թատերական գոյությունը, որը ճզմվում է Զամզայի կերպարանափոխությամբ, մեզ կվերադառնա Գոդոյի կերպարով, որն արդեն սիրո բացակայությունն է: Բուլգակովի Բեզդոմնու ամբողջ պատմությունն անհեթեթ է: Բայց ինքը տեսել է Սատանային: Աբսուրդը գալիս է` իր հիմքում չունենալով ոչ մի կապ, պարզ չէ, թե ինչու երկու հոգի հանկարծ սկսեցին սպասել Գոդոյին: Կապը փոքրիկ տղան է, որը, սակայն չի տեսել Գոդոյին, պարզ չէ, թե որտեղից ռնգեղջյուրներն սկսեցին վազել քաղաքով: Իսկ Բուլգակովի վեպում Սատանա կա, որին տեսել է Բեզդոմնին. Վոլանդը Բեզդոմնու բանականության այցետոմսն է: Խելագարությունը թույլատրելի է միայն Սատանային, որովհետև միայն նա գիտի ապագայի տեղը, որտեղ անկանխատեսելին քմահաճ չէ: Աբսուրդի ամենահետաքրքիր կողմն այն է, որ այն շփոթեցնում է մեզ, մենք ենք այն համարում անհեթեթ, մինչդեռ երկու պիեսների հերոսներն էլ հարմարավետորեն տեղավորվում են անսպասելիի, անհնարինի մեջ: Բուլգակովի վեպը ողնաշար ունի` Վոլանդը, որն ամբողջ անհեթեթությունը բաշխում է ժամանակաշրջանին ու Մոսկվային: Վոլանդը դեռ Աստված է, որին վկայակոչելով կարող են հավատալ կամ չհավատալ, Բեքեթի ու Իոնեսկուի աշխարհն այդ Աստվածը չունի: Նրանց աշխարհում Աստված և Սատանա չկա, այլ կա սեփական էության փակ դռների առջև կանգնած ազատություն:

Իոսիֆ Բրոդսկի

Բրոդսկին հունական գրականությունից վերցրել է համընդհանուր գաղափարների հնչեղությունը: Եվ թեպետ հունական գաղափարները հնչում էին երգչախմբով, Բրոդսկին ասում է` իմ երգերը զրկված են մոտիվից, բայց դրանք հնարավոր չէ երգել երգչախմբով: Այսինքն, բոլորի շուրթերի բան չեն: Այսինքն, զորահանդեսային չեն լինի նույնիսկ դեպի պոեզիան քայլելու կոչերի մեջ: Բրոդսկին խոսում է առաջնորդի բացակայության մասին:

Ջորջ Օրվել. «1984»

Ուինսթոն Սմիթը հասկացավ, որ երկրորդ Ջուլիա կարելի է գտնել Մեծ Եղբոր համակարգի մեջ, բայց երկրորդ այդպիսի համակարգ գտնել հնարավոր չէ: Իրեն չի կարելի մեղադրել` դա ընտրություն էր Աստծո և Եվայի միջև: Ինքն ընտրեց Աստծուն հանձին համակարգի: Էդ համակարգը դարձավ նրա էությունը, համակարգը դուրս մղեց Ջուլիային:

Համլետ և Դոն Կիխոտ

Համլետը Դոն Կիխոտն է, որն ինքնուրույն է ապրում, որպես գիրք: Տեսնում է, չէ՞. «Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր»: Մինչդեռ Դոն Կիխոտը ինքն էր որպես գիրք ապրում և գրքից դուրս ոչ մի հարցի պատասխանը չուներ: Համլետն ուներ: Դոն Կիխոտը բառերի հանդեպ համլետյան քամահրանքը չունի:

Դանիել Գլաթաուեր. «Հավերժ քոնը»

Սերն այստեղ կմախք ունի, որի բոլոր ոսկորները կարելի է հատ առ հատ հաշվել։ Իրականությունից և կյանքի ոչ մի ակնթարթից միստիկ շեղում թույլ չտվող այս վեպը հեքիաթ է։ Այս հեքիաթի դևը միառժամանակ երևացել է ու չքվել։ Ու իր հետևից թողել է մի հզոր պատմություն։ Հետո վերադարձել է տեսնելու, թե ինչով է ավարտվել պատմությունը։

Սատանայի Հոբը

Վոլանդը եկել է մի հավելյալ անգամ Աստծո հետ հաշիվ մաքրելու: Նա չի մոռացել Հոբի առիթով Աստծուց կրած պարտությունը: Եկել է, որ աշխարհը շրխկացնի Աստծո երեսին: Որպեսզի էդ շրխկոցով էս աշխարհից տանի իր «արարչագործությունը»` Վարպետին: Վարպետը Վոլանդի Հոբն է, որի վրա ինքը հաղթել է: Պարզապես հաղթել է: Բայց ոչ Աստծուն, այլ` ինքն իրեն: Ահա ինչու Հիսուսը չի կարող Վարպետին տանել Լույսի աշխարհ, իսկ Վոլանդը չի կարող իր «արարչագործությունը» նետել «կախվածների և խաբեբաների» «դրախտը»: Բայց Մարգարիտայի հետ նա խաղում է Աստծո կանոններով` ասա, թե ինչ կարող եմ անել քո համար: Այսինքն, կամքը քոնն է, ոչինչ չի պարտադրվելու: Սատանան ազնիվ է նրանց հետ, որոնք ընտրություն չունեն: Նա գիտի Մարգարիտային տանջող ցավը, նրա «Ֆրիդայի թաշկինակը»: Բայց Վոլանդը «պատվիրակված» է Աստծուց, նա չի կարող գալ ու իր կերպարով չմատնել, որ Աստված կա: Վոլանդը ընտրել է անաստված մի տարածք` Մոսկվան: Եկել է, որ իր միջոցով լինի Աստված, որովհետև հնարավոր չէ, որ Իվան Անապաստանը տեսնի Սատանային ու չհավատա, որ Քրիստոսը եղել է: Նա եկել է, որ Աստծուն բարձրացնի մի տարածքում, որտեղ Ինքը չկա, որպեսզի իր կռիվը այստեղ գոյություն չունեցած Աստծո հետ լինի: Նա, թող թույլ տրվի ասել, Նիցշեի ձեռքը բռնած է եկել, Նիցշեի միջոցով, որը կռվի մեջ մրցակցի արժանապատվության կողմից էր:

Անդրե Ժիդ և Հերման Հեսսե

Տառացիորեն նույն լեզվով են գրում երկսեռ հայացքով Անդրե Ժիդն ու խստադեմ Հերման Հեսսեն: Դա սրտից ելքի դուռը չգտնող քնքշության լեզուն է: Երկուսն էլ խոսում են մեռած լեզվի լավագույն զգացումներով, որոնք ավելի հարուստ են խոսքի կցկտուր մասերով, քան` նախադասություններով: Դա իրենց զուգահեռ գրականությունն է այն էներգետիկայի հանգույն, որը բառերի հետ պահմտոցի խաղալով է հասնում ընթերցողին: Այդ իմաստով Ժիդին փչացրել է Օսկար Ուայլդը, իսկ Հեսսեին` Գյոթեն:

Գրականության վանականը

Սելինջերը ոչ կոմպրոմիսային է, որովհետև բոլոր կոմպրոմիսներն ինքն է առաջարկում: Հետո ինքը գրում է` Արարչի նպատակն է, որ ամեն ինչ լինի կատարյալ, բայց իր նախապայմաններով, ոչ թե` ուրիշի: Իր կյանքում ավարտվում են բոլորը, սակայն ինքն անավարտ է բոլորի համար: Այդպես անավարտ էլ նա մահանում է, որովհետև ինքը դեռ շատ վաղուց փակել էր բոլոր էջերը, որոնք պիտի պատմեին իր մասին: Ոչ թե փակել էր, այլ` շրխկացրել էջերը, որոնք չէին գրվելու: Այդ բուդդիզմը Սելինջերին սովորեցրեց` հնարավոր չէ գրել, երբ գիտես ճշմարտությունը:

«Որ չկորչես թաղամասում». Պատրիկ Մոդիանո

Մետաֆիզիկական Ալցհեյմերի պատմություն։ Հերոսի առջև բաց են իրադարձությունների բոլոր դրվագները, դրանք հասցե առ հասցե դրված են նրա դիմաց, բոլոր հերոսներն ինչ-որ բանով լրացնում են անցյալը, մինչ ինքը ոչինչ չի հիշում։ Անցյալն այստեղ կորուսյալ չէ, մինչ ինքը՝ Դարագանը, կորցրել է բոլոր կապերն այդ անցյալի հետ։ Ինքը մաքուր թուղթ է։ Անձամբ ոչ մի մասնակցություն չունի Աննի Աստրանին գտնելու գործում։

Թոմաս Վուլֆ. «Աստծո մենակը»

Նախանձելի է Հոբը իր ողբերգության մեջ։ Նա կորցրել է ամեն ինչ, բայց այդ ամենը՝ Աստծո ներկայությամբ։ Դա հենման կետ չէ, երեխաներին ու հարստությանը փոխարինողը չէ, ինքը ամեն կորստի հետ ուժ է գտնում լինելու նա, որի «օրհնությամբ» տեղի է ունենում այդ ամենը։ Հոբի իրականությունը սիզիփոսյան է` Աստծո զգացումը կորցրած, բայց նրանից դուրս չշպրտված: Փոխհատուցումը գալու է, երբ Հոբը կդառնա Աստծո մենակը, խինդը վերադառնալու է, երբ ողբը կհնչի Աստծո զգացումով։ Հնարավոր չէ լինել Աստծո մենակը առանց Մարդու մենակը լինելու։ Հոբը Մարդու մենակն էր, քանի դեռ ուներ ամեն ինչ։ Հետո նա դարձավ Աստծո մենակը։ Մենության զգացումը նարցիսիզմի հակառակ երեսն է։ Որովհետև սիրել իրեն նշանակում է փախչել մենությունից։ Ինքն իրեն սիրելն իր մեջ Աստծուն գտնելը չէ։ Աստված ուրիշների վրա տարածվելու համար է։ Հոբը կորցրել էր բոլորին, որոնց վրա տարածվում էր իր Աստվածը։

Պարույր Սևակ

Պարույր Սևակի բանաստեղծություններն ավարտվում են վերջակետով։ Մինչդեռ բանաստեղծությունն սկսվում է վերջակետից։

«Դոն Կիխոտ». Միգել դը Սերվանտես

Դոն Կիխոտը գիտի, որ արկածն անխուսափելի է, գրքերը դրանք անխուսափելի են դարձրել: Ինքը գնում է, եթե շատ առօրեական ձևակերպեմ, որպեսզի արկածներն առանց իրեն տեղի չունենան: Դոն Կիխոտը չի գնում արկածներ ստեղծելու, ինքը գնում է ամեն ինչ հարմարեցնելու գրքերին, ինքը գնում է կյանք հաղորդելու ինչ-որ տեղ պահածոյացված արկածներին:

Համլետ և Գոդո

Համլետն առաջին կերպարն էր, որ սեփական կյանքի իրավունք ստացավ։ Դոն Կիխոտն, օրինակ, մեր մեկնաբանության հույսին է։ Սեփական կյանքի իրավունքի դափնին, այնուամենայնիվ, Գոդոյինն է՝ նա չկա։

Հերման Հեսսե. «Սիդհարթա»

Սիդհարթան մերժում է մարդուն որպես գիրք։ Եղբայր, մի եղիր հովիվ, ծիծաղելի է հովիվ լինելը և ծիծաղելի չլինելու մի տարբերակ կա՝ երբ առաջնորդվողներն իսկապես ոչխար են։ Բուդդան կենդանի գիրք է, ինքը բացվում է մարդկանց առաջ, որ կարդան։ Քրիստոսը գիրք է։ Հեսսեի Սիդհարթան մերժում է մարդուն որպես գիրք՝ դու ապրիր, և մարդը կգտնի իրեն քո կյանքում։

Ֆիլիպ Ռոթ. «Պորտնոյի ցավը»

«Պորտնոյի ցավը» վեպում կարելի է գտնել բոլոր տաբուները սպանությունից բացի։

Ֆրանց. Կաֆկա. «Դատավարություն»

Դատավարությունն անխուսափելի է նույնիսկ եթե ոչինչ չես արել։ Որովհետև դատավարությունն ի սկզբանե է։ Դատավարոթյունն արանքում է այն ամենի, ինչը նույնիսկ չես հասցնի սկսել:

Ալբեր Կամյու

Դրախտում ապրողի համար ամեն ինչ միևնույն է, որովհետև ինքը ոչնչի համար պատասխանատու չէ։

Իմրե Կերտես. «Անբախտություն»

Հիտլերի դեմքով նացիզմ չկա, նացիզմը կա էն հունգարացու դեմքով, որը տանը նստած էր, երբ իր միջավայրից պակասեց «Անբախտության» հերոսը։

Ժան-Պոլ Սարտր և Սեմյուել Բեքեթ

«Նրանք խոսում են իրենց կյանքի մասին։ Ապրած լինելը բավական չէ նրանց համար։ Նրանք պետք է խոսեն դրա մասին։ Մեռած լինելը բավական չէ նրանց համար»։ «Գոդոյին սպասելիս»։ Սա Բեքեթի թաքուն վեճն է «Սրտխառնոցի» հետ։ Ինքն անձամբ երբեք ոչ մեկի հետ հրապարակային վեճ չի ունեցել։ Բայց Սարտրի հետ ուներ, որովհետև քո վեճը միշտ աշխարհի հետ քո հարազատությունը մատով ցույց տվողի հետ է։

«Սրտխառնոց» Աննի և Ռոկանտեն

Աննին այդպես էլ չի նկատում Ռոկանտենի երկյուղածությունն էն սիրո հանդեպ, որ այդպես էլ վերջաբան չունեցավ։ Այո, նրա մեջ ավարտվել է ինչ-որ բան, հենց այդ պատճառով Ռոկանտենը իր հիշողությունները քամուն չի տա։ Աննին արդեն ծառ է, նա չի պատճառաբանում մնացած աշխարհը, չի ներկայացնում այն, ինքն ամբողջականության մեջ չկա։ Աննին Ռոկանտենին հասցնում է վերջին հարվածը՝ կարծես թե իր նման է մտածում, բայց ինչ հաղթական, ինչ ամփոփ, ինչ ամբողջական։ Աննին հենց այն աշխարհն է, որ այդպես սառնասրտորեն, գրեթե Արարչի վրձնով ուզում է ստեղծել Ռոկանտենը։

Ժան-Պոլ Սարտր և Ալբեր Կամյու

«Սրտխառնոցը» կռիվ է «արևապաշտ» Կամյուի հետ, որն ապրում էր աշխարհի ամբողջականության զգացումով, որը գտել էր իր և գոյության հաշտության ուղիները և ոչ մի Աստված պետք չէր նրան։ Սարտրը իր առ իր կռիվ ունի այդ ամբողջականության ամեն դետալի հետ, դրանք դետալներ էլ չեն, այլ ամբողջական լինելու բախտին չարժանացած գոյության բեկորներ, որոնք նույնիսկ իրենց իմաստին հավատարիմ չեն։ Աբսուրդի նույն «արքայության» մեջ երկու փիլիսոփա` թաքնված միմյանց ձեռագրերի հետևում:

Ուինսթըն Օդեն. «Թաղման բլուզ»

Ըստ իս, Բրոդսկին իր «Եղերերգ Ջոն Դոնին»-ը գրել է Օդենի «Թաղման բլուզի» ազդեցությամբ։ Բրոդսկին ցինիկ լինելու բարդույթ է ունեցել, որն Օդենին հերիքել է հենց թեկուզ միայն այս գործում։

«Կարմիր Ժապավենը». Ժան Ֆրանսուա Ռուֆոն

Երբեմն պետք է հանգցնել հանգամանքների բերումով մարդու ներսում վառված կրակը, որպեսզի ինքն անձամբ վառի այն։

«Երկրի ոստայնը». Թոմաս Վուլֆ

Երկրի ոստայնը անցյալի և ներկայի անհամապատասխանությունն է։ Թվում է, թե անցյալը ոստայնի պես տարածվում է ներկայի վրա։ Եվ որքան ձգվում է ոստայնի նման, այնքան ներկան կորցնում է երկրի զգացողությունը։ Ներկայի մեջ որևէ զգացմունք չկա, մեքենայացված աշխարհն է։ Հողը ոտքի տակ չունեցողի, հողի զգացումը կորցնողի տագնապի պատմությունն է։ «Իմ հիշածը քո գրքերում չկա, որդիս»,-ասում է մայրը։ Նա իր դարդն է լացում, որդին իր սկիզբը չունի, աշխարհը, ինչպիսին այն տեսել է մայրը, չկա որդու աշխարհում, մայրը գիտի այդ աշխարհի տեղը, սակայն որդին հետ չի նայում: Մոր ապարդյուն մենախոսության մեջ թելը կտրած սեր կա առ իր որդին:

Նորավեպեր

Կան սյուժեներ, որոնք ի սկզբանե արդեն վերջն են, բայց ձգձգվող վերջը։ 400 էջ դու կարդում ես, թե ինչպես է ավարտվում ամենեևին տեղի չունեցած, բայց մանրամասն պատահած այսինչ բանը։

Լևոն Ներսիսյան

Լևոն Ներսիսյանը մարդու մեջ տարածություն էր ստեղծում գրականության համար։ Էդ մարդու ներսը ինքն իր անելիքը չգիտի, էդ մարդու ներսը ինքն իրեն չի ձևակերպել։ Էդ մարդու ներսը դրսից չէր տարբերվում։ Լևոն Ներսիսյանը մարդ էր ստեղծում։ Դա է ուսուցիչը։

Հովհաննես Շիրազ. «Գինետան բաժակի նման ձեռքից ձեռք անցած մի աղջիկ․․․»

Հերոսուհին ինչքան էլ աշխարհի տակ պառկած լինի, ինքը մնում է ամենամաքուրը՝ Մանոն Լեսկո։ Որովհետև մարդու ձեռք չդիպած տառապանք ունի։ Ինքն իրեն սպառել է սեր չտալու մեջ։

«Այնքան սպիտակ սիրտը». Խավիեր Մարիաս

Հերոսի ողբերգությունն այն է, որ հանուն սիրո ինքը չի կարող անել այն, ինչ արեց հայրը։ Ինքն զգում է, որ կես քայլ է հեռու իր հորից։ Սա պատմություն է արյան մասին՝ թափված և չթափված, որոնց արանքում նույն արյան վարքն է։ Խուանը հաղթում է իր մղումներին՝ ստանալով մի կին, որին պետք է հանդուրժի։ Ամբողջ վեպի ընթացքում ինքը հասունանում է որպես իր հայր։ Դեռ չգիտի հայրն ով է։ Դեռ չգիտի, թե ինչ է արել նա։ Ինքը չի սիրում իր կնոջը։ Խուանը պահեստավորում է ճակատագիրը, որի սկզբնաղբյուրը հայրն է։ Նա մոտավորապես զգում է, որ ինքը հորից ոչնչով լավը չէ։ Զգում է, թե ինչպես է իր ներսում հասունանում հայրը։ Չիրականանալիքը շնչում է իր դեմքին ու ինքը «իշխանություն» չունի իր հայրը լինելու։ Նա թույլ չէ, պարզապես հոր «զենքերը» չունի։ Երբ իմանում է, թե ինչ է արել հայրը, չի կարեկցում նրան, հասկանում է։ Ամբողջ վեպի ընթացքում հայրը մի ուրվական է, որի հետ կատարվածը պատմում է կինը։ Կինը էդ ոճիրի թարգմանն է։ Ու՞մ սիրտն է այդքան սպիտակ, եթե հայր ու որդի մի մարմին են։

Ունսթըն Օդեն «Ավելի շատ սեր»

Օդենը զոհաբերությունից է խոսում։ Ավելի շատ սիրող լինելն ինքնին զոհաբերություն է, որովհետև մյուսին կորցնելն արդեն ավելի շատ սիրողի դերի մեջ կա։ «Ավելի շատ սեր» նշանակում է դիմացինին արդեն իսկ կորցնելու զգացում։ Որովհետև չկա սեր առանց կորցնելու տագնապի։

Պոստմոդեռնիզմ

Պոստմոդեռնիստն իրենից դուրս խաղաղություն չունի։ Իսկ իր ներսում միայն ավերակներ են և անպտուղ աշխարհ։ Պոստմոդեռնիզմը ներքին քաոսի սիմվոլիզմն է, յուրաքանչյուր բառ խորհրդանիշ է՝ ինքն իրենով փակված։ Էդ բառի ձեռքից չես բռնի ու չես տանի այլ գրականություն։ Ինքն էնտեղ հազիվ է դիմանում իր հմայքին, հազիվ է հավակնում իր մի քանի իմաստին։

Ուիլյամ Ֆոլքներ.«Ես այնժամ դեռ մահամերձ»

Վեպի բոլոր հերոսները մայր են կորցրել։ Իրենք քայլում են մահվան ստեղծած քաոսի միջով։ Ֆոլքների լեզուն միշտ մի քիչ անդրաշխարհային է։ Հայրը էդ մահվան մեջ հուղարկավորի արժանապատվությունն ունի, և միակն է, որին տրված է դրանից ազատագրվելու «պարտքը»։ Նա պիտի հանգամանալից թաղի կնոջը։ Ամեն ինչ պիտի անի անձամբ, պիտի համոզվի, որ կնոջից ոչինչ չպետք է դրսում մնա։ Նա խնամքով ազատվում է նրանից։ Վերջում պիտի պարզվի, թե ինչու։ Որովհետև մյուսներն ունեն «մինչև սերմը չմեռնի…» կտակարանյան խոսքի սեփական շարունակությունը, հայրը չունի։ Ինքը նորից պիտի ստեղծի իրեն։ Նորից պիտի պատճառաբանի։ Ինքը միակն է, որ զրոյից պիտի սկսի։ Ահա ինչու նա նոր սիրո «իրավունքն» ունի, չէ՞ որ նա միակն է, որ մխիթարություն չի գտնելու։ Մյուսները մոր հանդեպ սերը կարող են կոծկել ոչ մոր հանդեպ սիրով։ Հայրը էդ ազատությունը չունի։ Հուղարկավորությունից հետո նա արժանապատվությունն անմիջապես փոխանակում է կարճ կապող մի սիրո դրամայով, որտեղ պատմություն չկա։ Որովհետև ամբողջ ընթացքում փորձում է կարճ կապել։

Լեոնիդ Զամյատին.«Ջհանդամում»

Շմիդտը մահ է փնտրում։ Այն, ինչ տեղի է ունենում նրա հետ, պայթելու տեղ չունի, հրաբուխ չկա, ձեռքը զենք է վերցնում, որ սպանի, տեսնում է՝ դա լուծում չէ։ Ինքը սպանելով իրեն չի «պայթեցնում»։ Շմիտը մեռնում է և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ալեքսեյ Իվանիչը սակայն արդեն Ջհանդամում է։

Օրհան Փամուկ.«Կարմրահեր կինը»

Պատահական մարդ ես սպանում, չգիտես էլ ոնց եղավ, որ սպանեցիր։ Բայց դրա անունը ճակատագիր չես դնի։ Մեղքի զգացումը խեղդում է քեզ։ Կարմրահեր կինն, ընդհակառակը, հետևողական է՝ որդին պիտի գործի էդ արարքը։ Ոչ թե՝ պիտի գործի, այլ որդին առասպելներով պիտի առաջանա դեպի հոր սպանությունը։ Բայց սա նույնն է, որ կյանքում բեմականացնես Էդիպը։ Որդուդ կյանքը դարձնես թատրոն։ Սա էդ ողբերգության հանդեպ քո սիրո անառակությունն է՝ տրվելով ստացար որդի, տրվելով սպանում ես հորը։ Արդյունքում Էդիպի փոխարեն մնում է մի սովորական սպանություն։ Ջեմին և Էդիպին հարազատեցնում է չիմացությունը։ Էդիպը չգիտի, որ սպանում է հորը։ Ջեմը չգիտի, որ աններելի բան է անում Մահմուդին ջրհորի մեջ թողնելով։ Այսինքն, երկուսն էլ անմեղ են։ Սակայն Ջեմն ունի Էդիպի և Ռոստամի ոճիրների իմացությունը, որը հետապնդում է նրան։ Էդիպի ժամանակ մեղքի գիտակցումը չկար։ Կար ճակատագիրը։ Եթե սպանությունը ծրագրել են Աստվածները, դու իրականացնողն ես։ Դու մարդ ես աստվածների ծրագրի մասին տեղեկությունների չիմացությամբ։ Որովհետև դու ճակատագրի ամեն քայլն ես, ու արդեն ճակատագրահարված ես։ Փամուկը գտնում է այլ շարունակություն՝ Ճակատագիրը Կարմրահեր կինն է, որը սպանությամբ է սնել որդուն։ Թուրք գրողը գլխի ընկավ, որ բոլոր աստվածների ապաորակավորման ժամանակներում Ճակատագիրը մարդու քթի տակ է։ Որդին ապահովագրված է լքված լինելու անմեղությամբ։ Դա էլ նրան ազատում է մեղքից։ Փամուկը գտել է «հայրասպանության» անմեղ երակը՝ օգնություն կանչելու համար շուրջը ոչ ոք չկա, ինչքան տարածություն էլ անցնի փրկությունը ջրհորի մոտ բերելու համար, ուշ է լինելու։ Ահա և «Անկումը»։ Փամուկի հերոսը հոգու խորքում ուրախ է, որ երեխա չի ունենում։ Նա որդուց սպանվելու կամ նրան սպանելու բարդույթն է կրում իր մեջ։ Ու չգիտի, որ որդին կա, ճակատագիրն արդեն ճանապարհ է ընկել։

Սոֆոկլես.«Էդիպ արքա»

Հոր կամ որդու՝ որդու և հոր սպանության մեզ հասած առաջին պատմություններում պետության մահացու դիտավորությունը չկա՝ Ռոստամը սպանում է Սոհրապին ոչ պետության հրահանգով։ Էդիպը՝ նույնպես։ Այսինքն, նրանք հենց որդի և հայր են սպանում։ Իվան Ահեղը սպանում է հարազատ որդուն պետության անունից։ Իվանի օրոք, սակայն, արդեն կար մեղքի զգացումը։ Կրեոնտը և Դավիթը չեն սպանում, բայց նրանց խղճին է Հեմոնի և Աբիսողոմի մահը։ Եվ դարձյալ «զենքը» պետական խնդիրներն են։

Օրհան Փամուկ և Լևոն Խեչոյան

«Կարմրահեր կինը» գրված է փիլիսոփայական հետք թողնելու նույն մտասևեռումով, ինչ Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը»։ Փամուկը գրականություն ստանալու ժամանակ և միջոցներ ունի։ Լևոնը չուներ։ Նա իր բացահայտումը շարադրեց ընթացքից, երբ ընկնում են։ Փամուկը, հակառակը, բարձրանալիս։ Լևոնի դեպքում արհեստական է ինքնին Մհերի ֆենոմենի և վեպի կապը, Փամուկի դեպքում՝ «Շահնամեի» և «Էդիպի» հակադրությունն ինքնին և այն վեպի թեմա դարձնելը։

«Օտարը». Ալբեր Կամյու

Մյերսոյի իրականացրած սպանությունը պատմության ամենաչուսումնասիրված սպանություններից է։ Նա բացարձակապես չի պատրաստվում դրան։ Նա դա անում է ճիշտ այնպես, ինչպես ձմերուկն են կտրում։ Սպանության մեջ նա չի դնում արաբի մահը։ Այլ ընդամենը՝ կարճ կապելը։ Ինչու՞ «արևի պատճառով»։ Որովհետև բացարձակապես ժամանակ չկա քննելու, թե որը պիտի լինի հաջորդ քայլը։ Ինքը արևի հետ ավելի շատ վեճ ունի, քան՝ արաբի հետ։ Ու՞մ սա հասկացնի ինքը։ Եվ դրանից հետո ի՞նչ կապ ունի՝ դանակ կա՞ր արաբի ձեռքին, թե՝ ոչ։ Արաբի մահը արևի հետ Մյերսոյի կռվի պարտությունն է։ Ինքը ավելի մեծ «ալիբի» ունի, քան արաբի դանակը՝ արևը։ «Արևի պատճառով», այսինքն, ձեզ համար միևնույն չէ՞։ Մյերսոն երբեք չի հասկանա, թե իրեն ինչու են դատում։ Իսկ ինքն արդեն գիտի` արևի իշխանության ներքո ոչ մի մարդ իր համար պատասխանատու չէ:

Ֆրեդերիկ Բեգբեդեր «99 ֆրանկ»

«99 ֆրանկը» 1984-ն է ընթացքի մեջ։ Այստեղ չկա քեզ սարսռեցնող Մեծ եղբոր կենդանի ուրվականը, այստեղ Մեծ եղբայրն ունի բոլոր ապրանքների անունը, նա նստած է քո շնչին գեղեցիկ բառերով, միակ ընտրությամբ, հայացքդ իրականությունից թեքելու ազատությամբ։ Միշտ նույն կետում կանգնած՝ քեզ տրված է աշխարհն ընդգրկելու ազատությունը, որում արգելափակված են ինքն իրեն վերադառնալու ճանապարհները։ Ներամփոփ մարդը այստեղ հիստերիկ է, Ֆիլիպի ըմբոստությունը (144 էջ) հենց փախուստն է ներամփոփումից՝ Օկտավ, ես գիտեմ այս աշխարհը, որտեղ հրաժարվում եմ խելագարվել. ես չափազանց ստերիլ եմ կոկաինի և ազատության համար, բայց ես հանձնվել եմ, որովհետև այլ աշխարհ չկա։ Այս գործը աղմուկի մասին է, նույնիսկ եթե ոչ ոք չի խոսում։ Ոչ մի միտք, ոչ մի ձայն սեփական գլխից չի արտածվել, շուրջբոլորը՝ տեքստ, հավաստիացումներ, հավատի խթանիչներ։ Այս գրքում աղոթք չկա, երազանք չկա։ Որովհետև ոչ ոք ժամանակ չունի ինքն իրեն դիտարկելու։ Ավելին, ոչ մի հնարավորություն մի փոքր քեզանով զբաղվելու։ Դու արգելափակված ես բոլոր գույների մի դժոխքով, որը քեզ քարացրել է ամեն ինչի անապատում։ Նույնիսկ կարող ես քայլ անել հետապնդվող գովազդից փրկվելու համար, բայց անմիջապես մտնում ես հաջորդ գովազդի տարածք։ Օկտավը ըմբոստ է, բայց նա իր ծուղակն ունի՝ կինը՝ նա համբուրում է Օդիլի ուսերը, որովհետև Obsession  օծանելիք էր ցանել (161 էջ)։ Համաշխարհային ամբողջ գրականությունն է սեփական ներաշխարհի արգելափակման գեղեցիկ միջոցների մասին, դիցուք, «Ռնգեղջյուրը»։ Կարևորը չնկատես, թե որ կողմից են մոտենում և ուր են գնում։ Նրանք միշտ գալու են լավագույն տեքստերով, բոլոր բառերով, որոնք կան քո սիրային նամակներում, քո Աստծուն ձևակերպելու մղումների մեջ։ Այդպես են հալվում ուրիշի գովազդի մեջ՝ երբ գտնում են սեփական բառերը մեկ զգացումով ավել։ Գովազդը Մեծ Եղբայրն է։ Աշխարհը դարձել է ճանապարհորդություն գովազդային գազանանոցի վանդակների մեջ։ Այս գործը պատմում է մի ազատության մասին, որում քեզ հաշվառել են որպես որևէ բանտի բանտարկյալ։ Բեգբեդերը գովազդին հակադրում է արվեստը և հասկացնում, որ գրականությունը ընտրության ազատության պլաններում չկա։ Այլևս չկան խենթություններ, լեզու ցույց տալ, «ապրում ենք մի աշխարհում, որտեղ միակ արկածն առանց ռեզինի հարաբերվելն է» (178 էջ)-25.11.2017։

«Անկում». Ալբեր Կամյու

Ինչու՞ Քլամանսը ջուրը չի նետվում կնոջ հետևից։ Որովհետև դա այն գործն էր, որը վկա չուներ։ Իրեն հաճելի էր, երբ «առաքինությունը» վկա ունի, ինքը տպավորությունների հավաքածուով էր զբաղված։ Քլամանսի երկակի մարդը ինքն իր համար առաքինություն չունի։ Նա չի կարող իր տան դռանը գրել՝ որտեղից էլ գալու լինեք, ներս մտեք և բարի գալուստ։ Նա դա կաներ թերթերում և հրապարակներում, որպեսզի հնարավորություն ունենա ևս 2-3 անգամ մերժել Պատվո Լեգեոնի շքանշանը։ Մենակության իրականությանը նա չի դիմանում, իր արկածներից ոչ մեկի հերոսն ինքը չէ, ամեն ինչ տեղի է ունենում փողոցներում, մետրոյում և այլուր։ Ամենուր ինքը պետք է իր առաքինության զոհն ունենա, որպեսզի դառնա ինքն իր հերոսը։ Քլամանսն էքզիստենցիալ հերոս չէ, որովհետև նա ամեն օր հույս ունի։ Բայց նա ամեն վայրկյան հերոս լինելու հայտ է։ Հենց առիթ եղավ հերոս լինելու, պարզվեց՝ ուշ է, միշտ ուշ է լինելու, «բարեբախտաբար»։ Որովհետև չի կարելի առաքինության հավաքածուով ապրել։ Ուրիշ անկում չկա, քան՝ քո սեփականը, երբ հետևում ես, թե ինչպես է խեղդվում կամրջից գետը նետված կինը։ Եվ հենց դա էլ բարձրացնելու է քեզ։ Եվ դա ունենալու է իր վկաները։

Բեռնար Շլինկ. Ընթերցողը

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է «Ընթերցողի» հերոսը այդքան հետևողականորեն գրականություն ուղարկում նացիստ կնոջը, սերը պետք է դիտարկել իր ամենամաքուր վիճակում։ Հերոսը սիրում է այդ կնոջը և ուզում է լինել նրա հերոսը։ Ի՞նչ պիտի հասկանա ամբողջ աշխարհն այդ կապից, որի մի կողմում արդեն բացահայտված դահիճն է։ Աշխարհը մարդ առ մարդ իր սերը պիտի դնի այդ հարաբերության նժարին, որի մի կողմում պարտքի և ոչ թե մտքի հերոս դահիճն է։

Ալբերտո Մորավիա. Արհամարանք

«Արհամարանքն» աչքի է ընկնում քիմիայով։ Որ պահին մերժվեցիր, դու Ռիկարդոն ես։ Ինքը հատուկ իրավիճակի գրականություն է։Դու կարո՞ղ ես ասել ինչու սիրեցիր։ Չես կարող։ Սիրո առաջին ակնթարթը չի բացատրվում։ Այնպես էլ չի բացատրվում Էմիլիայի չսիրո առաջին ակնթարթը։ Պատճառ կա չսիրելու, բայց երբ արդեն սերը չկա, պատճառն իմաստ չունի։ «Արհամարանքի» հանճարեղությունն այն է, որ սերը կորցնողին բնորոշ ոչ մի կասկած Մորավիան բաց չի թողել։ Բոլոր կասկածներն այս գրքում կան։ Սա, թող թույլ տրվի ասել, կասկածի դիահերձումն է։ Ամբողջ սերը չկա, ամբողջ սիրո բացակայությունը չկա, բայց ամբողջ կասկածը կա։ «Արհամարանքը» սիրո մեջ կասկածի ինքնարտահայտումների ինվենտարիզացիան է։ Սա այն է, ինչը պիտի իմանա յուրաքանչյուրը, երբ կշրջափակվի երջանկությամբ։ Սա վայրէջքն է, որում սերը դրվագ առ դրվագ կորցնում է բոլոր ակնթարթները, երբ փլվում են երջանկության աշտարակի հենասյուները։ Միակ անդավաճանն այս սիրո մեջ անցյալն է, որից փորձում է փախչել «Դարի զավակի խոստովանությունը» վեպի հերոսը։

«Համլետ». Ուիլյամ Շեքսպիր

«Մի բան է փտել Դանեմարքայում»։ Սա Մասեհյանի հայտնագործությունն է։ Փտած է Դանիան, փտած է «արքան» և փտած է արդեն իսկական արքան։ Այս տրյուկը Շեքսպիրը Համլետում մի տեղ էլ է խաղարկում՝ մարմինն արքայի մոտ է, բայց արքան մարմնի մոտ չէ։

Անտոն Չեխով. «Չինովնիկի մահը»

Չինովնիկը մեռավ, որովհետև նրան այդպես էլ չկշտացրեց «զոհի» ներողամտությունը։ Չինովնիկի ոչ մի ապրում Չեխովը չի նկարագրում։ Այսինքն, էդ «մեղավոր» փռշտոցի ոչ մի կետում մարդը չկա։ Բայց տեսնում ես, որ էդ մարդը օր օրի կորցնում է ձեռք բերածը, որը իրեն դարձրել է չինովնիկ։ Մարդուն բնորոշ մեղքի սրված զգացում, բայց ոչ մարդուց և ոչ՝ մարդու հանդեպ։ Ամեն ներողությունից հետո չինովնիկը սեղմվում է շագրենի կաշվի պես, կորցնում Է կյանքի նշանները։ Ամբողջ աշխարհը հիմա մի անկուշտ համոզմունք է՝ որ իրեն ներել են, որպեսզի չդադարի լինել չինովնիկ։ Բայց ինքն ունակ չէ հասկանալ, թե ինչ է ներողամտությունը։ Որովհետև ինքը չէր ների։ Ո՞նց թե՝ ինչ-որ մեկը թքով փռշտա իմ թիկունքի՞ն։ Նա պիտի մեռնի։ Ուստի չինովնիկը մեռավ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *