Գրանիշ քաղաքացի | Դու մա՛րդ ես, պոե՛տ, իսկ քաղաքացի՞

Հունիսի 04-ին, The Club հաստատության մեծ սրահում կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը, մուտքն ազատ է:

Հունիսի 04-ին, The Club հաստատության մեծ սրահում կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը, մուտքն ազատ է:

Ստորև ներկայացվում է հանդեսի խմբագրականը:

Գրողի քաղաքացիական դիրքորոշման թեմային անդրադառնալու «Գրանիշի» այս ձեռնարկը պայմանավորված է ձևակերպումներ ու վերաձևակերպումներ անելու հանրային իրական պահանջարկով: Վերջերս ավելի ու ավելի հաճախ է հարցադրվում, թե գրողները պարտավոր են գործուն և ուղեցույց քաղաքացիական դիրքորոշում արտահայտել հանրային հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ. ոչ միայն իբրև քաղաքացիներ, այլ նաև՝ նոր խոսքի արտադրողներ, թե՛ ակտիվորեն բարձրաձայնվող սեփական կարծիքով, թե՛ ստեղծագործությամբ: Մեր խնդիրն, ինչպես միշտ, առկա բոլոր իրացումներն իբրև փաստ և փաստերի համադրություն ներկայացնելն է: Կփորձենք համակողմանի սահմանել մի կողմից գրողներին՝ իրենց հանրային վարքի և դիրքավորման մոդելի ընտրության ազատությամբ, և մյուս կողմից՝ հասարակությունն իբրև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում արտիստի հետ փոխհարաբերության պահանջատիրական կամ սպառողական, արժևորող կամ ոչնչացնող մոդելների թելադրող: Ինչպես հաճախ լինում է անցումային համակարգերում, մեր դեպքում նույնպես պատմական իներցիան շարունակում է գերակայել հանրային կարծրատիպերով, մինչդեռ իրականում առաջարկի ու պահանջարկի համամասնությունները վաղուց խախտվել են և գրական տեքստն ու հանրային արժեհամակարգը փաստացի բոլորովին այլ հարաբերությունների մեջ են: Դարեր շարունակ պետականություն չունեցող երկրում եկեղեցին, գրողներն ու մտավորականներն իրենց առաջնային՝ «մասնագիտական» գործառույթները զուգահեռել կամ ուղղակիորեն ծառայեցրել են քաղաքական ու հասարակական բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման առաջնային անհրաժեշտությանը: Ազգային ինքնության պահպանությունն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունն իբրև կենսական գերակայություններ զուտ գեղարվեստական և ներժանրային զարգացման խնդիրներից հիմնականում վեր են դասվել՝ ժամանակի հետ ստեղծելով իսկական ժողովրդականություն վայելող անուններ, որոնք,իրականում, ազգային և հասարակական գործիչներ են և ոչ գրական մեծություններ՝ գնահատման այն չափորոշիչներով, որոնք ընդունված են համաշխարհային գրականության համատեքստում:Խորհրդային ժամանակաշրջանում էլ այս կամ այն գրողի հանրային կշիռն ավելացվում կամ ճնշվում էր՝ իբրև քարոզչական, հանրային կարծիքի կառավարման գործիք: Գրողի և մտավորականի քաղաքացիական դերակատարության, ազգային գործչի պարտականությունների ստանձման վերջին վառ լուսարձակումը 1988-ին Արցախի ինքնորոշման համար սկսված, իսկ հետագա տարիներին արդեն Հայաստանի անկախացման համար մղվող պայքարում գրողական մի փաղանգի ակնառու մասնակցությունն էր: Սրանից հետո գործուն իրականության մեջ տարեցտարի գրողներն ավելի ու ավելի են կորցրել իրենց երբեմնի հանրայնությունն ու հռչակը, իսկ գրական խոսքի շրջանառությունն ավելի ու ավելի լուսանցքային է դարձել հանրային գործընթացների վրա ազդեցության առումով: Ապաքաղաքականացման, «ինքնամաքրման» այս ժամանակահատվածը փաստորեն նաև մեկուսացման և ներամփոփման ժամանակահատված եղավ, որի ընթացքում շատ քիչ ստեղծագործություններ դարձան հանրայնորեն ընդունված և արժևորված ժամանակի բնորոշ նշանագրեր, թեպետ այս մեծության գործեր իրոք ստեղծվեցին: Այսպիսով ի հայտ է գալիս երկրորդ պարադոքսը՝ մեր երկրում չի կարող հանրահռչակվել այն, ինչը չի ծառայում քաղաքական ռեժիմին, իսկ քաղաքական ռեժիմի հետաքրքրվածությունը գրականությամբ միայն ու միայն նրան սահմանափակող ու բովանդակային ոչնչացնող գործիք կարող էր լինել: Իրականում զուտ գրական տեքստն իբրև սպառողական վարք հրահրելու կանխամտածվածություն չունեցող հաղորդագրություն՝ սպառողական հասարակության մեջ դատապարտված է լուսանցքայնության, իսկ նրան հանրային ակտիվ քննարկման դաշտ ներքաշող խմբերը գրեթե միշտ շահագրգիռ լոբբիստներ են, որ միջխմբային խնդիրներ են ուզում լուծել: Գրողի հանրային կերպարի և գրական ստեղծագործության հանրային ընկալման հակասությունների մեծ մասն ի հայտ են գալիս սպառողական տեքստին և գրական-գեղարվեստական ստեղծագործությանը նույնական պահանջների առաջադրումից: Անշուշտ, որպես հասարակության մաս կազմողանհատ, գրող մարդը կարող է բազմաթիվ գործառույթներ իրականացնել՝ այդ թվում և հասարակական-քաղաքական ընդգծված դիրքոշում ունենալ, սակայն գեղարվետական ստեղծագործությանն այժմեական քաղաքական/քաղաքացիական շեշտադրումներ պարտադրելը, նշանակում է նրանից իր հիմնական արժանիքը` սեփական ընդգրկումների ազատության մարդկայնությունը խլելու ակտ: Յուրաքանչյուր գրող աշխարհաստեղծման իր մոդելն է առաջարկում, որի անբաժան մասն են սեփական կենսափորձն ու կոնցեպտուալ փորձարարությունը, տարածության ու ժամանակի հատկանշումն ու մեկնությունը, մարդ-բնություն-հասարակություն բազմաչափ փոխազդեցությունների տեսանելի և անտեսանելի շերտերի վերհանումը, որոնք մարդկանց գիտակցության վրա ազդելու մեզ համար անկախատեսելի ու չհաշվարկված հուժկու ներուժ կարող են ունենալ: Շատ ավելի հուժկու, քան քաղաքական և կրոնական տրակտատները կարող
են լինել: Եթե, վերջին հաշվով, գրողի ամենամեծ առաքելությունը աշխարհը խոսելու ճիգն է և նույնիսկ հասարակության հիմնարար արժեքներիև սեփական ինքնության ավերումով՝ մարդկային էության ամենազգայուն լարերի վրա ազդելու կարողությունը, արդյունքում աշխարհն էլ ավելի ազատ դարձնելու ներքին ծրագիրը, ուրեմն մենք պարտավոր ենք գրողին թողնել իր սեփական առաքելության հետ: Գրանիշ-քաղաքացին այս համարի թեմատիկ ձեռնարկում նույնպես զերծ է վերջնական պատասխաններ տալու հավակնություններից. սա երևույթի բազմակողմանի ներկայացման մեր փորձն է, մնացածն արդեն` յուրաքանչյուր հեղինակի գեղարվեստականացված խոսքի միջոցով սեփական աշխարհը ստեղծելու զուտ մարդկային իրավունքն է և հասարակության «հաշվեհարդարն» այդ արդյունքի հետ:

Գրանիշ

Միջոցառմանը ձեր մասնակցությունը կարող եք հաստատել ֆեյսբուքյան էջում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *